Ջոնսոնը պառլամենտին սպառնում է նոր ընտրություններով

Բնօրինակի հեղինակ՝ Matthew Rozsa, Truthout

Ջոնսոնը պառլամենտին սպառնում է նոր ընտրություններով, եթե վերջինս գործի Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալուն դեմ:

Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը սպառնացել է պառլամենտի անդամներին հնարավոր ընտրություններով, եթե նրանք ընդունեն օրինագիծ, որը կպարտադրի կառավարությանը խնդրել Եվրամիության ղեկավարներին երկարաձգել Եվրամիությունից դուրս գալու գործընթացը, եթե ինքը ի վիճակի չլինի կանխել Բրիտանիայի առանձնացումը ԵՄ-ից։ «5 շաբաթ առաջ ես ձեզ հետ խոսեցի մեր քայլերի մասին և ասացի, որ այս կառավարությունը չի պատրաստվում հապաղել և չի սպասի մինչև հոկտեմբերի 31-ը, որպեսզի բրիտանացիներին առաջնահերթություններ տրամադրի»,- երկուշաբթի նշեց  Ջոնսոնը Դաունինգ փողոցում արած իր հայտարարության մեջ։

Հանցագործությունների, կրթության, ֆինանսների և առողջապահության ոլորտներում իր վարչակազմի իրականացրած քաղաքականությունները դիտարկելուց հետո նա սկսեց խոսել Բրեքսիթի մասին ու Մեծ Բրիտանիայի հնարավոր տարանջատումը ԵՄ-ից հավանական համարեց։

«Քանի որ  մոտենում ենք վերջնաժամկետին, ինձ ոգևորում է այն առաջընթացը, որ մենք գրանցում ենք»,- հայտնել է Ջոնսոնը լրագրողներին: «Վերջին մի քանի շաբաթներում գործարքի իրականացման հնարավորություններն աճել են, կարծում եմ, 3 պատճառով․ նրանք կարող են վստահ լինել, որ մենք ցանկանում ենք նրանց հետ գործարար հարաբերություններ հաստատել, կարող են վստահ լինել նաև, որ Մեծ Բրիտանիան ունի հստակ տեսլական՝ ԵՄ-ի հետ հետագա համագործակցությունների մասով (ինչը ոչ միշտ է եղել այդպես), և նաև այն, որ մենք վճռական քայլերով ամրապնդում ենք մեր դիրքերը՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ կարող է պատահել։ Բայց եթե կա մի բան, որ մեզ կարող է այս բանակցություններից հետ պահել, դա Բրյուսելի պատգամավորների կողմից հանրաքվեի կանխումն է կամ այն, որ վաղը Բրյուսելի պատգամավորները Ջերեմի Քորբինի հետ կքվեարկեն հօգուտ բանակցությունների  ձգձգման»։

Նա նաև հավելեց․ «Չեմ կարծում, որ նրանք այդպես կվարվեն։ Հույս ունեմ, որ ոչ: Բայց եթե այդպես էլ վարվեն, կկտրեն իրենց ոտքը Մեծ Բրիտանիայից, և հետագա որևէ բանակցություն անհնարին կլինի։ Որպեսզի ցույց տանք Բրյուսելի մեր գործընկերներին, որ մենք համախմբված ենք մեկ  նպատակի շուրջ, պատգամավորները պետք է դեմ քվեարկեն Քորբինի այդ անիմաստ ձգձգմանը։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ չկան նաև այնպիսի հանգամանքներ, որոնք ես կօգտագործեմ Բրյուսելից անհիմն երկարաձգում խնդրելու համար։ Մենք հեռանում ենք հոկտեմբերի 31-ին առանց բայցերի և եթեների։ Մենք չենք ընդունում հետ գնալու կամ հանրաքվեն ձախողելու որևէ փորձ»։

«Պոլիտիկոն» հայտնում է, որ Ջոնսոնի այս հայտարարությունը հրապարակվեց իբրև պատասխան պատգամավորների՝ միջկուսակցական խմբակցության ընդունած նախնական օրինագծին, որին անդամակցում էին նաև Ջոնսոնի ղեկավարած «Պահպանողական կուսակցության» անդամները, և որը կոչված է ստիպելու վարչապետին  եռամսյա երկարաձգում խնդրել Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու բանակցությունները վարելու համար, եթե հոկտեմբերին կայանալիք Եվրախորհրդի գագաթնաժողովում համաձայնություն ձեռք չբերվի։ Ջոնսոնի հայտարարությունից հետո Կառավարության բարձրաստիճան մի պաշտոնյա նախազգուշացրել է, որ վաղաժամկետ ընտրություններ կարող են հրավիրվել միայն այն դեպքում, երբ միջնորդությունը ընդունվի։

-Եթե վաղը նրանք քվեարկեն բանակցությունների գործընթացը կանխելու օգտին, և դեմ լինեն Բրիտանիային բանակցելու հնարավորություն տալուն, ապա նրանք նույնպես ստիպված կլինեն մտածել ապագայի մասին,- հայտարարեց պաշտոնյան։

Անցյալ շաբաթ, այն բանից հետո, երբ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը ողջունեց Ջոնսոնի՝ պառլամենտի գործունեության կասեցումը երկարաձգելու խնդրանքը, որպեսզի պարտադրի նրանց Մեծ Բրիտանիայի տարանջատումը ԵՄ-ից, «Հյումըն Իվենթս» և «Բրիթբարթ Նյուզ» թերթերի նախկին գլխավոր խմբագիր Ռահեմ Քասամը ծափահարեց Ջոնսոնի որոշմանը։

«Նորին մեծություն թագուհին ստանձնում է իր սահմանադրական պարտականությունները Պառլամենտի 3 տարվա անգործությունից հետո, որի միակ նպատակը, թվում է, եղել է բրիտանացիների ժողովրդավարական կամքի արտահայտման սահմանափակումը, որն արտահայտվել էր 2016թ․ հունիսի 23-ին։ Սա ոչ մի դեպքում չի կարելի համարել  քննարկման ավարտ, երբ խոսնակ Բերկոուն պատրաստվում է պայքարել։ Բայց սա, միևնույն ժամանակ, ահռելի ցատկ է Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու ուղղությամբ։ Բրիտանիան հավանաբար իր վերջին ամիսներն է անցկացնում ԵՄ-ի կազմում»,- էլեկտրոնային նամակով պատմում էր Քասամը Սալոնին։

Թարգմանիչ՝ Թամարա Կարապետյան (Tamara Karapetyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: