Ջազի մասին հատուկ անգլերենով

Ապրիլի 30-ին, Ջազի միջազգային օրը (International Jazz Day), Ավստրալիայի Մելբուրն քաղաքում մեծ գալա-համերգով ավարտվեց Ջազի միամսյակը (Jazz Appreciation Month), որը նշվում է աշխարհում 2012 թ.-ից: Համերգին ելույթ ունեցան ջազի ներկայիս աստղերը՝ Հերբի Հենքոքը, Ջոն Բիզլին, Բրայան Բլեյդը, Իգոր Բուտմանը, Կուրտ Էլլինգը, Բեն Ուիլյամսը, Լիզ Ռայթը և այլոք: Ջազի միջազգային օրը սահմանվել է ՅՈՒՆԵՍԿO-ի կողմից Տելոնիուս Մոնքի ջազի ինստիտուտի հետ միասին 2011 թ.՝ ամբողջ աշխարհում նրա մասսակյականացման նպատակով և ժողովուրդների միջև խաղաղության և ընկերության առաջխաղացման գործում նրա ունեցած ավանդը հիշատակելու համար: Անցած տարի Ինստիտուտը վերանվավել է ջազային դաշնակահար և կոմպոզիտոր Հերբ Հենքոքի Ինստիտուտի՝ ի պատիվ ջազի ճանաչման գործում նրա ունեցած բազմաթիվ ձեռքբերումների:

Ջազի տոնը անցկացվել է աշխարհի գրեթե երկու հարյուր երկրներում, և Հայաստանը բացառություն չէր: Հատուկ միջոցառումներ և համերգներ են անցկացվել ակումբներում, համերգային հարթակներում, հնչել են ռադիոկայանների եթերներից: Հազարավոր մարդիկ դարձան գեղեցիկ երաժշտության ունկնդիրներ, որի անունն է ջազ: Եվ քչերը այդ օրը հիշեցին այն մարդու անունը, ումից, կարելի է ասել, սկսեց ջազի նկատմամբ սերը նախկին Խորհրդային Միության և Արևելյան Եվրոպայի տարածքում:

Ինչի՞ց սկսվեց ամեն ինչ

Եթե Երևանի 60 տարեկանից բարձր ջազի երկրպագուներից յուրաքանչյուրին հարցնեն, թե ինչից է սկսել նրանց սերը երաժշտության այդ ժանրի նկատմամբ, ապա նրանք անկասկած կտան Ուիլիս Կոնովերի անունը: Չնայած, ո՛չ, ամեն ինչ սկսել է 5-6 տարի ավելի վաղ, երբ պատերազմի ավարտից հետո հայտնվեցին ֆիլմեր, որոնք ստացվել էին ԱՄՆ-ից՝ Let George Do It!, և, իհարկե, «Արևային դաշտավայրի սերենադը»: Այդ ժամանակ արդեն խորհրդային մարդիկ կարող էին ծանոթանալ իրական ամերիկյան ջազի հետ (այն, ինչը հնչում էր խորհրդային էստրադայում, չնայած որ կրում էր «ջազ» անունը, ջազ անվանել բավականին բարդ էր): Իսկ այն, ինչ կատարվեց մարդկանց ճաշակի հետ 1956 թվականին, դժվար է գերագնահատել Արևելյան Եվրոպա և ԽՍՀՄ-ի տարածք ջազի ներխուժման տեսանկյունից: Հենց այդ տարի սկսեց «Ամերիկայի ձայնը» երաժշտական ծրագրի հեռարձակումը, որը վարում էր Ուիլիս Կոնովերը: Գրեթե 40 տարի նա ջազ էր սովորեցնում տասնյակ միլլիոնավոր ունկնդիրներին: Հենց այսքան թվով ռադիոներ էին միանում նշանակված օրը և ժամին, և բարձրախոսներից հնչում էր իրական ջազային երաժշտություն, լսվում էր Կոնովերի փափուկ բարիտոնը: Շաբաթվա մեջ վեց օր նա վարում էր երկժամյա հաղորդում, որի սկզբում հստակ լսվում էր նրա ձայնը. «This is Willis Conover, Music USA, Jazz Hour».

Հարցրեք ջազի յուրաքանչյուր ստաժավոր երկրպագուին և նա առանց մտածելու կասի, որ հենց այդ հաղորդումների շնորհիվ է դարձել այս երաժշտության երկրպագու: Գաղտնիքը նրանում է, որ այդ տարիներին, պատերազմից անմիջապես հետո, երբ իջավ «երկաթե վարագույրը» և սկսվեց սառը պատերազմը, ջազը դասվեց «բուրժուական երաժշտության», «գերերի երաժշտության» շարքին և, կարելի է ասել, արգելվեց: Ինչպես, պետք է նաև նշել, Գերմանիայում: Դիկտատորները լավ գիտեին, որ ջազը ազատության երաժշտություն է և զգում էին դրա ավերիչ ուժը: Իսկ այդ երաժշտությունը տալիս էր ինչ-որ իմպուլս, ապրելու, զարգանալու և շնչելու ցանկություն: Եվ նման կատալիզատոր դարձավ Ուիլիս Կոնովերը իր հաղորդումով:

Ո՞վ է Ուիլիս Կոնովերը

Ուիլիս Կլարկ Կոնովերը (Willis Clark Conover) ծնվել է 1920 թ. դեկտեմբերի 18-ին Նյու-Յորքում: Կոնովերի հայրը պնդում էր, որ որդին ընդունվի «Ցիտադել» զինվորական ուսումնարան Հարավային Կարոլինայում, և շարունակելով ընտանեկան ավանդույթը, դառնա զինվորական: Հակառակ հոր ցանկություններին, Ուիլիսը ընդունվեց Մերիլենդ նահանգի Սելիսբուրիի համալսարան: Արդեն տասնհինգ տարեկանում նա սկսեց հրատարակել The Science Fantasy Correspondence ամսագիրը, իսկ տասնինը տարեկանից սկսեց աշխատել WTBO ռադիոկայանում: Հետո զինվորական ծառայություն, իսկ 1949 թվականին տեղի ունեցավ նրա առաջին շփումը ջազի հետ. նրան հանձնարարվել էր վարել Դյուք Էլինգթընի օրկեստրի համերգը: Մինչ այդ նա լսել էր նրանց միայն ռադիոյով կամ ձայնասկավառակով: Ավելի ուշ նրա ակտիվ գործունեությունը, հետաքրքրությունը և երաժշտության բնագավառում խորը գիտելիքները՝ հատկապես ջազի, նրան դարձրեցին Նահանգների մայրաքաղաքի Ջազային համայնքի փոխնախագահ (Hot Jazz Society), ուր նա այդ ժամանակ արդեն տեղափոխվել էր: 1954 թվականին նա աշխատանքի ընդունվեց «Ամերիկայի Ձայնը» (VOA) ռադիոկայանում և սկսեց ձայնագրել ջազային համերգները: Վերջապես, 1955 թվականի հունվարի 6-ին եթեր հեռարձակվեց նրա առաջին ռադիոհաղորդումը «Music USA, Jazz Hour»:

Այդ հաղորդումը նախատեսված էր բացառապես Արևելյան բլոկի և ԽՍՀՄ երկրների ունկնդիրների համար (Ամերիկայում այս հաղորդումները չէին հեռարձակվում և Կոնովերի անունը իր հայրենիքում գրեթե անհայտ էր): Հիանալի հասկանալով, որ այդ երկրներում քչերն են խոսում անգլերեն, և հետևաբար, նրան հնարավոր է չհասկանան, Կոնովերը հորինեց «հատուկ անգլերեն» իր հաղորդումների համար: Նա հատուկ խոսում էր դանդաղ, մոտավորապես ամեն վայրկյան ու կես մեկ բառ արագությամբ, հստակ արտաբերելով ամեն ձայնը՝ փորձելով չօգտագործել վերամբարձ արտահայտություններ և բարդ բառեր: Հեռարձակվող կոմպոզիցիային տալիս էր ժլատ մեկնաբանություն՝ մեկ-երկու բառ ամեն համարի համար: Ընդ որում, նրան լսելով միանգամից պարզ էր դառնում, որ հաղորդումը վարում է ոչ թե սովորական հաղորդավար, այլ մարդ, որը պարուրված է ամենակուլ կիրքով, և ամենայն հավանականությամբ կյանքում չունի ուրիշ ոչ մի բանի կարիք, լսարանին իր սիրելի արտիստներին ներկայացնելուց և նրանց երաժշտություն փոխանցելուց բացի:

Իր հաղորդումներում Կոնովերը այս կամ այն երաժիշտների գնահատականներում և բնութագրություններում անսովոր լակոնիկ և զուսպ էր: Նա հաճախ էր ստուդիա հրավիրում լրագրողների և քննադատների և խնդրում նրանց տալ գնահատական այս կամ այն երաժշտին: Իհարկե, նա ուներ իր սիրելիներին, բայց երբեք չէր ցուցադրում իր կապվածությունը այս կամ այն ջազմենի կամ ոճի նկատմամբ: Նրա համար բոլորը հավասար էին: Չնայած, նա ինքը սիրում էր մեյնսթրիմ և ոչ այդքան մոդերն-ջազ: 1955 թվականին համագործակցության մասին պայմանագիր կնքելով VOA-ի հետ (նա երբեք չէր համարվում պետական հաստիքային աշխատող), Ուիլիս Կոնովերը իրեն իրավունք վերապահեց անձամբ ամբողջությամբ սահմանել իր հաղորդումների բովանդակությունը և ձևը: Ամեն անգամ, երբ ղեկավարությունը քննադատում էր նրան, իրենց կարծիքով, ոչ պատշաճ երգացանկի համար, նա հանգիստ պատասխանում էր. “դուք կարող եք չերկարացնել ինձ հետ պայմանագիրը”: Ինչով և սահմանափակվում էր գործը:

Հաղորդավար, հետազոտող, ուսուցիչ

Նա ոչ թե միայն գիտակ մասնագետ էր և ջազի մեծ սիրահար, և, իհարկե, կոլեկցիոներ,  (ասում են, նրա մահից հետո իր տան հավաքածույում գտել են մոտ 60 հազ ձայնասկավառակ), այլ նաև ժամանակակից երաժշտության լուրջ հետազոտող: Նրա հաղորդումների վրա՝ խելացի, լուրջ և պրոֆեսիոնալ, մեծացել է ջազի սիրահարների մի քանի սերունդ: Իսկ մեզնից շատերը, նաև այն բանի համար, որ ավելի լավ հասկանան նրան, սկսեցին սովորել անգլերեն:

Բացի իր ռադիոգործունեությունից, Կոնովերը կազմակերպում, ղեկավարում և վարում էր ջազային միջոցառումներ՝ ջազային համերգների շարք Սպիտակ տանը, Նյուպորտյան ջազային փառատոնը: Իմիջայլոց, վերջինի մասին Ավագյան եղբայրները՝ լեգենդար պրոդյուսեր Ջորջը և նրա եղբայր, նկարիչ և ռեժիսոր Արամը, 1958 թվականին նկարահանեցին հիանալի վավերագրական ֆիլմ-համերգ՝ «Jazz on a Summer’s Day»:

Նա մարդու իրավունքների համար պայքարի, հավասարության և հանդուրժողականության գաղափարների ջատագովներից էր: Սպիտակները նրան անհանգստացնում էին, քանի որ նա փորձում էր ստեղծել խառը կազմեր, իր մոտ էր հրավիրում ինչպես սպիտակամորթ, այնպես էլ սևամորթ երաժիշտների՝ նրանց միջև չդնելով ոչ մի տարբերություն: Իսկ ամենածիծաղելին այն էլ, որ նրան անհանգստացնում էին նաև ծայրահեղական աֆրոամերիկյան կազմակերպությունների ներկայացուցիչները այն բանի համար, որ, ըստ իրենց, նա շատ ավելի շատ ուշադրություն էր դարձնում սպիտակամորթ երաժիշտներին, քան ժանրի հիմնադիր սևամորթ ջազմեններին:

Ուիլիս Կոնովերը Խորհրդային Միություն այցելել է 3 անգամ (1967, 1969, 1983 թթ.) և ամեն անգամ ջազի խորհրդային երկրպագուների համար դա մեծ և իրական տոն էր: Նրան ճանաչում էին միայն ձայնով և բառացիորեն աստվածացնում էին այն երաժշտական «նվերների» համար, որոնք նա առատաձեռնորեն նվիրում էր երաժշտասերներին: Այդ իսկ պատճառով անձնապես հանդիպումները իրական հերոսի հետ մեծ և անսպասելի անակնկալ էր դառնում բոլորի համար:

Նա աշխատեց մինչև իր կյանքի վերջին օրը: Իհարկե, սարսափելի հիվանդությունը՝ թոքերի քաղցկեղը, որը 57 տարվա ծխելու արդյունք էր, իր հետքն էր թողել նրա աշխատունակության և նույնիսկ ձայնի վրա: 80-ականների վերջից հիվանդությունը աստիճանաբար նրա գեղեցիկ բարիտոնը զրկում էր երբեմնի շքեղությունից: Նրան մշտապես ուղեկցող  անհավատալի էներգիան արդեն ընկալվում էր որպես, պոտենցիալ՝ կինետիկի փոխարեն: Սակայն նա շարունակում էր աշխատել: Նրա ամբողջ կյանքի աշխատանքը նրան չլքեց նույնիսկ մեկ օր:

Ուիլիս Կոնովերը մահացավ 75 տարեկանում՝ 1996 թ. մայիսի 17-ին: Նրա աճյունը ամփոփված է Առլինգտոնի գերեզմանատանը՝ Վաշինգտոնում: Հունիսի 5-ին կազմակերպվել էր մեծ համերգ՝ նվիրված նրա հիշատակին, որին մասնակցեցին ջազի մեծ աստղեր: Ավելի ուշ ԱՄՆ Փոստային ծառայությունը թողարկեց նամականիշ՝ ի պատիվ Կոնովերի: Նրա մասին, նրա աշխատելաոճի և ռադիո-հաղորդումներ վարելու յուրօրինակ ձևի մասին գրել են ինչպես ամերիկյան, այնպես էլ այլ լրատվամիջոցները: Իսկ 2007 թ. լույս տեսավ նրա կենսագրությունը, որը գրվել էր Տերենս Ռիփմաստերի կողմից: Շատ պետություններ հետմահու նրան պարգևատրել են տարբեր պատվավոր պարգևներով: Սակայն ջազի աշխարհը սպասում է գլխավորին. յուրահատուկ աուդիո-տուրքի պայմանական անունով՝ “We Remember Willis»:

Հեղինակ՝ Արմեն Մանուկյան (Armen Manukyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Թարգմանիչ՝ Անի Յախշիբեկյան