Հունվարի 20-ի գիշերը խորհրդային բանակի կողմից իրականացվեցին գործողություններ՝ քաղաք մուտք գործելու համար։ Ժողովրդական ճակատի վարչությունը եւ Ադրբեջանի կառավարությունը վերահսկում էին իրադրությունը։ Ժողովրդական ճակատի ղեկավարության կարգադրությամբ Բաքու տանող ճանապարհները բարիկադավորվել էին բեռնատարներով եւ ավտոբուսներով։ Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի, հանրապետության ղեկավարության եւ Ժողովրդական ճակատի նախաձեռնությամբ ստեղծվել էր Ազգային փրկության կոմիտե։ Ժամը 00։00-ին սկսվեց գրոհը բարիկադների վրա։ Քաղաք էր մուտք գործում զորքը՝ զրահամեքենաներով, տանկերով։ Ամսի 21-ի տվյալներով, կա մոտ 300 սպանված, ավելի քան 1000 վիրավոր։ Ադրբեջանի կառավարությունը հաստատում է այս տվյալները, սակայն բանակը այն չի ընդունում։ 

Բաքվի ձայնակայանը 21-ի առավոտյան հաղորդել է Ադրբեջանի պրեզիդենտ Էլմիրա Կաֆարովայի կոչը, որով նա դիմել է խորհրդային բանակում ծառայող ադրբեջանցի զինվորներին ու սպաներին՝ թողնել ծառայությունը եւ վերադառնալ Ադրբեջան։ 

Մարտերը Բաքվում շարունակվում էին մինչեւ 21-ի գիշերը։ Միակ կետը, ուր կարողացան բանակին դիմադրություն ցույց տալ, Սալյանսկի զորամասերն էին, որտեղ Բաքվի համազորային հրամանատարության ուսումնարանի կուրսանտները ժամկետային ծառայության զինվորների հետ միասին (243 ադրբեջանցի, 130 վրացի, 66 ուզբեկ, 72 չեչեն) գրավեցին զենքն ու զորամասերից մեկը եւ մեկ օր դիմադրություն էին ցույց տալիս զորքերին։ Ադրբեջանի նավագնացության կապիտանները հայտարարել են, որ եթե ռազմական նավեր մոտենան ծովախորշին, նրանք կպայթեցնեն տանկերը։ Բաքվում եւ մյուս բոլոր քաղաքներում  մասսայաբար հանձնում են կուսակցական տոմսերը եւ ստեղծագործական միությունները (կինեմատոգրաֆիստների, նկարիչների, գրողների) դուրս են գալիս ԽՍՀՄ ստեղծագործական միությունների կազմից։ 

* * * 

Նախիջեւանում սահմանը առաջվա պես բաց է։ Մենք տեղեկություններ չունենք՝ Նախիջեւանում զինվորական ուժ գործադրվե՞լ է, թե ոչ։ Բաքվի կապը այլ շրջանների հետ կտրված է։ Ես գիտեմ, որ Նախիջեւանում մինչեւ ամիս 20-ը իշխանությունը ժողովրդական ճակատի ձեռքում էր։ 

Ամսի 17-ին Նախիջեւանի Գերագույն խորհուրդը ԽՍՀՄ կազմից դուրս գալու որոշում է կայացրել։ 

Ադրբեջանի սոցիալդեմոկրատական

խմբի մամուլի քարտուղար

Լ Յունուսովայի՝ արտասահմանյան

գործակալություններին տրված հաղորդագրությունից

ՀԱՅՔ Հայոց Համազգային Շարժման պաշտոնաթերթ. 

Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ