Հարցազրույց. Դավիթ Պետրոսյան

Հարցազրույց «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն հասարակական կազմակերպության փոխնախագահ Դավիթ Պետրոսյանի հետ։

Ինչպե՞ս եք իմացել «Ինլայթ» հասարակական կազմակերպության մասին։

Իմ՝ Ինլայթի մասին «իմանալը» բավականին հետաքրքիր և երկար նախապատմություն ունի, եթե հաշվի առնենք, որ համահիմնադիրներից մեկն եմ։ 🙂 Դա ավելի քան մեկ տասնամյակ առաջ էր, երբ կար գաղափար այս ամենն անելու։ Կարելի է ասել՝ կազմակերպության մասին ամեն ինչ գիտեի, երբ այն դեռ չկար։

Այժմ «Ինլայթ» ՀԿի փոխնախագահն եք։ Ինչպե՞ս Ձեզ հաջողվեց հասնել այս պաշտոնինորո՞նք էին Ձեր առաջին քայլերը։

Ինլայթի փոխնախագահ լինելը մեծ պատասխանատվություն է, որը ևս մեկ օրում չեմ ստանձնել։ Հիմնադրման պահից եղել եմ վերլուծաբաններից մեկը, իսկ երբ սկսեցինք ակտիվ հրապարակային գործունեություն ծավալել, ստեղծվեց «Մեդիա» բաժինը, որը գլխավորեցի ես՝ համատեղելով կազմակերպության Խորհրդի անդամի կարգավիճակը։

Ի՞նչ եք կարծում՝ Ձեր ո՞ր որակների և հմտությունների համար եք ընտրվել կազմակերպության փոխնախագահ։ 

Դժվարանում եմ պատասխանել այդ հարցին։ Երևի այն ծրագրերը, որ առաջարկել էինք, հավանության են արժանացել ինլայթցիների կողմից, և նրանք որոշել են դրանք իրականացնելու հնարավորությունը մեզ տալ։

Ո՞րն է եղել ամենամեծ հաջողությունը և տպավորված ձախողումը Ձեր գործում։

Ամենամեծ հաջողությունը, որում թեև փոքր, բայց որոշակի մասնակցություն եմ ունեցել, պրոֆեսիոնալ թիմի ստեղծումն է։ Բոլորովին հեշտ գործ չէ մի հարկի տակ հավաքել մի քանի տասնյակ տաղանդավոր, կայացած և յուրօրինակ մարդկանց և կազմակերպել նրանց համահունչ աշխատանքը։ Դա, թերևս, Ինլայթի մեծագույն կապիտալն է։ Անկասկած այդ արդյունքը չի տրվել միանգամից՝ ձախողումները, սխալները, շտկումները կատարելագործման մշտական պատճառներն են։

Ինչպե՞ս կմեկնաբանեք «Ինլայթ»-ի կարգախոսը։

Կարգախոսը ևս թիմային մտքի արդյունք է։ Այն ճշգրիտ պատմում է «Ինլայթ»-ի պատմությունը։ Այն տալիս է մի քանի հարցի պատասխան՝ ինչպես ստեղծվեց «Ինլայթ»-ը, ինչով է զբաղվում Ինլայթը և ինչու միանալ մեզ։ Այս բոլոր հարցերի պատասխանը լավագույնս տվել ենք  կարգախոսի միջոցով։

Ինչպե՞ս առաջացավ կազմակերպությունն  «Ինլայթ» անվանելու միտքը։

Անվանումն ընտրելիս փորձել ենք ստանալ առավելագույնս պարզ, բայց բովանդակալից անուն։ «Enlightenment» բառը բավականին դիպուկ թվաց և առաջարկ եղավ օգտագործել դրա կրճատ տարբերակը։ Չնայած դրան՝ «Ինլայթ» բառը հետագայում շատ ավելի հարուստ մեկնաբանություններ ստացավ թե՛ անդամների, թե՛ մեր ընթերցողների կողմից։

Կազմակերպության անվանափոխությունը որևէ կերպ ազդեցություն ունեցե՞լ է ծավալվող գործունեության վրա։

Միանշանակ։ Անվանափոխությունը վերաբրենդավորման մի փոքր մասն էր։ Զուգահեռաբար սկսեցինք մի քանի ուղղություններով հավակնոտ նախագծեր պատրաստել և լայնացնել գործունեության դաշտը։ Անվանափոխությունը նաև ավելի հմայիչ դարձրեց կազմակերպությունը, որի արդյունքում նոր մարդիկ միացան մեզ։

Ի՞նչ եք սովորել  «ինլայթցիներ»-ից։

Եթե սկսեմ թվարկել, շատ երկար կստացվի։ Ավելի ճիշտ կլինի ասել, որ բոլոր Ինլայթցիներս սովորում ենք միմյանցից և սովորում ենք միասին։ Ինլայթը փորձում է հարթել ճանապարհ, որով դեռ ոչ ոք չի քայլել։ Այսինքն՝ եթե մի պահ դադարենք սովորել միմյանցից, կձախողվենք։

Երեք բան, որ ամենից շատն է Ձեզ գրավում «Ինլայթ»-ում։

Ինլայթը ազատ մտածելու միջավայր է։ Բայց հմայքն այն է, որ կարող ես մտածածդ իրագործել մեզ մոտ նախաձեռնողականությունը պատժելի չէ՝ միանգամայն հակառակը։


Հարցազրույցը վարեց Աննա Մանուկյանը