Քաղաքական ծաղրանկարի ըմբռնումները

«Ծաղրանկարը այն չարաճճի տղայի նման է, որը կարող է հարձակման ենթարկել ցանկացած բան», ” գրում է  թուրքական ծաղրանկարներ ուսումնասիրող Բարան Սարիգյուլը։ Ներկայիս Հայաստանում այս ժանրը զարգացման ճանապարհ է բռնել Մեդիալաբի քաղաքական ծաղրանկարների շնորհիվ, որն իր շուրջն է համախմբել  նախկինում առանձին աշխատող փորձառու և նորահայտ ծաղրանկարիչների մի խումբ, որը պարբերաբար ծաղրանկարներ է տեղադրում կայքում և թարմ պահում ծաղրանկարչության ավանդույթը Հայաստանում։

Քաղաքական ծաղրանկարը աղերսներ ունի մի քանի այլ հաղորդակցական մեդիաների հետ։ Եվ չնայած հաճախ նույնանում է դրանց հետ երբեմն արդարացիորեն, սակայն, մի քանի հատկանիշներ տարբեր են դարձնում այս ժանրը իր հարակից «սրտակից» ոլորտներից։ Այս տարբերություններն ու նմանությունները քննարկելը քաղաքական ծաղրանկարի դերը նորովի կբացահայտի՝ զտելով նրա գործառույթներն ու հատկանիշները հայաստանյան ներկա իրադրությունում։ Չարամտությու՞ն  է ծաղրանկարը, թե՞ քննադատություն, փաստերի աղճատու՞մ, թե՞ միտումնավոր սուբյեկտիվ մեկնաբանություն՝ ուղերձի դիպուկության նպատակով, արվե՞ստ, թե՞ մասսայական մշակույթի մաս։

Քաղաքական ծաղրանկարը ձեռք ձեռքի տված աշխատում է լրատվամիջոցների հետ։ Ներկայումս լրատվամիջոցները սնում են ծաղրանկարչությունը երկու ձևով։ Նախ դրանք ծաղրանկարչին թեմաներ են տալիս, ծաղրանկարիչը ակտուալ թեմաներն է պատկերավորում կամ մեկնաբանում։ Այդ առումով ծաղրանկարը այլընտրանքային լրատուի դեր է կատարում։ Պատահական չէ, որ Մեդիալաբի ծաղրանկարները լուրերի հետ կողք կողքի են ներկայացվում, ինչպես  շատ հեղինակավոր ամսագրեր առանձին էջեր են հատկացնում ծաղրանկարին։ Երկրորդ՝ լրատվամիջոցների շնորհիվ են ծաղրանկարները հասկանալի իրենց հասցեատիրոջ համար: Եթե մարդը չի հասցրել տեղեկանալ վերջին լուրերին, դժվար հասկանա օրվա ծաղրանկարը։ Լուր հաղորդելով կամ մեկնաբանելով՝ ծաղրանկարը լուրի նախնական իմացության կարիք է զգում։

Միխայիլ Բախտինը իր հոդվածներից մեկում գրում է, որ նախ­նա­դար­յան ժո­ղո­վուրդ­նե­րի բա­նահ­յու­սու­թյան մեջ լուրջ պաշ­տա­մունք­նե­րի կող­քին գո­յու­թյուն ու­նե­ին նա­և ծի­ծա­ղա­կան պաշ­տա­մունք­ներ` աստ­վա­ծու­թյու­նը ծա­նա­կող եւ անար­գող, լուրջ առաս­պել­նե­րի կող­քին` ծի­ծա­ղա­կան  և նա­խա­տա­կան առաս­պել­նե­րը, հե­րոս­նե­րի կող­քին` նրանց ծաղ­րեր­գա­կան կրկ­նորդ-ն­մա­նակ­նե­րը: Նմանապես ծաղրանկարը լուրջ նորությունների կողքին այլընտրանք է` որպես  հնարավորինս ճշտված, հուզականությունից ու հեղինակի երևակայության դեգերումներից զերծ լուրերի ու վերլուծությունների հակապատկեր։

Եթե լրատվամիջոցը լուսաբանում  է նորությունները, քաղաքական ծաղրանկարը պարզապես գրոհում է դրանց վրա: Մեկը լուր է հաղորդում, մյուսն այն խաղարկում է, ու, ի վերջո, երկուսն էլ ազդում են հանրային կարծիքի ձևավորման վրա։ Լուրի վրա գրոհը կազմակերպվում է հետևյալ կերպ` ծաղրանկարիչը ընտրողաբար, կարելի է ասել՝ «նենգաբար» վերցնում է որևէ լուր՝ անպայման թարմ, և դրանից հումորախառն ուղերձ կերտում։ Նա, «գրողի ծոցն ուղարկելով» լրատվամիջոցների օբյեկտիվությունը,  որևէ չեզոք նյութից ստանում է «չեզոքությունից խեղճ» մի բան, տեղ-տեղ կտրտում է լուրը, հանում ավելորդ մանրամասություններից, տեղ-տեղ ավելացնում ու չափազանցնում, չիմացած, ոչ հասու տեղերում էլ հորինում ու ցանկալի է՝ զվարճացնում։ Մասնավորապես` «ՀՀ երրորդ նախագահի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը, հայտնաբերվել է, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։ Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով» գրությամբ չեզոք լուրը մետամորֆոզի է ենթարկվել Վահե Ներսեսյանի «Գոնսալեսների բանդան» ծաղրանկարում, որտեղ տեղեկատվամիջոցի հաղորդած չոր փաստը համեմված է նոր մանրամասներով, հարստացված չափազանցումներով ու լուրից դուրս նոր կերպարների ներմուծմամբ։ Այս ծաղրանկարը լուրի վրա կառուցված պատում է՝ փաստի անլուրջ կողմի ազատագրմամբ, հեղինակի վերաբերմունքի ցուցադրմամբ, ֆիգուրների մուլտիպլիկացիոն կերպավորմամբ և պարզունակեցմամբ։

Լուրի այսպիսի «այլասերումն» ու խեղաթյուրումը, ուզածդ կետում կամայական չափազանցությունը և օբյեկտիվության պակասը ծաղրանկարչության և դեղին մամուլի  միջև աղերսներ փնտրելու տեղիք են տալիս, սակայն,  ի տարբերություն վերջինիս չփաստարկված լուրերի, ծաղրանկարը ճշմարտական հիմք ունի և խաղում է ճշմարտության լարերի վրա, ոչ թե սենսացիայի։ Հնարանքը նուրբ է և մանրամասների մեջ։ Ծաղրանկարի համար լուրը կարծես թե միշտ կիսատ է և երևակայութամբ լրացնելու կարիք ունի։ Օրինակ, «Երաժշտական փոստարկղ» կոչվող ծաղրանկարը մտացածին է։ Պատկերված է համանուն հաղորդման հաղորդավարուհին, որը ստացել է նամակ ռուսաստանաբնակ ոմն Վլադիմիրից (պատահական չէ անվան ընտրությունը) և շնորհավորում է Ռոբերտ Քոչարյանի Նոր տարին և որպես նվեր պատվիրում է «Жизнь не возможно повернуть назад» երգը։ Ծաղրանկարի մեխը երգի բառերն են։ Բնականաբար, այսպիսի երաժշտական պատվեր իրականում չի եղել հաղորդման ժամանակ։ Ստույգության տեսանկյունից սա ապատեղեկատվություն է, սակայն հյուսված է իրականության վրա։ Ճշմարտությունն այստեղ երկուսն է։ Նախ` Վլադիմիր Պուտինը աջակցում էր Հայաստանի երկրորդ նախագահին հայտարարությունների մակարդակով, սակայն միայն խորհրդանշորեն, երկրորդ՝ Քոչարյանի կյանքն  այլևս այնպիսին չէ, ինչպիսին առաջ էր և հնարավոր է՝ չլինի էլ՝ դատելով դեպքերի ընթացքից։

Մասնակի ճշմարտությունը բնորոշ է նաև դեղին մամուլին, սակայն վերջինիս պակասում է հասարակության շահերից բխող դիրքավորումը։ Ի հակադրություն դրա՝ քաղաքական ծաղրանկարների սրտում հասարակության կնճիռներն են։ Լրատվամիջոցները ևս հասարակական խնդիրներն են շոշափում։ Սակայն մեկը խիստ լրջություն է հաղորդում իր գործին՝ խնամքով լուրերից հանելով ծիծաղական կողմերը (բացառությամբ հումորային ամսագրերի, հաղորդումների), մյուսը իրեն իրավունք  է վերապահում լինել թեթևամիտ (և ներվում է դրա համար) այդ խնդիրների մասին բարձրաձայնելիս, հասարակական, քաղաքական գործիչներին անդրադառնալիս։ Մեկը հաճախ պաշտոնական է, մյուսը՝ ոչ պաշտոնական, թե կուզեք՝ հակապաշտոնական։ Դրա մեջ է լրատվամիջոցների տեքստային լուրերի ու ծաղրանկարի տարբերությունը:

Լրատվամիջոցը՝ երբեմն պաշտոնական, երբեմն հակաիշխանական լուրեր է հայտնում, հաճախ էլ անկախ հետաքննություններ անում։ Լուրն անաչառության համար լուսաբանվում է տարբեր դիտակետերից։ Իսկ ծաղրանկարը կաշկանդված չէ անաչառությամբ և միշտ հասարակության կողմից է, քննադատության ու ընդդիմության շահառուն հասարակությունն է՝ իշխվողները։  Ծիծաղող կողմը հասարակությունն է, ծիծաղելին՝ հիմնականում «էլիտան» կամ արտոնյալ փոքրամասնությունը։ Լուրը «ծաղրապատմվում է» հասարակության սրտին հովություն բերելու, նրան զվարճանքի թեթևություն պարգևելու, ծաղրով հսկելու համար։

Այս իմաստով քաղաքական ծաղրանկարը միշտ ընդդիմադիր է, կարելի է ասել հավերժական «ընդդիմությունններից» մեկը, որին իշխանամետ դառնալը չի սպառնում։ Եթե խորհրդարանական ընդդիմությունը կարող է մի օր դառնալ իշխանություն և քննադատականությունը կորցնել (նույնը կարող է լինել ընդդիմադիր թերթի, ամսագրի հետ), ինչպես եղավ Հայաստանում, ապա ծաղրանկարը չի կարող ազատվել քննադատականությունից։ Ծաղրանկարը՝ ծաղրի նկարը, կորցնելով իր ծաղրական մասնիկը, այսինքն՝ քննադատությունն ու սարկազմը, դադարում է լինել ծաղրանկար։ Այստեղ է  նրա վերահսկողական ֆունկցիայի հարատևությունը (այլ քննադատական ֆունկցիաներ իրականացնողների հետ մեկտեղ), քանի որ քննադատությունն է, որ տվյալ պահի իշխանություններին պահում է հսկողության տակ։

Քննադատությունը փորձություն է քաղաքական ծաղրանկարի համար, ծաղրանկարը միշտ պետք է «պայքարի մեջ» լինի հաստատվածի, անարդարի դեմ։ Հայաստանում ոչ միայն հեղափոխությունն ի վիճակի չեղավ սանձել ծաղրանկարի քննադատականությունը (որքան էլ տարօրինակ է, հաղթանակած հեղափոխությունը սպառնալիք է ծաղրանկարի համար, քանի որ կարող է վերածել ծաղրանկարը լոկ հեղափոխության փառաբանության գործիքի), ինչը կսպառեր ծաղրանկարչության ազդեցությունը՝ որպես ժանր, այլև ներկայիս ծաղրանկարչության պրպտումների «սիրելի» հերոսը դարձավ Նիկոլ Փաշինյանն  իր թիմի հետ, և ներկա իշխանությունները այժմ գրեթե նույնչափ քննադատության թիրախ են, որքան նախկիններն էին, որով էլ ծաղրանկարը պահպանեց իր՝ հասարակության շահերին ծառայող քննադատական լիցքը։

Սակայն ծաղրանկարը մի ակնհայտ առանձնահատկություն ունի։ Այն քննադատում է զվարճացնելով (կամ զվարճացնում է քննադատելով)՝ ի տարբերություն քննադատական դիրքորոշում ստանձնած անհատ փորձագետների, միավորումների, ինստիտուտների ու արվեստային պրակտիկաների։ Եթե մեկնակետ ընդունենք ծաղրանկարի քննադատականությունը, զվարճանքը կդառնա պարզապես դիմադրության ու լսարանին հասնելու միջոցներից` քննադատությունը բռնկող կայծ, որով ծաղրանկարը կմոտենա քաղաքական արվեստին և կդառնա դրա բաղկացուցիչ՝ արժանանալով բարձր արվեստի կոչմանը։ Այս դեպքում հարուցվող ծիծաղը դիտարկվում է որպես ոչ ինքնանպատակ արդյունք։ Իսկ եթե գերակայող հատկությունը զվարճությունն է, նպատակը՝ խինդը, իսկ քննադատությունը` զվարճացնելու միջոցը, ապա ծաղրանկարը կդառնա լոկ զանգվածային կամ հանրամատչելի մշակույթի դրսևորում, զվարճասեր զանգվածների սպառողական ժամանցային կարիքներին արագ հագուրդ տալու դյուրամարս միջոց։

Այս երկու դիրքորոշումների միջև ընտրությունը, ցածր և բարձր արվեստների միջև տարբերակման հնացած անհրաժեշտությունը կոնկրետ քննադատի ճաշակի հարցն է։ Սակայն պարզունակ կլինի կարծել, որ քաղաքական ծաղրանկարը զուտ զվարճանքի աղբյուր է` առանց հաշվի առնելու դրա սոցիալական հանձնառությունը։ Այս տարբերակումն է պատճառը, որ պետական հաստատություններում ծաղրանկարի ուսումնասիրությունը որպես արվեստ առավելապես չի ողջունվում, հումորը՝ որպես արվեստաստեղծման միջոց, հիմնականում վանվում է այդպիսի հաստատություններից։ Այնուամենայնիվ, ծաղրանկարների մուտքը ցուցասրահներ (քաղաքական պաստառներ ցուցադրող «Ձայնաղբյուր» ցուցահանդեսը[i], օրինակ, ներկայացնում էր նաև մի քանի ծաղրանկարներ) արդեն լեգիտիմացրել է այս ժանրը նորանկախ Հայաստանում՝ որպես արվեստ՝ լինի ցածր, թե բարձր։

Այնուամենայնիվ, այժմյան հայկական քաղաքական ծաղրանկարը, ավելի քան քաղաքական արվեստի այլ,  բարձր արվեստ համարվող դրսևորումներ, առավել զգայուն է հասարակական խմորումների հանդեպ և բացառիկ արագությամբ է արձագանքում իրադարձություններին, ճիշտ այնպես, ինչպես լրատվամիջոցները կամ սոցիալական ցանցերում արվող մեկնաբանությունները։ Ճիշտ է, դրանով այն հաճախ արդարացիորեն մեղադրվում է արագ սպառման նյութ լինելու մեջ, սակայն դրա մեջ է կայանում իր՝  լայն հասարակությանը հասու լինելու գաղտնիքը ու հետևապես ազդեցության ուժը։


[i] «Ձայնաղբյուր. շվեյցարական և հայկական քաղաքական պաստառների (հակա)էսթետիկ կողմերը» խորագիրը կրող ցուցահանդեսը տեղի է  ունեցել 2018թ. հունիսի 29-ից հուլիսի 15-ը Արտաքին գործերի նախարարության նախկին շենքում


Գրականություն

  1. Բախտին, Միխայիլ. 2012. “Ֆրան­սու­ա ռաբ­լեի ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը եւ միջ­նա­դա­րի ու վե­րածնն­դի ժո­ղովր­դա­կան մշա­կույ­թը (հատ­ված).” Արտերիա. http://www.arteria.am/hy/1349071719
  2. Sarıgül, Baran. 2009. “The Significance of Caricature.” http://www.as8.it/edu/writing/gd494_sarigul.pdf

 Հեղինակ՝ Մարինե Խաչատրյան (Marine Khachatryan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են: