«Ինլայթը» ներկայացնում է Կարնեգիի մոսկովյան կենտրոնի հեղինակներ Դենիս Վոլկովի* և Անդրեյ Կոլեսնիկովի* «Պուտինի «զավակները». Ո՞վ կղեկավարի Ռուսաստանը 2024 թվականից հետո» հոդվածի հայերեն թարգմանությունը:

Ռուսաստանյան վերնախավի զգալի մասը անհանգստությամբ սպասում է 2024 թվականին միայն այն բանի պատճառով, որ անհրաժեշտ է նախապատրաստվել իշխանության տրանզիտի  վերաբերյալ ցանկացած որոշման, որը կընդունվի մարդկանց նեղ շրջանակի կողմից:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՆԱԽԱԲԱՆ

«Ինչո՞ւ եք մտածում, որ 2024 թվականը հատուկ է, և ամեն ինչ փոխվելու է: Այն ինչ-որ կերպ առանձնացնելու որևէ պատճառ չեմ տեսնում»,-ասաց  քաղաքական և կառավարչական լուրջ գործընթացներում ներգրավված մեր հարցվածներից մեկը: Նա նկատի ուներ, որ համակարգը, որը ձևավորվել է միևնույն անձի ղեկավարման քսան տարիների ընթացքում, դժվար թե փոխվի` նրա հետ, թե առանց նրա: Նույն կարծիքին էին նաև մեր զրուցակիցներից շատերը, որոնցից մենք պարզում էինք, թե ինչպես վերնախավերը` կառավարական, քաղաքական, ձեռնարկատիրական, կվերապրեն տրանզիտի ժամանակահատվածը նախագահ Վլադիմիր Պուտինի  ժամեկտի ավարտի տարում:

Այնուհանդերձ, կան 2024 թվականի հետ կապված բազմաթիվ սցենարներ, սպասելիքներ և հույսեր: Չխոսելով այն մասին, որ մինչ այդ պահը դեռ պետք է ողջ լինել: Ղեկավարներին  անհրաժեշտ է երկիրը զերծ պահել աղետներից և բարելավել նրա կյանքը նոր կարգերին համաձայն: Քաղաքական գործիչներին, առաջին դեմքին՝ հավատարմություն պահելով՝ պահպանել իրենց: Հայրենական և  օտարերկրյա գործարարներին՝ փորձել զարգացնել իրենց գործը տնտեսության մեջ պետական միջամտության պայմաններում, կամ թողնել բիզնեսը, կամ էլ հեռանալ երկրից:

2018 թվականիի աշնանը և 2019 թվականի գարնանն ու ամռանը մենք անցկացրել ենք փորձագիտական երկու հարցազրույց այն մարդկանց հետ, ովքեր այս կամ այն  չափով ապահովում են տեխնոկրատիկ վերնախավերի ուսումնառությունը (դասընթացներ, դասախոսություններ, նախապատրաստման ծրագրեր, որոշում կայացնող անձանց  խորհրդատվություն), ուսումնասիրում են այդ վերնախավերը, ինչպես նաև դիտարկում են այս գործընթացները բիզնեսի տեսանկյունից: Մեր բոլոր հարցվածները, այսպես, թե այնպես, ներգրավված են 2018-2024 թվականների քաղաքական ցիկլից նախագահական ընտրություններին հաջորդող ժամանակշրջան երկրի անցման գործընթացում՝ մեկը  ուղղակիորեն մասնակցելով դրան, մյուսները` որպես կողմնակի և ընդգրկված դիտորդներ [1]:

Մեր զրուցակիցներից ոչ ոք պատրանքներ չուներ քաղաքական համակարգի ժողովրդավարացման, տնտեսության ազատականացման և, առհասարակ, պետության ու հասարակության արդիականացման համար պետության բարձրաստիճան պաշտոնյաների (անվանենք նրանց սուպերվերնախավ) պատրաստականության վերաբերյալ: Բայց նաև ոչ ոք չպատկերեց հեղափոխության կամ 20 տարվա ընթացքում կառուցված պետական կապիտալիզմի և քաղաքական մենիշխանության համակարգի անարդյունավետության պատճառով երկրի փլուզման ապոկալիպսիկ սցենարներ:

Իրադարձությունների ընթացքի վրա ազդել անկարող վերնախավերը պատրաստ են  հետագայում էլ հարմարվել համակարգի փոփոխություններին, դրա լճացմանը և նույնիսկ, ինչպես արտահայտվեց հարցվածներից մեկը՝ դրա «մարմանը»: Փաստորեն, կառավարչական վերնախավի խնդիրներից մեկը այս «մարումը» երկարաձգելն է  և (կամ), այնուամենայնիվ, զարգացման, առաջին հերթին սոցիալ-տնտեսական, ընդունելի մակարդակ ապահովելը՝ չփոփոխելով քաղաքական շրջանակը և համակարգի քաղաքական հիմքերը:

Տեխնոկրատացված նոր վերնախավերից չի պահանջվում մասնակցել իրապես քաղաքական` «աշխարհաքաղաքական», ներքին և արտաքին քաղաքականության ոլորտներում  որոշումների կայացման գործընթացին: Նրանց աշխատանքը քաղաքական համակարգի համար ընդունելի սպառողական լավատեսության մակարդակ պահպանելն է, վարչակարգին   չափազանց մեծ սոցիալական լարվածությունից խուսափել օգնելը, ինչպես նաև՝ առօրյա խնդիրները լուծելը, այսինքն՝ քաղաքական վերին դասի համար սոցիալական նորմալ ֆոն ապահովելը՝ պետական կապիտալիզմի շրջանակներում հետագա կառավարման նպատակով։ Հաշվետու լինել բացառապես «վերևներին» և բնավ ոչ քաղաքացիներին:

Տեխնոկրատացումը նման քաղաքականության վարման գործիքն է: Թվայնացումը, թվային տրանսֆորմացիան կյանքի բոլոր ոլորտներում արդիականացման փոխարինիչներն են, ժողովրդավարացման և ազատականացման սուբստիտուտները: Տարածաշրջանային քաղաքականության վրա նկատելի շեշտադրումը Ռուսաստանի նման այդչափ մեծ երկրի համար միանգամայն բնական ձգտում է՝ ապահովելու սոցիալ-քաղաքական տրամադրությունների և տնտեսական զարգացման հավասարապես բաշխված, ընդունելի մակարդակ: Նպատակադրությունն այստեղ զուտ պրագմատիկ է և չափվում է ստուգիչ թվերով (ոչ միշտ հստակ ստուգված, հաստատված, «օդից» վերցված) և KPI-ով (հաջողության հասնելու ցուցանիշներ, անգլերեն՝ Key Performance Indicator):

Գործնականում այս մոտեցումը դրսևորվում է, օրինակ, ազգային նախագծերի՝ սովետական հնգամյա պլանների յուրատեսակ փոխարինիչների իրականացման տեխնոլոգիայում: Նման քաղաքականության վարման դեպքում ժողովրդավարության ինստիտուտներ անհրաժեշտ չեն, իսկ ինստիտուցիոնալ մոտեցման փոխարեն (ժողովրդավարության և շուկայական ինստիտուտների օգտագործում) կիրառվում է «նախագծային», տեխնոկրատիկ մոտեցումը:

Պուտինի համակարգը շոշափում է մինչև քաղաքական ցիկլի ավարտը և դրանից հետո սոցիալական և քաղաքական հավասարակշռության պահպանման կետերը: Հիմնական դերակատարն ու գլխավոր գործատուն պետությունն է: Կառավարման համակարգը կառուցվում է պետության  նրա բյուրոկրատիայի ամենագիտության և ամենակարողության կանխավարկածի, պետական վերահսկողության բացարձակացման վրա (այստեղից էլ գալիս է միջոցների նպատակային ծախսման և կոռուպցիայի դեմ ընտրովի պայքարի փորձերի նկատմամբ խիստ ուշադրությունը): Պետությունը թափանցում է բոլոր ոլորտներ, տնտեսության մեջ նրա միջամտությունը դառնում է աճի հիմնական խթանիչը, այն (պետությունը) ստեղծում է զուգահեռ քաղաքացիական հասարակություն՝ հայելային  անդրադարձ անելով ստորին նախաձեռնությունները և «առնելով» քաղաքացիական ակտիվիստներին՝ առաջարկելով նրանց պետական դրամաշնորհներ և միևնույն ժամանակ նրանց առջև դնելով վարքագծի սահմանափակումների ցուցակ: Կլանելով և ներքաշելով իր մեջ քաղաքացիական սեկտորը՝ պետությունը ջանում է վերահսկել նաև մասնավոր բիզնեսը. ձեռնարկատիրական ոլորտի ամեն փոքր-ինչ կենդանություն ունեցող (բիզնեսը) ստիպված է առնվազն հաշվի առնել պետության շահը իր աշխատանքում կամ ուղղակիորեն համագործակցել բյուրոկրատիայի հետ: Սիմպտոմատիկ օրինակ կարող է ծառայել  բիզնեսին փաստացի հարկադրումը՝ մասնակցելու ազգային նախագծերի իրագործմանը, մասնավորապես, 2018 թվականի մայիսին նախագահի հրամանագրով հաստատված երկրի զարգացման ծրագրերին [2]:

Այս գործընթացները հիմնականում պայմանավորված է քաղաքական շրջանակով, որը կանխորոշում է քաղաքական, կառավարչական և սոցիալական բոլոր խմբերի վարքագծի բոլոր նմուշները:

Շարունակելի ..

Ծանոթագրություններ

[1] Ընդհանուր առմամբ, նախագծի ընթացքում իրականացվել է 13 խորացված հարցազրույց, որոնցից վեցը կառավարչական կադրերի վերապատրաստման, տնտեսագիտության, տնտեսական աշխարհագրության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի փորձագետների հետ, իսկ յոթը` խոշոր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ, ինչպես ռուսական, այնպես էլ արտասահմանյան, ովքեր ունեն ռուսաստանյան պետական գերատեսչությունների հետ աշխատելու փորձ (ներառյալ՝ շինարարության, էներգետիկայի, մանրածախ առևտրի (ռիթեյլ) ոլորտները): Որոշ հարցազրույցներ, հարցվածների խնդրանքով, իրականացվել են խիստ գաղտնիության և անանունության պայմաններով,  դիկտաֆոնային որևէ ձայնագրություն չի իրականացվել:

[2] Տես՝ Бутрин Д., Барсуков Ю. Шаг вправо, шаг влево — проект. — Коммерсантъ. — 9 августа 2019 // https://www.kommersant.ru/doc/4054741


Թարգմանիչ՝ Մերի Բաբայան  (Mery Babayan), խմբագիր՝ Գայանե Խաչատրյան (Gayane Khachatryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: