Սահմանների վերանայում

Սահմանների վերանայում. ինչպիսին կլինեն միջազգային հարաբերությունները համավարակից հետո

Համավարակի ամենագլխավոր ուղերձներից մեկն այն է, որ աշխարհն իրականում բաժանված չէ այնպես, ինչպես այն բաժանում են իդեոլոգները: Բացի մեզ ծանոթ սահմանումներից, կարևոր են նաև ուրիշ իրողություններ, որոնք շատ բան են բացատրում, և արտաքին քաղաքականություն ձևավորելիս դրանք պետք է հաշվի առնել:

Համաշխարհային ցանկացած կանոնակարգ նոր հավասարակշռություն է, որն առաջացել է նախորդ ճգնաժամի արդյունքում: Յուրաքանչյուր հավասարակշռություն ունի իր շահառուն ու դժգոհություն արտահայտողը: Դժգոհողների համար հավասարակշռությունը անհավասարակշռություն է թվում, իսկ ցանկացած հաջորդող ճգնաժամ՝ գործող կարգը փոխելու հնարավորություն: Հարյուրամյակի ընթացքում ամենամասշտաբային համաճարակային և դրա հետ կապված տնտեսական ճգնաժամը հենց այդպիսի իրադարձություն է:

Գործող աշխարհակարգի շահառուները դրա համար միշտ բարոյական արդարացում են փնտրում: Այժմյանի արդարացումը դրա առաջնորդների մարդասիրությունն է: Արևմտյան ժողովրդավարությունները հավակնում են օրենքների և կողմնորոշիչների հաստատմանը հենց այն պատճառով, որ բոլորից շատ գնահատում են մարդկային կյանքն ու ազատությունը: Ամենուր պետությունը պատրաստ է զոհաբերել մարդուն հանուն իր նպատակների, իսկ իրենց մոտ պետությունը պատրաստ է իրեն զոհաբերել հանուն մարդու:

Համաճարակի ժամանակ, որը հանրային կարծիքը գիտնականների ներկայացրած փաստերի հիման վրա համարեց հարյուրամյակի ամենամեծ իրադարձությունը, աշխարհը սպասում է, որ առաջնորդ պետությունները կհաստատեն ղեկավարելու իրենց իրավունքները՝ ցուցաբերելով տեխնոլոգիական գերակշռություն, ինչպես նաև համաճարակի դեմ պայքարի ու կարիքավորների օգնության հարցում՝ ազատ, ժողովրդավար հասարակության առավելություններ:

Արևմտյան առաջնորդության բարոյական հենց այս հիմնավորմանը Covid-19 համաճարակը կարող է լուրջ հարված հասցնել: Համաճարակի իրական պատկերը չի համապատասխանում աշխարհի պարզ տարանջատմանը, որտեղ մի կողմում մարդասիրական արդյունավետ ժողովրդավարություններն են, իսկ մյուս կողմում՝ անմարդկային և անընդունակ  ավտորիտար վարչակարգերը:

Ավտորիտար և զարգացող խոշոր պետությունների համար, որոնք ձգտում են անկախ ձայն ունենալ համաշխարհային գործերում և կցանկանային կարգավորել համաշխարհային հասարակարգը իրենց օգտին, կարևոր է ցույց տալ, որ իրենք համաճարակից գլուխ են հանում ոչ ավելի վատ, նույնիսկ համաշխարհային առաջատարներից ավելի լավ:

Հենց այդ պատճառով էլ նրանց վիճակագրությունը և համաճարակի մասին նորությունները առաջին իսկ օրվանից կասկածի տակ են դրվել, հատկապես, երբ խոսքը զարգացող այն երկրների մասին է, որոնք հավակնում են տեղ գրավել կանոններ հաստատող և կողմնորոշիչներ առաջադրող երկրների շարքում։ Այդ երկրներից են Չինաստանը, Ռուսաստանը, Իրանը:

Նույն պատճառով, բացի բնական մարդասիրական դրդապատճառներից, Չինաստանը և Ռուսաստանը շտապում են հակավիրուսային օգնություն տրամադրել և՛ իրենց ավանդական դաշնակիցներին, և՛ արևմտյան ժողովրդավարներին՝ Իտալիային, Իսպանիային, նույնիսկ ԱՄՆ-ին: Օգությունն այստեղ ոչ միայն  համերաշխության բնական արտահայտումն է, այլև՝ փափուկ ուժի գործիք, հպարտանալու առիթ, հակառակորդի նկատմամբ որոշակի գերակայության դրսևորում:

Այստեղ մարդասիրական նկատառումներն, անկասկած, առկա են, բայց այն աշխարհում, որտեղ երկրները մրցակցում են մարդասիրության չափանիշներով, դրանք ակնհայտորեն գունավորված են քաղաքականությամբ: Ամեն դեպքում, մրցակցության այս չափորոշիչը, որը տրվել է արևմտյան քաղաքակրթության կողմից, աշխարհն ավելի լավն է դարձնում, քան, եթե դրա փոխարեն լիներ ճշմարիտ հավատքի, դասակարգային մաքրության չափորոշիչ և ուրիշ այլընտրանքային տարբերակներ:

Առանց արգելքնների համաշխարհային միջավայր

Վերջին շաբաթների և ամիսների ընթացքում միևնույն սյուժեները, մի երկրից մյուսը անցնելով, տիրող քաղաքական վարչակարգից անկախ, կրկնվում են ամբողջ աշխարհում: Սկզբում մենք տեսնում ենք իտալացի բժիշկներին՝ դիմակներից դեմքերին առաջացած կապտուկներով, նրանց հերոսական պայքարը հանուն հիվանդների, ժամերգության ժամանակ մահացող քահանաներին, ցուցահանդեսային կենտրոններ, որոնք վերածվել են հիվանդանոցների: Ապա նույն պատկերներն են գալիս Իսպանիայից, Բրիտանիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից և դրանից առաջ նաև Չինաստանից ու Իրանից: Նույնը վերաբերում է նաև մեկուսացմանն ուղղված միջոցառումներին, տնտեսության դադարեցմանը, անվտանգության համար հիմնական իրավունքների սահմանափակմանը և տարբեր երկրների քաղաքացիների՝ այդ միջոցառումներին դիմելու  պատրաստակամությանը:

Համաճարակի ընթացքը կարծես անտեսում է Արևմուտքի և ոչ Արևմուտքի միջև կարևորագույն սահմանը: Համաճարակը բացահայտում է բաժանող այլ գծերի գոյությունը, որոնք յուրովի և ոչ պակաս կարևոր են և, գլխավորը, ոչ պակաս ազդեցիկ են, քան ժողովրդավարությունների և ոչ ժողովրդավարությունների միջև սահմանը, որի բացառիկ նշանակությունը համառորեն պնդում են ներկայիս համաշխարհային առաջնորդները: Համաճարակին վերաբերող արձագանքներն այնքան քիչ են տարբերվում այս սահմանագծի տարբեր կողմերում, իսկ արդյունքների տարբերությունն այնքան քիչ է, որ դրա նշանակությունը՝ որպես գոյություն ունեցող ամեն ինչ նկարագրելու հիմնավոր եղանակ, կասկածի տակ է դրվում:

Համավարակը հնարավորություն է տալիս տեսնելու աշխարհի իրական կառուցվածքը: Կենսակերպը, ժամանցի ձևերը, առօրյա մշակույթը, որոնք ներթափանցեցին կառավարման մշակույթ, քաղաքական ծրագրերից ավելի կարևոր գտնվեցին: Շվեյցարիայի համաճարակային քարտեզը հիվանդության միանգամայն տարբեր պատկեր է ցուցադրում գերմանական, ֆրանսիական և իտալական շրջաններում, չնայած խոսքը մի երկրի մասին է, որն արտաքին սահմաններով ինքնամեկուսացել է:

Շվեդիան և Բելառուսը ժամանակավորապես պարադոքսային զույգի մաս կազմեցին: Համավարակից առաջ սեփական բնակչության հետ շվեդական ժողովրդավարական  կառավարության օրինակելի փորձը ավելի շուտ կցանկանային  տեսնել օրինակելի ինքնակալության իրականացմամբ: Պարզվեց, որ Հարավարևելյան Ասիայի կլիմայական առանձնահատկությունները ոչ պակաս կարևոր են Հյուսիսային Եվրոպայի քաղաքական և մշակութային առանձնահատկություններից:

Յուրօրինակ տեսք ունի Արևմտյան և Արևելյան Եվրոպայի միջև գտնվող սահմանը. ավելի հարուստ և զարգացած Արևմուտքն ավելի շատ տուժեց, և դեռևս պարզ չէ՝ ի՞նչն է այս տարբերության պատճառը՝ սոցիալիզմի ժամանակներից ժառանգած մանկական պատվաստու՞մը, թե՞ սոցիալիստական առողջապահության էլի ինչ-որ յուրահատկություններ, ինչպիսիք են մահճակալների մեծ քանակը բնակչության թվի հաշվով և հեշտությամբ հիվանդանոց պառկեցնելու սովորությունը այն դեպքերում, որոնք այլ երկրներում բավարար չեն հոսպիտալացման համար, սոցիալական նվազ շարժունակթյունը և առավել մեկուսի կենսակերպը:

Թվում է, թե համաճարակի դեմ պայքարում նշանակություն ունի այն, որ տեղի առողջապահական համակարգերը և արտակարգ իրավիճակները պահպանում են անցյալում իրենց տարածքում տեղի ունեցած պատերազմի մասին հիշողությունը և ապագայում դրան պատրաստ լինելը: Ինչը ստիպում է բարեկամանալ այնպիսի տարբեր երկրների, ինչպիսիք են՝ Հարավային Կորեան, Թայվանը, Ռուսաստանը, Գերմանիան, Վիետնամը:

Փլուզվեց ծերանոցային համակարգերի համբավը, որոնք զարգացած աշխարհում բնակիչների բարեկեցիկ ծերության հոմանիշն էին: Շվեդիայից և Բրիտանիայից մինչև Ռուսաստան ու Իտալիա դրանք վարակի օջախ դարձան, իսկ փախուստի դիմած անձնակազմից լքված, մի սենյակում իրենց մահացած հարևանների հետ ապրող իսպանացի ծերերը այս համակարգի վերաբերյալ որոշում կայացրին, որը դեռ պետք է իմաստավորել:

Նրանց երկրներում կարգապահությունը, օրինապահությունը, համերաշխությունը և ազգերի ազատասիրությունը կառավարման ներկայիս ձևից ավելի խորն են արմատավորված: Հարցումների ժամանակ հանուն անվտանգության ազատությունները սահմանափակելու գրեթե միանման պատրաստակամություն են ցուցաբերում ժողովրդավարության և ավտորիտարիզմի սահմանագծի երկու կողմերում գտնվող քաղաքացիները: Ընդ որում, այն ազգերը, որոնք ապրում են ավտորիտար իշխանության ներքո և, հետևաբար, ունեն ազատության կորստի փորձ, հաճախ առավել քիչ են պատրաստ այսպիսի փոփոխության, քան՝ ժողովրդավար պետությունների բնակիչները, իսկ ամենաազատասեր երկրներից մեկը, պարզվում է, կարգապահ և կոլեկտիվիստ Ճապոնիան է:

Քաղաքացիների և իշխանությունների միջև վստահությունն ու անվստահությունը նույնպես քիչ են համապատասխանում այդ սահմանին: Նրա երկու կողմում էլ ծաղկում է դավադրությունը, իսկ կրթության որակն այստեղ, կարծես, ավելի մեծ նշականություն ունի, քան ընտրությունների կանոնավորությունը:

Մեկուսացումը ցույց տվեց, որ Տոկիոյից և Ուհանից մինչև Վանկուվեր մարդկությունն ապրում է միատեսակ քաղաքակենտրոն մշակույթի ներսում, որի շրջանակում կարելի է հաղթահարել համաճարակը՝ մարդկանց փակելով տանը: Բայց Հիմալայներից հարավ՝ Սահարայում և Չիուաուա անապատում, այդ գործողությունը կարող է հասցեագրվել միայն հասարակության վերին խավերին և միայն խորհրդանշականորեն է կիրառելի քաղաքային ետնախորշերում ու կացարաններում մեկ հարկի տակ տասնյակ մարդկանցով բնակվող ավանդական ընտանիքների նկատմամբ: Համաձայն Անտոն Կրասովսկու դիպուկ արտահայտության՝ աշխարհը գործ ունի «վերակենդանացնող համաճարակի» հետ. նոր վարակի վտանգը ոչ թե չափից դուրս մահաբեր լինելու մեջ է, այլ՝ միաժամանակ աննախադեպ մեծաքանակ հիվանդների համար վերակենդանացման միջոցառումների անսովոր բարձր անհրաժեշտության: Այդ պատճառով էլ մեկուսանալու նպատակը՝ վերակենդանացման բաժանմունք ծանր հիվանդների հոսքը դադարեցնելը, իմաստ ունի միայն այն երկրներում, որտեղ բոլոր ծանր հիվանդներին ինտենսիվ բուժումով ապահովելու ձգտումը սկզբունքորեն հնարավոր է:

Պատճառը, որը ստիպում է հարավի աղքատ երկրներին կրկնել ավելի հարուստ երկրների ձեռնարկած միջոցառումները նույնիսկ այնտեղ, որտեղ արևմտյան տիպի մեկուսացումը փորձնականորեն անհասանելի է, համաշխարհային վերնախավի անդրսահմանությունն է, որը գրեթե կախված չէ այն պայմաններից, որի մեջ ապրում են իրենց ազգերը: Այդ խավի մեջ ներգրավված մնալու և պարկեշտ տեսք ունենալու համար հարկավոր է շարժվել այնպես, ինչպես բոլորը: Շվեդիան կարող է իրեն թույլ տալ լինել ոչ բոլորի նման հենց այն պատճառով, որ չի կարող հեռացվել համաշխարհային  վերնախավից: Շվեդիայի հետ այդ ամենը իրենց թույլ են տալիս նրանք, ովքեր այնտեղ ակնհայտորեն հրավիրված չեն՝  Թուրքմենստանի կամ Հյուսիսային Կորեայի նման երկրները: Համավարակը ստեղծեց նոր, առավել հրատապ սպառնալիքի սանդղակ:

Գլոբալ մասշտաբով գրեթե ամբողջությամբ կաթվածահար եղած ավիացիայի և ամբողջ աշխարհում փակված դպրոցների պայմանններում տրանսպորտի և արդյունաբերության դեմ Գրետա Թումբերգի դպրոցական շարժումը թվում է հեռավոր անցյալից եկած գեղարվեստական ակցիա: Եվ նույնիսկ միգրացիոն ճգնաժամը այնքան սարսափելի չէ, որքան թվում էր:

Անսպասելի քայլեր

Ոչ դեմոկրատական ռեժիմների ներքին և արտաքին քննադատները սովորաբար իրենց դիրքորոշումը հիմնավորում են նրանով, որ «նորմալ երկրներում» ամենի ինչ ակնհայտորեն ավելի լավ է: Ներկայիս համաճարակը շատ քիչ առիթ է տալիս այդպիսի քննադատության համար: ԱՄՆ-ում համաճարակի ընթացքը նկարագրող թվերը և պատկերները քիչ են համապատասխանում այն համակարգի առաջնորդի կոչմանը, որտեղ մարդկային կյանքը գլխավոր արժեքն է, և դժվար են համաձայնեցվում առաջատար գիտություն և տեխնոլոգիա ունեցող աշխարհի ամենահարուստ երկրի կարգավիճակի հետ: ԱՄՆ-ում պատկերը կարող էր փրկել դեղորայքների և պատվաստանյութերի հայտնագործումը, բայց այս ոլորտում կան շատ մրցակիցներ, և հաջողությունը դեռևս երաշխավորված չէ:

Նույնիսկ այնտեղ, որտեղ շուկայական տնտեսության մեջ հարուստ և փորձառու Արևմուտքն ուժեղ է բիզնեսին և ազգաբնակչությանը ֆինանսական աջակցություն ցույց տալու հարցում, բախվել է անսպասելի դժվարությունների: Ստացողները չեն ծախսում սպառողներին և տնտեսությանը օժանդակելու համար բաշխված գումարները, դրանք անշարժացել  են բանկերում, իսկ գործազուրկներին տրված միագումար օգնությունը այնքան մեծ է, որ վերջիններս չեն ցանկանում վերադառնալ  տնտեսություն, և այն վերակենդանացնել՝ ճգնաժամից դուրս գալու համար:

Մյուս կողմից՝ Արևմուտքի քաղաքական գործիչները և լրագրողները, ըստ ամենայնի, չէին սպասում, որ Վ. Պուտինն այդքան հեշտությամբ կտեղափոխի  իր իշխանությունը երկարաձգելուն կոչված հանրաքվեն, և Հաղթանակի շքերթը՝ Ռուսատանի ինքնահաստատման ամենամյա գագաթնակետը: Ռուսաստանում վարակման նախնական ցածր վիճակագրությունը բացատրեցին ոչ թե համաճարակի ուշ տարածմամբ  և,  ինչպես շատերի մոտ, թեստավորման քաոսով, այլ չեռնոբիլյան օրինակով գործելու և միջազգային հանրությանը թվերի մեջ խաբելու պարտադիր ձգտումով, որպեսզի կոծկեն անհրապույր  ճշմարտությունը:

Նրանք որոշակի խառնաշփոթի մեջ հայտնվեցին, երբ վարակման դեպքերի վիճակագրությունն սկսեց առաջ անցնել Արևմուտքից, քանի որ Պուտինը պետք է արգելեր նման բանը, և այժմ, մահացության ցածր տոկոսի մեջ են ելք փնտրում՝ չնայած սա բնորոշ է ոչ միայն Ռուսաստանին, այլև ողջ Կենտրոնական և Արևելյան Եվրոպային: Արևմտյան և Արևելյան Եվրոպայում համավարակի ընթացքի տարբերությունը  գլխավոր հանելուկներից մեկն է, և Ռուսաստանն այստեղ դիտվում է ոչ լավ, երբեմն նույնիսկ իր ոչ այնքան հարուստ հարևաններից՝ Հունաստանից մինչև Բալթյան երկրներ, ավելի վատ:

Թույլ ձեռք

Համավարակը հարված հասցրեց նաև ավտորիտար համակարգերի գերազանցության պրոպագանդիստներին: Ռուսաստանում շատերը սպասում էին ճգնաժամային իրավիճակներում ավտորիտար մոդելի առավելության ապացուցմանը, բայց դա չստացան:

Մենիշխանական ավտորիտար ռեժիմը թույլ էր հենց այնտեղ, որտեղ ենթադրում էին, որ նրա ուժը քաղաքացիներին կարգապահության ենթարկելու, զանգվածային արգելքների արագ հաստատման և դրանց խիստ վերահսկման մեջ է: Զարմանալի է հետևել, թե ինչպես են Ռուսաստանի բազմաթիվ մտահոգ բնակիչներ Պուտինին մատնանշում մեկուսացման խստությունն արևմտյան հասարակություններում, պահանջում են արտակարգ դրություն մտցնել և բժշկական ուժային գործողություն ծավալել, իսկ նա ոչ մի կերպ չի հանդգնում: 

Ավտորիտար կառավարությունները ոչ մի հատուկ առավելություններ չցուցաբերեցին այնտեղ, որտեղ նրանցից սպասում էին: Այն տեսակետը, որ փորձությունների ժամանակ կենտրոնացված ավտորիտար իշխանությունը առավել արդյունավետ և համարձակ է դեմոկրատական կառավարություններից, չհաստատվեց: Նույնիսկ Ռուսաստան-Ուկրաինա երկուստեք դիտարկման մեջ ընկղմված «գեոպատոլոգիական զույգի» շրջանակներում մեկը մյուսի նկատմամբ բացառիկ առավելություններ չնկատվեցին:

Ավտորիտար կառավարությունները նույնքան տարակուսած և համաճարակային ճգնաժամին անպատրաստ էին, որքան ժողովրդավարները, և նույնքան էլ  անվճռական էին շուտափույթ և խիստ որոշումներ կայացնելիս: Իսկ ժողովրդավար Հարավային Կորեայում ի սկզբանե էլեկտրոնային հսկողության միջոցները, որոնք հասարակությունը ավելի հեշտ ընդունեց, ավելի լավ էին պատրաստված, քան՝ Ռուսաստանում:

Ժողովրդավարական երկրներում՝ Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Մեծ Բրիտանիայում, համաճարակը  բարձրացրեց նախագահների և կառավարությունների վարկանիշները: Վլադիմիր Պուտինի հեղինակությունը, ով, ավտորիտարիզմի տեսության համաձայն, պետք է ցանկացած ճգնաժամ օգտագործեր վարկանիշը բարձրացնելու համար, չի աճում, այլ, հակառակը, նվազում է համաճարակի,  նավթի ցածր գնի, մեկուսացմանն ուղղված միջոցառումների համատեղ ճնշման տակ: Հասարակության առավել պահպանողական մասը և ուղղափառ եկեղեցին, որոնք համարվում էին ռուսական վարչակարգի հուսալի հենասյուն, պետական իշխանության իրականացրած միջոցների նկատմամբ անհամաձայնողների թվում հայտնվեցին:

Դրան հակառակ՝ առաջին պլան մղվեց ավտորիտար հասարակություններին այնպիսի բնորոշ հատկանիշ, ինչպիսիք տվյալների հավելումները և մանիպուլյացիաներն են, որպեսզի լավ տեսք ունենան ղեկավարների աչքին և բարկության առիթ չտան, նույնիսկ երբ ղեկավարությունը այդ ամենը չի պահանջում: Նահանգապետների, քաղաքապետների, առողջապահության տեղական ղեկավարների, հիվանդանոցների գլխավոր բժիշկների և նույնիսկ պետական բարձրաստիճան պաշտոնյաների համար դժվար է խուսափել սովորական դարձած այդ գայթակղություններից, մանավանդ, որ գործող համակարգը թույլ է տալիս մահվան պատճառ ընտրել մի քանի  կոդերից մեկը:

Այն իդեալական պատկերը, որտեղ ուժեղ և առատաձեռն Պուտինը փորձանքի դեպքում իր ձեռքն է վերցնում ողջ իշխանությունը, հաղթահարում է ճգնաժամը և օգնում է մարդկանց, պարզվեց՝ իրականությունից շատ հեռու է: Ճգնաժամի ընթացքում ավտորիտար կենտրոնի վերահսկողությունը չամրապնդվեց, այլ թուլացավ, առաջնորդը ոչ թե ձգեց սանձերը, այլ բաց թողեց, անցավ հետին պլան, այլ անձանց թույլ տվեց կիսել համաճարակի դեմ պայքարի պատասխանատվությունը, չկենտրոնացրեց, այլ ապակենտրոնացրեց պատասխանը: Սրանք անպայման չէ, որ սխալ որոշումներ են, բայց հակառակ են ճգնաժամն ի շահ հասարակ մարդկանց վերացնող ուժեղ ձեռքի մասին ավտորիտարիզմի կողմնակիցների պատկերացումներին։ 

Ավտորիտար երկրների՝ այդ թվում նաև Ռուսաստանի բնակիչների աչքին համաճարակը կասկածի տակ դրեց ավտորիտարիզմի և անվտանգության միջև կապը: Այն անվտանգության երաշխիք չդարձավ նաև Չինաստանի համար, որը համաճարակի առաջին զոհն էր և գցել է իր միջազգային հեղինակությունը:

Միտումների արագացում

Համաճարակի պատճառով նախկին կողմնորոշիչների «լղոզման» մեջ Արևմուտքը մեղադրեց նրանց, ովքեր կարող էին ներկայիս ճգնաժամը օգտագործել հակառակ իր շահին: Չինաստանին մեղադրում են վարակի առաջացման և համաճարակի նախնական փուլի կոծկման մեջ, Ռուսատանին՝ տվյալների խեղաթյուրման և հակագիտական կեղծիքի  տարածման  մեջ:

Մեղադրանքներն ավելի են մտերմացնում Չինաստանին և Ռուսաստանին, որոնք դրանից առաջ էլ դաշնակիցներ էին բոլոր այն դեպքերում, երբ կարող էին ճնշել Արևմուտքին: Չնայած համաճարակի ընթացքում մրցում են համերաշխության միջոցով փափուկ ուժի օգտագործման մեջ, երբ օգնություն էին ցուցաբերում Իտալիային կամ Սերբիային: Սերբիայում Չինաստանը գրեթե դուրս մղեց Ռուսաստանին սերբերի լավագույն բարեկամի կարգավիճակից:

Միևնույն ժամանակ համավարակը դուրս է թողնում Ռուսաստանին Արևմուտքի գլխավոր հակառակորդի կերպարից և այնտեղ է դնում Չինաստանին՝ մոտեցնելով նոր երկբևեռության գալուստը: ԱՄՆ-ի քաղաքական վերնախավը Թրամփի՝ Ռուսաստանի հետ գործնական հարաբերություններ ստեղծելու և Չինաստանին զսպելու գաղափարներով հիացած չէր: Այդ գաղափարը շատերին բավականին թանկ և վտանգավոր էր թվում Չինաստանի հետ լայն տնտեսական կապեր ունենալու պատճառով, իսկ Ռուսաստանը իներցիայով ավելի էր համապատասխանում սովորական, բայց ոչ այնքան վտանգավոր հակառակորդի դերին:  Սակայն աշխարհին չինական ծագմամբ համավարակի հասցրած կորուստը այնքան գերազանցեց Ռուսաստանի՝ Արևմուտքի շահերին հասցրած վնասը, որ ներկայումս նախկինի պես Ռուսաստանի դեմ պայքարը շարունակելը հնարավոր չէ:

Չնայած գործնական տրամադրված ամերիկյան քաղաքական դասի ներկայացուցիչները փորձում են զերծ պահել ԱՄՆ-ին նոր երկբևեռ դիմակայությունից, փաստացի նոր սառը պատերազմից, Չինաստանին և՛ վարակի առաջացման, և՛ դրա դեմ ուշ սկսված պայքարի համար պատժելու գաղափարը՝ մինչև անգամ նրանից պատճառված վնասի մի մասը պահանջելը, հայտնիություն է ձեռք բերում:

Նոր երկբևեռության մոտեցմանը զուգահեռ Ռուսատանն ավելի շատ է վերածվում երկրի, որը պետք է կողմնորոշվի բևեռի հարցում կամ սովորի խաղալ նրանց հակասությունների վրա: Նա հայտնվում է իր համար ոչ այնքան սովորական իրավիճակում, որի մեջ  գտնվում էին 20-րդ դարի խոշոր, երիտասարդ, զարգացող երկրները. նրանք պետք է ընտրեին ճամբարը կամ միանային միավորվածների թվին և խաղային հակառակ բևեռների հակասությունների վրա: Ռուսաստանի համար այնքան էլ անբնական իրավիճակ չէ, որը և՛ խոշոր  զարգացող, և՛ ներկայիս վիճակում գտնվող  երիտասարդ երկիր է:

Արդեն մտերմացած լինելով Չինաստանին՝ համավարակից հետո Ռուսաստանը աշխարհում կարող է զբաղեցնել այնպիսի դիրք, որն այժմ զբաղեցնում է Բելառուսը՝ Ռուսաստանի և Արևմուտքի միջև: Քչերն են սիրում Լուկոշենկոյին, սակայն Բելառուսի ինքնիշխանությունն ու իր համար սեփական արտաքին և տնտեսական քաղաքականություն վարելու հնարավորությունն ինքնին որպես արժեք է դիտվում: Նման եղանակով կարելի է կարգավորել նաև Չինաստանի ֆոնին Ռուսատանի վերաբերյալ օպիտկան: Ռուսատանը և Եվրոպան դուրս են գալիս համավարակից թուլացած և կարող են ավելի շատ միմյանց կարիքն ունենալ՝ հարաբերություններում «թուլությունների նոր  հավասարակշռությունը» կյանքի կոչելով:

Համավարակի ամենագլխավոր ուղերձներից մեկն այն է, որ աշխարհն իրականում բաժանված չէ այնպես, ինչպես այն բաժանում են իդեոլոգները: Սա չի նշանակում, որ նրանք սխալ սահմանագծումներ են իրականացնում: Բայց սովորական սահմանագծումներից զատ՝ գոյություն ունեն նաև այլ կարևոր սահմանագծումներ, որոնք քիչ բան չեն բացատրում, և արտաքին քաղաքականություն ձևավորելու ժամանակ դրանց պետք է հաշվի առնել:

Ամերիկյան վերնախավի հեռատես ներկայացուցիչները արդեն փորձում են մտածել այս ուղղությամբ: «Ամերիկան պետք է ներդրում ունենա  ժողովրդավար այլ երկրների հետ համերաշխության մեջ: Բայց այսօրվա միջազգային հակասությունները ժողովրդավարության և ինքնակալության հասարակ դիմակայություն ներկայացնելը սխալ կլիներ»,-գրում է Վիլյամ Բըրնսը: «Այսպիսի մոտեցման դեպքում մենք ռիսկի ենք դիմում՝ դադարելով նկատել ավտորիտար տարբեր կարգերի միջև տարբերությունը, իսկ սա նշանակում է, որ մենք այդ տարբերությունների վրա խաղալու հնարավորությունը կկորցնենք»:

Համաճարակի միջոցով բացահայտված աշխարհի բարդությունը, որը, ինչպես պարզվեց, երկու մասի չի բաժանվում և երկուական պայմանական նշանի օգնությամբ չի նկարագրվում, կարող է պարզեցնել այս խնդիրը:


Թարգմանիչ՝ Սյուզաննա Ղազարյան (Syuzanna Ghazaryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: