«Մեր հավատքը գողացել են». Ինչպես Հայ Առաքելական եկեղեցին հայտնվեց պառակտման եզրին

Քրիստոնեական հնագույն  եկեղեցիներից մեկում տարիներ շարունակ ծխացող  ներքին հակամարտությունը մոտ ժամանակներս կարող է վերաճել լայնածավալ ճգնաժամի: ԲիԲիՍի-ի ռուսական ծառայությունը պարզել է, որ հոգևորականության նկատմամբ աշխարհիկ սփյուռքի  կուտակած պահանջները համընկեցին Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) ներսում առկա ընդդիմադիր շարժումների հետ, իսկ Ռուսաստանի աշխարհիկ համայնքների դժգոհ առաջնորդները մի քանի ամիս է, ինչ շփվում են Հայաստանի ապստամբ հոգևորականների հետ:

Սիբիրում, Մերձվոլգայում և Ուրալում հայկական հասարակական կազմակերպությունների առաջնորդները մեղադրում են Հայ Առաքելական եկեղեցու ռուսաստանյան թեմին ռեյդերական հափշտակումների, ագահության, կառավարման ավտորիտար ոճի և սփյուռքը գժտելու փորձերի մեջ: Եկեղեցում ասում են, որ այդ մեղադրանքների հիմքում տգիտությունն ու փառամոլությունն են:

Միևնույն ժամանակ ՀԱԵ-ի հոգևորականության  մի մասը բացահայտ կարծում է, որ ռուսաստանյաց արքեպիոսկոպոս Եզրասի  հարազատ եղբոր` Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի գործողությունները կարող են հանգեցնել եկեղեցական կանոնների խախտման և հերձվածի:

Եթե ընդդիմադիր  այս երկու հոսանքները միավորվեն, ապա դա կարող է բերել ծխական համայնքների զուգահեռ ցանցի ստեղծման և փաստացի պառակտման:

Սակայն եկեղեցին կա՛մ չի նկատում հակամարտությունը, կա՛մ փորձում է անտեսել այն: Եզրաս արքեպիսկոպոսի մամուլի ծառայությունը պատասխանեց ԲիԲիՍի-ի բոլոր հարցերին երեք նախադասությամբ, որոնք հանգում են հետևյալ պնդմանը՝ «ՀԱԵ-ի Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի ծխական կյանքում ոչ մի խնդիր չկա»:

Ուդմուրտիայի հայ համայնքի առաջնորդ Մնացական Առաքելյանը Իժևսկի տաճարի ֆոնին

Ոչ այն է եկեղեցի է, ոչ այն է՝  առևտրի կետ 

«Սա իմ Լիանոչկան է: Հինգ տարի է՝ չէինք կարողանում նրան մկրտել, պատկերացնո՞ւմ եք: Տասնյոթ անգամ զանգահարել ենք թեմ, խնդրել քահանա ուղարկել: Ոչ ոք չի եկել», ” ասում է Արսեն Մոսոյանը` հեռախոսով ցույց տալով իր դստեր լուսանկարները:

Հուսալքվելով սպասել Մոսկվայից ՀԱԵ-ի քահանային՝ Իժևսկի հայերը վանական են հրավիրել Հայաստանից: Այդպես նրանք հայտնվեցին այն հակամարտության կենտրոնում, որը տարիներ շարունակ հասունանում էր Հայ եկեղեցու ներսում, բայց ի հայտ եկավ միայն հիմա:

Արսեն Մոսոյանը  բնակվում է Իժևսկում արդեն 26 տարի: Ծառայելով օդադեսանտային զորքերի Պսկովի  բաժանմունքում՝ նա վերադարձավ Ուդմուրտիա և սկսեց շինարարական բիզնես: Երբ հայ համայնքը որոշեց տաճար կառուցել Իժևսկում, նա օգնում էր հնարավոր ամեն ինչով: Աշխատանքից հետո  ընկերների հետ գալիս էր ապագա եկեղեցու մոտ, հիմքն էր դնում, պատերը կանգնեցնում և անձամբ բետոնապատում:

Իժևսկի հայկական եկեղեցին

Տաճարը կառուցվում էր Ուդմուրտիայի հայկական հասարակական կազմակերպության անդամների, նրա նախագահ Մնացական Առաքելյանի և Բաշկիրիայից կարեկից գործարարի դրամական միջոցներով: Ըստ Մոսոյանի՝ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի թեմը շինարարությանը չի մասնակցել:

2012 թվականին տաճարի շինարարությունն ավարտվեց, և համայնքը դիմեց Մոսկվային՝ Եզրաս արքեպիսկոպոսին՝ եկեղեցու օծման և քահանա ուղարկելու խնդրանքով: Ի պատասխան՝ արքեպիսկոպոսը խնդրեց եկեղեցու և հարող տարածքի նկատմամբ սեփականության իրավունքը վերաձևակերպել թեմի անունով, ընդունել ողջ իշխանությունը Մոսկվայի կողմից նշանակված վանահորը փոխանցելու կանոնադրությունը:

Համայնքը կատարեց այս պայմանները, սակայն տաճարը մնաց չօծված: Ինչպես ԲիԲիՍի-ին պատմեց համայնքային կազմակերպության նախագահ Մնացական Առաքելյանը՝ թեմը, իբր, առաջ է քաշել երկու հավելյալ պահանջ. համայնքից  պահանջեցին աշխատավարձ վճարել Մոսկվայից ուղարկվող քահանային (կատարվող ծեսերից ստացված եկամուտներից բացի ) և 1.2 միլիոն ռուբլի փոխանցել թեմի «կայունության հիմնադրամին»: Թեմը չի պատասխանել այս պայմանների վերաբերյալ ԲիԲիՍի-ի հարցին:

«Այս ամենը ինչ-որ տուրքեր էր հիշեցնում,- հառաչում է Մոսոյանը:- Թեմում բոլոր խոսակցությունները փողի մասին են։ Կարծես  սա ոչ թե եկեղեցի, այլ բիզնես է  կամ առևտրի կետ»։

Տաճար կառուցելով՝ Իժևսկի հայությունը կանգնեց թեմի մի շարք պահանջների առջև

Համայնքի ներկայացուցիչները խնդրում էին իջեցնել  գինը և իրենց վերապահել տաճարի կառավարման հարցերում ձայնի իրավունքը, քանի որ տաճարը կառուցվել էր սփյուռքի միջոցներով տեղական իշխանությունների կողմից անհատույց հատկացված հողի վրա: Բայց երկխոսություն տեղի չունեցավ:

Մոսկվայի կողմից  նշանակված քահանան իրավաբանորեն դարձավ ծխական համայնքի ղեկավար, բայց այդպես էլ չտեղափոխվեց Իժևսկ: Արդյունքում համայնքն արդեն 7 տարի է՝ եկեղեցու տարածքում անց է կացնում ազգային տոներ և դասընթացներ երեխաների համար, սակայն տաճարը և  դրան կից քահանայի քարե տունը մնում են դատարկ:

Նմանատիպ իրավիճակ, ինչպես պարզեց ԲիԲիՍի-ի ռուսական ծառայությունը,առկա է ոչ միայն Իժևսկում: Այժմ այս կամ այն փուլում գտնվող նմանատիպ հակամարտությունների  կարելի է հանդիպել Ալթայում, Կեմերովոյի, Կիրովի, Նովոսիբիրսկի և Սվերդլովսկի շրջաններում, ավելի վաղ հակամարտություն տեղի էր ունեցել նույն թեմի կազմում գտնվող Ռիգայի ծխական եկեղեցում: Աշխարհիկ համայնքում կուտակված պահանջների մասին խոսում են նաև Մոսկվայի նախաձեռնող խմբերը:

ԲիԲիՍի-ն հարցազրույցի հարցում է ուղարկել Եզրաս եպիսկոպոսին, սակայն մերժում է ստացել:

Թեմի հոգևոր ծառաներից մեկը ԲիԲԻՍի-ին տված հարցազրույցում հերքել էր աշխարհիկ համայնքների կողմից իրեն ներկայացված որոշ մեղադրանքներ, բայց որոշ ժամանակ անց հետ է զանգել և խնդրել  ոչ մի դեպքում իրեն չցիտել՝ հղում անելով հարցազրույցի համար օրհնության բացակայությանը:

Ի պատասխան պաշտոնական հարցման, որտեղ մանրամասն ներկայացված էին բարձրաձայնված մեղադրանքները՝ թեմի մամլո քարտուղարը  ուղարկեց հետևյալ նամակը (ներկայացված է ամբողջությամբ). «Ի պատասխան ձեր հարցին՝ տեղեկացնում ենք, որ ՀԱԵ-ի Ռուսաստանի և Նոր-Նախիջևանի թեմի ծխական կյանքում խնդիրներ չկան: Եթե որոշ անհատներ, ելնելով  սեփական շահադիտական նպատակներից, չարաշահում են ծխական կառուցվածքը, ապա դա ծխական համայնքի խնդիրը չէ։ Հետևաբար ձեր բարձրացրած հարցերը ոչ մի կերպ կապված չեն այն հոգևոր-ազգային գործունեության հետ, որն իրականացվում է թեմի և եկեղեցական ծխական համայնքների միջև»: 

«Հայ տերտերներ  չեն լինի, միայն ռուսներ»

Ամբողջ աշխարհում հայկական սփյուռքի համար եկեղեցին ավելին է, քան աղոթքի վայր լինելը: Միջնադարում սեփական պետականության կորստից հետո հայկական համայնքները կազմակերպվել են տաճարների շուրջ: Այնտեղ լուծվում էին հասարակական կյանքի հարցերը, պահպանվում էին ավանդույթները և հաստատվում գործնական կապեր:

Համայնքի և թեմի միջև բանակցությունները մտան փակուղի, և Իժևսկի տաճարը մնաց դատարկ

ԽՍՀՄ փլուզումից հետո ռուսական շրջանների հայկական համայնքները նույնպես սկսեցին ակտիվորեն եկեղեցիներ կառուցել` ավանդույթները պահպանելու և լեզուն ու ազգային մշակույթը հաջորդ  սերունդներին փոխանցելու համար: Բայց այս տաճարներից շատերն այժմ մնում են դատարկ: Եվ գրեթե ամենուր ասում են, որ սա եկեղեցական ղեկավարության հետ հարաբերությունների համակարգային խնդիրն է:

Կեմերովոյի շրջանի Նովոկուզնեցկ քաղաքի հայկական եկեղեցին նույնպես զրկվել է քահանայից: Տաճարը կառուցվել է տեղի համայնքի կողմից, որն էլ  հենց ապահովել է Մոսկվայից ուղարկված քահանայի աշխատավարձը: Երբ քահանան հեռացավ, պատճառ բերելով շրջանի ցրտաշունչ կլիման, նոր քահանա թեմի կողմից չնշանակվեց:

Թեմը  չպատասխանեց  տաճարների փակվելու մասին ԲիԲիՍի-ի հարցին:

Նովոսիբիրսկում հակամարտությունը դատարան է հասել: Ինչպես և ամենուր, համայնքը կառուցել է տաճարն իր սեփական միջոցների հաշվին և հողատարածքը փոխանցել է ՀԱԵ-ի տեղի մասնաճյուղի կառավարմանը՝ ընդունելով Մոսկվայից ուղարկված ծխական կանոնադրությունը:

Այնուհետև ծխական խորհուրդի և Մոսկվայից ուղարկված քահանայի միջև կոնֆլիկտ սկսվեց: Մեկենասների՝ քահանայի հետ բարձր տոներով  հերթական խոսակցությունից հետո նրանք անջատեցին տաճարի ջեռուցումն ու էլեկտրականությունը և հեռացան:

Ի պատասխան՝ թեմի որոշմամբ ծխական խորհուրդը լուծարվեց. ավագներին  փոխարինեցին Մոսկվային հավատարիմ մարդիկ:

«Մեզանից գողացան ամենասուրբը՝ հավատքը», ” ասում է Նովոսիբիրսկի շրջանի հայերի հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Խաչատրյանը՝ հավելելով, որ ինքն այն որակել է որպես ռեյդերային հարձակում: Նրա եղբայր Էդիկը, ով  ծխական խորհրդի նախկին անդամ էր, դատական հայց է ներկայացրել թեմի դեմ՝ փորձելով վիճարկել խորհրդի լուծարումը: Բայց դատարանը եկեղեցական առաջնորդների գործողությունները օրինական ճանաչեց:

Նույն կերպ Կիրովի շրջանի ծխական խորհուրդը, որի իրավունքները սահմանափակված էին Մոսկվայում գրված կանոնադրությամբ, կորցրեց սեփական միջոցների հաշվին կառուցված տաճարի նկատմամբ վերահսկողությունը: ԲիԲիՍի-ին տված հարցազրույցում տաճարի շինարարության գլխավոր հովանավոր Ֆուրման Աբրահամյանը պատմեց, որ խզել է արքեպիսկոպոսի հետ բոլոր կապերը և նրա գործողությունները համարում է անարժան:

Սեպտեմբերի 1-ին Գորնո-Ալթայսկում հայկական խաչքարը օծեց ռուս քահանան

Միմյանցից անկախ Ալթայի Հանրապետության և Կեմերովոյի շրջանի հայկական համայնքի ներկայացուցիչները որոշեցին չդիմել ՀԱԵ քահանաներին։ Խաչքարեր օծելու համար Համայնքների առաջնորդները պատմում են, որ ռուս քահանաներին հրավիրելու որոշումը, իբր, կայացվել է այն բանից հետո, երբ հայկական եկեղեցում հայտարարեցին, որ  կօծեն խաչքարերը, միայն եթե նրանց տակ գտնվող հողը փոխանցվի թեմին:

«Նրանք հայ ժողովրդի հովիվները չեն, այլ ինչ-որ մաֆիա», ” ասում է Ռուսաստանում հայերի միության կեմերովյան գրասենյակի նախագահ Գեորգի Անտոնովը:

Դրանից հետո նրանք որոշեցին, որ «միջոցառմանը հայ տերտերներ չեն լինի, միայն ռուսներ», և օգնության համար դիմեցին Ռուսաստանյաց Ուղղափառ եկեղեցու քահանաներին: Ռուս քահանաներն  օծել էին նաև խաչքարեր Թաթարստանում և Վոլոգդայի շրջանում:

Թեմը չի պատասխանել սփյուռքի մի մասի Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցու տանիքի տակ փաստացի տեղափոխվելու մասին ԲիԲիՍի-ի հարցին:

Ոչ միայն մարզերը

Ռուսաստանի քաղաքներում  առկա բազմաթիվ հակասություններ կարող էին ընկալվել կենտրոնական իշխանության և շրջանների միջև դիմակայության տրամաբանության շրջանակում: Սակայն հայ համայնքի ներսում միասնություն չկա նաև Մոսկվայում:

«Հայ եկեղեցին «գրավել» են անձինք, ովքեր զբաղված են ուրիշի ունեցվածքի գլոբալ յուրացմամբ», ” ԲիԲիՍի-ին տված հարցազրույցում ասաց Մոսկվայում ՀԱԵ վանական  համալիրի շինարարության հովանավոր և կապալառու ընկերության սեփականատեր Ռուբեն Գրիգորյանը:

2015 թվականին Մոսկվայի եկեղեցու տարածքում բացվեց հայկական թանգարան, սակայն շուտով տրամադրված տարածքը հետ վերցրվեց

Տաճարի կառուցման գործում ունեցած դերի համար  կառուցապատողին շնորհվել է ՀԱԵ-ի բարձրագույն մրցանակը` Սուրբ Գրիգոր Լուսավորչի շքանշան, սակայն Եզրաս արքեպիսկոպոսի հետ կոնֆլիկտից հետո նա չի այցելում եկեղեցի և սատարում է ՀԱԵ-ի ղեկավարությունը փոխելու պահանջը:

2015 թվականին Գրիգորյանը հովանավորում է տաճարի տարածքում «Մոսկվայի և ազգերի մշակույթի հայկական թանգարանի» ստեղծումը` ներշնչվելով մոտակայքում բացված հրեական թանգարանով և հանդուրժողականության կենտրոնով: Սակայն թանգարանի բացումից շատ ժամանակ չանցած  Եզրաս արքեպիսկոպոսը որոշեց ստեղծել իր սեփական թանգարանը և զրկեց բարերարին և իր թանգարանին տարածքից: Թեմը հայտարարեց, որ Գրիգորյանը միջոցառումներ էր կազմակերպում առանց հոգևորականության օրհնության, իսկ թանգարանը գանձում էր մուտքի վճարներ: Բարերարն այս փաստերը հերքում է:

«Ռուսաստանի մայրաքաղաքի հայ երիտասարդության շրջանում ՀԱԵ-ի հոգևորականները բացարձակ բացասական վերաբերմունք ունեն», ” նշում է Դավիթ Տոնոյանը՝ Ռուսաստանի հայերի ասոցիացիայի համահիմնադիրը և Գրիգորյանի ստեղծած թանգարանի ղեկավարը: Ըստ նրա՝ հոգևորականները «հայ երիտասարդության հետ ոչ մի կապ չունեն»:

Տոնոյանը տարակարծության առանցքային դրվագ և բարդ հարաբերությունների օրինակ   է համարում 2018 թվականի ապրիլին Մոսկվայի Վերափոխման հայկական մայր տաճարում տեղի ունեցած դեպքը: Այն ժամանակ մի քանի հարյուր մոսկովյան հայեր հավաքվել էին տաճարի տարածքում՝ ի պաշտպանություն Երևանում անցկացվող քաղաքական բողոքների ինքնաբուխ հանրահավաք անցկացնելու: Շուտով  ոստիկանության ուժեղացված ջոկատներ մոտեցան տաճարին, և մի քանի տասնյակ մարդ ձերբակալվեց:

Գարեգին Բ-ն իր պատրիարքության 20 տարվա ընթացքում բազմիցս մեղադրվել է ավտորիտարիզմի մեջ

Տոնոյանն ինքը հենց այդ օրը քահանաների հետ զրույցի ընթացքում ձերբակալվել է: Նա մինչ այսօր  համոզված է, որ ոստիկանության հատուկ ջոկատները հենց Եզրաս արքեպիսկոպոսի կանչով են հասել: Ի պատասխան միջադեպի վերաբերյալ հայաստանյան լրատվամիջոցների հրապարակումների՝ թեմի մամուլի ծառայությունը հայտարարեց, որ այդ ամենը ճիշտ չէ, և ոստիկանություն կարող էին կանչել հարակից տների բնակիչները:

Ցավոտ կենտրոնացում

Համայնքների մեղադրանքներն ու պահանջները,  վերջին հաշվով, վերաբերում են Հայ Եկեղեցու ղեկավարության երկու անհատների՝ ՀԱԵ-ի Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին և նրա ավագ եղբորը՝  Ամենայն Հայոց Կաթողիկոս և Հայրապետ Գարեգին Բ-ին, ով էլ նշանակել էր Եզրասին այդ պաշտոնում:

Գարեգին Բ-ն ՀԱԵ-ն ղեկավարում է 1999 թվականից: Անցած 20 տարիների ընթացքում ժողովուրդը, քահանաները և նույնիսկ  հայկական երկու պատրիարքություններ՝ Երուսաղեմը և Կոստանդնուպոլիսը, քննադատել են նրան եկեղեցական կյանքի նյութական կողմին  առավել հարելու և կառավարման ավտորիտար ոճի համար:

ԲիԲիՍի-ին տված հարցազրույցում Օքսֆորդի համալսարանի Արևելքի ինստիտուտի պրոֆեսոր Հրաչ Չիլինգիրյանը նշում է, որ Գարեգին Բ-ի օրոք եկեղեցու կառավարումը կենտրոնացնելու ձգտումը դարձավ ՀԱԵ-ի և սփյուռքի հարաբերությունների հիմնական խնդիրը:

Պաշտոնական ՀԱԵ-ի հետ հարաբերությունները խզած Ռուսաստանի ծխական համայնքները կապեր են հաստատում եկեղեցական ընդդիմության հետ

«Կենտրոնացման հիմնական գործիք դարձավ ամբողջ աշխարհում Հայ Եկեղեցու համար միասնական կանոնադրությունների ներդրումը», ” ասում է Չիլինգիրյանը: Ըստ սոցիոլոգի՝ այս կանոնադրությունները համայնքներում տարաձայնություններ և վեճեր առաջացրին, հենց դրանք էլ պատճառ դարձան մի շարք  կոնֆլիկտների, որոնք ընդհատեցին շատ վաստակավոր քահանաների կարիերան և «եկեղեցական հիերարխիայի նկատմամբ անվստահություն ծնեցին»:

Հայկական որոշ ԶԼՄ-ներ գրում էին, որ Գարեգին Բ-ն հոգևոր աստիճանից  զրկել է ավելի շատ հոգևորականների և վանականների, քան նախորդ 300 տարիների ընթացքում նրա բոլոր նախորդողները միասին: Չիլինգիրյանի կարծիքով՝ չնայած ոչ ոք չգիտի հոգևոր աստիճանից զրկված քահանաների ճշգրիտ թիվը, այն միանշանակ պատմական չափանիշներով դիտարկելիս անսովոր բարձր է:

Ռուսական սփյուռքում ներկայիս հակամարտությունն իր բնույթով եզակի է, սակայն կաթողիկոսի՝ օտարերկրյա ծխական համայնքների վրա վերահսկողություն հաստատելու փորձերն արդեն իսկ հանգեցրել են աղմկոտ վիճաբանությունների: 2011 թվականին Նիցցայի և Ժնևի համայնքները դուրս եկան ՀԱԵ-ի նվիրապետության հնազանդությունից: Նրանք հրաժարվում էին ընդունել Հայաստանից պարտադրված կանոնադրություններն ու քահանաներին:

Աշխարհիկ քաղաքականությունն ու եկեղեցական ընդդիմությունը

2018 թվականին` Նիկոլ Փաշինյանի նոր վարչապետ ընտրվելուց շատ չանցած, Հայաստանի ներսում ևս բաց ընդդիմություն առաջացավ կաթողիկոսի դեմ: 

2018 թվականի զանգվածային ցույցերի ժամանակ, երբ տասնյակ հազարավոր մարդիկ ամբողջ երկրով ձգտում էին խաղաղ իշխանափոխության,  հոգևորականների և հավատացյալների մի խումբ որոշեց, որ եկել է նաև եկեղեցու ներսում բարեփոխումներ իրականացնելու ժամանակը:

Միավորվելով «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման շուրջ՝ նրանք պահանջեցին կաթողիկոսի և մի շարք եպիսկոպոսների հրաժարականը և նոր առաջնորդի ընտրությունների անցկացում:

Շարժման հոգևոր առաջնորդ դարձավ հայկական քրիստոնեության ամենահին կառույցներից մեկի` Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի Սուրբ Գայանե վանքի խարիզմատիկ և ավանդապաշտ վանական հայր Կորյունը (Առաքելյան):

Հայր Կորյունը, ով ուսումնասիրել է Սիրիայում և Եգիպտոսում ՀԱԵ-ին ազգակից հին արևելյան եկեղեցիների վանական կյանքը, ավանդույթներին խիստ հավատարիմ անձի հեղինակություն է վայելում, նաև հայտնի է որպես հետխորհրդային Հայաստանում առաջին ամբողջապես արական վանական միության և եղբայրության ստեղծող:

Հայաստանում իշխանափոխությունից հետո վանահայր Կորյունը պահանջեց կաթողիկոսի հրաժարականը

«Մեր կաթողիկոսը չունի այն հավատը, որը յուրաքանչյուր հասարակ հավատացյալ տածում է Աստծո հանդեպ, ” ասել է  հայր Կորյունը լրագրողներին 2018 թվականի հունիսին:- Եկել է պահը, որ եկեղեցին ազատվի, մաքրվի, պահը, որ մենք ունենանք անբասիր պատրիարք՝ անբիծ վարվելաձևով, սեր առ իր հոտը տածող և աղոթքը մեծարող»:

Ի պատասխան՝ Կաթողիկոսը զրկեց հայր Կորյունին սրբազան հոգևորական աստիճանից՝ «հոգևորականի համար ոչ պատշաճ պահվածքի և հակադավանական գործունեության համար» և նրան հեռացրեց վանքի կառավարման գործերից:

Որոշմանը հրապարակայնորեն աջակցեցին մի շարք եպիսկոպոսներ, իսկ Շիրակի Միքայել եպիսկոպոսը (Աջափայան) իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց վանականի «բարոյական մահվան» մասին։

ԲիԲիՍի-ի թղթակցի հետ զրույցում հայր Կորյունը հերքեց նմանատիպ մեղադրանքները: Ըստ նրա՝ եկեղեցու իրական առաջնորդը «հերձվածի մեջ թաթախված» Գարեգին Բ-ն չէ, այլ Հիսուս Քրիստոսը:

Վանահայրը վստահ է, որ նոր կաթողիկոսի ընտրվելուն պես վերջինս անմիջապես կվերականգնի իր նախորդի կողմից հոգևորական աստիճանից զրկված բոլոր քահանաներին:

Ուղղափառ բարեփոխիչը

Հոգևոր աստիճանից զրկումը չկանգնեցրեց վանահորը: Չնայած ֆորմալ առումով նա իրավունք չունի անգամ վանական զգեստ կրելու, ապրիլին հայր Կորյունը, աջակիցների ոչ մեծ խումբ գլխավորելով, տեղի համայնքի առաջնորդի հրավերով ժամանեց Իժևսկ։ Այնտեղ նա պատարագ մատուցեց և մկրտեց մի քանի տասնյակ մարդկանց:

2018 թվականին մոսկովյան հայերի հավաքը՝ ի պաշտպանություն հայրենակիցների, ցրեց ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը

«Հայր Կորյունը զարմացրեց մեզ, -պատմում է Արսեն Մոլոյանը, ով հինգ տարի է, ինչ սպասում էր, որ պաշտոնական եկեղեցին քահանա ուղարկի իրենց քաղաք:” Եկավ։ Անվճար մկրտեց երեխաներին։ Նաև ժամերգություն իրականացրեց, օծեց և աղոթեց։ Իրեն համեստ  էր պահում, քիչ էր ուտում։ Զարմանալի մարդ է»:

Մոլոյանն ասում է՝ հայր Կորյունի հետ հանդիպումից հետո այլևս չի ցանկանում շփվել «Մոսկվայից ուղարկված Եզրասի՝ հոգևորականությունից զուրկ քահանաների հետ»: 

ԲիԲիՍի-ին տված հարցազրույցում հայր Կորյունն առաջին անգամ հայտնեց, որ կմասնակցի ՀԱԵ-ի նվիրապետության հետ հարաբերությունները խզած ռուսական ծխական համայնքների համար  քահանաների պատրաստմանը:

Նրան աջակցում է Ռուսաստանում բնակվող Տիրան արքեպիսկոպոսը (Կյուրեգյան), ով կաթողիկոսի հրամանով զրկվել էր հոգևոր աստիճանից՝ արքեպիսկոպոս Եզրասի հետ ունեցած 2000-ականների սկզբին հայ համայնքը ցնցած տևական հակասությունից հետո։

Տիրան արքեպիսկոպոսը Եզրասի նախորդողն էր Ռուսաստանի թեմում: Եվ, ըստ երևույթին, նա կարող է առաջնորդել այն նոր կառույցը, որի շուրջ կարող են միավորվել կաթողիկոսի և նրա եղբոր կողմից չվերահսկվող ծխական համայնքները:

Նոր քահանաների ձեռնադրումը առանց եկեղեցու ղեկավարի օրհնության իրականում նշանակում է այլընտրանքային կառույցի ստեղծում: Տեր Կորյունն ասում է, որ ինքն անկախ ծխականությունների ստեղծումը պառակտում չի համարում: Նրա պնդմամբ՝ եթե կաթողիկոսը հերձվածի մեջ է մեղադրվել և խախտել է եկեղեցական կանոնները, ապա վանականներն ազատվում են նրան հնազանդվելու անհրաժեշտությունից:

Տեր Կորյունը կարծում է, որ կաթողիկոսը հերձվածի մեջ է մեղադրվում և պետք է փոխարինվի

«Ինձ համար եկեղեցին Գարեգինը չէ, այլ մեր  հայր սրբերը, ” ասում է հայր Կորյունը։ ” Լավ է դժոխք գնամ հայրերի հետ, քան նրա հետ՝ դրախտ»: Եվ ժպտալով ավելացնում է. «Սա կատակ է»:

Նյութը թարմացվել է՝ Նովոկուզնեցկի տաճարի մասին նոր տեղեկություններ ներառելու համար:

Թարգմանիչ՝ Մերի Բաբայան  (Mery Babayan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: