Անցյալի և ներկայի վերագնահատման գործընթացը հայոց ինքնության մեջ

Անցյալի և ներկայի վերագնահատման գործընթացը | Մաս 1

3. «Մենք պետք է կռվենք, և ոչ լաց լինենք …» 

1990թ. Բաքվի հայերի հունվարյան ջարդերից հետո տեղի ունեցան ադրբեջանցի գրոհայինների հարձակումներ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հայ-ադրբեջանական սահմանի զանազան տեղամասերում։ Հայաստանում անմիջապես կազմվեցին կամավորական մարտական ջոկատներ. մարդիկ կռվի էին գնում հին ու նոր որսորդական հրացաններով, զինապահեստներից առգրավված զենքերով։ Գործը հասավ ռազմական ծանր տեխնիկայի օգտագործմամբ իսկական ճակատամարտերի։ Ժողովուրդը զինված ջոկատների մարտիկներին՝ XIX դարավերջի և XX դարասկզբի թուրքական բռնակալության դեմ պարտիզանական բնույթի ազգային-ազատագրական պայքարի ելած մարտիկների նմանողությամբ, որակեց որպես ֆիդայիներ[28] և ընդգծված հարգանքով էր մոտենում նրանց։ Կարելի է ասել, որ այդ դեպքերից հետո էր, որ ժողովրդի գիտակցության մեջ վերջնականապես երրորդական-չորրորդական պլան մղվեց զոհի ինքնապատկերացումը։

Այն փաստը, որ մարդիկ չէին ցանկանում իրենց զգալ որպես ցեղասպանության զոհ, անմիջապես արտահայտություն գտավ ցուցապաստառներում։ Թերևս վերաբերմունքի նման փոփոխության հետևանքով էր, որ 1990թ. ապրիլի 24-ի շուրջ 60 պլակատներում ու տրանսպարանտներում իսպառ բացակայում էին արդարություն պահանջող և խնդրողական երանգ ունեցողները։ Արդեն այն փաստը, որ դրանց 95%-ը հայերեն էր գրված, վկայում էր, որ այդ ցուցապաստառներն ուղղված էին առաջին հերթին հայ ժողովրդին, Հայաստանի քաղաքացիներին։

*

Այսպես, զենքի և պայքարի կոչող ցուցապաստառների թվում այդ օրը արձանագրվեց Մկրտիչ Ա Վանեցի կամ Խրիմյան Հայրիկի (1820-1907)՝ 1893 թվականից Ամենայն հայոց կաթողիկոսի հեղինակությունը ցուցող մեջբերումներով ստեղծված երկու տրանսպարանտ՝ ««… Հոն, ուր զենքն է խոսողը, ուր սուրերը կշողշողան, հոն ինչ գործ ունին խնդիրք և աղերսաթուղթեր»։ Խրիմեան Հայրիկ» (նկ. 206) և ««Ժողովուրդ հայոց. ամենան առաջ քո վրայ դիր, քո խելքին և բազուկն ուժ տուր. մարդ ինքիրմեն պետք է աշխատի, որ փրկվի» Խրիմեան Հայրիկ» (նկ. 207)։ Արդ, ինչու՞ էին ցուցարարները դիմել հենց Խրիմյան Հայրիկին, և ինչպիսի՞ ծագում ունեին տրանսպարանտային տեքստերը։ 

  • Նկ. 206. Դրվագ սգո քայլերթից։ Մարդկանց ձեռքերին են պլակատներ թերևս Գուրգեն Յանիկյանի ու Մկրտիչ Մադարյանի պատկերներով, ինչպես նաև տրանսպարանտներ հետևյալ տեքստերով (ձախից աջ). ա) «Հայերի ցեղասպանությունը ռուս-թուրքական դաշինքի արդյունք է», բ) «Կուզեմ ողջ մնալ միայն ու միայն վրեժխնդրության համար», գ) ««… Հոն, ուր զենքն է խոսողը, ուր սուրերը կշողշողան, հոն ինչ գործ ունին խնդիրք և աղերսաթուղթեր»։ Խրիմեան Հայրիկ»։ Երևան, Բաղրամյանի պողոտա, 24 ապրիլի 1990 թ.։ Լուս.-ը Հ. Մարությանի։
  • Նկ. 207. Դրվագ սգո քայլերթից։ Տրանսպարանտներին գրված է. ա) «Զգու՛յշ, սպիտակ եղեռն է», բ) ««Ժողովուրդ հայոց. ամենան առաջ քո վրայ դիր, քո խելքին և բազուկն ուժ տուր. մարդ ինքիրմեն պետք է աշխատի, որ փրկվի» Խրիմեան Հայրիկ»։ Եղեռնի զոհերի հուշահամալիր, 24 ապրիլի 1990 թ.։ Լուս.-ը Հ. Մարությանի։

Մկրտիչ Խրիմյանը ոչ միայն հոգևոր, այլ նաև՝ թերևս ժամանակի թելադրանքով, հասարակական-քաղաքական, մշակութային գործիչ էր։ Նրա կյանքը անմնացորդ նվիրում եղավ հայրենիքին, նրա մշտական հոգսն էր հարազատ ժողովրդի բարօրությունը։ Երիտասարդական տարիներից Մ. Խրիմյանը ակտիվորեն մասնակցում էր արևմտահայության ազատագրման համար տարվող պայքարի գործին։ Այսպես, նրա ջանքերով են հիմնադրվել «Արծուի Վասպուրական» և «Արծուիկ Տարոնոյ» պարբերականները, Վարագավանքին և Մշո Ս. Կարապետ վանքին կից վարժարանները, նա հեղինակել է մի շարք մեծ ժողովրդականություն վայելող երկեր («Պապիկ եւ թոռնիկ», «Դրախտի ընտանիք» և այլն), որոնք մեծ մասամբ ծրագրային նշանակություն ունեին և խոշոր ազդեցություն են թողել ժամանակի հասարակական մտքի վրա։ 

Մկրտիչ Խրիմյանի գործունեության մեջ նշանակալից իրադարձություն էր մասնակցությունը 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո հրավիրված Բեռլինի կոնգրեսին՝ իբրև հայկական պատվիրակության ղեկավար։ 

Հայկական պատվիրակությունը կոնգրես էր ժամանել Արևմտյան Հայաստանին ինքնավարություն շնորհելու նախագծով, որը, սակայն, չնայած բազմաթիվ խոստումներին, ուշադրության չարժանացավ։ Պատվիրակությանը չթույլատրվեց մասնակցել անգամ հայերին վերաբերող հոդվածները քննարկող նիստերին։ Կ.Պոլիս վերադառնալուց մի քանի օր անց Մ. Խրիմյանը Բեռլինի վեհաժողովի արդյունքները բավականին պատկերավոր ձևով ներկայացնում է Գում-Գաբուի Մայր տաճարում կարդացած իր քարոզում, որտեղ և հնչում են տրանսպարանտներում բերված տեքստերը, դրանց հիմնավորումները։ 

Հնարավորինս ամբողջական պատկերը վերստեղծելու նպատակով բերենք Մ. Խրիմյանի քարոզի հիմնական դրվագները։ 

«Վեհաժողովը բացուեցաւ. աշխարհի մեծ պետութեանց քաղաքագէտ պատգամաւորները շարուեցան կանանչ սփռոցով ծածկուած դիւանագիտական սեղաններուն բոլորտիք, իսկ փոքր և ճնշեալ ազգաց պատգամաւորներս Վեհաժողովէն դուրս կը սպասէինք. Վեհաժողովին մէջտեղը, կանանչ սփռոցով ծածկուած սեղանի մը վրայ, դրուած էր մեծ կաթսայ մը խարիսայ, ուրկից բաժին պիտի ստանային աշխարհիս մեծ ու փոքր ազգերն ու տէրութիւնք։ Ժողովականներէն ոմանք կը քաշէին Արևելք, ոմանք կը քաշէին Արևմուտք և այսպէս երկար վիճաբանելէ յետոյ, սկսան կարգաւ, մի առ մի, ներս կանչել փոքր ազգաց պատգամաւորներ։ Նախ Պուլկար ներս մտաւ, ապա Սերպիացին, Ղարադաղցին, որոց կողերէն կախուած սուրերու չաքուրչուքոց գրաւեց ժողովականներու ուշադրութիւնը։ Բաւական խօսելէ յետոյ, այս երեք պատգամաւորները քաշեցին իրենց սուրերը եւ իբրեւ երկաթեայ շերեփ խոթելով խարիսայի կաթսային մէջ, իրենց բաժին խարիսան առին և հպարտ ու համարձակ հեռացան։ Կարգն եկաւ Հայոց պատգամաւորին. ես մօտեցայ և Ազգային Ժողովին կողմից ձեռքս տրուած աղերսաթուղթը ներկայացուցի և աղաչեցի, որ իմ ամանս ալ լնուն խարիսայ։ Յանժամ կաթսային գլուխ սպասող մեծաւորները ինձ հարցուցին. «Ու՞ր է քո երկաթեայ շերեփը, յիրաւի հոս խարիսայ կը բաժնուի, բայց երկաթեայ շերեփ չ’ունեցողն չէ կարող անոր մօտենալ, զայս իմացի՛ր, որ եթէ մօտ ատենէն այս խարիսան կրկին բաժնուի յայնժամ առանց շերեփի չը գաս, զի պարապ յետ կը դառնաս»։ Է՛հ, սիրելի ժողովուրդ Հայոց, ես կրնայի՞ խարիսայի կաթսային մէջ խոթել իմ Թուղթէ Շերեփը, որ պիտի թրջուէր և հոն մնար։ Հոն, ուր զենքն է խօսող, ուր սուրերը կը շողշողան, հոն ի՛նչ գործ ունին խնդիրք և աղերսաթուղթեր [ընդգծումն իմն է ” Հ. Մ.]։ 

Եւ յիրաւի տեսայ, որ Ղարադաղցուն, Պուլկարին և այլոց պատուիրակներուն քով կային քանի մի քաջեր, որոց կողերէն կախուած սուրերէն արիւն կը վազէր…։ Յայնժամ դարձուցի երեսս և իբր թէ կը փնտռէի իմ Զեյթունցի, Սասունցի, Շատախցի և այլ լեռնեցի և դաշտեցի քաջերս, պէտք չէ՞ր որ անոնցմէ մէկ երկու հոգի ալ իմ քովս գտնուէին, որ անոնց արիւնոտ սուրերը Վեհաժողովի քաղաքագէտներուն ցուցնելով գոչէի. տեսէ՛ք, ահա՛ իմ երկաթեայ շերեփները, հո՛ս են, պատրա՛ստ։ Բայց աւաղ… միայն աղերսաթուղթ մ’ունէի, որ խարիսային մէջ թրջուեցաւ, և մենք վերադարձանք դատարկաձեռն…

Ժողովուրդ Հայոց, անշուշտ լաւ հասկցաք թէ զէնքը ինչ կրնար գործել եւ կը գործէ, ուրեմն սիրելի և օրհնեալ հայաստանցինե՛ր, գաւառացինե՛ր, երբ Հայրենիք վերադառնալու լինիք ձեր բարեկամաց և ազգականաց իբր պարգև՝ մէկ մէկ զէնք տարէք, զէ՛նք առէք եւ դարձեա՛լ զէ՛նք։ Ժողովու՛րդ, ամենէն առաջ քո ազատութեան յոյսը քո վրայ դիր, քո խելքին եւ բազուկին ու՛ժ տուր, մարդ ինքնիրմէն պէտք է աշխատի որ փրկուի»։[29] 

«Երկաթյա շերեփ»-ի նշանավոր քարոզը կարճ ժամանակում լայն ժողովրդականություն է ձեռք բերում հայոց մեջ, Կ.Պոլսից մինչև ծայրագավառները։ Խրիմյանի այդ պատմական քարոզը դարձավ հայության քաղաքական և ազատագրական որոնումների խանդավառման և ներշնչման գլխավոր աղբյուրներից մեկը, ապագա հույսերի և հավատքի ուժգին ազդակ, ընկալվեց որպես գործելակերպի ելակետային դրույթ, որ հայ ժողովրդին սովորեցնում էր ինքնապաշտպանության հզոր գաղափարի յուրացումը և զենք վերցնելու անմիջական պահանջը։[30]

*

Ազգային-ազատագրական պայքարի զինված փուլի սկզբնավորումը, կանոնավոր բանակի բացակայության պայմաններում այդ պայքարի ֆիդայական երանգների ձեռքբերումը հանգեցրեց նաև XIX դարավերջի և XX դարասկզբի ֆիդայական «մշակույթի» այլ տարրերի վերաարթնացմանը շատ ավելի լայն ծավալներով, քան մինչ այդ էր։ Տվյալ դեպքում խոսքը, մասնավորապես, վերաբերում է ֆիդայական երգերին։[31] Ինչպես և նախկինում, XX դարավերջին ևս դրանց նպատակն էր ոտքի հանել, պայքարի կոչել ժողովրդին՝ իր արժանապատվությունը և հայրենի հողը թշնամական ոտնձգություններից պաշտպանելու համար։ Որոշ երգերի կռվելու և զենքի դիմելու տողերն այնքան համապատասխան էին ստեղծված իրադրությանը, այնքան ամբողջական էին արտահայտում մարդկանց հույզերն ու ցանկությունները, որ դրանց առանձին, առավել բնութագրական տողերը հայտնվեցին ցուցապաստառներին։ Այսպես, «Մենք պէտք է կռուենք»[32] երգի առաջին «Մենք պետք է կռվենք և ոչ լաց լինենք / Ազգի կորուստը զենքով ետ խլենք» երկտողը 1990թ. ապրիլի 24-ին արձանագրվեց վեց տարբեր ցուցապաստառներում։ 

Նկատենք, որ երգի հաջորդ տողերը ևս շատ հայրենաշունչ էին, արդիական հնչողությամբ. «Այսքան դար լացինք, ո՞վ էր լսողը, / Մեզ ի՞նչ շահ բերեց արցունքի ծովը» կամ՝ «Էլ չգանգատվենք և ոչ լաց լինենք, / Կրակված սրտով մեր գործը վարենք. / Անվեհեր քաջին այս է պատկանում ” / Միշտ ազատ մեռնել կռվի լայն դաշտում» կամ «Մոլի և երկչոտ թշնամին թող լա / Երբ հայ քաջի դեմ կռվի դուրս կգա. / Մենք վախեցող չենք սովից, տանջանքից, / Եվ ոչ էլ մահու դաժան գնդակից»։ 

  • Նկ. 26. Լուս.-ը Հ. Մարությանի։
  • Նկ. 208. Պլակատ, որի սև պաստառի վրա պատկերված Մասիսների ստորոտին առկա «Աբովյան ՀՀՇ» մակագրության վարի մասում գրված է. «Մենք պետք է կռվենք և ոչ լաց լինենք / Ազգի կորուստը զենքով ետ խլենք»։ Պլակատի վերին ձախ անկյունում նկարված է թևերը բաց արծիվ, որից կարծես լույս է ճառագում։ Օպերայի հրապարակ, 24 ապրիլի 1990 թ.։ Լուս.-ը Հ. Մարությանի։
  • Նկ. 209. Թիվ 26 և 208 լուսանկարների պլակատների մտածված կամ պատահաբար ստացված համակցումը, ինչը ցուցում է, որ ցեղասպանություններից խուսափելու համար անհրաժեշտ է զենքի դիմել։ Եղեռնի զոհերի հուշահամալիր, 24 ապրիլի 1990 թ.։ Լուս.-ը Հ. Մարությանի։
  • Նկ. 210. Պլակատ «Մենք պետք է կռվենք և ոչ լաց լինենք» տեքստով, որտեղ կռվենք բառի յուրաքանչյուր զույգ տառ գունավորված է հաջորդաբար կարմիրով, կապույտով և նարնջագույնով, այսինքն՝ իրականացված է հայոց եռագույնի գույներով։ Եղեռնի զոհերի հուշահամալիր, 24 ապրիլի 1990 թ.։ Լուս.-ը Հ. Մարությանի։
  • Նկ. 47. Լուս.-ը Հ. Մարությանի։
  • Նկ. 211. Տրանսպարանտներ, դրված Ցեղասպանության հուշահամալիրի երկարավուն հուշապատին (ձախից աջ). ա) «Ով հայ ժողովուրդ, քո միյակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է», բ) «Մենք պետք է կռվենք և ոչ լաց լինենք, ազգի կորուստը զենքով ետ խլենք»։ 24 ապրիլի 1990 թ.։ Լուս.-ը Հ. Մարությանի։

Համառոտ ներկայացնենք խնդրո առարկա ցուցապաստառները։ Դրանցից մեկը գրված էր սև պաստառի վրա պատկերված Մասիսների ստորոտին առկա «Աբովյան ՀՀՇ[33]» մակագրության ներքևի մասում (նկ. 26, 208)։ Պլակատի վերին ձախ անկյունում նկարված էր թևերը բաց արծիվ, որից կարծես լույս էր ճառագում։ Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի տարածքում այս պլակատի առջևից տարվում էր Մեծ եղեռնի 75-ամյակին նվիրված ցեղասպանության հուշահամալիրի զանգվածեղ, մի մասը ծաղկային ձևավորում ունեցող մանրակերտը (մանրամասն նկարագրությունը տե՛ս երկրորդ գլխում), որի ստորին մասում հայության կոտորածների տարեթվերն էին՝ 1896, 1909, 1988, 1990։ Այս երկու պլակատների մտածված կամ պատահաբար ստացված համակցումը (նկ. 26, 209) հենց ցուցում էր, որ ցեղասպանություններից խուսափելու համար անհրաժեշտ է զենքի դիմել։ Մեկ ուրիշ պլակատում (սպիտակ ստվարաթղթի վրա) դիտարկվող երկտողը քառատողի էր վերածված, որի ներքևում պատկերված էր փոքրիկ եռագույնը։ Երրորդում՝ չորս տողի վերածված (նույնպես սպիտակ ստվարաթղթի վրա), մեջբերված էր միայն առաջին տողը, ընդ որում, կռվենք բառի յուրաքանչյուր զույգ տառ հաջորդաբար կարմիրով, կապույտով և նարնջագույնով, այսինքն՝ հայոց եռագույնի գույներով էր իրականացված (նկ. 210)։ Չորրորդում երկտողը սպիտակ տառերով գրված էր երկարավուն կանաչ պաստառի վրա (նկ. 47), իսկ հինգերորդում՝ սպիտակ տառերով կապույտ պաստառի վրա (նկ. 211)։ 

Այսպիսով, շուրջ 80-ամյա վաղեմության հայրենասիրական մեկ երգի բառերի այսքան բազմակի մեջբերումը վկայում է ոչ միայն երգի ստեղծման ժամանակների՝ 1900-ական ու 1980-ական թվականների իրադրությունների նմանության մասին, այլև, իր այժմեական հնչողություն ունենալու շնորհիվ, XX դարասկզբին և դարավերջին ապրող հայ մարդկանց մտածելակերպում նմանությունների առկայության մասին։ 

  • Նկ. 212. Դրվագ սգո քայլերթից։ Տրանսպարանտին գրված է. «Ֆիդայիների հոգու ցոլքով, ինքնապաշտպանության սուրբ իրավունքով, թույլ չենք տա 1915 թ. և Սումգայիթի եղեռնի կրկնությունը։ Արգահատանք բոլոր ժամանակների բարբարոսներին։ Երևանի պետական հանրախանութ»։ Եղեռնի զոհերի հուշահամալիր, 24 ապրիլի 1990 թ.։ Լուս.-ը Հ. Մարությանի։
  • Նկ. 73. Լուս.-ը Հ. Մարությանի։

Ֆիդայական թեմատիկայի ազդեցությամբ էր ստեղծված այդ օրվա մեկ այլ տրանսպարանտ. «Ֆիդայիների հոգու ցոլքով, ինքնապաշտպանության սուրբ իրավունքով, թույլ չենք տա 1915 թ. և Սումգայիթի եղեռնի կրկնությունը։ Արգահատանք բոլոր ժամանակների բարբարոսներին։ Երևանի պետական հանրախանութ» (նկ. 212)։ Երրորդ գլխում հիշատակված է 1988 թ. ապրիլի 24-ին ցուցարարների կողմից տարվող նման բովանդակությամբ մեկ այլ պլակատ՝ «Մենք թույլ չենք տա, որ կրկնվի եղեռնը» (նկ. 73), սակայն որակական տարբերությունն ակնառու է, երբ համեմատում ենք «թույլ չտալու» ձևերը. մի դեպքում այն խոսքով է, երկու տարի անց՝ զենքի դիմելու միջոցով։  

***

Արդար հատուցման նպատակով հայ երիտասարդները զենքի օգնությանն էին դիմում ոչ միայն XIX դարավերջին և XX դարասկզբին[34], այլ նաև 1970-80-ական թթ. «խաղաղ» տարիներին։ Խոսքը վերաբերում է նախ և առաջ Միջին Արևելքի երկրների հայության շրջանում 1970-ական թվականներին կազմավորված տարբեր զինված խմբավորումներին։ 

1975թ. հունվարին տեղի ունեցավ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի[35] ծնունդն ազդարարող վրիժառական զինված պայքարի առաջին գործողությունը։ Հետագա տարիներին զինված պայքարի բիրտ ձևերի հիմնական թիրախներն էին տարբեր երկրների թուրքական ներկայացուցչությունների պատասխանատու աշխատակիցները, թուրքական օդանավային ընկերությունների գրասենյակները, ինչպես նաև այն արտասահմանյան կազմակերպությունները, որոնք ֆինանսական կամ ռազմական օժանդակություն էին տրամադրում թուրքական պետությանը։ Պայքարի այս ուղղության հիմնական նպատակն էր համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել հայոց ցեղասպանության փաստին, ստիպել Թուրքիային ընդունել այն, բարձրացնել բնիկ բնակչությունից դատարկված Արևմտահայաստանի ճակատագրի հարցը։[36]  

Չնայած 1984թ. ի վեր ՀԱՀԳԲ-ն դադարեցրել էր զինված գործողությունները, սակայն 1990թ. ապրիլի 24-ին մի ամբողջ շարք պլակատներ նվիրված էին դրանց նկարագրությանը՝ ասես հիշեցնելով պայքարի զինված եղանակին դիմելու հնարավորության առկայությունը ևս։ Դա, թերևս, պայմանավորված էր պայքարի ռազմական (ֆիդայական) եղանակի առաջին պլան մղվելու հանգամանքով։ Գուցե թե այդ հենքի վրա էր, որ հիշեցին նաև «Սփյուռքի ֆիդայիներին»՝ զինված պայքարի ուղին որդեգրած հայկական կազմակերպությունների անդամներին, այսինքն՝ ժամանակի թելադրանքով էր պայմանավորված 1990թ. ապրիլի 24-ին ԱՍԱԼԱ-ի մարտիկների գործողությունների նկարագրով ցուցապաստառների երևան գալը, որոնք գուցե թե պատրաստել էին այդ կազմակերպության քաղաքական թևի՝ «Հայ ժողովրդային շարժումի» համակիրները կամ ներկայացուցիչները։ 

Այսպես, պլակատներից մեկին գրված էր. «Գուրգեն Յանիկյան [։] Հայ ժողովրդի վրեժխնդրության գնդակը, որն արձակվեց 78-ամյա ծերունու ձեռքով, ծնունդ տվեց Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին», իսկ վերին կեսում Գ. Յանիկյանի դիմանկարն էր (նկ. 213

Նկ. 213. Պլակատ Գ. Յանիկյանի դիմանկարով ու հետևյալ տեքստով. «Գուրգեն Յանիկյան [։] Հայ ժողովրդի վրեժխնդրության գնդակը, որն արձակվեց 78-ամյա ծերունու ձեռքով, ծնունդ տվեց Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին»։ Օպերայի հրապարակ, 24 ապրիլի 1990 թ.։ Լուս.-ը Հ. Մարությանի։

Իրոք, ճարտարագետ և շինարար Գ. Յանիկյանը (1895-1984), ում ՀԱՀԳԲ-ը հետագայում համարում էր իր հոգևոր հայրը, 1973թ. հունվարի 27-ին գնդակահարում է Լոս Անջելեսի թուրք հյուպատոսին և նրա օգնականին։ Դրան հաջորդող դատավարության ժամանակ Գ. Յանիկյանը պատմում է, որ ինքը տասնամյակներ շարունակ չէր կարողանում մոռանալ իր «եղբորը վզին խողխողումը թուրքերուն կողմե, գլուխը մարմնեն անջատելով»,[37] Կարսի հայկական եկեղեցու ներսում և բակում նա տեսել էր 3000-ից ավելի խոշտանգված, այրված մարմիններ, և այդ օրից վրեժն է եղել նրա գլխավոր նպատակը։ Հենց այդ արդար հատուցման պարտքի գիտակցումը դարձավ Գուրգեն Յանիկյանի ուղեկիցը նրա ողջ կյանքի ընթացքում։[38] 

Գ. Յանիկյանի դատավարության ժամանակվա դատախազը հետագայում գրել էր, թե «Յանիկյանը ցանկանում էր իր դատավարությունը դարձնել Հայկական Նյուրնբերգի նախաքայլը, քանի որ Թուրքիայի իշխանությունները չեն ընդունում Հայոց ցեղասպանությունը»։[39]

Եվ իրոք, հայկական Նյուրնբերգը կայացավ, սակայն այն, հանձին ՀԱՀԳԲ-ի գործողությունների, սկզբունքային հարցերում հար և նման էր իր նախորդին՝ 1920-ական թվականների հայկական Նյուրնբերգին։  

Այսպես, դիտարկվող շարքի պլակատներից երկուսին գրված էր՝ «Զոհրապ Սարգսյան [։] 1982 թ. օգոստոսի 7-ին Անկարայի օդակայանի պատմական «Կարին» գործողության ղեկավար» (նկ. 114) և «Կախաղանեն խնդուկ ձայնով գոչեցի ես՝ «Ա՜խ, Հայաստան» Լևոն Է[ք]մեքչյան [։] 1982 թ. օգոստոսի 7-ին Անկարայի օդակայանի պատմական «Կարին» գործողության [չի կարդացվում]» (նկ. 214), ինչպես նաև պատկերված էին Զոհրապի և Լևոնի դիմանկարները։ 

  • Նկ. 114. Լուս.-ը Հ. Մարությանի։
  • Նկ. 214. Դրվագ սգո քայլերթից։ Պլակատներից մեկը Գ. Յանիկյանի դիմանկարով է ու հետևյալ տեքստով. «Գուրգեն Յանիկյան [։] Հայ ժողովրդի վրեժխնդրության գնդակը, որն արձակվեց 78-ամյա ծերունու ձեռքով, ծնունդ տվեց Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին»։ Մյուս պլակատին պատկերված է Լևոն Էքմեքչյանը ու գրված է. «Կախաղանեն խնդուկ ձայնով գոչեցի ես՝ «Ա՜խ, Հայաստան» Լևոն Է[ք]մեքչյան [։] 1982 թ. օգոստոսի 7-ին Անկարայի օդակայանի պատմական «Կարին» գործողության [չի կարդացվում]»։ Եղեռնի զոհերի հուշահամալիր, 24 ապրիլի 1990 թ.։ Լուս.-ը Հ. Մարությանի։

Խոսքը վերաբերում է Անկարայի Էսենբողա օդանավակայանի վրա իրականացված «անձնասպանական» բնույթի հարձակմանը, որի ժամանակ սպանվեց 10 և վիրավորվեց 62 մարդ։ Օդանավակայանի ավելի քան չորս ժամ տևած գրավման վերջում, երբ գործողությունն իրականացնող մարտիկները սպառել էին իրենց ողջ զինամթերքը, Զոհրապը վերջին նռնակով ինքնասպան է լինում, իսկ ուշագնաց Լևոնը ծանր վիրավոր ընկնում է թուրքերի ձեռքը, հինգ ամիս բանտում «ֆիզիքական եւ հոգեկան տանջանքներուն ենթարկուելէ յետոյ, ան կախաղան կը բարձրացուէր Անգարայի Մամաք սպանդանոց-բանտին մէջ՝ մահէն անցնելով անմահութեան»։[40]

Ի պատիվ Թուրքիայի տարածքում տեղ գտած այս գործողության և նրա զոհ հայ մարտիկների, օգոստոսի 7-ը հայտարարվեց «Հայկական նորագույն ազատագրական պայքարի նահատակների օր»։   

Այս շարքի պլակատներից մեկ ուրիշին գրված էր՝ «Ես զավակն եմ ձեր, ինձ մի մոռացեք Մկրտիչ Մադարյան [։] 1983 թ. հունիսի 16-ին Ստամբուլում հարձակվեց զինվորական ջոկատի վրա իր իսկ ձեռնառումբով իր հետ վերացրեց 17 բարձրաստիճան գեներալներ և զինվորներ» և կար Մկրտիչի դիմանկարը (նկ. 215)։[41] Դիտարկվող շարքն ամբողջանում էր արդար վրեժի կոչող «Կուզեմ ողջ մնալ միայն ու միայն վրեժխնդրության համար» տրանսպարանտով (նկ. 216, 217)։ Ղարաբաղյան շարժման տարիներին ուղղակիորեն վրեժի կոչող ևս մեկ ցուցապաստառ հանդիպել է կրկին 1990թ. ապրիլի 24-ին՝ «Արյան դեմ արյուն») (որը, մեր կարծիքով, «Ակն ընդ ական և ատամն ընդ ատաման» հայտնի հինկտակարանային բանաձևի[42] «մեջբերումային» մտածողության միջոցով ձևափոխված տարբերակ է) ձևակերպմամբ։ 

  • Նկ. 215. Պլակատ Մկրտիչ Մադարյանի պատկերով ու հետևյալ տեքստով. «Ես զավակն եմ ձեր, ինձ մի մոռացեք Մկրտիչ Մադարյան [։] 1983 թ. հունիսի 16-ին Ստամբուլում հարձակվեց զինվորական ջոկատի վրա իր իսկ ձեռնառումբով իր հետ վերացրեց 17 բարձրաստիճան գեներալներ և զինվորներ»։ Մյուս պլակատին Գ. Յանիկյանի դիմանկարն է ու հետևյալ տեքստը. «Գուրգեն Յանիկյան [։] Հայ ժողովրդի վրեժխնդրության գնդակը, որն արձակվեց 78-ամյա ծերունու ձեռքով, ծնունդ տվեց Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին»։ Օպերայի հրապարակ, 24 ապրիլի 1990 թ.։ Լուս.-ը Հ. Մարությանի։
  • Նկ. 216. Դրվագ հանրահավաքից։ Տրանսպարանտին գրված է. «Կուզեմ ողջ մնալ միայն ու միայն վրեժխնդրության համար»։ Օպերայի հրապարակ, 24 ապրիլի 1990 թ.։ Լուս.-ը Հ. Մարությանի։
  • Նկ. 217. Ցեղասպանության հուշահամալիրի երկարավուն հուշապատին դրված տրանսպարանտներ, ծաղկեպսակներ և պլակատներ։ Վերջիններս նվիրված են Գուրգեն Յանիկյանին, Զոհրապ Սարգսյանին, Լևոն Էքմեքչյանին, Մկրտիչ Մադարյանին։ Տես նաև թիվ 110, 211-213 լուսանկարների բացատրագրերը։ 25 ապրիլի 1990 թ.։ Լուս.-ը Հ. Մարությանի։

*

Ընդհանուր առմամբ, Ղարաբաղյան շարժման տարիներին մերժվում էր հարցերը «վրեժ հանելու» ճանապարհով լուծելու քաղաքականությունը։[43] Փոխարենը առաջ էր քաշվում հայության նկատմամբ իրականացված անարդարությունների համար հատուցման, պատասխանատվությունից խուսափելու անհնարինության գաղափարը։

  • Նկ. 218. Դրվագ սգո քայլերթից։ Ձախակողմյան պլակատին գրված է «Խոնարհում և փառք սուրբ նահատակին[։] Տորոզյան Էդիկ Վարդանի նահատակված 1989 թ. օգոստոսի 8 սեփական ռումբի փորձարկումից» ու Է. Տորոզյանի լուսանկարն է։ Աջակողմյան տրանսպարանտին գրված է. «Ցեղասպանությունը շարունակվում է խորհրդային գերության մեջ»։ Եղեռնի զոհերի հուշահամալիր, 24 ապրիլի 1990 թ.։ Լուս.-ը Հ. Մարությանի։
  • Նկ. 219. Տրանսպարանտներ, դրված Ցեղասպանության հուշահամալիրի երկարավուն հուշապատին (ձախից աջ). ա) «Պահանջում ենք չեղյալ համարել 1921 թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագիրը», բ) «Կրեմլ – ցեղասպանների ակադեմիա», գ) «Գարշելի ցեղասպաններ շուտով կզգաք հայ բազկի ուժը»։ 24 ապրիլի 1990 թ.։ Լուս.-ը Հ. Մարությանի։
  • Նկ. 220. Դրվագ սգո քայլերթից։ Ձախակողմյան պլակատին սև պաստառի վրա պատկերված Մասիսների ստորոտին առկա «Աբովյան ՀՀՇ» մակագրության վարի մասում գրված է. «Մենք պետք է կռվենք և ոչ լաց լինենք / Ազգի կորուստը զենքով ետ խլենք»։ Աջակողմյան պլակատում առաջ է քաշվում Ռուսաստանի և Թուրքիայի դաշինքից տուժած հայության համար հատուցման պահանջը՝ «Արյունոտ դաշինքը պետք է հատուցի»։ Եղեռնի զոհերի հուշահամալիր, 24 ապրիլի 1990 թ.։ Լուս.-ը Հ. Մարությանի։

Այսպես, շարունակելով 1989թ. ապրիլյան և հոկտեմբերյան վերը դիտարկված տրանսպարանտների տրամաբանությունը, 1990 թ. ապրիլքսանչորսյան ցուցապաստառներում վերստին փաստվում էր, որ «Ցեղասպանությունը շարունակվում է խորհրդային գերության մեջ» (նկ. 218)։ Կրկին անդրադարձ էր կատարվում Հայաստանի առաջին Հանրապետության տարածքների շուրջ կեսն արժեցող Մոսկովյան պայմանագրին՝ «Պահանջում ենք չեղյալ համարել 1921 թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագիրը» (նկ. 219) և որպես խնդրի լուծում առաջ էր քաշվում Ռուսաստանի և Թուրքիայի դաշինքից տուժած հայության համար հատուցման պահանջը՝ «Արյունոտ դաշինքը պետք է հատուցի» (նկ. 220)։ Նշվում էր նաև հատուցման թերևս ողջ հայության համար համընդունելի ձևը՝ «Ցեղասպանութեան հատուցումը մեր հողերի վերադարձն է» (նկ. 47)։ Հիշենք, որ 1988 թ. ապրիլին «հողերի» գաղափարը առաջ էր քաշվում «Մեծ եղեռնի զոհերի հիշատակի հարգման» ենթատեքստում (տե՛ս գլուխ երկրորդ)։ Ակնարկվում էր նաև հատուցման մեկ այլ հնարավոր տարբերակի մասին։ Այսպես, Կենտրոնին միանգամայն նոր որակում տալով՝ «Կրեմլ – ցեղասպանների ակադեմիա», զգուշացվում էր՝ «Գարշելի ցեղասպաններ շուտով կզգաք հայ բազկի ուժը» (նկ. 219

***

Եվ կրկին շեշտենք, որ 1990թ. ապրիլի 24-ի ցուցապաստառների հիմնական թեման պայքարի գաղափարն էր։ Կարծես փորձելով արդարացնել, թե ինչու են պայքարի կոչեր արվում Եղեռնի զոհերի հիշատակի օրը, տրանսպարանտներում հնչում էր այն միտքը, որ «Հայ նահատակների ոգին կոչում է պայքարի» (նկ. 182, 221)։ Նկատենք, որ եթե 1988 թ. «Նահատակները հրամայում են» տրանսպարանտով (տե՛ս գլուխ երկրորդ) կոչ էր արվում հիշել, չմոռանալ ցեղասպանության անմեղ զոհերին, ապա երկու տարի անց նահատակները արդեն ցուցում էին պայքարի անհրաժեշտությունը։ Անբեկանելի համոզմունքի ձևով էին հնչում տրանսպարանտային ձևակերպումներ ունեցող «Հարատևում է պայքարող ժողովուրդը» (նկ. 222) և «Ազգի պայքարը արյամբ չեք խեղդի» ուղենիշային գաղափարները։ 

  • Նկ. 182. Լուս.-ը Հ. Մարությանի։
  • Նկ. 221. Դրվագ սգո քայլերթից։ Տրանսպարանտներին գրված է. ա) «1988-90 թթ. հայերի ցեղասպանությունը Կենտրոնի գործն է», բ) «Հայ նահատակների ոգին կոչում է պայքարի»։ Եղեռնի զոհերի հուշահամալիր, 24 ապրիլի 1990 թ.։ Լուս.-ը Հ. Մարությանի։
  • Նկ. 222. Դրվագ սգո քայլերթից։ Տրանսպարանտներին (ձախից աջ) գրված է. ա) «Հարատևում է պայքարող ժողովուրդը», բ) «Վան… Բիթլիս… Էրզրում… 1915 Ван… Битлис… Эрзерум… 75 – Մեծ Եղեռն – Սումգայիթ… Գանձակ… Բաքու… 1990 Сумгаит… Гандзак… Баку…»։ Եղեռնի զոհերի հուշահամալիր, 24 ապրիլի 1990 թ.։ Լուս.-ը Հ. Մարությանի։

1990թ. ապրիլի 24-ի խորհուրդը լավագույնս բնորոշող բանաձևը սակայն, անկախության պայքարի նվիրյալ, նախիջևանյան սահմանային կռիվներում նահատակված աիմական Մովսես Գորգիսյանի պատգամի բնույթ ունեցող, հայերեն և անգլերեն տարբերակներով ասույթն էր՝ «Սուգը հավերժ է, երբ պայքար չկա» (նկ. 223-225), «Sorrow Is Forever, If There Is No Struggle» (նկ. 226

  • Նկ. 223. Դրվագ սգո քայլերթից։ Մարդկանց ձեռքին «Սուգը հավերժ է, երբ պայքար չկա» բովանդակությամբ տրանսպարանտ է։ Եղեռնի զոհերի հուշահամալիր, 24 ապրիլի 1990 թ.։ Լուս.-ը Հ. Մարությանի։
  • Նկ. 224. Տրանսպարանտներ, դրված Ցեղասպանության հուշահամալիրի երկարավուն հուշապատին (ձախից աջ). ա) «Մենք պետք է կռվենք և ոչ լաց լինենք / Ազգի կորուստը զենքով ետ խլենք», բ) «Սիրելի Էդիկ. մեր ազգային վերածննդի առաջին ֆիդայի և առաջին նահատակ. երդվում ենք, որ կշարունակենք քո և քո ընկերների սկսած պայքարը»։ Առջևի պլանում «Սուգը հավերժ է, երբ պայքար չկա» բովանդակությամբ տրանսպարանտ է։ 24 ապրիլի 1990 թ.։ Լուս.-ը Հ. Մարությանի։
  • Նկ. 225. Դրվագ սգո հանրահավաքից։ Տրանսպարանտներին (ձախից աջ) գրված է. ա) «Սուգը հավերժ է, երբ պայքար չկա», բ) «Հայերի ցեղասպանությունը շարունակվում է առ այսօր»։ Լոս-Անջելես, Մոնտեբելլոյում տեղադրված Եղեռնի զոհերին նվիրված հուշարձանի մերձակայք, 24 ապրիլի 1991 թ.։ Լուս.-ը Հ. Մարությանի։
  • Նկ. 226. Դրվագ սգո քայլերթից։ Տրանսպարանտին գրված է. «Sorrow is forever if there is no struggle»։ Եղեռնի զոհերի հուշահամալիր, 24 ապրիլի 1990 թ.։ Լուս.-ը Հ. Մարությանի։

Հղումներ

  1. Ստորև դիտարկվող հարցերի մասին տե՛ս նաև Յ. Մարութեան, «Մենք պետք է կռուենք, եւ ոչ լաց լինենք…». անցեալի եւ ներկայի վերագնահատման գործընթացը Ղարաբաղեան շարժման համատեքստում. – Հանդէս Ամսօրեայ, 2003, էջ 411-468։
  2. Բնագրում շեշտադրում ունի միայն «զարթի՛ր» բառը։ Տե՛ս. Հայ ժողովրդական ռազմի և զինվորի երգեր (աշխատասիրությամբ Ա. Ս. Ղազիյանի), Երևան, 1989, էջ 146-148։
  3. Թերևս պատահական չէ, որ նորագույն ժամանակների ֆիդայական առաջին ջոկատներից մեկը կոչվում էր «Արաբո»։
  4. Տե՛ս. Հայ ժողովրդական ռազմի և զինվորի երգեր, էջ 33, 34, 146-148, 302, 303։
  5. Հմմտ. «Համոզված ենք, որ միայն զենքով կա հային փրկություն» տողի հետ «Մենք անկեղծ զինվոր ենք առանձին վիճակ» դեռևս 70 տարի առաջ լայն տարածում ունեցող երգից։ Տե՛ս. Հայ ժողովրդական ռազմի և զինվորի երգեր, էջ 116, 292։  
  6. Հմմտ. Կանչ, նոյեմբեր 1992, թիվ 1։ 
  7. Մանրամասն տե՛ս Գարեգին Նժդեհ, Հատընտիր, Երևան, 2001։ Տե՛ս նաև Վարդան Աթոյան, Գարեգին Նժդեհի ուսմունքը և դրա արդիականությունը, Երևան, 2007։
  8. Տե՛ս Գարեգին Նժդեհ, Ինչու՞ ստեղծվեց Ցեղակրոն շարժումը. – Գարեգին Նժդեհ, Հատընտիր, էջ 313։
  9. Նույն տեղում, էջ 315։
  10. Գարեգին Նժդեհ, Ցեղակրօնութիւնն իբր յաղթանակի զօրոյթ. – Գարեգին Նժդեհ, Հատընտիր, էջ 316։
  11. Տե՛ս Հր. Աճառյան, Հայոց անձնանունների բառարան, հատոր Գ, Երևան, 1946, էջ 271։ Ինչպես նկատել է Է. Սմիթը մարտիրոսության երևույթին անդրադառնալիս, «իրական ազգայնականի համար հերոսը դա մարտիրոսն էր, որը զոհաբերում էր իր կյանքը հանուն ազգի և նախնիների հայրենիքի և մահվամբ սրբագործում է այս երկու երևույթները»։ Տես. Anthony D. Smith. Myths and Memories of the Nation, p. 154. Հմմտ. Rubina Peroomian, Literary Responses to Catastrophe: A Comparison of the Armenian and the Jewish Experience. Atlanta, Georgia: Scholars Press, 1993, էջ 27-47։ Մանրամասնորեն քննարկելով մարտիրոսության կոնցեպցիայի ծագումն ու զարգացումները, Ռ. Փիրումյանը նկատում է (էջ 47), որ հայ գրականության մեջ XVIII դարից սկսած Վերածննդի շրջանի հեղինակները նորովի սկսեցին մեկնաբանել մարտիրոսության գաղափարները, ինչը նաև ապտակ էր պատմության ավանդական բացատրություններին։ Մարտիրոսության կրոնական հիմնավորումները արդեն իսկ աշխարհականացվել էին միջնադարյան հայ մտածողների կողմից, իսկ Վերածննդի շրջանի գործիչները դրան հաղորդեցին քաղաքական ենթատեքստ։ Մարտիրոսությունը, նրանց համոզմամբ, գործիք էր քաղաքական նպատակների հասնելու համար, միանգամայն արժանի զոհաբերություն հանուն հայրենիքի ազատագրության։
  12. Տե՛ս Դավիթ Հովհաննես, Աղետի գոտի։ Բանաստեղծություններ, Երևան, 1989, էջ 16-17։ 
  13. Ազգային միացյալ կուսակցությունը (ԱՄԿ) ստեղծվել է 1966 թ. ապրիլի 24-ին, իսկ մեկ տարի անց կազմվել են ԱՄԿ-ի ծրագիրը և կանոնադրությունը։ 1974 թ. ծրագիրը վերախմբագրվել է, սակայն հիմնական հարցերում այն մնացել է նույնը։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է գլխավոր նպատակներին, այն է՝ Հայկական հարցի լուծումը Հայաստանի անկախացման, տարածական վերամիավորման և մայր հայրենիքում աշխարհասփյուռ հայության համախմբման ճանապարհով։ 1987 թ. հոկտեմբերին ԱՄԿ-ն վերանվանվել է Ազգային ինքնորոշում միավորման (ԱԻՄ)։ Մանրամասն տե՛ս Պարույր Հայրիկյան, Ազգային միացյալ կուսակցություն. ծրագիր-կանոնադրություն և պարագայք, Երևան, 1991։
  14. Տե՛ս. Հայ ժողովրդի պատմություն, հ. VI, Երևան, 1981, էջ 284-285։ Տե՛ս նաև Հրաչիկ Սիմոնյան, Անդրանիկը և նրա ժամանակը, Երևան, 1996, գիրք Ա, էջ 465։
  15. Տե՛ս Արսէն Ա. Կէօրկիզեան, Վասպուրականի հերոսամարտը. 1915 ապրիլ 7 – 1915 մայիս 7, Պէյրութ, 1965։ Վան-Վասպուրականի հերոսամարտը-75 (կազմող՝ Հ. Դ. Փափազյան), Երևան, 1990։ Հ. Մարության, Վանի 1915 թ. հերոսամարտը. 80 տարի առաջ Վանի հայությունը վերջին անգամ բռնեց գաղթի ճամփան. – Այժմ, 20-26 մայիսի 1998 թ., թիվ 18 (112), էջ 6։ 
  16. Շուրջ 300 հազարանոց զորքին տրված նահանջի հրամանը ռուսական Կովկասյան բանակի հրամանատարությունը հետագայում պատճառաբանում էր նրանով, որ իբր թուրքերը զինվորական մեծ ուժերով բռունցք էին ստեղծել և պատրաստվում էին վճռական հակահարձակման։ Նահանջի այդ հրամանը զորավար Անդրանիկը համարեց «կատարեալ կեղծիք մը», դավաճանություն և հայության համար կործանարար։ Տե՛ս Հրաչիկ Սիմոնյան, Անդրանիկը և նրա ժամանակը, գիրք Ա, էջ 463-465։
  17. Թուրքերից գրաված Բիթլիսում ազատվեցին միայն 200-ի չափ հայ կանայք և երեխաներ. տղամարդիկ չկային, քանի որ նրանցից ոչ ոք քաղաքում կենդանի չէր մնացել։ …Մշո դաշտի ողջ հայությունը զոհվել էր քուրդ խուժանի ձեռքով։ Տե՛ս Հրաչիկ Սիմոնյան, Անդրանիկը և նրա ժամանակը, գիրք Ա, էջ 508, 515, 516։ 
  18. Ցարական իշխանությունները տագնապում էին այն բանից, որ հայկական կամավորական զորամասերը կարող են ինքնուրույն բանակի կերպարանք ստանալ։ …Կազմվում էին հայ զինվորներով և հայ հրամանատարներով զուտ հայկական գնդեր, բայց դրանք լինելու էին ռուսական զորքեր, ռուսական բանակի անբաժան մասեր, որոնք իրենց իրավունքներով ու պարտականություններով ոչնչով չէին տարբերվելու ռուսական բանակի մյուս զինվորական միավորներից։ Տե՛ս Հրաչիկ Սիմոնյան, Անդրանիկը և նրա ժամանակը, գիրք Ա, էջ 523։ Այդպիսով, Սիմոն Վրացյանի գնահատմամբ, «հայ կամավորական շարժումը վերջացած պետք է համարել»։
  19. 1916 թ. աշնանը, մեծ իշխան Նիկոլայ Նիկոլաևիչի հրամանով իշխանությունները գործնական քայլերի դիմեցին Արևմտահայաստանի ռուսականացումը արագացնելու համար։ Ալաշկերտի հովտում արդեն սկսվել էր ռուսական գյուղերի կառուցումը, որտեղ առաջին հերթին բնակություն էին հաստատելու 50 հազար կազակներ։ Արևմտահայաստանի գրավված վայրերում ամենուրեք մտցվում է ռուսական վարչություն։ Ասիական Թուրքիայում Համաձայնության տերությունների ազդեցության ոլորտների ընդունած փաստաթղթերում Հայաստանի մասին ոչ մի խոսք չկար։ Տե՛ս Հրաչիկ Սիմոնյան, Անդրանիկը և նրա ժամանակը, գիրք Ա, էջ 525-527։
  20. Ռուբինա Փիրումեան, Հայ Դատ. տասնմէկերորդ դասարան (դասագիրք), Լոս Անճելըս, 1994, էջ 38, 39։ Տե՛ս նաև Եր. Փամպուքեան, Ապրիլեան եղեռնը. ” Արշաւիր Շիրակեան, Կտակն էր նահատակներուն, էջ 45, 67։ Ռաֆայել Իշխանյան, Մեծ եղեռնի դասերը. – Ալբերտ Փարսադանյան, Թղթապանակ՝ 1915, Երևան, 2005, էջ 176-179։ Հմմտ. Հրաչիկ Սիմոնյան, Անդրանիկը և նրա ժամանակը, գիրք Ա, էջ 479-481, 487, 492-494, 511։
  21. Մանրամասն տե՛ս Ռուբեն Խուրշուդյան, Եղեռնը և բոլշևիզմը. – Հայոց ցեղասպանություն. պատճառներ և դասեր, Երևան, Ազգային հարցի և գենոցիդի ուսումնասիրման կենտրոն, 1995, մաս 3, էջ 30, 31։
  22. Տե՛ս Ռ. Խուրշուդյան, նշվ. աշխ., էջ 34։ Մանրամասն տե՛ս Հր. Ռ. Սիմոնյան, Թուրք-հայկական հարաբերությունների պատմությունից, Երևան, 1991, էջ 369-415։ Է. Ա. Զոհրաբյան, 1920 թ. թուրք-հայկական պատերազմը և տերությունները։ Զենքով ու զինամթերքով աջակցությունն շարունակվեց նաև 1921 թ.։ Այս մասին տե՛ս Д. Е. Еремеев. На стыке Азии и Европы (очерки о Турции и турках), М., 1980, с. 129. Անգամ 1920 թ. դեկտեմբերի կեսերին, երբ առաջ էր քաշվում Կարսը թուրքերից մաքրելու հարցը, Լենինը գտնում էր, թե Խորհրդային Ռուսաստանը ժամանակավորապես պարտավորված է զոհելու հայ աշխատավոր դասակարգի շահերը հանուն համաշխարհային հեղափոխության շահերի։ Տես. Երվանդ Սարգսյան, Դավադիր գործարք. Հայաստան-Ռուսաստան- Թուրքիա, Երևան, «Հայաստան» հրատ., 1995, էջ 162, 163։
  23. Տե՛ս Ա. Եսայան, Հայաստանի միջազգային-իրավական դրությունը (1920-1922 թթ.), Երևան, 1967, էջ 43։ Հայ ժողովրդի պատմություն, հ. VII, Երևան, 1967, 127-129։ Հր. Ռ. Սիմոնյան, Թուրք-հայկական, էջ 403, 404, ինչպես նաև գլուխ երրորդի թիվ 46-53 ծանոթագրությունները։
  24. Կոնֆերանսի նախապատրաստական փուլում և ընթացքում Ստալինի խաղացած դերի մասին տես. Ե. Ղ. Սարգսյան, Քեմալականների 1920-21 թթ. արշավանքն, էջ 30-32։ Երվանդ Սարգսյան, Դավադիր գործարք, էջ 182-184, 187, 188։
  25. Տե՛ս. Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923) (կազմողներ՝ Ջ. Ս. Կիրակոսյան, Ռ. Գ. Սահակյան, խմբ.՝ Ջ. Ս. Կիրակոսյան), Երևան, 1972, էջ 504։ Հաջորդող տասնամյակում Թուրքիային հաջողվեց Իրանի հետ Արարատ լեռան շրջանում տարածքային փոխանակումների ճանապարհով, մի նեղ շերտով անմիջական կապ հաստատել Նախիջևանի հետ։ 
  26. Տե՛ս Է. Ա. Զոհրաբյան, Սովետական Ռուսաստանը և հայ-թուրքական հարաբերությունները 1920-1922 թթ., Երևան, 1979, էջ 219-236։ Հր. Սիմոնյան, Ողբերգության պահին. – Գարուն, 1989, թիվ 4, էջ 47-53։ Նույնի՝ Թուրք-հայկական հարաբերությունների պատմությունից, էջ 407-413։ 1921 թ. մոսկովյան խորհրդա-թուրքական պայմանագրի գիտական տեսանկյունից գնահատելու հարցերին էր նվիրված 1999 թ. մարտի 18-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի և Կոնֆլիկտների լուծման Հայաստանի կենտրոնի կազմակերպած մեկօրյա կոնֆերանսը։ Տե՛ս. Հայկական հարց. հետադարձ հայացք. – Գիտություն, 24 ապրիլի 1999 թ., թիվ 8-9 (138-139), էջ 5։ 
  27. Տե՛ս Հ. Խ. Բարսեղյան, Հայերեն ուղղագրական-ուղղախոսական տերմինաբանական բառարան, Երևան, 1973, էջ 108։
  28. Ֆիդայի և ֆիդա արաբական ծագմամբ պարսկերեն բառեր են. առաջինը նշանակում է «կորովի, քաջ», իսկ երկրորդը՝ «զոհ»։ Տե՛ս Ստ. Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան, հ. IV, Երեւան, 1945, էջ 625։ Տե՛ս նաև Алим Гафуров. Имя и история: Об именах арабов, персов, таджиков и тюрков. Словарь. М., 1987, с. 201. Ֆիդայական թեմատիկան, որպես հայ ազգային-ազատագրական շարժման ամենապայծառ էջերից մեկը, լայնորեն էր դիտարկվում դեռևս 1989 թ. հանրապետական մամուլի էջերում, իսկ Մշակույթի հայկական ֆոնդն անգամ ձեռնամուխ էր եղել հայ ֆիդայիների թանգարան ստեղծելու գործին։ Տե՛ս. Հայ ֆիդայիների թանգարան՝ համազգային ջանքերով (բաց նամակ մեր բոլոր հայրենակիցներին). – Գրական թերթ, 4 օգոստոսի 1989 թ., թիվ 32 (2352)։
  29. Հայկ Աճեմեան, Հայոց Հայրիկ. առաջին հատոր, Կենսագրութիւն, Թաւրիզ, 1929, էջ 512, 513։
  30. Նույն տեղում, էջ 515։ Տե՛ս նաև Արշակ Մադոյան, Հակոբ Պետրոսյան, Գաղափարի և ազատության ջահակիրը. – Խրիմյան Հայրիկ, Երկեր, Երևան, 1992, էջ 5-18։ Էմմա Կոստանդյան, Մկրտիչ Խրիմյան։ Հասարակական-քաղաքական գործունեությունը, Երևան, 2000, էջ 266, 267։ Ռ. Փիրումյանի գնահատմամբ, այն փաստը, որ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին ռուսական բանակին զինվորագրված էին շուրջ 150 հազ. հայեր, կազմակերպվել էին նաև հայ կամավորական գնդեր, վկայում էր, որ «…այս պատերազմին հայ ժողովուրդը այլեւս խնդրագիրներով չէր ներկայանար։ Ան գտած էր Խրիմեան Հայրիկի «երկաթէ շերեփ»ը եւ իր մարտական ուժը ցոյց կու տար՝ իր պահանջները ստանալու համար»։ Տե՛ս Ռուբինա Փիրումեան, նշվ. աշխ., էջ 35։ Հմմտ. նաև. Rubina Peroomian, նշվ. աշխ., էջ 63։ 
  31. Հայդուկային (ֆիդայական) երգերի վերլուծությունը տե՛ս. Հայ ժողովրդական ռազմի և զինվորի երգեր, էջ 28-40։
  32. Անդ, էջ 105։ Նկատենք, որ մինչ այս երգարանում լույս տեսնելը, երգն արդեն ունեցել է մի քանի հրատարակություն։ Տե՛ս. Հայ ժողովրդական ռազմի և զինվորի երգեր, էջ 113, 291։ Ալվարդ Ղազիյանի այս աշխատասիրած գրքում «Հայդուկային երգեր» բաժնում բերված տեքստն ունի փոքր տարբերություններ Տ. Վարժապետյանի կազմած երգարանում (Քնար. գրպանի նոր երգարան Հաւաքեց՝ Տիրան Կ. Վարժապետեան, N.J., USA, 1918, էջ 105) տպագրվածից. «չգանգատվենք»-ի փոխարեն բերված է «չլանք» ձևը, «թշնամին»-ի փոխարեն՝ «տաճիկը», «սովից»-ի փոխարեն՝ «մահից»։
  33. 1989-90 թթ. Հայոց համազգային շարժման տեղական կազմակերպությունները դեռևս չունեին վառ արտահայտված կուսակցական ուղղվածություն, այլ յուրատեսակ շարունակություն էին 1988 թ. ի վեր տեղերում գործող «Ղարաբաղ կոմիտեների»։
  34. Տե՛ս, օրինակ. Հովիկ Գրիգորյան, Ահաբեկչությունը որպես ազգային-ազատագրական պայքարի ձև (19-րդ դարի վերջ – 20-րդ դարի սկիզբ). – Հայոց ցեղասպանություն. պատճառներ և դասեր, մաս 2, Երևան, 1995, էջ 39-72։ Արշաւիր Շիրակեան, նշվ. աշխ.։
  35. Անգլերեն «Armenian Secret Army for the Liberation of Armenia», որի ASALA (ԱՍԱԼԱ) հապավումով էլ այն ավելի հայտնի էր ժողովրդական լայն զանգվածներին։
  36. Ինչպես նկատում է մասնագետը, հայերի վրիժառության պատմությունը դեռևս հոգեբանորեն չի վերլուծվել ու մեկնաբանվել։ Տե՛ս Մելինէ Գարագաշեան, Ցեղասպանութեան հոգեցնցումն ու ազգային ինքնությունը։ Հոգեբանական վերլուծություն, Երևան, 2006, էջ 63, 71։
  37. Տե՛ս Արամ Սարոյան, Գուրգեն Յանիկյանի դատավարության պատմականը, Երևան, 1992, էջ 42։ 
  38. Տե՛ս Գուրգեն Յանիկյան, Նպատակ և ճշմարտություն։ Հուշագրություն, Երեւան, 1999, էջ 8, 13-19։ Արամ Սարոյան, նշվ. աշխ., էջ 81։
  39. Տե՛ս Գուրգեն Յանիկյան, նշվ. աշխ., էջ 9, 205։
  40. Տե՛ս Սեդա Գպրանյան-Մելքոնյան, Մոնթե Մելքոնյան (կազմողներ), Իրականությունը. ՀԱՀԳԲ – Հեղափոխական շարժման փաստաթղթերը, 1992, էջ 33։ 7 օգոստոս ” տօն ուխտի եվ նահատակութեան. – Երկաթէ շերեփ, 1988, օգոստոս, թիվ 15, էջ 1։ Անմահ սխրանք. – Երկաթէ շերեփ, 1989, յունուար, թիվ 20, էջ 24։ Սիլվա Կապուտիկյան, Գիշերային ռեքվիեմ. – Գարուն, 1987, թիվ 11, էջ 16։
  41. Հմմտ. Սեդա Գպրանյան-Մելքոնյան, Մոնթե Մելքոնյան, նշվ. աշխ., էջ 46։ 
  42. Աստվածաշունչ, Ելից գիրք, գլ. ԻԱ, 24։ Հմմտ. Ավետարան ըստ Մատթեոսի, գլ. Ե, 38, 39։ 
  43. Նշենք, որ Հայոց ցեղասպանության մասին մտածելիս 2005 թ. անցկացված հանրային հարցման մասնակիցների 21%-ի մեջ առաջանում էր վրեժի, 18%-ի մեջ՝ ատելության, 11,5%-ի մեջ՝ թշնամանքի զգացում, ցավի զգացում առաջանում էր հարցվածների շուրջ 40%-ի մեջ։ Տե՛ս. Հայոց ցեղասպանությունը 90 տարվա սահմանագծին. Հանրային հարցման արդյունքների ներկայացում (մասնակցել է 1900 հարցվող Երևանից և ՀՀ բոլոր մարզերից), Երևան, ապրիլ 2005, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն, էջ 8։ 


Հատված Հարություն Մարությանի «Հայ ինքնության պատկերագրությունը. Հատոր 1. Ցեղասպանության հիշողությունը և Ղարաբաղյան շարժումը» գրքից [Անցյալի և ներկայի վերագնահատման գործընթացը հայոց ինքնության մեջ. Գլուխ վեցերորդ] (Երևան, 2009)

Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ