Հաբերմասը և կլիմայական ակցիան

Protestaktion, London 9. Oktober 2019: Foto: Crispin Hughes/Panos Pictures

Յուրգեն Հաբերմասը առաջարկում է կլիմայական փոփոխությունների դեմ ակցիայի հետևյալ բանաձևը․ արդարությունը և շրջահայացությունը նույնքան կարևոր են, որքան գիտությունը։

Տարիներ շարունակ կլիմայական փոփոխության մասին դատողությունները հիմնականում վերաբերում էին գիտությանը, և այն գնահատելու համար անհրաժեշտ էին փորձագիտական գիտելիքներ։ 1820-ականներից սկսած՝ գիտնականները հակված էին ավելի շատ տեղեկություններ պարզել Երկրի ջերմության և այն փոփոխական մեծությունների մասին, որոնցով պայմանավորված է ջերմաստիճանի բարձրացումն ու անկումը։ Ֆրանսիացի մաթեմատիկոս Ժան Բատիստ Ժոզեֆ Ֆուրիեն (1768-1830թթ.) առաջինն առաջ քաշեց արևի ճառագայթների՝ Երկրի մթնոլորտի և ենթադրաբար նրա ջերմաստիճանի վրա ունեցած ազդեցության վարկածը։ Սահմանափակված լինելով իր ժամանակի տեխնոլոգիական միջոցներով՝ նա, այդուհանդերձ, հող նախապատրաստեց 19-րդ դարի ողջ ընթացքում ջերմաստիճանի տատանման պատճառների հետագա բացահայտումների համար՝ ջերմակայուն ջրային գոլորշուց (Ջոն Թինդալ, 1820-1893թթ.) մինչև մթնոլորտում ածխաթթու գազի խտացումը (Սվանտե Արենիուս, 1859-1927թթ.):

Հետազոտությունների մի ամբողջ նոր դաշտ ընդլայնեց ֆիզիկոսների, քիմիկոսների և ինժեներների մտահորիզոնը: Տեխնոլոգիայի զարգացմանը զուգընթաց զարգացան նաև կլիմայի ուսումնասիրության ապացույցների պաշարն ընդլայնելու նպատակով իրականացվող գիտափորձերը, և քանի որ դաշտն ընդլայնվում էր, մեծանում էր նաև գիտափորձերը բնութագրող տարաձայնությունների հավանականությունը: Անցած դարի կեսերին գիտնականները դիտարկում էին CO2-ը՝ օգտագործելով ավելի ճշգրիտ սարքավորումներ, և նրանք հաստատեցին հիմնական մակարդակ, որը թույլ էր տալիս ավելի ճիշտ գնահատել տատանումները: Մոտ 1967թ-ին ծնունդով ճապոնացի օդերևութաբան Սյուկուրո Մանաբեն (1931թ.), համագործակցելով իր ամերիկացի գործընկեր Ռիչարդ Ուեթերալդի (1936-2011թթ.) հետ, ստեղծեց ողջ մոլորակի կլիման ներկայացնող առաջին համակարգչային մոդելը: 

Այս դաշտի զարգացման ամբողջ ընթացքում ավելի բարդացավ գիտությունը, որի հետ մեկտեղ ավելի բարդ դարձան վարկածները և փորձերը: Կլիմայական փոփոխությունների մասին զրույցները միայն գիտնականների քննարկման առարկան էին, իսկ «գլոբալ տաքացում», «ջերմոցային էֆեկտ» կամ «կլիմայական փոփոխություն» հասկացությունները այդ ժամանակ շատ չնչին չափով էին ներկայացվում հանրությանը՝ առաջին կլիմայական մոդելից 20 տարի անց՝ 1988թ-ին, ԱՄՆ-ի կոնգրեսում ՆԱՍԱ-ի գիտնական Ջեյմս Հանսենի պատմական ելույթով մտնելով քաղաքականություն:

Կլիմայական փոփոխությունը, անշուշտ, գիտական խնդիր է: Բայց այն միայն գիտության խնդիրը չէ: Գիտահետազոտական նոր ճյուղի ընդլայնման համատեքստում փոփոխական կլիմայի պատճառները՝ հանածո վառելիքների համամասնորեն արագ այրման պատճառով մթնոլորտում CO2-ի կոնցենտրացիայի կտրուկ աճը, ինչպես նաև նրա ազդեցությունը բնական և հասարակական միջավայրերի վրա, գնալով ավելի պարզ էին դառնում: Գործնական ծախսերն ու օգուտները, որոնք հանգեցրել են CO2-ի կոնցենտրացիայի աճին, այսինքն, որոնք հանգեցրել են գլոբալ ջերմաստիճանի աննախադեպ բարձրացման և էկոհամակարգի խանգարումների, նույնպես ավելի հասկանալի դարձան նրանց համար, ում հասանելի էր այս տեղեկությունը:

Իսկապես, հաշվի առնելով մարդու գործունեության համար հանածո վառելիքի այրումից առաջացած CO2-ի արտահոսքի պատճառով գլոբալ ջերմաստիճանի կտրուկ աճի դիտարկված հետևանքները՝ կարելի էր սպասել տեղային, ազգային և գլոբալ մակարդակի համաձայնեցված գործողությունների՝ արտահոսքի կարգավորման և ազդեցության ենթարկված համայնքների կայունացման համար: Այսօր մենք շատ հեշտությամբ կարող ենք տեսնել, որ այն տեղի չի ունեցել: Այնուամենայնիվ, հարցը հայտարարելով գլխավորապես գիտական՝ տասնամյակներ շարունակ այլևս ոչ մի ջանք չգործադրվեց այս ուղղությամբ, և սա թերևս հանածո վառելիքի արդյունահանումը և այրումը կարգավորելուց խուսափելու շարժման մի մասն էր։ 

Հանսենի 1988թ-ի հիմնական վկայությունում չափազանց  հռչակավոր գիտնականը իր գիտելիքներով կիսվել է ԱՄՆ-ի քաղաքացիների ներկայացուցիչների հետ՝ ջերմաստիճանի բարձրացման պատճառների ու հետևանքների, այդ հետևանքները մեղմելու և ընթացքը դանդաղեցնելու մասին տեղեկացնելու նպատակով։ Իսկապես, կլիմայի գիտությունը, չնայած բարդ լինելուն, թարգմանվեց ԱՄՆ-ի քաղաքական գործիչներին հասկանալի եզրույթներով՝ ենթադրվելով, որ կլիմայի միասնական ակցիան պետք է իրականացվի քաղաքական մակարդակում։ Ընդունելով, որ կլիմայի գիտությունը բարդ է և թարգմանության կարիք ունի՝ այս վկայությունը նաև նպատակ ուներ կամուրջ հանդիսանալ կլիմայի մասին փորձագիտական գիտելիքների և քաղաքական կամքի ձևավորման միջև։ 

Եվ, այնուամենայնիվ, 1988թ-ի այդ շրջադարձային պահից ի վեր կլիմայական փոփոխության մասին քննարկումների կիզակետը կլիմայի միասնական ակցիայի խնդիրը առաջ բերելու գնով հիմնականում շարունակում է մնալ գիտությունը։ Ավելին՝ գիտական խնդիրների այս կիզակետը ձեռք է բերել սկեպտիցիզմի և կլիմայական մարդածին փոփոխությունների մասին քննարկումների բնույթ՝ արդյունքում դանդաղեցնելով արտահոսքը կրճատելու և արդեն ի հայտ եկած ազդեցությունը մեղմելու հրատապ գործողությունները։

Իրենց Merchants of Doubt («Կասկածի առևտրականներ») (2010) գրքում և 2014թ-ի համանուն վավերագրական ֆիլմում ամերիկացի գիտության պատմաբաններ Նաոմի Օրեսկեսը և Էրիկ Քոնուեյը ցույց են տալիս, թե ինչպես կլիմայական փոփոխությունները սանձելու միասնական ակցիան հետաձգելու հակված ընկերությունները քննարկումը ձևակերպեցին որպես գիտական, տեխնիկական փորձաքննության և տեղեկատվության բանավեճ։ Այս ընկերությունները վարում էին քողարկված մարտավարություն՝ օրինակ՝ ֆինանսավորելով հայտնի գիտնականներին՝  կլիմայական փոփոխությունների վերաբերյալ գիտնականների տարաձայնությունների մասին պնդումներով հանդես գալու։ Իհարկե, կլիմայական փոփոխությունը գիտական խնդիր է, և շատ կարևոր է այն համապատասխանաբար հասցեագրել, բայց այն նաև քաղաքական խնդիր է և պետք է հասցեագրվի նաև որպես այդպիսին։ Քննարկումն այս կերպ ձևակերպելու նպատակը հավաստիացնելն էր շատ քաղաքացիների, որ կլիմայական փոփոխությունը չափազանց տեխնիկական առարկա է նրանց կողմից քննարկվելու համար։ Կասկածի տակ դնելով՝ ինչ է իրականում փոխհամաձայնեցված գիտական խնդիրը, այսինքն՝ այն, որ կլիմայական փոփոխությունների պատճառը մարդկային գործոնն է, և համաշխարհային մակարդակի արձագանք է պահանջվում ջերմոցային գազերի արտահոսքը նվազեցնելու համար՝ ստիպելով տնտեսությանը աստիճանաբար դադարեցնել հանածո վառելիքի էներգիայի օգտագործումը, այս «կասկածի առևտրականները» հասարակ քաղաքացիների՝ կլիմայական փոփոխությունների վերաբերյալ քննարկումները բացառելու համար անուղղակիորեն ապավինել են փորձաքննության և հեղինակության միջև այս տարբերությանը։ Քանի դեռ կլիմայական փոփոխությունները չեն կարգավորվել, անիմաստ կլինի և հավանաբար նույնիսկ սխալ, որ քաղաքացիները քաղաքականորեն ներգրավված լինեն խնդրի մեջ։

Դեռ կան տարաձայնություններ, որոնք արմատավորվեցին, երբ կլիմայի բնագավառի գիտնականները սկսեցին նախազգուշացնել մեզ վտանգների մասին։

Ընկերությունների և անհատների՝ Օրեսկեսի և Քոնուեյի կողմից բնութագրված մոլորեցնող փորձերը սովորաբար բացատրվում են այլ կերպ։ Իսկապես, կլիմայական ժխտողականությունը ավելի հաճախ դիտվում է որպես «գիտության պատերազմ» և հերքում, որ գիտությունն ի զորու է բացատրել իրադարձությունների փոփոխությունները կլիմայի բնագավառում կամ դրանց պատճառները։ Սա կարծես կլիմայական ժխտողականության հետևանքներից մեկն է։ Ահա թե ինչ եմ առաջարկում․ կլիմայական փոփոխությունների վերաբերյալ խնդիրները բացառապես գիտական շրջանակի մեջ դնելը միջոց է՝ ժողովրդավար որոշում կայացնելը հեռու տանելու բարձրացող ջերմաստիճանին ու դրա պատճառ հանդիսացող մարդկային գործունեությանը հասցեագրված միասնական գործողություններից: 

Բնօրինակի հեղինակ՝ Emilie Prattico, Aeon


Թարգմանիչ՝ Սոնա Սիմոնյան (Sona Simonyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: