«Ինլայթը» ներկայացնում է Կարնեգիի մոսկովյան կենտրոնի հեղինակներ Դենիս Վոլկովի* և Անդրեյ Կոլեսնիկովի* «Պուտինի «զավակները». Ո՞վ կղեկավարի Ռուսաստանը 2024 թվականից հետո» հոդվածի հայերեն թարգմանությունը:

Ռուսաստանյան վերնախավի զգալի մասը անհանգստությամբ սպասում է 2024 թվականին միայն այն բանի պատճառով, որ անհրաժեշտ է նախապատրաստվել իշխանության տրանզիտի  վերաբերյալ ցանկացած որոշման, որը կընդունվի մարդկանց նեղ շրջանակի կողմից:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՏԵԽՆՈԿՐԱՏԻԿ ՏՐԱՆԶԻՏԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ

Տեխնոկրատիկ մոտեցման շրջանակներում երկրի և շրջանների խնդիրների լուծման տարբեր եղանակներ կան: Դրանցից մեկը նոր դեմքերի, մարդկային նոր կապիտալի որոնումն է, մյուսը՝  տեխնոլոգիական արմատական փոփոխությունները: Ոմանց համար դրանք արդիականացման փոխարինիչներն են, իսկ նրանց համար, ովքեր իսկապես կցանկանային ավելի արդյունավետ կառավարում տեսնել, դրանք կոռուպցիայի դեմ պայքարի և պետական  սերվիսների աշխատանքի բարելավման մեթոդ են: Երկրորդ դեպքում կատարյալը, որոշ հարցվածների գնահատմամբ, գործառույթների և սերվիսի առավելագույն ավտոմատացումն է: Ինչպես արտահայտվել է մեր փորձագիտական հարցազրույցների մասնակիցներից մեկը, «փրկել» երկիրը կոռուպցիայից և պետական ոչ արդյունավետ կառավարումից կարող է միայն «անձի բացակայությունը», այսինքն՝ թվայնացված գործառույթը:

Տեխնոկրատները կոչված են ապահովել քաղաքական մակարդակում ընդունված որոշումների տեխնիկական, անառարկելի և հնարավորինս մասնագիտորեն իրագործումն ու կյանքի կոչումը: Այսօր դա առաջին հերթին ազգային նախագծերի իրականացումն է Վլադիմիր Պուտինի 2018 թվականի «մայիսյան հրամանի» համաձայն (տնտեսության և սոցիալական ոլորտի 13 ուղղությունների առաջնային, նախևառաջ պետական ֆինանսավորման  պլան), «վարյագ»-նահանգապետերի կողմից շրջաններում դաշնային կենտրոնի քաղաքականության վարումը: Մեր հարցված փորձագետները այս ռազմավարության նպատակը տեսնում են կառավարման պրակտիկաների ունիֆիկացիայի և շրջանների ու տեղական վերնախավերի նկատմամբ կենտրոնի վերահսկողության ուժեղացման մեջ: Կատարյալում տեխնոկրատ կատարողները չպետք է ունենան իրենց կարծիքը, սեփական անձը և սեփական օրակարգը: Նրանք պետք է հեշտ փոխարինելի լինեն: Նրանք դաշնային կենտրոնից բացի հավատարմության այլ օբյեկտ չեն կարող ունենալ: Տեխնոկրատ չինովնիկներին  պատրաստում են որակավորման բարձրացման հատուկ ծրագրերով, ինչպիսիք են՝ ՌԴ Նախագահին կից Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայի Պետական կառավարման բարձրագույն դպրոցը[15], «Ռուսաստանի առաջնորդներ» ղեկավարների համառուսաստայան մրցույթը [16], Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցը[17], Ռազմավարական նախաձեռնությունների գործակալությունը [18]:  Պետական նոր ծառայողների աշխատանքը գնահատելու համար մշակվել են արդյունավետության հատուկ ցուցանիշներ՝ տխրահռչակ KPI [19]:

Նոր, բարձրորակ բյուրոկրատիայի ձևավորման մոդելը, ինչպես հետևում է մեր հարցվածների հետ հարցազրույցից, կատարյալում ենթադրում է, որ նոր ղեկավարները կունենան որոշումների կայացման երկար հորիզոն (վեցամյա քաղաքական ցիկլից ավելի երկար) և սոցիալական պատասխանատվության բարձր մակարդակ: Խոսքը ոչ այնքան վերնախավի երիտասարդացման մասին է, որքան դրա տեսակի փոխման. նրանք պետք է արժեքավոր  մասնագիտական դեմք ունեցող մարդիկ լինեն` կրթված, արդիականորեն տրամադրված: Համակարգում ժամանակ առ ժամանակ այդպիսինները հայտնվում են. նրանց համար կարևոր են ոչ միայն կարիերան և ղեկավարության հանձնարարությունները ժամետում կատարելը, այլ նաև թեպետ տեղական, ոչ քաղաքական, նախագծերի իրականացումը (կապված նոր տեխնոլոգիաների ներդրման, կառավարման գործընթացների կարգավորման, ինչպես նաև  սոցիալական սուր խնդիրների վերացման հետ): Մասնակիորեն տեխնոկրատացմանը նպաստում են այն խնդիրները, որոնք դրվում են ազգային նախագծերի կողմից: Տեխնոկրատիզացիան արդիականացման փոխարինիչն է՝ քաղաքականապես անհնար:

Տեխնոկրատիկ տրանզիտի հիմնական գաղափարը (ինքնին նրա գաղափարը նախևառաջ կապում են նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոյի և նրա առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի հետ) այն է, որ  չփոխելով (ամրապնդելով) գործող ինստիտուտները, չմտցնելով քաղաքական ժողովրդավարություն՝ փոխել իշխանության մեջ առկա դեմքերին: Ինչպես ասաց մեր հարցազրույցների մասնակիցներից մեկը, եթե ինստիտուտներ փոխելու հնարավորություն չկա, ապա կարող ենք փորձել բարձրացնել կառավարման և բյուրոկրատիայի որակը և փոխել «դեմքերին»:

Տեխնոկրատիկ կադրերի  անցման նոր մեխանիզմներ փնտրելու մի քանի պատճառ կա: Դա արդար և, հետևաբար, արդյունավետ կառավարման հարցումն է և սոցիալական վերելակների վատ աշխատանքը, որոնք գործնականում կանգ են առել, և միևնույն ժամանակ որակյալ ղեկավարների պակասը (նախարարությունների գերատեսչությունների տնօրենների, նախարարների տեղակալների, տարածքային ղեկավարների վարչական մակարդակը):

Տեխնոկրատիկ մոբիլացման կողմնակիցները վստահ են՝ պետական բուրգի միջին մակարդակում նոր տեխնոկրատների նշանակումներն աստիճանաբար ճնշում կգործադրեն նշանակումների վրա վերին մակարդակում, կադրերը վերև կթափանցեն: Իհարկե, մինչև այն որոշակի մակարդակը, որտեղ արդեն գործում են  քաղաքական սահմանափակումներ («Ռուսաստանի առաջնորդների» ֆինալիստը չի կարող այդքան հեշտությամբ նշանակվել պաշտպանության նախարար կամ առաջադրվել Սանկտ Պետերբուրգի նահանգապետի պաշտոնին): Սակայն այդ կադրերը կարող են նշանակվել վարչության պետի, փոխնախարարի կամ երկրի ոչ ամենակարևոր շրջանի նահանգապետի պաշտոնում [20]: Ըստ նրանց տրամաբանության՝ ովքեր զբաղվում են «Ռուսաստանի առաջնորդների» նման նախագծերով, այսպիսի մեխանիզմը կարող է դարձնել համակարգն ավելի արդյունավետ:

Կադրերի տեխնոկրատիկ թարմացման ծրագրում նախատեսված բոլոր սահմանափակումների հետ մեկտեղ ընտրության և վերապատրաստման կանոնավոր մեխանիզմները, ըստ մեր հարցվածների, օգնում են աստիճանաբար բարձրացնել տեխնոկրատ-պաշտոնյաների որակավորումները, ընդլայնում են երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ նրանց  պատկերացումները: Ուսումնական ծրագրերում ներգրավված են տնտեսագիտության, աշխարհագրության և սոցիալական գիտությունների լավագույն ռուս փորձագետները. միջոցառումները հաճախ ավարտվում են մասնակիցների և դասախոսների միջև կարծիքների ազատ փոխանակմամբ: Նույնիսկ որոշ դիտորդների մոտ քմծիծաղ առաջացնող թրեյնինգները, որոնց ընթացքում մասնակիցները պառկում են զրահափոխադրիչների տակ,  արևմտյան առաջադեմ թիմ կազմավորող թրեյնինգների կրկնօրինակն են [21]: Դասընթացների անցկացման ընթացքում մասնակիցները փոխանակվում են իրենց փորձով, նրանց մոտ ձևավորում են հորիզոնական, այլ ոչ կլանային բնույթի միջանձնային կապեր և  կորպորատիվ ինքնության նմանվող մի բան:

Սակայն ծրագրերի այս դրական կողմերը, ըստ փորձագետների, այսօր ավելի շուտ դասընթացի կողմնակի արդյունքն են, այլ ոչ հիմնական նպատակը: Բացի այդ, ինչպես նշում են մեր կողմից հարցված որոշ դասախոսներ, երբեմն նրանք բախվում են ունկնդրողների՝ ապագա նահանգապետերի և նախարարների, փոխնահանգապետերի և փոխնախարարների  տարակուսական և նույնիսկ ուղղակի թշնամական արձագանքին: Ճիշտ է, դա լսարանի բավականին փոքր մասն է, որին կարելի է «հավատարիմ կարիերիստներ» անվանել: Մեր հարցվածներից մեկի կարծիքով՝ այս տիպի պաշտոնյաներին հատուկ են «տնտեսության ոչ բավարար իմացությունը, դժգոհությունը վատ լուրերից և իրավիճակի քննադատական գնահատականներին տհաճ վերաբերմունքը»:

Նոր ղեկավարներին կարելի է համեմատել նախահեղափոխական Ռուսաստանի կայսերական մոդելի գեներալ-նահանգապետերի հետ: Բայց կարևոր է հասկանալ, որ այս կադրերը տնտեսության ռենտային մասի կառավարման համար են: Նրանց խնդիրը ոչ թե վարչակարգի ֆունդամենտալ սկզբունքների զարգացումն է, այլ դրանցու իշխանական համակարգի կենսունակության  պահպանումը:

Նոր տիպի տեխնոկրատը պարտադիր չէ, որ լինի երեսուն կամ քառասունն անց երիտասարդ՝ եռանդուն, լավ կոստյումով և ակնոցով: Դաշնային և տարածաշրջանային հիերարխիայի բարձր պաշտոններում նշանակված մարդիկ շատ տարբեր են: Մեր հարցվածները առանձնացրել են դրանց մի քանի տիպաժ: Այսպես, պայքարողներ (տեղական վերնախավերի հետ կոնֆլիկտի գնացողներ), օպտիմիզատորներ (դասական տեխնոկրատներ, օրինակ՝ 40-ամյա Մաքսիմ Ռեշետնիկովը՝ Պերմի շրջանի նահանգապետը), ռեսուրսներ բաշխողներ (պետության հետ ունեցած կապերի շնորհիվ գոյություն ունեցող բիզնեսի մարդիկ, օրինակ՝ Օլեգ Կոզեմյակոն՝ Պրիմորյեի նահանգապետը, ով ձկնային բիզնեսի ներկայացուցիչ էր), քաղաքական դրածոներ (օրինակ՝ Սանկտ Պետերբուրգի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Բեգլովը՝ Պուտինի մարդկանցից մեկը): Նրանցից ոմանք փորձում են ոչնչացնել տարածաշրջանային կառավարման համակարգը. ըստ հարցվածներից մեկի՝ նրանք դիմում են «սոլդաֆոնյան արդիականացման»՝ ներառելով թիմի ամբողջական փոխարինումը: Մյուսները պարզապես իրականացնում են ղեկավարության ցուցումները: Նոր տեխնոկրատների շարքում կան նաև ֆրոնտմեններ, ովքեր փորձում են թաքցնել այն փաստը, որ տարածաշրջանը վերահսկում է պետական կորպորացիան (օրինակ՝ Ալեքսեյ Դյումինը՝ Տուլայի շրջանի նահանգապետը, այն մարզի, որտեղ «թելադրողի» դերում է Ռուսաստանի տեխնոլոգիական կորպորացիան): Նրանցից ոմանք ունակ են համաձայնության գալ և փոխզիջումներ փնտրել:

Միևնույն ժամանակ, շրջաններում դրածոների մեկ երրորդը «պարաշյուտիստներ» են, նույնն է՝ «վարյագներ», կողմնակի անձինք: Նոր դրածոների կողմից հնարավոր են բազմաթիվ ձախողումներ, ինչը նշանակում է, փորձագետներից մեկի կարծիքով, որ «նրանց ստիպված  կլինեն փոխել նշանակումների հաջորդ փուլում»:

Պուտինը դեմ չէ ժամանակակից կառավարչական մոբիլացման մեխանիզմների կիրառմանը և նույնիսկ երբեմն հանդիպում է «նոր ղեկավարների» հետ [22]: Սակայն նա, ըստ երևույթին, կադրերի ընտրության այս մեխանիզմները հիմնական չի համարում: Դրանց իրականացումը ինքնին մեծապես կախված է իշխանության մեջ որոշակի անձանց առկայության կամ բացակայության փաստից: Օրինակ՝ «Ռուսաստանի առաջնորդները», մեր հարցվածների կարծիքով, Սերգեյ Կիրիենկոյի անձնական նախագիծն է: Արդիականացման ցանկացած ջանք անձնավորված է, կախված է որոշակի անձանց կամ կառույցների հետաքրքրվածությունից: Ահա փորձագիտական հարցազրույցից մի բնորոշ մեջբերում. «Պետությունը աբստրակցիա է:  Գլխավորը մարդիկ են»: (Պետության և կրթական կառույցների արդյունավետ փոխգործակցության օրինակ է Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցում մոնոքաղաքների համար կադրերի, ինչպես նաև նույն տեղում հիվանդանոցների գլխավոր բժիշկների նախապատրաստումը):

Նշանակումների քաղաքական մակարդակը շարունակում է մնալ նախագահի և նրա մերձավոր շրջապատի, որտեղ նոր համակարգով պատրաստված տեխնոկրատները չեն կարող մուտք գործել,  արտոնությունը: Հատկանշական է, որ մինչև որոշակի պահը ղեկավարի արդյունավետությունը նախագահը բառացիորեն կապում է իր «մարմնին» մտերմության հետ: Այդ պատճառով, բարձր պաշտոներում նշանակվում էին անվտանգության ծառայության սպաներ կամ արարողակարգի ծառայության ղեկավարը (Անտոն Վայնոն՝ նախագահի աշխատակազմի ղեկավար) [23]: Դրածոների թվում քիչ չեն  ուժային կառույցներում աշխատանքի փորձ ունեցող  մարդիկ, նախագահը նրանց առանձնակի է վստահում:

Ռուսաստանի դեպքում սահմանափակող հիմնական տարրը՝  ուժայինների իշխանությունը և նրանց հետ բոլոր նշանակումների համաձայնեցումը, ոչ մի տեղ չի վերանում և չի վերանա:  Քաղաքական բացարձակ հավատարմությունն ավելի կարևոր է, քան տեխնոկրատիկ արդյունավետությունը՝ չխոսելով արդեն արդիականացման ձգտումների մասին: Գլխավորը հավատարմության ֆիլտրն է: Ուժային, նույն է՝ գաղափարական թևի կոմպրոմիսը քացաքացիական վերնախավերի հետ տեսականորեն հնարավոր է, սակայն դժվար իրագործելի․ ուժայինները կարևորագույն պաշտոններում նշանակում են՝ ում կուզենան և նրանց թվից, ովքեր անցել են իրենց ընտրասերումը:

Ինչու՞ է հավատարմության ֆիլտրն այդքան կարևոր: Կառավարումն իրականացվում է ձեռքով (և հաճախ ցածր արդյունավետությամբ) առանցքային դիրքերի  վրա քաղաքական վերահսկողությունը կորցնելու վախի պատճառով: Ամբողջապես լոյալ սելեկցիայի օգտին տեխնոկրատիկ սելեկցիայից՝ չխոսելով արդեն ժողովրդավարականի մասին,  հրաժարվելու բնորոշ օրինակ է արդեն նշված դեպքը, երբ Սանկտ Պետերբուրգի նահանգապետի չափազանց կարևոր պաշտոնում ընտրվեց Ալեքսանդր Բեգլովը:

Երբեմն նույնիսկ ամենահավանական դրածոները իրենք չեն ցանկանում մասնակցել իշխանական բարձր պաշտոնների համար մրցավազքին: Ահա այն հիմնական պատճառները, որոնց արդյունքում տեխնոկրատները կարող են հրաժարվել նշանակումներից.

  •  բնակչության կողմից պետական պաշտոնյաների բացասական ընկալումը.
  • աշխատանքի արդյունավետության անորոշ չափանիշներով բարձր պաշտոների քաղաքական անկայունությունը՝ (չնայած KPI-ների առկայությանը, դժվար թե աշխատանքի որակը իրապես գնահատելիս նրանց վրա լուրջ ուշադրություն են դարձնում), այստեղից է վախը՝ կորցնելու ինչպես բարձր պաշտոնը, այնպես էլ հեղինակությունը.
  • աշխատավարձերի վերին շեմի  հետ կապված խնդիրը. դրանք զիջում են բիզնեսի համանման դիրքերի աշխատավարձերին.
  • սեփականություն տնօրինելու  սահմանափակումները.
  • եկամուտների հանրայնացման հետ կապված խնդիրները և այլն:

Մեր հարցվածներից ոմանք նշեցին նաև արդյունքների հասնելու սահմանափակումները   կանոնակարգման ավելցուկի պատճառով, որը նույնպես խոչընդոտում է ղեկավարներին:

Ի՞նչն  է տեխնոկրատիկ մոտեցման հիմնական խնդիրը: Այս մասին գրել է Ուիլյամ Ուեսթլին իր «Փորձագետների բռնակալությունը» գրքում. «Տեխնոկրատիկ պատրանքներով առաջնորդվող զարգացման ոլորտի փորձագետները անգիտակցաբար լեգիտիմությամբ և լայն լիազորություններով են օժտում պետությանը՝ որպես սուբյեկտի, որը կոչված է իրագործելու տեխնիկական որոշումները <…> Ձեռքերի ճարպկությունը, որն իրական մարդու իրավունքների խախտումները սքողելու հետ միաժամանակ կենտրոնացնում է ուշադրությունը տեխնիկական լուծումների վրա, ժամանակակից զարգացման բարոյական ողբերգությունն  է» [24]:

Փորձագետները տեխնոկրատիկ մոտեցման կարևոր թերությունը տեսնում են նրանում, որ տեխնոկրատ պաշտոնյաները առաջին հերթին պատասխանատու են դաշնային կենտրոնի առջև, այլ ոչ թե քաղաքացիների. ենթավերահսկողության այսպիսի մեխանիզմը հաճախ հանգեցնում է «հաշվետվության պաշտամունքի» և դրված նպատակների և ինդիկատորների ձևական կատարման: Նպատակային ցուցիչների և KPI-ի հիման վրա արդյունավետության գնահատումը, որը երբեմն ձևակերպվում է առանց իրականության հետ որևէ կապի, կրում է ֆորմալիզմի, տրված պարամետրերին արդյունքների հարմարեցման, կեղծ հավելումների ռիսկ: (Մեջբերում հարցազրույցից. «Սա է զեկույցի գերակայությունը զարգացման նկատմանբ»:) Պաշտոնյայի համար ավելի կարևոր է ժամանակին զեկուցել իր վերադասին, պահպանել  դիրքը իշխանության մեջ կամ տեղափոխվել աշխատանքի նոր վայր, քան լուծել խնդիրը: Կարճաժամկետ հեռանկարում այս մոտեցումը կարող է արդյունավետ լինել, բայց երկարաժամկետ հեռանկարում այն հղի է խնդիրներով, քանի որ հաշվի չի առնում հասարակ մարդկանց և տարածաշրջանային վերնախավերի շահերը և մեծացնում է լարվածությունը հենց կառավարման համակարգի ներսում: Բիզնեսում նման խնդիրները ավելի քիչ են. նոր տեսակի շատ ղեկավարներ նախընտրում են սոցիալական մոբիլացումը ձեռնարկատիրական միջավայրում, ներառյալ խոշոր ընկերությունները, թեկուզ և պետության հետ կապված, բայց մեծաթիվ ֆիլտրերով և սահմանափակումներով չշրջապատված:

Կառավարչական վերնախավեր հավաքագրվելու հիմնական մեթոդները՝ անձնական հավատարմությունը Պուտինին, պրոֆեսիոնալիզմը, որը համակցված է հավատարմության ֆիլտրի հետ (օրինակ, կառավարության ֆինանսատնտեսական բլոկի ներկայացուցիչների մոտ), դրածոյին հովանավորող կլանների, ընտանիքների, խմբերի, կորպորացիաների շահերի պահպանումը, չեն նպաստում արդյունավետության բարձրացմանը:

Շարունակելի ..

Ծանոթագրություններ

[15] Сайт Высшей школы государственного управления https://www.ranepa.ru/struktura/instituty-i-fakultety/vysshaya-shkola-gosudarstvennogo-upravleniya 

[16] Сайт конкурса «Лидеры России» https://лидерыроссии.рф 

[17] Сайт Московской школы управления «Сколково» http://www.skolkovo.ru 

[18] Сайт Агентства стратегических инициатив https://asi.ru 

[19] Տես՝ Мереминская Е., Холявко А., Базанова Е. Правительство утвердило методику оценки губернаторов. — Ведомости. — 26 июля 2019 // https://www.vedomosti.ru/economics/articles/2019/07/25/807334-pravitelstvo-utverdilo 

[20] Տես՝ Новые назначения получили 45 участников конкурса «Лидеры России». — ТАСС. — 12 марта 2018 // https://tass.ru/politika/5021737

[21] Տես՝ Кузнецова Е. Алексей Комиссаров — РБК: «Мы никого под БТР насильно не клали». — РБК. — 20 июня 2018 // https://www.rbc.ru/interview/politics/20/06/2018/5b23ced49a7947bf297925f0

[22] Встреча с победителями конкурса «Лидеры России». — Президент России. — 19 марта 2019 // http://kremlin.ru/events/president/news/60104 .

[23] Տես՝ Kolesnikov A. All the President’s Eunuchs. — Project Syndicate. — September 1, 2016 // https://www.project-syndicate.org/commentary/putin-purges-old-guard-loyalists-by-andrei-kolesnikov-2016-09 .

[24] Истерли У. Тирания экспертов. Экономисты, диктаторы и забытые права бедных. — М.: Издательство Института Гайдара, 2016. — C. 21.


Թարգմանիչ՝ Մերի Բաբայան  (Mery Babayan), խմբագիր՝ Գայանե Խաչատրյան (Gayane Khachatryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: