Վիրտուալ աշխարհի իրական մարտահրավերները

Ինչպիսի՞ անորոշություններ և խնդիրներ է իր հետ բերում թվային աշխարհը, որտե՞ղ են խաչվում կիբեռ տարածության և ֆիզիկական աշխարհի սահմանները, և որո՞նք են այս վիրտուալ տիրույթի դերակատարները: Զրոների և մեկերի վրա հիմնված և մարդկային երևակայության արդյունքում ստեղծված թվային աշխարհը չունի իրական աշխարհին բնորոշ հստակ սահմաններ։ Ժամանակակից աշխարհում կիբեռ տարածության աճող կարևորությունը, որը պայմանավորված է դրա ներթափանցմամբ մարդկային կենսագործունեության ավելի ու ավելի շատ ոլորտներ, դարձնում է այն քննարկումների և տարաձայնությունների առարկա։ Միևնույն ժամանակ կիբեռ տարածության առանձնահատկությունները, ինչպիսիք են ասիմետրիկ բնույթը, վերագրման հետ կապված դժվարությունները, մուտքի հասանելիությունը, իրավական անորոշությունները և դրա դերը որպես բողոքների, կիբեռ հանցագործությունների, լրտեսության և այլ կիբեռ գործողությունների արդյունավետ  միջավայր, դարձնում են այն գրավիչ տիրույթ ինչպես պետությունների, այնպես էլ ոչ պետական դերակատարների համար։

Կիբեռ տարածության դերակատարները

Կիբեռ տարածությունը[1] վերաբերում է վիրտուալ համակարգչային աշխարհին։ Այն էլեկտրոնային միջավայր է, որն օգտագործվում է գլոբալ համակարգչային ցանցի ձևավորման համար՝ առցանց հաղորդակցությունը դյուրացնելու նպատակով։ Համաձայն ՏՏ ոլորտի շատ մասնագետների, որոնց թվում են Ռեդալ Ֆարմերը և Չիպ Մորնինգսթարը, մարդիկ կիբեռ տարածությունը ավելի շատ ընկալում են որպես սոցիալական փոխգործակցության միջավայր, քան զուտ տեխնիկական կատարումը ապահովող տիրույթ։ Կիբեռ տարածության հիմնական առանձնահատկությունը լայն շրջանակի մասնակիցների համար ինտերակտիվ և վիրտուալ միջավայրն է։ Այն հասանելի է գրեթե յուրաքանչյուրին, ով ունի համացանցի հասանելիություն համակարգչի, սմարթֆոնի կամ ցանկացած այլ տիպի  մուլտիմեդիա սարքավորման միջոցով, որը միացված է ցանցին։

Այս տիրույթում զուգահեռաբար գոյություն ունեն բազմաթիվ դերակատարներ, որոնք տարբերվում են իրենց կարիքներով, նպատակներով և մտադրություններով։ Պետությունները, կազմակերպությունները և քաղաքացիները դիտվում են որպես կիբեռ տարածության ավանդական դերակատարներ։ Ջ․ Սիգհոլմը տարբերակում է կիբեռ կոնֆլիկտներում ներգրավված 15 հիմնական ոչ պետական դերակատարների, որոնք տարբերվում են իրենց շարժառիթներով, թիրախներով և գործողությունների մեթոդներով։ Սակայն այս դերերը հստակ սահմաններ չունեն և կարող են փոխվել և համընկնել՝ կախված իրավիճակից։ Ստորև ներկայացված են դրանցից մի քանիսը․

Դերակատար Շարժառիթ Թիրախ Մեթոդ
«Հաքտիվիստներ»

(hacktivists)

Քաղաքական կամ սոցիալական փոփոխություն Որոշում կայացնողներ կամ անմեղ զոհեր Բողոք՝ վեբ կայքի շարքից դուրս բերման կամ DDoS հարձակումների միջոցով
«Սև-գլխարկ» հաքերներ

(Black-hat hackers)

 

Էգո, անձնական թշնամանք, տնտեսական շահ Ցանկացած Վնասակար ծրագրեր, վիրուսներ, խոցելիության շահարկումներ
«Սպիտակ-գլխարկ» հաքերներ

(White-hat hackers)

Իդեալիզմ, ստեղծագործականություն, օրենքի նկատմամբ հարգանք Ցանկացած Թափանցելիության ստուգում, վերականգնում
Հայրենասեր հաքերներ

 

Հայրենասիրություն Սեփական պետության թշնամիներ DDoS հարձակումներ
Կիբեռ ահաբեկիչներ

 

Քաղաքական կամ սոցիալական փոփոխություն Անմեղ զոհեր Համակարգչի վրա հիմնված բռնություն կամ ոչնչացում
 Կազմակերպված կիբեռ հանցագործներ

 

Ֆինանսական շահ Անհատներ, ընկերություններ Վնասակար ծրագրերի օգտագործում խարդախությունների նպատակով, բանկային տվյալների հափշտակում, DDoS հարձակումներ շանտաժի նպատակով
Կիբեռ լրտեսներ

 

Ֆինանսական և քաղաքական շահ Անհատներ, ընկերություններ, կառավարություն-ներ Տեղեկատվություն ստանալու տեխնիկաների շրջանակ

Հաճախ այս դերակատարները գործում են ոչ թե սեփական նախաձեռնությամբ, այլ երրորդ կողմի պատվերով՝ լինի դա պետութուն, թե կազմակերպություն։

Վիրտուալ տիրույթը որպես հակամարտությունների միջավայր

1990-ականների վերջին, երբ համացանցի հասանելիությունն ու օգտագործումը դարձան սովորական երևույթ, ֆիզիկական աշխարհում տեղի ունեցող հակամարտությունները հանգեցրին համապատասխան արձագանքի կիբեռ տարածությունում՝ պետության դեմ ուղղված կիբեռ հարձակումների տեսքով, որոնք առաջին հերթին իրականացվեցին ոչ պետական ​​դերակատարների կողմից: Ազգայնական միտումներ ունեցող հաքերները ուղղեցին իրենց կիբեռ հարձակումները օտարերկրյա պետությունների դեմ՝ սովորաբար որպես աջակցություն իրենց կառավարություններին, ինչը մի քանի անգամ դրսևորվեց Կոսովոյի հակամարտության ժամանակ։ Օրինակ, սերբ հայրենասեր հաքերների խումբը, որը հայտնի է «Սև ձեռք» անունով[2], շարքից հանել էր կոսովո-ալբանական կայքը և հարձակումներ գործել ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի և ՄԲ-ի համակարգիչների վրա։ Նմանատիպ հաքերային խմբեր Չինաստանից հարձակումներ էին գործել ԱՄՆ-ի վեբկայքերի ուղղությամբ, երբ 1999 թվականի մայիսին Բելգրադում օդային հարվածների հետևանքով պատահաբար տուժել էր Չինաստանի դեսպանատունը։

21-րդ դարի տեխնոլոգիական զարգացումներին համահունչ կիբեռ գործողությունները  և կիբեռ հարձակումներն էլ ավելի կատարելագործվեցին՝ թիրախավորելով ինչպես կառավարությունների և կազմակերպությունների, այնպես էլ անհատների։ Որպես օրինակ կարող է ծառայել 2007 թվականին ռուսամետ «հաքտիվիստների» կողմից Էստոնիայի դեմ կիբեռ հարձակումը, որը ժամանակավորապես դադարեցրեց երկրի պետական և մասնավոր հատվածների շատ գործառույթների իրականացումը։ Սակայն Ռուսաստանը ոչ միայն հրաժարվեց որևէ պատասխանատվությունից, այլև չարձագանքեց  իր տարածքից գործող հավանական իրավախախտների նկատմամբ հետաքննություն իրականացնելու և հանձնելու վերաբերյալ էստոնական կողմի պահանջներին։ 2009 թվականին բացահայտվեց, որ «GhostNet» անունով կիբեռ լրտեսության ցանցին հասանելի է եղել մոտ 103 երկրների պետական և մասնավոր կազմակերպությունների գաղտնի տեղեկատվությունը։ Ենթադրվում էր, որ ծրագրային ապահովումը, որն իրականացվում էր Չինաստանի Խայնան կղզում տեղակայված սերվերների միջոցով, եղել է գործիք Չինաստանի կառավարության համար։ Սակայն, քանի որ Չինաստանը պաշտոնապես հերքել է իր առնչությունը «GhostNet»-ի հետ, և չկան որևէ համոզիչ վկայություններ դրա գործողություններում Չինաստանի կառավարության ներգրավվածության վերաբերյալ, պետությունները խուսափում են ուղղակի մեղադրանքներից։ Մեկ այլ օրինակ է Stuxnet համակարգչային որդը, որը բացահայտվեց 2010 թվականին։ Այն վնասել էր գրեթե հազար ցենտրիֆուգա Իրանի միջուկային օբյեկտում և մի շարք կիբեռ փորձագետների կողմից վերագրվեց ԱՄՆ-ին և Իսրայելին։ Չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի ներգրավվածությանն ուղղված բազմաթիվ մեղադրանքներին՝ կողմերից ոչ մեկը պաշտոնապես չի ընդունել իր պատասխանատվությունը միջադեպի հետ կապված։ 2012 թվականին «Շամուն» վիրուսը վնասեց մոտ 30.000 համակարգիչ ՍԱ-ի Armaco-ում և հայտարարվեց որպես «Արդարության կտրող սուր» (Cutting Sword of Justice): 2013 թվականին «Սիրիական Էլեկտրոնային բանակի» կողմից կիբեռհարձակումը հանգեցրեց Նյու Յորք Թայմսի կիբեռ անջատումը:

Այս կիբեռ իրադարձություններից յուրաքանչյուրը և մյուսների բազմությունը, որոնք տեղի են ունեցել և շարունակում են պատահել, առաջացնում են կարևոր խնդիրներ՝ կապված կիբեռ պատահարներում պետության դերի և պատասխանատվության հետ։ Արդյո՞ք պետությունները իրականացնում են իրենց տարածքում գտնվող ֆիզիկական ենթակառուցվածքների (պետությունների տարածքներում ֆիզիկապես տեղակայված սերվերներ և մալուխներ) նկատմամբ ինքնիշխան վերահսկողություն, և եթե ​​այդպես է,  ապա արդյո՞ք պետությունները պատասխանատվություն են կրում դրանց միջոցով իրականացվող կիբեռ գործողությունների համար:

Պետության ինքնիշխանությունը կիբեռ տարածությունում․ կիբեռ ինքիշխանություն

Պետության ինքնիշխանության դերը կիբեռ տարածությունում լայնորեն քննարկվում է գիտական գրականության շրջանակներում, ինչն էլ հանգեցրել է «կիբեռ ինքնիշխանություն» եզրույթի տարածմանը, որը, սակայն, մինչև օրս հետևողականորեն չի սահմանվել։ Եթե կիբեռ ինքնիշխանությունը ընդհանուր առմամբ աղոտ հասկացություն է, որը հաճախ օգտագործվում է կիբեռ տարածությունում՝ կապված պետության դերի և անկախության հետ, ապա ինքնիշխանությունը ինքնին հստակորեն սահմանված հասկացություն է միջազգային իրավունքում։ Այն սկիզբ է առնում 1648 թվականին Վեստֆալյան խաղաղության պայմանագրով, որով պետությունը դիտարկվում է որպես իր տարածքների և ներքին գործերի նկատմամբ ինքնիշխանությամբ օժտված ինստիտուտ, որում այլ պետություններ չպետք է միջամտեն։ Այնուամենայնիվ կիբեռ տարածության անդրսահմանային բնույթը կասկածի տակ է դնում պետության ինքիշխանությունը և առաջ է քաշում հարց․ կարելի՞ է արդյոք և ինչպե՞ս կարող է միջազգային իրավունքի այս սկզբունքը կիրառվել կիբեռ տարածությունում։

2013 թվականին  ՄԱԿ-ի փորձագետների կառավարական խումբը (UNGGE) եկավ այն եզրակացության, որ միջազգային իրավունքը, ներառյալ պետական ինքնիշխանությունը, կիրառելի է  կիբեռ տարածությունում։ Սա ենթադրում է, որ զինված հակամարտությունների մասին օրենքը կիրառելի է կիբեռ տարածությունում, ինչպես նաև ինքնիշխանության սկզբունքի հետ կապված բոլոր իրավունքներն ու պարտականությունները։ UNGGE-ի փաստարկը հիմնվում է այն հանգամանքի վրա, որ կիբեռ տարածությունը գոյություն չունի առանց ֆիզիկական ենթակառուցվածքների, իսկ այդ ենթակառուցվածքները ենթակա են պետությունների ազգային իրավասություններին։ Սակայն այս որոշումը չի վերացնում կիբեռ տարածության իրավական կարգավորումների խնդիրը։ Մի կողմից կիբեռ տարածությունը կախված է տարածքային սկզբունքների ներքո գտնվող ֆիզիկական ենթակառուցվածքներից, մյուս կողմից՝ կիբեռ գործունեությունը չի կարող սահմանափակված լինել երկրի ներսում կամ կապված լինել տարածքի հետ՝ կիբեռ տարածության փոխկապակցվածության պատճառով։

Կիբեռ ինքնիշխանության նկատմամբ հետաքրքրությունը և ակադեմիական քննարկումները մեծացան հատկապես Սնոուդենի կողմից արված բացահայտումներից հետո։ Այնուամենայնիվ, 2017 թվականի դրությամբ անգլերենով հասանելի կիբեռ անվտանգության և կիբեռ պաշտպանության մասին 69 երկրների ազգային ռազմավարությունների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ փաստաթղթերից միայն 15-ն[3] են պարունակում «ինքնիշխանություն» եզրույթը, և միայն Կանադան է օգտագործում «կիբեռ ինքնիշխանություն» եզրույթը։

Կիբեռ ինքնիշխանության վերաբերյալ հակասությունները

Չնայած փոխզիջումների որոշակի մակարդակ ձեռք է բերվել տեղեկատվական անվտանգության ՄԱԿ-ի փորձագետների կառավարական  խմբի կողմից, սակայն խորը հակասությունները և տարաձայնությունները շարունակում են բաժանել միջազգային հանրությունը մասնավորապես երեք հարցերի շուրջ։ Առաջինը կիբեռ ինքնիշխանության և «համացանցի ոգու» միջև հակասություններն են։ Դասական պետական ինքնիշխանության բացառիկությունը հակասում է համացանցի ոգուն, որը հիմնված է անսահմանափակ փոխկապակցվածության հայեցակարգի վրա։ Եթե շեշտադրումը կատարվում է կիբեռ ինքնիշխանության վրա, ապա դա կարող է հանգեցնել նրան, որ յուրաքանչյուր երկիր կստեղծի իր սեփական կիբեռ տարածությունը, որը իր հերթին կհանգեցնի համացանցի հատվածավորմանը։ Երկրորդը կիբեռ ինքնիշխանության և մարդու իրավունքների միջև հակասությունն է, որը կարող է դրսևորվել համացանցում խոսքի ազատության, ինչպես նաև տեղեկատվության ազատ հոսքի սահամանափակումներով։ Վերջապես երրորդը՝ հակասություն կիբեռ ինքնիշխանության և համացանցի կառվարման միջև բազմաթիվ շահագրգիռ կողմերի ներգրավվածության վերաբերյալ։ Կա տեսակետ, որ կիբեռ ինքնիշխանությունը կհանգեցնի հակասությունների՝ կապված ինտերնետի կառավարման մոդելի հետ, այսինքն՝ ինքնիշխան պետական կառավարումը մարտահրավեր կնետի գոյություն ունեցող բազմակողմ կառավարման մոդելին։ Այս հակասությունները դրսևորվեցին նաև 2012 թվականի դեկտեմբերին Միջազգային հեռահաղորդակցման միության համաշխարհային վեհաժողովի շրջանակներում՝ նվիրված միջազգային հեռահաղորդակցմանը։ Մի կողմից Միացյալ Նահանգները և բիզնես հատվածը պնդում էին համացանցի ոչ պետական կառավարման մոդելի օգտին բիզնես հատվածի ուժեղ մասնակցությամբ, մյուս կողմից` ՌԴ-ը, Չինաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը և մի շարք զարգացող երկրներ պնդում էին, որ համացանցը պետք է կառավարվի միջազգային մակարդակում միջկառավարական կազմակերպության կողմից, ինչպիսին է Հեռահաղորդակցության միջազգային միությունը (ITU

Կիբեռ տարածության խնդիրները․ ուժի կիրառում, վերագրում, կիբեռ պատերազմ

Միջազգային իրավունքի մյուս կողմը, որը եղել է լայն քննարկումների առարկա, վերաբերում է կիբեռ տարածքում ուժի կիրառման սահմանմանը և դրա հնարավոր հետևանքներին: Այս կոնկրետ խնդիր է այն մասին, թե ինչպես կիբեռ հարձակումը կարող է որակվել որպես ուժի կիրառում և, հետևաբար, համարվում է արդյոք մեկ այլ պետության ինքնիշխանության խախտում: Կիբեռ հարձակումը որպես ուժի կիրառում կամ ագրեսիայի գործողություն որակելը կարող է հանգեցնել զոհ պետության ինքնապաշտպանության իրավունքին, որը համարվում է պատերազմի համար լեգիտիմ պատճառ։ Ենթադրվում էր, որ գործնականում պետությունները կարող են դիտարկել կիբեռ հարձակումները որպես պատերազմի գործողություններ, և կարծես թե կա համաձայնություն, որ կիբեռ հարձակումը, որն ուղղված է երկրի կրիտիկական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներին,  կարող է վնաս հասցնել և վերագրվել պետական կազմավորումներին, ինչն էլ ենթադրում է զինված հակամարտությունների մասին օրենքի խախտում։ Թեև միչև օրս գրեթե չի գրանցվել այնպիսի դեպք, որ կիբեռ գործողությունները կամ կիբեռ հարձակումները հանգեցնեն  ֆիզիկական վնասվածքների կամ գույքի երկարատև ոչնչացման, սակայն ժամանակակից աշխարհի կիբեռ կախվածությունը ավելի հավանական է դարձնում ապագայի սցենարներում  կիբեռ հարձակումների ոչնչացնող բնույթը։

Բացի կիբեռ հարձակումը որպես ուժի կիրառում սահմանելու շուրջ անորոշություններից՝ կիբեռ տարածությունում կարևորագույն խնդիրներից է նաև կիբեռ գործողությունների վերագրման հարցը։ Վերագրումը կարող է լինել ինչպես տեխնիկական գործողություն, որը հիմնված է տեխնիկական և անուղղակի ապացույցների վրա, այնպես էլ քաղաքական գործողություն, երբ պետության ներկայացուցիչները պաշտոնապես և հանրայնորեն վերագրում են հարձակումը։ Կիբեռ հարձակումները չեն կարող վերագրվել ակնհայտ հանցագործին 100% վստահությամբ։ Ուստի միշտ կա հավանականություն, որ մեղադրվող կողմը կարող է փաստացի չլինել իրական հարձակվողը։ Վերագրման հետ կապված անորոշությունները և բարդությունները հանգեցնում են նրան, որ հաճախ պետությունները չեն ընդունում իրենց տարածքից ծագող կիբեռ գործողությունների նկատմամբ պատասխանատվությունը՝ ինչպես տեսանք վերը նշված օրինակներում, իսկ պատասխանատվությունը անհրաժեշտ նախապայման է պետության համար, որպեսզի կարողանա հղում կատարել ինքնապաշտպանության իրավունքին։

Այս հարցն էլ ավելի է բարդանում ոչ պետական դերակատարների կիբեռ գործողություններով։ Այս դերակատարները էլ ավելի մեծ անորոշություններ են բերում վերագրման հարցում, քանի որ պետությունները կարող են վարձել, հովանավորել կամ սովորեցնել նման դերակատարների՝ այլ պետության վրա կիբեռ հարձակում գործելու նպատակով՝ մեկ այլ պետության տարածքից։ Կիբեռ տարածության մեկ այլ խնդիր է այն, թե տուժած երկրները ինչպես կարող են արձագանքել մեկ այլ պետության տարածքում գտնվող ոչ պետական դերակատարներին: Այս խնդիրը կապված է կիբեռ տարածության ոչ պետական դերակատարների նկատմամբ պետական պատասխանատվության և պետական վերահսկողության հարցի հետ։ Հաճախ համապատասխան արձագանքը լինում է հարձակման ենթակա պետության ներսում գտնվող ոչ պետական դերակատարների կողմից։

Հաջորդ խնդիրը վերաբերում է կիբեռ պատերազմների սահմանմանը։ Գրականության մեջ կիբեռ պատերազմների վերաբերյալ տարաձայնությունները վերաբերում են այն հարցին՝ արդյոք կիբեռ հարձակումները համապատասխանում են դասական պատերազմի կոնցեպտին, որը սահմանում է Կլաուզևիցը, թե ոչ։ Այն ներառում է պատերազմի հիմնական բաղկացուցիչները՝ բռնությունը, գործիքակազմը, որը ներառում է միջոցները (ֆիզիկական բռնություն կամ ուժի սպառնալիք) և նպատակը (թշնամու ոչնչացում, հաղթողի կամքի պարտադրում), պատերազմի քաղաքական բնույթը։ Գրականության մեջ, սակայն, կիբեռ հարձակումները հաճախ դիտարկվում են որպես քաղաքական հանցագործություններ (սաբոտաժ, լրտեսություն, քայքայիչ գործողություններ), այլ ոչ թե պատերազմներ։ Միևնույն ժամանակ դրանք կարող են կիրառվել ինչպես սովորական պատերազմի ժամանակ՝ որպես պատերազմի օժանդակ մաս, այնպես էլ առանձին, ուստի հարց է առաջանում․ արդյո՞ք առանձին կիրառվելու դեպքում կիբեռ հարձակումները համարվում են կիբեռ պատերազմ, թե ոչ։ Ներկայումս գոյություն չունի կիբեռ պատերազմի որևէ իրավական սահմանում կամ համաձայնություն, թե ինչ է իրենից ներկայացնում կիբեռ տարածությունում պատերազմը կամ պատերազմի գործողությունը, և միջազգային իրավունքում առկա այս անորոշությունները նոր պատուհան են բացում կիբեռ տարածությունում գործող դերակատարների համար։

Այնուամենայնիվ, կիբեռ պատերազմի գաղափարը աստիճանաբար ավելի արդիական է դառնում, և շատ պետություններ ունեն իրենց կիբեռ անվտանգության ազգային ռազմավարությունները, որոնք դիտարկում են կիբեռ պատերազմի սցենարներ, իսկ կիբեռ տարածությունում ռազմական գործողությունների կարողությունների արագ զարգացումը դիտարկում են որպես զինված ուժերի և հետախուզական ծառայությունների գլխավոր առաջնահերթություններից մեկը։ Այս միտումը հանգեցրել է նրան, որ կիբեռ տարածությունը զինված ուժերում դիտարկվում է որպես պատերազմի տիրույթ՝ ցամաքի, ջրի և օդի կողքին։  2013 թվականի սկզբին ԱՄՆ-ը հավանություն տվեց իր Կիբեռ հրամանատարության լայնածավալ ընդարձակման ծրագրին՝ հասցնելով այն 5000-ի։ Նմանատիպ կիբեռ մոբիլիզացիայի միտումներ կարելի է տեսնել շատ երկրներում։ Եթե զարգացած երկրները կարող են զգալ պաշտպանական ներուժի կարիք՝ պաշտպանելով խոցելի թվային ռեսուրսները, ինչպիսիք են ղեկավարման և կառավարման համակարգերը, ապա զարգացող երկրների համար կիբեռ գործողությունները կարող են դիտվել որպես գրավիչ այլընտրանքային միջոց՝ հարաբերականորեն ոչ թանկ և քաղաքականապես ոչ այնքան ռիսկային թշնամու դեմ «պատերազմ» վարելու համար, որն ունի կինետիկ գերազանցություն մարտի դաշտում։

Հայաստանը, լինելով կիբեռ տիրույթի մի մասնիկը, անմասն չի մնում կիբեռ տարածությունում ընթացող գործընթացներից և, հետևաբար, մարտահրավերներից։ Գլխավոր կիբեռ վտանգների շարքում առանձնանում են ինչպես միջազգային բնույթի կիբեռ վտանգները (օրինակ` Անոնիմուս համայնքին պատկանող խմբավորումների կողմից հարձակումները), այնպես էլ պետական կազմավորումների, մասնավորապես՝ Ադրբեջանի (մասամբ նաև Թուրքիայի) կողմից կիբեռ հարձակումների վտանգները, ինչպես նաև ոչ պետական դերակատարների կողմից հնարավոր հարձակումները։ Խոցելիության տեսանկյունից առանձնանում են հատկապես ոչ պետական հատվածի ցանցային հանգույցները։ Հաշվի առնելով կիբեռ տարածության արագընթաց աճը՝ Հայաստանի համար կիբեռ պաշտպանության ներուժի զարգացումը, ինչպես նաև կիբեռհարձակումներին համարժեք պատասխանելու կարողությունը դառնում է կենսական կարևորության հարց։ Այս խնդիրը պահանջում է, որպեսզի պետությունը պարբերաբար թարմացնի կիբեռ անվտանգության հայեցակարգը, շարունակաբար զարգացնի համապատասխան ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածությունն ու մասնագիտական հմտությունները, ապահովի հանրային իրազեկում կիբեռ անվտանգության սպառնալիքների վերաբերյալ, ներդնի ոլորտի վերաբերյալ կրթական ծրագրեր, ինչպես նաև ուսումնասիրի և տեղայնացնի կիբեռ անվտանգության ոլորտում միջազգային առաջատար փորձը։

Հղումներ

[1] Կիբեռ տարածություն եզրույթը սկզբնապես ներկայացվել է Ուիլիամ Գիբսոնի կողմից 1984 թվականին՝  իր «Նեյրոմանտ» (Neuromancer) գիտաֆանտաստիկ գրքում։

[2] Սերբական ռազմական միություն՝ ձևավորված 1901 թվականին, որի գործունեության հետ է կապվում Առաջին Համաշխարհային պատերազմի սկիզբը

[3] Ինքնիշխանություն եզրույթը տեսանելի է Կանադայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Հունգարիայի, Պորտուգալիայի, Ավստրալիայի, Միացյալ Թագավորության, Սաուդյան Արաբիայի, Ռուսաստանի, Չիլիի, Կոլումբիայի, Գանայի, Ճապոնիայի, Նիգերիայի կիբեռ անվտանգության ռազմավարություններում։

Գրականություն

  1. Սամվել Մարտիրոսյան, Հայաստանի կիբեռանվտանգության խնդիրների մասին, 21-րդ ԴԱՐ, թիվ 4 (62), 2015 https://cyberleninka.ru/article/v/about-problems-in-armenia-s-cybersecurity
  2. Eric Talbot Jensen, “Cyber Sovereignty: The Way Ahead”, 2014
  3. Forrest Hare, “Borders in Cyberspace: Can Sovereignty Adapt to the Challenges of Cyber Security?”, George Mason University, 2009
  4. Hao Yeli, A Three perspective Theory of Cyber Sovereignty, 2017 https://www.jstor.org/stable/26470523#metadata_info_tab_contents
  5. Johan Sigholm, “Non-State Actors in Cyberspace Operations”, 2016
  6. John Stone, “Cyber War Will Take Place”,  Journal of Strategic Studies, 36:1, 2013
  7. Kenneth Geers, “Cyberspace and the Changing Nature of Warfare”, Tallinn, 2018 https://ccdcoe.org/uploads/2018/10/Geers2008_CyberspaceAndTheChangingNatureOfWarfare.pdf
  8. Thomas Rid, “Cyber War Will Not Take Place, Journal of Strategic Studies”, 35:1, 2012
  9. Trend Analysis: Cyber Sovereignty and Data Sovereignty, Center for Security Studies (CSS), ETH Zürich, 2018 http://www.css.ethz.ch/content/dam/ethz/special-interest/gess/cis/center-for-securities-studies/pdfs/20180907_MB_TA_Cyber%20sovereignty_V2_rev.pdf

Հեղինակ` Տաթև Ղազարյան (Tatev Ghazaryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: