Ի՞նչ են սովորեցնում մեզ Մեծ Համաճարակների մասին պատմող վեպերը

Մարդկությունը սովորաբար համաճարակներին արձագանքել է բամաբասանքներ և կեղծ տեղեկատվություն տարածելով, այն ներկայացնելով  որպես օտար և վնասակար մտադրությամբ բերված երևույթ։

Քվակեր Սողոմոն Էքըլզը, որը «կանխագուշակում էր վատ լուրերը» 1665թ․ Լոնդոնում ՝ Ժանտախտի համաճարակի ընթացքում/ նկարազարդում՝ վերցված Դանիել Դեֆոյի «Ժանտախտի տարվա օրագիրը» գրքից

Վերջին 4 տարիներին ես գրում էի  պատմական մի վեպ, որը ներկայացնում էր երրորդ Ժանտախտի համաճարակի բռնկումով նշանավորված 1901թ-ը, որի ընթացքում բուբոնային ժանտախտը սպանեց միլիոնավոր մարդկանց Ասիայում և համեմատաբար ավելի քչերին՝ Եվրոպայում։ Վերջին երկու ամիսների ընթացքում ընկերներս և ընտանիքիս անդամները, խմբագիրներ և լրագրողներ, որոնք գիտեին «Ժանտախտի գիշերները» վերնագրված այդ վեպիս թեման, ինձ էին ուղղում համաճարակի թեմայով հարցերի շարաններ։ 

Նրանք առավելապես հետաքրքրված էին ներկայիս թագավարակի համաճարակի և ժանտախտի ու խոլերայի համաճարակների պատմական բռնկումների միջև եղած նմանություններով։ Այդ նմանությունները բավական շատ են։ Մարդկության և գրականության պատմության ընթացքում այս համաճարակները միմյանց նման են դարձնում ոչ թե մանրէների և վիրուսների ընդհանրությունը, այլ այն, որ մշտապես նույնն է համաճարակների սկզբնական շրջանում մեր արձագանքը։

Համաճարակի բռնկման սկզբնական շրջանում արձագանքը միշտ եղել է ժխտողական։ Պետական և տեղական իշխանությունները սովորաբար ուշ են արձագանքել և աղավաղել են փաստերն ու մանիպուլացրել թվերը՝ նպատակ ունենալով ժխտել համաճարակի բռնկումը։ 

Վարակի և դրա ընթացքում մարդկային վարքի վերաբերյալ երբևիցե գրված ամենից լավ պարզաբանում տվող գրական գործերից «Ժանտախտի տարվա օրագրի» առաջին էջերում Դանիել Դեֆոն հայտնում է, որ 1664թ․ Լոնդոնի որոշ թաղամասերի տեղական իշխանությունները փորձել են ժանտախտով պայմանավորված մահերի ավելի ցածր ցուցանիշ ներկայացնել՝ որպես գրանցված մահվան ելքերի պատճառ նշելով այլ, մտացածին հիվանդություններ։

1827թ․ գրված  և, թերևս, համաճարակների բռնկման մասին ամենից իրատեսական  «Նշանվածները» վեպում իտալացի հեղինակ Ալեսանդրո Մանձոնին նկարագրում է և արդարացի է համարում Միլանում 1630թ․ բռնկված ժանտախտի ժամանակ պաշտոնական արձագանքի վերաբերյալ տեղական բնակչության զայրույթը։ Չնայած եղած փաստերին, Միլանի նահանգապետը անտեսում է վարակի առաջացրած սպառնալիքները, և նույնիսկ չի չեղարկում տեղի արքայազնի ծննդյան միջոցառումները։ Մանձոնին ցույց է տալիս, որ վարակը արագորեն տարածվում է, քանի որ ներդրված սահմանափակումները անբավարար էին, դրանց կատարումը թույլ էր, և համաքաղաքացիները չէին հետևում դրանց։

Ալեսանդրո Մանձոնին գրել է ժանտախտի մասին ամենաիրատեսական վեպերից մեկը՝ «Նշանվածները» (1827)

Ժանտախտի և այլ վարակիչ հիվանդությունների մասին պատմող գրականության մեծ մասը որպես հասարակության զայրույթի միակ հրահրիչ ներկայացնում է իշխանությունների անփութությունը, անզորությունն ու եսասիրությունը։ Բայց լավագույն գրողները, ինչպիսիք են Դեֆոն և Կամյուն, թույլ տվեցին իրենց ընթերցողներին հայացք գցել ժողովրդական կատաղության ալիքի հիմքում ընկած  մարդկային դրությանը ներհատուկ մեկ այլ բանի վրա՝ քաղաքականությունից բացի։ 

Դեֆոյի վեպը ցույց է տալիս, որ անվերջանալի բողոքների և անսահման զայրույթի հետևում թաքնված է նաև բարկություն ընդդեմ ճակատագրի, աստվածային կամքի, որն ականատեսն է այս մահերի և մարդկային տառապանքների, և հնարավոր է նույնիսկ նրա թողտվությամբ է կատարվում այս ամենը։ Ներկայացված է զայրույթ ուղղված կրոնի ինստիտուտների դեմ, որոնք չգիտեն, թե ինչ անել ստեղծված իրավիճակում։

(նկարազարդում՝ վերցված «The Betrothed»-ից)

Մարդկության մեկ այլ համընդհանուր և, ըստ երևույթին, անպատասխանատու արձագանքը համաճարակներին մշտապես եղել է բամբասանքն ու կեղծ տեղեկատվության տարածումը։ Նախորդ համաճարակների ընթացքում բամբասանքները մեծապես սնվում էին ապատեղեկատվությունից և ամբողջական պատկերը տեսնելու անհնարինությունից։

Դեֆոն և Մանձոնին գրում էին, թե ինչպես են մարդիկ միմյանց հանդիպելիս պահպանում հեռավորություն, բայց նաև հետաքրքրվում միմյանց բնակավայրերի լուրերով ու նորություններով՝ ցանկանալով ստանալ համաճարակի ամբողջական պատկերը։ Նրանք հույս ունեին, որ այդպիսի լայն տեսանկյունից դիտարկելու դեպքում կկարողանային խուսափել մահից և գտնել ապահով ապաստարան։

Այնպիսի աշխարհում, որտեղ չկային թերթեր, ռադիո, հեռուստատեսություն կամ համացանց, ոչ գրագետ մեծամասնությունը  միայն սեփական երևակայության  միջոցով  պետք է հասկանար, թե որտեղ է կայանում վտանգը, դրա ծանրությունը և տառապանքների չափը, որը կարող է առաջացնել համաճարակը։ Սեփական երևակայության կիրառումը  յուրաքանչյուր մարդու վախին հաղորդում էր անհատական երանգ՝ այն զարդարելով քնարական որակներով՝ տեղայնացված, հոգևոր և առասպելական։ 

Ժանտախտի բռնկման շրջանում ամենից տարածված լուրերը վերաբերում էին նրան, թե ումից է ծագել այն և որտեղից է եկել։ Մարտի կեսերին, երբ խուճապն ու վախը սկսեցին տարածվել Թուրքիայում, Ստամբուլի  Ջիհանգիր թաղամասի՝ ինձ սպասարկող բանկի մենեջերը համոզված կերպով ինձ ասաց, որ «այս բանը» Չինաստանի տնտեսական հակադարձումն է ուղղված ԱՄՆ-ին և մնացյալ աշխարհին։ 

Ինչպես յուրաքանչյուր չարիք՝ համաճարակը սովորաբար ընկալվում է որպես դրսից եկած երևույթ։ Այն նախկինում  հարված է հասցրել այլ վայրերում, սակայն այն զսպելու համար չի արվել անհրաժեշտը։ Աթենքում ժանտախտի տարածման վերաբերյալ իր գնահատականներում Թուկիդիդեսը նշում է, որ այն սկսվել էր շատ հեռվում՝ Եթովպիայում կամ Եգիպտոսում։ 

Համաճարակն օտար է, այն գալիս է դրսից, բերվում է չար դիտավորությամբ։ Սկզբնական վարակակիրների ենթադրյալ ինքնության մասին լուրերը սովորաբար ամենից տարածվածներն են։ 

«Նշանվածները» վեպում Մանձոնին ներկայացնում է մի կերպար, որը դարձել է միջնադարից սկսած ժանտախտի բռնկումների ժամանակ տարածված պատկերացումների բյուրեղացումը։  Ամեն օր կլինեն լուրեր այս չարակամ, սատանայական ներկայության մասին, որը տարածվող ժանտախտի բացիլներ կրող դառը հեղուկի միջոցով կանցնի դռների բռնակներով և ջրի ծորակներով։ Կամ գուցե հանգստանակու համար եկեղեցու հատակին նստած հոգնած մի ծերունի մեղադրանք կստանա անցորդ մի կնոջ կողմից վերարկուն հատակին քսելու և դրանով վարակը տարածելու համար։ Եվ շուտով կհավաքվի Լինչի ամբոխը։

Բռնությունների, լուրերի, խուճապի ու խռովությունների այս անսպասելի և անվերահսկելի ալիքը համաճարակների պարագայում տարածված են սկսած դեռ Վերածննդի շրջանից։ Մարկոս Ավրելիուսը Հռոմեական կայսրությունում Անտոնին ջրծաղիկ վարակի համար մեղադրում էր քրիստոնյաներին, քանզի վերջիններս չէին միացել հռոմեական աստվածներին հանդարտեցնելուն ուղղված ծեսերին։  Իսկ հետագա համաճարակներից մեկի ժամանակ Օսմանյան կայսրությունում և քրիստոնեական Եվրոպայում ջրհորները թունավորելու համար մեղադրվեցին հրեաները։

Համաճարակների պատմությունն ու դրան վերաբերող գրականությունը մեզ ցույց են տալիս, որ տուժած բնակչության  տառապանքների, մահվան վախի, մետաֆիզիկական երկյուղի, անառողջ փորձառության զգացողության ինտենսիվությունը կսահմանի նաև նրանց բարկության և քաղաքական դժգոհության խորությունը։ 

Ինչպես անցյալի համաճարակների դեպքում, թագավարակի բռնկման ընթացքում ևս ազգային, կրոնական, էթնիկական, տարածաշրջանային պատկանելիությամբ պայմանավորված անհիմն լուրերն ու մեղադրանքները ունեցան նշանակալի ազդեցություն դեպքերի հետագա ընթացքի վրա։ Մեծ դեր են խաղացել նաև սոցիալական մեդիան և սուտ լուրերը ինտենսիվացնելուն ուղղված աջակողմյան պոպուլիստական մեդիայի գրոհները։

Բայց այսօր մենք առկա համաճարակի մասին ունենք ավելի մեծ ծավալի հուսալի տեղեկատվություն, քան մարդիկ ունեին նախորդ համաճարակների ժամանակ։ Դա այն է, ինչ տարբեր է  դարձնում մեր այսօրվա զգացած ուժեղ և հիմնավորված վախը նախորդ շրջաններում եղած վախերից։ Մեր սարսափն առավել շատ հիմնված է ճշգրիտ տեղեկատվության վրա, և ավելի քիչ է պայմանավորված կեղծ լուրերով։ 

Երբ մենք տեսնում ենք, որ մեր երկրների և աշխարհի քարտեզներում կարմիր կետերը գնալով բազմապատկվում են, հասկանում ենք, որ այլևս փախչելու որևէ տեղ չկա։ Ամենավատից վախենալու համար նույնիսկ կարիք չկա լարել մեր երևակայությունը։ Մենք դիտում էինք իտալական փոքր քաղաքներից մահացածների մարմինները դեպի դիակիզարաններ տեղափոխող մեծ, սև բեռնատարների երթը պատկերող տեսանյութերն այնպես, ասես մեր իսկ թաղման արարողությանն էինք հետևում։ 

Դանիել Դեֆոյի «Ժանտախտի տարվա օրագիրը» գրքից նկարազարդում, որը պատկերում է մարդկանց, որոնք պատրաստվում են Լոնդոնի ժանատախտի ընթացքում եկեղեցու բակում բացված գերեզմաններում դնել մահացածների դիակները։

Այն ահավոր սարսափը, որը մենք զգում ենք, այնուամենայնիվ բացառում է երևակայությունն ու անհատականությունը և ցույց է տալիս, թե իրականում  անսպասելիորեն որքան նման են մեր փխրուն կյանքերը և համընդհանուր մարդկայնությունը։ Մահանալու վախը մեզ ստիպում է միայնակ զգալ, բայց այն գիտակցումը, որ մենք բոլորս կրում ենք միևնույն տառապանքը, մեզ դուրս է բերում մենակությունից։ 

Այն գիտակցումը, որ ողջ մարդկությունը՝ Թայլանդից մինչ Նյու Յորք, կիսում է մեր անհանգստությունն այն մասին, թե ինչպե՞ս պետք է կիրառել դիմակները, ո՞րն է մթերային խանութից բերված սնունդն օգտագործելու ամենաապահով եղանակը, և արդյո՞ք պետք է ինքնամեկուսանալ, հստակ հիշեցումն է այն բանի մասին, որ մենք մենակ չենք։ Սա ծնում է համերաշխության զգացում։ Մենք այլևս չենք ճնշվում մեր վախերից, այլ դրանում բացահայտում ենք խոնարհություն, որը խրախուսում է փոխըմբռնումը։

Երբ ես նայում եմ աշխարհի ամենից մեծ հիվանդանոցների մոտ սպասող մարդկանց հեռուստատեսային պատկերներին, տեսնում եմ, որ իմ վախը կիսում է մնացյալ մարդկությունը և ինձ միայնակ չեմ զգում։ Ժամանակի ընթացքում ավելի քիչ եմ ամաչում իմ զգացած վախի համար, և աստիճանաբար այն ընկալում եմ որպես լիովին խելամիտ արձագանք։ Ես մտաբերում եմ համաճարակների և ժանտախտի մասին այն ասացվածքը, ըստ որի «նրանք, ովքեր վախենում են, ավելի երկար են ապրում»։ 

Ի վերջո, ես հասկանում եմ, որ իմ և գուցե բոլորիս մեջ վախը առաջ է բերում երկու տեսակի արձագանք։ Երբեմն այն ստիպում է ինձ ներփակվել, ընկնել միայնության և լռության գիրկը։ Բայց երբեմն էլ այն սովորեցնում է ինձ լինել խոնարհ և գործել համերաշխության ոգով։ 

Ես սկսեցի մտածել  համաճարակի մասին պատմող վեպ գրելու մասին 30 տարի առաջ, և նույնիսկ այդ վաղ փուլում իմ ուշադրության կենտրոնում էր մահվան վախը։ 1561թ․ գրող  Օգիեր Գիսլաին դե Բուսբեքը (Ogier Ghiselin de Busbecq), ով Սուլեյման Փառահեղի կառավարման շրջանում Հաբսբուրգյան կայսրության դեսպանն էր Օսմանյան կայսրությունում, փրկվեց ժանտախտով վարակվելուց, քանի որ ապաստան գտավ Մարմարա ծովում՝ Ստամբուլի հարավ-արևելքում գտնվող Իշխանական կղզիներից ամենամեծը հանդիսացող, Ստամբուլից 6 ժամվա հեռավորության վրա գտնվող Պրինկիպոս կղզում։ Նա հայտնում է Ստամբուլում կարանտինային օրենքների անբավարար խստության մասին, և հայտարարում, որ թուրքերը իրենց կրոնից՝ իսլամից ելնելով «ճակատագրապաշտներ» են։ 

Մոտ մեկ ու կես դար անց նույնիսկ խոհեմ Դեֆոն Լոնդոնի ժանտախտի մասին պատմող իր վեպում գրում է, որ թուրքերն ու մահմեդականները «հավատում էին նախախնամության գաղափարին և նրան, որ յուրաքանչյուր մարդու վերջը կանխորոշված է»։ Համաճարակի մասին իմ վեպը կօգնի ինձ դիտարկել իսլամական ճակատագրապաշտությունը աշխարհիկության և  արդիականության համատեքստում։ 

Ճակատագրապաշտ լինեն, թե ոչ, հատկապես Օսմանյան կայսրությունում պատմականորեն միշտ էլ քրիստոնյաներից ավելի դժվար է եղել համոզել մահմեդականներին համաճարակի ընթացքում կարանտինային միջոցառումների նկատմամբ հանդուրժողականություն դրսևորել։ Կոմերցիոն շարժառիթներով պայմանավորված բողոքի ցույցերը, որոնք կազմակերպում  էին  խանութպաններն ու տարբեր կրոնների պատկանող գյուղական բնակչությունը, երբ կարանտինի դեմ դիմակայությունը լարվում էր, մուսուլմանական համայնքում ունեին մի երանգ ևս, որը պայմանավորված էր կանանց զսպվածության և ընտանեկան անձեռնմխելիության հարցերով։ 19-րդ դարի սկզբին մուսուլմանական  համայնքը պահանջում էր մուսուլման բժիշկներ, քանի որ նույնիսկ Օսմանյան կայսրությունում այդ ժամանակ բժիշկների մեծամասնությունը քրիստոնյաներ էին։

Սկսած 1853թ, քանի որ շոգենավով ճամփորդելը գնալով էժանանում էր, դեպի մուսուլմանական սուրբ հողեր՝ Մեքքա և Մեդինա ճամփորդող ուխտավորները դառնում էին տարբեր վարակիչ հիվանդությունների ակտիվ կրողներն ու տարածողները։ 20-րդ դարի վերջին, ուխտավորների հոսքը դեպի Մեքքա և Մեդինա և այնուհետև հետդարձը դեպի իրենց երկրները վերահսկելու համար բրիտանացիները ստեղծեցին աշխարհի ամենամեծ կարանտինային գրասենյակը Եգիպտոսում՝ Ալեքսանդրիայում։ 

Պատմական այս զարգացումները պատճառ եղան, որպեսզի տարածվեն մուսուլմանական «ճակատագրապաշտության» վերաբերյալ  կարծրատիպերն ու կանխակալ կարծիքներն առ այն, որ մուսուլմաններն ու Ասիայի մյուս բնակիչներն  են  վարակիչ հիվանդությունների միակ սկզբնաղբյուրն ու կրողը։ 

Ֆյոդոր Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպի գլխավոր հերոս Ռասկոլնիկովը վեպի վերջնամասում, երբ երազ է տեսնում համաճարակի մասին, խոսում է գրական այս նույն ավանդույթի շրջանակներում․ «Նա անրջում էր, որ իբր թե ողջ աշխարհը մատնված է մի նոր սարսափելի ու տարօրինակ համաճարակի, որը Եվրոպա էր եկել Ասիայի խորքերից»։

17-րդ և 18-րդ դարերի քարտեզներում Դանուբ գետը նշված էր որպես Օսմանյան կայսրության քաղաքական այն սահմանը, որտեղից համարվում էր, թե սկսում է Արևմուտքը։ Սակայն այս երկու աշխարհների միջև մշակութային և մարդաբանական սահմանը որոշեց ինքը՝ համաճարակը և այն փաստը, որ, ժանտախտով վարակվելու հավանականությունը շատ ավելի մեծ էր Դանուբից արևելք ընկած հատվածում։ Այս ամենն ամրապնդեց ոչ միայն այդքան հաճախ արևելյան և ասիական մշակույթներին վերագրվող բնածին ճակատագրապաշտության գաղափարը, այլև կանխակալ այն տեսակետը, համաձայն որի՝ ժանտախտն ու այլ համաճարակները սովորաբար սկզբնավորվում են Արևելքի ամենամութ ետնախորշերից։

Պատկերը, որը մենք ստանում ենք պատմական բազմաթիվ լոկալ իրադարձություններից, մեզ ցույց է տալիս, որ նույնիսկ ամենամեծ համաճարակների ժամանակ Ստամբուլի մզկիթները շարունակել են անցկացնել հուղարկավորության արարողություններ, սգավորները այցելել են միմյանց՝ ցավակցելու և արցունքոտ գրկախառնությունների համար, և մարդիկ ավելի շատ մտահոգված են եղել հաջորդ հոգեհանգստին պատշաճ պատրաստվելով, քան համաճարակի աղբյուրն ու տարածման եղանակը հասկանալու խնդրով։ 

Այնուամենայնիվ, ներկայիս թագավարակի համաճարակի ընթացքում թուրքական իշխանությունները, աշխարհիկ մոտեցում ցուցաբերելով, արգելեցին համաճարակի հետևանքով մահացածների հուղարկավորության  արարողությունը, ինչպես նաև ուրբաթ օրերին մզկիթները փակելու վերաբերյալ որոշում ընդունեցին, քանի որ հավատավորները կանոնավոր կերպով մեծ խմբերով կհավաքվեին շաբաթվա գլխավոր աղոթքին մասնակցելու համար։ Թուրքերը չընդդիմացան այս միջոցառումներին։ Որքան էլ մեծ լինի մեր վախը, այն միևնույն ժամանակ իմաստուն և համբերատար է։

Որպեսզի այս համաճարակից հետո ավելի լավ աշխարհ ստեղծվի, մենք պետք է պահպանենք և սնուցենք ներկա պահի խոնարհության և համերաշխության զգացումները։

Բնօրինակի հեղինակ՝ The New York Times, Orhan Pamuk


Անահիտ Կարապետյան (Anahit Karapetyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: