Էլ-կառավարումը համաճարակի ժամանակ

COVID-19-ը նոր մարտահրավերների առջև է կանգնեցրել աշխարհի կառավարություններին, որոնք հայտնվել են յուրահատուկ իրավիճակում. սոցիալական հեռավորության և մեկուսացման միջոցառումների իրականացումը պետական մարմինների կողմից ավելի մեծ աշխատանք են պահանջում, մինչդեռ նրանք ստիպված են միաժամանակ նվազագույնի հասցնել ֆիզիկական շփումները: Վերջին տասնամյակներում մշակված էլ-կառավարման[1] գործիքները կառավարություններին թույլ են տալիս ինչ-որ կերպ հավասարակշռել կարանտինային ռեժիմի պահպանման և արդյունավետ կառավարման միջև ընկած այս երկընտրանքը: Դեռևս նախորդ տասնամյակներից աշխարհի բազմաթիվ կառավարություններ մշակել են էլ-կառավարման ծավալուն համակարգեր՝ պետական ծառայությունները առցանց ռեժիմով քաղաքացիներին հասանելի դարձնելու համար, որոնք համաճարակի ընթացքում դարձել են նաև քաղաքացիների իրազեկման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման կարևոր հարթակներ: Որոշ կառավարություններ, ինչպես, օրինակ, Հունաստանինը, որը համաճարակի բռնկումից հետո ստեղծել է պետական ծառայությունների էլեկտրոնային միասնական հարթակ, հենց այդ ժամանակ են գիտակցել միասնական էլ-կառավարման անհրաժեշտությունը: Արդեն իսկ գործարկված էլ-գործիքները կառավարությունների կողմից համալրվել են համաճարակային իրավիճակի վերահսկման ու կառավարման նոր գործիքակազմով՝  համաճարակային մարտահրավերներին արդյունավետ դիմագրավելու համար:

Այս գործընթացների ուսումնասիրությունը տարբեր երկրների կտրվածքով հնարավորություն կտա հասկանալու էլ-կառավարման առավելությունները և դերը ճգնաժամային իրավիճակներում:  Որպես համաճարակային իրավիճակում Էլ-կառավարման գործիքակազմի հետաքրքիր օրինակներ՝ ուսումնասիրել ենք Թայվանի և Էստոնիայի փորձը: Առանձին բաժնով կներկայացնենք նաև ՀՀ-ում էլ-կառավարման վիճակի մասին, որը ևս վերջին տասնամյակներում մեծ առաջընթաց է արձանագրել այս ոլորտում:

Էլ-կառավարում. վերջին միտումները

2000-ականներից ի վեր` տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց, կառավարությունները, կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով, ակտիվորեն ներդրել են տեղեկատվա-հաղորդակցական տեխնոլոգիաները: ՄԱԿ-ի՝ 2018 թվականի «Էլ-կառավարման ուսումնասիրություն»-ը ցույց է տալիս, որը ՄԱԿ-ի անդամ երկրների գերակշռող մեծամասնությունը կառավարման համակարգում ներառում է էլ-կառավարման որոշակի գործիքակազմ: 2018 թվականի դրությամբ կառավարությունների մեծամասնությունը հետևյալ ծառայություններն իրականացնում է առցանց՝ կոմունալ վարձավճարներ (140 երկիր), եկամտահարկի վճարում (139 երկիր) և նոր բիզնեսի գրանցում (126 երկիր): Առավել տարածված ծառայություններից են տուգանքների վճարումը, դիմումը ծննդյան կամ ամուսնական վկայականի համար, ավտոմեքենաների գրանցումը, դիումը վարորդական իրավունքի և նույնականացման քարտի համար:

Էլ-կառավարման այսպիսի ինտենսիվ ներդրումը և թվային հասարակության զարգացումը բերել է նրան, որ բազմաթիվ երկրներում քաղաքացիները ավելի ու ավելի շատ են օգտվում առցանց ծառայություններից: Այսպես, օրինակ 2019 թվականին ԱՄՆ հարկ վճարողների ավելի քան 89%-ը հայտարարագրել է իրենց եկամտահարկերը առցանց, Էստոնիայում՝ 98%-ը(2019), Մեծ Բրիտանիայում՝ 93.5%-ը(2018), Ճապոնիայում՝ 68%-ը(2019), Ֆրանսիայում բարձր եկամուտ ունեցող քաղաքացիների 78%-ը (2018), Կանադայում՝ 90%-ը (2020) և այլն: Էստոնիայի նմանությամբ որոշ երկրներ ստեղծել են առցանց քվեարկության հարթակներ. 2019 թվականի Եվրոպական խորհրդարանի  ընտրություններում Էստոնիայի քաղաքացիների 46.7%-ն ընտրել է առցանց: ԱՄՆ-ում, ինչպես և շատ երկրներում, քաղաքացիների մեծամասնությունը իրենց կոմունալներ վճարումները առցանց է կատարում (56 % 2017թ. դրությամբ):

Կառավարություններն արդեն իսկ գոյություն ունեցող էլ-կառավարման գործիքներին զուգընթաց զարգացնում են նոր թվային գործիքակազմ՝ նպատակ ունենալով վիրուսի դեմ պայքարելու: 2020թ․-ի ապրիլի 8-ի դրությամբ աշխարհի կառավարությունների 86%-ն իրենց էլ-հարթակներում տեղեկատվություն է տարածում վիրուսի մասին:

Տեղեկատվության տարածման և վիրուսի վերահսկման մեկ այլ միջոց է հավելվածների ստեղծումը: Ամենատարածվածներից են շփումների վերահսկման  (contact tracing apps) և ինքնամեկուսացած քաղաքացիների տեղաշարժի վերահսկողության հավելվածները: Շփումների վերահսկման հավելվածներ ունեցող հեռախոսները հանդիպելիս արձանագրում են քաղաքացիների շփումները միմյանց հետ. հետագայում, երբ շփման կողմերից մեկը վարակվում է վիրուսով, նա մուտքագրում է իր վարակման տեղեկատվությունը հավելվածում, իսկ նրա հետ շփված քաղաքացին ահազանգ հաղորդագրություն է ստանում վարակակրի հետ շփման մասին: Ապրիլի 16-ի դրությամբ ավելի քան 29 երկրիր այսպիսի հավելվածներ է օգտագործում, իսկ ԵՄ անդամ պետությունները համաձայնության են եկել ազգային հավելվածների միջև տեղեկատվության փոխանակման վերաբերյալ: Սա նշանակում է, որ ԵՄ քաղաքացիները մի երկրից մյուսը տեղափոխվելիս ստիպված չեն լինի ներբեռնել տվյալ երկրի հավելվածը, քանի որ բոլոր երկրների հավելվածները կկարողանան միմյանց հետ տեղեկատվություն փոխանակել, իսկ վարակված և տնային մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիների տեղաշարժի վերահսկողությունը բազմաթիվ երկրներում իրականացվում է հեռախոսի աշխարհագրական տեղորոշման  մշտադիտարկման միջոցով. եթե քաղաքացիները լքում են իրենց բնակարանը, հեռախոսը ազդանշան է ուղարկում պատկան վերահսկող մարմիններին: Ամենատարածվածներից են նաև վարակված շրջանների մասին տեղեկատվություն տրամադրող հավելվածները, որոնք քաղաքացիներին հնարավորություն են տալիս խուսափելու այդպիսի տարածքներ այցելելուց:

Էլ-կառավարման այսպիսի տարածվածությունը կառավարություններին և քաղաքացիներին զինում է անհրաժեշտ գործիքակազմով, որը թույլ է տալիս մեղմել համաճարակի տարածումը սոցիալական շփումների նվազեցման ճանապարհով: Թեև չկան բավարար վիճակագրական տվյալներ համաճարակի ժամանակ քաղաքացիների էլ-կառավարման գործիքների օգտագործման մասին, սակայն նախորդ տարիներին քաղաքացիների աճող ներգրավվածությունը թույլ է տալիս պնդել, որ նախահամաճարակային միտումները  համաճարակի ընթացում առնվազն պահպանվել են: Նախորդ տարիներին պետական ծառայությունների թվայնացումը համակցված կառավարությունների կողմից համաճարակային շրջանում նոր էլ-գործիքակազմի կիրառման հետ էականորեն օգնում է կառավարություններին համաճարակային շրջանում իրենց ծառայությունները իրականացնելիս:

էլ-կառավարումը համաճարակի ընթացքում. Էստոնիա և Թայվան

Էստոնիան և Թայվանը կորոնավիրուսի դեմ պայքարի հետաքրքիր օրնակներ են: Երկու երկրներն էլ տարիների ընթացքում զարգացրել են էլ-կառավարման արդյունավետ համակարգեր, որոնք նոր գործիքակազմի հետ միասին ծառայում են վիրուսի դեմ պայքարին:

Էստոնիա

Էստոնիայում պետական ծառայությունների 99 տոկոսը հասանելի է առցանց տարբերակով, ինչը թույլ է տալիս համաճարակի ընթացքում ապահովել պետական ծառայությունների անխափան գործունեությունը: Կառավարությունը համաճարակի բռնկումից հետո տեղափոխվել է այսպես կոչված վիրտուալ աշխատասենյակ՝ աշխատանքն առցանց ռեժիմով շարունակելու համար: Բիզնես վարելու համար ստեղծված առցանց գործիքակազմը հնարավորություն է տալիս իրականացնել բիզնեսների անխափան գործունեությունը: Ապրիլից մյուս պետությունների նման Էստոնիան նույնպես զարգացրել է COVID-19 հայտնաբերման հավելված՝ մասնավոր սեկտորի հետ համագործակցությամբ: Հավելվածը նույնականացման քարտերի տվյալների վերլուծության շնորհիվ ցույց է տալիս՝ արդյոք դիմացինը նախորդ տասնչորս օրերի ընթացքում շփումներ ունեցել է վիրուսակիրների հետ, թե ոչ: Մինչև ճգնաժամը դպրոցների 87 տոկոսը օգտագործում էր էլ-լուծումներ, ինչը հնարավորություն է տվել համաճարակի ընթացքում առանց խափանումների ամբողջովին անցնել հեռավար կրթության: Թվային առողջապահական տեղեկագրերի և առցանց դեղատոմսերի շնորհիվ նվազագույնի են հասցվել այցելությունները հիվանդանոցներ, իսկ աշխատողները կարող են բժիշկների հետ առցանց խորհրդակցություններից հետո ստանալ հիվանդության արձակուրդ:

Թայվան

Թայվանը երևի թե կորոնավիրուսի դեմ պայքարի ամենահաջողված օրինակն է ամբողջ աշխարհում: Այնտեղ սկսեցին պայքարել վիրուսի դեմ դեռևս անցած տարվա դեկտեմբերի 31-ից՝ Ուհան քաղաքում վիրուսի տարածման լուրերի հաջորդ իսկ օրը: Համաճարակի դեմ պայքարում թայվանական հաջողությունները լրատվամիջոցներում որակվում են որպես պայքարի «թայվանական մոդել»: Այս պայքարը անշուշտ զուրկ չէ տեխնիկական լուծումներից, ինչը բնական է թվում տեխզարգացվածության այդպիսի մակարդակ ունեցող երկրում: Այդպիսի լուծումներից մեկն Ազգային հաղորդակցությունների հանձնաժողովի կողմից իրականացվող այսպես կոչված «թվային ցանկապատ»-ն էր, երբ տնային մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիների տեղաշարժը վերահսկվում է իրենց հեռախոսների ազդանշանների միջոցով: Եթե մեկուսացման մեջ գտնվողը հեռանում է տնից հեռախոսով, ապա միանում է ազդանշանային համակարգը՝  պատկան մարմիններին տեղեկացնելով մեկուսացման ռեժիմի խախտման մասին: Դիմակների սպառման խուճապից խուսափելու համար կղզու Թվային նախարարությունը մասնավոր սեկտորի հետ համատեղ մշակել է դիմակների մատակարարաման վերահսկման հավելված, որը իրական ժամանակում ցույց է տալիս վաճառակետերում դիմակների քանակը: Բացի այդ՝ քաղաքացիները կարող են օգտագործել հավելվածը և նվիրաբերել ավելորդ դիմակներն այլոց:

Այս և այլ միջոցառումները տեղավորվում են Թայվանի էլ-կառավարման զարգացման ռազմավարության մեջ, որի սկիզբը դրվել է դեռևս 90-ականներին: Այդ ժամանակից ի վեր երկրում իրականացվել են հետաքրքիր բազմաթիվ նախագծեր էլ-կառավարման զարգացման ուղղությամբ: Այդպիսի նախագծերից էր օրինակ «դուռ առ դուռ» էլ-ծառայությունների նախաձեռնությունը, որը նպատակ ուներ որքան հնարավոր է մեծ թվով մարդկանց ապահովել կառավարության էլ-ծառայություններով: Թայվանական կառավարության այս նախաձեռնությունը քաղաքացիներին հնարավորություն է տալիս կապվել կառավարության համապատասխան բաժնի հետ և խնդրել ուղարկել քաղծառայողի՝ անհրաժեշտ պետական ծառայությունները ստանալու համար: Քաղծառայողը ժամանում է կառավարության էլ-պորտալին միացված համակարգչով: Այսպես քաղաքացուն հասանելի է դառնում էլ-ծառայությունների ամբողջական փաթեթը, քանի որ այս դեպքում քաղծառայողը մատուցում է ծառայություններ ոչ թե մի պետական գործակալության, այլ ամբողջ կառավարության անունից: Ստեղծվել է այսպես կոչված էլ-տնտեսվար (e-housekeeper) պորտալը, որը քաղաքացիներին ուղարկում է ծանուցումներ մոտ երկու հարյուրից ավելի պետական ծառայությունների մասին, ինչպես, օրինակ, հարկերի և տուգանքների վճարման, մեքենայի տեխսպասարկման ժամկետների, կառավարության փակած ճանապարների մասին և այլն:

էլ-կառավարումը Թայվանում մեծ նվաճումներ է արձանագրել ոչ միայն պետություն-քաղաքացի ուղղությամբ, այլև կառավարության ներսում՝ այն է կառավարության տարբեր բաժինների միջև: Թայվանում պետական գործակալությունների միջև փաստաթղթերի փոխանակումը մեծամասամբ իրականացվում է առցանց՝ խնայելով հսկայական ժամանակ և միլիոնավոր դոլարներ: Այս և բազմաթիվ այլ նախագծեր էլ-կառավարման ոլորտում անշուշտ իրենց դերակատարումն են ունենում կորոնավիրուսի դեմ պայքարում՝ նվազեցնելով քաղաքացիների շփումները:

էլ-կառավարումը ՀՀ-ում

Հայաստանում էլ-կառավարման զարգացումն սկսվել է 2000-ական թվականներից, և դրանից ի վեր իրականացված մի շարք ծրագրերի արդյունքում ՀՀ-ն վերջին տարիներին հայտնվել է բարձր էլ-կառավարում ունեցող երկրների ցանկում: Ծրագրերի մեծամասնությունը իրականացվել է ԵՄ-ի ֆինանսական և մասնագիտական աջակցությամբ: ՀՀ-ում էլ- կառավարման կենտրոնական հարթակը https://www.e-gov.am/ կայքն է, որը ստեղծվել է դեռևս 2010 թվականին՝ ԵՄ աջակցությամբ: Այն միասնական պլատֆորմ է էլ-ծառայություններ մատուցող ՀՀ պետական գերատեսչությունների համար: Այստեղ ՀՀ քաղաքացիները կարող են նամակ ուղարկել կառավարությանը, պետական վճարումներ իրականացնել, կատարել անշարժ գույքի գործարքներ, կազմակերպություններ գրանցել, մասնակցել ԴԱՀԿ-ի էլ-աճուրդներին, դիմել էլ-վիզայի համար (ի դեպ՝ ՀՀ-ն էլեկտրոնային վիզայի դիմման համակարգ ունեցող առաջին երկիրն է աշխարհում) և այլն: Կայքը, ըստ էության, տարբեր գերատեսչությունների էլ-ծառայությունների զետեղման հարթակ է, որոնք իրենց հերթին իրականացվում են տարբեր պատուհաններով (կայքերով):

ՀՀ-ում էլ-կառավարման ներդրման գործում մեծ է եղել Էստոնիայի փորձը, և մի շարք նախագծեր իրականացվել են հենց Էստոնիայի օրինակով: Այդպիսի նախագծերից են քաղաքացիների և կառավարության հաղորդակցությունը էլ-փոստի միջոցով, փաստաթղթերի ստացումը Բնակչության պետական ռեգիստրից, ոստիկանության համար ներդրած էլ-ծառայությունները՝ տրանսպորտային միջոցների և վարորդական իրավունքի վկայականների գրանցման համար, էլ-դատական գրանցամատյանը և այլն:

Դեռևս 2007 թվականից ՀՀ պետական գերատեսչություններում սկսվել է ներդրվել փաստաթղթերի կառավարման Մալբերի համակարգը, որը հնարավորություն է տալիս առցանց փաստաթղթեր փոխանցել տարբեր գործակալություններ միջև: Այժմ այն օգտագործվում է ավելի քան 65 պետական ինստիտուտների կողմից և տարեկան ավելի քան մեկ միլիոն փաստաթուղթ է շրջանառվում: Արդյունքում ՀՀ պետական հաստատությունների միջև փաստաթղթերի 70 տոկոսի փոխանակումը կատարվում է էլ-եղանակով:

Համաճարակի բռնկումից հետո ՀՀ կառավարության հակահամաճարակային միջոցառումները զուրկ չէին էլ-գործիքակազմի օգտագործումից: Այսպես՝ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի էլ-կայքը դարձել է այն հիմնական հարթակը, որտեղ տեղեկատվություն է հաղորդվում կորոնավիրուսի տարածման, գրանցվող դեպքերի և համաճարակային միջոցառումների մասին: Covid-19 խորագրով բաժին է հայտնվել ՀՀ կառավարության պաշտոնական կայքում, որը տեղեկացնում է գործող ճամփորդական սահմանափակումների, պարետի որոշումների և ցուցումների մասին: Առանձին բաժնով տեղեկացվում է տնտեսական և սոցիալական աջակցության ծրագրերի մասին: ՀՀ էլ-առողջապահության միասնական տեղեկատվական ԱՐՄԵԴ համակարգում ստեղծվել է վիրուսի տարածման մշտապես թարմացվող քարտեզ, որը 50մ ճշգրտությամբ ցույց է տալիս ինքնամեկուսացած քաղաքացիների հասցեները:

COVID-19 ինքնամեկուսացածների քարտեզ (19.06.2020թ. ժամը 20:00-ի դրությամբ) Թարմացվում է ~1 ժամ պարբերականությամբ ±50մ ճշտությամբ` անձնական տվյալների գաղտնիությունն ապահովելով:

Համաճարակից ի վեր նկատվում է ՀՀ քաղաքացիների շրջանում էլ-կառավարման պլատֆորմների օգտագործման աճ: Այսպես՝ եթե սույն թվականի հունվար ամսին ՀՀ քաղաքացիները կառավարության միասնական էլ-պլատֆորմի միջոցով ուղարկել են մոտ  900 դիմում, ապա մարտին այդ թիվը եղել է ավելի քան 5000՝ շարունակելով աճել հաջորդ ամիսներին: Ապրիլին հարցումների, բողոքների, դիմումների թիվը կազմել է 44․000՝ ըստ երևույթին կառավարության իրականացրած հակահամաճարակային սոցիալական և այլ միջոցառումներ հետ կապված. հայտերի մեծամասնությունն ուղղված է եղել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և ՀՀ Ոստիկանությանը:

Այսպիսով՝ վերջին տասնամյակներում էլ-կառավարման զարգացումը աշխարհում և կառավարությունների ծառայությունների առցանց հասանելիությունը նախահամաճարակային շրջանում  հնարավորություն են տվել կրճատել ֆիզիկական շփումը պետական ծառայություններից օգտվելիս, ինչը համաճարակի տարածման կանխարգելման կարևոր գործոն է: Այժմ աշխարհի երկրների մեծամասնությունը առնվազն մի քանի ծառայություններ է մատուցում առցանց, բազմաթիվ երկրների դեպքում մի խումբ պետական ծառայություններից քաղաքացիները մեծ մասամբ հենց առցանց են օգտվում, ինչպես, օրինակ, եկամտահարկի հայտարարագրումից: Համաճարակի ընթացքում կառավարությունները կիրառել են նաև նոր էլ-գործիքակազմեր, որոնցից ամենատարածվածները ֆիզիկական շփումների վերահսկման, ինքնամեկուսացման մեջ գտնվող քաղաքացիների տեղաշարժի մշտադիտարկման և վիրուսի աշխարհագրական տարածման հավելվածներն են: Թայվանի և Էստոնիայի փորձը ցույց է տալիս, թե ինչ կարևոր է էլ-կառավարման զարգացած համակարգի դերը ճգնաժամի պայմաններում: ՀՀ-ում նույնպես էլ-կառավարումը ընդգրկված է ընդհանուր կառավարման համակարգում, որը, ինչպես ցույց են տալիս վիճակագրական տվյալները, համաճարակի բռնկումից ի վեր ունեցել և ունենում է աճող դերակատարում կառավարության հակահամաճարակային միջոցառումներում:

Հղումներ

[1] Էլ-կառավարումը այստեղ օգտագործվում է տերմինի ամենալայն իմաստով՝ տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների կիրառումը կառավարման արդյունավետության, ռեսուրսախնայողության  բարձրացման համար:

Գրականություն

  1. Heeks, Richard. (2001). Understanding e-Governance for Development. 10.13140/RG.2.2.14715.46882.,
  2. Jing Shiang, Naiyi Hsiao, and Jin Lo, E-government in Taiwan.
  3. Junhua Zhang, Good Governance Through E-Governance? Assessing China’s E-Government Strategy, Journal of E-Government Volume 2, 2006 ” Issue 4.,
  4. Okot-Uma, O. (2001). Electronic governance: re-inventing good governance.,
  5. Subhajit Basu, E‐government and developing countries: an overview International Review of Law, Computers & Technology Volume 18, 2004 ” Issue 1,
  6. Verma, Deepak. (2018). Governance to Good Governance through e-Governance: A critical review of Concept, Model, Initiatives & Challenges in India.. 8. 244-269.,
  7. http://vxsoft.com/en/projects/mul2
  8. https://asia.nikkei.com/Spotlight/Coronavirus/Taiwan-s-digital-minister-draws-praise-in-Japan-for-mask-app
  9. https://e-estonia.com/digital-society-during-covid-19-lock-down/
  10. https://e-estonia.com/solutions/e-identity/e-residency
  11. https://e-estonia.com/solutions/e-identity/id-card/
  12. https://e-estonia.com/trace-covid-19-while-respecting-privacy/
  13. https://ec.europa.eu/idabc/en/document/2319/5938.html
  14. https://ec.europa.eu/idabc/en/document/7397.html
  15. https://ec.europa.eu/idabc/en/document/7400/5644.html
  16. https://ega.ee/news/e-governance-academy-helped-armenia-develop-new-tools-for-combating-corruption/
  17. https://ega.ee/news/e-governance-academy-helped-armenia-develop-new-tools-for-combating-corruption/
  18. https://ega.ee/news/e-governance-academy-helped-armenia-develop-new-tools-for-combating-corruption/
  19. https://foreignpolicy.com/2020/04/09/taiwan-is-exporting-its-coronavirus-successes-to-the-world/
  20. https://ncdc.am/coronavirus/confirmed-cases-by-days/
  21. https://publicadministration.un.org/Portals/1/Images/E-Government%20Survey%202018_FINAL%20for%20web.pdf,
  22. https://qz.com/1825997/taiwan-phone-tracking-system-monitors-55000-under-coronavirus-quarantine/
  23. https://www.euneighbours.eu/en/east/stay-informed/news/armenia-marks-sharp-increase-use-e-governance-tools-during-covid-19
  24. https://www.gov.am/am/

Գևորգ Գասպարյան (Gevorg Gasparyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: