Նվեր հոբելյանին․ Ինչո՞ւ էր Բոլթոնն այցելել Լուկաշենկոյին

Ե՛վ բելառուս պաշտոնյաները, և’  Թրամփի խորհրդականը շտապեցին բոլորին հասցնել այն միտքը, որ այցի մեջ արտաքինն ավելի շատ էր, քան բովանդակայինը։ Բոլթոնը բացեիբաց ասաց, որ հանդիպմանը ոչ մի որոշում չի կայացվել, խնդրահարույց հարցերը շարունակում են մնալ, և որ ինքն ուրիշ ոչինչ չէր էլ սպասում: Բելառուսի արտգործնախարարության ղեկավար Վլադիմիր Մակեյը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ ոչ ոք Մինսկը ոչ մի կողմ չի ձգում, և կողմերը միայն պայմանավորվել են շարունակել շփվել։

Ավելի քան 25 տարի Բելառուս չէին այցելել ամերիկացի ավելի բարձրաստիճան պաշտոնյաներ, քան Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Կիևից և Քիշնևից վերադառնալիս նա կանգ առավ Մինսկում, որտեղ նրան ջերմորեն ընդունեց Ալեքսանդր Լուկաշենկոն: Բոլթոնի միջոցով Բելառուսի նախագահը նվերներ փոխանցեց Դոնալդ Թրամփին և նրա տիկնոջը՝ Մելանիային, և պատմական անվանեց այս այցը:

Նոր ընդհանուր շահ

Այն բանից հետո, երբ 1990-ականների կեսերին Բելառուսը հեռացրեց խորհրդային միջուկային զենքի մնացորդները երկրից, նրա (երկրի՝ Բելառուսի – Մ․ Բ․) նկատմամբ ԱՄՆ-ի հետաքրքրությունը զգալիորեն նվազեց: Այսպիսի  ոչ այնքան նշանակալի հետխորհրդային երկրներին Վաշինգտոնը խրախուսում էր ժողովրդավարական բարեփոխումների համար կամ, ընդհակառակը, պատժամիջոցներ կիրառում՝ այլ ուղղությամբ շարժվելու համար:

2004թ., երբ Լուկաշենկոն հանրաքվեի միջոցով վերացրեց վերընտրությունների սահմանափակումը, Կոնգրեսը ընդունեց Բելառուսի ժողովրդավարության մասին Ակտը, որով մտցրեց Մինսկի դեմ առաջին տնտեսական և անհատական  պատժամիջոցները: Դրանց աստիճանական ընդլայնումը 2008 թվականին հանգեցրեց դեսպանների հետկանչմանը և երկու երկրներում դեսպանությունների կրճատմանը մինչև հինգ դիվանագետի:

2015 թվականին Բելառուսի և Արևմուտքի հարաբերությունների տաքացման սկսվելուն պես Միացյալ Նահանգները սառեցրեց տնտեսական պատժամիջոցների մի մասը: Կողմերը սկսեցին քննարկել դեսպանների վերադարձը և այդ մասին պաշտոնապես  պայմանավորվեցին 2019 թվականի սկզբին:

Հետաքրքրորեն փոխվեց Բելառուսի ընկալումը Վաշինգտոնում: Այնտեղ նկատեցին Մինսկի խաղաղապահ մանևրները, նրա խնդիրները Մոսկվայի հետ հարաբերություններում: Անցյալ տարվա վերջին ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ուես Միթչելը Բելառուսը  Ուկրաինայի և Մոլդովայի հետ միասին դասեց այն երկրների շարքին, որոնց անկախությունը ծառայում է որպես «բաստիոն, որը պաշտպանում է Ռուսաստանի նեոիմպերիալիզմից»: Այսինքն, Վաշինգտոնը, փաստորեն, խոստովանեց, որ Մինսկի հետ ունի որոշակի ընդհանուր շահ՝ կապված Արևելյան Եվրոպայում Մոսկվայի  ընդարձակումը դադարեցնելու ցանկության հետ:

Այստեղից և հասունացավ Բոլթոնի այցը: Բելառուսի ինքնիշխանության հարցը արդիականացավ Մինսկի և Մոսկվայի միջև ինտեգրման բանակցությունների պատճառով: Արևմտյան ԶԼՄ-ները համարյա միաձայն դրանում  տեսան Բելառուսը կլանելու Պուտինի ծրագիրը՝ իշխանությանը 2024 թվականից հետո մնալու նկատառումներով: Այս իմաստով Բոլթոնի ժամանումը սիմվոլիկ աջակցության ժեստ է և փորձ՝ անձամբ պարզելու, թե ինչ կա Բելառուսի վերնախավերի մտքին, և որքան լուրջ են նրանք պատրաստ դիմակայել Ռուսաստանի  ճնշումներին:

Եթե Բոլթոնից առաջ ամերիկացի այլ այցելուներ, ընդհանուր առմամբ, նշում էին, որ սատարում են Բելառուսի ինքնիշխանությանը, ապա նա (Բոլթոնը ” Մ․ Բ․)  հնարավորինս հստակ ուրվագծեց սպառնալիքը: Թրամփի խորհրդականը նշեց, որ բելառուս ժողովուրդը պետք է ինքնուրույն որոշի՝ ինչպիսի հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ, և որ ըստ նրա՝ բելառուսները անկախություն են ցանկանում: Սա կարելի է անվանել «ղրիմյան վերապահում». ԱՄՆ-նհրապարակայնորեն հայտնում է, որ չի հավատա այն վարկածին, թե բելառուսները միասնական պոռթկմամբ ձգտում են դեպի Ռուսաստան, եթե հանկարծ ինչ-որ մեկը ցանկանա այդպիսով արդարացնել Մինսկին ինքնիշխանությունից զրկելը:

«Ջոն Բոլթոնը Բելառուսից Միացյալ Նահանգներ կտանի այն վստահությանը, որ մեր պետությունը,  ինքնիշխանությունն ու ազգային շահերը վաճառքի չի հանում», ” այցի ավարտին պաթետիկորեն նշեց Բելառուսի պետական հեռուստատեսությունը: Այսպիսով հաստատելով, որ զրույցի թեմաներից առնվազն  մեկը ռուսական սպառնալիքն է եղել:

Չինաստանը և չբացահայտված սպառազինությունները 

Մինսկում Բոլթոնի ելույթներում հստակ և մի քանի անգամ հնչեցին ևս երկու կարևոր թեմաներ՝ Չինաստանը և զենքի չտարածումը: Ինչպես հայտնի է, Թրամփի վարչակազմը հենց Չինաստանն է դիտարկում որպես իր գլխավոր հակառակորդ, ոչ թե Ռուսաստանը: Իրականում Կիևում էլ Բոլթոնը համոզում էր ուկրաինացիներին Չինաստանին չվաճառել «Мотор Сич» ավիացիայի գործարանը:

Բելառուսի մայրաքաղաքից մեկնելուց առաջ Թրամփի օգնականը կրկնեց իր թեզը Չինաստանի հետ տեխնոլոգիական համագործակցության վտանգի մասին. «Մենք խոսեցինք վտանգներից, որոնք սպառնում են հեռահաղորդակցության հինգերորդ սերնդին այնպիսի ընկերություններից, ինչպիսին է Huawei-ը:  Օդանավակայանից Անկախության պալատ տանող ճանապարհին ես նախագահին մատնանշեցի Huawei-ի խանութը, որի կողքով մենք անցնում էինք, հենց այստեղ՝ Մինսկում»:

Եթե Բոլթոնն իսկապես ակնարկում էր, որ Միացյալ Նահանգները ոգևորված չէ Բելառուսում որոշ չինական նախագծերով, ապա Լուկաշենկոն ուներ հյուրին հանգստացնելու միջոց: Նախ, Բելառուս-Չինաստան համագործակցությունը ոչինչ է Բելառուս-Ռուսաստան  (ապրանքաշրջանառությունը տասն անգամ քիչ է) և նույնիսկ Բելառուս-Եվրոպա համգործակցության դեմ:

Վերջերս Բելառուսում չինական նախագծերը մեկը մյուսի հետևից վերածվում են սկանդալների. որոշ օբյեկտներ ժամանակին չեն բացվում, մյուսները հրահրում են բնապահպանական ցույցեր, իսկ երրորդների  գործունեությունը ավարտվում է արդյունաբերական դիվերսիայի կասկածանքով և ներդրումային պայմանագրերի խզմամբ:

Ձեռքբերում դարձավ համատեղ ռազմական մշակման արդյունք «Полонез» համազարկային կրակի համակարգը: Բայց այս նախագիծն արդեն չորս տարեկան է. Մինսկը հաջողությամբ «Полонез»-ը սպառազինման մեջ է դրել և վաճառում է այն Ադրբեջանին: Դժվար թե Բոլթոնը  քննադատեր Լուկաշենկոյին այդքան ուշացումով:

Ավելի շուտ Չինաստանը Բոլթոնի տարածաշրջանային շրջագայության պահեստային թեման է: Անհրաժեշտ էր դրոշակները ճիշտ տեղադրել, տեղական վերնախավերին ակնարկել, որ Վաշինգտոնին հաճելի չի լինի, եթե նրանք մարտադաշտ հատկացնեն դեպի Եվրոպա չինական ընդարձկման համար:

Իսկ ահա մյուս հարցը, որը Բոլթոնը, իր խոսքերով, բարձրացրեց Լուկաշենկոյի հետ և նույնիսկ անվանեց այն «խնդիր հարաբերություններում», զենքի չտարածումն է: Այս հանգամանքը շահարկման առարկա դարձավ Բելառուսում, քանի որ Միացյալ Նահանգների նախագահի օգնականը այդպես էլ չբացատրեց, թե ինչ նկատի ուներ։

Վարկածները երկուսն են: Կամ խոսքը Բելառուսից ԱՄՆ-ի որոշ թշնամիներին, օրինակ՝ Իրան կամ Սիրիա,  զենքի արդեն իրականացված կամ պլանավորվող մատակարարումների մասին էր, կամ Բոլթոնը ցանկանում էր համոզվել, որ «Միջանկյալ և կարճ հեռահարության հրթիռների վերացման մասին» պայմանագրի խզումից հետո, կամ ԱՄՆ-ի`  Լեհաստանում ռազմական ներկայությունը մեծացնելու պլանների հետ կապված, Բելառուսը թույլ չի տա, որ նոր ռուսական զենքեր և զորքեր մուտք գործեն իր տարածք: Դժբախտաբար, մինչ այժմ միայն բանակցությունների մասնակիցները գիտեն, թե որ վարկածն է ճիշտ: Չի բացառվում, որ երկուսն էլ ճիշտ են:

Վերջապես, ևս մեկ թեմա, որը միանշանակ հնչել է հանդիպմանը, Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններն են: Մինսկը ոչ միայն ցանկանում է մնալ դրանց անցկացման վայրը, այլև արդեն հինգ տարի է, ինչ Միացյալ Նահանգներին կոչ է անում միանալ Նորմանյան ձևաչափին:

Դեռևս այս թեմայի վերաբերյալ հստակ ծրագրերի մասին հայտնի չէ: Բայց Լուկաշենկոն, գրեթե անկասկած, առիթը բաց չթողեց՝ գոհացնելու ամերիկյան բազեի և ամբողջ աշխարհում ԱՄՆ-ի միջամտությունների երկարամյա աջակից Բոլթոնի ականջը՝ ասելով, որ առանց Վաշինգտոնի անհնար է լուծել ուկրաինական ճգնաժամը:

Ուսումնասիրական այց

Ե՜վ բելառուս պաշտոնյաները, և՜  Թրամփի խորհրդականը շտապեցին բոլորին հասցնել այն միտքը, որ այցի մեջ արտաքինն ավելի շատ էր, քան բովանդակայինը։ Բոլթոնը բացեիբաց ասաց, որ հանդիպմանը ոչ մի որոշում չի կայացվել, խնդրահարույց հարցերը շարունակում են մնալ, և որ ինքն ուրիշ ոչինչ չէր էլսպասում: Բելառուսի արտգործնախարարության ղեկավար Վլադիմիր Մակեյը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ ոչ ոք Մինսկը ոչ մի կողմ չի ձգում, և կողմերը միայն պայմանավորվել են շարունակել շփումը։

Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը նույնիսկ մի փոքր սարկազմով հայտարարեց, որ «ներկայումս, մեր կարծիքով, Բելառուսի և ԱՄՆ-ի սերտ համագործակցության մասին խոսել չարժե»: Ընդհանուր առմամբ, նա ճիշտ է: Մինսկի և Վաշինգտոնի միջև ռազմական և լուրջ քաղաքական համագործակցությունն անհնար է այն շրջանակների պատճառով, որոնք   Բելառուսի վրա դնում են Ռուսաստանի առջև դաշնակցային պարտավորությունները:

 Նաև մնում են ֆորմալ խնդիրներ` կապված մարդու իրավունքների և  Բելառուսում գործող ժողովրդավարության մասին Ակտի իրավիճակի հետ: Այն կարող է չեղարկվել միայն Կոնգրեսի կողմից, որը դա չի անի Լուկաշենկոյի իշխանության օրոք՝ առանց Բելառուսում արմատական փոփոխությունների: Նախագահն ինքն իր ավագ որդիների և գործընկերների հետ դեռևս գտնվում է ամերիկյան սև ցուցակում:

Ինչ վերաբերում է պատժամիջոցների հնարավոր վերացմանը, Բոլթոնն ասաց, որ այդ հարցը պետք է քննարկվի արդեն իսկ նշված` մարդու իրավունքների և զենքի չտարածման խնդիրների  հետ համատեղ: Եվ անմիջապես վերապահում արեց, որ այս խոսակցությունը տևական կլինի:

Տնտեսապես Միացյալ Նահանգները չափազանց փոքր դեր է խաղում Բելառուսում, որպեսզի կարողանա օգնել նրան հավասարակշռել Ռուսաստանից կախվածությունը: Բոլթոնի այցից առաջ հայտնի դարձավ, որ Մինսկը Վաշինգտոնում լոբբիստ է վարձել, որպեսզի հասնի ամերիկյան հում նավթ Բելառուս մատակարարելու վերաբերյալ պատժամիջոցների վերացմանը: Բայց մինչև 2024 թվականին Ռուսաստանում հարկային մանևրի ավարտը, Մինսկի համար համարյա ցանկացած այլ նավթ ավելի թանկ կլինի՝ մանավանդ, հաշվի առնելով մատակարարումների դեռևս անհասկանալի լոգիստիկան:

Օրակարգի մոտակա հարցը դիվանագիտական ներկայացուցչությունների դեսպանների հետ բնականոն աշխատանքի վերականգնումն է: Բայց սա Բոլթոնի մակարդակը չէ, և ոչ էլ նրա պատասխանատվության ոլորտը՝ հատկապես հաշվի առնելով, որ հարցը քաղաքականապես լուծված է: Այցը կարող էր օգնել միայն Պետդեպարտամենտի այն պաշտոնյաներին, որոնք զբաղված են հարցով՝ ինչպես արագացնել որոշ բյուրոկրատական ընթացակարգեր ամենավերևում՝ Բելառուսի նկատմամբ ուշադրություն գրավելու միջոցով:

Բոլթոնի հետ հանդիպումը, հատկապես 65-ամյակի նախօրեին հաճելի նվեր էր Լուկաշենկոյի համար: Բելառուսի նախագահը դեռ իրեն մի փոքր մեկուսացված է զգում և այդտեղից էլ   արևմտյան յուրաքանչյուր բարձրաստիճան հյուրի առանձնահատուկ ջերմությամբ է ընդունում

Թրամփի խորհրդականի ժամանումը կմտնի Բելառուսի պատմության մեջ որպես երկրի և տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր վերաբերմունքի խորհրդանիշ: Բայց սխալվում են նրանք, ովքեր, վախ կամ հույս ունենալով,  այս ճանաչողական այցը մեկնաբանում են առավել, քան այն կա:

Թարգմանիչ՝  Մերի Բաբայան (Meri Babayan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: