Ազգայինի խորհրդայինը և խորհրդայինի ազգայինը

Տվյալ վերլուծության խնդիրն է իշխանության դիսկուրսի և հասարակության արձագանքի դիրքերից քննել ազգայինի արդի և խորհրդային մեկնաբանությունների փոխգոյակցության հարցը ներկայիս Հայաստանում։ Մարշալ Բաբաջանյանի արձանի տեղադրման և բացման արարողության ողջ ծեսի մանրամասն քննման և վերլուծման պարագայում միանգամից մի քանի կարծիք-եզրահանգումներ են առաջ գալիս, որոնք էլ կփորձեմ մեկնաբանել։

Նախապես կատարենք մի քանի պայմանական թեմատիկ բաժանումներ` թեման և դրա դիսկուրսային դաշտերը ավելի դյուրին և համակարգված դարձնելու.

  1. Խորհրդա-ռուսական «ազգայինի» չափման խնդիրը հայկական ազգայինի դիրքերից, դրա ընկալման համատեքստի մեկնաբանությանը իշխանության և «նրա հակոտնյայի»1 դիմակայության պարագայում։
  2. Ազգայինի առավելապես էթնիկ չափման խնդրի առաջնայնությունը և քաղաքական ազգայինի ստորադասումը։
  3. Անցյալի առավելապես քաղաքական մեկնաբանման և վերակառուցման հարց՝ իշխանություն-հասարակություն հակոտնյա դաշտի սահմաններում։
  4. Ընթացիկ իրադարձությունների հարցը և դրանց գաղափարա-քաղաքական փոխկապակցվածության հարցը տվյալ խնդրին` քաղաքական պահի ենթատեքստը։

Արձանի տեղադրումն ինքնին դասական քաղաքակրթական պրակտիկա է, որի տեղադրումը, գոյությունը և գործառությունը պետք է ուղղված լինեն նախ և առաջ հասարակությանը, նրան հասցնեն իշխանական ազդակները և կառուցեն այն իրականությունը և իմաստա-տարածական դաշտը, որի կարիքը տվյալ իշխանություն-համակարգն ունի։ Գաղափարաբանությունը, որով առաջնորդվում է ցանկացած իշխանություն, կարիք ունի հասարակության կողմից անընդհատ կենսագործման և իրացման և կենսական տարածքի. այս պարագայում մայրաքաղաքային միջավայրի կազմակերպումը իշխանության դիրքերից լավագույն միջոցն է այդ քաղաքականությունը գործնականում լավագույնս կիրառելու համար։

Չպետք է մոռանալ, որ պետությունը՝ որպես համակարգ բացարձակ մենաշնորհ ունի հասարակական վայրերում արձանների և հուշակոթողների տեղադրման հարցում (որը թեև չի մերժվում, բայց, ըստ իս, ևս մեկ անգամ հիշեցման կարիք ունի)։ Հետխորհրդային երևույթ է, որի ջատագովները (առավելապես իշխանությունը) ձգտում են վերամեկնաբանել և վերաիմաստավորել անցյալը, վերաներկայացնել ճանաչում և հեղինակություն ունեցող անհատների՝ այդպիսով միահյուսելով վեհը, ազգայինը և համաշխարհայինը2 և դրանք ի սպաս դնել իրենց այժմեական և ապագա ծրագրերին։ Խնդիրն արդեն ոչ այնքան պատմական անձի պատմականացումն է, այլ այդ անձի միջոցով նրա բնօրրան իշխանական համակարգի և դրա գաղափարաբանական հենքի լեգիտիմացումը, որը հավակնում է դառնալ Երևանի «տեսարժան վայրերից մեկը»` ուսուցանելու և պատմությունը սովորեցնելու անթաքույց մղումով3 ։

  • Ա․ Աստիճանակարգային ազգայինը։ Կարճ անդրադարձ կատարելով մարշալ Համազասպ Բաբաջանյանի կենսագրությանը` կտեսնենք, որ վերջինս դասական խորհրդային կերպար է, որն առավել քան դասագրքային կենսագրություն ունի (աննշան կարգավիճակից և փոքր հայրենիքից՝ Չարդախլուից հասնելով մինչև «Մեծ Հայրենիք»՝ կենտրոն՝ շնորհիվ խորհրդային կարգերի և անձնական տաղանդների, հասնելով մինչև Խորհրդային Միության զրահատանկային զորքերի մարշալի կոչման և փառավորվելով որպես հայ ազգի պանծալի զավակ)։ Նա միութենական մասշտաբի, այսպես կոչված, «Մեծ Հայրենիքի» առանցքային մասնիկն է, որը կարողացել է համբավ ձեռք բերել, ծայրամասից տեղափոխվել կենտրոն, հաստատվել այնտեղ, նրա գոյությունն արդեն պետք է հայությանը հպարտություն և վեհություն ներշնչի` առնվազն ըստ արձանի հեղինակների և պետական իշխանությունների։ Տվյալ մտայնությունները (Մեծ և Փոքր Հայրենիք, ազգային ներկայացուցիչ և այլն) տիպիկ խորհրդա-ռուսական ազգայնական դիսկուրսի անքակտելի և առանցքային մասնիկներն են և առանցքային են խորհրդային և հետխորհրդային իշխանության և գաղափարաբանության անխափան կենսագործման համար։ Խորհրդային գաղափարաբանությունը կարողացավ արմատավորել այն գաղափարը, որ կան մեծ և փոքր հայրենիքներ, մեր՝ հայերիս պարագայում՝ բուն ՀԽՍՀ և ԽՍՀՄ։ Ըստ այդմ՝ անձինք, որոնք բարձր պաշտոնների և պատվի էին արժանացել միութենական գերատեսչությունների և համակարգերի բովում, առաջին պլան էին մղվում հայրենիքում և բարձր գնահատականի էին արժանանում տեղական ու դաշնային իշխանությունների կողմից՝ ներկայացվելով որպես հավաքական հայի կերպարի բարձր որակների հաղթանակի ջահակիրներ։ Այդպիսիք էին Անաստաս Միկոյանը (որի արձանային էպոպեան այս նույն շարքից է), Արամ Խաչատրյանը, Ավետ Տերտերյանը, մարշալներ Բաղրամյանը, Իսակովը, Խամփերյանցը և, ի թիվս այլոց, նաև մարշալ Բաբաջանյանը։ Երբ խոսում են տվյալ իշխանությունների մտադրության մասին, այն է վերակերտել անցյալը և վերամեկնաբանել խորհրդային մասնավոր անցյալը՝ որպես ազգային փառքի դրսևորում, մեկնարկում են այն կետից, որ ներկայիս իշխանությունները և դրա կարկառուն ներկայացուցիչներն իրենց բնույթով խորապես խորհրդային են։
  • Բ․ Լինելով Խորհրդային Միության վերջին սերունդ, որը ծնվել և դաստիարակվել է այդ համակարգի սահմաններում և կանոններով` իշխանական վերնախավը անխուսափելիորեն իր ինքնության մասն է համարում խորհրդային անցյալը, դրա խորհրդային-ազգային մեկնաբանությունը և, ըստ այդմ՝ նրանց գործողությունները, ի թիվս այլ հանգամանքների, նաև այս ամենով են պայմանավորված։ Ե’վ տվյալ, և’ ընդհանրապես ցանկացած իշխանության առանցքային խնդիրներից մեկը իր իսկ արժեհամակարգի վերասերումը և փոխանցումն է գալիք սերնդին։ Ահա այս դիտանկյունից ներկայիս իշխանությունների տվյալ քայլը խորապես խորհրդային-ազգային մեկնաբանություն ունի իր մեջ, բայց այն հակասության մեջ է մտնում հասարակության պատկերացրած ազգայինի այլ կերպի հետ, որի համար Բաբաջանյանը հունգարական հեղափոխության ճնշողն է, Բուդապեշտը գրաված տանկային զորքերի հրամանատարը, որը մարմնավորում է խորհրդային բռնապետությունը ինքնավարության և անկախության ձգտող ազգերի նկատմամբ։ Այսպիսով, հասարակության համար Բաբաջանյանի կերպարը առնվազն խնդրահարույց է, և նրա արձանի տեղադրումը` մերժելի և անընդունելի։
  • Գ․  Խորհրդային իշխանության առօրեական կենսագործման տրամաբանությունը կառուցվում էր իրականության և ներդրվող գաղափարի անհամապատասխանության վրա, ըստ որում` հակասությունները մշտական դեր և նշանակություն ունեին իշխանության պահպանման և հասարակությանը «ապակողմնորոշելու» համար։ Այսպես՝ իրեն ազգային-պահպանողական հռչակած իշխանությունը կարող է միաժամանակ և’ նժդեհական լինել, և’ թախանձել սովետական արևահամ, երևելի անցյալ` բնավ չտարակուսելով, որ նույն Նժդեհը սովետական իշխանության անհաշտ թշնամին էր։ Սրա խորքային իմաստը արժեքների և իրականության խառնաշփոթի և անհամապատասխանության կայացումն է, որի պարագայում իրերն իրենց անուններով չեն կոչվում, և իշխանությունը ահռելի պաշար է ունենում իր ցանկացածը իրականության տեղ հրամցնելու համար։

2․ Ա․ Հարկ է այս ողջ անցուդարձում և տեղեկատվական հոսքում ուշադրություն դարձնել էթնիկ-ազգայինի ընկալման շեշտի կարևորությունը, ըստ այդմ` շեշտվում է Բաբաջանյանի չարդախլեցի լինելը, որը պատմականորեն հայկական տարածք է եղել (Հյուսիսային Արցախ) և հետագայում մաս է կազմել ցարական կայսրության այսրկովկասյան տիրույթների Ելիզավետպոլի գավառի, իսկ ներկայումս գտնվում է Ադրբեջանի Հանրապետության Շամքորի շրջանում։

Խորհրդային-ազգային ժառանգության դիսկուրսիվ առումով տարածված մեկնաբանման մի այլ մոտեցում տալիս է հենց ինքը` ճարտարապետը` նշելով, որ անկախ Հայաստանի բանակի հիմքն է խորհրդային բանակը (Բաբաջանյանը նույնանում է խորհրդային բանակի և ըստ այդմ` հայկական ազգային բանակի հետ, դառնում է կապող օղակ)։ Այստեղ տեսնում ենք խորհրդայինի ազգայնացման, դրա մեկնաբանման և ապա ժառանգման խնդրի առավել քան ակնառու և մեզանում կենսագործվող մտայնություն։

2․Բ․ Խորհրդայինի և ազգայինի կապի մյուս օրինակներից է նաև տարեց ներկաներից մեկը, որն իրեն համարում է Բաբաջանյանի զինվոր (նման․ Անդրանիկի զինվոր բանաձևի հետ 4

4․ Ընթացիկ քաղաքական դիվիդենտները

Ա․ Բաբաջանյանը ներկայացվում է որպես խորհրդային-հայկական հերոս, որը կռվել է ֆաշիզմի դեմ, հաղթել նրան և կրկին բազում պարադոքսներ։ (Հիտլեր քու մերը, և թեև նստած է նույն աթոռին, Բաբաջանյանը ինքն էր մարմնավորում սովետական գաղութային ֆաշիզմը ազատականների աչքերում և այլն)։

Բ․ Խոհրդային կենտրոնին և նրա ժառանգորդ Մոսկվային հպանցիկ հիշատակում ընդհանուր թշնամու դեմ պատրաստակամ պայքարելու կամքի մասին (Ապրիլյան դեպքերը դեռևս թարմ են և, ըստ իս, նույն ռիթմի և տրամաբանության մեջ է արձանի բացումը)։

Գ․ Արցախի պահանջատիրության «պատմական հիմնավորումը». չէ որ Բաբաջանյանի հայ և նրա հայրենի գյուղի հայկական լինելու մեջ կասկածներ չկան, և ըստ այդմ` այս արձանը ևս մեկ միջոց է թե՛ ներքին և թե՛ արտաքին լսարանի ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռելու Հյուսիսային Արցախի խնդրին։

Դ․ Այս շարքի մի մաս է նաև մեկ տարի առաջ` 2015թ․ դեկտեմբերի 7-ին, Սպիտակում բացված խորհրդային զինվորի արձանը։ Հատկանշական է, որ նախաձեռնությունը պատկանում է Ռուսաստանի ռազմապատմական միությանը, որը մատնանշում է առաջին հայացքից չեզոք օգնություն 5։

Ե․ Տվյալ շրջանի ռազմա-քաղաքական պաթոսին հագուրդ տալու միտում` առավելապես ուղղված ներքին լսարանին։

Զ․ Պետական կյանքի բոլոր ոլորտներում աղետալի իրողությունները լղոզել փառավոր անցյալի շղարշով, այն է` ներկան փոխարինել անցյալով («առավելապես բանիվ, քան հացիվ» բանաձևի տրամաբանությամբ)։

Է․ Ռազմական խաթարված հեղինակության, տարածաշրջանի ամենամարտունակ և անպարտելի բանակի խնդրահարույց հարցի առժամանակյա լռեցում։

Այս ամենի հանրագումարը պետք է լինի հասարակության մեջ արմատավորել այլընտրանքային դիսկուրսների և ավանդական մտայնությունների վերամեկնաբանումը, որը հնարավորություն կընձեռի առավել բազմակողմանի մոտենալ հարցին և զերծ մնալ իշխանության կողմից թելադրվող առօրեականության կառուցումից, որը բերում է միակողմանիության և ըստ այդմ` պետության և հասարակության ընդհանուր թուլության:


1 Այստեղ հասարակություն հասկացությամբ նկատի ունեմ նրա այն հատվածը, որը հակադրվում է իշխանության առաջ քաշած պաշտոնական դիսկուրսին և նոր կամ այլ մեկնաբանություն է առաջարկում առկա և ընթացիկ խնդիրներին։

2 Տվյալ պարագայում մարշալ Բաբաջանյանը լոկալ կամ խորհրդային կերպար չէ, այլ համաշխարհային հարգի անհատ է, որի ամենանվազ ապացույցն էլ եվրոպական և ամերիկյան ռազմական ներկայացուցիչների ներկայությունն էր արձանի բացման արարողությանը։

3 Այս երևույթը մասնավորապես և առավել, քան այլոց պարագայում հատուկ է հետխորհրդային հասարակություններին, որոնք իրենց մեջ դեռևս պարունակում են խորհրդային ժառանգության այս կամ այն կերպը և պահպանում են դրա հետքերը իրենց կյանքի բոլոր ոլորտներում։

4 Խորհրդային շրջանում ՀԽՍՀ տարածքում ծեր տղամարդկանց մեծ մասը «գլուխ էր գովում», որ Անդրանիկի ենթակայության տակ էր կռվել թուրքերի դեմ և ազատել հայրենիքը թշնամուց։

5 Իրականում խնդիրը օգնության ընդգծումն է, որն առնվազն անտրամաբանական է և շեշտված գաղութային, քանզի ՀԽՍՀ-ն, գտնվելով ԽՍՀՄ-ի մեջ, ենթադրվում էր, որ պետք է օգնություն ստանար և որ առավել կարևոր է, հատկապես շեշտվում է զինվորականի կերպարը, որը պետք է ուղղակի զուգահեռներ հիշեցներ Խ․ Աբովյանի «ռսի ոտի»` դարակազմիկ և օրհնված ոտքի հետ։


Հեղինակ՝ Գոռ Մադոյան (Gor Madoyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են: