Հունիսի 6-ին «Ինլայթ»-ում  տոն էր։

Ավանդույթի համաձայն՝ այդ օրը նշվում է  կազմակերպության տարեդարձը։ Այս տարի լրանում էր «Ինլայթ»-ի 4 (12)-ամյակը, որը նշվեց իհարկե հեռավար տարբերակով։ Վերջինս ոչ միայն չխանգարեց փոխանցել ու կրկնակի չափաբաժնով ստանալ ինլայթյան ջերմությունը, այլև մասնակցության հնարավորություն տվեց աշխարհի տարբեր կետերում գտնվող մեր անդամներին։

Հանդիպման սկիզբն ազդարարեց կազմակերպության նախագահ Աննա Խաչյանը, որից հետո կազմակերպության համահիմնադիրներ Արեգ Քոչինյանը, Նիկոլայ Հարությունյանն ու Դավիթ Պետրոսյանը պատմեցին կազմակերպության հիմնադրման շարժառիթների, նպատակների և իրենց սպասումների մասին։ 

«Ինլայթ»-ի 4(12)-ամյակը կազմակերպվել է «Կրթություն» խորագրի ներքո՝ «Սովորի՛ր, որ փոխես» կարգախոսով՝ հաշվի առնելով կազմակերպության գործունեության կրթական ոլորտի առաջնահերթությունը և վերջինիս կարևորությունը:

Անդրադարձ եղավ նաև «Ինլայթ»-ի պատմության երեք հիշարժան օրերին և դրանց էությանը, ինչպես նաև կազմակերպության 4(12)-ամյա գործունեության հիմնական հանգրվաններին:

Եվ քանի որ ծննդյան տոները գրեթե միշտ ասոցացվում են երազանքների հետ, ինլայթցիները կազմակերպության «Համարձակվի՛ր մտածել» կարգախոսի ներքո որոշեցին ձևակերպել իրենց ընդհանրական երազանքները «Ինլայթ»-ի հետ կապված։ Թիմային քննարկումների արդյունքում գրառվեցին և ընդգծվեցին դրանցից ամենահամարձակ երազանքները, որոնք մոտ ապագայում վստահաբար կբռնեն իրագործման ուղին։

«Ինլայթը» տաղանդավոր մարդկանց պակաս, թերևս, չունի։ Հանդիպման տոնական տրամադրությունն ապահովեցին Լուսինե Հովհաննիսյանը, Դիանա Աղումյանը և Գայանե Այդինյանը՝ իրենց յուրահատուկ և երաժշտական հաճելի կատարումներով՝ Բինգյոլի երգից մինչև Հախվերդյան, Փոլ ՄաքՔարթնիից մինչև հեղինակային ստեղծագործություն։

Դե իսկ ինչ ծննդյան տոն առանց նվերների: «Ինլայթ»-ի գեղեցիկ ավանդույթի համաձայն՝ ծննդյան տոնին «Ինլայթ»-ն է նվիրում։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում իրենց աշխատանքի մեջ լավագույնս դրսևորած անդամները և կամավորները ստացան իրենց  նվերներն ու շնորհակալությունները։ 

«Ինլայթը» նվեր էր պատրաստել նաև իր հետևորդների և ընթերցողների համար՝ 20-րդ դարի նշանավոր գերմանացի քաղաքական տեսաբան, իրավագետ Կարլ Շմիթի «Զրույց իշխանության և տիրակալի հասանելիության շուրջ» ռադիոէսսեի ռուսերենից հայերեն թարգմանությունը: Վերջինս իրականացվել էր կազմակերպության թարգմանիչների բաժնի ներկայիս ղեկավար Մերի Բաբայանի կողմից, ով և պատմեց գրքի թարգմանության ընթացքի և ապրումների  մասին։

Կազմակերպության անդամների շնորհավորանքներից հետո հանդիպումը եզրափակեց Աննա Խաչյանը Վ․ Շեքսպիրի հետևյալ խոսքերով․ «Մենք գիտենք՝ ով ենք մենք, բայց չգիտենք՝ ով կարող ենք լինել», հետևաբար պետք է մտածենք՝ ով և ինչ ենք ուզում լինել և համարձակվենք լինել այդ Ով-ը կամ Ինչ-ը։