Շեշտադրումներ Նիկոլ Փաշինյանի արցախյան ելույթից

Ինլայթը ներկայացնում է հատվածներ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2019թ. օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հնչեցրած ելույթից որոշակի շեշտադրումներով:

.. Մեր հայացքը այլևս ազատ է,

Ոչ մի պատ չի բանտում միտքը մեր,

Հեռուները մոտիկ, հարազատ են,

Մենք զինվոր ենք, հաղթող ենք ու տեր։

Քառյակ Ն. Փաշինյանի «Հայոց զորքը հարթավայրում» բանաստեղծությունից՝  իբրև նահատակներին և Արցախյան ազատամարտի բոլոր մասնակիցներին, Հայոց բանակի գեներալներին, սպաներին, զինվորներին մատուցվող հարգանքի տուրք

 

Համազգային կյանքի կազմակերպմանը վերաբերող հարցերի աշխարհաժողով

Այս օրերին մենք բոլորս Արցախում հավաքվել ենք համահայկական խաղերի բացման առիթով։ Ազգային-մարզական այս միջոցառումը, սակայն, մեզ առիթ տվեց կազմակերպելու այս աննախադեպ հավաքը, այս յուրօրինակ աշխարհաժողովը՝ աշխարհի հայությանը մի չափազանց կարևոր ուղերձ հղելու, մեր համազգային կյանքի կազմակերպմանը վերաբերող մի քանի կարևոր հարցերի անդրադառնալու համար։

Ո՞ւմ նկատի ունենք Հայաստանի Հանրապետության ժողովուրդ ասելով

Այս հարցի պատասխանը տալիս է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանը, որն, ի դեպ, տեղի ունեցած երկու սահմանադրական փոփոխությունների ընթացքում ոչ մի փոփոխության չի ենթարկվել։ Սահմանադրության նախաբանն, ըստ այդմ, արձանագրում է.

«Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած՝ ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված՝ հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»:

Հայ ժողովուրդն է Հայաստանի Հանրապետության իրավատերը, նրա ճակատագրի որոշողն ու պատասխանատուն։

Սահմանադրության նախաբանը, ըստ այդմ, արձանագրում է, թե ով է Հայաստանի Հանրապետության հիմնադիրը, ավելի արտահայտիչ՝ Հայաստանի Հանրապետության սեփականատերը։ Արձանագրումը, հետևաբար, միանշանակ է՝ հայ ժողովուրդը. հայ ժողովուրդն է Հայաստանի Հանրապետության իրավատերը, նրա ճակատագրի որոշողն ու պատասխանատուն։

Ընդ որում, սա ընդամենը սահմանադրական ձևակերպում կամ նախադասություն չէ, այլ մի գիտակցություն, որ, համոզված եմ, անթեղված կամ ակտիվ գիտակցության կարգավիճակում նստած է յուրաքանչյուր հայի մեջ։ 

Իսկ ինչպիսի՞ դեր է ունեցել Արցախը հեղափոխության ընթացքում

.. Այն որ հեղափոխության օրերին Արցախը կարողացավ ամուր և կայուն պահել առաջնագիծը, դա աննկարագրելի զորություն և վստահություն տվեց Հայաստանին, հեղափոխությանը, որովհետև առաջնագծում տեղի ունեցած ցանկացած սադրանք կարող էր գլխիվայր շրջել Հայաստանում քաղաքական զարգացումների տրամաբանությունը և բերել անկանխատեսելի հետևանքների։ Հեղափոխության այդ օրերին, ըստ էության, դերերի խորհրդանշական փոփոխություն տեղի ունեցավ։

2018 թվականի գարնանը Արցախը կանգնեց Հայաստանի և հեղափոխության թիկունքին:

Եթե հեղափոխությունից առաջ և հետո Հայաստանի Հանրապետությունն է կանգնած Արցախի թիկունքին, 2018 թվականի գարնանը Արցախը կանգնեց Հայաստանի և հեղափոխության թիկունքին՝ ամուր պահելով այդ թիկունքը և մեծ ուժ տալով հեղափոխության գործընթացներին .. 

Երբ ասվում է ժողովրդական, պետք է հասկանալ համահայկական 

.. Համահայկական հեղափոխություն նշանակում է, որ հեղափոխությունը տեղի է ունեցել ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև համայն հայության շրջանում, համայն հայության մեջ։

Սա էլ իր հերթին նշանակում է, որ հեղափոխության արժեքները համահայկական արժեքներ են, և այդ արժեքների շարունակական ինստիտուցիոնալ արմատավորումը հայության շրջանում մեզ կրկին դնելու է աշխարհի առաջատար ժողովուրդների շարքում։ 

Հատվածականությունը պետք է փոխարինվի համահայկականությամբ։

.. Ըստ այդմ, համահայկական հեղափոխության ամենաառանցքային արդյունքը պետք է լինի այն, որ մեր իրականության մեջ երկար տարիներ գերիշխած հատվածականությունը պետք է փոխարինվի համահայկականությամբ։ Կրկնում եմ՝ մեր իրականության մեջ երկար տարիներ գերիշխած հատվածականությունը պետք է փոխարինվի համահայկականությամբ։ Սա առաջին հերթին նշանակում է, որ մենք պետք է հրաժարվենք այն մտածելակերպից, երբ իրար բաժանում ենք ղարաբաղցիների, իջևանցիների, գյումրեցիների, սփյուռքահայերի։

Սա ամենևին չի նշանակում, թե մենք պետք է հրաժարվենք մեր ծննդավայրից, նրա նկատմամբ մեր ունեցած զգացմունքներից։ Դա ընդամենը նշանակում է, որ մեզնից յուրաքանչյուրի համար մեր ծագումը պետք է լինի մեզ համայն հայության մաս դարձնող և ոչ թե նրանից անջատող, նրանից առանձնացնող գործոն։

Ուժերի մեկտեղումը՝ ընդհանուր նպատակների իրագործման համար:

.. Համահայկականության հաջորդ կարևոր դրսևորումը պետք է լինի ուժերի մեկտեղումը՝ ընդհանուր նպատակների իրագործման համար, իսկ մեր ընդհանուր նպատակը կարող է և պետք է լինի միայն ու միայն Հայաստանի և Արցախի զարգացումը բառիս բոլոր՝ անվտանգային, տնտեսական, աշխարհաքաղաքական իմաստներով։ Հայաստանում և Արցախում արձանագրված տնտեսական և քաղաքական հաջողությունները կհզորացնեն նաև Սփյուռքը։

Արտագաղթից տառապում է Հայաստանը, շատ ավելի երկար տարիներ արտագաղթից տառապում է նաև Սփյուռքը

.. Խնդիրն այն է, որ ինչպես երկար տարիներ արտագաղթից տառապում է Հայաստանը, շատ ավելի երկար տարիներ արտագաղթից տառապում է նաև Սփյուռքը։ Հայաստանից արտագաղթն արտահայտվում է նրանով, որ մեր հայրենակիցները հեռանում են հայրենիքից և ապրում են որևէ օտար երկրում։

Սփյուռքից արտագաղթն արտահայտվում է նրանով, որ մեր հայրենակիցներն ավելի ու ավելի պակաս են ներգրավված լինում հայկական օրակարգերում և հայկական կյանքում։ Սրա հետևանքով ավելի ու ավելի պակաս են շփվում Հայաստանի ու հայության հետ, սրա հետևանքով թուլանում է կապը հայկական իրականության հետ։ Ապա կորսվում է հայոց լեզուն, թուլանում է հայկական ինքնության զգացողությունը, ապա և կորսվում։

            Հայ լինելը պետք է լինի հետաքրքիր, հայ լինելը պետք է լինի գրավիչ, հայ լինելը պետք է լինի հեռանկարային

.. Հազարավոր երիտասարդներ, ովքեր համարյա մոռացել էին իրենց հայկական ինքնության մասին, նույնիսկ չեն տիրապետում հայոց լեզվին, ովքեր վաղուց հետաքրքիր չէին համարում հայկական իրականությունն ու օրակարգը, սկսեցին ավելի ու ավելի ակտիվ հետաքրքրվել այդ օրակարգով, այդ օրակարգի մեջ ներգրավված լինելու հնարավորություններով։ Այս երևույթը նկարագրելով՝ այդ երիտասարդներից շատերը, գուցե տարօրինակ, բայց մեր գիտության համար շատ հետաքրքիր ձևակերպումներ են անում՝ ասելով, որ հեղափոխության այդ օրերին և դրա արդյունքում հայ լինելն իրենց համար կրկին դարձավ հետաքրքիր, գրավիչ ու հեռանկարային։ Եվ համարում եմ, որ սա պետք է լինի համահայկական հեղափոխության հաջորդ կարևոր արդյունքը։ Հայ լինելը պետք է լինի հետաքրքիր, հայ լինելը պետք է լինի գրավիչ, հայ լինելը պետք է լինի հեռանկարային։ .. Միլիոնավոր հայեր պետք է նորից հետաքրքրվեն իրենց հայկական ինքնությամբ, պետք է հետաքրքրվեն հայկական օրակարգով և ներգրավեն նրա իրագործման մեջ և վերադառնան հայկական իրականություն։

Հայկական ողջ ներուժի կենտրոնացումը ռազմավարական նպատակների իրագործման շուրջ 

Համահայկականության հաջորդ դրսևորումը պետք է լինի հայկական ողջ ներուժի կենտրոնացումը Հայաստանի զարգացման ստրատեգիական նպատակների իրագործման շուրջ։ 

.. Ռազմավարական նպատակադրումների աշխատանքային տարբերակը՝ խնդիրներ, որոնք Հայաստանի Հանրապետությունը պետք է կարողանա լուծել մինչև 2050 թվականը. 

  •  Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու։
  • Ստեղծել 1 միլիոն 500 հազար աշխատատեղ, լուծել 2.5 միլիոն մարդու զբաղվածության հարցը և վերացնել աղքատությունը։
  • Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր, 15-ապատկել Հայաստանի համախառն ներքին արդյունքը։
  • Ունենալ 10 մլրդ ԱՄՆ դոլար արժեքը գերազանցող առնվազն 5 հայկական տեխնոլոգիական ընկերություն և 10000 աշխատող ստարտափ։
  • 7-ապատկել միջին աշխատավարձը։
  • Բանակի մարտունակության ցուցանիշով տեղ զբաղեցնել աշխարհի առաջատար երկրների առնվազն առաջին 20-յակում։
  • Ունենալ աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը:
  • Ապահովել առողջապահական ծառայությունների 100 տոկոսանոց հասանելիություն և առողջապահության ֆինանսավորումը 20-ապատկել։
  • Կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ, կրթության և գիտության ֆինանսավորումը 20-ապատկել։
  • Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 15 միլիոնի։
  • Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի և կամ աշխարհի առաջնության մեդալակիր, նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ և շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը։

Արցախը Հայաստան է և վերջ:

Համոզված եմ՝ հիմա ձեզնից շատերը հարցնում են՝ իսկ ինչո՞ւ Արցախի մասին ոչինչ ասված չէ։ Պատասխանը շատ պարզ է, որովհետև Արցախը Հայաստան է և վերջ։

21-րդ դարում բարեկեցության միակ երաշխիքը մրցունակ կրթություն ունենալն է

Կրթությունն ազգային ապրելակերպ դարձնելն օրհասական, հրատապ խնդիր է, որովհետև մեր ռազմավարական տեսլականի կարևորագույն բաղադրիչը Հայաստանը էժան աշխատուժ երկրից բարձր որակավորում ունեցող աշխատուժ ունեցող երկրի վերածելն է, և այսօր մենք մեր հանրությանը պետք է շատ հստակ ուղերձ հղենք, որ 21-րդ դարում բարեկեցության միակ երաշխիքը մրցունակ կրթություն ունենալն է, և պետք է ստեղծենք բոլոր պայմանները, որպեսզի մրցունակ կրթությունը դառնա հանրամատչելի, սոցիալական և տարիքային բոլոր խմբերի համար։

Խոսքը բոլորովին ուրիշ բանի մասին է .  իրատեսական ծրագրերը մեզ այլևս հետաքրքիր չեն

Ռազմավարական այս նպատակների իրագործումը պետք է դառնա համահայկական օրակարգի ողնաշարը։ Ես համոզված եմ՝ այս հավաքից հետո քննարկելու են, բաժանելու են, բազմապատկելու են՝ ինչքանով է իրատեսական այդ ծրագրի իրագործումը, ինչքանով է ռացիոնալ, ինչքանով է ճիշտ հաշվարկված։ Բայց խոսքն ամենևին դրա մասին չէ, խոսքը բոլորովին ուրիշ բանի մասին է։ Աշխարհի յուրաքանչյուր հայ պետք է ինքն իրեն երկու հարց տա և պատասխանի՝ ուզո՞ւմ է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի այսպիսի հայրենիք։

Այն, ինչ հնարավոր է իրականացնել, մեզ այլևս հետաքրքիր չէ։ Մեզ հետաքրքիր է այն, ինչի իրականացումը բոլորը համարում են անհնար, որովհետև հայ ժողովուրդն անհնարինն իրականացնող ժողովուրդ է։

Եթե ուզում է, պատրա՞ստ է արդյոք ինքն իր բաժին ներդրումն ունենալ այդ հայրենիքի կերտման գործում։ Սա է սկզբունքային հարցը, և ես ուզում եմ ասել ընդհանրապես և ասել եմ հեղափոխության օրերին՝ իրատեսական ծրագրերը մեզ այլևս հետաքրքիր չեն։ Այն, ինչ հնարավոր է իրականացնել, մեզ այլևս հետաքրքիր չէ։ Մեզ հետաքրքիր է այն, ինչի իրականացումը բոլորը համարում են անհնար, որովհետև հայ ժողովուրդն անհնարինն իրականացնող ժողովուրդ է։ Եթե 1988 թվականին այս հրապարակում հավաքված մարդիկ մտածեին՝ հնարավո՞ր է արդյոք ազատագրել Արցախը, եթե այսպիսի հարց դնեին, շատերն այն ժամանակ էլ ասում էին՝ այդ ինչի՞ հետևից եք ընկել, դա հնարավոր չէ, բայց այսօր այստեղ՝ 2019 թվականի օգոստոսի 5-ին, մենք իրար հետ կանգնած ենք Արցախի Վերածննդի հրապարակում և արձանագրում ենք, որ այո՜, հայ ժողովուրդը վերածնվել է, և հայ ժողովուրդը պետք է հաղթի։

Եվ ուրեմն, մեր նպատակների իրագործման համար մենք պետք է կենտրոնացնենք համայն հայության ուժերն ու ռեսուրսները, ու որ կարևոր է, պետք է այդ ռեսուրսների և ներուժի համակարգումն իրականացնենք։

Ինչքանո՞վ է ճիշտ կոնկրետ մարդկանց անուններ տալը

.. Շատ են ասում, թե կապիտալը և ներդրումը հայրենիք չունի, բայց կրկին ու կրկին ինձ թույլ կտամ չհամաձայնվել նման ձևակերպման հետ, որովհետև հայկական կապիտալը հայրենիք ունի, և այդ հայրենիքը Հայաստանն է, և այդ հայրենիքը Արցախն է… 

Ընդհանրապես, ես անկեղծ ասեմ, մեր թիմում էլ շատ ասում են՝ ինչքանո՞վ է ճիշտ կոնկրետ մարդկանց անուններ տալը, որովհետև ինչքան էլ տանք, այս ցանկը դեռ երկար կարելի է շարունակել, բոլորին չենք կարող թվարկել, մի մասին կհիշատակենք, նրանց, ում չենք հիշատակի, հաջորդ հավաքում կհիշատակենք։

Հայկական կապիտալն ունի հայրենիք, որովհետև այդ կապիտալի տերերն ունեն հայրենիք, և այդ հայրենիքը Հայաստանն է, և Արցախը Հայաստան է և վերջ:

Բայց ես ուզում եմ, որ մենք անուն առ անուն այդ մարդկանց հիշենք, որ ասենք, նույնիսկ կապ չունի աշխարհայացքային, երբեմն քաղաքական ինչ հարաբերություններ կան, մենք գնահատում ենք Հայաստանում և Արցախում քարը քարի վրա դնելու ամեն մի գործունեությունը, և ես ուզում եմ, որ մենք բուռն ծափերով ողջունենք բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց հայրենիքում մի դրամի ներդրում են արել։ Եվ հետևաբար, հայկական կապիտալն ունի հայրենիք, որովհետև այդ կապիտալի տերերն ունեն հայրենիք, և այդ հայրենիքը Հայաստանն է, և Արցախը Հայաստան է և վերջ։

Ազգային համերաշխության առանցքային կոնսենսուսները

Կոնսենսուս 1. Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից։ Բռնությունից զերծ հանրության, բռնությունից զերծ ժողովրդի տեսլականը պետք է մեր համազգային միավորման անկյունաքարային դրույթը դառնա։ ..

Կոնսենսուս 2. Ժողովուրդը և նրա ազատ կամարտահայտությունն իշխանության ձևավորման միակ աղբյուրն է։ Ժողովրդի կամքի աղճատման, աղավաղման ցանկացած փորձ պետք է դիտարկվի որես հակապետական, հակաազգային գործունեություն: ..

Կոնսենսուս 3. Հայաստանի և Արցախի, հայ ժողովրդի ինքնիշխանությունը բարձրագույն արժեք է: ..

Կոնսենսուս 4. Հայաստանը և Արցախը պետք է զերծ լինեն կոռուպցիայից։ Կոռուպցիայի բոլոր դրսևորումները, այդ թվում՝ հովանավորչությունը, արհեստական մենաշնորհները, մրցակիցների հանդեպ հարուցվող արհեստական խոչընդոտները պետք է արմատախիլ արվեն։ ..

Կոնսենսուս 5. Իրավունքի և օրենքի գերակայությունը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը պետք է դառնա ներազգային հարաբերությունների առանցք։ ..

Կոնսենսուս 6. Ամենագլխավոր կոնսենսուսը՝ Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը։  ..

Կոնսենսուս 6-ը մեզնից յուրաքանչյուրին տալիս է մի այնպիսի երաշխիք, որով արմատախիլ պետք է արվի դավադրության որևէ, նույնիսկ ամենաանհավանական տեսություն։

Մարտունակ բանակ ունենալու տեսլականը մեր երկրի տնտեսության զարգացման ոչ թե խոչընդոտ, այլ խթան պիտի հանդիսանա:

.. Եվ չնայած Արցախի հարցի խաղաղ կարգավորումը մեզ համար սկզբունքային նշանակություն ունի, և մենք լիարժեքորեն նվիրված ենք հարցի խաղաղ կարգավորման տրամաբանությանը, Արցախի և Հայաստանի անվտանգությունը մեր զինված ուժերի մարտունակության շարունակական բարձրացման միջոցով մեզ համար մնում է բացարձակ առաջնահերթություն։

Ըստ այդմ, մարտունակ բանակ ունենալու տեսլականը մեր երկրի տնտեսության զարգացման ոչ թե խոչընդոտ, այլ խթան պիտի հանդիսանա։ ..

21-րդ դարի Հայաստանում անհատի դերը շատ ավելի մեծ է

.. Համոզված եմ՝ մեզանից յուրաքանչյուրը հասկանում է, որ ապրում ենք պատմական մի ժամանակաշրջանում։ Այդ պատմականության առանցքային իմաստն այն է, որ հայ ժողովուրդը կրկին իր ձեռքն է վերցրել իր ճակատագրի ղեկը։ Մեր պատմությունը ցույց է տվել, որ սա մեր համազգային հաղթանակների գրավականն է։ Այս բանաձևով են կերտվել մեր ազգային հաղթանակները՝ Արտաշեսյաններից մինչև Հեթումյաններ, Սարդարապատից մինչև Արցախյան ազատամարտ։ Այս բոլոր հաղթանակներում և նվաճումներում անհատի դերը չափազանց մեծ է եղել, բայց թույլ տվեք ասել, որ նոր Հայաստանում՝ 21-րդ դարի Հայաստանում, անհատի դերը շատ ավելի մեծ է։ Հայաստանը, ցավոք, կիլոմետրերով հետ է մնացել զարգացած աշխարհից, որը շարունակում է արագընթաց տեմպերով զարգանալ, ու մեզ հարկավոր է տիեզերական արագություն հավաքել՝ մեզ զարգացած աշխարհից բաժանող այդ տարածությունը հաղթահարելու համար։ ..

Իսկ սա հնարավոր է միայն մի պարագայում, եթե հայկական պետականությունը քաղաքական, տնտեսական առումներով վերածվի արդյունավետ ներառական ինստիտուտի, որի զարգացման գործում հնարավոր լինի իսկապես ներառել համահայկական ողջ տնտեսական, ֆինանսական, ինտելեկտուալ և կազմակերպչական ներուժը։

Ցանցային առաջնորդության գործիքակազմը

.. Նոր Հայաստանում առաջնորդությունը նույնպես պետք է փոխի իր էությունն ու բովանդակությունը այնպես, ինչպես տեղի ունեցավ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական, կամ, որ նույնն է, համահայկական հեղափոխության ընթացքում, երբ հեղափոխության քաղաքական ղեկավարությունն ուրվագծում էր ռազմավարական և մարտավարական նպատակները, իսկ այդ նպատակներն ի կատար էին ածվում ցանցային առաջնորդության գործիքակազմով, երբ … յուրաքանչյուր քաղաքացի՝ տղամարդ, թե կին, տարեց, թե պատանի, ինքն արդեն առաջնորդ էր, և ինքն էր առաջնորդում իր գործողությունները՝ այլոց հետ համագործակցության ոգով և տրամաբանությամբ, հրապարակված նպատակադրումների, ռազմավարության ու մարտավարության շրջանակում։

Նույնը պետք է տեղի ունենա հիմա՝ պետական մակարդակում, և ժողովրդի վստահության քվեն ստացած կառավարությունը պետք է ձևակերպի ռազմավարական նպատակները, սահմանի առաջնահերթությունները, ձևակերպի և հասանելի դարձնի գործիքակազմերը և այդ նպատակների իրագործման առաջնորդությունները պատվիրակի փոքր և միջին ձեռնարկատերերին, ստարտափերին և կրեատիվ թիմերին, խոշոր և ինստիտուցիոնալ ներդրողներին ու նրանց գործունեության համար արդար, հավասար և օրինական դաշտ ստեղծի։

Անհատական շահի հավասարակշռումը հանրային, ազգային և պետական շահին

Մենք պետք է մեր երեխաներին տոգորենք հզոր և զարգացած երկրի քաղաքացի լինելու առաքելությամբ:

.. Հայաստանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր դարձնելը մի համահայկական առաքելություն է, որ պիտի համակի բոլորիս։ Դպրոցական նստարանից մենք պետք է մեր երեխաներին տոգորենք հզոր և զարգացած երկրի քաղաքացի լինելու առաքելությամբ, այնպիսի երկրի քաղաքացի, որտեղ առաջնորդությունն արտոնություն կամ մենաշնորհ չէ, այլ աշխատանքի բաժանում, և մեզնից յուրաքանչյուրը կրթությամբ, ինտելեկտուալ մակարդակով, նվիրվածությամբ ու հմտություններով պետք է կարողանա իրականացնել առաջնորդության իր բաժինը, որտեղ յուրաքանչյուր անհատական շահ հավասարակշռված է հանրային, ազգային և պետական շահի գիտակցությամբ ու համամասնությամբ։..

Հայաստանը իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է:

..  Նոր Հայաստանում ընտանիք և օջախ հասկացությունները պետք է նոր հարաբերություններ ունենան հայրենիքի հետ, հանրության ու պետականության հետ, որտեղ ընտանիքի շահը չպետք է հակադրվի հանրության շահին, որտեղ օջախի շահը չպետք է հակադրվի հայրենիքի շահին, որտեղ օջախն ու հայրենիքը պետք է ոչ թե պարիսպներով ու դարպասներով պարփակված փոքր տարածություններ լինեն, այլ պետական սահմաններով պարփակված պետականություն՝ Սահմանադրությամբ և օրենքներով հարաբերվող ժողովուրդ։

Ուշադրություն՝ Հայաստանը իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է։ Սա պիտի լինի մեզնից յուրաքանչյուրին առաջ մղող կարգախոսը, որտեղ մեզանից յուրաքանչյուրի ընտանիքի շահը ներդաշնակ է հանրության շահի հետ, որտեղ մեզնից յուրաքանչյուրի օջախի շահը ներդաշնակ է հայրենիքի շահի հետ, որտեղ մեզնից յուրաքանչյուրի անհատական արժանապատվությունն ու ազատությունը ներդաշնակ են հանրության արժանապատվության և հայրենիքի ազատության գաղափարների հետ։ 

..  Այսպիսի միասնությամբ տոգորված հայ ժողովուրդն անընկճելի է ու անպարտելի։

ՀՀ ազգային փոքրամասնությունները հայ ժողովրդի մաս

.. Խոսելով հայ ժողովրդի Հայաստանի հիմնադիր և սեփականատեր լինելու մասին՝ որևէ կերպ չեմ նսեմացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող մեր եզդի, քուրդ, ասորի, հույն, ռուս և մյուս եղբայրների ու քույրերի դերը։ Նրանք Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքացիների հետ հավասար հանդիսանում են Հայաստանի ներկայի և ապագայի որոշողը, տերն ու շահառուն։ Լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ նրանք արդեն իսկ անբեկանելի կապով կապված են հայ ժողովրդի հետ, և առնվազն սահմանադրական իմաստով հայ ժողովրդի մաս են։

Եվ ուրեմն կեցցե՜ ազատությունը, կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՜ Արցախը, կեցցե՜ Սփյուռքի հպարտ հայությունը, կեցցե՜նք մենք բոլորս, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ հայրենիքում, ազատ և երջանիկ Հայաստանում։

Մի-ա-ցում, մի-ա-ցում։

Ելույթի տեքստը  վերցված է https://www.primeminister.am կայքից

Հ.գ.

Ապագայի մոդելավորումը, ծրագրավորումը և ուրվագծումը խիստ կարևոր են, անգամ, եթե այդ ապագայի նախագիծն ուտոպիկ է, ապա այդ ուտոպիան ևս կարևոր է, քանի որ ուտոպիան սոցիալական իրականությունն ուղեկցող ամենակարևոր իրողություններից մեկն է: