Փիթեր Հիգսն այժմյան գիտական համակարգի մասին

«Այժմյան գիտական համակարգում ես բավարար արդյունավետությամբ չէի աշխատի».  Փիթեր Հիգս  

Ֆիզիկոսը կասկածում է, որ ներկայումս հնարավոր են այնպիսի աշխատանքներ, ինչպիսն էր Հիգսի բոզոնի հայտնագործումը, քանի որ գիտնականներից ակնկալում են «զեկույցների մեծ քանակություն»: 

Բրիտանացի ֆիզիկոս Փիթեր Հիգսը, ում անվամբ կոչված է Հիգսի բոզոնը (Higgs boson), կարծում է՝ ոչ մի համալսարան իրեն աշխատանքի չէր ընդունի այժմյան գիտական համակարգում, քանի որ  իր աշխատանքը բավականին արդյունավետ չէր համարվի:

Էդինբուրգի համալսարանի վաստակավոր պրոֆեսորը, ով ասում է, որ երբեք էլեկտրոնային նամակ չի ուղարկել, չի մտել համացանց կամ նույնիսկ զանգ չի կատարել բջջայինով, 1964թ.-ին իր նորարարական աշխատանքից հետո, որում բացահայտել էր ենթաատոմային նյութի զանգված ստանալու մեխանիզմը, հրապարակել է առնվազն 10 գիտական հոդված:

Նա կասկածում է, որ հնարավոր է նմանատիպ առաջընթացի հասնել այժմյան գիտական ասպարեզում, քանի որ գիտնականներից ակնկալում են և՛ համագործակցություն, և՛ շարունակական հոդվածների հրապարակում:

«Դժվար է պատկերացնել՝  արդյոք ներկայիս պայմաններում ես կունենայի բավարար խաղաղություն և հանգստություն անելու այն, ինչ ինձ հաջողվեց 1964թ.-ին»,-ասում է պրոֆեսորը: 

84-ամյա Հիգսը, խոսելով «The Guardian»-ի թղթակցի հետ Ստոկհոլմի ճանապարհին, ուր  գնում էր 2013թ. գիտության համար տրվող Նոբելյան մրցանակ ստանալու,  ասաց, որ ինքը հաստատ աշխատանքից ազատված կլիներ, եթե 1980թ.-ին չառաջադրվեր Նոբելյան մրցանակի:

Նա հետագայում իմացել է, որ Էդինբուրգի համալսարանի ղեկավարությունը այսպիսի մտադրություն է ունեցել. «Եթե չստանա Նոբելյան մրցանակը, ապա մենք ամեն պահի կարող ենք ազատվել նրանից»:

Հիգսը նշում է, որ ինքը դարձել էր «բաժնի պատուհասը», երբ նրանք կատարում էին  հետազոտությունների գնահատման աշխատանքներ: Բաժանմունքին հաղորդագրություն էր ուղարկվել․ «Խնդրում ենք ուղարկել Ձեր վերջին հրապարակումների ցանկը»:  Ի պատասխան այս նամակին՝ Հիգսը նշում է, որ չունի ոչ մի հրապարակում:

1996թ.-ին՝ թոշակի անցնելուց հետո, Հիգսը արդեն չէր հարմարվում նոր գիտական մշակույթին: «Թոշակի անցնելուց հետո բավականին երկար ժամանակ պահանջվեց, մինչև  վերադարձա աշխատանքիս: Կարծում էի` անկախ դրանից, ամեն բան լավ կլինի: Դա այլևս գործելու իմ նախընտրելի ձևը չէր: Այսօր ես չէի կարողանա գիտական աշխատանք ունենալ: Շատ պարզ է, չեմ կարծում, որ այսօր իմ գործունեությունը կհամարվեր բավարար արդյունավետ»:

Հիգսը բացատրեց, որ 1960-ական և 1970-ական թվականներին իր  աշխատանքը վտանգված է եղել նաև իր և Էդինբուրգի համալսարանի նախկին փոխռեկտոր և հետագայում «ԲիԲիՍի»-ի տնօրեն Մայքլ Սուանի միջև եղած տարաձայնությունների պատճառով: Հիգսը չէր ընդունում Սուանի՝ ուսանողական բողոքների ճնշումը, և դեմ էր  ռասսայական խտրականության ռեժիմի պայմաններում Հարավաֆրիկյան կազմակերպությունների՝ համալսարանում բաժնեմաս ունենալուն: «Սուանը չհասկացավ խնդիրները և մեղադրեց ուսանող առաջնորդներին»,-ասում էր Հիգսը:

Պրոֆեսորը զղջում է, որ իր կողմից հայտնագործած մասնիկը հայտնի դարձավ «Աստծո մասնիկ» անունով:

«Որոշ մարդիկ շփոթում են գիտությունն ու աստվածաբանությունը: Նրանք պնդում են, որ Միջուկային հետազոտությունների եվրոպական խորհրդում (Cern) կատարվածը ապացուցում է Աստծո գոյությունը»,-ասաց նա: 

10 տարեկանից լինելով աթեիստ՝ նա խորշում է այս խոսքից. «Սխալ մտածելակերպն ամրապնդվում է այն մարդկանց մոտ, ովքեր արդեն սխալ կերպ են մտածում: Եթե նրանք հավատում են 7 օրում աշխարհի արարման այդ պատմությանը,  ապա կարո՞ղ են խելամիտ լինել»:

Հիգսը նաև հայտնեց, որ 1999թ.-ին հրաժարվել է թագուհու կողմից տրվող ասպետի տիտղոսից. «Անկեղծ ասած, ես բավականին թերահավատ վերաբերմունք ունեմ պարգևատրման համակարգի հանդեպ: Պարգևատրումների այդ ամբողջ համակարգն իշխանություններն օգտագործում են  քաղաքական նկատառումներով»:

Հիգսը  դեռ չի որոշել, թե ինչպես կքվեարկի Շոտլանդիայի անկախության հանրաքվեին:

«Իմ դիրքորոշումը որոշակիորեն կախված կլինի Պահպանողական կուսակցության հետագա քայլերից, որը փորձում է դուրս հանել մեր երկիրը Եվրոպայից: Եթե Միացյալ Թագավորությունը սպառնում է լքել  Եվրոպան, ես, անշուշտ, կցանկանայի, որ Շոտլանդիան դուրս գար վերջինիս կազմից»:

Հիգսին երբեք չի գայթակղել  հեռուստացույց գնելու գաղափարը, բայց նրան համոզել էին դիտել «Մեծ պայթյունի տեսությունը» սերիալը, որից, սակայն, ինչպես տեղեկացրեց,  տպավորված չի եղել: 

Բնօրինակի հեղինակ՝ Decca Aitkenhead, The Guardian


Թարգմանիչ՝ Ջեմմա Խաչատրյան (Jemma Khachatryan) © Բոլոր Իրավունքները պաշտպանված են:


Ընթերցել նաև Կրթություն խորագրի մյուս նյութերը