Թրամփը փորձում է օգտվել Իրանի հետ լարվածությունից 2020 թ․-ի ընտրությունների համար

Բնօրինակի հեղինակ՝ David Barsamian, Truthout

[Նոամ Չոմսկու հարցազրույցը ամերիկյան Alternative Radio-ի հիմնադիր և տնօրեն,  լրագրող Դավիթ Բարսամյանին՝ ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունների շուրջ]

«Իրանական զանգվածային ոչնչացման զենքի հետ կապված ցանկացած մտահոգություն կարող է մեղմվել  Միջին Արևելքում զանգվածային ոչնչացման զենքից (WMD) ազատ  գոտի ստեղծելու Իրանի կոչին անսալու միջոցով», ” ասում է լեգենդար հասարակական մտավորական Նոամ Չոմսկին: ” Բայց դա չի խանգարում ԱՄՆ-ի վարչակազմին պատմություններ հորինել Իրանի մասին՝ սպառնալով նվաճել աշխարհը, լարվածությունը սրելով և դրանով ամրապնդելով Թրամփի իշխանությունը՝ անցնելով 2020 թվականի ընտրություններին:

Ռադիոյով հեռարձակված այս բացառիկ զրույցում MIT-ի փայլուն պրոֆեսոր և լեզվաբան Նոամ Չոմսկին, որը Շեքսպիրի և Մարքսի հետ դասվում է պատմության մեջ 8-րդը ամենահայտնի մարդկանց շարքում, քննարկում է Իրանի ռազմական զսպման ռազմավարությունը և ԱՄՆ-ի առաջնորդների կողմից արված գործողությունները, որոնք չեն պատկերացնում այն, ինչ Պետդեպարտամենտը բնութագրում է որպես Իրանի «հաջող դիմադրություն»:

Դավիթ Բարսամյան․ Եկեք խոսենք Իրանի մասին՝ մասնավորապես հիմնվելով 1945թ․-ի ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա։ Վաշինգտոնը մշակում էր Մեծ տարածաշրջանի իր ռազմավարությունը, իսկ Իրանը հսկայական նշանակություն ուներ իր նավթային հարստության շնորհիվ։

Նոամ Չոմսկի․ Նավթային հարստության և ռազմավարական դիրքի։ Մեծ տարածաշրջանի ռազմավարության նախագծում  ինքնըստինքյան ենթադրվում էր, որ ԱՄՆ-ն պետք է գերիշխեր Մերձավոր Արևելքում․ այն, ինչ Էյզենհաուերը անվանել է «աշխարհի ռազմավարական նշանակություն ունեցող մաս»։ 

Մեծ ռազմավարության և պատերազմի վաղ փուլի հիմնական գաղափարը, որ ԱՄՆ-ն պետք է հանձնառներ, անվանվում էր Մեծ տարածաշրջան և ներառում էր արևմտյան կիսագունդը, Բրիտանիայի նախկին կայսրությունը և Հեռավոր Արևելքը: Նրանք այդ ժամանակ ենթադրում էին, որ Գերմանիան, հավանաբար, հաղթելու էր պատերազմը։ Պետք է լինեին 2 հիմնական տերություններ, մեկը Գերմանիան՝ հիմնված Եվրասիայի մեծ մասի վրա, իսկ մյուսը՝ ԱՄՆ-ն՝ այս մեծ տարածաշրջանով։ Սակայն Ստալինգրադի ճակատամարտից, ապա նաև Կուրսկի մեծ տանկային ճակատամարտից հետո, երբ պարզ դարձավ, որ Ռուսաստանը հաղթելու է Գերմանիային, այդ ծրագիրը փոփոխվեց։ Այժմ գաղափարն այն էր, որ Մեծ տարածաշրջանը ներառեր Եվրասիայի հնարավորինս  մեծ մասը՝ իհարկե պահպանելով վերահսկողությունը Մերձավոր Արևելքի նավթային պաշարների նկատմամբ ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Իրանի շուրջ բախում սկսվեց։ Ռուսները աջակցում էին հյուսիսում անջատողական շարժմանը: Բրիտանացիները ցանկանում էին պահպանել վերահսկողությունը: Ռուսներն, ըստ էության, դուրս մղվեցին։ Իրանը բրիտանական վերահսկողության տակ գտնվող հաճախորդ  պետություն (client state) էր: Այնուամենայնիվ, կար ազգայնական շարժում, և Իրանի առաջնորդ Մոհամմադ Մոսադեղը առաջնորդեց շարժումը՝ փորձելով ազգայնացնել իրանական նավթը:

Բրիտանացիներն, ակնհայտորեն, դա չէին ցանկանում։ Նրանք փորձեցին դադարեցնել այս շարժումը, բայց հետպատերազմյան ծանր շրջանում գտնվելու պատճառով չէին կարող դա անել: Նրանք դիմեցին ԱՄՆ-ի օգնությանը, ինչը, ըստ էության, առաջնային դեր ունեցավ ռազմական հեղաշրջում իրականացնելու գործում։ Այն հեռացրեց պառլամենտական ռեժիմը և հաստատեց Շահի իշխանությունը։ Մինչ Շահի իշխանության գալը Իրանը մնաց Մերձավոր Արևելքի վերահսկման հենասյուներից մեկը։ Շահը սերտ հարաբերություններ ուներ Իսրայելի՝ վերահսկողության երկրորդ կարևոր պետության հետ։ Այդ հարաբերությունները պաշտոնական չէին, քանի որ տեսականորեն իսլամական պետությունները դեմ էին իսրայելական օկուպացիային, սակայն հարաբերությունները չափազանց մոտ էին։ Դրանք մանրամասնորեն բացահայտվեցին Շահի գահընկեցումից  հետո: ԱՄՆ վերահսկողության երրորդ կարևոր պետությունը Սաուդյան Արաբիան էր, ուստի ԱՄՆ-ի հովանու ներքո Իրանի և Իսրայելի միջև գոյություն ուներ մի տեսակ լռելյայն դաշինք, և առավել լռելյայն դաշինք՝ Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև: 1979-ին Շահը տապալվեց։ ԱՄՆ-ն սկզբում փորձում էր իրականացնել ռազմական հեղաշրջում, որը կվերականգներ Շահի ռեժիմը: Սակայն դա իրականություն չդարձավ։ Հետո պատանդներին առնչվող ճգնաժամային իրավիճակները երևան եկան։ Կարճ ժամանակ անց Սադդամ Հուսեյնի օրոք Իրաքը ներխուժեց Իրան: ԱՄՆ-ը հաստատուն կերպով աջակցում էր իրաքյան ներխուժմանը և անգամ միջամտում էր Պարսից ծոցում իրաքյան առևտրական նավերի փոխադրումն իրականացնելուն։ ԱՄՆ հրթիռային հածանավն առևտրային օդային տարածքում խոցեց իրանական քաղաքացիական ինքնաթիռ` խլելով 290 մարդու կյանք: Վերջապես, ԱՄՆ-ի միջամտությունը համոզեց իրանցիներին համաձայնել եթե ոչ կապիտուլյացիայի, ապա գոնե ձեռք բերել համաձայնության այնպիսի պայմաններով, քան նրանք հույս ունեին իրաքյան ագրեսիայից հետո: Դա արյունարբու պատերազմ էր։ Սադդամը քիմիական զենք էր օգտագործում։ ԱՄՆ-ն ձևացնում էր, որ չգիտի այդ մասին՝ իրականում փորձելով դրանում Իրանին մեղադրել։ Բայց, ի վերջո, կնքվեց խաղաղության պայմանագիր:

ԱՄՆ-ն միանգամից դիմեց Իրանի դեմ պատժամիջոցների և լուրջ սպառնալիքների: Պետության ղեկավարն այդ ժամանակ Բուշն էր (Բուշ ավագը): Նրա ղեկավարությունը նույնիսկ ԱՄՆ հրավիրեց իրաքյան միջուկային զենքի ինժեներներին՝ դրանց արտադրության առաջադեմ դասընթացներ անցկացնելու համար, ինչը, բնականաբար, լուրջ սպառնալիք էր Իրանի համար:

[Իրանի] ռազմական դոկտրինն ըստ էության պաշտպանական է՝ նախատեսված կանխելու որևէ ներխուժում մինչև դիվանագիտական ջանքերի գործադրումը:

Մի քիչ հեգնական էր, որ երբ Իրանը 1970-ականներին Շահի օրոք հավատարիմ պետություն էր, Շահն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները շատ պարզ հասկացրին, որ աշխատում են միջուկային զենքի մշակման ուղղությամբ: Այդ ժամանակ Քիսինջերը, Ռամսֆելդը և Չեյնին ճնշում էին գործադրում ամերիկյան համալսարանների, հիմնականում՝ MIT-ի վրա, որպեսզի իրանական միջուկային զենքի ինժեներներին ԱՄՆ բերեն՝ միջուկային զենքի դասընթացներ անցկացնելու համար, թեպետ նրանք շատ լավ գիտեին, որ նրանք արդեն մշակում են միջուկային զենք: Իրականում Քիսինջերին ավելի ուշ հարցրին, թե ինչու է հաջորդող տարիների ընթացքում փոխել իր վերաբերմունքը իրանական միջուկային զենքի զարգացման վերաբերյալ, երբ, իհարկե, դա արդեն մեծ խնդիր էր։ Նա պատասխանեց, որ շատ պարզ․ այդ ժամանակ նրանք դաշնակից էին:

Իրանի դեմ պատժամիջոցներն ավելի ու ավելի խստացան։ Բանակցություններ եղան Իրանի միջուկային ծրագրերի հետ աշխատելու  վերաբերյալ: Համաձայն ԱՄՆ հետախուզության՝ 2003 թվականից հետո ոչ մի ապացույց չկար, որ Իրանը միջուկային զենքի ծրագրեր ուներ, բայց, հավանաբար, նրանք մշակում էին այն, ինչը կոչվում էր միջուկային կարողություն, որը շատ երկրներ ունեին, այսինքն՝ միջուկային զենք արտադրելու հնարավորություն, եթե դրա կարիքը կա: Քանի որ Իրանն արագորեն ավելացնում էր իր հնարավորությունները,  ցենտրիֆուգների քանակը և այլն, 2015թ․-ին Օբաման վերջապես համաձայնվեց Իրանի հետ միջուկային զենքի համաձայնագիր կնքելուն։

Այդ ժամանակից ի վեր, համաձայն ԱՄՆ հետախուզության, Իրանն ամբողջությամբ արդարացնում էր իրեն:  Իրանական որևէ խախտման մասին որևէ ապացույց չկար: Թրամփի վարչակազմը սկսեց կտրուկ պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ: Այժմ կա մի նոր պատճառ. դա միջուկային զենքը չէ, այլ այն, որ Իրանը փորձում է միջամտել տարածաշրջանի գործերին:

Ի տարբերություն ԱՄՆ-ի

Կամ մեկ այլ երկրի։ Փաստորեն նրանք ասում են, որ Իրանը փորձում է հարձակվել, որպեսզի ընդլայնի իր ազդեցությունը տարածաշրջանում: Այն Իսրայելի, մեր և այլ երկրների նման պետք է դառնա այն երկիրը, ինչ պետքարտուղար Փոմփեոն անվանել է «նորմալ երկիր», և երբեք չպետք է փորձի ընդարձակել իր ազդեցությունը: Ըստ էության՝ դա անվանում են պարզապես կապիտուլյացիա։ Փոմփեոն մասնավորապես ասել է, որ ԱՄՆ պատժամիջոցները նախատեսված են իրանական նավթի արտահանումը զրոյացնելու համար: ԱՄՆ-ը արտատարածքային ազդեցություն ունի․ այն ստիպում է այլ երկրներին ընդունել ԱՄՆ պատժամիջոցները՝ այն սպառնալիքով, որ դրանք կվտարվեն ԱՄՆ-ի շուկաներից, հատկապես՝ ֆինանսական շուկաներից։ Այսպիսով, ԱՄՆ-ը՝ որպես աշխարհի առաջատար խարդախ պետություն, իր ուժի շնորհիվ միակողմանի որոշումներ է պարտադրում մյուս երկրներին: Բոլթոնը, ինչպես ինքն է ասել, պարզապես ցանկանում է ռմբակոծել դրանք:

Իմ ենթադրությունն այն է, որ այդ առճակատումներն այս պահին երկու պատճառ ունեն. մեկը՝ փորձել Իրանին դուրս հանել քաղաքական հավասարակշռությունից և ահաբեկել, ինչպես նաև ահաբեկել մյուս երկրներին, որպեսզի նրանք նույնպես չփորձեն միջամտել ԱՄՆ պատժամիջոցներին․ բայց ես կարծում եմ, որ դա հիմնականում ներքին խնդիր է: Թրամփի ռազմագետները հստակ մտածում են, որ 2020թ.-ի ընտրություններին մոտենալու լավագույն միջոցը ամենուրեք սպառնալիքների տարածումն է. Կենտրոնական Ամերիկայի ներգաղթյալները եկել են ցեղասպանություն գործելու սպիտակամորթ ամերիկացիների դեմ, Իրանը պատրաստվում է նվաճել աշխարհը, Չինաստանն անում է այս կամ այն գործողությունները: Բայց մեր փրկությունը կլինի նարնջագույն մազերով մեր համարձակ առաջնորդի շնորհիվ, այն մարդու, որը ի վիճակի է մեզ պաշտպանել բոլոր այս սարսափելի սպառնալիքներից, ոչ թե «քնկոտ» Ջոյի, «խենթ» Բեռնիի կամ այն կանանց, որոնք «չեն իմանա՝ ինչպես կատարել որևէ գործողություն»: Դա ընտրություններին գնալու  լավագույն տարբերակն է: Դա նշանակում է պահպանել լարվածությունը, բայց պատերազմելու մտադրություն չունենալ։

Դժբախտաբար դա ինքնին բավական վատ է: Մենք Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու բացարձակ զրոյական իրավունք ունենք: Բոլոր քննարկումների արդյունքում ապացուցվել է, որ սա ինչ-որ կերպ օրինական է: Դրա համար բացարձակ որևէ հիմք չկա: Բայց նաև լարվածությունը կարող է հեշտությամբ հօդս ցնդել: Ամեն ինչ կարող է տեղի ունենալ։ Պարսից ծոցում ամերիկյան նավը կարող է հարվածել ականին, և հրամանատարներից ոմանք կարող են ասել. «Լավ, եկեք պատասխանենք իրանական սարքավորումների դեմ», իսկ հետո իրանական նավը կարող է հրթիռ արձակել: Շատ շուտով դուք կսկսեք փախչել, քանի որ դա կարող էր պայթել:

Մինչդեռ հետևանքները սարսափելի կլինեն ամենուր, իսկ ամենավատը՝ Եմենում, որտեղ Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի մեծ աջակցությամբ (զենք, հետախուզություն) ԱՄԷ-ի իր դաժան դաշնակցի հետ իրականացնում է այն, ինչ ՄԱԿ-ը նկարագրել է որպես «աշխարհում ամենածանր մարդասիրական ճգնաժամ»: Դա բավականին պարզ է, իրականում այդքան էլ վիճելի չէ կատարվելիքը: Եթե Իրանի հետ առճակատում լինի, առաջին զոհը կլինի Լիբանանը: Հենց որ պատերազմի սպառնալիք լինի, Իսրայելը, անշուշտ, անկարող կլինի դիմակայել Հեզբոլլահի հրթիռների վտանգին, որոնք, հավանաբար, ցրված են ամբողջ Լիբանանում մինչ այժմ: Այնպես որ՝ շատ հավանական է, որ Իրանի հետ անմիջական բախումից առաջ առաջին քայլը լինի Լիբանանը էապես ոչնչացնելը կամ նմատատիպ որևէ բան:

2019թ․ հուլիսի 16-ին Վաշինգտոնում Սպիտակ տանը կառավարության նիստի ժամանակ նախագահ Թրամփը բանակցություններ է վարել պետքարտուղար Մայք Փոմփեոի հետ։
2019թ․ հուլիսի 16-ին Վաշինգտոնում Սպիտակ տանը կառավարության նիստի ժամանակ նախագահ Թրամփը բանակցություններ է վարել պետքարտուղար Մայք Փոմփեոի հետ։

Եվ Լիբանանի այդ հրթիռները Իրանից են:

Այո, դրանք Իրանում են ստեղծվել։

Այսպիսով, ո՞րն է Իրանի ռազմավարությունը տարածաշրջանում: Դուք լսել եք այս տերմինը՝ «Շիա (շիիթական) աղեղը»՝ Իրաքում, Բահրեյնում, Լիբանանում և Սիրիայում գտնվող շիաների բնակչությունը:

Շիաների աղեղը հորդանանական խառնուրդ է: Իհարկե, Իրանը, ինչպես յուրաքանչյուր այլ ուժ, փորձում է ընդլայնել իր ազդեցությունը: Նա դա անում է շիաների տարածքներում: Դա շիական պետություն է։ Լիբանանում մենք չունենք բնակչության մանրամասն տվյալներ, քանի որ նրանք չեն կարող մարդահամար անցկացնել։ Դա կոչնչացներ այն փխրուն հարաբերությունները, որոնք առկա են աղանդավորական համակարգում։ Բայց միանգամայն պարզ է, որ շիա բնակչությունը աղանդավորական խմբավորումներից ամենամեծն է։

Նրանք ունեն քաղաքական ներկայացուցիչ՝ Հեզբոլլահը, որը խորհրդարանում է: Հեզբոլլահը զարգացավ որպես պարտիզանական ուժ: Իսրայելը իշխում էր հարավային Լիբանանը 1982թ. ներխուժումից հետո: Սա խախտում էր ՄԱԿ-ի որոշումները, բայց նրանք բավականին շատ մնացին այնտեղ վարձկան բանակի շնորհիվ։ Հեզբոլլահըն ի վերջո դուրս մղեց Իսրայելին։ Դա նրանց վերածեց «ահաբեկչական ուժի»: Ոչ ոք իրավունք չունի դուրս մղել հաճախորդ  պետության ներխուժած բանակը:

Իրաքում շիաների մեծամասնությունը և ԱՄՆ ներխուժումը Իրաք երկիրը «հանձնեց» Իրանին։ Դա սուննիական բռնապետություն էր, և, իհարկե, սուննի բռնապետության կործանման արդյունքում շիաները զգալի դեր ստացան։ Այսպիսով՝ օրինակ, երբ ԻԼԻՊ-ը [հայտնի նաև իբրև ԴԱԻՇ] մոտենում էր Իրաքի նվաճմանը, իրանական աջակցությամբ էր, որ շիաները հետ մղեցին նրանց։ ԱՄՆ-ն մասնակցեց, բայց երկրորդային դեր ուներ։ Այժմ նրանք ուժեղ դեր ունեն կառավարությունում: ԱՄՆ-ում սա ավելի շատ իրանական միջամտություն է համարվում։ Բայց կարծում եմ, որ Իրանի ռազմավարությունը բավականին պարզ է. նրանք փորձում են հնարավորինս ընդլայնել իրենց ազդեցությունը տարածաշրջանում։ Սկսած այդ ժամանակվանից Հեզբոլլահը ծառայում է ի շահ Իրանի։ Այն զինյալներ է ուղարկում Սիրիա, որոնք Ասսադի կառավարությանը մեծ աջակցություն են ցուցաբերում։ Տեխնիկապես դա միանգամայն օրինական է։ Դա ճանաչված կառավարությունն է: Դա փտած կառավարություն է, բարոյական հիմքերից ելնելով՝ կարող ենք ասել, որ չպետք է այդպես անել, ինչը, սակայն, չենք կարող ասել իրավական հիմքերով։ ԱՄՆ-ն բացահայտորեն փորձում էր տապալել կառավարությունը: Դա գաղտնիք չէր։ Ի վերջո պարզ դարձավ, որ Ասսադի կառավարությունը վերահսկելու է Սիրիան: Սակայն որոշ խնդիրներ կան, որոնք դեռ անլուծելի են մնացել, օրինակ՝ քրդական տարածքները և այլն, բայց նա մեծ հաշվով հաղթել է պատերազմը, որը նշանակում է, որ Ռուսաստանը և Իրանը գերիշխող դեր ունեն Սիրիայում։

Ինչ վերաբերում է նրանց ռազմական կացությանը, ես որևէ պատճառ չեմ տեսնում կասկածի տակ առնելու ԱՄՆ հետախուզության վերլուծությունը: Այն բավականին ճշգրիտ է թվում։ Կոնգրեսում իրենց ելույթների ժամանակ նրանք նշում են, որ տարածաշրջանի չափանիշներով Իրանի  ռազմական ծախսերը, ի համեմատ մյուս երկրների՝ ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիային և Իսրայելի, իհարկե շատ ավելի ցածր են, և որ Իրանի ռազմական դոկտրինն, ըստ էության, պաշտպանական է՝ նախատեսված կանխելու որևէ ներխուժում մինչև դիվանագիտական ջանքերի գործադրումը: Համաձայն ԱՄՆ հետախուզության՝ եթե նրանք ունենան միջուկային զենքի ծրագիր, իսկ մենք հիմք չունենք հավատալու, որ նրանք ունեն, բայց եթե նրանք իսկապես ունեն՝ դա կլինի նրանց զսպման ռազմավարության մի մասը:

Դա հենց իրանական իրական սպառնալիքն է. այն ունի զսպման ռազմավարություն։ Այն պետությունների համար, որոնք ցանկանում են զերծ մնալ տարածաշրջանում բռնության ենթարկվելուց, զսպումը իրական սպառնալիք է։ Դուք չեք ցանկանում զսպման մեջ լինել, դուք ցանկանում եք անել այն, ինչ ուզում եք։ Առաջին հերթին  ԱՄՆ-ն և Իսրայելն են, որոնք ցանկանում են ազատորեն օգտագործել իրենց ուժերը տարածաշրջանում՝ առանց որևէ զսպման: Հենց դա էլ իրանական իրական սպառնալիքն է։ Պետդեպարտամենտը սա է անվանում «հաջող դիմադրություն»։ Սա այն տերմինն էր, որով Պետդեպարտամենտը 1960-ականների սկզբին բացատրում էր, թե ինչու մենք չենք կարող հանդուրժել Կաստրոյի ռեժիմը․ ԱՄՆ-ին «հաջող դիմակայության» պատճառով: Դա բացարձակապես անհանդուրժելի է, երբ դուք հակված եք ուժի միջոցով կառավարել աշխարհը, եթե դա անհրաժեշտ է:

Եվ սա, կարծես, լավ օրինակ է:

Դա նույնպես ճիշտ է, բայց ոչ Իրանի դեպքում: Դա թշվառ կառավարություն է: Իրանի կառավարությունը սպառնալիք է սեփական ժողովրդի համար: Կարծում եմ, որ դա բավականին արդար է ասված: Եվ դա ոչ մեկի համար իրական մոդել չէ: Կուբան բոլորովին այլ էր։ Եթե հետ նայեք 1960-ականների սկզբին գաղտնազերծված ներքին փաստաթղթերին, մեծ մտավախություն կար, որ, ինչպես ասել է Արթուր Շլեսինգերըմ, Քենեդիի ամենամոտ խորհրդականը, մասնավորապես՝ Լատինական Ամերիկայի գործերով, Կուբայի խնդիրը «Կաստրոյի՝ ամեն բան սեփական ձեռքը վերցնելու գաղափարի տարածումն էր», ինչը մեծ ոգևորություն է առաջացնում տարածաշրջանում այլոց համար, որոնք տառապում են նույն հանգամանքներից, ինչպես և Կուբան՝ ԱՄՆ-ի հովանավորյալ  Բատիստայի ռեժիմի օրոք:

Դա վտանագավոր է։ Այն գաղափարը, որ մարդիկ իրավունք ունեն իրենք լուծել իրենց խնդիրները և դուրս  գալ ԱՄՆ-ի գերիշխանությունից, ընդունելի չէ։ Դա հաջող դիմակայություն է:

Մյուս թեման, որ սրվում է 1945-ից հետո, Վաշինգտոնի դիմադրությունն է անկախ ազգայնականությանը։

Այո, բայց դա ինքնաբերական է հեգեմոնիկ ուժի համար: Նույնպես և  Բրիտանիան էր, երբ այն իշխում էր աշխարհի մեծ մասին, նույնը Ֆրանսիան և նրա տիրույթներ: Դուք անկախ ազգայնականություն չեք ցանկանում: Իրականում դա հաճախ արվում է բավականին բացահայտ:  Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո, երբ ԱՄՆ-ն սկսեց ձևավորել հետպատերազմյան աշխարհը, առաջին մտահոգությունն այն էր, որ Արևմտյան կիսագունդն ամբողջովին վերահսկողության տակ լիներ:

1945-ի փետրվարին ԱՄՆ-ն կիսագնդի  երկրների համաժողով էր հրավիրել Մեքսիկայի Չապուլտեպեկ քաղաքում։ Համաժողովի հիմնական թեման հենց այն էր, ինչ նկարագրեցիք. պետք էր վերջ տալ ցանկացած տեսակի «տնտեսական ազգայնականության»: Դա այն արտահայտությունն էր, որն օգտագործվեց։ Պետդեպարտամենտը նախազգուշացրեց, որ (ես հիմա փաստացիորեն մեջբերում եմ) Լատինական Ամերիկայի երկրները վարակված են «նոր ազգայնականության գաղափարով», ինչը նշանակում էր, որ երկրի ժողովուրդը պետք է լինի երկրի ռեսուրսների առաջին շահառուն: Ակնհայտ է, որ դա միանգամայն անհանդուրժելի էր: Առաջին շահառուները պետք է լինեն ԱՄՆ ներդրողները: Դա նոր ազգայնականության փիլիսոփայությունն է, և դա պետք է ոչնչացվի: Իսկ Չապուլտեպեկի համաժողովը, փաստորեն, պարզ դարձրեց, որ տնտեսական ազգայնականությունը չեն հանդուրժելու:

Դիտարկենք այն դեպքը, որը քննարկվեց․ Բրազիլիան, որ խոշոր երկիր էր,  կարող էր պողպատ արտադրել, բայց ոչ բարձրորակ պողպատ, որում ԱՄՆ-ն կարող էր մասնագիտանալ: Ի դեպ, ինչպես միշտ, կա կանոններից մեկ չնշված բացառություն: ԱՄՆ-ին թույլատրվում է հետևել տնտեսական ազգայնականության քաղաքականությանը: Փաստորեն, ԱՄՆ-ը զանգվածաբար լցնում էր պետական ռեսուրսները՝ ապագայում բարձր տեխնոլոգիաներ՝ համակարգիչներ, ինտերնետ և այլն զարգացման համար։ Դա սովորական բացառություն է։ Բայց մյուսները չեն կարողանում տեղի տալ այն գաղափարին, որ երկրի ռեսուրսների առաջին շահառուն պետք է լինի այդ երկրի ժողովուրդը: Դա անհանդուրժելի է: Սա ազատ շուկաների և այլնի մասին ձևակերպված գեղեցիկ հռետորաբանություն է, այնինչ նշանակությունը խիստ որոշակի է:

Դուք հաճախ եք մեջբերում Ջորջ Քեննանի՝ Պետդեպարտամենտի հարգված պաշտոնյայի 1948-ի  հայտնի հուշագրում նշվածը. «Մենք ունենք աշխարհի հարստության 50%-ը, բայց նրա բնակչության միայն 6,3%-ը… Առաջիկա ժամանակահատվածում մեր իրական խնդիրն է ձևավորել այնպիսի հարաբերություններ, որոնք մեզ թույլ կտան պահպանել անհավասարության այս դիրքը»: Դա 1948 թվականն էր: Ես հետաքրքրությամբ բացահայտեցի երկու տարի անց․ այս կապակցությամբ նա հայտարարություն է արել Լատինական Ամերիկայի մասին՝ «Մեր հումքի պաշտպանությունը» մնացած աշխարհում, հատկապես՝ Լատինական Ամերիկայում, կարող է հաղթահարել այն մտահոգությունները, որոնք նա անվանել է «ոստիկանության բռնաճնշումներ»:

Նա ասաց, որ ոստիկանության բռնաճնշումները կարող են անհրաժեշտ լինել «մեր ռեսուրսների» նկատմամբ վերահսկողությունը պահպանելու համար: Հիշե’ք, որ նա իրականում գտնվում էր քաղաքական սպեկտրի խաղաղարարական ծայրահեղության մեջ այնքան ժամանակ, մինչև նրան դուրս մղեցին և փոխարինեցին ծանրակշիռ Փոլ Նիցեով: Նա համարվեց «չափազանց նուրբ» այս կոպիտ աշխարհի համար: Նրա գնահատականն այն մասին, որ ԱՄՆ-ն ունի աշխարհի ռեսուրսների 50 տոկոսը, հավանաբար չափազանցված է այժմ, քանի որ ավելի շատ աշխատանք է կատարվել: Վիճակագրությունն այդ ժամանակահատվածում այնքան էլ լավը չէր, բայց կան ուսումնասիրություններ: Երևի  դրանից էլ պակաս էր: Այնուամենայնիվ, այսօր դա կարող է ճիշտ լինել այլ իմաստով: Համաշխարհայնացման ժամանակակից շրջանում գլոբալ մատակարարման ցանցերը, ազգային հաշիվները, այսինքն՝ երկրի մասնաբաժինը համաշխարհային ՀՆԱ-ում, շատ ավելի պակաս կարևոր են, քան նախկինում:

Համաշխարհային հարստության  մոտավորապես 50%-ը պատկանում է ԱՄՆ ձեռնարկություններին:

Երկրի հզորության չափման համար շատ ավելի կարևոր է այն հարստությունը, որը վերահսկվում է տեղական բազմազգ կորպորացիաների կողմից: Այստեղ կպարզեք, որ ԱՄՆ ձեռնարկություններին են պատկանում համաշխարհային հարստության մոտ 50 տոկոսը: Հիմա կան ավելի լավ վիճակագրություններ: Դրա մասին ուսումնասիրություններ է կատարել շատ լավ քաղաքական տնտեսագետ Սեն Քենջի Սթարսը, որն ունի մի քանի հոդվածներ և նոր գիրք, որը կհրատարակվի մանրամասներով: Ինչպես նա նշում է՝ սա միջազգային վերահսկողության այնպիսի աստիճան է, որը պատմության մեջ բացարձակապես զուգահեռը չունի։ Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչ ազդեցություն կունենա այս ամենի վրա Թրամփի կործանիչ հարվածը, որը ջարդում է տարիներ շարունակ խնամքով մշակված մատակարարման համաշխարհային ցանցի համակարգը: Դա կարող է որոշակի ազդեցություն ունենալ: Մենք իսկապես չգիտենք: Մինչ այժմ դա պարզապես վնասում է համաշխարհային տնտեսությանը։

Վերադառնալով Իրանին՝ «Գլոբալ դժգոհություններ» գրքում դուք նշեցիք, որ «Իրանական զանգվածային ոչնչացման զենքի հետ կապված ցանկացած մտահոգություն կարող է մեղմվել Միջին Արևելքում զանգվածային ոչնչացման զենքից ազատ գոտի ստեղծելու Իրանի կոչին անսալու միջոցով»: Սա գրեթե սամիզդատի մակարդակում է: Այն հազիվ թե հայտնի է և հազիվ թե հաղորդվի։

Գաղտնիք չէ: Եվ դա միայն Իրանի կոչը չէ: Մերձավոր Արևելքում միջուկային զենքից ազատ գոտի ստեղծելու և  ԶՈԶ-ի (զանգվածային ոչնչացման զենք) ազատ գոտու ընդարձակման այս առաջարկն իրականում ծագում է արաբական երկրներից: Եգիպտոսը և մյուսները դա նախաձեռնել էին դեռևս 1990-ականների սկզբին: Նրանք  կոչ էին անում Մերձավոր Արևելքում միջուկային զենքից ազատ գոտի ստեղծել: Կան այդպիսի գոտիներ, որոնք ստեղծվել են աշխարհի մի քանի մասերում: Մի տեսակ հետաքրքիր է դրանց նայելը: Դրանք լիովին չեն գործում, քանի որ չընդունվեցին Միացյալ Նահանգների կողմից, բայց տեսականորեն դրանք առկա են: Մերձավոր Արևելքում չափազանց  կարևոր կլիներ դրանցից մեկն ունենալը։

Արաբական պետությունները երկար ժամանակ դրդում էին սրան։ Չմիավորված երկրները, G-77-ը, որոնք ներկայումս շուրջ 130-ն են, խստորեն հետևում էին դրան: Իրանը խստորեն հետևում էր դրան այն ժամանակ, երբ ծառայում էր որպես G-77-ի խոսնակ: Եվրոպան նույնպես աջակցում էր դրան՝ հավանաբար բացի Անգլիայից։ Իրականում դրան ամբողջ աշխարհն էր աջակցում՝ ավելացնելով հսկողության ռեժիմը, որն արդեն գոյություն ուներ Իրանում։  Դա, ըստ էության, կվերացներ ցանկացած մտահոգություն ոչ միայն միջուկային զենքի, այլ նաև զանգվածային ոչնչացման զենքի վերաբերյալ:

Միայն մեկ խնդիր կար։ ԱՄՆ-ն դա թույլ չէր տա։ Դա պարբերաբար քննարկվում է  «Չտարածման մասին պայմանագրի» վերանայման հերթական նստաշրջաններում, որոնցից վերջինը տեղին էր ունեցել 2015 թվականին: Օբաման արգելափակեց այն։ Բոլորն էլ հստակ գիտեն, թե ինչու։ Բայց, բնականաբար, ոչ ոք չի ասի։ Բայց եթե ուսումնասիրեք զենքի վերահսկման վերաբերյալ ամսագրերը կամ մասնագիտական այլ ամսագրեր, դրանք բավականին բացահայտ գրում են այդ մասին, որովհետև դա ակնհայտ է: Եթե այդպիսի պայմանագիր լիներ, Իսրայելի միջուկային զենքը միջազգային ստուգման կենթարկվեր։ ԱՄՆ-ն ստիպված կլիներ պաշտոնապես ընդունել, որ Իսրայելը միջուկային զենք ունի։ Իհարկե դրա մասին բոլորը գիտեն, բայց ոչ ոք չի կարող պաշտոնապես  ընդունել դա՝ հարգելի պատճառով: Եթե պաշտոնապես ընդունենք դա, օրենքի համաձայն՝ ԱՄՆ-ի աջակցությունն Իսրայելին պետք է դադարեցվի։ Իհարկե, հնարավոր է այլ եղանակներ ևս գտնել դրա շուրջ, միշտ էլ կարելի է խախտել սեփական օրենքները։ Բայց դա իսկապես մեծ խնդիր կդառնա։ Դա կնշանակի, որ Իսրայելի զենքերը պետք է ստուգվեն, և ոչ միայն միջուկային զենքերը, այլ նաև կենսաբանականն ու քիմիականը։ Դա անհանդուրժելի է, մենք չենք կարող դա թույլ տալ։ Հետևաբար մենք չենք կարող շարժվել դեպի ԶՈԶ-ի ազատ գոտի, ինչը կարող է վերջ տալ այս խնդրին։

Իրանի զսպիչ կեցվածքը մշտապես դիտարկվում է որպես լուրջ սպառնալիք Իսրայելի և ԱՄՆ-ի համար, որոնք չեն կարող հանդուրժել զսպումը:

Կա ևս մեկ բան, որը կարող եք կարդալ միայն սամիզդատում: ԱՄՆ-ը հատուկ պարտավորություն ունի այս հարցում, եզակի պարտավորություն՝ Բրիտանիայի հետ միասին: Պատճառն այն է, որ երբ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան պլանավորում էին ներխուժել Իրաք, նրանք ձգտում էին գտնել որևէ իրավական հիմք, որպեսզի դա ուղղակի ագրեսիա չլիներ։ Նրանք 1991 թ. դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևին {Ծ.գ. ՄԱԿ- ի № 687 բանաձև},  ըստ որի Սադդամ Հուսեյնը պետք է դադարեցներ իր միջուկային զենքի ծրագրերը, ինչը, ըստ էության, նա արել էր: Բայց պատրվակն այն էր, որ նա չէր դադարեցրել, այսինքն խախտել էր բանաձևը, հետևաբար ենթադրվում էր, որ ներխուժմանը որոշ օրինականություն էր տրվում։

Եթե Ձեզ դուր չի գալիս կարդալ ՄԱԿ-ի այդ բանաձևը, երբ հասնում եք  14-րդ հոդվածին, կտեսնեք՝ այդտեղ  նշված են դրանք ստորագրողների անունները, ներառյալ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան, որոնք պարտավորվում  են աշխատել Միջին Արևելքում միջուկային զենքից ազատ գոտի ստեղծելու համար: Այսպիսով՝ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան պատասխանատվություն են կրում այն ստորագրելու համար: Փորձենք գտնել այս ամենի վերաբերյալ ցանկացած քննարկում։ Այն կարող է լուծել այստեղ ծառացած ցանկացած խնդիր։ Համաձայն ԱՄՆ հետախուզության՝ որևէ էական խնդիր չկա։

Իրական խնդիրն այն է, ինչ նկարագրում է ԱՄՆ հետախուզությունը՝  իրանական զսպման ռազմավարությունը: Դա իրական վտանգ է և մշտապես դիտարկվում է որպես լուրջ սպառնալիք Իսրայելի և ԱՄՆ-ի համար, որոնք չեն կարող հանդուրժել զսպումը:

ԱՄՆ-ի ռազմատենչ արտաքին քաղաքականության համար մեծ վճարներ կան։ Օրինակ՝ Լի Ֆանը գրել է «The Intercept»-ում՝ «զենքի խոշոր արտադրողները», ինչպիսիք են Lockheed Martin-ը և Raytheon-ը, ասել են իրենց ներդրողներին, որ Իրանի հետ հակամարտության սրացումը կարող է լավ լինել բիզնեսի համար»:

Իհարկե, դա այդպես է։ Չեմ կարծում, որ դա էական, բայց, ըստ էության, գործոն է։ Դա այն է, ինչ կոչվում է «լավ է տնտեսության համար», եթե կարողանում եք արտադրել նյութական ապրանքներ, որոնք կարող եք վաճառել այլ երկրների: ԱՄՆ-ը գերակա նշանակություն ունի ռազմական ուժերում: Ռազմական ուժն իր իրական համեմատական առավելությունն է: Այլ երկրներ կարող են արտադրել համակարգիչներ և հեռուստացույցներ, բայց ԱՄՆ-ն զենքի խոշորագույն արտահանողն է։ Նրա ռազմական բյուջեն գերազանցում է աշխարհում ամեն ինչին։ Իրականում այն այնքան մեծ է, որքան աշխարհի մնացած երկրները միասին վերցված, շատ ավելի մեծ, քան մյուս երկրներինը։ Թրամփի օրոք ԱՄՆ-ն ավելի է մեծացնում իր ռազմական բյուժեն, ավելի մեծ, քան Ռուսաստանի ամբողջական ռազմական բյուժեն է։ Չինաստանը հետ է մնում։ Եվ, իհարկե, ԱՄՆ-ն տեխնոլոգիապես շատ ավելի զարգացած է ռազմական տեխնիկայի մեջ: Դա ԱՄՆ-ի համեմատական առավելությունն է: Դուք կցանականաք հետամուտ լինել դրան։ Բայց ես կարծում եմ, որ գլխավոր խնդիրը աշխարհը հսկողության տակ պահելն է:

Նշում. Սա Alternative Radio-ով հեռարձակված հարցազրույցի սղագրված-խմբագրված տեքստն է: [Տեսանյութը՝ հղմամբ]

Թարգմանիչ՝ Ռուզաննա Բարակոզյան  (Ruzanna Barakozyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: