Ինչո՞վ է դասական երաժշտությունը պարտական կանանց

Ինչո՞վ է  դասական երաժշտությունը պարտական կանանց. բացատրում է երաժշտագետ Ֆիոնա Մեդոքսը

Դասախոսություններով Ռուսաստան էր ժամանել Ֆիոնա Մեդոքսը՝ բրիտանացի գիտնական դասական երաժշտության ոլորտում, «BBC Music Magazine»-ի հիմնադիր և մի քանի գրքերի՝ այդ թվում՝ պատմության մեջ առաջին կին կոմպոզիտորներից մեկի՝ սբ. Հիլդեգարդա Բինգենացու կենսագրականի հեղինակը: Բի Բի Սի-ի  թղթակիցը զրուցել է Ֆիոնայի հետ այն մասին, թե ինչն էր սահմանափակում կանանց երաժշտական կարիերայում, նկատելի՞ է արդյոք սեռային տարբերությունը երաժշտության մեջ, և ինչի մասին են ստիպված լինում մտածել կին դիրիժորները համերգին նախպատրաստվելիս:

Բի Բի Սի. – Եթե սկսենք  թվարկել փոփ երաժշտության տարբեր ժանրերում  հանդես եկող կանանց, ապա առանց դժվարության կարելի է նշել մինչև մոտ հարյուր անուն: Դասական երաժշտության պարագայում կին կոմպոզիտորների հետ կապված դժվարություններ կառաջանան արդեն առաջին տասնյակից հետո: Տպավորություն է ստեղծվում, որ կանանց ավելի հեշտ է տրվում մուտք գործել փոփ երաժշտության  ժանր, որ այն ավելի բաց է կանանց համար, քան դասականը: Արդյո՞ք դա այդպես է:

Ֆիոնա Մեդոքս. -Կարծում եմ՝ պատճառներից մեկն այն է, որ փոփ երաժշտության ասպարեզում կանայք ոչ միայն գրում են երաժշտությունը, այլև կատարում են այն, այսինքն՝ ներկայացնում են իրենց երաժշտական գործունեությունը  հանրային տարածությունում: Սակայն դասական երաժշտության մեջ անհրաժեշտ է ոչ միայն երաժշտական կրթություն, որի հասանելի լինելը հաճախ կարող է բարդացվել, այլև բարձր որակավորմամբ երաժիշտների հետ աշխատելու  հնարավորություն, որոնք կկատարեն հեղինակի երաժշտությունը: Սիմֆոնիա գրելիս անհրաժեշտ են, օրինակ, 80-90 երաժիշտներ, որպեսզի կատարեն այն, ինչպես նաև դիրիժոր, ով կղեկավարի նվագախումբը: Պատմականորեն, կանայք հնարավորություն չեն ունեցել կազմակերպել նմանատիպ որևէ բան: Հետևաբար, նրանց համար ավելի իրատեսական տարբերակ  էր դաշնամուրային կատարումը, իսկ ավելի ուշ՝ կիթառով: Քանի որ փոփ երաժշտությունը զգալիորեն երիտասարդ է և միշտ ավելի բաց է եղել, այն թույլ էր տալիս կանանց առավել ներգրավված լինել երաժշտական գործընթացում,  ինչն ինքնին հրաշալի է, սակայն դա երաժշտության հսկայական պատմության մի փոքր մասն է միայն: 

Բի Բի Սի. –Ձեր գրքերից մեկը նվիրված է 12-րդ դարի կին կոմպոզիտորից սբ. Հիլդեգարդա Բինգենացուն: Ի՞նչը հետաքրքրեց Ձեզ նրա կերպարում, ինչո՞ւ որոշեցիք գիրք գրել հենց նրա, այլ ոչ, ասենք, 20-րդ դարի որևէ կոմպոզիտորի մասին: 

Ֆիոնա Մեդոքս. – 20-րդ դարի կոմպոզիտորների մասին գրելն ավելի հեշտ  կլիներ, քանի որ նրանց մասին բավականաչափ տեղեկություն է պահպանվել, և այն գտնելն ավելի դյուրին  է, սակայն ստիպված ես գրել նրա մասին , ինչի մասին քեզ խնդրում են: Եվ ինձ պատվիրեցին գրել հենց Հիլդեգարդա Բինգենացու մասին: Կարծում եմ՝ Ռուսաստանում նա այդքան էլ հայտնի չէ, սակայն նա ոչ միայն երաժշտության մեջ կանանց ռահվիրան էր, այլև այն կերպարներից մեկն էր, ով   ազդել է երաժշտության զարգացման վրա ընդհանուր առմամբ: Այնուամենայնիվ, նրա ստեղծագործությունները մոռացության էին մատնված մինչ 1970-1980-ականները, քանի դեռ վաղ միջնադարյան երաժշտության նկատմամբ հետաքրքրություն չէր առաջացել: Եվ երբ պարզվեց, որ արդեն միջին դարերում կին կոմպոզիտոր է եղել, շատերին այդ փաստը հիացրեց: Հիլդեգարդան վանքի մայրապետ  էր, և նրա ստեղծագործություններն, ամենայն հավանականությամբ, կատարում էին եկեղեցական պատարագներին, և քանի որ պատարագները լինում էին ամեն շաբաթ, հնարավոր է՝ մշտապես նոր երաժշտություն էր անհրաժեշտ: Մի քանի դար անց Բախը ճիշտ նույն կերպ ստեղծում էր նոր կանտատներ՝ եկեղեցական օրացույցին համապատասխան: Մենք հստակ չգիտենք՝ Հիլդեգարդան ինքն էր գրի առնում  իր ստեղծագործությունները, թե երգում էր իր միանձնուհիների մոտ, որպեսզի նրանք գրի առնեն: 

Ֆիոնա Մեդոքսը մի քանի գրքերի՝ այդ թվում՝ Music fo life ժողովածուի հեղինակն է, որտեղ դասական ստեղծագործություններն ընտրված են տարբեր տրամադրություններին ու կյանքի փուլերին համահունչ: Քննադատը Մոսկվա էր ժամանել Ռոիսաստանում և Մեծ Բրիտանիայում Երաժշտության տարվա շրջանակներում:

Հիլդեգարդային վերագրվող 77 շարականներ  են պահպանվել: Մենք հստակ չգիտենք՝ արդյոք իրականում դրանք  բոլորը նա է ստեղծագործել. նա, որպես վանքի մայրապետ, կարող էր ինքնաբերաբար համարվել հեղինակ, սակայն երաժշտությունը գործնականում կարող էր գրված լինել իր  սպասավորներից մեկի կողմից: Սակայն ես դա ինչ-որ ամոթալի բան չեմ համարում, քանի որ պետք է հաշվի առնել պատմական համատեքստը. 12-րդ դարում գոյություն չուներ հեղինակայնության գաղափար մեզ համար սովորական տեսքով: Միայն 19-րդ դարում ռոմանտիզմի դարաշրջանի գալուստով  կոմպոզիտորի անձն սկսեց կարևոր դեր խաղալ: Հիլդեգարդայի համար երաժշտությունն աղոթք էր, գովերգ համայն մարդկության, և ստեղծվում էր Աստծո համար, այդ պատճառով հեղինակայնությունը նրա համար սկզբունքային տեսույթ չէր: 

Բի Բի Սի. – Համենայն դեպս, Հիլդեգարդային ստեղծագործական ազատությունը սահմանափակվում էր  առօրյա կյանքում նրա ֆիզիկական լիակատար անազատությամբ , ճ՞իշտ է: 

Ֆիոնա Մեդոքս. – Այո: Ես կարծում եմ՝ 12-րդ դարում միանձնուհի լինելը բավականին դժվար էր, դա միանշանակ ենթադրում էր որոշակի անազատություն: Դուք ենթարկվում էիք խիստ օրակարգի. աշխատանք, աղոթք, մի քիչ ժամանակ քնելու և սնվելու համար: Ընդ որում, Հիլդեգարդան միջնադարում բավականին ազդեցիկ կերպար էր. նրա հետ հաշվի էին նստում և՛ բարձրաստիճան հոգևորականները, և՛ թագավորը:  Հիլդեգարդան նաև վտիտ առողջություն ուներ: Օրինակ, նա հաճախ բողոքում էր, որ տեսիլքներ է ունենում: Այդ ամենն սկսվել է 8 տարեկան հասակում, և հենց այդ պատճառով էլ ընտանիքն աղջկան հանձնել է եկեղեցի, քանի որ նրանք դա բացատրում էին որպես Աստծո միջամտություն: Բրիտանացի նեյրոհոգեբան Օլիվեր Սաքսը պնդում էր, որ Հիլդեգարդայի տեսիլքները, հալյուցինացիաները կարող էին լինել քրոնիկ միգրենի արդյունքը: Ինձ հետաքրքիր է թվում այն գաղափարը, որ, հնարավոր է՝ միգրենից տառապող շատ մարդկանց մոտ նույնպես լինում են տեսիլքներ, սակայն նրանք  չեն կարողանում ճանաչել այդ տեսլիքները, քանի որ դրանց նույն կարևորությունը չեն տալիս, ինչպես այդ տեսլիքները կրոնական կենսափորձի տեսանկյունից ընկալող խորապես հավատացյալ մարդիկ: 

Բի Բի Սի. – Եթե  Հիլդեգարդայից գանք մինչև մեր օրեր, որո՞նք էին  կնոջ համար առանցքային պահերը երաժշտության պատմության մեջ:

Ֆիոնա Մեդոքս. – Ես վերջերս ուշադրություն դարձրի, որ եթե նայենք հունական մրգամաններին կամ  ծաղկամաններին, դրանց վրա կարող ենք տեսնել ֆլեյտա նվագող կանանց պատկերներ: Սա հաստատում է, որ կանայք հին ժամանակներից երաժշտություն էին կատարում: Վերածննդի դարաշրջանի մի քանի կին կոմպոզիտորներ կան, օրինակ՝ Բարբարա Ստրոցցին, սակայն ընդհանուր առմամբ կանանց համար շատ բարդ էր կոմպոզիտոր դառնալ, և հաճախ նրանք ստիպված էին թաքցնել իրենց հետարքրքությունը: Երբեմն նրանք հայտնի կոմպոզիտորների դուստրեր էին կամ կանայք: 

Կլարա և Ռոբերտ Շումաններ

Կարելի է հիշել, ասենք, Ֆաննի Մենդելսոնին՝ Մենդելսոնի քրոջը, կամ Կլարա Շումանին՝ Շումանի կնոջը: Թե՛ մեկը, թե՛ մյուսը հիասքանչ երաժիշտներ էին: Մասնավորապես, Կլարա Շումանը որպես դաշնակահարուհի է աշխատել 61 տարի, ուշադրությո՛ւն, 61 տարի՜, որովհետև նրան ապրուստի միջոց էր հարկավոր, քանի որ նրա ամուսինը՝ Ռոբերտ Շումանը, թեև շատ հայտնի կոմպոզիտոր էր, տառապում էր  հոգեկան տարբեր խանգարումներով՝ մշտապես հայտնվելով կամ դուրս գրվելով առողջարաններից: Կլարա Շումանը ստիպված էր շատ ելույթ ունենալ և ճամփորդել հյուրախաղերով, որպեսզի խնամեր ութ մանկահասակ երեխաների: Նման իրավիճակում նա ուղղակիորեն հնարավորություն չուներ բավարար ժամանակ տրամադրել նոր երաժշտություն գրելու համար  չնայած այն հանգամանքին, որ նա իր առաջին լուրջ ստեղծագործությունը գրել է 15 տարեկանում, երբ իր ամուսինը՝ Ռոբերտ Շումանը, կարծում էր, որ ինքն իր ստեղծագործությունը գրել է 20 տարեկանում: Դա վկայում է այն մասին, որ Կլարա Շումանը եղել է  ծայրահեղ շնորհալի, բայց երբ լրացավ նրա երեսունամյակը, Կլարան ինչ-որ պատճառով եկավ այն եզրահանգմանը, որ կանայք չեն կարող ստեղծագործել նույնքան լավ, որքան տղամարդիկ, և թողեց երաժշտություն գրելը: 

Ֆաննի Մենդելսոնը հսկայական քանակությամբ ստեղծագործություններ է գրել՝ հիմնականում կամերային, ինչն էլ  մեզ կրկին վերադարձնում է այն հարցին՝ ինչ և ինչպես է հնարավոր կատարել: Եթե Դուք ունեք ընկերների խումբ և պատրաստվում եք միասին ստեղծագործել, կարելի է ստեղծագործություն գրել  տրիոյի կամ երգ՝ վոկալի և դաշնամուրի համար, սակայն Դուք չեք կարող օպերա կամ սիմֆոնիա գրել նվագախմբի համար, այսինքն՝ գործեր, որոնք Ձեզ կտեղափոխեն հանրային հատված, հանրության ուշադրությունը կուղղեն Ձեզ վրա: Եվ ես կարծում եմ, որ հենց ասյտեղով է անցնում սահմանը. կանայք կարող էին ստեղծել երաժշտություն, սակայն  ծավալուն գործեր ստեղծագործող հանրային կոմպոզիտորներ չէին կարող լինել: Եվ սա իր հերթին սահմանափակում էր նրանց ստեղծագործական կյանքում:

 Բի Բի Սի. – Ի՞նչն էր խանգարում, որպեսզի կանայք խոշոր գործեր ստեղծեին:

Ֆիոնա Մեդոքս. – Ես չեմ կարծում, որ այդ սահմանը երբևէ իրավաբանական է եղել: Ոչ ոք ուղիղ չէր  ասում «ո՛չ», ֆորմալ կերպով դա երբեք արգելված չի եղել: Սակայն հասարակությունը կանանց այդ միջավայրում հնարավորություններ չէր  տալիս: Եթե Ձեզ վրա է դրված պատասխանատվությունը ընտանիքի, տնային տնտեսության համար, երեխաների և հարզատների մասին հոգ տանելը և, ընդհանրապես, Ձեր դերը սահմանափակված է սոցիումի կողմից, ապա  ինպե՞ս պետք է հասնել նրան, որ Ձեր սիմֆոնիան կատարվի նվագախմբի կողմից: Այսպիսի իրադրություն էր մինչև 20-րդ դարի կեսը: Սակայն տղամարդ կոմպոզիտորների համար ևս դյուրին խնդիր չէր լսել սեփական ստեղծագործությունը նվագախմբի կատարմամբ: Պատկերացրեք՝ ինչքան չկատարված սիմֆոնիաներ կան: Հավանաբար այնքան, որքան չհրատարակված գիրք: 

Բի Բի Սի. -Ձեր կարծիքով երաժշտության մեջ, ընդհանուր առմամբ, լսելի՞ է գենդերի գաղափարը: Ինչքանո՞վ է այն ազդում արվեստի հենց այս տեսակի ձևի և բովանդակության վրա: 

Ֆիոնա Մեդոքս. –Իմ գործընկերներից ոմանք չեն համաձայնի ինձ հետ, բայց ես կարծում եմ, որ երաժշտության մեջ  գենդերի հասկացություն գոյություն չունի: Սեռերի մասին կարելի է խոսել երաժշտության պատմության, երաժշտական կրթության համատեքստում, սակայն ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ երաժշտական ստեղծագործության միջոցով Ձեզ չի հաջողվի որոշել, թե որ սեռի է դրա հեղինակը: Հնարավոր է՝ երբ Դուք լսեք դաշնամուրային կարճ, նրբագեղ պիես, Դուք անհագ ցանկություն կունենաք ենթադրելու, որ դրա հեղինակը կին է, բայց գործնականում այն նույն հաջողությամբ կարող է գրված լինել տղամարդու կողմից: Բավական է հիշել Շոպենին: Male gaze-ի գաղափարը [տղամարդու տեսակետ] երաժշտության մեջ կիրառելի չէ, քանի որ այն արվեստի վերացական ձևերից է, միակը, որը չունի խոսքային, տեսողական կամ  ֆիզիկական արտահայտչամիջոց: Այլ հարց է օպերան. օպերայի մեջ կարող է տեղ գտնել male gaze-ը, քանի որ դրանում սովորաբար կերտվում են կույսի, անառակ կնոջ կամ խենթի կերպարներ. սրանք օպերայում կնոջ տրադիցիոն կերպարների ամբողջությունն են: Իրավամբ, կնոջ ոչ ամեանաակնահաճո ռեպրեզենտացիան, սակայն դասական օպերայում գերակշռում է հենց նա: Սիմֆոնիաներում, օրինակ, նման ռեպրեզենտացիան հաստատապես բացակայում է: 

Բի Բի Սի. –Ստացվում է, որ  գենդերն ի հայտ է գալիս այնտեղ, որտեղ կա սյուժե, և ոչ թե  ինքնին երաժշտության մեջ: 

Ֆիոնա Մեդոքս. -Այո՛, այնտեղ, որտեղ կա որևիցե պատմություն: Վերջերս գլխավորում էի կին կոմպոզիտորներին նվիրված կլոր սեղանը Կովենտ-Գարդեն թագավորական օպերայում: Եվ ես հարցրի զրուցակից կանանց՝ ինչպիսին են նրանց նոր ստեղծագործությունների սյուժեները: Դասական օպերաներից մեծ մասի մեջ կա կին, կա տղամարդ, սովորաբար ինչ-որ մեկը մահանում է: Բայց կանայք լիովին այլ պատմություններ էին ցանկանում պատմել իրենց ստեղծագործություններում:   Օպերաներից մեկը անտուն կանանց էր նվիրված, ինչը բավականին մեծամասշտաբ թեմա է, ևս մեկը՝ Երկիր մոլորակին, և թե ինչպես ենք մենք այն կործանում: Մի շարժում կա birth strike [ծնելիության դեմ գործադուլ] անվանմամբ. մարդիկ, ովքեր չեն ցանկանում երեխաներ ունենալ երկրագնդի գերբնակեցվածության պատճառով: Եվ, ահա, ինչ-որ մեկը ցանկանում է այդ մասին օպերա գրել: Մի պատմություն էլ փախստականների համայնքներում առկա խնդիրների մասին էր. նույնպես ոչ դասական սյուժե օպերայի համար: Եվ ես շարունակ սպասում էի՝ զրուցակիցներիցս ինչ-որ մեկը չի՞ ցանկանա գրել «Սևիլյան սափրիչ»-ի ոգով կատակերգական օպերա. սակայն՝ ոչ: Չկային նաև օպերային բնորոշ սիրային դրամատիկ հակասություններ. ոչ մի նման բան: Բոլորը ցանկանում էին անդրադառնալ հանրային խնդիրներին: Սակայն արդյունքում  մենք գրեթե ամբողջ ժամանակը անցկացրինք սյուժեի վերաբերյալ զրույցներով և համարյա թե չքննարկեցինք երաժշտությունը:

Թղթադրամի վրա Կլարա Շումանը հայտնվել է 1989 թ. և մնացել մինչև Գերմանիայում եվրոյի շրջանառության մեջ ներդնումը:

Բի Բի Սի. -Ո՞վ է օպերա գրած  կին առաջին հեղինակը:

Ֆիոնա Մեդոքս. -Կարծում եմ՝ Ֆրանչեսկա Կանչինին է եղել՝ Մոնտեվերդիի ժամանակակիցը: Նա ապրել է 17-րդ դարի առաջին կեսին և ենթադրաբար աշխատել է  Վենետիկում կամ Ֆլորենցիայում՝ օպերայի ծննդավայրում: Եվ եթե նույնիսկ նա կենդանության օրոք հայտնի է եղել, հետագա 300-400 տարիների ընթացքում անարժանալիորեն մոռացության է  մատնվել: Եվ ես ոչ մի անգամ նրա օպերան բեմում չեմ տեսել: 

Բի Բի Սի. –Եթե խոսենք երաժշտության կատարման մասին, ապա ո՞ր պահից կանանց թույալտրեցին աշխատել նվագախմբերում: 

Ֆիոնա Մեդոքս. –Տարբեր նվագախմբեր տարբեր  ժամանակներից սկսեցին ընդունել կանանց: Մեծ Բրիտանիայում սովորույթ կա. ամանորյա համերգը հեռարձակում են հեռուստատեսությամբ, և վերջին տարիներին սոցիալական ցանցերում միանգամից հայտնվում են նման մեկնաբանություններ. «Օ՛հ, տեսե՛ք, արֆան աղջիկ է նվագում», «Տրոմբո՛նն էլ»: Օրինակ՝ Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը նկատելիորեն  զիջում է իր կոլեկտիվում կանանց և տղամարդկանց հարաբերակցության հարցում: Չնայած այժմ առնվազն 10 կին է աշխատում այնտեղ, այսպիսով, փոքր-ինչ առաջընթաց է նկատվում: Եթե նայենք Բրիտանիայի նվագախմբերին, նրանց մեջ մեծ քանակությամբ լարային գործիքներ են ընդգրկված, որոնք շատ հաճախ ներկայացվում են կանանց կողմից, նույնը նկատում ենք նաև պղնձե գործիքների դեպքում, որոնք ավանդաբար  տղամարդու գործիքներ էին համարվում: Ավելին, միշտ գոյություն են ունեցել զուտ կանանց նվագախմբեր, սակայն դրանք ստեղծվել են այն պայքարի շրջանակներում, որն ուղղված էր ամբողջ 20-րդ դարում կնոջ մուտքը նվագախումբ դժվարեցնելու դեմ: Ֆորմալ արգելքներ ոչ մի տեղ չկար, ուղղակի դա ընդունված չէր: Կանանց նվագախմբերը, օրինակ, շատ էին Ամերիկայում: Սակայն, իմ խորին հիասթափությամբ, դիրիժորներն այնտեղ գրեթե միշտ տղամարդիկ էին: Այժմ, բարեբախտաբար, կին դիրիժորներն աշխարհում ավելանում են, գոնե Բրիտանիայում և ԱՄՆ-ում: 

Բի Բի Սի. –Ազդո՞ւմ է արդյոք սեռը դիրիժորության վարվելակերպի վրա: 

Ֆիոնա Մեդոքս. –Այո, կարծում եմ՝ կանայք անխոս նվագախումբն  այլ կերպ են ղեկավարում: Սա ոչ միշտ է անդրադառնում կատարման վրա. եթե նախատեսված է չորս քառորդ չափ, ապա այն բոլոր դեպքերում կլինի չորս քառորդ: Սակայն  դիրիժորն ավանդաբար ավտորիտար, ղեկավարող անձ է, նա բարձրանում և գերիշխող դիրք է ստանձնում նվագախմբի նկատմամբ: Նրանցից շատերը ծայարհեղ խարիզմատիկ են, բախտ եմ ունեցել շփվելու համաշխարհային խոշորագույն տղամարդ դիրիժորների հետ, և հիմնականում նրանք ինքնավստահություն և իշխանություն են ճառագում, ինչը, հնարավոր է, օգնում է նրանց լավ ղեկավարել նվագախումբը: Բայց նման մոտեցումը կանանց բնավ հատուկ չէ: Նրանք կարող են կատարելապես վստահ լինել իրենց երաժշտական լուծումների ճշգրտության վրա, սակայն նրանց մոտ բացակայում է ավելորդ ինքնավստահությունը, նրանք ավելի բաց են երկխոսության համար այն դեպքում, երբ, օրինակ, երաժիշտը ցանկանում է վիճել այս կամ այն պահի վերաբերյալ: Կին դիրիժորների, օրինակ՝ Միրգա Գրաժինիտա-Տիլայի՝ Բիրմենգեմյան սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարի,  հետ շփումից ստացած տպավորություններս վկայում են, որ ինքն իրեն երբեք թույլ չի տա խուսափել խոսակցությունից կամ հայտարարել. «Ուղղակի արեք այնպես, ինչպես որ ես եմ ասում»: Մի խոսքով, փոխվում է մշակույթը և դեռ երկար կփոփոխվի, և հետաքրքիր է հետևել, թե ինչի այն կհանգեցնի, քանի որ այս ամենի հետ մեկտեղ նվագախմբում ժողովրդավարություն չի կարող լինել: Այո՛, կան նվագախմբեր առանց դիրիժորների, սակայն նրանց անհրաժեշտ է մանրակրկտորեն մշակել իրենց կատարումը: Նվագախմբերի մեծամասնությունը ավտոմեքենայի պես է.  անհրաժեշտ է մեկը, որ կկառավարի ղեկը: Եվ մարդիկ կարող են խորհուրդ տալ՝ եկեք պտտենք այն կողմ կամ այս կողմ, սակայն, վերջիվերջո, կոնկրետ մեկի անունն է գրվելու պաստառին և ասոցացվելու կատարման հետ: Այս ամենը այն խնդրի մի մասն է, թե ինչու են դիրիժորների մեծ մասը տղամարդիկ, իսկ կանայք դեռևս նոր են ներգրավվում այդ մասնագիտության մեջ: Եվ խոսքն ամենևին կանանց կարողությունների մասին չէ: 

Դիրիժոր Մարին Էսլոպ

Բի Բի Սի. –Վիճակվե՞լ է Ձեզ արդյոք լսել նույն կատարումը տարբեր սեռերի դիրիժորների կատարմամբ: 

Ֆիոնա Մեդոքս. –Այո՛, բազմիցս, սակայն ես երբեք չեմ վերլուծել կատարման հենց գենդերային  տարբերությունը: Այո, սկզբում նշում ես, որ բեմ է բարձրանում կին, սակայն հետո տարվում ես երաժշտությամբ: Եվ,  միգուցե, շատերին անհեթեթություն թվա, սակայն կին դիրիժորը պետք է պատասխանատվությամբ ընտրի իր զգեստները, քանի որ պարտերի առաջին երեք շարքերը երեք ժամ անցկացնելու են  զննելով նրա մեջքը: Կին դիրիժորների մեծամասնությունը մանրազնին կերպով ընտրում են համարյա միանձնուհու կերպարի հագուստ, որպեսզի շեղեն ուշադրությունը իրենց կառուցվածքից: Եվ սա իրենց կյանքի մասն է: Ես շատ դասական գործեր եմ լսել այնպիսի կին դիրիժորների կատարմամբ, ինչպիսիք են Մարին Էսլոպը, Էմանուի Աիմը, ու նրանք ունեն   ճշգրտություն, գունեղություն, լրջություն: Ես կարող եմ հստակ ասել, որ նրանք ոչ մի առումով չեն զիջում տղամարդկանց պրոֆեսիոնալիզմով:

Բի Բի Սի. –Վերջերս դիտում էի Բեյոնսեի Homecoming վավերագրական ֆիլմը այն մասին, թե ինչպես էր նա  պատրաստվում իր ելույթին Coachella փառատոնին: Ֆիլմում նա բացատրում է, որ դա իր համար աներևակայելի կարևոր  էր, քանի որ ինքն այդ փառատոնի առաջին սևամորթ հայտնի արտիստուհին էր: Մնացե՞լ են արդյոք դասական երաժշտության ոլորտներ  կանանց կամ սևամորթ կանանց համար դեռևս փակ: 

Ֆիոնա Մեդոքս. –Ես մտորում էի՝ արդյո՞ք մնացել են նման ոլորտներ, և դժվարանում էի միանգամից նշել, սակայն հետո հիշեցի Անգլիայի ավանդական երաժշտությունը՝ տղաների մանկական երգչախմբերը: Նրանք իսկապես այլ հնչողություն ունեն՝ պայմանավորված կենսաբանական, ֆիզիկական գործոններով: Բայց այժմ այդ երգչախմբերը ևս կանգնել են այն հարցի առաջ, թե ինչու՞ է անգլիական ամենահայտնի մայր տաճարներում երգելու առավելությունը բացառապես տղաներին տրվում: Նրանց սկսեցին քննադատել երգչախմբերում աղջիկների բացակայության պատճառով, այնպես որ, հայտնի մայր տաճարներում այժմ սկսել են երգել նաև աղջիկներ՝ սկսած 8 տարեկանից: Հավանաբար, այդ երգչախմբերը  գենդերային անհավասարության վերջին բաստիոնն էին:

Բի Բի Սի. – Եվ ինչպե՞ս եք Դուք վերաբերվում դրան: 

Ֆիոնա Մեդոքս. –Ես կարող եմ ասել, որ վերապրեցի   էմոցիաների ամբողջ բույլքը: Սկզբում ես մտածեցի. «Դե՛ լավ, ոչ մի վատ բան չկա նրանում, որ գոյություն ունեն բացառապես տղաների  կամ աղջիկների երգչախմբեր»: Սակայն հիմա մենք շատ լավ հասկանում ենք, որ ժամանակակից աշխարհում գենդերը հեղհեղուկ հասկացություն է, և եթե նույնիսկ սրտով ես ինչ-որ բանի  հետ համաձայն չեմ, գիտակցությունս ասում է, որ դա դրական երևույթ է:

Բնօրինակի հեղինակ՝ Нина Назарова, Би-би-си


Թարգմանիչ՝  Անահիտ Ասատրյան (Anahit Asatryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: