35 %-ի ռազմավարություն. ինչպե՞ս է պատրաստվում Բ. Ջոնսոնը հաղթել նոր ընտրություններում

Հաջորդ ընտրություններում Ջոնսոնը պարտադիր չէ, որ ջախջախիչ հաղթանակ տանի: Բայց ձայների 35%-ը նա լիովին ի զորու է հավաքել, ինչն էլ ընդդիմության մասնատման պատճառով  բավարար կլինի խորհրդարանում մեծամասնություն ձևավորելու համար: Այդ 35%-ը կներառի կոշտ Բրեքսիթի կողմնակիցներին, ինչպես նաև գիտակից ընտրողներին, ովքեր պարզապես հոգնել են անորոշությունից և ցանկանում են անհապաղ  վերջ դնել դրան:

Բորիս Ջոնսոնի՝ Եվրամիությունից ցանկացած գնով հեռանալու ցանկությունն  անմիջապես լուրջ խոչընդոտների հանդիպեց: Խորհրդարանում հենց առաջին քվեարկության ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետը չկարողացավ հավաքել ձայների մեծամասնությունը և զիջեց ընդդիմությանը, ինչը Բրիտանիայում տեղի չէր ունեցել 1894 թվականից ի վեր: Ջոնսոնին բոլոր տարբերակները բաց պահել թույլատրելու փոխարեն, այդ թվում՝ Եվրամիությունից առանց համաձայնագիր դուրս գալը, խորհրդարանն ընդունեց հակառակ որոշում. արգելեց խորհրդարանին հոկտեմբերի 31-ին անցկացնել Բրեքսիտն առանց գործարքի՝ ոչնչացնելով Բրյուսելի հետ բանակցություններում  վարչապետի սպառնալից մարտավարությունը:

Ավելին, իշխող պահպանողականներից 21 պատգամավոր դեմ դուրս եկավ Ջոնսոնին: Ըմբոստներին հեռացրին կուսակցությունից, և այժմ Համայնքների պալատում մեծամասնության համար վարչապետին  չի բավարարում 40 ձայն: Բայց Ջոնսոնին շարքերից հանելը դեռ վաղ է: Չնայած աղմկալի ձախողումներին` նա դեռևս շարունակում է մնալ հաղթողի գլխավոր հավակնորդը նոր ընտրություններում, որոնք խորհրդարանը վաղ թե ուշ ստիպված կլինի ացնկացնել:

Ջոնսոնը որպես սպառնալիք

Ջոնսոնի նախնական ռազմավարությունը` առանց գործարքի Բրեքսիթի սպառնալիքով ԵՄ-ից նոր զիջումներ կորզելը, սրընթաց տապալվում է: Ցավոտ պարտությունից և խորհրդարանում մեծամասնության  կորստից բացի՝ անցած շաբաթ Շոտլանդիայի դատարանը անօրինական համարեց սեպտեմբերի 9-ից 5 շաբաթով Համայնքների պալատի աշխատանքը կանգնեցնելու վարչապետի որոշումը:  Դատավճռի համաձայն՝ Ջոնսոնը ստել է Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն, երբ խնդրել է նրան հավանություն տալ խորհրդարանի աշխատանքային գրաֆիկի փոփոխությանը: Պաշտոնապես նա պնդում էր, որ դա անհրաժեշտ էր կառավարության օրենսդրական օրակարգի թարմացման համար: Դատավորները որոշեցին, որ իրականում Ջոնսոնը ցանկանում էր սահմանափակել առանց գործարքի Բրեքսիտը խոչընդոտելու պատգամավորների հնարավորությունը: 

Ի պատասխան՝ Ջոնսոնը  ի վիճակի չէ նույնիսկ արտահերթ ընտրությունների անցկացման համար գործընթաց սկսել: 2011 թվականին ընդունված օրենքի համաձայն՝ դրա համար անհրաժեշտ է Համայնքների պալատի երկու երրորդի համաձայնությունը: Բայց պատգամավորները դեռ հրաժարվում են ընտրություններից: Նրանք պատրաստվում են «պատանդ պահել» կառավարությանն այնքան, քանի դեռ հոկտեմբերին առանց գործարքի  Բրեքսիթի անցկացման ռիսկը չի հասցվել զրոյի: Պատգամավորների կարծիքով կառավարությունը մինչև հոկտեմբերի 19-ը պետք է կամ հաստատի դուրս գալու մասին ԵՄ-ի հետ գործարքը, կամ խնդրի Բրյուսելին հետաձգել Բրեքսիթը մինչև 2020 թվականի հունվար:

Այս ամենը խանգարում է Ջոնսոնի պլանավորած՝ բաժանման մասին Եվրամիությունից առավել շահավետ համաձայնագիր կորզելու ռազմավարությանը: Ջոնսոնի  հաշվարկը հիմնված էր նրա վրա, որ եթե առանց գործարքի Բրեքսիթի սպառնալիքը դառնա իրական, ապա Բրյուսելը կվախենա ծախսերից և կհամաձայնի նոր զիջումների: Խորհրդարանում ևս Ջոնսոնի գործարքը կնախընտրեն Եվրամիությունից դուրս գալուն: Բայց հիմա, երբ առանց գործարքի Բրեքսիտի հնարավորությունը արգելափակված է, դժվար կլինի իրագործել այս մարտավարությունը:

Այժմ վարչապետը շարունակում է պնդել իրենը. 2016-ի հանրաքվեին բրիտանացիները կատարեցին իրենց ընտրությունը, և կառավարությունն ամեն գնով կյանքի կկոչի այն: Խորհրդարանը չի կարող ընդմիշտ հետաձգել նոր ընտրությունները: Եվ հենց որ դրանք անցկացվեն, Ջոնսոնը հաղթանակ կտանի և իրեն կվերադարձնի  գլխավոր զենքը, այն է՝ ընտրողներից կստանա առանց գործարքի Բրեքսիթի արտոնություն, որի միջոցով կկարողանա կրկին սպառնալ Բրյուսելին և պատգամավորներին:

Իսկապես, Ջոնսոնն ունի հաջորդ ընտրություններում հաղթելու բոլոր հնարավորությունները: Շատերին գուցե դուր չի գալիս ԵՄ-ից դուրս գալու նրա ռազմավարությունը, բայց ընդդիմությունն այն ընդհանրապես չունի: Լեյբորիստները ոչ մի կերպ չեն  կարողանում կողմնորոշվել՝ կշարունակե՞ն բանակցությունները ԵՄ-ի հետ, թե՞ կաջակցեն Բրեքսիթի չեղարկմանը երկրորդ հանրաքվեի ընթացքում: Եվրոպամետ լիբերալ-դեմոկրատները ընդհանրապես կողմ էին Բրեքսիթի չեղարկմանը առանց պլեբիսցիտի և միայն հասարակական դժգոհությանը բախվելով՝ շտկեցին իրենց դիրքորոշումը՝ համաձայնել հանրաքվեի, եթե  նոր ընտրությունների արդյունքում իրենք մեծամասնություն չստանան:

Տարաձայնությունների և ծրագրերի աղոտ լինելու պատճառով լեյբորիստները և լիբերալ-դեմոկրատները ստիպված են շեշտը դնել Ջոնսոնին քննադատելու վրա: Նրա արդեն իսկ պարտված կառավարության  ոչնչացումը շարունակվում է: Օրերս պատգամավորները կառավարությանը ստիպեցին հրապարակել առանց գործարքի Բրեքսիթի հետևանքների վերլուծությանը վերաբերող գաղտնի փաստաթղթեր: Եվ Ջոնսոնի նախարարներից և խորհրդատուներից պահանջեցին փոխանցել իրենց անձնական նամակագրությունը, որտեղ նրանք քննարկում էին  խորհրդարանի աշխատանքը կասեցնելու կառավարության որոշումը: Այս ամենը պետք է բարձրացնի ընտրողների մոտ կործանման զգացողությունը, ինչին և բերում է պահպանողականների քաղաքականությունը:

Անձամբ Ջոնսոնին, մեղադրում են բռնատիրական վարվելաձևի և Բրիտանիայի սահմանադրական կարգի տապալման մեջ: Նրան հիշեցնում են նախկին կանանց դավաճանելու և լրագրողական անցյալից  հանդուգն հոդվածների մասին: Քննադատության գլխավոր հաղորդագրությունը պարզ է. Բրեքսիտի հարցում ոչինչ դեռ պարզ չէ, բայց դրա հետ հեշտ կլինի գլուխ հանել հետագայում, երբ կառավարությունում արկածախնդիր Ջոնսոնին կփոխարինեն  պարկեշտ և պատասխանատու մարդիկ:

Եթե ոչ Ջոնսոնը, ապա ո՞վ

Սակայն, ընդդիմության նման մարտավարության արդյունավետությունը կասկածելի է: Առանց գործարքի Բրեքսիթի վտանգները գրառելն այդքան էլ շահեկան միջոց չէ, ինչպես թվում է: Ընտրողների համար դժվար է այդ ռիսկերը իրենց վրա զգալը: Դա նման է առողջ ծխողին  ծխախոտի վտանգների մասին պատմելուն. առողջության համար դրա վտանգավոր լինելուն քչերն են կասկածում, բայց այն չափազանց վերացական է:

Մեկ այլ խնդիր էլ կա: Առանց գործարքի Բրեքսիթից հնարավոր է խուսափել միայն երկու եղանակով` չեղարկել այն ընդհանրապես  կամ լքել ԵՄ-ն գործարքով: Մինչ այժմ ընդդիմադիր պատգամավորներն արգելափակում էին այս երկու տարբերակները. նրանք երեք անգամ մերժեցին Բրյուսելի հետ կառավարության համաձայնագիրը, բայց Բրեքսիտը չեղարկել ևս չցանկացան: Այդ պատճառով  պետք չէ զարմանալ սոցհարցումների արդյունքներից, որոնք ցույց են տալիս, որ ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալու պատասխանատվությունն ընկնելու է ոչ միայն վարչապետի, այլև՝ պատգամավորների վրա:

Ջոնսոնին քննադատելով ևս հեռու չես գնա: Բրիտանացիները ունեն հարցեր՝  կապված նրա կոմպետենտության և ազնվության հետ, բայց Ջոնսոնը, ամեն դեպքում, ռասիստ և բռնակալ լինելուց էլ է հեռու, ինչպիսին նրան ցանկանում է ներկայացնել ընդդիմությունը: Բրեքսիթն ավարտին հասցնելու վարչապետի ձգտումը, ընդհանուր առմամբ, պարզ է ընտրողներին. բրիտանացիների 54%-ը անհրաժեշտ է համարում 2016 թվականի հանրաքվեի արդյունքների պահպանումը: Ավելին, 50%-ը ոչ ժողովրդավարական համարեց պատգամավորների գործողությունները, որոնք խանգարում  են Բրեքսիթի կայացմանը: Եվ հետո, այդ ի՞նչ բռնակալ է, ով ինքն է խնդրում պատգամավորներին նոր ընտրություններ անցկացնել, իսկ նրանք հրաժարվում են:

Ի վերջո, եթե ընդդիմությունը պատրաստվում է քարոզարշավ անցկացնել՝ շեշտը դնելով վարչապետի թեկնածուների վրա, նրանց չէր խանգարի  իրենց համար Ջոնսոնին այլընտրանք գտնել: Լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինն ակնհայտորեն հարմար չէ այդ դերի համար: Ըստ վարկանիշների՝ նա զիջում է Ջոնսոնին 20 կետով: Բրեքսիթի վերաբերյալ Ջոնսոնի ռազմավարությանը վստահում է բրիտանացիների ընդամենը 34%-ը, բայց Քորբինի ռազմավարությանը՝ ընդհանրապես 13%-ը: Ընտրողների զգալի մասին անհանգստացնում են նաև լեյբորիստների ձախ արմատական տնտեսական ծրագրերը:

Բրեքսիթը բրիտանական քաղաքականության ամենակարևոր, բայց միակ թեման չէ: Մինչ ընդդիմադիրները հիշեցնում են Ջոնսոնին, որ ժամանակին նա գրել է մահմեդականների մասին, վարչապետն ինքը հայտարարում է պոպուլիստական ​​նոր միջոցառումների մասին՝ լինի դա առողջապահական ծախսերի բարձրացումը, թե ոստիկանության ֆինանսավորման ավելացումը:

Ի վերջո, ընդդիմադիր ընտրողները գրեթե հավասարաչափ  բաժանված են  լեյբորիստների (23%) և լիբերալ-դեմոկրատների (19%) միջև, ինչը բրիտանական մաժորիտար համակարգի պայմաններում կարող է շատ թանկ արժենալ թե՛ առաջինների, և թե՛ մյուսների համար:   

Այս ամենը չի նշանակում, որ հաջորդ ընտրություններում Ջոնսոնը ջախջախիչ հաղթանակ կտանի: Բայց ձայների 35%-ը նա լիովին ի զորու է հավաքել, ինչն էլ ընդդիմության մասնատման պատճառով բավարար կլինի խորհրդարանում մեծամասնություն ձևավորելու  համար: Այդ 35%-ը կներառի կոշտ Բրեքսիթի կողմնակիցներին, ինչպես նաև գիտակից ընտրողներին, ովքեր պարզապես հոգնել են անորոշությունից և ցանկանում են անհապաղ   վերջ դնել դրան:

Լեյբորիստները կարող էին իրավիճակը շրջել իրենց օգտին՝ Բրեքսիթի վերաբերյալ սեփական հստակ առաջարկները ներկայացնելով: Բայց դա  նրանց համար այդքան էլ հեշտ չէ: Նրանք չափազանց սովոր են հավասարակշռել ԵՄ-ի օգտին հանդես եկող երիտասարդության և Բրյուսելի հանդեպ թերահավատորեն տրամադրված բանվոր դասակարգի միջև:

Եթե ​​լեյբորիստները  աջակցեն Բրեքսիտի վերաբերյալ  կրկնակի հանրաքվեն, ապա նրանք ռիսկի կդիմեն կորցնել աշխատավորների աջակցությունը: Եթե հանդես գան ​​ ավելի մեղմ պայմաններով ԵՄ-ից դուրս գալուն կողմ, ապա կզրկվեն աջակիցների մի մասից  երիտասարդության և լիբերալ միջին խավի շրջանում:

Ընդդիմությանը շատ ավելի կօգներ միմյանց միջև շրջանների այնպիսի բաժանումը, որի դեպքում  լեյբորիստները և լիբերալ-դեմոկրատները իրարից ձայներ չխլեն: Բայց դա էլ դեռ չի նշմարվում: Լիբերալ-դեմոկրատների ​​առաջնորդ Ջո Սվինսոնը մի քանի անգամ հրաժարվել է  համագործակցել Կորբինի հետ, նրան վախեցնում է Կորբինի հակասեմիտ լինելու հեղինակությունը և Բրեքսիթին նախկինում աջակցելը: Փոխարենը, Սվինսոնը լրջորեն հավատում է, որ ԵՄ-ից դուրս գալու իր միանշանակ դատապարտումը կօգնի իրեն դառնալ վարչապետ՝ կրկնելով նորացված լիբերալների, ինչպիսին է Էմանուել Մակրոնը, հաջողությունները: Այդ իսկ պատճառով  ընդդիմությունը կարող է որքան ուզում է նախատել Ջոնսոնին ինքնակամության և բանակցելու անկարողության համար, բայց նրան իշխանությունից հեռացնել խանգարում են հենց նույն որակները: 

Թարգմանիչ՝  Սաթենիկ Էվաջյան (Satenik Evajyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: