Իրանական չափավորների գլխավորությամբ քաղաքական բարեփոխումների հույս չկա

Ավելի ու ավելի շատ իրանացիներ համոզված են, որ չափավորների և կոշտ քաղաքականության կողմնակիցների միջև մրցակցությունը պարզապես խաղ է, որը նախատեսված է ընտրության պատրանք ստեղծելու համար, - գրում է Գոլքարը [Ռոյթերս]

Բնօրինակի հեղինակ՝ Saeid Golkar, Al Jazeera

Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգների ներկայիս առավելագույն ճնշման ռազմավարությունը չի հանգեցնի նաև քաղաքական փոփոխությունների:

Թրամփի վարչակազմի՝ վերջերս կայացրած որոշումը Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին քննարկում բորբոքեց արևմտյան լրատվամիջոցներում և քաղաքական ոլորտներում՝ Իսլամական հանրապետության բնույթի վերաբերյալ:

ԱՄՆ-ում դեմոկրատներն ու ձախերը, ինչպես նաև Եվրոպայում նրանց դաշնակիցները կարծում են, որ Իրանում թեժանում է   պայքարը չափավորներիի և կոշտ քաղաքականության կողմնակիցների միջև: Ելնելով այս համոզմունքից՝ նրանք պնդում են, որ Իսլամական հանրապետության հետ հարաբերությունների կարգավորմանը միտված լավագույն քաղաքականությունը չափավորներին աջակցելն է ընդդեմ կոշտ քաղաքականության կողմնակիցների, որպեսզի Իրանը երկարաժամկետ հեռանկարում կարողանա բարեփոխվել ներսից:

Ահա թե ինչու են նրանք դեմ եղել նախագահ Դոնալդ Թրամփի՝ 2015-ի միջուկային գործարքից ԱՄՆ-ին դուրս բերելու և Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին  որոշմանը: Նրանց կարծիքով այս քայլը կոպիտ սխալ էր, որը խարխլեց չափավորներին և հզորացրեց կոշտ քաղաքականության կողմնակիցներին: Միացյալ նահանգների գրեթե բոլոր դեմոկրատ թեկնածուները, ներառյալ Ջո Բայդենը, Կամալա Հարրիսը և Բեռնի Սանդերսը, խոստացել են վերադառնալ միջուկային գործարքին՝ նախագահ ընտրվելու պարագայում:

Ի հակադրություն սրա` Միացյալ Նահանգների և այլ երկրների պահպանողական շրջանակները կարծում են, որ Իրանում կոշտ քաղաքականության կողմնակիցների և ռեֆորմիստների միջև իրական տարբերություն չկա: Նրանք պնդում են, որ երկուսն էլ կիսում են նույն գաղափարախոսությունը, և իրենց  մտահոգում է ռեժիմի գոյատևման խնդիրը միայն, ոչ թե իրանական ժողովրդի ազատագրման կամ Իսլամական հանրապետության վերափոխման հարցերը:

Չափավորները, նրանց պնդմամբ, պարզապես ռեժիմի ջատագովներ են, որոնք փորձում են օրինականացնել իրենց դաժան քաղաքականությունը: Ինչպես  վերջերս նշել է ազդեցիկ պահպանողական կենտրոնի՝ «Ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամ»-ի գործադիր տնօրեն Մարկ Դուբովիցը՝ Իրանում ցանկացած մրցակցություն չափավորների և կոշտ քաղաքականության կողմնակիցներիմիջև «բյուրոկրատական խանդն է, այլ ոչ թե գաղափարական մրցակցություն»: Դրանից ելնելով՝ նրանք ցանկանում են, որ Միացյալ Նահանգներն  ու նրա դաշնակիցները հետևեն այնպիսի քաղաքականության, որը կթիրախավորի ամբողջ ռեժիմը, և ոչ թե դրա ներսում առկա կարծր տարրերը միայն:

Պատմականորեն Իրանում իրապես կար քաղաքական մրցակցություն  չափավորների և կոշտ քաղաքականության կողմնակիցների միջև: Այնուամենայնիվ վերջին մի քանի տարիների ընթացքում նրանք հասցրել էին համախմբել իրենց իշխանությունը և զգալիորեն թուլացնել ընտրված մարմինները: Այս իմաստով արևմտյան պահպանողականները ճիշտ են. Իսլամական հանրապետությունն այլևս չի կարող վերափոխվել ներսից: Այնուհանդերձ դա չի նշանակում, որ նրանց առավելագույն ճնշման քաղաքականությունը կգործի:

Խորքային պետությունն ընդդեմ կառավարության

Իսլամական հանրապետությունը բաղկացած է երկու հիմնական բաղադրիչներից՝ «խորքային» պետություն, որը պատասխանատու է ռեժիմի կարևոր ռազմավարական որոշումներ կայացնելու համար, և ընտրված կառավարություն, որը  ռեժիմի լեգիտիմության շղարշն է ապահովում:

Չնայած նախկինում միշտ գերակշռում էին կոշտ քաղաքականության կողմնակիցները, վերջիններս ներկայում գտնվում են չափավորների հսկողության տակ: «Խորքային» պետությունը բաղկացած է Գերագույն առաջնորդի գրասենյակից, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից (ԻՀՊԿ) և Սահմանադրության պահապանների խորհուրդից` ռեժիմի կարևորագույն ապարատներից: Մյուս կողմից՝ պետության «տեսանելի» մասը բաղկացած է նախագահությունից և խորհրդարանից. երկու մարմին, որոնք գործնականում քաղաքականության իրականացման և պետական ​​բյուրոկրատիայի վարման համար են պատասխանատու միայն:

Այս բարդ կառուցվածքի շնորհիվ Իսլամական հանրապետությունն իրեն ներկայացնում է որպես  պլյուրալիստիկ վարչակարգ, որտեղ առկա է իսկական մրցակցություն առավել չափավորների և կոշտ քաղաքականության կողմնակիցների միջև:

Իրանական պետության այս երկու տարբեր ճյուղերի միջև կապը տարիների ընթացքում կտրուկ փոխվել է: Օրինակ՝ 1997-ից մինչև 2004 թվականը, երբ իշխանության էր Մուհամադ Խաթամիի ռեֆորմիստական ​​վարչակազմը, Իրանում «խորքային» և «տեսանելի» պետության միջև գաղափարական անհերքելի մրցակցություն էր ընթանում: Այնուամենայնիվ՝ 2005-ից մինչև 2013 թվականը՝ կոշտ քաղաքականության կողմնակից, նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կառավարության շրջանում, այս երկու ճյուղերը գրեթե ամբողջությամբ համընկան/ձուլվեցին մեկը մյուսին:

1989 թվականից ի վեր իրանացիները նախագահական և խորհրդարանական ընտրություններում հիմնականում քվեարկել են  ռեֆորմիստական և պահպանողական թեկնածուների օգտին, որոնց նրանք ընկալում էին իբրև «չարյաց փոքրագույն», և որոնք ի վիճակի էին բերելու գոնե որոշակի քաղաքական փոփոխություններ և ազատականացում:

Բայց վերջին տասնամյակի ընթացքում Այաթոլլահ Ալի Խամենեիի գլխավորությամբ խորքային պետությունն ուժեղացրել է իր իշխանությունը՝ ըստ էության անհնարին դարձնելով համակարգի բարեփոխումը:

Վերջին զարգացումները, ինչպիսին է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի անակնկալ այցը Թեհրան՝ կազմակերպված ԻՀՊԿ-ի կողմից, որը  չէր տեղեկացրել Զարիֆը, ցույց տվեցին, որ խորքային պետությունն այժմ ազատորեն գործում է այնպես, ինչպես ցանկանում է՝ առանց կառավարության հետ խորհրդակցելու:

Իրանացիները չեն հավատում ո՛չ կոշտ քաղաքականության կողմնակիցներին, ո՛չ էլ չափավորներին

Մինչ խորքային պետությունը ջանասիրաբար աշխատում էր լռեցնել չափավորների ձայները` ստեղծելով մի համակարգ, որում ընտրված կառավարությունը շատ քիչ բան է ասում այն մասին, թե ինչ ուղղությամբ է գնում երկիրը, չափավորներն այս ամենում անմեղ չէին:

Ի հավելումն կոշտ քաղաքականության կողմնակիցների դեմ նրանց պայքարի անարդյունավետության՝ չափավորները խորապես հիասթափեցրին իրանացի ժողովրդին, հատկապես՝ երիտասարդությանը, կանանց և քաղաքային միջին խավերին, որոնք, շնորհիվ կոռուպցիայի,  իրենց հիմնական աջակիցներն են:

Հասարակության հիասթափությունը երկու կողմի քաղաքական էլիտաներից  ակնհայտ դարձավ 2018 թվականի հունվարին, երբ երկրում բողոքի ցույցեր սկսվեցին: Փողոցներում իրանացիները հաճախ վանկարկում էին «Ռեֆորմիստնե՛ր, կոշտ քաղաքականության կողմնակիցնե՛ր, սա ձեր վերջն է»:

Ավելի ու ավելի շատ իրանացիներ համոզված են, որ չափավորների  և կոշտ քաղաքականության կողմնակիցների միջև մրցակցությունը պարզապես խաղ է, որը նախատեսված է ընտրության պատրանքը պահպանելու համար՝ միաժամանակ ապահովելով, որ նույն էլիտաները շարունակեն վերահսկել պետական գանձարանը:

Ի պատասխան հասարակության զայրույթի աճին` Այաթոլլահ Խամենեին նախաձեռնել էր իշխանությունը համախմբելու, հասարակության վստահությունը վերականգնելու և իր ռեժիմի համար ամենամեծ սպառնալիքը՝ զանգվածային ընդվզումը, չեզոքացնելու մի շարք նախաձեռնություններ: Նա արմատական փոփոխություններ է կատարել ռեժիմի անվտանգության մի շարք օրգանների ղեկավար կազմերում և իր հավատարիմ համախոհների նոր սերնդի ներկայացուցիչներին տեղավորել է առանցքային պաշտոններում՝ պետական ​​կառույցներում, համալսարաններում, պետական ​​լրատվամիջոցներում և նույնիսկ մզկիթներում:

Այս տարվա սկզբին նա նաև  կոշտ քաղաքականության կողմնակից Հոջաթոլլամ Էբրահիմ Ռաիսին նշանակեց որպես դատական համակարգի նոր ղեկավար՝ կոռուպցիայի դեմ պայքարում: Այս նախաձեռնությունների միջոցով ռեժիմը նպատակ ունի հին, կոռուպացված էլիտաները փոխարինելու ավելի երիտասարդ և ավելի գաղափարական խմբով՝ դրանով լրացուցիչ լեգիտիմություն հաղորդելով ռեժիմին: Այնուամենայնիվ հակակոռուպցիոն արշավը դժվար թե հաջողի անկախ դատական համակարգի, լրատվամիջոցների և ակտիվ քաղաքացիական հասարակության բացակայության պայմաններում:

Միացյալ Նահանգների պահպանողական ռազմավարության խնդիրը

Այս իմաստով ռեժիմը թիրախավորելու Թրամփի վարչակարգի քաղաքականությունն ավելի իրատեսական է, քան այն, ինչ դեմոկրատներն են առաջարկում, քանի որ նույնիսկ լավագույն դեպքում չափավորները չեն կարող գրավել «խորքային» պետությունը և ներսից վարեփոխել ռեժիմը:

Առավելագույն ճնշման ռազմավարության հայտարարած նպատակներն են խեղդել Իրանի հրթիռային ծրագիրը, զսպել նրա աջակցությունը տարածաշրջանում վստահված խմբերին և, ի վերջո, փոխել նրա տարածաշրջանային քաղաքականությունը: Թեև տարատեսակ կարծիքներ կան այն մասին, թե արդյոք այդ քաղաքականությունը հաջողությամբ կավարտվի  Իսլամական հանրապետությունում, թե ոչ, պարզ է, որ այն խեղդել է Իրանի տնտեսությունը և վնասել հասարակության առավել խոցելի խմբերին՝ ցածր և միջին խավերին:

Թեև ոմանք պնդում են, որ տնտեսական ճգնաժամը, որից այժմ տառապում է Իրանը, խթանում է  հասարակության զայրույթը և մարդկանց դրդում ապստամբության՝ ինչպես ցույց տվեցին անցյալ տարվա բողոքի ցույցերը միջնաժամկետ հեռանկարում, իրանական տնտեսության վնասումը թուլացնում է միջին խավի կարողությունը կազմակերպելու և ղեկավարելու արդյունավետ քաղաքական շարժում ընդդեմ  իշխող կոշտ քաղաքականության կողմնակիցների:

Բացի այդ՝ առավելագույն ճնշման ռազմավարությունը իրանական ռեժիմին դարձնում է ծայրահեղ կասկածամիտ և անհանդուրժող այլակարծության ցանկացած ձևի նկատմամբ, ինչպես նաև արդարացնում «օտար սպառնալիքը» ճնշելու դաժան արշավի մեկնարկը: Անվտանգության տարատեսակ գերատեսչություններ հարվածներ են հասցրել  ոչ միայն ցուցարարներին, այլև լրագրողներին, ուսանողներին, կանանց և բնապահպանական ակտիվիստներին՝ ձերբակալելով և աննախադեպ բանտարկության հանձնելով նրանց:

Հաշվի առնելով, որ միջին խավը սոցիալական և քաղաքական փոփոխությունների շարժիչ ուժ է, նրանց տնտեսական ոչնչացումը և մտավորականությունից ու առաջնորդներից նրանց զրկելը, ի վերջո, կխարխլեն ժողովրդավարության խաղաղ անցման ցանկացած հույս:

Ահա թե ինչու առավելագույն ճնշման քաղաքականության շարունակումը ներկայիս ձևով  չի նպաստի քաղաքական փոփոխություններին. դա միայն կամրապնդի կոշտ քաղաքականության կողմնակիցների դիրքերը և հետագա  սուղ միջոցները կուղղորդի ներքին անվտանգությանը և ռեժիմի ամրապնդմանը:

Հետևաբար Թրամփի վարչակազմը պետք է աշխատի  եվրոպացի գործընկերների հետ՝ միջոցներ գտնելու Իսլամական հանրապետությունը վերահսկող հատուկ անձանց և հաստատությունների դեմ, որոնք պատասխանատու են երկրում և արտերկրում բռնությունների համար: Միայն ճնշման ռազմավարությունը, որն ուղղված է էլիտաների թուլացմանը, և ոչ թե շարքային իրանացիների ունեզրկմանը, կարող է նպաստել քաղաքական փոփոխություններին, որպիսիք ցանկանում են իրանական ժողովուրդը և Արևմուտքը:

Թարգմանիչ` Լորան Օհանյան (Loran Ohanyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: