ԵԿԲ-ն կանգնած է նոր խթանող փաթեթի ներդրման որոշում կայացնելու առաջ

25 Հուլիսի, 2019

ԵԿԲ-ում (Եվրոպական կենտրոնական բանկ) իր աշխատանքային վերջին ամսվա համար Մարիո Դրագին իր առջև դրել է խնդիր. վերագործարկել տնտեսական խթանող փաթեթը գլոբալ աճը խթանելու ակնկալիքով։

Այն անձին, որ խոստացել էր «անել ամենը» եվրոն փրկելու համար, քիչ ժամանակ է մնացել։ Դրագին պատրաստվում է պաշտոնը լքել հոկտեմբերին, և մինչ այդ, ինչպես ակնկալում են շուկան և ԵԿԲ դիտորդները, ԵԿԲ-ն կսկսի քաղաքականության խթանիչ գործընթացը։

Հարցն այն է, թե որքան արագ կընթանա գործընթացը, և Ֆրանկֆուրտում Խորհրդի հանդիպումը կարող է որոշիչ լինել ժամկետների հաստատման հարցում։

Հանդիպումը կկայանա ԱՄՆ Դաշնային պահուստային ֆոնդի (այսուհետ՝ Ֆեդռեզերվ) նմանատիպ կարևորություն ունեցող որոշման կայացումից մի քանի օր առաջ։ Ներդրողներն ակնկալում են, որ երկու կենտրոնական բանկերը, որոնք պատասխանատու են համաշխարհային երկու կարևոր արժույթների համար, կգործեն մոտակա երկու ամիսներին։

Դրագին կանգնած է երկընտրանքի առաջ․ կա՛մ գործարկել դրամավարկային խթանող փաթեթը՝ վտանգելով եվրոն միայն կարճաժամկետ ազդեցությամբ, կա՛մ սպասել մինչև սեպտեմբեր և ժամանակ տալ խորհրդին՝ պատրաստվելու հակադարձող գործողություններին։

Առավել ակնհայտ խթան կարող է լինել բանկային ավանդային տոկոսադրույքները -0.4%-ից ավելի ցածր իջեցնելը։ Առավել նշանակալից խթանող փաթեթը կարող էր ներառել քանակական մեղմացման ծրագիր (quantitative easing programme), որի շրջանակներում ԵԿԲ-ն կգներ շուկայից շուրջ 2.6 տրիլիոն եվրոյի պետական և մասնավոր պարտատոմսեր։

Նախորդ անգամ՝ դեկտեմբերին, պարտատոմսերի գնումը դադարեցվեց եվրագոտու տնտեսության բարելավումն ապացուցող ցուցանիշների ներքո: Չորեքշաբթի հրապարակված բիզնես-հետազոտության համաձայն՝ համաշխարհային առևտրում այդ ժամանակից ի վեր առկա լարվածությունն ազդել է եվրագոտու արտադրական հատվածի վրա՝ դանդաղեցնելով աճը և առաջացնելով մտավախություն, որ դանդաղեցումը կարող է տարածվել ծառայությունների ոլորտի վրա և խաթարել սպառողների վստահությունը:

«Հաշվի առնելով շարունակական մեղմացումը և գնաճը, որը շարունակում է դուրս գալ թիրախային մակարդակից՝ մենք ակնկալում ենք, որ ԵԿԲ-ն կձևավորի նոր խթանող քաղաքականություն»,-ասում է «Investec»-ի տնտեսագետ Վիկտորիա Քլարկը:

ԵԿԲ նախագահի համար ռիսկային է այն, որ հուլիսի 31-ին ԱՄՆ կենտրոնական բանկի նիստից առաջ գործողություններ ձեռնարկելը կարող է հրահրել իր գործընկեր Ջեյ Փաուելին նվազեցնել տոկոսադրույքները ոչ թե 25, այլ 50 տոկոսային կետով, ինչն ակնկալում են ներդրողները:

ԱՄՆ-ի՝ տոկոսադրույքների ավելի խորը կրճատումը ներկայումս կարող է առաջ բերել Ֆեդռեզերվի կողմից լրացուցիչ գործողությունների կատարման ակնկալիքներ առաջիկա 12 ամիսների համար, ինչը նվազման ճնշում կգործադրի դոլարի վրա: Վերջինս ձեռնտու չէ եվրագոտու արտահանողներին: 

Վերջին ամիսներին փոխարժեքը քաղաքական խնդիր է դարձել, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուժեղացրել է իր պնդումները, թե այլ երկրներ օգուտ են քաղում գերարժևորված դոլարից:

Չնայած Դրագին բազմիցս պնդել է, որ ԵԿԲ-ի մանդատը գների կայունությունն է և ոչ արժույթի արժեզրկումը, եվրոն վերջերս փոքր-ինչ արժեզրկվել է դոլարի նկատմամբ, և նա չի ցանկանա, որ այդ միտումը փոխվի: Քանի դեռ Ֆեդռեզերվը ունի տոկոսադրույքների իջեցման միջակայք 2.25-2.5% սահմաններում, ԵԿԲ-ն մանևրելու ավելի քիչ տեղ ունի:

«Նրանք կարող են եզրակացնել, որ եթե արժութային պատերազմում կրակ բացելու համար միայն մեկ կրակահերթ է մնացել, ապա հարկավոր է զգույշ լինել՝ երբ է ձգվում ձգանը»,-ասում է Ռիչարդ Բարվելը՝ «BNP Paribas Asset Management»-ի մակրոտնտեսական վերլուծության ղեկավարը: «ԵԿԲ-ն գուցե ցանկանա սպասել` հասկանալու՝ արդյոք Ֆեդռեզերվը տոկոսադրույքներն ընդհանրապես կկրճատի, թե դա կանի նախքան 20-30 տոկոսային կետերի միջակայքը սպառելը, ինչն անհրաժեշտ է տոկոսադրույքների իջեցման համար»:

Այսպես, ԵԿԲ որոշ դիտորդներ կարծում են, որ բանկը սեպտեմբերին տոկոսադրույքների նվազեցում է ենթադրում՝ հղում անելով քաղաքականության վերաբերյալ իր ուղերձին, որը կենտրոնական բանկերի քաղաքականության մեջ հայտնի է որպես առաջընթաց ուղղորդում (forward guidance): «Bloomberg»-ի հարցմանը մասնակցած 30 տնտեսագետից միայն երկուսն են այս շաբաթ տոկոսադրույքների կրճատում ակնկալում:

Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում Դրագին կարող էր քննարկել նաև տոկոսադրույքների բազմաստիճան համակարգ ներդնելու հնարավորությունը՝ մասնավոր վարկատուների բացասական տոկոսադրույքների բեռը նվազեցնելու համար:

Մելվին Կրուսը՝ Ստենֆորդի համալսարանի Հուվեր ինստիտուտի ավագ գիտաշխատողը, բազմաստիճան համակարգը որակեց որպես «հեշտ գործ». «Անկասկած, այն կներկայացվի մինչև սեպտեմբեր, գուցե նույնիսկ այս շաբաթ»:

Ամեն դեպքում՝ ներդրողների ակնկալիքները ԵԿԲ նոր գործողությունների վերաբերյալ այնքան մեծ են, որ շուկայի էֆեկտի զգալի մասն արդեն ներառված է ակտիվների գների մեջ: Եվրոպական կառավարությունները վաճառում են պարտքային արժեթղթեր ռեկորդային ցածր եկամտաբերությամբ՝ QE (Quantitative easing` քանակական մեղմացման ծրագիր) վերսկսման արդյունքում գների բարձրացում ակնկալելով:

Արդյունքներն զգացվում են իրական տնտեսության մեջ. այս ամիս տեղական գերմանական բանկը կամ Նյուրնբերգի «Sparkasse»-ն ասել է, որ շարունակական ցածր տոկոսադրույքների պատճառով կփակվի ավելի քան 20.000 խնայողական հաշիվ: Բայց արդյո՞ք շուկաները գերագնահատել են Դրագիի կարողությունը նոր խթան ներկայացնելու առումով:

Քանակական մեղմացման (QE) վաղեմի քննադատները, ինչպիսիք են Նիդեռլանդների կենտրոնական բանկի ղեկավար Կլաս Կնոթն ու Բունդեսբանկի նախագահ Յենս Ուայդմանը, այս տարվա սկզբում մի կողմ թողեցին անհամաձայնությունները՝ Դրագիին հաջորդելու հարցում իրենց հնարավորությունները մեծացնելու համար, սակայն Քրիստին Լագարդի ընտրվելուց հետո նրանք լռելու ավելի քիչ պատճառ ունեն:

Վերջին շաբաթների ընթացքում շատ ջերմ են արտահայտվել այնպիսի քաղաքական գործիչներ, ինչպիսիք են ԵԿԲ գործադիր խորհրդի անդամ Բենոիտ Սուրեթը և Ֆրանսիայի բանկի ղեկավար Ֆրանսուա Վիլերո դե Գոլը:

«Չնայած Դրագիի շոուի վարագույրը իջավ, շուկան դեռ հավատում է, որ դա էր միակ հնարավոր լուծումը,-ասաց պարոն Բարվելը:-Հսկայական հավատ կա, որ խորհուրդը նորից կպարի նրա երաժշտության տակ»:

Բնօրինակի հեղինակ՝ Financial Times

Թարգմանիչ՝ Հակոբ Հակոբյան (Hakob Hakobyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: