Թուրքիան և Իսլամական համագործակցության կազմակերպությունը | Մաս 3

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արծարծումները ԻՀԿ-ում

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ԻՀԿ 13-րդ գագաթնաժողովում Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ ընդունված բանաձևերն ու կոնտակտային խմբի ստեղծումը իրենց վրա սևեռեցին հայ հասարակության ուշադրությունը, ինչը առիթ հանդիսացավ, որպեսզի սույն վերլուծության շրջանակներում անդրադառնանք նաև Արցախյան հիմնահարցին: Ստորև կփորձենք ներկայացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ Իսլամական համագործակցության կազմակերպության դիրքորոշումը և թուրքական ներգրավվածությունը այս խնդրում:

Այսպես, 2008 թ. մարտի 13-14-ը Դաքարում տեղի ունեցած ԻՀԿ գագաթնաժողովի ժամանակ ընդունվեց ԻՀԿ՝ «Հայաստանի Հանրապետության ագրեսիան ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության» վերնագրով № 10/11 բանաձևը, որով կազմակերպությունը դատապարտում էր Հայաստանին Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման, նրա տարածքի 20%-ի բռնակցման մեջ, իսկ Ադրբեջանի օկուպացված տարածքում ադրբեջանցի քաղաքացիների նկատմամբ գործողությունները որակվում էին որպես մարդկության դեմ հանցագործություն: Բանաձևը վերահաստատում էր 2003 թ. ԻՀԿ-ի 10-րդ գագաթնաժողովում ընդունված № 21/10 բանաձևը, մասնավորապես դրանում ընդգրկված այն կետը, որը կոչ էր անում ՀՀ-ին իրականացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի №822, 853, 874 և 884  բանաձևերը: ԻՀԿ №10/11 բանաձևի բովանդակությունը կրկնվում էր նաև կազմակերպության Արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ Դուշանբեում տեղի ունեցած 37-րդ ամենամյա նստաշրջանի ժամանակ ընդունված №10/37 բանաձևում: Փաստաթուղթը բաղկացած էր ԼՂ հակամարտությանը վերաբերող երեք բանաձևից, որոնցից առաջինը առնչվում էր քաղաքական խնդիրներին՝ Հայաստանին որակելով որպես ագրեսոր կողմ, երկրորդ բանաձևով քննարկվում էր ԻՀԿ անդամ երկրների կողմից ցուցաբերվելիք ֆինանսական և տնտեսական աջակցությունը ագրեսիայի զոհ դարձած կողմին, իսկ երրորդ բանաձևը դատապարտում էր Ադրբեջանի պատմական տարածքում իսլամական հուշարձանների ոչնչացումը:

Այս բոլոր բանաձևերում բազմիցս նշվում էր, որ ԻՀԿ-ն և նրա անդամ պետությունները պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռք առնեն իրենց՝ ՄԱԿ-ում և արտասահմանյան այլ երկրների ներկայացուցչություններում պաշտպանելու Ադրբեջանի շահերը և խթանելու խնդրի «արդարացի» լուծմանը: Բացի այդ, նրանք կոչ էին անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ճանաչել այն փաստը, որ Հայաստանը հանդիսանում է ագրեսոր կողմ: ԻՀԿ անդամ-պետությունները պետք է զերծ մնան Հայաստանին ցանկացած տեսակի օգնություն տրամադրելուց, հատկապես ռազմական օժանդակություն, ինչպես նաև թույլ չտան սեփական տարածքով երրորդ պետության կողմից զենքի մատակարարումը:

Փաստորեն ԻՀԿ-ն դարձավ այն միակ կազմակերպությունը, որը պաշտոնական մակարդակով Հայաստանի Հանրապետությանը որակում է որպես ագրեսոր պետություն: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ Ադրբեջանը փորձում է խորացնել հարաբերությունները ԻՀԿ-ի հետ, և եթե նախքան Իհսանօղլուի պաշտոնավարումը Ադրբեջանը չուներ ազդեցիկ հեղինակություն կազմակերպության մեջ, ապա այդուհետ նրան այդ հարցում մեծապես աջակցում էր և աջակցում է Թուրքիան: Մասնավորապես դա երևում է Իհսանօղլուի՝ “Trend» լրատվական գործակալությանը տրված հարցազրույցում, որտեղ թուրք գործիչը կարևորում է այն, որ Ադրբեջանը առավել ակտիվ գործունեություն է ծավալել կազմակերպության շրջանակներում 2005 թ.-ից ի վեր: Նրա խոսքերով «ԻՀԿ-ն ողջունում է ՄԱԿ-ի ԱԽ-ում Ադրբեջանի ընտրությունը՝ նշելով, որ նման կարգավիճակ ստանալու հարցում մեծ դեր է խաղացել Ադրբեջանի համագործակցությունը ԻՀԿ-ի հետ»:

Թուրքիայի և Ադրբեջանի ջանքերի արդյունքն էր նաև այն, որ 2010 թ. ԻՀԿ արտգործնախարարների նստաշրջանից հետո ԼՂ հիմնախնդիրը մտավ ԻՀԿ օրակարգային խնդիրների շարք. այն պետք է շարունակական ձևով քննարկման դրվեր ԻՀԿ հանդիպումների ժամանակ:

ԻՀԿ շրջանակներում թուրք-ադրբեջանական դիվանագիտության վերջին նախաձեռնությունը 2016 թ. ապրիլի 13-15-ը Ստամբուլում տեղի ունեցած 13-րդ գագաթնաժողովի ժամանակ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արծարծումն էր: ԻՀԿ այժմյան գլխավոր քարտուղար Իյադ Էմին Մեդենին դեռ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ խնդրի առնչությամբ իր մտահոգությունն էր հայտնել` դատապարտելով հայկական կողմին ադրբեջանական տարածքների օկուպացիայի մեջ և վերահաստատել էր ԻՀԿ դիրքորոշումը՝ բռնակցված տարածքներից հայկական ուժերի անհապաղ, անվերապահ և լիակատար դուրսբերման մասին: Նման կոշտ դիրքորոշումը, մեր կարծիքով, պայմանավորված էր այն հանգամանքով, որ առաջիկա գագաթնաժողովը կազմակերպվում էր Թուրքիայի կողմից և պարզապես նրան սիրաշահելու միտում ուներ:

Գագաթնաժողովի արդյունքում ընդունված հռչակագրի 16-րդ և 17-րդ կետերը վերաբերում են ԼՂ հակամարտությանը: 16-րդ կետով վերահաստատվում են նախորդ տարիների ընդունված բանաձևերը՝ կապված Հայաստանի ագրեսիայի, Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու, ՄԱԿ-ի 1993 թ. բանաձևերի համաձայն խնդրի լուծման հետ:

Մյուս կետում ասվում է. «Կոնֆերանսը խստորեն դատապարտում է հայկական ուժերի կողմից իրականացվող շարունակական հարձակումները, որոնց արդյունքում տուժել է քաղաքացիական բնակչությունը, հարձակման են ենթարկվել մզկիթները, զոհվել են աղոթող հավատացյալ մարդիկ, և ավերվել են սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքները: Կոնֆերանսը աջակցում է Ադրբեջանի՝ այս հարձակումներին արձագանքելու և իր խաղաղ բնակչությանը պաշտպանելուն ուղղված ջանքերին: Կոնֆերանսը կոչ է անում ուժեղացնել ճնշումը Հայաստանի վրա՝ քաղաքական, տնտեսական և այլ հարկադրական միջոցներով, որպեսզի ագրեսորը ենթարկվի ԻՀԿ-ի պահանջներին և որոշումներին»:

Նման ձևակերպումից պարզ է դառնում, որ թուրքական դիվանագիտությունը ղարաբաղյան հակամարտությանը ուզում է տալ կրոնական ենթատեքստ, հետևաբար տեղավորել խնդիրը ոչ միայն հակամարտության կարգավորման, այլև իսլամի պաշտպանությանն ուղղված պայքարի շրջանակներում և այդպիսով ստանալ մուսուլմանական երկրների աջակցությունը: Այս հռչակագրի քաղաքական բնույթը էականորեն տարբերվում է նախորդ բանաձևերից նրանով, որ այստեղ ընդհանրապես չի հիշատակվում ԵԱՀԿ Մինսկի խմբի անունը, մինչդեռ նախորդ դեպքերում հակամարտության լուծումը դիտվում էր Մինսկի խմբի շրջանակներում, մասնավորապես՝ Լիսաբոնյան գագաթնաժողովի սկզբունքների կիրառմամբ:

Բացի այդ, հռչակագիրը կոչ է անում անդամ-պետություններին արդյունավետ միջոցներ ձեռնարկել, այդ թվում նաև՝ ազգային օրենսդրությամբ սահմանված, որոնք թույլ չեն տա զենքի մատակարարումը Հայաստան, ինչպես նաև կխոչընդոտեն անդամ-պետությունների տարածքում քաղաքացիական և իրավական անձանց այնպիսի գործունեությունը, որը դեմ է Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Փաստորեն, ասվածից կարելի է ենթադրել, որ նման քայլով Թուրքիան փորձում է հակազդող մեխանիզմ ստեղծել ոչ մուսուլմանական երկրների խորհրդարաններում Լեռնային Ղարաբաղի հնարավոր ճանաչման դեմ:

Մյուս մեխանիզմն էլ Ղարաբաղի խնդրով զբաղվող կոնտակտային խմբի ձևավորումն է արտգործնախարարների մակարդակով, որով Թուրքիան նպատակ է հետապնդում ընդգրկել արաբական ազդեցիկ երկրներին հակամարտության լուծման մեջ՝ համաձայն ՄԱԿ-ի 1993 թ. բանաձևերի:

Փորձելով գնահատել թուրք-ադրբեջանական դիվանագիտական այս մանևրները` նշենք, որ դրանք տեղի ունեցան ադրբեջանական հարձակման բացահայտ ձախողումից հետո: Ուստի անհրաժեշտ էր այդ ռազմական ձախողումը ինչ-որ կերպ կոմպենսացնել դիվանագիտական ճանապարհով: Նման առիթ էր ԻՀԿ-ի գագաթնաժողովը, որտեղ հակահայկական հայտարարություններով թուրք-ադրբեջանական կողմը ցանկանում էր ցուցադրել իբրև թե ողջ մուսուլմանական աշխարհը դատապարտում է հայկական կողմի ագրեսիան և սատարում է Ադրբեջանին: Ինչ վերաբերում է կոնտակտային խմբին, հիշենք, որ Թուրքիան միշտ էլ ցանկություն է հայտնել ընդգրկվել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատում: Քանի որ դա նրան չի հաջողվել, Թուրքիան այժմ փորձում է այս տարբերակով միջնորդական առաքելություն ստանձնել Լեռնային Ղարաբաղի հարցում և, հակազդելով ԵԱՀԿ Մինսկի խմբին, հակամարտությանը տալ առավել «արդյունավետ և արդարացի լուծում»:

Կարծում ենք, որ բարձրագոչ այս հայտարարությունների տեղափոխումը գործնական հարթություն այնքան էլ իրատեսական չէ` հաշվի առնելով այն փաստը, որ Իսլամական համագործակցության կազմակերպությունը հակամարտությունների լուծման ուղղությամբ երբևէ լուրջ հաջողություններ չի գրանցել: Այնուամենայնիվ, Հայասատանի Հանրապետությունը ոչ թե պետք է անտեսի այս կազմակերպության նշանակությունը միջազգային ասպարեզում ու հատկապես մուսուլմանական աշխարհում, այլ շարունակի համագործակցել և դիվանագիտական արդյունավետ գործունեություն ծավալել ԻՀԿ անդամ այն պետությունների հետ, որոնք կարող են կազմակերպության մեջ հակակշիռ լինել Թուրքիային:

Ամփոփելով մեր վերլուծությունը՝ կարող ենք կանխատեսել, որ Թուրքիայի՝ առաջնորդական դիրքեր ստանձնելու հավակնությունները վաղ թե ուշ հանգեցնելու են նման հավակնություններ ունեցող այլ ազդեցիկ երկրների (Սաուդյան Արաբիա, Պակիստան, Իրան) դիմակայությանը: Թուրքիայի իսլամական ակտիվ քաղաքականությունը մտահոգիչ է հատկապես Սաուդյան Արաբիայի համար: Լինելով արաբական աշխարհի առաջնորդ և շարիաթով ղեկավարվող դասական իսլամական պետություն` Սաուդյան Արաբիան խիստ բացասական է վերաբերվում նրան, որ Թուրքիան փորձում է մուսուլմանական երկրներ արտահանել իսլամի և աշխարհիկ պետության համատեղելիության թուրքական մոդելը և իր վրա վերցնել տարածաշրջանի կոնֆլիկտների լուծման միջնորդի դերը: Այդ դեպքում հարց է առաջանում` ինչու է այսօր Սաուդյան Արաբիան զուսպ և սպասողական դիրքորոշում որդեգրել Թուրքիայի նկատմամբ: Պատճառը թերևս այն հայտնի իրողությունն է, որ ընդհանուր թշնամու առկայությունը մերձեցնում է հակառակորդներին: Սաուդյան Արաբիա-Թուրքիա ժամանակավոր դաշինքը էապես ազդեց Թունիսում, Եգիպտոսում, Լիբիայում, Սիրիայում քաղաքացիական պատերազմների և հեղաշրջումների վրա: Մրցակիցների այս դաշինքը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ լուծված չէ սիրիական հակամարտությունը, իսկ մյուս կողմից էլ այն նպատակ ունի հակազդել Իրանի Իսլամական Հանրապետությանը, որը ևս իսլամական աշխարհում առաջնորդական դիրքեր ստանձնելու նպատակներ ունի: Հակաիրանական կետեր էին ներառված անգամ ԻՀԿ 13-րդ գագաթնաժողովի հռչակագրում, մասնավորապես, որ  Իրանը աջակցում է միջազգային ահաբեկչությանը, միջամտում է տարածաշրջանի և կազմակերպության անդամ երկրների` Բահրեյնի, Եմենի, Սիրիայի և Սոմալիի ներքին գործերին:

Փաստորեն, վերջին տարիներին կազմակերպության բարեփոխումները հիմնականում մակերեսային և կառուցվածքային խնդիրներ լուծեցին: Այսօր ԻՀԿ-ն չի կարողանում կարգավորել իր անդամների միջև առկա կոնֆլիկտները: Ավելին, վերոնշյալ խնդիրների պատճառով դրանք հետագայում ավելի սրվելու միտումներ ունեն:

Գրականություն

 
  1. Final communique of the 13th Islamic summit conference
  2. “Organization of Islamic Conference. Resolutions on Political Affairs Adopted By The Eleventh Session Of The Islamic Summit Conference” (Pdf)
  3. “Organization of Islamic Conference. Resolution No. 10/37-Pol On The Aggression Of The Republic Of Armenia Against The Republic Of Azerbaijan” (PDF).
  4. http://www.oic-oci.org- Իսլամական համագործակցության կազմակերպության պաշտոնական կայքէջ

Հեղինակ՝ Արմինե Մուրադյան (Armine Muradyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են


Ընթերցե՛ք նաև

  1.  Թուրքիան և Իսլամական համագործակցության կազմակերպությունը | Մաս 1
  2.  Թուրքիան և Իսլամական համագործակցության կազմակերպությունը | Մաս 2
Միջազգային հարաբերությունների մագիստրոս, հետաքրքրությունների շրջանակը՝ թուրք-ամերիկյան հարաբերություններ, ցեղասպանագիտություն, համաշխարհային քաղաքական արդի գործընթացներ։