Բաց նամակ Խորհրդային Միությունում հակահայկական ջարդերի վերաբերյալ

Ժակ Դերիդա, Իսայա Բեռլին, Ալեն Ֆինկելկրաուտ, Ռիչարդ Ռորտի և Ադրիան Լիտտելթոն և այլք

Սեպտեմբերի 27, 1990թ  •  հատոր 37, համար14 

(Սա Հելսինկիի պայմանագրի վերահսկման ֆրանսիական դիտորդական կոմիտեի և Փարիզի փիլիսոփայության քոլեջի մտավորականների համատեղ նախաձեռնությունն է):

Ջարդերի դարաշրջանը, որը մեր կարծիքով ավարտված էր, վերադարձել է։ Այս տարի մեկ անգամ ևս Ադրբեջանի հայկական համայնքը դարձավ սոսկալի և անհանդուրժելի կանխամտածված ջարդերի զոհը:

Որպես գիտնականներ, գրողներ, քաղաքական գործիչներ և արվեստագետներ՝ նախ և առաջ ցանկանում ենք արտահայտել մեր խոր վրդովմունքը նման բարբարոսական գործողությունների նկատմամբ, որոնք կարծում էինք՝ մնացել էին վաղ անցյալում և այլևս չէին կրկնվելու։

Սա ոչ այնքան հայտարարություն է, որքան՝ դատապարտում: Մենք ցանկանում ենք միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել ռասիզմի վրա, որը մարդկության ապագայի համար շարունակական վտանգ է ներկայացնում։ Սա նախազգուշացում է, որ մենք զգում ենք նույն անզորությունը, երբ բախվում ենք մարդու իրավունքների այսպիսի կոպիտ խախտումներին, որոնք տեղի են ունենում նացիստական համակենտրոնացման ճամբարներում հրեական ժողովրդի ցեղասպանությունից կես դար անց և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից քառասուն տարի անց: Աններելի կլիներ, եթե այժմ մեր լռությամբ նպաստեինք նոր զոհերի տառապանքներին։ 

Փաստացի, Կովկասում հայերի վիճակը այնքան լուրջ է, որ մենք չենք կարող լռել։ Լինում են պահեր, երբ մենք պետք է ստանձնենք բարոյական պարտավորություն՝ աջակցելու վտանգի մեջ գտնվող ժողովրդին։ Մեր պարտավորության զգացումը մեզ այսօր դրդում է դիմել միջազգային հանրությանը և հասարակական կարծիքին։

Ավելի քան երկու տարի առաջ Ադրբեջանում սկսեցին ակտիվ հետապնդումներ հայերի նկատմամբ: 1988թ․-ի փետրվարի Սումգայիթի ջարդերին հաջորդեցին 1988թ․-ի նոյեմբերին Կիրովաբադում և Բաքվում տեղի ունեցած ջարդերը: Դեռևս 1990թ․-ի հունվարին ջարդերը շարունակվեցին Բաքվում և Ադրբեջանի այլ հատվածներում: Սոսկ այն փաստը, որ այդ ջարդերը կրկնվում էին և կրում էին նույն բնույթը, դրդում են մտածել, որ այս ողբերգական իրադարձությունները սոսկ պատահարներ կամ ինքնաբուխ պոռթկումներ չեն։ 

Մենք ստիպված ենք գիտակցել, որ հայ փոքրամասնության դեմ կատարված ոճրագործությունները Խորհրդային Ադրբեջանում դարձել են հետևողական պրակտիկա, անգամ՝ պաշտոնական քաղաքականություն: Ըստ հանգուցյալ Անդրեյ Սախարովի (New York Times, 1988թ., Նոյեմբերի 26)՝ այս ջարդերը «ոչնչացման իրական սպառնալիք» են բնիկ հայկական համայնքի համար Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանում, որտեղ բնակչության 80%-ը հայեր են։ 

Սարսափը սահմաններ չունի, հատկապես երբ հիշում ենք, որ սպառնալիքը հայ ժողովրդի դեմ է, որը 1915թ․-ին թանկ վճարեց Օսմանյան կայսրությունում ապրելու իր իրավունքի համար: Հայերը ցեղասպանության հետևանքով կորցրին իրենց բնակչության կեսը․ սա ռասիզմի ամենավատ հետևանքն էր։ Ավելին, հնարավոր է՝ վերջին ջարդերը վերածնել են դեռևս չհաղթահարված ոչնչացման մղձավանջները, բացի այդ՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ներկայիս ամբողջական շրջափակումը և դրա 85 տոկոսը Հայաստան է անցնում Ադրբեջանով: Չափազանցություն չէր լինի նշելը, որ նման շրջափակումը հավասար է Հայաստանը խեղդելուն: 

1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից ավերված երկրի շրջափակումը կաթվածահար արեց տնտեսությունը և մահացու հարված հասցրեց վերակառուցման գործողություններին։ 

Մենք անկեղծորեն հույս ունենք, որ Վերակառուցումը (պերեստրոյկա) հաջողություն կունենա: Սակայն մենք հույս ունենք նաև ժողովրդավարացման հարցում հաջողություններ ունենալ։ Մենք գիտակցում ենք, որ տոտալիտար պետությունից հնարավոր չէ մեկ գիշերվա ընթացքում անցնել օրենքի գերակայության։ Այնուամենայնիվ, անհրաժեշտ է, որ անցումային գործընթացում Խորհրդային Միության կառավարությունը նպաստի, օրինականացնի և հաստատութենականացնի ժողովրդավարական այնպիսի կարևորագույն արժեքներ, ինչպիսիք են մարդու իրավունքները, հանդուրժողականության սկզբունքը և ժողովրդավարական շարժումները: Չկա ժողովրդավարության ավելի լավ պաշտպանություն և դրսևորում։ Համենայն դեպս՝ դա վատթարացումից խուսափելու միակ միջոցն է:

Բազմազգ պետության դեպքում ամենավատ բանը որ կարող է լինել, ժողովրդի կամ փոքրամասնության գոյության իրավունքի նկատմամբ սպառնալիքն է։ Անորոշության և անցումային ժամանակաշրջանում է, որ ժողովուրդների (այսօր՝ հայերի, վաղը՝ այլ ժողովուրդների կամ փոքրամասնությունների) իրավունքները ոտնահարվում կամ մերժվում են։ Այս առումով այն, որ մենք այսօր տեսնում ենք ԽՍՀՄ-ում ռասիստական շարժումների նման զարգացում՝ հատկապես «Պամյատ» անունով հակահրեական շարժումը, մեզ լուրջ մտահոգության տեղիք է տալիս։ 

Մեր զգոն լինելու պարտավորությունից ելնելով՝ պահանջում ենք, որ սովետական իշխանությունները, ինչպես նաև միջազգային հանրությունը անաչառորեն դատապարտեն այդ հակահայկական ջարդերը և հատկապես ռասիստական գաղափարախոսությունը, որն այս ոճրագործություններն իրականացնողների կողմից օգտագործվել է որպես արդարացում:

Խորհրդային իշխանություններից և միջազգային հանրությունից խնդրում ենք, որ անհապաղ ձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Կովկասում և Խորհրդային Միության այլ տարածքներում հայերի պաշտպանությունն ու անվտանգությունն ապահովելու համար: Սա կարող է սկսվել ադրբեջանական շրջափակումը դադարեցնելով:

Պետք է գիտակցվի, որ հայերի բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը չէ, այլ, ըստ էության, դա մարդու իրավունքների խնդիր է:

Քանի որ 1915թ․-ի ցեղասպանությունը սկսվեց ջարդերով և զանգվածային տեղահանությամբ, և այդ ցավի հիշողությունը դեռևս առկա է, Հայաստանն այժմ ապրում է տառապանքի և հուսահատության մեջ: Նման հանգամանքներում է, որ պետությունների միջազգային հանրությունը, համաձայն օրենքի գերակայության, պետք է ապացուցի մարդու իրավունքների նկատմամբ իր նվիրվածության իսկությունն այնպես, որ անտարբերության և լռության պատճառով, որոնք նույնն են, ինչ մեղսակցությունը, երկրորդ ցեղասպանություն տեղի չունենա:


  • Դեյվիդ Աարոն (Մարդու իրավունքների միջազգային լիգայի հոգաբարձու)
  • Սըր Իսայա Բեռլին (Բոլոր հոգիների քոլեջ, Օքսֆորդ)
  • Ուիլյամ Մ. Չես (Ուեսլեյան համալսարանի նախագահ)
  • Ժակ Դերիդա (Փիլիսոփայություն, Ընդլայնված ուսումնասիրությունների գործնական դպրոց, Փարիզ)
  • Լուկ Ֆերրի (Փիլիսոփայություն, Ռեն համալսարան)
  • Ալեն Ֆինկելկրաուտ (Փիլիսոփայություն, Փարիզ)
  • Հանս-Գեորգ Գադամեր (Փիլիսոփայություն, Հեյդելբերգի համալսարան)
  • Անդրե Գլյուկսման (Փիլիսոփայություն, Փարիզ)
  • Վարդան Գրեգորյան (Պատմություն, Բրաունի համալսարան)
  • Յուրգեն Հաբերմաս (Փիլիսոփայություն, Ֆրանկֆուրտի համալսարան)
  • Ագնեշ Հելլեր (Փիլիսոփայություն, Սոցիալական հետազոտությունների նոր դպրոց)
  • Բենջամին Լ. Հուկս (NAACP- ի գործադիր տնօրեն)
  • Լեզեկ Կոլակովսկի (Բոլոր հոգիների քոլեջ, Օքսֆորդ)
  • Էմմանուել Լևինաս (Փիլիսոփայություն, Փարիզի համալսարան IV, Սորբոն)
  • Ադրիան Լիտտելթոն (Պատմություն, Ջոն Հոպկինսի միջազգային հետազոտությունների կենտրոն)
  • Ժակ Պուլեյն (Փիլիսոփայություն, Փարիզի համալսարան VIII)
  • Հիլարի Պուտնամ (Բոստոն)
  • Պոլ Ռիկյոր (Փիլիսոփայություն, Փարիզի համալսարան / Նանտեր)
  • Ռիչարդ Ռորտի (Փիլիսոփայություն, Հյուսիսային Կարոլինայի համալսարան)
  • Ջերոմ Շեստակ (Մարդու իրավունքների միջազգային լիգայի նախագահ)
  • Չարլզ Թեյլոր (Փիլիսոփայություն և քաղաքագիտություն, ՄաքԳիլ համալսարան, Մոնրեալ)
  • Ռայներ Վիհլ (Փիլիսոփայութուն, Հայդելբերգի համալսարան)
  • Ռեգինալդ Էլի Զելնիկ (Պատմության պրոֆեսոր, Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարան) և 110 այլ անձինք:

Բնօրինակի հեղինակ՝ The New York Review of Books


Թարգմանիչ՝  Ռուզաննա Բարակոզյան  (Ruzanna Barakozyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: