«Ինլայթը» ներկայացնում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված հարցազրույցների շարք

Պատմամշակութային ժառանգության հուշարձանները հայ մշակույթի թերևս ամենաքնարական ներկայացուցիչներից են: Խնամքով ընտրված զարդանախշերը, նուրբ ու փխրուն քանդակները, քաղցր գույներն ու ենթադրյալ ջանասիությունն ու հոգատարությունը, որոնց անմիջական ներդրմամբ ստեղծվել են այս բացառիկ անհատականությունները, հուշարձանները դարձրել են իրենց տեսակի մեջ բացառիկ ու շքեղ:

Ոչ մի ավելորդ կամ անիմաստ դետալ. յուրաքանչյուր նախշ, քանդակ ու փորագիր ունի իր կշիռը` որպես տվյալ պատմական շրջանի մշակութային խորհրդանիշ:
Հուշարձանների մասին խոսելիս չենք կարող չառանձնացնել խաչքարագործությունը:  Ամեն մի խաչքար ունի իր յուրահատկությունը, որով Էլ տարբերվում է մյուսներից: Վարպետը ուղղություն է տալիս մուրճին, թելադրում մտքերը քարին և համաշխարհային մշակույթի գանձարանում ապահովում հայկականի տեղը:

«Մեր խաչքարագործները կարծես ասելիք ունեն խաչի միջոցով», -նշում է խաչքարագործ Վարազդատ Համբարձումյանը:
Եվ ինչպես ամեն տարի` սկսած 1983 թվականից (Հայաստանում` 1993 թվականից), այս տարի ևս աշխարհի տարբեր երկրներում նշվում է հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը: «Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդ»-ն ամեն տարի նոր թեմա է առաջարկում այս առթիվ տոնակատարություններ ու միջոցառումներ կազմակերպելու համար: Այս օրվա  կարգախոսն է` «Պահպանե’նք մեր պատմական հայրենիքը»։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված են հետևյալ հայկական հուշահամալիրները` 

  • «Հաղպատի և Սանահինի վանքերը» (1996 թ., 2000թ.),
  • «Էջմիածնի Մայր տաճարը, եկեղեցիները (սբ. Հռիփսիմե, սբ. Գայանե, սբ. Շողակաթ) և Զվարթնոցի տաճարի հնավայրը» (2000թ.),
  • «Գեղարդի վանքը և Ազատ գետի վերին հովիտը» (2000թ.):  
Հայկական պատմամշակութային հարուստ ժառանգության բոլոր կոթողներն էլ հմայիչ են: Մեզ մնում է միայն փայփայել ու փոխանցել սերունդներին:
«Պատմական հուշարձանների ժառանգության նկատմամբ հոգատարության ձևավորումը պետք է սկսել մանկապարտեզից, դպրոցից: Խնդիրը միայն ռադիոյի, հեռուստատեսության և այլ միջոցներով քարոզների մեջ չէ: Պետք է դպրոցահասակ երեխաներին անպայման ճանապարհորդությունների ու արշավների տանել, ցույց տալ, որ պատմական հուշարձանների մոտ պետք չէ աղբ թափել, խաչքարերի վրա մոմ վառել, արձանագրություններն աղավաղել և եկեղեցիների կամ բերդերի պատերի վրա ինչ-որ բաներ փորագրել և այլն:

Երբ գյուղացիներին հարցնում ես` ինչու է պատմական 700-800 տարվա վանքի մոտ նոր գերեզմանոց կառուցվել, զարմանում է. կողքին գերեզմանոց է, ի՞նչ տարբերություն` 1000, թե 10 տարվա:
Մարդկանց գիտակցության մեջ չի մտնում, որ դա պատմական մի շերտ է` իր միջավայրով, որը պետք է պահպանել այնպես, ինչպես եղել և հասել է մեր ժամանակներ»:
-Սասուն Դանիելյան
Հարցազրույցները կարդացեք հաջորդիվ:

Պատրաստեց՝ Աննա Մանուկյանը © Բոլոր իրավունքները պաշտպանված են: