Քաղաքականություն առանց քաղաքական գործիչների

© Rose Wong

Քաղաքագետ Հելեն Լանդեմորը հարցնում է. «Եթե կառավարությունը ժողովրդի համար է, ինչու՞ չի կարող հենց ժողովուրդը կառավարել երկիրը»:

Պատկերացրե՛ք, թե մի բազմազան, հարուստ, ժողովրդավարական պետության քաղաքացի եք և ունեք եռանդով լի ղեկավարներ։ Գոնե տարին մեկ անգամ, աշնանը, ասենք, «Քո իրավունքն ու քաղաքացիական պարտքն է գնալ ընտրություններին և քվեարկել»։ Պատկերացրե՛ք, որ Ձեր երկրում սա ոչ միայն կարևոր, այլև էական խնդիր է։ Կառավարությունը յուրաքանչյուր մակարդակում հիմնված է ժողովրդավարական ընտրության գաղափարի վրա։ Եթե ընտրությունների օրը ոչ ոք չգնա քվեարկության, երկրի քաղաքական համակարգը կքանդվի։

Փորձեք պատասխանատու լինել։ Եղեք լավագույնս տեղեկացված։ Երբ ընտրության օրը գալիս է, Դուք կատարում եք այնպիսի ընտրություն, որը Ձեր կարծիքով խելամիտ է Ձեր երկրի համար։ Այնուհետև առավոտյան լրահոսով տեղեկանում եք արդյունքների մասին և հիասթափվում։ Ձեր նախընտրած թեկնածուն՝ մի բարեփոխիչ, ով խոստացել էր կարգի բերել անգործունակ համակարգը, պարտվեց այն թեկնածուին, ով հզոր կազմակերպությունների և ծայրահեղ հարուստ բարեգործների հետ սերտ փոխհարաբերությունների մեջ է։ Մեկ այլ քաղաքական գործիչ, ում օգտին դուք քվեարկել եք վերջին ընտրություններին, չի կարողացել կատարել իր խոստումները, փոխարենը որոշումներ է կայացրել իր կուսակցության անդամների հետ՝ դեմ գնալով քվեարկողների կամքին։ Նա վերընտրվեց, ըստ երևույթին, իր կուսակցության օգնությամբ: Ձեր երկրում կա մի գաղափար, որ ժողովրդավարական կառույցը երաշխավորում է  կառավարում ժողովրդի կողմից։ Բայց, այնուամենայնիվ, երբ ձայները հաշվվում են, հասկանում եք, որ գործընթացը տեղի է ունենում ի շահ կողմերի, ոչ թե ժողովրդի։ 

Ուղղման ի՞նչ միջոցներ կան։ Մեկը կարող է ցանկանալ զուտ անմիջական ժողովրդավարություն, երբ չկա ընտրված ներկայացուցչական մարմին: Քաղաքականությունը, օրենքները և ակտերը ամենուրեք ընդունվում են քաղաքացիների քվեարկության արդյունքում: Բայց սա, կարծես, մեծամասնական բռնակալության և ընթացակարգային խելագարության մղձավանջ է: Ինչպե՞ս կարելի է իմանալ բոլոր մանրամասները և անցկացնել բանավեճ, որի արդյունքում կձևավորվեն հարկադիր, մնայուն օրենքներ: Մեկ այլ տարբերակ է կենտրոնանալ այն կազմակերպությունների և գործարար շահերի վրա, որոնք ձևավորում են քաղաքական արդյունքներ։ Բայց նման մոտեցումը, երբ լոբբիստները կուլիսային գործարքներ են կնքում, հակասում է ժողովրդավարության գաղափարին: Քարոզարշավային ֆինանսավորման բարեփոխումը կարող է կարգի բերել չարաշահումները: Բայց դա չի նշանակում, որ քաղաքական գործիչը, որն ակնհայտ ներկայացնում է Ձեզ, ընդունակ է լսելու և իրականացնելու Ձեր գաղափարները։ 

Յեյլի քաղաքագիտության պրոֆեսոր, գիտնական Հելեն Լանդեմորն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է՝ փորձելով հասկանալ ժողովրդավարության արժեքն ու նշանակությունը: Վերջին տարիներին նա եղել է մի երիտասարդ գիտնականների խմբի անդամ, որոնք փորձում են լուծել ընտրված ժողովրդավարության ներկայացուցչության խնդիրը՝ ուշադրություն դարձնելով համակարգում տեղ գտած այն թերություններին, որոնք, թվում էր, թե ընդհանրապես խնդրահարույց չէին։ Իր «Ժողովրդավարական էությունը. Քաղաքականություն, հավաքական միտք և մեծամասնության կառավարում» գրքում (Փրինսթոն, 2012) նա կասկածի տակ է դնում այն գաղափարը, որ փոքրամասնության կառավարումը նախընտրելի է զանգվածների կառավարումից: Նրա նոր գիրքը, որը լույս կտեսնի հաջորդ տարի, և ներկայումս վերնագրված է «Բաց ժողովրդավարություն. վերաիմաստավորելով ժողովրդական կառավարումը 21-րդ դարում», կանխատեսում է, թե ինչպիսին կարող է լինել իրական զանգվածային կառավարումը: Նրա մոդելը հետևյալ պարզ գաղափարն է. «եթե նպատակը ժողովրդի կառավարումն է, ապա ժողովուրդը պետք է կառավարի»:

Լանդեմորի գրքում «բաց ժողովրդավարությունը» չի կենտրոնանում պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներից ներկայացուցիչների ընտրության վրա: Փոխարենը ղեկավարությունը սահմանվում է մի մեթոդով, որը գրեթե նման է երդվյալ ատենակալների աշխատանքին (ոչ նրանց  ընտրությանը)։ Ժամանակ առ ժամանակ Ձեր հերթը գալիս է, և Դուք պարտավորվում եք կատարել Ձեր քաղաքացիական պարտքն այս դեպքում, Ձեր տեղը օրենսդիր մարմնում տեղ զբաղեցնելն է։ Ձեր գործն է սահմանված ժամանակահատվածում ստորաբաժանումում աշխատել այլ մարդկանց հետ՝ խնդիրները լուծելու և ազգին ուղղորդելու համար։ Երբ Ձեր ժամանակը ավարտվում է, թողնում եք պաշտոնը և վերադառնում Ձեր նորմալ կյանքին և աշխատանքին։

«Գաղափարը պատահականորեն ընտրված քաղաքացիներին քաղաքական ուժի մեջ ներգրավելն է, կամ նրանց խորհրդակցական մարմնում կամ քաղաքացիների ժողովներում որևէ քաղաքական դեր տալը»,- ասում է  Ռատգերսի համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր Ալեքսանդր Գուերերոն, որը 2014թ.-ին հրապարակեց  մի ազդեցիկ հոդված՝ ընտրությունների փոխարեն առաջ քաշելով պատահական ընտրությունների գաղափարը, որն իր նախադեպն է ունեցել Հին Հունաստանում և վերածննդի Իտալիայում, և անվանեց այն «վիճակահանությամբ ընտրություն» (այս գաղափարը նրա նոր լույս տեսնող գրքի հիմքն է): Լանդեմորը բաց ժողովրդավարությունում «վիճակահանությամբ ընտրությունը» պատկերացնում է ամբոխից եկող հետադարձ կապը ապահովող ուղիների  և այլ միջոցների համակցման տարբերակով: Նպատակն իշխանությունը փոքրամասնությունից մեծամասնությանը վերադարձնելն է։

Շատ ամերիկացիների համար նման համակարգը մտահոգիչ է թվում. նույնն է, ինչ Ձեր թանկարժեք մեքենան տասնյոթամյա անկարգապահ դեռահասին վստահելը: Այնուամենայնիվ, շատ անմիջական առարկություններ ծանր ու թեթև անելուց հետո կորցնում են իրենց ուժը:

«Վերապատրաստում և որակավորում». ի՞նչ կարելի է ասել  դրանց մասին։ Ամերիկյան օրենսդիրների շրջանում մասնագիտությունները բազմազան են, իսկ նրանք, կարծես թե, բավականին լավ են սովորում իրենց աշխատանքների վերաբերյալ ամեն ինչ։ Հավատ, որ ընտրությունները հմտությունների ապացուցման ձևաչափ են․ սա նույնպես չի դիմանում փորձությանը, քանի որ քարոզչության ընթացքում փորձարկվող հմտություններից ոչ մեկը անհրաժեշտ չէ կառավարությանը, եթե այն վիճակախաղով է լցնում իր շարքերը։ 

Լանդեմորը տարվել  է մի անսովոր գաղափարով, որ մի խումբ նորմալ մարդկանց  կարելի է վստահել ծանրակշիռ, սարսափելի թվացող որոշումների կայացումը։ 

Որոշ մարդկանց հնարավոր է՝ անհանգստացնի պարտավորությունների/նվիրվածության և շարունակականության գաղափարը՝ այն, որ մեր շահերը լավագույնս իրացվում են քաղաքական մասնագետների մոտիվացված խմբի միջոցով, ովքեր բերում են փորձառություն և հմտություններ: 

Պատմականորեն նմանատիպ մտահոգությունները այդքան էլ մեծ կարևորություն չեն ունեցել ընտրազանգվածի համար, որը քիչ վերապահումներ ունի կարևոր պաշտոններում ընտրելու հարցում։ Երբ հակաինստիտուցիոնալիզմը դարձել է թույն, որը ընկալվում է որպես բուժիչ սպեղանի, ապա գուցե հենց հաստատություններն են, որ փոփոխման կարիք ունեն: Լանդեմորի բաց ժողովրդավարական մոդելը նպատակ ունի աշխատել մարդկանց հետ այնպես, ինչպես նրանք կան՝ առանց պահանջված հատուկ կրթության, իսկ նրա հետևորդները նկարագրում են գաղափարը՝ որպես մնայուն, բարդ և ունակ ուղղորդելու պոպուլիստական տրամադրությունները ճիշտ հունով։ 

«Ժողովրդավարական կառավարությունները կորցնում են ընկալված լեգիտիմությունը ամբողջ աշխարհում»,-ասում է Հարվարդի Կառավարության Քենեդու դպրոցի քաղաքական ղեկավարության և ժողովրդավարական արժեքների պրոֆեսոր Ջեյն Մանսբրիջը: «Բաց ժողովրդավարության գեղեցկությունն այն է, որ այն ընկալում է ոչ միայն ժողովրդավարական սկզբունքների բարդությունը, այլ նաև այն, թե ինչպես կարելի է այդ սկզբունքները դարձնել համախմբված այնպիսի եղանակով, որը կհամապատասխանի մարդկանց խորը ինտուիցիաներին»: Նա դա համարում է պատշաճ պատասխան բնակչության աճի հետ կապված խնդիրներին, ինչպիսիք են օրինակ՝ կլիմայի փոփոխությունները, որոնք, կարծես թե, պահանջում են ավելի համատարած և կամային լուծումներ, քան մասնագիտացված ղեկավարությունը կարող է տալ։ «Լանդեմորը ավելի շատ հարում է աշխարհի երիտասարդներին, ովքեր ասում են. «Ինչպե՞ս ենք կարողանալու կառավարել այս ամենը»»,-ասում է Մանսբրիջը։ 

Լանդեմորը հենց ինքը կմատնանշեր ԱՄՆ-ի վերջին նախագահական ընտրությունները. մի մրցակցություն երկու թեկնածուների միջև, որոնք այնքան ցածր ժողովրդականություն են վայելում, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների պատմության մեջ ունեն ամենացածր վարկանիշները։ Ընտրելու իրավունք ունեցող տասը ընտրողներից մոտավորապես չորսը հարկ չէին համարել ներկայանալ ընտրություններին, իսկ Դոնալդ Թրամփն ընտրվել է այն մտահոգ քաղաքացիների կամքին հակառակ։ Նման արդյունքը, կարծես թե, արժեզրկում է ժողովրդավարության գաղափարը: Կարո՞ղ է ղեկավարների պատահական ընտրությունը և բոլորի ներգրավումը դրանից վատ լինել։ 

Այս ձմռան մի ցուրտ օր, երբ նոր կարծրացած սառույցը փայլում էր ճանապարհին ձգվող ճյուղերի վրա, ես այցելեցի Լանդեմորին։ «Կարծում եմ՝ կորցրի կյանքիս տևողության հինգ տարիները՝ վերանորոգելով այս տունը»,” ասաց նա, երբ ես մտա Նոր Հավենի Cape Cod ոճով կառուցված նրա տուն, որտեղ նա ապրում է իր ամուսնու՝ ճարտարագետ Դարկո Ջելակայի և երկու դուստրերի հետ։ «Չգիտեմ՝ արդյոք ես նորից նույնը կանեի»։ Մենք նստեցինք երկար սեղանի շուրջ՝ մի պայծառ անկյունում: Լանդեմորը 43 տարեկան, բարձրահասակ, երկար մազերով, շիկահեր կին էր, հագել էր ֆլանելե հագուստ, ջինս և ուգիներ։ Նա մեծացել էր Ֆրանսիայի նորմանդական շրջանի մի գյուղում և 18 տարեկանում եկել էր Փարիզ՝ աստղային աչքերով, Էլիտ Հենրի IV նախակրթարանում տեղ զբաղեցնելու համար։ Նա ավարտել էր Բարձրագույն նորմալ (մանկավարժական) դպրոցը (École normale supérieure), որը փայլուն երիտասարդներին ուղեկցում է գլամուրային մտավորականության գալլական նեղուց։ Լանդեմորի կիրքն այն ժամանակ փիլիսոփայությունն էր, նրա հետաքրքրությունն աճում էր դեռահաս տարիներին իրեն հետապնդած հարցից. «Ինչո՞ւ վարվել ճիշտ»։ Նրա ծնողները աթեիստ էին, նա առանց հավատի էր դաստիարակվել։ Աստծո և միջնորդ հոգևորականների բացակայության պատճառով նա զարմանում էր, թե ինչպես ենք մենք կարողանում կատարել ճիշտ ընտրություններ։ 

Փիլիսոփայությունը նրան տվեց պատասխանը։ Դպրոցում նա սիրահարվեց Դեյվիդ Հյումի աշխատանքներին, ում մարդկային կրքերի տեսությունը անդրադառնում էր որոշումների կայացմանը, բայց այս ուղին նրան շատ հեռու չտարավ։ Նա սկսեց սովորել ռացիոնալ ընտրության տեսություն և դասերի հաճախել Ֆրանսիայի Գիտությունների բարձրագույն քաղաքական ակադեմիայում։ Մինչ այդ Լանդեմորը քաղաքականությամբ չէր հետաքրքրվում (Նա սկզբում ուզում էր գրող դառնալ): Բայց ոլորտի առնչությունը հասարակական գիտությունների և որոշումների կայացման վարքագծին հիացրեց նրան, և նա փոխանակման ծրագրով տեղափոխվեց Հարվարդ մեկ տարով, որտեղ ավելի խորությամբ կարող էր ուսումնասիրել ռացիոնալ ընտրության և խաղերի տեսությունները։ 

Նա հավաքեց իրերը Փարիզից, վայրէջք կատարեց Բոստոնի Լոգանի օդանավակայանում, նստեց տաքսի և խնդրեց վարորդին քշել դեպի Հարվարդի համալսարան՝ ակնկալելով, որ նա կզարմանա այդ հանրաճանաչ հասցեից։ «Ես սովորել եմ Ֆրանսիայի համալսարաններում, որտեղ ասում են, որ մենք ենք երկրի էլիտան,  դա մեծ պատասխանատվություն է, և ես դրանք լուրջ էի ընդունում»,” նշում է նա։

Բայց վարորդն ընդհանրապես չզարմացավ։ Փոխարենը նրանք խոսեցին վարորդի աշխատանքի մասին։ Նա պատմեց իր տարեկան եկամտի մասին, որը շշմեցրեց Լանդեմորին։ (Նա իսկապես լավ էր վաստակում): Նա սիրում էր ամերիկյան հասարակությանը էգալիտար լինելը՝ ի տարբերություն ֆրանսիականի դասակարգային կարծրատիպերի։ «Ինձ իսկապես ապշեցրեց այն հանգամանքը, որ, Հարվարդի համալսարանի ուսանող լինելով, մարդ կարող է լինել տաքսու վարորդին հավասար մակարդակի, և հենց նույն ձևով էլ դու կարող ես լինել միլիոնատեր՝ լինելով բուժքույրին հավասար մակարդակի»,- ասաց նա։ «Իհարկե, դա ճիշտ չէ․ աշխատավարձի տարբերակումները երկրում քաղաքական և տնտեսական տեսանկյունից խնդրահարույց են։ Բայց հասարակական մակարդակում մարդիկ իրենց պահում են այնպես, ինչպես ուզում են, և դա բավական ուշագրավ է»։ Նրան զարմացնում էր այն, որ այդ թափանցիկությունն այդքան էլ լավ չէր արտացոլվում ամերիկյան հաստատություններում։ 

Մինչ այդ պահը, Լանդեմորը եզրակացրել էր, որ անհատները կատարում են ճիշտ քայլեր՝ հիմնականում ելնելով իրենց սեփական շահերից։ Այսինքն՝ անում են, որպեսզի ստանան իրենց անհրաժեշտ բաները,  հարգանք ձեռք բերեն, խուսափեն պատիժների բացասական հետևանքներից։ Թե ինչու են խմբերը վարվում ճիշտ, թերևս բարդ, բայց հետաքրքիր հարց է։ Բարդ հասարակություններում միշտ չէ, որ համընկնում են անհատների ինքնակառավարման և խոշոր, բազմազան խմբերի շահերը: Ինձ համար ակնհայտորեն վատ գաղափար է վերցնել հարևանի ոսկյա ռեթրիվերին (շան տեսակ), դնել նրան հսկայական համստերային անիվի մեջ՝ էլեկտրաէներգիա ստանալու համար։ Բայց ի՞նչ կլինի այն դեպքում, երբ մեզանից շատերը կարողանան կրճատել էլեկտրաէներգիայի վճարը՝ քվեարկելով այն էլեկտրակայանի օգտին, որն առևանգում է անծանոթ մարդկանց շներին։ Որպես խումբ` կարո՞ղ ենք մենք ճիշտ որոշում կայացնել։ 

Այդ տարի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի դասընթացում Լանդեմորը սովորեց հավանականության մի սկզբունքի մասին, որը Մարկիզ դը Կոնդորսեի անունով հայտնի է որպես Կոնդորսեի թեորեմ և ստեղծվել է 1785թ-ին՝ հեղափոխականների կողմից նրա բանտարկվելուց ոչ շատ ժամանակ առաջ: Թեորեմն ասում է. «Պատկերացրեք, որ քվեարկելու համար կա երկու տարբերակ՝ Ա և Բ, և մենք աստվածային ճշգրտությամբ գիտենք, որ տարբերակ Ա-ն ավելի լավ ընտրություն է։ Եթե յուրաքանչյուր անհատի՝ Ա տարբերակ ընտրելու հավանականությունն ավելին է, քան 50%-ը, ապա խմբի՝ ճիշտ ընտրություն կատարելու հնարավորությունն աճում է, քանի որ մարդկանց թվաքանակն ավելանում է»։ 

Շատ քաղաքագետների նման մարդիկ կարող են բանավիճել, որ քաղաքականության մեջ «ճիշտ ընտրություն կատարել» հասկացություն չկա։ Շատերը կարող են առաջարկել, որ ընտրողների լավ ընտրություն կատարելու կարողությունն ավելի վատն է, քան պատահականությունը։ Բայց հնարավոր է նաև հակառակ տեսակետն ընդունել։ Երբ Կոնդորսեի թեորեմը վերանայվեց վաթսունական թվականներին, այն օգնեց բազմության նկատմամբ նոր հետաքրքրությունների ալիք առաջացնել։ Լանդեմորի համար այն բերեց ավելի հստակ հրամայականի՝ «Մտածում էի, թե ինչու դա ոչ այդքան ակնհայտորեն կիրառվեց որպես փաստարկում ժողովրդավարության օգտին»։ 

«Եթե դուք չեք հավատում, որ քաղաքացիների մեծամասնությունը ավելի վատ քաղաքական ընտրություններ կկատարի, քան մետաղադրամի շրջումն է, արդյո՞ք այս թեորեմը չի խոսում նրանց ընտրություններ կատարելու կարողությունների մասին։ Նորարարություն չի լինի ասել, որ Կոնդորսեի թեորեմը կարևոր էր ժողովրդավարության համար, բայց դրան մեծ նշանակություն տալը նորարարություն է»,- Մանսբրիջն ասաց ինձ։ Տարվա վերջում Փարիզ վերադառնալու փոխարեն, Լանդեմորը ընդունվեց Հարվարդ, որտեղ ստացավ իր ասպիրանտուրայի աստիճանը։ Նա  տարվել է մի անսովոր, անսխալ գաղափարով, որ մի խումբ նորմալ մարդկանց կարելի է վստահել ծանրակշիռ, սարսափելի թվացող որոշումների կայացումը։

Քաղաքական ղեկավարության մասին մեր գաղափարների մեծ մասը նկատելի են Պլատոնի «Հանրապետություն»-ում, որը մինչ այժմ քաղաքական փիլիսոփայության հիմնարար տեքստերից է: Պլատոնը՝ մարդ, ով ևս մտահոգվում էր այն հարցի շուրջ, թե ինչու ենք մենք վարվում ճիշտ առանձին-առանձին կամ միասին, նշել է, որ անհատները ունեն տարբեր ընդունակություններ և պետք է ունենան հստակ դերեր։ «Մենք պետք է նկատի ունենանք, որ ամեն ինչ ավելի ճոխ, հեշտ և որակյալ է լինում, երբ ամեն մարդ անում է այն, ինչ բնականոն է իր համար»,” ասում է նա՝ մեջբերելով Սոկրատեսին։ Պլատոնը պնդում էր, որ ղեկավարության համար անհրաժեշտ մարդիկ փիլիսոփաներն են, որոնց համար ճշմարտությունը թանկ է ամեն ինչից, որոնք սովորում և կրթվում են՝ չենթարկվելով հասարակական կարծիքին։ Պլատոնը գրել է. 

«Երբ մարդիկ ժողով են կազմակերպում, գնում դատարան, թատրոն, ճամբար կամ այլ հայտնի հանգստավայր, և եթե մեծ աղմուկ կա, նրանք գովաբանում են իրենց ասած կամ արած բաները, և կշտամբում այլոց՝ հավասարապես չափազանցնելով երկուսն էլ, բղավելով և թափահարելով իրենց ձեռքերը-արդյո՞ք երիտասարդի սիրտը, ինչպես ասում են, չի թրթռա այդ պահին: Արդյո՞ք որևէ մասնավոր պարապմունք հնարավորություն կտա նրան ամուր կանգնել ժողովրդական կարծիքի ճնշող մեծամասնության դեմ»:

Պլատոնի տարաձայնությունը լավ կրթված ու ողջամիտ առաջնորդների և խելագար ու աղմկոտ զանգվածների միջև այնքան լայն ընդունվեց, որ հեշտ է մոռանալ, որ նա այս ամենը գրում էր որպես անտագոնիստ: Հունաստանում բարձրագույն կրթությունը հաճախ գտնվում էր սոփեստների ձեռքում՝ մասնավոր դասավանդող ուսուցիչների, մտածողների և արհեստագործ վարպետների: Պլատոնը կարծում էր, որ բարձր աշխատավարձի մասին մտածելը կաշառակերություն ու այլասերվածություն է, և նա հազվադեպ էր առիթը բաց թողնում հարձակվելու այն մարդկանց վրա, որոնք այդպես էին վարվում (նրա ջանքերը հաջողություն ունեցան․ ավելի քան երկու հազար տարի անց «սոփեստություն»-ը ծաղրանքի է արժանանում): Սոփեստները կարծես թե հավատում էին, որ ամբոխի իմաստությունը ճշմարիտ իմաստությունն էր: Սակայն Արիստոտելը՝ Պլատոնի աշակերտը, կիսում էր այս գաղափարը։ Իր «Քաղաքականության» 3-րդ գրքում նա նշում է` «Թեև յուրաքանչյուր անհատ առանձին-առանձին ավելի վատ դատավոր կլինի, քան մասնագետները, նրանցից շատերը միասին կարող են լինել գուցե շատ ավելի լավ դատավորներ», և պաշտպանում կառավարման գործընթացում զանգվածային մասնակցությունը։  

Մեր ղեկավարության մոդելն այսօր ամեն հարցում Գերագույն դատարանից մինչև «Արևմուտքի թևը» ապրում է Պլատոնի ստվերում: Կրթված մարդկանց ստեղծած` Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունում այդ շեշտադրումը հիմնաքարային է։ Երբ Լանդեմորը ուսումնասիրում էր ամբոխի իմաստությունը, նա սկսեց հետաքրքրվել՝ արդյոք Պլատոնի մտածողությունն այդ հարցի շուրջ ավելի յուրօրինակ էր, թե հիմնավորված։

Ժողովրդավարական էությամբ Լանդեմորը շոշափեց արհամարհանքի երկարատև հանգույցը զանգվածային որոշումների կայացման համար։ Քսաներորդ դարի տեսաբաններ Ջոզեֆ Շումպետերը և Սեյմուր Մարտին Լիպսեթը ժողովրդավարությունը համարում էին մեխանիզմ, որի միջոցով մարդիկ ընտրում էին ղեկավարներ, ոչ թե իրենք էին ղեկավարում։ Շատ ենթադրյալ դեմոկրատներ քաղաքացիներին համարում էին անտարբեր, անբանական և անգրագետ։ Ընտրողները համարվում են ոչ թե դերակատարներ, այլ սպառողներ, որոնց պետք է վաճառվի թեկնածուն, հարթակը կամ մեկ այլ բան։ Լանդեմորը նշեց, որ ժողովրդավարությունը պարադոքս է դարձել․ «ասում են՝ այն ենթադրում է, որ քաղաքացիները քվեարկում են ըստ իրենց շահերի, սակայն ընդունված է կարծել, որ քաղաքացիները անընդունակ են քվեարկել ըստ իրենց շահերի»։

Լանդեմորը պատմում էր, որ շփոթմունք առաջացավ, քանի որ մարդիկ խոսում էին ժողովրդավարության երկու տարբեր տեսակների առավելությունների մասին՝ առանց համաձայնեցնելու դրանց պատճառները։ Ժողովրդավարության համար որոշ փաստարկներ ունեն «խորհրդակցական» հիմք․ դա բխում է այն գաղափարից, որ մարդկանց մի տեղում, օրինակ՝ քաղաքապետարանում, հավաքելը և նրանց հետ զրուցելը մտքերի արտահայտման, տարբեր տեսակետների և կարծիքների բարձրաձայնման է հանգեցնում՝ արդյունքում տարբեր խնդիրներին լուծումներ տալով։ Մյուս փաստարկներն իրենց բնույթով մեծամասնական են՝ հիմնված զանգվածային որոշումների կայացման սկզբունքների վրա(Կոնդորսեի թեորեմը վառ օրինակ է:)

Առաջին հայացքից դրանք բացառում են միմյանց։ Դուք չեք կարող միաժամանակ օգտվել սենյակում մարդկանց շահերի հետ կապված խնդիրները քննարկելու և բազմաթիվ մարդկանց ընտրությունների գնալու օգուտներից։ Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների Լուսավորության հանրապետություններում կառավարության ռազմավարությունն էր փորձել երկուսն էլ կատարել, բայց՝ հաջորդաբար։ Մենք գնում ենք ընտրությունների ներկայացուցիչներին քվեարկելու համար, սակայն հետո նրանք գնում են հանդիպումների ամեն ինչ պարզաբանելու համար։

Նպատակը հասարակությանը հնարավորինս շատ որոշումների մեջ ներգրավել է:

Երբ Լանդեմորը շարունակում էր ուսումնասիրությունը, մտածում էր, որ իրական ժողովրդավարությունը, որն իրականացնում էր իր սկզբունքները, կարող էր ամբողջապես ի հայտ գալ, եթե կարողանայինք պարզել՝ ինչպես միահյուսել քննարկումների և ժողովրդի իմաստության առավելությունները։ Կային հուշումներ այն մասին, թե ինչպես կարելի է դրան հասնել: Եթե քննարկման միջոցով ջերմոցային գազի իջեցման լուծումների  ցուցակը կարելի լիներ հասցնել երկուսի, այդպիսի բարդ որոշումը կարող է պարզեցվել մեծամասնության իմաստության համար: Նույն ձևով՝ հավանականությունը քիչ կլիներ մեծամասնության բռնակալության տագնապալի հեռանկարի ի հայտ գալու համար, եթե տարբեր տեսակի մարդկանց միջև էական քննարկումները հնարավոր լիներ ընդգրկել որոշումների կայացման գործընթացում: Քանի որ Լանդեմորի առաջին գրքի նպատակն էր պարզապես մարտահրավեր նետել զանգվածային որոշումների կայացման կասկածելիությանը, նա սկսեց նկարագրել, թե ինչպիսին կարող էր լինել նման համընկնող համակարգը: «Ես դեռ համեմատաբար պահպանողական տեսակետ ունեի ժողովրդավարության մասին»:

Յեյլի համալսարանում՝ Լանդեմորի գրասենյակի փողոցի երկայնքով, մի շենք կա, որը նա իսկապես համարում է սարսափելի տգեղ։ Գոթական ոճով կառուցված այս շենքը ստեղծվել է վերջերս՝ մոտակայքում գտնվող մի քանի հին գոթական կառույցների նմուշով, որոնք էլ, իրենց հերթին, կառուցվել են Բրիտանիայում գոթական ակադեմիական կառույցների նմանությամբ։ Նա կարծում է, որ այս անիմաստ շարունակությունը անհեթեթություն է, և որ արդյունքում ստեղծվել է տգեղ կառույց, որը նա նկարագրել էր որպես «բարակ, խրված աղյուսներ»՝ բոլորը ձևավորված ըստ ավանդույթի։ Ըստ նրա` «գեղագիտական առումով դա աղետ է»: Այնուամենայնիվ, շենքին ամենաաղետալի վնասը հասցվել է հենց նախագծման գործընթացից. շենքի դիզայներները չեն խորհրդակցել շենքի աշխատողների հետ։

Լանդեմորը պատրաստվում էր իր գրասենյակ գնալ, երբ ես այցելեցի նրան։ Նա Դուքի սրճարանից վերցրեց ձկան արիշտա և մանգոյի հյութ․ այն մի վիետնամական փոքրիկ կետ էր քաղաքի կենտրոնում, որը նրան դուր էր գալիս։ Նա հագել էր վերարկու՝ ֆրանսիական ոճով և կապել էր շարֆ, որը նրան էլեգանտ տեսք էր հաղորդում։ Դուքը՝ սրճարանի սեփականատերը, ողջունեց նրան։ «Դուքը Յեյլի կենսաբանության հետդոկ հետազոտող էր և ուսումնասիրում էր մրգային ճանճերը»,” նրա գնալուց հետո ասաց Լանդեմորը։ «Նա ձանձրացավ և թողեց համալսարանը ռեստորան բացելու համար։ Հիմա նա յուրաքանչյուր ճաշ պատրաստում է գիտական խստապահանջությամբ»։ Դա հանգիստ դաս էր էլիտայի ամենաթողության վերաբերյալ․ մենք բոլորս ունենք շատ ընդունակություններ, և կառավարությունում ղեկավարելու մեր ունակությունը չպետք է կախված լինի նրանից, թե արդյոք մենք որոշել ենք Յեյլում աշխատել ֆանտաստիկ մարդկանց հետ, թե զբաղվել մոտակայքում գտնվող Bánh-mì խանութի գործերով։ 

2017թ.-ին Լանդեմորը, տպագրվելով «Դեդալուս» (Daedalus) հասարակական ամսագրում, ուղղակիորեն թիրախավորեց ժամանակակից ներկայացուցչական ժողովրդավարությունը: Խնդրեք մարդկանց, որ պատկերացնեն գործի էությունը, և այս օրերին նրանք գուցե մտածեն Սենատի մասին՝ լցված Հարվարդի և Յեյլի լավ համակցված փաստարկներով՝ ջանալով կատարել իրենց կուսակցական ծրագրերը և անել ամենը իրենց տեղը պահելու համար։ Նա պնդում էր, որ կանխամտածված ժողովրդավարությունը այս տեսլականից առանձին էր զարգացել՝ տհաճ հետևանքներով։ Նման էլիտար ներկայացուցչությունը «ժողովրդավարական» կոչելը ծիծաղելի էր և վատ էր ապրանքանիշի համար։ Պատահական չէր, որ ժողովրդավարության հանդեպ հավատը, կարծես թե, նվազում էր։ 

Այդուհանդերձ, ինչպե՞ս կարող ես ունենալ խորհրդակցային ժողովրդավարություն առանց այդ մարդկանց։ Դուք չեք կարող մի ամբողջ ազգի հավաքել մի վայրում։ Դուք պետք է ունենաք մի փոքր խումբ, որը կխոսի ընդհանուրի անունից։ Լանդեմորը մտածեց, որ խնդիրը ոչ թե ներկայացուցչությունն է, այլ ներկայացուցիչների ընտրության եղանակը։ Ճշգրիտ ժողովրդավարական մոտեցումը կարտացոլեր զանգվածի առավելությունները և կծառայեր ներառականության և հավասարության հիմնական ժողովրդավարական իդեալներին, ինչպես Լանդեմորն էր նշել «Դեդալուս»-ում։ 

«Ներառականությունը նշանակում է և այն, որ դեմոսի յուրաքանչյուր մեծահասակ անդամ իրավասու է կառավարման գործում իր մասնաբաժինն ունենալու, և որ դեմոսի սահմանումը ինքնին ներառական է: Հավասարությունը նշանակում է, որ իշխանությունը պետք է հավասարաչափ բաշխվի բոլորի միջև․․․  Հավասարության այս սկզբունքը նշանակում է, որ քննարկման ընթացքում յուրաքանչյուրին պետք է տրվի իր կարծիքը հայտնելու հնարավորություն։ Ի վերջո, հավասարություն նշանակում է, որ յուրաքանչյուր անհատ հնարավորություն ունի լինել ներկայացուցիչ այնտեղ, որտեղ ներկայացման անհրաժեշտություն կա»։ 

Լանդեմորի՝ «Բաց ժողովրդավարություն» լույս տեսնող գիրքն անդրադառնում է այն հարցին, որը նա կիսատ էր թողել իր «Ժողովրդավարության էություն»-ում։ Ի՞նչ կլիներ, եթե կառավարական համակարգը միավորեր խորհրդակցական և մեծամասնական ժողովրդավարության տարրեր։ Նրա մոդելը ենթադրում է հինգ պայման՝ հավասար և համընդհանուր մասնակցային իրավունքներ, քննարկում՝ որպես գործընթացի մի մաս, մեծամասնության կառավարում, ժողովրդավարական ներկայացուցչություն (ինչը նրա խոսքով նշանակում է, որ ընտրված միջնորդների խումբը դեռ կարող է գոյություն ունենալ ստորադաս դերերում) և բոլոր գործընթացների թափանցիկություն:

Նա ասում է, որ բաց ժողովրդավարությունը հերթով ներկայացնելու և ներկայացվելու մասին է։ «Փորձագետների համար դեռ տեղ կա. մենք չենք ազատվում ժամանակի խնայողության մեխանիզմներից և պրոֆեսիոնալիզմից, որն արդեն ունի կառավարման համակարգը»,-ասաց նա ինձ: «Պարզապես մենք պետք է երաշխավորենք, որ հենց այս վճռական որոշումների կայացման և օրակարգի որոշման գործընթացները բաց կլինեն քաղաքացիների համար։ Պարզապես պետք է համակարգին շնչելու հնարավորություն տալ»։ 

Լանդեմորի մոդելի հիմքում ընկած է այն, ինչը ինքն անվանում է «մինի-հանրություն»՝ հարյուր հիսունից մինչև հազար մարդկանց խմբեր, որոնք իրականացնում  են կառավարումը։ Նրանց անդամներն ընտրվում են լոտոկրատական ձևով (lottocratically) և, չնայած նրանք անհատապես ներկայացուցիչ չեն (այն հաշվապահը, որն ապրում է իմ հարևանությամբ, չի ներկայացնում ինձ կառավարությունում իր աշխատանքի ընթացքում), նրանք արտացոլում են հանրային հետաքրքրության շրջանակը: 

Այն, ինչը տարբերակում է Լանդեմորի իդեալը մյուս լոտոկրատական մոդելներից, ինչպիսին է օրինակ Գուերերոյի մոդելը, նրա առաջարկած ընդգրկվածության լայնությունն է. նպատակը հասարակությանը որքան հնարավոր է շատ որոշումներում ներառելն է։ Նրա բաց ժողովրդավարական գործընթացը կառուցվում է նաև բազմապիսի հետադարձ կապի օղակների և ժամանակ առ ժամանակ հանրաքվեների միջոցով (ուղիղ հանրային քվեարկումներ ընտրություններում), որպեսզի մարդիկ, որոնք ներկայումս չեն ղեկավարում, իրենց մեկուսացած չզգան կառավարման գործընթացից։ Քաղաքացիները լավ փոխհատուցվում են ծառայության վրա ծախսած իրենց ժամանակի համար։ Նրանք հեռանում են իրենց բնականոն աշխատանքից, ինչպես ծնողական արձակուրդի դեպքում է (այսպիսի համակարգը ավելի հեշտ է պատկերացնել այն երկրներում, որտեղ ավելի զարգացած աշխատանքային կանոներ կան, քան Միացյալ Նահանգներում): 

Բաց ժողովրդավարության մեջ գոյություն չունի «նրանք» և քաղաքական էլիտա՝ դիմադրելու համար։ Գոյություն ունի միայն «մենք»-ի մասին կայուն գաղափարը:

Նման հիմնական տարրերից այն կողմ Լանդեմորի սխեման սահմանափակումներ չունի. այն ավելի շատ գործառնային սկզբունքների հավաքածու է, մի դեղատոմս։ Դա ավելի հավասար կլինի, քան գործող համակարգը, քանի որ բոլորը, կառավարության մեջ լինելով, կունենան հավասար հնարավորություններ  և հավասար ձայներ։ Եվ դա ավելի ընդգրկուն կլիներ, քանի որ բոլորը, անկախ իրենց կառավարության կազմում գտնվելուց, անհապաղ կապ կունենան որոշումների կայացման գործընթացում: Լանդեմորը հավատում է, որ միակ արդյունքը հասարակության մեջ կլինի առողջ ժողովրդավարական ուսուցումը։ Ոչ թե այն պատճառով, որ բոլորը հանկարծակի կընկնեին քաղաքական ծուղակը, այլ ընդհակառակը, նրանք կկարողանային ապրել կառավարությունից դուրս լինելու ժամանակ,  որովհետև իրենց կյանքի որոշակի ժամանակահատվածում նրանք ստիպված կլինեին քաղաքականությունն ուսումնասիրել ավելի խորքից՝ ստիպված լինելով մտածել ազդեցիկ քաղաքական որոշումների մասին՝ համագործակցելով իրենց հետ չհամաձայնող պատահական ամերիկացիների հետ։ 

Առավել ուշագրավ է, որ նման համակարգը կկարողանա մաքրել էլիտիզմի քաղաքականությունը, այսինքն՝ արդյո՞ք առաջնորդները ներկայացնում են մեզ պես մարդկանց շահերը: Բաց ժողովրդավարության մեջ գոյություն չունեն «նրանք» և ոչ մի քաղաքական էլիտա՝ դիմադրելու համար: Գոյություն ունի միայն «մենք»-ի մասին կայուն գաղափար: Անթերի, խառնիխուռն զանգվածներն իրենց բազմազան գույներով, կյանքի ոճով և հարստության մակարդակով կառավարություն են: «Հենց մարդկանց պարտադրեք մի համատեքստ, որտեղ նրանք ստիպված լինեն անցնել իրենց դիրքորոշումներից և գաղափարներից այն կողմ, փորձեն իրենց նման մարդկանց հետ հասցեագրել կյանքի խնդիրները, նույնիսկ եթե նրանք տարբեր կերպ են մտածում, դուք կլուծեք շատ խնդիրներ»,-բացատրեց Լանդեմորը։ 

Բաց ժողովրդավարության քննադատները բաժանվում են երեք կատեգորիաների: Ոմանց համար համոզիչ չեն այն պնդումները, որ ժամանակակից ընտրական ժողովրդավարությունը կառուցվածքային խնդիրներ ունի (մեր մտահոգությունները կարող են լինել նաև կրթական համակարգի և անհավասարության աճի վերաբերյալ): Ոմանք վիճարկում են այն տեսությունը, որ քաղաքականության մեջ կա «ավելի լավ» արդյունք, և որ մենք պետք է քննարկենք, թե որքանով են ժողովրդավարական մոդելները օգնում մեզ։ Իսկ ոմանք կասկածում են, որ այս մոդելները լավ են հնչում տեսականորեն, բայց գործնականում հնարավոր է՝ չաշխատեն։ «Ես կարծում եմ, որ մարդկային ինքնախաբեությունը և արյունահեղությունը միշտ էլ ավելի ուժեղ կլինեն, քան անհարմար ճշմարտությունները սովորելու մեր ցանկությունը»,-այս մասին ասաց Փրինսթոնի քաղաքականության պրոֆեսոր և Լանդեմորի գործընկեր քննադատներից մեկը՝ Քրիստոֆեր Ախենը: «Մարդկային պատմությունը լի է գրավիչ իդեալներով, որոնք փորձելիս պարզվում է, որ դրանք անգործունակ են կամ խորապես վտանգավոր: Բայց դա լի է նաև «անհասկանալի իդեալներով», որոնք ավելի քան մեկ կամ երկու դար անց դարձել են ընդունելի»:

Լանդեմորն ասում է, որ այն, ինչ նա կբնութագրեր որպես բաց ժողովրդավարություն, արդեն փորձված է սահմանափակ համատեքստերում: Ֆինլանդիայում 2012-ից 2013 թվականներին այս մոտեցումն օգտագործվել են ձնագնացության կարգը կարգավորելու համար. մի խնդիր, որը պատահական է թվում միայն այն դեպքում, եթե Ֆինլանդիայում երբևէ ձմռանը չեք անցկացրել: Կառավարությունը ներգրավեց հանրությանը խնդիրը ախտորոշելու և լուծումներ գտնելու մեջ: Լանդեմորը, որը նախագծի խորհրդատուն էր, կարդաց ֆինլանդացիների մեկնաբանությունները և շնչասպառ եղավ։ «Սա տգիտություն չէ»,-ասաց նա։ «Զայրացած կամ ապակառուցողական, ինչպիսին մենք պատկերացնում ենք, որ կլինեն «Հասարակ քաղաքացիները»»։

Ֆինլանդիայի փորձի իրականացմանը զուգահեռ Իսլանդիան օգտագործեց Լանդեմորյան գործընթացը՝ նոր սահմանադրություն ստեղծելու համար՝ սկսելով ինը հարյուր հիսուն պատահականորեն ընտրված քաղաքացիների քննարկումներից: Քսանհինգ, բայց ոչ արհեստավարժ ներկայացուցիչներից ընտրված ժողովը կազմեց մի փաստաթուղթ և այն ներկայացրեց հանրությանը (Լանդեմորը բնորոշում է այս քայլը որպես «հեղուկ» ժողովրդավարության արտահայտություն, ժողովրդի կարողություն՝ շնորհելու իրենց քվեարկության իրավունքը ժամանակավոր ներկայացուցիչներին, երբ ցանկանում են):

Իսլանդացիները հազարավոր մտքեր առաջարկեցին առցանց մեկնաբանություններում. ի պատասխան դրանց՝ սահմանադրությունը վերանայվել է տասնմեկ անգամ: Վերջնական տարբերակը ամբողջ երկրին ներկայացվեց հանրաքվեի միջոցով, և իսլանդացիների ավելի քան երկու երրորդը հավանություն տվեց դրան։ Անցած մի քանի տարիների ընթացքում այդ փաստաթուղթը մոռացության մատնվեց, քանի որ խորհրդարանը, որը բաղկացած էր Իսլանդիայի լիաժամկետ ընտրված քաղաքական գործիչներից, երբեք չի հաստատել հանրաքվեն: Այդուհանդերձ, Լանդեմորն այս գործընթացը հաջողված է համարում։ Նրա կարծիքով այս սահմանադրությունը միայն ավանդական սահմանադրության օրինակ չէ, այն պարունակում է քսանմեկերորդ դարի մի քանի լուսավոր գաղափարներ, ինչպիսին է,  օրինակ, ինտերնետ կապի համընդհանուր իրավունքը, որոնք, հավանաբար, չեն բխել ավելի էլիտար քննարկումներից:

Ֆինլանդիան և Իսլանդիան, իհարկե, ունեն ընդհանուր բան․ երկուսն էլ փոքր ազգեր են, մշակութային հոմոգենացման են ենթարկվում։ Գրեթե բոլորն այնտեղ անցնում են նույն դպրոցական համակարգով և, համընդհանուր սոցիալական ծրագրերի շնորհիվ, կիսում են միևնույն կենսակերպը։ Եթե մի ֆին մարդ հանդիպի մեկ այլ ֆին մարդու, ապա հաստատ, անկախ նրանց ծագումից, նրանք կկիսեն ֆիննական հիմնական կենսափորձը։ Դա ճշմարիտ չէ Միացյալ Նահանգների համար, որը հպարտանում է այն փաստով, որ թույլ է տալիս Հասիդիկ հրեային, նոր կորեացի ներգաղթյալին և ապալաչյան արհեստավորին ապրել մշակութային տարբեր համայնքներում և վարել իրենց նախընտրելի կեսնակերպը (Ահա թե ինչու, ինչպես նախկինում փաստարկեցի, հյուսիսային մոդելը արժանի է հիացմունքի, բայց այն կիրառելի չէ ԱՄՆ-ի համար. դա անելը կպահանջի վերափոխել ամերիկյան լիբերալիզմն այնպիսի եղանակով, որը կարող էր շատերին տագնապալի դրության մեջ դնել):

Որպես վկայություն, որ բաց ժողովրդավարությունը կարող է աշխատել ավելի մեծ, մշակութային, բազմազան հասարակության մեջ, Լանդեմորը մատնանշում է Ֆրանսիայի Մեծ Ազգային բանավեճը՝ մի հսկայական նախաձեռնություն, որը ներգրավում է կենսունակ առցանց ֆորումը, քսանմեկ քաղաքացիների խումբ և ավելի քան տասը հազար հասարակական հանդիպումներ, որոնք անցկացվեցին 2019թ.-ին բողոքի ակցիաների և այս տարի երկրի քաղաքացիների՝ կլիմայի փոփոխությունների վերաբերյալ համագումարի ֆոնին։ Կլիմայի համագումարը, որը հարյուր հիսուն պատահական ընտրված քաղաքացիներին խնդրեց աջակցություն ցուցաբերել ֆրանսիական արտանետումները նվազեցնելու վերաբերյալ ծրագրեր կազմելուն, սկսվեց անցած աշնանը և շարունակվեց մինչ այս տարի: Լանդեմորն անցած ձմեռն անցկացրեց Փարիզում՝ ուսումնասիրելով իր գրքի վերաբերյալ քննարկումների ծավալումը։ «Տեսնել իմ լեզվով քննարկումները, այս սեղանների շուրջը նստելը, այս զրույցները լսելը իսկապես ապրեցնող է»,-ասաց նա։ «Հնարավոր է ճիշտ չհնչի, բայց այս հանդիպումների հիմքում սեր կա»։ Նա մեծ հույսեր է կապում Ստենֆորդի համալսարանի հաղորդակցության պրոֆեսոր Ջեյմս Ս. Ֆիշկինի կողմից անցկացրած խորհրդակցական հանդիպումների հետ, ով հավաքել է հարյուրավոր պատահական քաղաքացիների որևէ հարց միասին քննարկելու համար և համեմատել նրանց կարծիքները ժողովից առաջ և հետո: Արդյունքը, զարմանալիորեն, ոչ թե կարծիքների սպասված բևեռացումն էր, այլ կարծիքների զուգադիպությունը: 

Լանդեմորի քննադատների մեծ մասը չի կիսում նրա լավատեսությունը: «Իմ կարծիքով քաղաքացիական քննարկումների և հավաքների մի քանի ստույգ փորձված գնահատականներն ընդհանուր առմամբ ճնշող էին, և ինչքան ուշադիր ես նայում ապացույցներին, այդքան ճնշող են դառնում դրանք»,-ասաց Պրինսթոնի պրոֆեսոր Ախենը: Նրա կողմնակիցներից շատերը նույնպես զգուշանում են դա ներկայացնել հասարակությանը, քանի որ քաղաքացիները պատրաստ չեն դրան։ Գուերերոն, որը հարում էր լոտոկրատական կառավարության գաղափարին, կարծում է, որ ժողովրդի կողմից կառավարումը պետք է տեղի ունենա ինստիտուցիոնալ զարգացմանը զուգընթաց՝ կրթություն, փորձագիտական խորհրդատվություն և այլն: «Ինձ համար սովորական քաղաքացիներին քաղաքական որոշումներ կայացնողներ դարձնելու ամենակարևոր մասն այն է, թե ինչպես ստեղծել հաստատություններ, որոնք դա հնարավոր կդարձնեն»,-ասաց նա։ «Ես մտահոգվում եմ, որ քաղաքացիները խոսում են այն թեմաների շուրջ, որոնց մասին շատ բան չգիտեն»։

Լանդեմորն իրեն համարում է ժողովրդական մշակույթի բազմակողմանի զարգացած տեսաբաններից մեկի՝ Ջոն Դյուի հետնորդը, այնուամենայնիվ նա ավելի ծանր ու նեղ շեշտադրում է կատարում կառավարության կառուցվածքի վրա, քան Դյուն, որը ժողովրդական լավ սովորություններ նկատեց՝ ձևավորված քաղաքացիական հասարակության տարբեր հատվածներից։ Օրինակ՝ մեր դասավանդման ձևը, աշխատանքի ձևը, միմյանց հետ կապվելու ձևը: Լանդեմորի մոդելային ուղիները առաջնորդվում են ներքևից վերև, բայց հասարակության վերաբերյալ նրա գաղափարը դեռևս մնում է վերևից ներքև։ 

Նրա տեսակետն այն էր, որ ժողովրդական լավ սովորությունները հօդս կցնդեն, եթե կառավարության ձևը ֆիքսված լինի։ Երբ ես հարցրի նրան ներկայիս նախագահական ընտրություններում խիստ ռեֆորմիստական թեկնածուների մասին, նա մերժեց նրանց կառավարական իդեալները։ «Ես դա չեմ տեսնում Սանդերսի, Ուորենի կամ նրանցինց որևէ մեկի մոտ. նրանք խոսում են միայն իրենց տեսլականի և ղեկավարության մասին։ Այո, նրանք մեծ դոնորների փոխարեն ուզում են փոքր դոնորներ, բայց….»: Նա թոթվեց ուսերը։ Նա հուսով է, որ բաց ժողովրդավարական մոդելները ներառված են ԱՄՆ-ում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, բայց ազգային բարեփոխումների համար նա հետևում է եվրոպական ազգերին, որոնք փորձարկումներ են կատարել, և նաև որոշ դեպքերում ավելի ուժեղ կամքի դրսևորում են ունեցել։ 

«Զարմանալի է, որ Միացյալ Նահանգներում տեղի ունեցող բոլոր սխալ երևույթների արդյունքում այստեղ զանգվածային ապստամբություն չկա»,-ասաց Լանդեմորը: «Ֆրանսիայում գործադուլներ են սկսվել կենսաթոշակային բարեփոխումների համար։ Այստեղ մի փոքր անտարբերություն կա՝ մի զգացում, որի ընթացքում մարդիկ չեն վստահում միմյանց կամ նույնիսկ իրենք իրենց ինչ-որ բան անելու հարցում։ Ուրեմն՝ որպես քաղաքացիներ ստեղծել հզորացման, հնարավորության և ինքնավստահության զգացու՞մ։ Դա լավ ձև կլիներ սկսելու համար»։ 

Լանդեմորը մեծացնում էր իր երկու դուստրերին ավելի շատ ամերիկյան ձևով՝ անկախ, աջակցող, տարված անհատականությամբ, քան ֆրանսիական խստապահանջությամբ։ Զարմանալի էր իր համար, թե ինչքան էին տարբերվում իր երկու աղջիկները միմյանցից։ Մեծը 8 տարեկան է՝ գրագետ, կարեկից և նրբանկատ։ Կրտսերը՝ 5 տարեկան՝ տրամաբանող, արտահայտչական և հստակ՝ իր ցանկությունների հարցում։ Լանդեմորն իր գրքերում պաշտպանում էր զանգվածային կառավարման գաղափարը, քանի որ այն հիմնված է «ճանաչողական բազմազանության վրա»․ մի գաղափար, ըստ որի տարբեր մտքեր աշխատում են տարբեր ձևերով, և բազմազան գաղափարների միախառնումը հանգեցնում է խնդիրների լուծման հավանականությանը։ 

Երբ իմ այցելության ժամանակ՝ երեկոյան, արդեն մթնում էր, Լանդեմորը հեռացավ իր գրասենյակից՝ վերցնելու իր դուստրերին դայակի մոտից․ մի ձգձգված գործընթաց՝ ծանր ու դժվարին աշխատանքային գործընթացից հետո։ 

“Tu te sens mieux, ou t’as mal à la tête?” («Քեզ լա՞վ ես զգում, թե՞ գլխացավ ունես, սիրելի՛ս»),-հարցրեց Լանդեմորն իր կրտսեր դստերը, որը մի քանի օր հիվանդ լինելուց հետո  վերադարձել էր դպրոց։

“Oui, j’ai mal à la tête” («Այո՛, գլուխս ցավում է»),-ասաց աղջիկն ուրախությամբ, կարծես թե հենց նոր սկսեց ցավել։  

Լանդեմորը և իր ամուսինը դուստրերին երեք լեզու էին սովորեցնում։ Մայրիկի, երբեմն էլ միմյանց հետ, նրանք ֆրանսերեն էին խոսում, Սերբիայում մեծացած հայրիկի հետ՝ սերբերեն, իսկ մնացած բոլորի հետ անգլերեն էին խոսում։ Տանը Ջելական սպասում էր ընտանեկան ընթրիքին՝ համեղ նրբաբլիթներին (այն, որ սերբը, ոչ թե ֆրանսուհին, համեղ նրբաբլիթներ պատրաստելու ընդունակություն ունի, անակնկալ էր): 

Մեկ ժամ ու կեսից նրանց ընտանիքը հավաքվեց սեղանի շուրջը, ինչպես և անում են ամեն երեկո՝ պատմելով իրենց օրվա լավագույն և վատագույն պահերի մասին, խոսելով անցած մի քանի ժամվա անհատական առաջընթացի մասին։ Հետո ավարտում են իրենց ընթրիքը, հագնում բաճկոնները և ևս մեկ անգամ գնում դեպի դրսի աշխարհն ու խավար գիշերը։ 

Բնօրինակի հեղինակ՝ Nathan Heller, The New Yorker


Թարգմանիչ՝  Ռուզաննա Բարակոզյան  (Ruzanna Barakozyan), խմբագիր՝ Գևորգ Գասպարյան (Gevorg Gasparyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: