Հարցազրույց. Պարգև Ֆրանկյան

Հարցազրույց պատմաճարտարապետական հուշարձանների եռաչափ վերակազմող Պարգև Ֆրանկյանի հետ
Պարոն Ֆրանկյան, գրեթե 20 տարի զբաղվում եք հուշարձանների թվանշանային վերակառուցմամբ. ինչպե՞ս սկսվեց այս ամենը, ինչպե՞ս ներգրավվեցիք ՀՃՈւ հիմնադրամի աշխատախմբին:

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը Հայաստանում բացվեց 2000 թվականին, որի հիմքը երջանկահիշատակ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի տասնամյակների ահռելի գիտական ուսումնասիրություններն էին։ Մինչ այդ մենք ունեինք կենտրոններ Եվրոպայում և Ամերիկայում։ Հենց այդ ժամանակ ներգրավվեցի և ստեղծեցինք առանձին ճյուղ՝ հուշարձանների չափագրումների հետ մեկտեղ, նաև եռաչափ վերակազմությունների բաժին, որի նպատակն էր ստանալ մեր պատմաճարտարապետական հուշարձանների նախնական տեսքը թվանշային(3D) տարբերակով և փոխանցել սերունդներին որպես մշակութային ժառանգություն: Բացի այդ` մեր գրասենյակը զբաղվում է Հայաստանից դուրս տարբեր գիտական ուսումնասիրություններով:

Հայտնի է, որ զբաղվում եք Բագրատունյաց Անի մայրաքաղաքի համայնապատկերի վերակազմությամբ: Եռաչափ մոդելավորումը ե՞րբ պատրաստ կլնի. տարիների աշխատանք է պահանջվում:

Այո, տարիների աշխատանք է պահանջվում։ Անիի թեման 2009 թվականից ենք սկսել: Մինչ այդ Արևմտյան Հայաստանի ուրիշ հուշարձաններ էին վերակազմում: Հաջորդ տարի պետք է լույս տեսնի մեր գիրքը, որը հենց Անիին է վերաբերում` գծագրերով, բացատրություններով և վերակազմություններով: Գլխավոր հուշարձանները, կարծես, ամբողջականացրել ենք: Բայց, իհարկե, Անին ունի տարբեր տնտեսական կառույցներ, բնակելի տարածքներ, բաղնիքներայդ բոլորը շարունակական պիտի անենք: Հիմա մոտավորապես 80 տոկոսով վերջացրել ենք: Բայց դեռ բավական ժամանակ կա` ամբողջացնելու մյուս բոլոր կառույցները:

Հիմնականում Արևմտյան Հայաստանի հուշարձաններն եք վերակառուցում, արդյո՞ք հարևանները որևէ կերպ չեն խանգարում աշխատանքներին:

Ճիշտն ասած` սա մի քիչ նուրբ թեմա է: Ամեն ինչ անում ենք, որ մեր շրջանակներում կատարվի ուսումնասիրությունները: Անվտանգության հարցեր կան, և հարևանները շրջանցում են Անիի հայկականության հարցերը․․․․

Տարիների ընթացքում տասնյակ կառույցների հետ եք աշխատել. կա՞ որևէ հուշարձան կամ շինություն, որը առանձնացնում եք, գուցե ինչ-որ առումով կարևորություն ունի:

Լինում է, որ մի հուշարձանի հետ աշխատում ենք մոտ վեց ամսից մինչև մեկ կամ երկու տարի, որովհետև անընդհատ նոր նյութեր են երևան գալիս, ուսումնասիրությունների արդյունքում տարբեր փոփոխություններ են կրում: Ամեն շրջանում այն կառույցը, որ մենք վերակազմում ենք, շատ հարազատ է դառնում: Երբ նույնիսկ սովորական պատմական գեղարվեստական գիրք եմ կարդում, հենց գտնում եմ իրեն վերաբերող մի նյութ, արագ դուրս եմ գրում, այդ պահին հատուկ է դառնում ինձ համար: Բայց, ընդհանուր առմամբ, ես Խծկոնքի վանական համալիրն եմ առանձնացնում: Հիմա հողին է հավասարացված, թուրքերը 60-ական թվականներին պայթեցրել են։ Հինգ եկեղեցուց է կազմված եղել, համալիրը ունեցել է երկու որմնափակ խաչքար: Հիմա մնացել է մի եկեղեցի` կիսավեր Սուրբ Սարգիսը։ Մի տեսակ առանձնահատուկ տպավորություն է թողնում: Հենց Խծկոնքն է ինձ համար առանձնանում, կարծես վիրավոր, բայց կանգնած է դեռ:

Ձեր աշխատանքները հասանելի՞ են հանրությանը: Ինչպե՞ս կարող են մարդիկ ծանոթանալ Ձեր գործերին:

Գործերը ես հիմնականում Facebook-ով եմ տարածում: Ունենք YouTube-յան էջ՝ “RAA Armenia“, կայքեր՝ www․RAA.am և www.armenianarchitecture.am, որտեղ եռաչափ վերակազմությունների առանձին բաժին կա: Մարդիկ օգտագործելիս հարցնում են, և մենք, իհարկե, թույլ ենք տալիս օգտագործել հղումով։

Տարիներ շարունակ հաղորդաշար ունեինք՝ «Ճանաչենք մեր Հայրենիքը»։ Պատմական հուշարձանների  մասին փոքր, գիտահանրամատչելի ֆիլմեր էինք պատրաստում: Սամվել Կարապետյանն էր վարում հաղորդաշարը: Գուցե վերսկսենք հետո, բայց հիմա YouTube-ում էլ կարող եք դիտել, նաև մեր պատրաստած շատ այլ ֆիլմեր ևս

Ի՞նչ հետաքրքիր կամ ինչոր տեղ զվարճալի դեպքեր են պատահել աշխատանքային գործունեության ընթացքում:

Մեր գիտարշավների ժամանակ ամեն պահը ուրախ և հումորով ենք անցկացնում: Ամեն պահը մի հիշարժան դրվագ է, մանավանդ Սամվելի հետ: Ինքն էր սիրում միշտ հումորներով անցկացնել գիտարշավները: Պատահում էր մի շաբաթից մինչև մի ամիս դրսում էինք լինում` վրաններով։
Շատ կան հիշարժան դրվագներ, հիմա դժվար է հիշելը:

Հայաստանի սահմաններից դուրս հայտնի և անհայտ հայկական հուշարձանների ու պատմամշակութային կոթողների վերակառուցմամբ եք զբաղվում` վիրտուալ հարթակում: Սա սկզբու՞նք է, թե՞ մի օր գուցե զբաղվեք այլ երկրների հուշարձանների ու մշակութային կոթողների եռաչափ մոդելավորմամբ:

Հատուկ պայման չկա, բայց, միգուցե, եթե հայկականության հետ կապված լինի, օրինակ` ճարտարապետը հայ լինի կամ հովանավորը և այլնհնարավոր է, որ վերակազմենք, ինչու ոչ: Բայց հիմա Անիի վրա ենք աշխատում, հետո պիտի անցնենք Արևմտյան Հայաստանի մյուս հուշարձաններին

Պետությունը որևէ կերպ աջակցու՞մ է Ձեր աշխատանքներին:

Իհարկե, Մշակույթի Նախարարությունը․․.

Ի՞նչ պլաններ ունեք ապագայի համար: Անիի համայնապատկերի թվանշանային վերակառուցումն ավարտելուց հետո ո՞ր շինություններն եք վերակառուցելու:

Վերակառուցելու շինություններ շատ կան, մենք դեռ կիսատ թողած շատ նախագծեր ունենք, որը ես էլի FaceBook-ում տեղադրել եմ: Դրանք պիտի շարունակենք: Իհարկե, միայն եկեղեցիները չեն: Մենք պալատներ ունենք, կամուրջներ, բերդեր և այլն։

Վերակազմելու կառույցներ շատ կան: Ցավոք մեր պատմական ժառանգությունը այդքան էլ բարվոք վիճակում չի հասել մեզ․․․․


Հարցազրույցը վարեց Աննա Մանուկյանը