Միլոշ Ֆորման
«Թռիչք կկվի բնի վրայով», «Հրշեջների պարահանդես», «Ամադեուս» և ռեժիսորի  նշանակալից այլ ֆիլմերը
Անտոն Դոլինի ընտրությունը

Հանգստյան օրերին «Մեդուզա»-ի «Տնային կինոթատրոն» խորագրի ներքո խորհուրդներ են հրապարակվում բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ինքնամեկուսացման ժամանակ ուսումնասիրել կինոյի պատմությունը։ Այս մասը նվիրված է Միլոշ Ֆորմանի ֆիլմերին` «Շիկահերի սիրային արկածներ», «Հրշեջների պարահանդես», «Հատում», «Թռիչք կկվի բնի վրայով», «Ամադեուս»։ Կինոքննադատ Անտոն Դոլինը պատմում է, թե ինչպես է կինոյի չեխոսլովակացի աստղը  դարձել Արևելյան Եվրոպայի  ամենանշանավոր առաջին ռեժիսորներից մեկը, այնուհետև մեկը մյուսի հետևից ստացել երկու «Օսկար» և մտել կինոյի պատմության մեջ։ 

Շիկահերի սիրային արկածները (1965 թվական) 

Մեծագույն անարդարություն․ Արևելյան Եվրոպայի ամենատաղանդավոր ռեժիսորներից մեկը՝ Չեխոսլովակիայի կինոյի «Նոր ալիքի» իսկական աստղ Միլոշ Ֆորմանը նույնիսկ պատմականորեն և սոցիալ-մշակութային առումով մոտ հարևան Ռուսաստանում առավել հայտնի է ամերիկյան ժամանակաշրջանի ֆիլմերից։ Իհարկե, ոչնչով չես կոծկի «օսկարակիր» «Թռիչք կկվի բնի վրայով» և «Ամադեուս» ֆիլմերի ցնցող տպավորությունը, որոնք դուրս էին եկել ուշ խորհրդային վարձույթ։ Այնուամենայնիվ, Ֆորմանը հայտնի դարձավ 1960-ականներին ՉՍՍՀ-ում նկարահանված, իրենց անմիջականությունը հրաշքով պահպանած և դեռևս չհնացած այլ կինոնկարներով: 

Ֆորմանը, ում հայրն ու մայրը մահացել էին նացիստական համակենտրոնացման ճամբարներում (ավելի ուշ պարզվել է, որ իր կենսաբանական հայրը գաղթել և բնակվում է ԱՄՆ-ում), ի սկզբանե համարում էր իրեն ճակատագրի կողմից երես տրված։ Իր  «Մրցակցություն» նորարարական վավերագրական ֆիլմի հաջողությունից և լիամետրաժ դեբյուտի՝ «Սև Պյոտրի» հսկայական հաջողությունից հետո (ամաչկոտ պատանու մասին ֆիլմը  Լոկառնոյում անսպասելիորեն ստացավ «Ոսկե ընձառյուծ») եկավ ժամանակը «Շիկահերի սիրային արկածների» համար․ վիրտուոզ և ինքնատիպ ֆիլմ, որում ձևավորվեց ռեժիսորի հասուն ոճը։ Նկարահանելով ոչ պրոֆեսիոնալ դերասանների, օգտագործելով իմպրովիզացիա, իր ամենամոտ ընկերոջ և մշտական օպերատոր Միրոսլավ Օնդժիրչեկի օգնությամբ պատկերելով  դարաշրջանի թռչող ոգին՝ Ֆորմանը մեղմությամբ և հեգնանքով հետևում է իր հերոսուհու՝  մարզային Զրուչ-նադ-Սազավո քաղաքի կոշիկի ֆաբրիկայի միամիտ, երիտասարդ մի աշխատողի դժբախտ արկածներին։ 

Շիկահեր Անդուլան (Հանա Բրեյխովայի ամենահայտնի դերը` ավելի հայտնի դերասանուհի Յանա Բրեյխովայի քրոջ, ում հետ Ֆորմանը ամուսնացած էր 1960-ականների սկզբին) հավատարիմ է իր ընկերոջը, որ նրան էր նվիրել ադամանդե մատանի, այնուհետև մեկ ամսով անհետացել հորիզոնից։ Զինվորականները ժամանում են գործարանային քաղաք, որտեղ տասնվեց աղջկան հասնում էր մեկ տղա, բայց երիտասարդ գեղեցիկ տղամարդկանց փոխարեն հիասթափված կին աշխատողները տեսնում են ճաղատացած և կարճատես պահեստայինների։ Անդուլան հետաքրքրվում է դաշնակահարով, որ նվագում է պարային երեկույթում, ապա նրանք հայտնվում են նույն անկողնում։ Իրականում, ֆիլմի առաջին կեսը հենց այդ երեկոն է` լի հմայիչ մանրամասներով և զվարճալի անհարմարություններով։ Երկրորդը մեկ այլ երեկո է, որը Անդուլան Պրահայում կանցկացնի երաժիշտի ծնողների հետ. նա միանգամից ժամանում է  ճամպրուկով և երաժիշտը դժվարությամբ է նրան ճանաչում։ Հայտնի դարձավ այն տեսարանը, որտեղ երիտասարդի վրդովված մայրը նրան արգելում է քնել իր սենյակում, որտեղ քնում է հյուրը։ Դրա փոխարեն ստիպում է նրան ծնողների հետ քնել. արդյունքում` չորսն էլ  չեն կարողանում քնել։ 

Այս թեթև, զվարճալի և չափազանց տխուր կինոնկարը սիրո անցողիկության մասին չեխական կինոյի խորհրդանիշներից մեկն է։ 

Հրշեջների պարահանդեսը (1967 թվական)

Ֆիլմի բնօրինակի վերնագիրն ավելի տարօրինակ է. «Այրվի՛ր, սիրելի՛ս»։ «Շիկահերի սիրային արկածներ»-ի գաղափարը Ֆորմանի մոտ ծնվեց, երբ նա Պրահայում հանդիպեց ճամպրուկով շփոթված մի աղջկա, որ փնտրում էր իր սիրեցյալին․ նա աղջկան  տվել էր խոստումներ և գոյություն չունեցող հասցե։ «Հրշեջների պարահանդես»-ի գաղափարը ծագում է այն ժամանակ, երբ նա պատահաբար հայտնվում է պարային երեկույթում, որը կազմակերպել էր գավառական հրշեջների թիմը։ Այս անմոռանալի փորձից հետո ծնվեց ամենախստապահանջ (պահպանված է վայրի, ժամանակի և գործողության միասնությունը), բայց նաև Ֆորմանի ամենաազատ և ոգեշնչող ֆիլմը, որում առավելապես ներգրավված են ոչ թե արհեստավարժ  դերասաններ, այլ իրականում հենց նույն հրշեջները։ 

Ինչեր ասես, որ չկան այդտեղ։ Միջոցառման նախապատրաստումը սկսվում է աղետից և ավարտվում ավելի վատ աղետով։ Գեղեցկության մրցույթը դառնում է սկանդալի պատճառ։ Վիճակախաղի վիճակահանության փորձը հանգեցնում է  մրցանակային ամբողջ ֆոնդի թալանմանը անհայտ անձանց կողմից։ Սա չափազանց զվարճալի կատակերգություն է, որը ավարտվում է բարձր ողբերգությամբ։ Իշխանությունները «Հրշեջների պարահանդեսը» թշնամաբար ընդունեցին և արգելեցին կինոնկարը` նրա մեջ երգիծանք գտնելով սոցիալական համակարգի հանդեպ։ Գոհ չէր նաև ազդեցիկ պրոդյուսեր Կառլո Պոնտին, որ ներդրել էր իր գումարը այդ կինոնկարում և տեսավ հասարակ մարդու հանդեպ ծաղր։ 

Ֆորմանին ավելի նվաստացնելու համար քննարկումով հատուկ դիտում կազմակերպվեց հենց Վրխլաբիում, որտեղ նկարահանվել էր ֆիլմը. նրանք ենթադրում էին վերջնական հարված տալ «Հրշեջների պարահանդես»-ի դերասանների և հերոսների կողմից։ Բոլորի համար անսպասելիորեն հանդիսատեսը հիացած էր, կինոնկարը դիմավորեց  ծիծաղի պայթյուններով և ծափահարություններով, իսկ ավագներից մեկը` հրշեջ Նովոտնին, զգացմունքային ելույթ ունեցավ։ Նրա կարծիքով Ֆորմանը չի խտացրել գույները, այլ ցույց է տվել իրական իրադարձությունների բավականին մեղմ տարբերակ։ Ամբողջ քաղաքը հիշում էր, թե ինչպես է Իրժիի մոտ այրվել այծերով գոմը, որովհետև հարբած բրիգադը կանչի էր դուրս եկել՝ մոռանալով հրդեհային պոմպը և բացի այդ, տեղապտույտ տվել սառույցի վրա։ 

Հատում (1971 թվական) 

Երբ 1968 թվականին խորհրդային տանկերը մտան Պրահա, մի քանի ամիս առաջ նոր իշխանությունների կողմից թույլատրված «Հրշեջների պարահանդես»-ը կրկին արգելվեց: Իսկ Ֆորմանը, որն ուներ Արևմտյան Եվրոպա և Միացյալ Նահանգներ հաջող ուղևորությունների փորձ, որոշեց չվերադառնալ հայրենիք։ Նրա ամերիկյան առաջին ֆիլմը՝ «Հատում»-ը, հրաշալի էր։ Մի կողմից նա դիպուկ ընկել է ժամանակի ոգու մեջ` ցույց տալով հիպի սերունդը և իրենց շփոթված ծնողներին։ Մյուս կողմից, ըստ մեթոդի և կինոնկարի լեզվի (կինոնկարը նկարահանվել է նույն Օնդրժիչեկի կողմից), «Հատում»-ը ուղղակիորեն շարունակում է Ֆորմանի չեխական շրջանը։ Ընդ որում, ֆիլմի առաջին կեսը՝ ոչ պրոֆեսիոնալ երգչուհիների ֆանտաստիկ հուզիչ և զվարճալի լսումները, ուղղակիորեն հղում է «Մրցույթի»-ն։ Հետաքրքիր է երիտասարդ մասնակիցների մեջ ճանաչել ապագայում հայտնի երգչուհի Կարլի Սիմոնին և դերասանուհի Քեթի Բեյթսին։ 

15-ամյա Ջինին ծնողներից գաղտնի փախչում է այս մրցույթին։ Բայց «Հատումը»` պատմություն է ոչ թե նրա մասին, այլ՝ նրա հոր (նրա դերում խաղում է սցենարիստ և դերասան Բաք Հենրին` Ռոբերտ Ալթմանի, Մել Բրուքսի և Մայք Նիքոլսի դաշնակիցը) և մոր (նրա դերում է Լին Կարլին, Ջոն Կասավետեսի «Դեմքեր»-ի աստղը)։ Նրանք ոչ միայն խելագարի պես անհանգստանում են անհետացած դստեր համար, այլև ապարդյուն փորձում են հասկանալ, թե ինչի է նա ձգտում։ Որոնելիս ծնողները գտնում են «բախտակից» ընկերների` այլ հայրերի և մայրերի, որոնք գաղափար չունեն, թե որտեղ են գտնվում իրենց դեռահաս երեխաները։ Այնուամենայնիվ, սերունդների պայքարի մասին սովորական պատմությունից Ֆորմանը ստեղծում է ազատության պարադոքսալ պատմություն։ Դստեր բացակայության ժամանակ «նախնիները» խմում են, առաջին անգամ մարիխուանա են փորձում, երգեր են երգում, խաղում են պոկեր հանվելու վրա՝ այսպես ռեժիսորը անսպասելի հավասարության նշան է դնում պահպանողականների և ապստամբների, ծերերի և երիտասարդների միջև։ 

Սցենարի համահեղինակ էր Լուիս Բունյուելի մշտական գործընկեր Ժան-Կլոդ Կարյերը։ Ֆորմանի հետ նրանք երազում էին «Մազեր» ռոք-օպերայի էկրանավորման մասին, բայց այս նախագիծը ձախողվեց, և դրանից ծնվեց հիպի մշակույթի մասին մեկ այլ երաժշտական ֆիլմ՝ «Հատումը»։ Ի դեպ, էկրանից երգում են ոչ միայն լսումներին մասնակցող աղջիկները, այլև շատ երիտասարդ Այկ և Թինա Թըրներները։ Կաննում «Հատումը» ստացավ հեղինակավոր «Գրան պրի» մրցանակը, բայց ամերիկյան վարձույթում, չնայած խանդավառ քննադատություններին, այն հաջողություն չունեցավ։ Ինչ վերաբերում է «Մազեր»-ին, ապա այն կյանքի կոչվեց միայն ութ տարի անց։ 

Թռիչք կկվի բնի վրայով (1975 թվական)

Լեգենդար ֆիլմը շրջադարձային էր ոչ միայն Ֆորմանի կարիերայի, այլև ամբողջ ամերիկյան կինոյի համար։ Վարձույթի հիթը հավաքեց ավելի քան հարյուր միլիոն դոլլար (բյուջեն չորսից մի փոքր ավելին էր)։ Հնարավոր է՝ հոլիվուդյան կուռք Ջեք Նիքոլսոնի ամենահայտնի դերն էր, որը ինչ-որ իմաստով ծածկում է մասնագիտական կենսագրության՝  «Վայրի մրցավազք»-ից և «Անհոգ հեծյալ»-ից սկսված «ըմբոստ» շրջանը: «Օսկարի» հազվագյուտ դափնեկիրներից մեկը միանգամից հինգ առաջատար անվանակարգերում՝ լավագույն ֆիլմ, ռեժիսուրա, սցենար, դերասան և դերասանուհի (խոսքը վերաբերում է Լուիզա Ֆլեթչերին, ով պատմության մեջ հավերժ գրեց իր անունը` որպես Ռետչեդի քույր (այժմ ընդգրկված է համաշխարհային կինոյի գլխավոր չարագործների ցուցակում): 

Ընթերցողների շրջանում Քեն Քիզիի «Թռիչք կկվի բնի վրայով» վեպի հսկայական հաջողությունը հանգեցրեց մի շարք ադապտացիաների։  Ապստամբ Մակմյորֆիի դերը բեմում խաղացել է Քըրք Դուգլասը։ Գնելով էկրանավորման իրավունքը` նա գրեց Չեխոսլովակիայում երիտասարդ Ֆորմանին` վստահ լինելով նրա համաձայնությանը։ Նա մի շարք պատճառներով նույնիսկ չկարդաց նամակը։ Դուգլասը վիրավորվեց և հրաժարվեց այս գաղափարից, իսկ էկրանավորման իրավունքը փոխանցվեց նրա որդուն` Մայքլին․ վերջինս որոշ ժամանակ անց դիմեց Ֆորմանին, ով արդեն բնակվում էր Նահանգներում, և նա, իհարկե, համաձայնեց։ Մայքլ Դուգլասը, ի տարբերություն իր հոր, չէր պատրաստվում խաղալ ֆիլմում, բայց հենց այս ֆիլմի համար հետագայում ստացավ իր առաջին՝ պրոդյուսերական «Օսկարը»։ Ինչ վերաբերում է Քիզիին, ապա նա անմիջապես «անիծեց» Ֆորմանի ֆիլմը, սյուժեում կատարված բազմաթիվ փոփոխությունների և հատկապես պատմողական եղանակի համար (վեպը գրվել էր առաջին դեմքով, պատմողը այդտեղ Առաջնորդն էր, ում մինչև ֆիլմի կեսը դիտողները համարում էին թուլամիտ)։ Ճիշտ է, տարիներ անց նա խոստովանեց, որ կինոնկարը այդպես էլ չի դիտել։

Նիքոլսոնը «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմում խաղում է փոքրիկ իրավախախտի և ձևացնողի դեր, ով որոշել էր անչափահասի հետ սեռական հարաբերության համար ազատազրկման ժամկետը անցկացնել ոչ թե բանտում, այլ հոգեբուժարանում։ Աստիճանաբար ծանոթանալով հոգեբուժարանի բնակիչների հետ և այնտեղ տիրող խիստ կարգերին՝ մի քանի հիվանդների աջակցությամբ նա որոշում է կազմակերպել ոչ մեծ հեղափոխություն։ Խռովությունները հանգեցնում են ողբերգական հետևանքների։ Ֆորմանի համար ֆիլմը դարձավ ամբողջատիրական հասարակության դեմ անհատի պայքարի գլոբալ փոխաբերություն, հասարակություն, որի կանոններին նրա բնակիչները ինքնակամ հնազանդվում են։ Զգացմունքային հզորությունը, երկխոսությունների աֆորիզմային ոճը և ամեն գնով ազատություն լեյտմոտիվը «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմը միանգամից դարձրին  կուլտային։ 

Հատուկ հիշատակության են արժանի Հասկել Ուեկսլերի օպերատորական փայլուն աշխատանքը, որ նկարահանել էր Նիքոլսի, Կասավետեսի, Լուքասի և Մալիքի համար, և Ջեկ Նիցշեի, վաղ Rolling Stones-ի ստեղնաշարերի երաժշտի և Նիլ Յանգի ճնշող վերացական երաժշությունը, որոնք գրել են շատ հայտնի սաունդթրեքներ։ Նիքոլսոնից և Ֆլետչերից բացի` «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմը հայտնի է Բրեդ Դուրիֆի, Դենի դե Վիտոյի և Քրիստոֆեր Լլոյդի՝  հոգեբուժարանի հիվանդների կերպարներում խաղացող վառ ու տիպական դերերով։

Ամադեուս (1984 թվական)

Երբ «Ամադեուսը» տարվա լավագույն ֆիլմի համար (և ևս յոթ «Օսկարներով») պարգևատրվեց «Օսկարով», Միլոշ Ֆորմանը հայտնվեց ռեժիսորների էլիտար ակումբում, որոնք երկու անգամ էին արժանացել այդ մրցանակին։ 

Այս կինոնկարն անհնար է բնութագրել որպես միանշանակ եվրոպական կամ ամերիկյան։ Նրանում ակնհայտ  է հոլիվուդյան «մեծ ոճը» (իզուր չէ, որ մրցանակների արժանացան նաև բեմադրող, կոստյումների և դիմահարդարման նկարիչները), բայց նրա հերոսները, համահեղինակներն ու դերասանների մեծ մասը եվրոպացիներ են։ Ինչ-որ իմաստով «Ամադեուս»-ը կարելի է անվանել Ֆորմանի վերադարձը հայրենիք. նա նկարահանել է Պրահայում, որտեղ իսկապես նախկինում անցկացվել է «Դոն Ժուանի» պրեմիերան։ «Ամադեուս»-ում կան նաև ռուսական յուրօրինակ արմատներ` ի վերջո նախանձ-Սալիերիի լեգենդը, որ թունավորում է Մոցարտին, ճանաչում է ձեռք բերել Պուշկինի թեթև ձեռքով։ Հենց դա էր ելակետը բրիտանացի դրամատուրգ Փիթեր Շեֆֆերի համար, որի պիեսի հիման վրա էլ նկարահանվել է Ֆորմանի ֆիլմը։ 

«Ամադեուս»-ը չափազանց հեռու է տիպիկ կենսագրականից։ Իրենց Մոցարտին` միշտ ծիծաղող, թեթևամիտ, նյարդայնացնելու չափ տաղանդավոր, Շեֆերը և Ֆորմանը, ընդհանուր առմամբ, ստեղծել են դաժան, ծանրաքաշ, կեղծավոր Սալիերիին։ Առաջինի դերը խաղաց բրոդվեյան դերասան Թոմ Հալսը, երկրորդինը՝ Ֆ. Մյուրեյ Աբրահամը, տաղանդավոր դերասան, որ այդ ժամանակ արդեն հայտնի էր Բրայան դե Պալմայի «Սպիով դեմք»-ից։ Ֆորմանի համար «Ամադեուս»-ը հայեցակարգային հայտարարություն է հանճարի մասին` որպես բացարձակ ազատության, ինչը նկարչին դատապարտում է հարազատների կողմից սխալ ընկալման և վաղաժամ մահվան։ 

Այս ֆիլմը Ֆորմանի ռեժիսորական կարիերայի վերջին բարձունքը դարձավ։ Իր հաջորդ՝ «Վալմոն» աշխատանքի մեջ (Շոդերլո դը Լակլոյի «Վտանգավոր կապեր»-ի ազատ էկրանավորման), ռեժիսորը կրկին դիմել էր 18-րդ դարում Եվրոպայի կյանքից հեգնական կոստյումների կինեմատոգրաֆիային, բայց այդպիսի հաջողության չհասավ։ Նրա վերջին ֆիլմը՝ «Գոյայի ուրվականները», նույնպես մի տեսակ «Ամադեուսի» արձագանքն էր, չնայած դրանում մեծ նկարիչը ոչ թե գլխավոր, այլ երկրորդական հերոս էր։

Բնօրինակի հեղինակ՝ Антон Долин, Meduza


Թարգմանիչ` Անաստասիյա Հարությունյան (Anastasiya Harutyunyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։