Ջոն Բոլթոնի հեռացումը

Jabin Botsford | The Washington Post | Getty Images

Բնօրինակի հեղինակ՝ CNBC

Թրամփն ասում է, որ աշխատանքից ազատել է Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին, իսկ  Բոլթոնն ասում է, որ «առաջարկել է հրաժարական տալ»

Նախագահ Դոնալդ Թրամփը աշխատանքից հեռացրել է Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին՝ ասելով, որ «Բոլթոնը կտրականապես համաձայն չէր նրա առաջարկներից շատերի հետ»:

Րոպեներ անց Բոլթոնն իր թվիթերյան էջում գրել է, որ երկուշաբթի երեկոյան Թրամփն իրեն «առաջարկել է հրաժարական տալ», և որ ասել է.«Եկեք վաղը խոսենք այդ մասին»:

«Ես առաջարկել էի պաշտոնաթող լինել նախորդ գիշերը»: Նա երբեք չի խնդրել այս մասին ուղղակիորեն կամ անուղղակիորեն», հայտնել է  Բոլթոնը NBC News-ին:

«Ես ծանրութեթև արեցի  և այսօր առավոտյան հրաժարական տվեցի»:

Այնուամենայնիվ, Բոլթոնի՝ Իրանի և Հյուսիսային Կորեայի հարցերում այդպիսի ագրեսիվ քաղաքականության հովանավորի հեռանալը ցնցել է Վաշինգտոնը: Արդյունքում՝ ընկան նաև հում նավթի ֆյուչերսների գները: [1]

NBC News-ը, վկայակոչելով Սպիտակ տան խոսնակին, նշում է, որ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Չարլզ Կուպբերմանը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնակատար:

Բոլթոնը, որը 2018 թվականի մարտից նշանակվել է Ազգային անվտանգության հարցերով խորհրդական՝ հաջորդելով ՄքՄասթերին[2], Իրանի կոշտ քննադատն է եղել և պաշտպանել է նավթով հարուստ այս երկրի նկատմամբ ռազմական հարվածները:

Սպիտակ տան մամուլի խոսնակ Ստեֆանի Գրիշամը CNBC-ի  այն հարցին, թե արդյո՞ք Քեմփ Դեյվիդում Աֆղանստանի թալիբներին հանդիպելու և խաղաղության բանակցություններ վարելու Թրամփի հրավերը շրջադարձային է եղել Բոլթոնի հետ նրա հարաբերություններում, պատասխանել է.  «Ոչ, կային բազում, բազում հարցեր»:

«Անցյալ գիշեր ես տեղեկացրի Ջոն Բոլթոնին, որ Սպիտակ տանը նրա ծառայություններն այլևս անհրաժեշտ չեն: Ես կտրականապես համաձայն չէի  նրա շատ առաջարկությունների հետ, ինչպես և վարչակազմի մյուս անդամները, և, հետևաբար, ես խնդրել էի Ջոնին հրաժարական տալ, ինչը նա արել է այսօր առավոտյան», ասել է Թրամփն  իր թվիթերյան հրապարակման մեջ:

«Ես շատ շնորհակալ եմ Ջոնին իր ծառայության համար: Ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդականի անունը կհայտարարեմ հաջորդ շաբաթ»:

Թվիթը  տեղադրվել էր  Բոլթոնի՝ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և  ֆինանսների նախարար Ստեֆան Մնուչինի հետ ճեպազրույցից մոտ 90 րոպե առաջ:[3] Բոլթոնի նախատեսված ելույթը հրապարակվել էր Սպիտակ տան կողմից, որտեղ նշված չէին եղելության  իրական մանրամասները:

Մոտ 15 րոպե անց Բոլթոնը տեղադրեց այս թվիթը:

«Ես չեմ զարմանում», ժպտալով պատասխանել էր Պոմպեոն լրագրողներին ճեպազրույցի ժամանակ, երբ նրան հարցրել էին ասուլիսից առաջ Բոլթոնի ելքի մասին:

Fox News-ի հաղորդավար Բրայան Քիլմիդը եթերում ասաց, որ Բոլթոնը գրել էր իրեն. «Եկեք անկեղծ լինենք:  Ես հրաժարական եմ տվել»:

Քիլմիդը հավելեց. «Եվ ես նրան հարցրեցի. «Դեմ կլինե՞ք, եթե ես դա ասեմ մեր խոսակցության ընթացքում», և նա ասաց. «Այո»:

Սպիտակ տան խոսնակի տեղակալ Հողան Գիդլին ասել է. «Նախագահը խնդրել է, որ Ջոն Բոլթոնը պաշտոնաթող լինի անցած գիշեր, և  այսօր եղավ դա»:

Բոլթոնի հեռանալու մասին հայտարարության նախօրեին, Թրամփը պայթեցրել էր լրատվամիջոցները՝ պնդելով, որ լրագրողները կեղծ լուրեր են տարածում, թե իբր իր վարչակազմն  իրարանցման մեջ է:

Նյու Յորքի Սենատի փոքրամասնության առաջնորդ Չուք Շումերը հայտարարել է. «Նախագահի այսօրվա գործողությունները նրա քաոսային կառավարման և ազգային անվտանգության քաղաքականության բացակայության վերջին օրինակն են»:

«Եթե դեսպան Բոլթոնի ծայրահեղ հայացքները ձեզ համար բավարար չեն, ապա Միացյալ Նահանգներն ընթանում է դեպի էլ  ավելի քաոտիկ ժամանակներ»:

Էնթոնի Սքարամուչին, ով Թրամփի կառավարության ներքո (2017թ.-ին) բավականին կարճ ժամանակ անցկացրեց իբրև Սպիտակ տան հաղորդակցության բաժնի ղեկավար, թվիթերյան գրառում է կատարել. «Ոչ ոք չի գոյատևում իրական Թրամփի կառավարության ժամանակ և սա այն պատճառով, որ նա ատում է ինքն իրեն: Եթե ​​դուք դեռ գտնվում եք Սպիտակ տանը, ապա նա գալիս է ձեր հետևից: Այո՛, սա սարսափ ֆիլմ է»:

Բոլթոնը չորրորդ մարդն էր, որը ծառայում էր Թրամփին՝ որպես Ազգային անվտանգության հարցերով խորհրդական, և նրանց մեջ ամենաերկար պաշտոնավարած անձը:

Առաջինը՝ գեներալ-լեյտենանտ Մայքլ Ֆլին էր, որը պաշտոնաթող եղավ ընդամենը 24 օր պաշտոնավարելուց հետո՝ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանի հետ հետընտրական քննարկումների բնույթի մասին փոխնախագահ Մայք Փենսին ստելուց հետո:

Հետագայում Ֆլինն իրեն մեղավոր ճանաչեց դեսպանի հետ ունեցած խոսակցությունների վերաբերյալ ՀԴԲ(FBI)-ին ստելու հարցում:

Ֆլինը երեքշաբթի օրը՝ Բոլթոնի պաշտոնաթողության մասին հայտարարությունից քիչ առաջ, Վաշինգտոնի դաշնային դատարանում էր[4]՝  այն դատական ​​նիստին, որի ընթացքում դատավորը նրա նկատմամբ սահմանեց քրեական պատիժ մոտավորապես մինչև դեկտեմբերի 18-ը:

Երեքշաբթի օրը Իրանի նախագահ Հասան Ռոհանի խորհրդական Հասանեդդին Ասենան թվիթերում գրել է, որ Բոլթոնի պաշտոնաթողությունը այդ երկրի դեմ Թրամփի ճնշողական արշավին Իրանի դիմակայության արդյունքն էր,  և ապացույցն այն բանի, որ Իրանն ի վիճակի է «վերահսկել» ԱՄՆ-ի քաղաքականությունը Իրանի հարցում: