Էրդողանի ուղին

Թուրքիայի իսլամիստ վերափոխչի վերելքն ու իշխանությունը. Էրդողանի ուղին

Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի Հանրապետության 96 տարվա պատմության մեջ երևան եկած ամենից հակասական քաղաքական գործիչն է։ Նա միաժամանակ բևեռացնող է և ժողովրդական, ավտոկրատ և հարազատ, հաշվենկատ և անտարբեր։ Էրդողանի գաղափարախոսությունը փոփոխվում է մի քանի տարին մեկ, և  նա, կարծես առաջ ընթանալով, կազմում է իր ճանապարհային քարտեզը։ Նա բռնկվող է։ Այսպես՝ խլում է ծխախոտի տուփերը քաղաքացիներից՝ փորձելով ստիպել նրանց հրաժարվել վատ սովորությունից, հանդիմանում է լրագրողներին, ովքեր խրթին հարցեր են ուղղում իրեն, և մի անգամ նույնիսկ լքել է բեմը Դավոսի Տնտեսական համաժողովին Իսրայելի նախագահի հետ մտքերի  փոխանակման լարված պահին։ Բայց միևնույն ժամանակ նա կարող է լինել չափազանց համբերատար։ Քանզի նրանից պահանջվել է տասը տարի՝ կոփելու համար այն, ինչն ինքն անվանում է «Նոր Թուրքիա»՝ մարգինալացված ընդդիմությամբ, սպասարկու մամուլով և ինքնաբավ տնտեսությամբ։

Զայրույթի և հանդարտության այս միաձուլումը Էրդողանին դարձնում է ավելի ու ավելի հաջողակ քվեատուփերում։ Նա դարձավ վարչապետ 2003թ-ին, այն բանից հետո, երբ իր կուսակցությունը հաղթանակեց՝ 34% ձայն ստանալով, որը  2011թ-ին բարձրացավ մոտ 50%-ի։ 2014թ-ին նա առաջադրվեց նախագահի պաշտոնում, որպեսզի կենտրոնացնի իր հեղինակությունը, արդյունքում քվեարկությանը մասնակցածների կեսից ավելին ձայն տվեց նրան։ Նրանք նույն կերպ վարվեցին նաև 2018թ-ի ընտրության ժամանակ՝ միաժամանակ կողմ քվեարկելով վարչապետի ինստիտուտի ամբողջությամբ վերացման հանրաքվեում։ 

Էրդողանն իր ժողովրդական մանդատը վերածեցեց ուժի և օգտագործեց այն մնացյալ աշխարհի հետ Թուրքիայի հարաբերությունները վերափոխելու գործում։ Նա ընդլայնեց Թուրքիայի ազդեցությունը Սիրիայում և Իրաքի հյուսիսում, և ՆԱՏՕ անդամ Թուրքիան շուտով թեքվեց դեպի Չինաստան, Իրան և Ռուսաստան։ Ուժի նման կիրառումը բերեց ֆեինիստների, ձախակողմյանների, և աշխարհիկ միջին խավի մոտ այլակարծության ձևավորման։ Էրդողանի կառավարման շրջանում Թուրքիան լրագրողների համար աշխարհի ամենամեծ բանտի է վերածվել։ Բանտարկվածների շարքերում կան նաև կինոռեժիսորներ, գրողներ, լուսանկարիչներ, գիտնականներ։ 2015թ-ից Թուրքիան արգելել է ԼԳԲՏ երթերը։ 2017թ-ից արգելափակվել է Վիկիպեդիան։

2019թ-ի սկզբին ֆինանսական ճգնաժամի պատճառով Էրդողանի կուսակից թեկնածուները ՏԻՄ ընտրություններում կորցրին ժողովրդական աջակցությունը։ Չնայած որ իր կուսակցության գայթակղությունը գնալով նվազում է, 2023թ-ին Էրդողանը կարող է ստանձնել նախագահի պաշտոնը երրորդ անգամ։ Եթե դա տեղի ունենա և Էրդողանը այս պաշտոնը լքի 2028թ․-ին, ապա նա Թուրքիայի պատմության մեջ կմնա որպես 2-րդ ամենաերկար պաշտոնավարած նախագահը Քեմալ Աթաթուրքից հետո։ 

Զարմանալի է, որ քաղաքական գործիչ Էրդողանը սկզբում ձգտում էր որքան հնարավոր է հեռու մնալ այն կերպարից, ում առավելագույնս նմանվում է։

Աթաթուրքը՝ «Թուրքերի հայրը», Օսմանյան շրջանի գեներալ էր, ով վերացրեց խալիֆաթը 1924թ-ին և արդիականացրեց Թուրքիան ուժի միջոցով 1930-ականների ընթացքում։ Միակուսակցական վարչակարգի պայմաններում կործանված կայսրության մոխրի վրա Աթաթուրքը ստեղծեց ժամանակակից ազգային պետություն, կառուցեց նոր բյուրոկրատիա, խթանեց թուրքական բուրժուազիայի ստեղծմանը, այսպես ասած, «համոզեց» մուսուլման ժողովրդին իրենց կյանք ներմուծել արևմտյան արդիականությունը։ Էրդողանն ի սկզբանե քննադատեց Աթաթուրքի կողմից Թուրքիայի կենտրոնացված վերափոխումը՝ մեղադրելով նրան կառավարման «քմահաճ» ձևի համար։ Բայց սկսած 2008թ-ից Էրդողանը ստիպված եղավ բալանսավորել բյուրոկրատական տարբեր շրջանակներում ի հայտ եկած երկպառակությունները, իսկ 2013թ-ին, երբ արդեն թուրք ժողովուրդը դուրս եկավ փողոց՝ բողոքելու Էրդողանի վարած քաղաքականության դեմ, վերջինս որդեգրեց զարմանալիորեն նմանատիպ մեթոդներ։ Հետաքրքրական է, որ քաղաքական գործիչ Էրդողանը սկզբում ձգտում էր որքան հնարավոր է հեռու մնալ այն կերպարից, ում առավելագույնս նմանվում է։

Երիտթուրքեր

Էրդողանը ծնվել է 1954թ․-ին` Աթաթուրքի մահից 16 տարի անց, Ստամբուլի կոպիտ թաղամասերից մեկում՝ բաց կոյուղիներով և ցեխոտ փողոցներով Քասըմփաշայում, որը հայտնի է իր հրշեջներով, գրպանահատներով, և ռումինացի երաժիշտներով։ Լաստանավի կապիտանի որդի Էդողանը, երբ դեռ չէր սովորում կրոնական դպրոցում, գրպանի գումար էր աշխատում թուրքական բլիթներ վաճառելով։ Տունդարձի ճանապարհին, երբ մթնշաղն իջնում էր Ստամբուլի վրա, նա «Ոսկե Եղջյուրում» խարսխված բեռնատար նավի տախտակամածը օգտագործում էր Ղուրանի ընթերցանությամբ զբաղվելու համար՝ վաստակելով ծափահարություններ իր հռետորական խոսքի համար։ Էրդողանը նաև ֆուտբոլ էր խաղում, երազում էր սպորտային կարիերայի մասին, և ըմբոստացել էր պատրիարխիատի դեմ․ բանն այն է, որ մտերիմ իսլամիստները չէին ընդունում նրա սպորտային շորտերը, և շուտով Էրդողանի հայրը պահանջում է, որ որդին պատշաճ աշխատանք գտնի:

Էրդողանը 15 տարեկան էր, երբ 1969թ-ին Թուրքիայի պատմության մեջ իշխող իսլամիստ քաղաքական գործիչ Նեջմեթթին Էրբաքաբը հրապարակեց “Milli Görüş”(Ազգային տեսակետ) կուսակցության մանիֆեստը։ Էրբաքանը կոչ արեց Թուրքիային խզել կապերը ԵՄ ածանցյալ հանդիսացող Եվրոպական տնտեսական համայնքի հետ և համագործակցել Բանգլադեշի, Պակիստանի և մնացյալ մուսուլմանական աշխարհի համաիսլամական առաջնորդների հետ։ Այն պահից, երբ պատանի Էրդողանը միանում է Էրբաքանի «Ազգային փրկություն» կուսակցության երիտասարդական թևին, այս կուսակցության  մտածողության ազդեցությամբ էլ սկսում է ձևավորվել նրա քաղաքական բնազդը։ Էրբաքանի շարժումը աջակցում էր մոջահեդներին, ովքեր Աֆղանստանում պայքար էին մղում Սովետական միության, իսկ Իրանում՝ Ռուհոլլահ Խոմեյնիի Իսլամական հեղաշրջման դեմ։ Քաղաքական հավաքների ժամանակ կուսակցության ղեկավարները քննադատում էին իրենց կողմից այսպես կոչված «Արևմուտքի խաչակիրների մտածելակերպը» և Միջազգային դրամական ֆոնդն ու Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունները դիտում որպես դրա ժամանակակից դրսևորումներ։ Էրդողանն էլ վերջիններիս նման քննադատել է իսլամական հղումների բացակայությունը հասարակական տիրույթում․ նրանց կարծիքով աշխարհիկ իշխանությունն  արժանի չէ հարգանքի, քանի դեռ չի հարգում իսլամը։

1985թ-ին, երբ կարգավորեց ԿՀՎ-ի կողմից աջակցություն ստացող մուջահեդների խմբի ղեկավար Գուլբեդդին Հեքմաթյարի այցի առիթով կայանալիք բռնցքամարտի հանդիպումը, Էրդողանը հնարավորություն ստացավ իր կազմակերպչական կարողությունները ցույց տալու ավագ իսլամիստներին։ Հեքմաթյարը Թուրքիա էր ժամանել՝ Էրբաքանի քաղաքական վերադարձը նշելու համար քաղաքական կյանքին մասնակցելու 5տարվա արգելքից հետո։ Էրդողանը նաև կապեր հաստատեց ազդեցիկ շարժում հանդիսացող Ստամբուլի Նաքշբանդիական Սուֆիական ուղղության հետ, որի տրամադրած կրոնական կապերը պետք է օգնեին Էրդողանի իշխանական վերելքին։ Այս տարիներին Ստամբուլի քաղաքային իշխանությունները վարձել էին Էրդողանին որպես իրենց ֆուտբոլային թիմի խաղացող, բայց իսլամական մորուքի վերաբերմամբ թիմի ունեցած արգելքը ստիպեց նրան հրաժարվել խաղից։ Զինվորական պարտադիր ծառայությությունն անցնելուց հետո Էրդողանը աշխատել է երշիկի գործարանում՝ որպես ադմինիստրատոր։ Շուտով իսլամիստները հրավիրում են նրան ամբողջական դրույքով աշխատանքի Էրբաքանի ղեկավարած կուսակցությունում, որն այդժամ վերանվանվել էր «Բարօրություն կուսակցություն», քանզի արգելված կուսակցությունների վերամարմնացումներն արգելվում էին։ Այստեղ Էրդողանը իր աշխատավարձի վճարման համար բարձրացնում է կուսակցության անդամների վճարները։ 

Որպես կուսակցության նահանգային ղեկավար՝ Էրդողանը ելույթ էր ունենում ընդդեմ «նոր չարիք աշխարհակարգի», քննադատում էր Ծոցի պատերազմը և պաշտպանում Ալժիրի քաղաքացիական պատերազմում իսլամական ապստամբ խմբերին։ Էրդողանն առանձնանում է  մյուս իսլամիստներից իր հաշվենկատ լավատեսությամբ՝ օգտագործելով 1990-ականների թուրքական քաղաքականության մեջ առկա տեկտոնական տեղաշարժը։ Ավելի ուշ Էրդողանը պիտի ասեր հետևյալը․ «Մենք Ղուրան լավ ընթերցող մորուքով մարդկանց կարիք չունենք, մենք կարիք ունենք իրենց գործը պատշաճ կատարողների»։ Այս ուղղությամբ Էրդողանը ստեղծեց կամավորների մի ցանց, ովքեր մի քանի ժամվա ընթացքում պատերին կարող էին ամրացնել կուսակցական տասնյակ հազարավոր պաստառներ և տեղեկագրեր տարածել ընտրողների համար առավոտյան երթևեկի ընթացքում։ Սրանք, ինչպես Էրդողանն է անվանում, իր «նյարդային վերջույթներն» էին, որոնք ունակ էին ազդակները «բարօրություն կուսակցության» գրասենյակներից ընտրողներին հասցնելու։ Իր կազմակերպությունը բնութագրելու համար Էրդողանը կիրառում է մեկ այլ անալոգիա․ այն  է՝ «աղյուսե պատ», որը զգուշորեն է շարված և անառիկ է։

Ստամբուլի քաղաքապետ Էրդողանը 1998թ-ին (Reuters/ Fatih Saribas/ File photo)

Լայն զանգվածներինուղղված այս ջանքերը իրենց արդյունքը տվեցին 1994-ին, երբ Էրդողանը ընտրվեց Ստամբուլի քաղաքապետ։ Նա հանրային տրանսպորտը դարձրեց անվճար իսլամական տոն օրերին, տեղական ինքնակառավարման կառույցներում արգելեց ալկոհոլը, վերացրեց գլխաշոր կրող կանանց նկատմամբ առկա աշխատանքային սահմանափակումները։ Լրագրողի այն հարցին, թե «Ո՞րն է ձեր հաջողության գաղտնիքը» Էրդողանը պատասխանել է, թե ինքը Ստամբուլի իմամն է։ Էրդողանի խիզախությունը անհանգստացրեց աշխարհիկներին ու գեներալներին, և նրա աճող կարերիան վտանգվեց։ 1998թ․ Թուրքիայի բարձրագույն դատարանը արգելեց «Բարօրություն կուսակցության» գործունեությունը, իսկ հանրահավաքի ժամանակ ունեցած իր բուռն ելույթից հետո Էրդողանին ատելություն հրահրելու մեղադրանք առաջադրվեց և նա դատապարտվեց տասը ամսվա ազատազրկման։ Իրավական բիծը, որով երկրի դատական համակարգը նախատեսում էր որպես նրա կարիերան տապալելու միջոց, Էրդողանին դարձրեց էլ ավելի ժողովրդական, քանի որ բարեպաշտ թուրքերը այժմ նրան դիտարկում էին որպես իրենց ձայնը բարձրացնողի, ում պետությունը լռեցնել էր փորձում։ Բանտից դուրս գալիս Էրդողանը պատրաստ էր գծել իր ուղին դեպի իշխանություն։

Այդ ժամանակ էր, երբ հակադրվելով քաղաքական գործունեությամբ զբաղվելու իր վրա դրված արգելքին և առաջնորդելով Էրբաքանի ղեկավարած կուսակցության անջատողական խմբերին՝ էրդողանը լոկալ քաղաքականությունից անցավ համապետական քաղաքական կյանք։ (Իր քաղաքական ուսուցչի   և իր միջև առաջացած ճեղքը նաբացատրեց Արիստոտելին վերագրվող հետևյալ խոսքով․ «Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է»)։ Էրդողանի հավակնությունների բավարարման միջոցը դարձավ 2001թ. հիմնադրված «Արդարություն և զարգացում» կուսակցությունը։ (թուրքերեն AKP հապավմամբ) Նոր կուսակցության մասին ազդարարող մամուլի ասուլիսին Էրդողանը ժողովրդավարությունն ու բազմակարծությունը ներկայացրեց որպես կուսակցության գաղափարական հիմնաքարեր։ Նրա խոսքով շարժումը հիմնված էր «իշխանության բաժանման» սկզբունքի վրա․ «Որևէ մեկը պետք է ղեկավարի կուսակցությունը, բայց որոշումները չպետք է կայացվեն մեկ առաջնորդի ազդեցությամբ»։ Իր դերը համեմատելով «նվագախմբի ղեկավարի» դերի հետ և հայտարարելով, թե մեկ անձի շուրջ կենտրոնացած քաղաքականությունը արդեն անցյալում է, Էրդողանն իր նոր կուսակցութունը հիմնեց «Բարօրություն կուսակցության» երկու վետերանների՝ Աբդուլլահ Գյուլի և Բյուլենթ Արընչի հետ միասին, և այս  խարիզմատիկ եռյակը ստանում էր աջակցություն Անատոլիայի սրտից։ Նրանց ունեցած նոր գաղափարն այն էր, որ Եվրամիության կողմից առաջարկվող եվրոպական ինտեգրումն ու կրոնական ազատությունների պաշտպանությունը ընդունելի էր բարեպաշտների կողմից, իսկ ժողովրդավարությունը բավարարում էր պահպանողական թուրքերի պահանջները։ «Նախկինում մենք տեսնում էինք Թուրքական պետությանը որպես Լևիաթան, որը ճնշում էր կրոնավորներին և աղքատներին։»,-վերհիշում է Արընչը․ «Այժմ ԵՄ անդամագրման բանակցությունները մեզ համոզեցին, որ Թուրքիան կարող է դեմոկրատ լինել»։ Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիայի կայացման ոչ դեմոկրատական բնույթի պատճառով իր պահպանողական-ժողովրդավարական կուսակցությունը կարող է չստեղծված համարվել, եթե իրեն Իսլամական կուսակցություն չհամարի, և չնայած լայն քննադատություններին՝ չօգտվի արտաքին կարգավիճակի բերած նպաստներից։ Դա դառնալու էր եկող  տարիների հաղթանակի բանաձևը։

Բանտից դուրս գալով՝ Էրդողանը պատրաստ էր գնալ իշխանություն տանող ուղով։

2002թ․ Թուրքիայի ընտրություններում ԱԶԿ-ն հաղթանակ տարավ՝ ստանալով ձայների 34%-ը։ Երկրորդ տեղը զբաղեցրած ուժը հավաքել էր 19%։ Թեև ավելի վաղ շրջանում էլ պահպանողական կուսակցություններին, ինչպիսիք էին Դեմոկրատական կուսակցությունը (1950), Արդարությունը (1965), Մայր հայրենիքը (1983) հաջողվել էր մեծ թվով ձայներ հավաքել, սակայն վերջիններիս առաջնորդները իշխանության մեջ չհաջողեցին։ Առաջինին թուրք գեներալները կախաղան բարձրացրին, երկրորդին դուրս մղեցին ռազմական հեղաշրջմամբ, երրորդին փորձեցին հեռու պահել իշխանությունից, սակայն անհաջող կերպով։ Էրդողանին վիճակված էր խուսափել նման ճակատագրից։ 2004թ. նա խոստացավ կրճատել զինվորականության վաղեմի գերիշխանությունը քաղաքական կյանքում և Թուրքիայի Գլխավոր շտաբի պետին, ում նախկինում աստվածացնում էին, պաշտոնն իջեցնելով՝ դարձրեց հանրային ծառայող։ Այս խոստումները նրա համար ապահովեցին լիբերալների աջակցությունը։ Սակայն Թուրքիայի ռազմական խնամակալությունը չփոխարինվեց ժողովրդավարությամբ․ ավելին, ինչպես գրում են գիտնականներ Սիմոն Վալդմանն ու Էմրե Չալըշքանը, այն 2010-ականներին իր տեղը զիջեց «ԱԶԿ ժառանգությանը»։ Իրենց մատնանշած «Կոնսեսուսի քաղաքականության և բազմակարծության» փոխարեն «Էրդողանի կառավարման տարիները եղան  բավականին հակասական և ավտոկրատական»։ Այս ընթացքում Էրդողանը շեղեց իր ուղին լիբերալներից և ձեռնամուխ եղավ երկրում նախագահական համակարգի հաստատմանը, ինչը ավելի քիչ արգելքներ կստեղծի իր իշխանության իրականացման համար։

Պետության աութսորսինգ

Վեց ոտնաչափ բարձրություն ունեցող Էրդողանը քայլում է վստահ կերպով․ մինչ նրա ձախ ուսը ետ է ընկած, աջն ուղղված է առաջ։ «Քասըմփաշայի երթ» անունով հայտնի այս «քայլքը», որը իր պատանեկության շրջանի թաղամասի մոտակայքում է, ամփոփում է իր մեջ այս մարդուն։ Իր բանտարկությունից հետո Էրդողանը մերժեց թուրքական Նելսոն Մանդելա դառնալու մտայնությունը և դրա փոխարեն մշակեց «քյուլհանբեյի», այն է՝ խուլիգանի կերպարը, ով գաղտագողի շրջում էր Ստամբուլի փողոցներում Օսմանյան կայսրության շրջանում։ Այս կերպարը ստեղծելով նա կարողացավ ընդգծել իր կարիերայի համեստ սկիզբը  և կոնսոլիդացնել իր կրոնապաշտ համակիրներին՝ սահմանափակումների ենթարկված այն իսլամիստներին, որոնք աջակցում էին նրան ոչ միայն իրենց համար ընկալելի բարեփոխումների, այլ նաև դեռևս իր կարիերայի սկզբնական շրջանում կատարած պահպանողական արժեքների պաշտպանության համար։

«Թուրքիայի յուրաքանչյուր քաղաքացու սրտում կա նախագահ դառնալու ցանկություն»,-ասել է Սուլեյման Դեմիրելը՝ մի աղքատ հովիվ, ում հաջողվեց իրականացնել այդ ցանկությունը 1993-ին։ Դեմիրելի նման Էրդողանի վերելքը նույնպես վերելքի ոգեշնչող օրինակ է։ Թեև, ինչպես շատ այլ հաջողության պատմություններում, Էրդողանի պատմության հերոսը ունի մեկ այլ կերպարային գիծ՝ խոցելիություն։ Իրենից առաջ եղած պահպանողական քաղաքական գործիչների ավանդույթին հետևելով, Էրդողանն իրեն ներկայացրեց որպես խոցելի առաջնորդ, ով  պաշտպանության կարիք է զգում։ 2006թ-ին, երբ նա արյան ճնշման իջեցման պատճառով ուշաթափվել էր մեքենայի մեջ, խուճապահար խորհրդականները նետվել էին օգնության ավելի ուշ, քան Մերսեդես մակնիշի զրահապատ մեքենան ավտոմատ կերպով կփակեր դռները։ Նրան փրկելու համար պահակախումբը ստիպված էր մուրճերով կոտրել դիմապակին։ Այս դրվագը գալու էր՝ ամբողջացնելու խաբված և մտերիմների կողմից դավաճանված մարդու մասին առասպելը։

Էրդողանը՝ ԱԶԿ-ի՝ 2019թ․ի մարտի հանրահավաքի ժամանակ (Xinhua/ Eyevine Redux)

Այնուամենայնիվ, Էրդողանը փոխել է իր ինքնադրսևորումը՝ հակաարևմտյան իսլամիստի կերպարից վերածվելով պահպանողական դեմոկրատի։ Ինչպես գրում է թուրք ժուռնալիստ Ռուշեն Չաքըրը, երբ 1990-ականներին Էրդողանը տարածքային քաղաքական կերպարից դառնում էր համապետական նշանակության գործիչ, «Լիբերալ մակդիրը նրա համար ընդունելի չէր, և ընկալվում էր որպես վիրավորանք», բայց քանի որ նա մարգինալացվել էր հին գվարդիայի կողմից, լիբերալները նրան ընկալում էին որպես «իսլամիստների կազմակերպչական ուժի և քվեարկողների դինամիկ բազայի» ու վերահաստատման միջև մի կամուրջ։ Համաշխարհային կարգի և իսլամական շարժման սեփական տեսլականի համապատասխանությունը հասկանալու համար ԱԶԿ-ն միացավ «Եվրոպայում պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքին»՝ համաեվրոպական քաղաքական կուսակցություն, որի նպատակն էր ոչ թե ԵՄ-ին մերժելը, այլ այն բարեփոխելը։ Վերադառնալով տուն՝ ԱԶԿ-ն ձեռնամուխ եղավ Թուրքական պետությունը  վերահսկելուն նպատակաուղղված դաշինքներ կազմելու ռազմավարությանը։ Իր իշխանությունն իրականացնելիս, թեև տեխնիկական թույլ հմտություններ կիրառելով, Էրդողանը համագործակցում էր միևնույն ժամանակ թե՛ իրավազոր բյուրոկրատների, թե՛ քաղաքական նկրտումներ ունեցող իսլամիստների հետ։ Բավական հայտնի է Էրդողանի ուսուցիչ Էրբաքանի հետևյալ խոսքը․ «Մինչ մյուս կուսակցություններն ունեն ընտրողներ, մենք ունենք հավատացյալներ»։ Էրդողանի առջև ծառացած էր հետևյալ մարտահրավերը․ շուկայական բարեփոխումների ձգտման և ԵՄ անդամակցության ֆոնին պահել այս հավատացյալներին։ 

Բայց այստեղ խնդիր կար. Էրդողանը չուներ կադրեր պետական բյուրոկրատիան լրացնելու համար։ Համապատասխան գործառույթները մեծամասամբ պատկանում էր այլ քաղաքական ճամբարներին։ Մինչ իսլամիստ բյուրոկրատները հակված էին հմտանալ հանրային առողջապահության և տրանսպորտային ծառայությունների ապահովման գործում, նրանք մինիմալ հետաքրքրություն էին ցուցաբերում կրթության, ոստիկանության և կամ ինտելեկտուալ ոլորտների նկատմամբ։ Այսպիսով, Էրդողանը վերակենդանացրեց անուղղակի կառավարման օսմանյան ավանդույթը։ Պետական ապարատի տարբեր բաղադրիչներ, ինչպիսիք էին դատական իշխանությունը, ոստիկանական ուժերը և զինվորականությունը, փոխանցեց տարբեր ուժային խաղացողների։ 2003-2013թթ․ ընկած ժամանակահատվածում ԱԶԿ-ի գլոբալիստական օրակարգին դեմ արտահայտվող «հին դպրոցի» բյուրոկրատները Արտգործնախարարությունում և դատական համակարգում փոխարինվեցին նոր հավակնոտ կադրերով։ Նրանց մեծ մասն առնչություններ  ուներ Ֆեթուլլահ Գյուլենի կողմից ղեկավարվող կրոնական դպրոցների ցանցի հետ։ Գյուլենը կրոնական քարոզիչ էր, ով Թուրքիայի աշխարհիկ կարգը խաթաթարելու փորձ կատարելու մեղադրանքով 1999թ․-ից աքսորի մեջ ապրում է Փենսիլվանիայում։ Գյուլենականները նաև ներթափանցել են ոստիկանական և զինվորական շրջանակներ։

Էրդողանը վերակենդանացրել է անուղղակի կառավարման օսմանյան ավանդույթը։

Բայց աութսորսինգի ուժը նրան տրվեց վերահսկողությունը կորցնելու գնով միայն։ Ինչպես օսմանյան սուլթանները, ովքեր ամենակարող էին իրենց պալատներում մինչդեռ իշխում էին միայն տեղի ֆյոդալների ողորմածությամբ, Էրդողանը շուտով տեսավ, որ իր ապակենտրոնացված իշխանությունը խոցելի է և հեշտ զավթելի։ Զինվորականության շրջանում աշխարհիկ, ազգայնական գեներալները հրաժարական տվեցին՝ ի նշան բողոքի՝ ուղղված գյուլենականների կողմից քաղաքացիական կառավարումը ստանձելու դեմ։ Նրանք, ովքեր չդադարեցրին ծառայությունը, զտման ենթարկվեցին 2008 և 2010թթ-ի զանգվածային դատական գործերի արդյունքում։ Ոմանք դատապարտվեցին  ցմահ բանտարկության։ 2010-2012թթ ընթացքում աջակցություն էին ստանում դատական համակարգի նորանշանակ դատախազներն ու դատավորները, ովքեր մասնակցում էին այս զտման գործընթացին։ Մամուլը հաստատեց սա հետևյալ կերպ․ սնանկ ճանաչվելուց հետո ազատական մի թերթ այս հետապնդումները համեմատեց Նյուրնբերգյան դատավարության հետ։ Բայց այս ամենը առաջ բերեց թուրք ազգայնականների զայրույթը, ինչի արդյունքում ԱԶԿ-ն կորցրեց իր ձայները Անատոլիայում։ Վերահսկողությունը վերականգնելու համար Էրդողանը խզեց կապերը գյուլենականների հետ, ինչպես նաև դադարեցրեց աջակել նրանց կրթական ինստիտուտներին և մաքրեց բյուրոկրատիան նրանց ներկայացուցիչներից։

Արտաքին քաղաքականության մեջ՝ մեկ այլ ոլորտում, որտեղ, ըստ էության, նրա կադրերը այնքան էլ փորձառու չէին, Էրդողանը վերահսկողությունը հանձնեց Ահմեթ Դավութօղլուին։ Միջազգային հարաբերությունների գիտական աստիճան ունեցող և հաճախ որպես  «թուրքական Հենրի Քեսինջեր» նկարագրվող այս գործիչը 2009թ․-ին դարձավ երկրի արտգործնախարարը։ Դավութօղլուին նախորդած ԱԶԿ-ի մյուս արտգործնախարարները լիովին հավատարիմ էին մնացել Արևմտակենտրոն արտաքին քաղաքական դոկտրինին։ Որպես ՆԱՏՕ անդամ, ԱՄՆ դաշնակից և սկսած 1999թ․-ից նաև ԵՄ թեկնածու երկիր, Թուրքիան հեռավորություն էր պահում Չինսատանից, Իրանից և Ռուսաստանից։ Այժմ անկաշկանդ, հանգիստ խոսող պրոֆեսորը այլ ուղի էր առաջարկում։ Ինչպես Դավութօղլուն է գրում, Թուրքիան հանդիսանում է Օսմանյան կայսրության իրավահաջորդը և դրանից ելնելով անհրաժեշտ է, որ նա Արևմուտքի «մի թևը հանդիսցող» պետությունից դառնա առանցքային պետություն։ Օգտվելով այն առավելություններից, որն ընձեռում է Սև ծովի, Կովկասի, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի խաչմերուկում գտնվելու հանգամանքը, Թուրքիան պատրաստ է առաջնորդել իսլամական ժողովուրդներին։ 

Էրդողանը ձեռնամուխ եղավ այս մեծ հավակնությունների բավարարմանը, և Արաբական գարնան տարածման ժամանակ իր հայացքն ուղղեց նախ Սիրիային՝ հույս ունենալով տեսնել ռեժիմի փոփոխություն Սիրիայի Ազատ բանակի կատարած հրահրումների պատճառով, և ապա Եգիպտոսին՝ այստեղ իր բոլոր խաղաքարտերը դնելով Մուսուլման եղբայրների վրա։ Դավութօղլուի դոկտրինը հնարավորություն տվեց Էրդողանին վերահաստատել իրեն որպես համաշխարհային իսլամական առաջնորդ՝ մեկը, ով կարող է բարելավել իսլամադավանների դրությունը ոչ միայն Թուրքիայում։ 2011թ․-ին երրորդ անգամ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Էրդողանն այսպես խոսեց․ «Հավատացե՛ք ինձ, Սարաևոն այսօր հաղթել է այնքան, որքան Ստամբուլը։ Բեյրութը հաղթանակել է Իզմիրի, Դամասկոսը՝ Անկարայի, Ռամալլահը, Նաբլուսը, Ջենինը, Հորդանանի Արևմտյան ափը, Երուսաղեմը ՝ Դիարբեքիրի չափ»։

Սակայն երկու իրադարձություն խափանեցին այս երազանքները։ Առաջինը Մերձավոր Արևելքում Էրդողանի վարած արտաքին քաղաքականության բացահայտումն էր։ Եգիպտոսում նախագահ Մուհամեդ Մուրսին և «Մուսուլման Եղբայրներ»-ի այլ առաջնորդներ մերժեցին Էրդողանի՝ աշխարհիկ Թուրքիան որպես «ժողովրդավարության  մոդել» ընդունելու կոչը, և հեղաշրջման միջոցով Մուրսիի իշխանության տապալումից հետո տարածաշրջանում «Մուսուլման եղբայրների» աշխարհիկ տարբերակի վերաբերյալ Էրդողանի հույսերը սկսեցին ֆանտաստիկ թվալ։ Սիրիայում երկրի հյուսիսում քրդերը ստեղծեցին անջատ շրջանշ՝ առաջնորդելով Թուրքիայի քրդերին, ովքեր վաղուց  արդեն փնտրում էին անջատ պետություն՝ որպեսզի դուրս գային կենտրոնական կառավարության հետ ընթացող խաղաղ գործընթացից։ Երկրորդ իրադարձությունը եղավ ներքին ընդվզումը։ 2013թ․ին միլիոնավոր ձախակողմյաններ ու բնապահպաններ երթով շարժվեցին դեպի Ստամբուլի Գեզի պուրակ և Թուրքիայի այլ հրապարակներ։ Հենց այդ ժամանակ Էրդողանը, կորցնելով գյուլենականների, քրդերի և լիբերալների աջակցությունը, իշխանությանը մնալու համար ապավինեց թուրք ազգայնականներին։ Նա սկսեց հիացմունքով խոսել Աթաթուրքի և նրա վարած քաղաքականության մասին, իրեն քննադատողներին նկարագրեց որպես «սադրիչներ, ագիտատորներ» և հայտարարեց, որ Թուրքիան Արևմուտքի պաշարման տակ է։

Բողոքի ակցիայի մասնակիցները Գեզիի ցույցերի ընթացքում 2013թ․-ի հուլիսին:
Ցուցարարները Գեզիի հուլիսյան ցույցերի ընթացքում (Reuters/ Umit Bektas/ File photo)

Գեզի պուրակի բողոքի ցույցերը և Անկարայի մեկուսացումը Մերձավոր Արևելքում անհանգստացրին առաջնորդին, որը, ինչպես գրում է գիտնական Սոներ Քագապթայը «Էրդողանի կայսրությունը» գրքում, «ժամանակի ոգին կարդալու և հանրային կապերի գործադրի խորամանկությամբ մեկնաբանելու վարպետ էր»։ 2014թ․-ին Դավութօղլուն դարձավ վարչապետ, բայց շուտով Եվրոպական պետությունների հետ նրա ունեցած լավ հարաբերությունները զայրացրին Էրդողանին․ վերջինս Դավութօղլուին սկսեց դիտարկել որպես իր հեղինակությանն ուղղված մարտահրավեր։ 2016թ-ի մայիսին Էրդողանը ստիպեց նրան հրաժարական տալ և փոխարինեց նրան ցածրակարգ տեղապահով։ Նույնիսկ նախագահական պալատի՝ Թուրքիայի քաղաքականության կենտրոն տեղափոխվելու պայմաններում էլ Էրդողանը շարունակում էր պայքարել վերահսկողության համար։ Դավութօղլուի պաշտոնաթողությունից երկու ամիս չանցած՝ գյուլենական դժգոհ կադրերը Զինված ուժերում ձախողված հեղաշրջման փորձ կատարեցին, որի ընթացքում զոհվեց 250 մարդ։ Երբ կործանիչ ինքնաթիռները ռմբակոծում էին պառլամենտի շենքը, Էրդողանը FaceTime-ի միջոցով հայտնվելով «CNN Turk»-ի եթերում, հորդորեց թուրքերին հրապարակներում զինյալների դեմ պայքարելով՝ պաշտպան կանգնել ժողովրդավարությանը։

Հեղաշրջման ձախողված փորձը Էրդողանին հետագայում իշխանությունը կենտրոնացնելու արդարացում տվեց։ Հայտարարեկով արտակարգ դրություն՝ Էրդողանը կասեցրեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, ձերբակալեց տասնյակ հազարավոր քաղաքացիական ծառայողների, փակեց ավելի քան 100 լրատվամիջոց և  չեղյալ հայտարարեց 50000 թուրքերի անձնագրեր, որոնք կասկածվում էին գյուլենականների հետ կապեր ունենալու մեջ՝ դրանով արգելելով նրանց լքել երկիրը։ Հենց այս վախի ու քաոսի մթնոլորտում էլ 2017թ-ին թուրքերը հանրաքվեում ձայն տվեցին նախագահական համակարգի անցնելու օգտին։ Ինչպես ինքն է պնդում, միայն Էրդողանն է ի զորու Թուրքիան կարգի բերել այս «նոր ազատագրական պայքարի» փուլում, և ըստ նրա՝ որոշ ընդդիմադիր կուսակցություններ դաշնակից են թշնամու հետ։ Նման բևեռացնեղ հռետորաբանությունը Առաջին աշխարհամարտից մեկ դար անց թվաց ժամանակավրեպ, սակայն որպես քաղաքական մարտավարություն՝ արդյունավետ եղավ՝ թույլ տալով Էրդողանին 2018թ-ի նախագահական ընտրություններում ստանալ ձայների 53%-ը։ Դարձյալ հաղթանակ տոնեց, թեև  այս անգամն նա գտնվում էր ոչ թե գյուլենականների, այլ մեկ այլ քաղաքական շարժման՝ ծայրահեղ աջերի «Ազգայնական շարժում»(MHP) կուսակցության ողորմածության ներքո, որոնց հետ էլ կոալիցիոն կառավարություն ձևավորեց։ Այսպես վարվելով Էրդողանը անհանգստություն պատճառեց իր դաշնակից իսլամիստներին՝ բյուրոկրատական հիմանական դիրքերը բաշխելով վերջիններիս մրցակից աջակողմյաններին։

Վրդովմունքն աճում է

Բարձրահասակ, կինոաստղի կերպարով հագնված քաղաքական գործերում հմուտ Աքիֆ Բեքին, 2005-2009թթ․ ընթացքում եղել է Էրդողանի գլխավոր խորհրդականն ու խոսնակը։ Այսօր նա քննադատությամբ է խոսում իր նախկին վերադասի ու նրա թիմի մասին։ «ԱԶԿ-ի առաջին տարիների հետադարձ կապի մեխանիզմներն արդեն չեն գործում»․-այս տարի ավելի վաղ ինձ [հոդվածի հեղինակի] հետ զրույցում ասել է Բեքին։ «Կուսակցության նախկին զգայունությունը այլևս չկա։ Ընտրողների հետ երկխոսելու փոխարեն ԱԶԿ-ն շարունակում է պնդել իր քարոզչական միակողմանի մենախոսությունը։ Խնդիրների հետ դեմ առ դեմ կանգնելու փոխարեն թաքցնում է դրանք»։

Բեքիի նման դժգոհ նախկին դաշնակիցները Էրդողանի կոշիկի քարախճերն են. Էրդողանը կարող է իրեն թույլ տալ անտեսել կոմունիստներին ու բնապահպաններին, ովքեր փոքր աջակցություն են ապահովում իրեն քվետուփերում, բայց հիասթափված իսլամիստները, ովքեր խոսել են նոր կուսակցության ստեղծման մասին, մարտահրավեր են նետում ԱԶԿ-ի տիրապետությանը։ Վերջերս ԱԶԿ հիմնադիր երեք անդամներից երկուսը ձայն բաձրացրին ընդդեմ Էրդողանի ավտորիտար վարչակարգի․ Արընչը խստորեն դատապարտեց կուսակցության բևեռացնող տոնը, իսկ Գյուլը քիչ էր մնացել առաջադրվեր 2018թ-ի նախագահական ընտրություններում որպես ընդդիմադիր թեկնածու։ Իր հերթին Դավութօղլուն Ֆեյսբուքում հրապարակել էր նախագահական համակարգին ընդդիմացող մանիֆեստ։

Թուրքիայի տնտեսության տագնապալի վիճակը ավելի մեծ սպառնալիք է։ Նախորդ տարի թուրքական լիրան արժեզրկվեց 28%-ով, իսկ այս տարի պարենային ապրանքների գներն աճել են 30%-ով։ 2018թ-ի հուլիսից մինչև 2019թ-ի նույն ամիսն ընկած ժամանակահատվածում գործազրկությունն աճել է 4%-ով՝ գործազուրկների թիվը 3․2 միլիոնից հասցնելով 4․5 միլիոնի։ Թուրքերի շրջանում իրավիճակի հետագա սրումը կապված եղավ Սիրիայից փախստականների Թուրքիա տեղափոխման հետ (2019թ․ հունիսի դրությամբ 3․6 մլն․)։

Այսպիսով, այնքան էլ զարմանալի չեղավ այն փաստը, որ մարտ և հունիս ամիսներին անցկացված ՏԻՄ ընտրություններում ԱԶԿ-ն ականատես եղավ իր քվեների թվի զգալի կրճատմանը բազմաթիվ քաղաքներում՝ այդ թվում և մայրաքաղաք Անկարայում։ 

Չնայած այս ճեղքերին՝ Էրդողանի կողմից համբերատար կերպով կառուցված «աղյուսե պատը» մնում է անսասան։  ԱԶԿ-ն ունի շուրջ 11 միլիոն կուսակցական անդամ՝ 10անգամ ավելի, քան Աթաթուրքի կողմից 1923թ-ին հիմնադրված Հանրապետաժողովրդական կուսակցությունը։ ԱԶԿ-ի հետ կապեր ունենալն այսօր տարբեր սոցիալական դասերի պատկանող թուրքերի համար կարող է կարիերայի դռներ բացել՝ այնպես, ինչպես անում էր Աթաթուրքի կուսակցությունը 1930-ականներին։

Էրդողանի կարծիքով, սակայն, հատկապես իր նախագահության տարիներն են արժանի կրել «վարպետություն» արտոնյալ կոչումը։ 

Վերջերս ասես ապագա կենսագրագիրներին օգնելու համար նա իր կառավարման շրջանը բաժանեց ժամանակահատվածների։ Հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ  նա իսլամիստ «Բարօրություն» կուսակցության անդամ և Ստամբուլի քաղաքապետ եղած ժամանակները բնութագրեց որպես «ուսումնառության» շրջան։ Բարեփոխիչ վարչապետության շրջանը անվանեց «վարպետության» շրջան։  Այժմ 65-ամյա Էրդողանը ղեկավարում է իշխանության թույլ բաժանման պայմաններում․ ըստ նրա՝ նախկին դաշնակիցների հանրային դավաճանությունից հետո դա անխուսափելի է։ Նախագահական պալատում պլազմային էկրանները հետևում են, թե որ լուրերն են ամենաշատը կարդում երկրում, ապա պահանջում մասնագետներից արագորեն լուծել գլորվող ձնագնդի պես մեծացող խնդիրները, որոք անհանգստացնում են բնակչությանը, բայց մի քանի տասնյակ սպաները բավարար չեն 82միլիոն բնակչությանը բավարարելու համար։ Գրեթե մեկ դար ընտրված նախարարները լուծում էին իրենց ընտրողների խնդիրները․ այսօր կրթության, մշակույթի և տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած խորհուրդների նշանակված անդամները կրում են քաղաքականության մշակման պատասխանատվությունը։ Կորպորատիվ տնտեսությունը, քաղաքականության, մեդիայի մեջև հանրային սեկտորում բարեխնամության մշակույթը զարգանում է։ Մեծամասնականությունը աստիճանաբար դառնում է ներքին քաղաքականության հիմնական սահմանողը։ ԱԶԿ-ի տեսակետի համաձայն՝ վերահսկողության այս մարտավարությունը անհրաժեշտ է բազմազգ և բեռեռացած երկրում կարգը պահելու համար։ Բայց դրանք, ըստ էության, թուրքական ժողովրդավարության պարբերական ձախողումները ավելի են խորացնում․ ինստիտուտների թուլությունը, մամուլի զննման բացակայությունը, անցած դարի ընթացքում մշակութային տեղաշարժերի անողոք տեմպը։ Այս խնդիրները լուծելու փոխարեն ԱԶԿ-ն ընտրել է դրանց զոհ գնալու տարբերակը։

Չնայած նման մարտահրավերներին՝ Թուրքիայի քաղհասարակությունը շարունակում է ուժեղ մնալ։ Թուրքիան ունի 52 մլն ակտիվ սոցիալ-մեդիա օգտատեր։ Վերջին տարիներին քվեարկության հաշվարկների անվտանգ ապահովմանը, ԶԼՄ-ներում փաստերի ստուգմանը, ԼԳԲՏ համայնքի իրավունքներին, և կանանց նկատմամբ բռնությունների կանխմանն ուղղված նախաձեռնությունները նոր թափ են ստացել։ Ինչպես նշել է թուրք վիպագիր Օրհան Փամուքը, «Երբ պետությունը դառնում է բավականին հարուստ և համալիր, առաջնորդը կարող է իրեն չափազանց հզոր համարել, բայց անհատները նույնպես իրենց հզոր են զգում»։ Թուրքիայում անհատականությունների աճի և Եվրոպայում իսլամաֆոբ քարոզչության ծավալման ֆոնին Էրդողանի համար հաջորդ տասնամյակի մեծ մարտահրավերը լինելու է հետևյալը․ համոզել ընտրողներին, որ զայրույթի ու համբերատարության իր այդ խառնուրդը դեռևս օրինակ է, որին պետք է հետևել, որ իր պատմության արարումը կարող է շարունակել ոգեշնչել և որ միայն իրեն հասու կարողությունը հնարավորություն կտա Թուրքիան անվտանգ պահել։ Անկասկած, Էրդողանը կանի ամեն հնարավոր բան, որպեսզի հաջողի այս բարդ առաջադրանքը։

Բնօրինակի հեղինակ՝ Genc Kaya, Foreign Affairs


Անահիտ Կարապետյան (Anahit Karaprtyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: