ԵՄ 2 գերտնտեսությունները պատմական անկում են ապրում

Տնտեսական և առևտրի անկումը ամիսների ընթացքում ի չիք է դարձնում Գերմանիայում և Ֆրանսիայում տարիների տնտեսական աճը։

Հունիսի 24-ին հրապարակված կանխատեսումների համաձայն՝ ղեկավար մարմինները նախազգուշացնում են, որ կորոնավիրուսով պայմանավորված սպասվելիք ճգնաժամն ընդամենը մի քանի ամսում ի չիք կդարձնի Գերմանիայի և Ֆրանսիայի տնտեսությունների՝ համաշխարհային առևտրում տարիների կատարած աշխատանքը:

Ըստ Գերմանիայի տնտեսական հետազոտությունների առաջատար ինստիտուտների տվյալների` առաջիկա երեք ամիսների ընթացքում՝ մինչև հունիս, գերմանական տնտեսությունը անկում կապրի մոտ 10%-ով: 1970 թվականի եռամսյակային ազգային հաշիվները վարելուց ի վեր՝ սա ամենակտրուկ անկումն է, ինչը կրկնակի ավել է 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի ամենամեծ անկման ցուցանիշից:

Ֆրանսիայի բանկը չորեքշաբթի օրը տեղեկացրեց, որ համաճարակի տարածումն զսպելու համար յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ տնտեսության լայն հատվածների գործունեության դադարեցումը 1.5%-ով դանդաղեցնում է ՀՆԱ աճի տեմպը: Կենտրոնական բանկը հայտնել է, որ ավելի քան երեք շաբաթվա դադարից հետո Ֆրանսիայի տնտեսության մեջ արտադրությունը Երկրորդ աշխարհամարտից ի վեր ամենաարագ տեմպերով անկումն է գրանցել՝ նշելով, որ համախառն ներքին արդյունքը տարվա առաջին երեք ամիսներին նվազել է 6%-ով:

Չորեքշաբթի օրը ՏՀԶԿ հրապարակած տվյալները ցույց տվեցին կորոնավիրուսի հարուցած ցնցումների մեծությունն ու արագությունը գլոբալ տնտեսության վրա․ դա խոշոր տնտեսությունների սպասվելիք անկումը գրանցող  ամենամեծ ազդանշանն էր:

Փարիզյան կազմակերպությունը նշում է, որ իր՝ տնտեսական ցիկլի շրջադարձային պահերը որոշելու համար նախատեսված բաղադրյալ առաջատար ցուցանիշների ինդեքսը խոշոր տնտեսությունների մեծ մասում գրանցել է մարտ ամսվա ամենամեծ անկումը՝ արտացոլելով սահմանափակող միջոցառումների ուղղակի ազդեցությունը արտադրության, սպառման և ապագայի հանդեպ վստահության վրա:

Միևնույն ժամանակ, ըստ Առևտրի համաշխարհային կազմակերպության կանխատեսումների, ֆինանսական ճգնաժամի համեմատ համաշխարհային առևտրի՝ ավելի մեծ տեմպերով նվազում է սպասվում: ԱՀԿ-ն կանխատեսում է նաև համաշխարհային ապրանքատեսակների առևտրի 32%-ով անկում՝ պայմանավորված Covid-19-ի ճգնաժամով, ինչը շատ ավելի արագ անկում է 2009թ. 12%-ի համեմատ:

«Այս թվերը սարսափելի են. դրանցից խուսափել հնարավոր չէ,-ասում է կազմակերպության գլխավոր տնօրեն Ռոբերտո Ազվեդոն:-Բացի բուն հիվանդությունից առաջացած տառապանքներից՝ առևտրի և արտադրության անխուսափելի անկումը ցավալի հետևանքներ կունենա նաև տնային տնտեսությունների և ձեռնարկությունների համար»:

Այդուհանդերձ ՏՀԶԿ-ն նախազգուշացրեց, որ արգելափակման միջոցառումների տևողության անորոշության պատճառով չորեքշաբթի օրվա ներկայացված տվյալները կարող են արտացոլել միայն ստեղծված ընթացիկ իրավիճակը և ոչ այն, թե որքան երկար կամ որքանով բացասական կլինի տնտեսական գործունեության անկումը:

Կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները սառեցրել են բազմաթիվ բիզնեսների գործունեությունը և մարդկանց մեծամասնությանը ստիպել մնալ տանը, ինչը Եվրոպայի առաջատար տնտեսություններին տանում է դեպի անկում:

Չորեքշաբթի օրը Շվեյցարիայի կառավարությունը նշեց, որ վատթարագույն դեպքում այս տարի կորոնավիրուսային ճգնաժամի արդյունքում իր տնտեսությունն անկում կապրի 10%-ով, ինչը 1980 թվականից հետո կլինի ամենամեծը: Կառավարությունը հայտարարել է, որ ավելի արագ լինելու և ազգային արգելափակումների՝ մինչև մայիս ավարտվելու դեպքում այս տարի տնտեսությունը կունենա 7.1%-ի անկում:

Բեռլինի, Փարիզի և եվրոպական այլ մայրաքաղաքների կառավարությունները միլիարդավոր եվրոների լայնածավալ ծրագրեր են նախաձեռնել անկումից տուժած գործարարներին և աշխատողներին աջակցելու համար:

«Մենք այժմ հսկայական հարկաբյուջետային խթանող քաղաքականություն ենք իրականացնում Եվրոպայում, քանի որ ՀՆԱ-ն նվազում է, և եկամուտները կայունանում են,-ասում է Փարիզի Sciences Po-ի տնտեսագիտության պրոֆեսոր Ֆիլիպ Մարտինը:-Այժմ այդ եկամուտները պահպանվում են, ուստի Գերմանիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում խնայողությունների տոկոսադրույքն արագորեն աճում է: Հարցն այն է, թե մենք ինչ պետք է անենք դրա հետ ճգնաժամից հետո: Դա շատ անորոշ է»:

Կենտրոնական բանկից հայտնեցին, որ Ֆրանսիայում մարտ ամսվա ընթացքում ամեն շաբաթ բիզնեսի ակտիվությունը նվազել է մոտ մեկ-երրորդով: Ենթադրվում է, որ Ֆրանսիայի տնտեսության անկումը կլինի նույնը, ինչ 1968-ի երկրորդ եռամսյակում, երբ ուսանողների բողոքական շարժման ազդեցության պատճառով համախառն ներքին արդյունքը նվազեց 5.3%-ով:

Երկրի առաջատար տնտեսական հինգ հաստատությունների կատարած հետազոտության արդյունքներով (այն անց է կացվում կառավարության համար, տարեկան 2 անգամ) նախատեսվում է Գերմանիայի տնտեսության անկում՝ առաջին եռամսյակում 1.9, իսկ տարվա ընթացքում՝ 4.2%-ով: Նույն կանխատեսմամբ տնտեսությունը կվերականգնվի հաջորդ տարի` ապահովելով 5.8% աճ:

«Մինչ այժմ գերմանական տնտեսության «դրական» մասը եղել է ծառայությունների ոլորտը, բայց ակնհայտ է, որ այս ճգնաժամն ավելի ուժեղ ազդեցություն կունենա ծառայությունների ոլորտի, քան արտադրության վրա, քանի որ արդյունաբերական արտադրության գործընթացն ավելի երկար է տևում, քան մանրածախ առևտրինը կամ ծառայություններինը, որոնք հիմնականում դադարել են»,-նշեց Ֆրանկֆուրտի ING-ի տնտեսագետ Կարսեն Բռզեսկինը:

Ենթադրվում է, որ ճգնաժամը Գերմանիայում գործազուրկների թիվը կավելացնի 236.000-ով՝ հասցնելով մինչև 2.5 միլիոնի, ինչը կբարձրացնի գործազրկությունը ռեկորդային ցածր մակարդակից՝ 5-ից մինչև 5.5%: Դա, իհարկե, եվրագոտու շատ այլ երկրների գործազրկության մակարդակի ցուցանիշից ցածր կմնա. վերջերս Միությունում գործազրկության ընդհանուր մակարդակը հասել է 12-ամյա նվազագույնի՝ 7.4%-ի:

«Գերմանիան լավ դիրքում է տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար և կարող է միջնաժամկետ հեռանկարում հասնել այն տնտեսական մակարդակին, որին հնարավոր կլիներ հասնել առանց ճգնաժամի»,-ասում է Տիմո Վոլմերսշուսերը՝ Մյունխենում «Իֆո ինստիտուտ»-ի կանխատեսումների ղեկավարը:

Հինգ հաստատությունները կանխատեսում են, որ Բեռլինի արձագանքը ճգնաժամին երկրին բյուջեի դեֆիցիտի կտանի, ինչն առաջինն է վերջին մի քանի տարվա ընթացքում և հավասար է ՀՆԱ-ի 4.7%-ին: Սա կավելացնի պետական ​​պարտքը ՀՆԱ-ի գրեթե 60-70%-ով:

Ե՛վ Գերմանիան, և՛ Ֆրանսիան կորոնավիրուսային ճգնաժամի մեջ մտան արդեն իսկ թուլացած տնտեսական պայմաններով: Անցյալ տարի Գերմանիան հազիվ խուսափեց անկումներից, քանի որ նրա արտադրության վրա ազդել էր ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմը, իսկ Ֆրանսիայի տնտեսությունը անկում էր գրանցել անցած տարվա վերջին քառորդում՝ գործադուլերի և բողոքի ցույցերի արդյունքում:

Բնօրինակի հեղինակ՝ Financial Times, Martin Arnold և David Keohane


Թարգմանիչ՝ Հակոբ Հակոբյան (Hakob Hakobyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: