Հարցազրույց. Աննա Խաչյան

Հարցազրույց «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Աննա Խաչյանի հետ

Ինչպե՞ս դարձաք «Ինլայթ» հասարակական կազմակերպության նախագահ։

Կազմակերպության Կանոնադրության համաձայն՝ երկու տարին մեկ (նախկին Կանոնադրությամբ՝ մեկ տարին մեկ) կազմակերպվում են նախագահական ընտրություններ, որտեղ նախագահը և փոխնախագահը առաջադրվում և ընտրվում են միասին: Նախքան ընտրությունները՝ երկու տարի, կազմակերպության փոխնախագահն եմ եղել:

Եվ ահա, 2018 թ. մայիսին, կազմակերպության ներկայիս փոխնախագահ Դավիթ Պետրոսյանի հետ առաջադրվեցինք և ընտրվեցինք: Արդար և թափանցիկ ընտրություններ էին : )

Ըստ Ձեզ՝ ի՞նչ հմտություններ են պետք կազմակերպություն նախագահելու համար։

Տեխնիկական, հայեցակարգային և հաղորդակցման հմտություններ՝ իրենց բաղադրիչներով. աշխատանքների ուրվագծում, ժամանակի կառավարում, մարդկային և նյութական ռեսուրսների կառավարում, կազմակերպչական իրազեկվածություն, որոշումների կայացում և խնդիրների լուծում, գործառույթների պատվիրակում, միջանձնային հաղորդակցում ու բանակցելու կարողություն և, իհարկե, առաջնորդություն: Հմտություններ, որոնց զարգացման ուղղությամբ մշտապես և հետևողականորեն պետք է աշխատել:

Բայց հմտություններից ոչ պակաս, եթե ոչ ավել, կարևոր են արժեքները:

Ձեզ հատկապես ի՞նչն է գրավում Ձեր աշխատանքի մեջ։

Աշխատանքի տեսիլքն ու առաքելությունը, աշխատանքի բնույթը, բուն աշխատանքը (ընթացքը) և այս շղթային հաջորդող, դրանից բխող արդյունքը:

Ո՞րն է «Ինլայթ» հասարակական կազմակերպության առաջնային նպատակը։

«Ինլայթ»-ի հիմնարար նպատակը, որն ամրագրվել է նաև կազմակերպության Կանոնադրությամբ,  հանրային ֆունկցիոնալ մտքի կազմակերպումն է: Վերջինս ենթադրում է հանրային շահառու կողմերի միջև հաղորդակցության կազմակերպում, ինտելեկտուալ առկա ներուժի նյութականացում՝ ի սպաս հանրային և պետական շահի, հանրային հետազոտական-վերլուծական դաշտի բյուրեղացում և զարգացում:

Միտքխոսքգործ. այս շղթան այդ նպատակի հակիրճ ձևակերպումն է:

Կազմակերպությունը մի քանի անգամ անվանափոխվել է. ո՞րն է եղել պատճառը։

Կազմակերպությունն ունի կայացման և զարգացման շուրջ 11 տարվա հետագիծ՝ սկսած 2008 թվականից: 2008-2016 թվականները «նախակազմակերպության» շրջան կարելի է անվանել, քանի որ այն հանդես է եկել ակումբի, ապա նախաձեռնության տեսքով և միայն 2016 թվականին է գրանցվել իբրև հասարակական կազմակերպություն՝ «Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն» (ԵՎՀԿ) անվամբ: Իրավական տեսանկյունից, փաստորեն, մեկ անգամ է անվանափոխվել՝ 2018թ. հոկտեմբերին, երբ ԵՎՀԿ-ն դարձավ «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն:

Անվանափոխությունը պայմանավորված էր նախ և առաջ կազմակերպության գործունեության շրջանակի ընդլայնմամբ, որը պարառում էր (պարառելու էր) հետազոտական, կրթական, թարգմանչական, տեղեկատվական, հրատարակչական գործունեություն՝ զուգահեռ վերլուծական գործունեությանը: Խնդիրը և նպատակը՝ կազմակերպության յուրաքանչյուր անդամի համար ստեղծել ինքնադրսևորման, ինքնակայացման հարթակ և ձևավորել համայնք, որտեղ համատեղված մտքերով, ջանքերով և աշխատանքով հնարավոր կլինի ստեղծել առավել մեծ արժեք(ներ)։

Եվ իհարկե, «երիտասարդ» բաղադրիչը մեզ արդեն մի քիչ կաշկանդում էր, որովհետև ծերանում էինք: Կատակում եմ, իհարկե: Երիտասարդությունը, կարծում եմ, մտածողություն, համարձակություն, աշխարհայացք, հոգեվիճակ է առաջին հերթին, նոր միայն կենսաբանական ժամանակա-տարածական չափույթ, բայց կազմակերպության անվանման մեջ այդ բառի առկայությունն արդեն խնդրահարույց էր և կազմակերպության գործունեության նոր ձևաչափի հետ ոչ այնքան համատեղելի:

Ինչու՞ է այն այժմ կոչվում «Ինլայթ»։

Անվանափոխությունը ձեռնարկելիս ներքին քննարկում էինք կազմակերպել՝ նոր անվան տարբերակներ առաջարկելու շուրջ: Տասնյակից ավել տարբերակներ եղան: Անհրաժեշտ էր ընտրել կարճ, մտապահվող, բարեհունչ (նկատի ունենալով նաև մեր հնգալեզու լսարանը) և կազմակերպության բնույթից բխող, դրա հետ ասոցացվող անուն: Այդպես կանգ առանք «Ինլայթ»-ի (Enlight) վրա (որն, ի դեպ, կազմակերպության փոխնախագահի առաջարկած տարբերակն էր): Հարկավ, կապված է «լույս, լուսավորություն, լուսավորել, լուսաբանել, լույս սփռել» գոյականների և բայերի հետ: Հետաքրքրական է, որ անունն ինքնին միտքխոսքգործ պոլիֆոնիայի արտացոլքն է և խորհրդանշում է թե՛ իդեան, թե՛ մատերիան և թե՛ դրաման:

Կցանկանայի անդրադառնալ նաև անվան և կազմակերպության կարգախոսի՝ «Համարձակվի՛ր մտածել» (որն, ի դեպ, ԵՎՀԿից էր ժառանգվել) ինտուիտիվ փոխաղերսմանըՀամարձակվի՛ր կամ խիզախի՛ր մտածել լատիներեն հնչում է «Sapere Aude!»․ Լուսավորության շրջանի կարգախոսն է: Էությունը՝ Համարձակվի՛ր մտածել և իրացնել միտքդ:

Կազմակերպության անդամներին ընտրելիս հատկապես ինչի՞ն եք ուշադրություն դարձնում։

Մանրուքներին․ հույներն ասում էին՝ աշխատանքի մեջ մանրուքներ չկան: Խոսելաոճ, գրելաոճ, մասնագիտական կարողություններ, արհեստավարժություն, համարձակություն, նախանձախնդրություն, պատասխանատվություն:

Բայց թիմի անդամ (ում հետ ճանապարհ պիտի անցնենք) ընտրելիս, թերևս, Ուորեն Բաֆֆետի հորդորով եմ առաջնորդվում: Կարևորագույն  երեք չափանիշ՝  ինտելեկտ, եռանդ և  ազնվություն:  «Ընդ որում»,-ասում էր Բաֆֆետը,-«եթե վերջինը բացակայում է, ապա առաջին երկուսը կկործանեն ձեզ»:

Կերպարի ամբողջականությունը ենթադրում է անհատականություն, սեփական մտահորիզոն, արժեհամակարգ, ճաշակ և ամենահիմնարարը՝ ազնվություն, շիտակություն, առաքինություն: Հարկավ, նման հատկանիշներով մարդիկ կազմակերպության թևեր աճեցնողներն են և նման մարդկանց հետ է միայն հնարավոր հեռուն գնալ:

Ազատականությունը «Ինլայթ»-ի գաղափարախոսություններից մեկն է, ինչպե՞ս է այն արտահայտվում Ձեր աշխատանքում։

Գաղափարներից: Գաղափարախոսություն և գաղափար տերմինների միջև կա տարբերություն և շեշտակի տարբերություն: Հայաստանակենտրոնություն և ազատականություն. դրանք «Ինլայթ»-ի հիմնարար գաղափարներն են: Եթե հայաստանակենտրոնությունը վերաբերում է ՀՀ պետական և հանրային շահի սպասարկմանը, ապա ազատականությունը մարդու և քաղաքացու շահի սպասարկումն է, ժողովրդավարական արժեքներն են, սոցիալական արդարությունն է, իրավահավասարությունն է, մտքի, խոսքի, խղճի, արտահայտման ազատությունն է… առողջ բանականության կարգադրագիրն էհետևաբար այս երկու գաղափարները փոխլրացնում և պայմանավորում են միմյանց, բխում են միմյանցից: Դրանք կառուցված և անընդհատ վերակառուցվում են արժեքային համակարգի վրա, որի հիմնասյուներն են մարդը, քաղաքացին, հայրենիքը, պետականությունը, մարդկությունն ու մարդկայնությունը:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ արտահայտում ունի այն մեր աշխատանքում՝ ամենաուղղակի: Մեր բոլոր նախաձեռնությունները, ծրագրերը, մտահղացումները վերջիններիս հիմքի վրա են և միտված են դրանց կայացմանը: Դա տևական և պերմանենտ աշխատանք է, որի ճանապարհը կրթությունը, ինքնակրթությունը, ստեղծարարությունը, գիտելիքը հումանիտար արժեքի վերածելու կարողությունն է:  

Ինչու՞ պետք է միանալ հենց «Ինլայթ» հասարակական կազմակերպությանը, ինչո՞վ է այն տարբերվում մյուս ՀԿներից։

Վերջաբանից մեկնարկեմ. տարբերվում է աշխատանքային մշակույթով, «արտադրած» կապիտալի բազմապրոֆիլությամբ և ինքնատիպությամբ. նման երկրորդ կազմակերպություն, վստահաբար, չկա Հայաստանում: Մեծ ոգևորությամբ և հպատրությամբ պիտի նշեմ, որ կազմակերպությունն արդեն 11 տարի (իբրև ՀԿ՝ 3 տարի) գործում է բացառապես կամավորական հիմունքներով: Այն ամենը, ինչ կա՝ «Ինլայթն» այսօր, մեր թիմի՝ անդամների և կամավորների աշխատանքի արդյունքն է, նրանց նվիրումի ու ավանդի խտացումն է: Սա բացառիկ բան է: Մեր կազմակերպությունում յուրաքանչյուր կամավոր հանդիսանում է կոնկրետ բաժնի անդամ, ունի հստակ գործառույթներ և հստակ աշխատանքային օրակարգ: Եվ այսօր մենք ունենք կայացած, աշխատանքային մշակույթ ու քաղաքականություն ունեցող կազմակերպություն, որը դեռ բազում անելիքներ ունի:

Կարծում եմ՝ հենց այս կետից է պետք  հետևություն անել, թե ինչու միանալ «Ինլայթ»-ին: Մենք ասում ենք՝ «Ինլայթը Ինլայթի բոլոր անդամներինն է»: Սա համայնք է, սա հարթակ է, որտեղ յուրաքանչուր ոք, ով ունի վերոնշյալ հատկանիշները՝ ինտելեկտ, եռանդ և պարկեշտություն, և կրում ու կիսում է Ինլայթի գաղափարները, կարող է դրսևորվել, կայանալ, ձեռքբերել գնահատելի փորձառություն, սովորել և սովորեցնել, ստեղծագործել և կառուցել մեզ հետ միասին: Այն անհատները, ովքեր համոզված են, որ ներկայում կառուցվող ապագան հենց իրենք են ուրվագծում և մոդելավորում՝ մտածելով, խոսելով և գործելով. «Ինլայթը» սպասում է նրանց:

Երեք բան, որ Ձեզ ամենից շատն է գրավում «Ինլայթ»-ում։

Կարգախոսը, ինլայթականները, զիլ գաղափարները, որ իրականացման հանդգնություն ունեն։


Հարցազրույցը վարեց Աննա Մանուկյանը