«Ինլայթ»-ը ներկայացնում է ֆրանսիացի փիլիսոփա և քաղաքագետ, Կոլեժ դը Ֆրանսի ժամանակակից քաղաքական պատմության և Սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոցի (EHESS) պրոֆեսոր Պիեռ Ռոզանվալոնի (Pierre Rosanvallón) «Հակաժողովրդավարություն. Քաղաքականությունը անվստահության դարաշրջանում» [*] հոդվածի հայերեն թարգմանությունը:

Նախորդ մասը՝  Առասպել պասիվ քաղաքացու մասին

Ապաքաղաքականացում, թե՞ ոչ քաղաքականացում

Նույնիսկ եթե այն ամենն, ինչին մենք ականատես ենք, ապաքաղաքականացում չէ հասարակական գործերի նկատմամբ վերացող հետաքրքրության և քաղաքացիական ակտիվության անկման իմաստով, մի բան անկասկած է. մեր վերաբերմունքը քաղաքականության թագավորության նկատմամբ, այնուամենայնիվ, փոխվել է: Այս փոփոխության բնույթը, սակայն, այն չէ, ինչի մասին սովորաբար խոսում են: Ներկայիս խնդիրը ոչ թե քաղաքացիական պասիվության մեջ է, այլ նրա, ինչը ես կցանկանայի անվանել l’impolitique, ոչ քաղաքականացվածություն, որի տակ հասկանում ենք ընդհանուր աշխարհի դրվածքի հետ ասոցացվող խնդիրների համապարփակ ընկալումը մշակելու անկարողությունը:

Հակաժողովրդավարության տարբեր դրսևորումներին հատուկ բնորոշ գծերից դարձավ քաղաքացիական հասարակության և պետական ինստիտուտների միջև ավելացող տարածությունը: Յուրաքանչյուր դեպքում մենք գտնում ենք հակաքաղաքականության նման մի բան, որը հենվում է մոնիթորինգի, հակազդեցության և պետական իշխանության սահմանափակման վրա, որի գրավումն այլևս ընդդիմության գլխավոր առաջնահերթությունը չէ:

Հակաքաղաքականությունը արտահայտվում է երկու ձևով: Հակաքաղաքական ռազմավարությունների և ակցիաների առաջին հետևանքը ընդհանուր աշխարհի հատկանիշների վերացումն է: Էությամբ լինելով ռեակտիվ՝ նման ռազմավարությունները և գործողությունները ի վիճակի չեն աջակցել կամ համակարգել մասսայական միջոցառումներ: Այս ոչ քաղաքական հակաժողովրդավարության առանձնահատկությունը դարձավ այն, որ նա համադրում է ժողովրդավարական ակտիվությունը ոչ քաղաքական ազդեցությունների հետ: Նշանակում է, որ այն չի տեղավորվում քաղաքական ռեժիմների սովորական դասակարգման մեջ. դա նոր տեսակ է, ոչ լիբերալ, ոչ հանրապետական, այն ոչ ներկայացուցչական, ոչ ուղիղ ժողովրդավարությունն է:

Հակաժողովրդավարության տարբեր ձևերի առաջացման երկրորդ արդյունքը եղավ այն, որ տեղի ունեցող իրադարձությունների ընկալումն ու մեկնաբանումը ծայրաստիճան բարդացավ: Բայց տեսանելիությունը և հասկանալի լինելը «քաղաքականի» երկու անբաժան առանձնահատկություններն են: Քաղաքականության մասին կարելի է խոսել միայն այն պահից, երբ իրար հետ չկապակցված գործողությունների շարանը կազմում է մի պատումություն և ներկայացվում  միասնական հասարակական դաշտում:

Հակաժողովրդավարության զարգացումն, այսպիսով, համապարփակ և խնդրահարույց երևույթ է: Այն բարդ է այն պատճառով, որ համատեղում է հասարակական իշխանության պոզիտիվ ավելացումը պոպուլիստական գայթակղությունների հետ: Դրա խնդրահարույց լինելը պայմանավորված է նրանով, որ դեպի «քաղաքացիական ժողովրդավարություն» ուղղված էվոլյուցիան հանգեցնում է մասնատման այնտեղ, որտեղ պահանջվում է միասնականություն և ամբողջականություն: Այս աշխատանքում ուսումնասիրվող ֆենոմենի պրոբլեմատիկ  կողմի գիտակցումը ստիպեց ինձ առաջարկել առաջին հայացքից անսպասելի հակաժողովրդավարություն նեոլոգիզմը: Իրականում, նոր բառի մեջ առկա ապշեցնող իմաստներն ուշադրությունը սևեռում են անվստահության գործնական կիրառման հետ կապված անորոշությունների վրա:

Հասարակության թերահավատությունը կարող է ծնել քաղաքացիական դրական հետաքրքրություն և դրանով իսկ ստիպել կառավարությանը ականջալուր լինել ժողովրդի պահանջներին, սակայն միևնույն ժամանակ այն կարող է և ձեռք բերել անվանարկման և հերքման ապակառուցողական ձևեր: Հակաժողովրդավարությունը կարող է ամրապնդել ժողովրդավարությունը, սակայն կարող է նաև հակամարտության մեջ մտնել նրա հետ: Իմ աշխատանքն ինչ-որ իմաստով «վերականգնում» է անվստահությունը՝ ապացուցելով, որ այն կարող է լինել և՛ խորը լիբերալ, և՛ խորը ժողովրդավարական: Բայց այս վերականգման մեջ չկան պատրանքներ, այլ կա զգոնություն հնարավոր ձախողումների նկատմամբ: Հենց անվստահության անկասելի երկակիությունն է, իմ կարծիքով, ժամանակակից ժողովրդավարական հասարակությանը հատուկ հիասթափության խորքային պատճառը: Իսկ այդ հիասթափությունը, պետք է ասել, չի վերացվում, օրինակ, ներկայացուցչական համակարգի պարզ կատարելագործմամբ: Թերևս այն արտացոլում է այն փակուղին, որը ստեղծվում է ժողովրդավարականի և ոչ քաղաքականի համադրությամբ: Այս ենթադրությունը հենք է ստեղծում նոր ժողովրդավարական դարաշրջանի ընկալման համար:

Շարունակելի ..

Հղումներ

[*] Հատված Rosanvallon P. Counter-Democracy: Politics in an Age of Distrust. Cambridge: Cambridge University Press, 2008. գրքից, էջ՝ 1–27; տե՛ս նաև Անձեռնմխելի պաշար 2012. № 2(82). էջ՝ 264–267.

Բնօրինակի հեղինակ՝ Андрей Захаров, Перспективы

Թարգմանիչ՝ Անի Յախշիբեկյան (Ani Yakhsibekyan), խմբագիր՝ Գայանե Խաչատրյան (Gayane Khachatryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: