ՀՀ հիմնադիր նախագահի քաղաքականությունը արցախյան կոնֆլիկտի կարգավորման հարցում

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական խնդիրներից է Արցախի ժողովրդի ինքնորոշման հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և արդարացի լուծումը, ուստի տվյալ հիմնահարցը շարունակում է մնալ քաղաքագիտական հետազոտությունների կենտրոնում:

Արցախյան հակամարտության ժամանակակից զարգացումները դիտարկելիս անհրաժեշտ է անդրադառնալ շարժման արդի փուլի ձևավորմանը, քանի որ ներկայումս ընթացող բազմաթիվ գործընթացներ ուղղակի հետևանքն են 1980-ական թթ. վերջին իրականացվող քաղաքականության: Արցախյան հիմնահարցը և հայ-ադրբեջանական հակամարտությունը սկսեցին ակտիվորեն քննարկվել միջազգային հանրության կողմից միայն Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությունների՝ սուվերենության հռչակումից հետո, երբ Հայաստանի Հանրապետությունը հիմնահարցը դարձրեց իր արտաքին քաղաքականության գերակայություններից և գործնական քայլեր ձեռնարկել դրա կարգավորման ուղղությամբ[1], ուստի ժամանակագրական առումով Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության դիտարկումը անհրաժեշտ է սկսել ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներից: Սակայն հիմնահարցը դիտարկելիս ակնհայտ է դառնում, որ տերպետրոսյանական քաղաքականությունը զգալի փոփոխություններ է կրել 1988-1998 թթ. ընթացքում: Սույն վերլուծության նպատակն է ներկայացնել Տեր-Պետրոսյանի քաղաքականությունն՝ իբրև «Ղարաբաղ» կոմիտեի անդամ (1988-89 թթ.), ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (1989 թ., 1990 թ.), ապա ԳԽ նախագահ (1990 թ. օգ 4) և ՀՀ նախագահ (1991-1998 թթ.), ինչպես նաև համապատասխան ժամանակահատվածներում նրա հայացքների զգալի փոփոխությունները ու դրանց պատճառները: Վերլուծությունն իրականացնելիս օգտագործվել են կոնտենտ-վերլուծության[2], պատմական մեթոդները[3]:

Իր քաղաքական գործունեությունը սկսելով «Ղարաբաղ» կոմիտեից՝ Տեր-Պետրոսյանը հիմնահարցի կարգավորման իր տեսլականն ուներ դեռևս 1988 թ.-ից, այն է՝ ինքնավար մարզի միացում ՀԽՍՀ-ին: Այսպես՝ 1988 թ. մարտին, անդրադառնալով ԽՄԿԿ կենտկոմի և ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի հետևյալ որոշմանը՝ «Ադրբեջանական ՍՍՀ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սոցիալ-տնտեսական զարգացման 1988–1995 թվականների միջոցառումների մասին», Տեր-Պետրոսյանը գրում է. «ՍՄԿԿ կենտկոմի և ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի բարենորոգումների ծրագիրը, որով որպես ողորմություն Ղարաբաղին է մատուցվում տարիներ շարունակ նրանից կորզված միլիոնների չնչին տոկոսը, էժանագին խաբեություն է՝ կոչված մեռցնելու հասունացած քաղաքական խնդիրը և բթացնելու հայ ժողովրդի զգոնությունը։ Այսպես կոչված «Ղարաբաղի պրոբլեմների» լուծման միակ միջոցը մարզի վերամիավորումն է Հայաստանի հետ»: Նույն քաղաքական գիծն է նկատվում Տեր-Պետրոսյանի ելույներում մինչև Հայոց Համազգային Շարժման հիմնադիր համագումարը (1989 թ. նոյեմբեր):

1989 թ. «Արցախյան խնդրի լուծման ուղին» հոդվածում Տեր-Պետրոսյանն ավելի հակված է Հայաստանի կողմից կտրուկ քայլերի չձեռնարկմանը: Նա խոցելի է համարում այն տեսակետը, որով առաջարկվում էր ՀԽՍՀ Գերագույն խորհրդին Արցախը հայտարարել Հայաստանի անբաժան մասը՝ պատճառաբանելով, թե «դա կարող է ներկայացվել իբրև միջազգային իրավունքի կոպիտ խախտում և հաստատել Հայաստանի տարածքային նկրտումները Ադրբեջանի նկատմամբ։ … Միջազգային իրավունքի պահանջները և հասարակական կարծիքը բավարարելու տեսակետից կա Արցախի հարցի լուծման մի ավելի նուրբ և անխոցելի ճանապարհ …. Ինքնորոշված, անկախ Արցախի ինքնավար մարզը և Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Խորհրդային պետական կառուցվածքի երկու ինքնուրույն կազմավորումներ, պայմանագիր են կնքում իրար հետ, և այդ երկու կազմավորումները հայտարարում են միացյալ հանրապետություն»։

Փաստորեն՝ «Ղարաբաղ» կոմիտեի կազմում Տեր-Պետրոսյանը պաշտպանում էր միացման գաղափարը, ինչը դրդված էր քաղաքական իրադրության և Հայաստանում տիրող հասարակական կարծիքի պահանջով, ուստի ենթադրելի է, որ սկզբնական ելույթներում նման պահանջը պաշտպանելը քաղաքական դիվիդենտներ շահելն էր բնակչության շրջանում, քանի որ ՀՀՇ-ն ուներ իշխանությունը նվաճելու ձգտում: Աստիճանաբար պահանջները դառնում են ավելի չափավոր՝ սահմանափակվելով Արցախում օրինական իշխանությունների վերականգնման և դիտորդի դերում մնալու քաղաքականությամբ, որը պայմանավորված էր նաև Կենտրոնի՝ հիմնահարցին միջամտությամբ, քանի որ 1989 թ. ԼՂԻՄ-ում սահմանվել էր հատուկ կառավարման կոմիտե՝ Վոլսկու գլխավորությամբ, ապա ադրբեջանական իշխանությունները վերացրել էին ԼՂԻՄ-ի ինքնավարությունը, ուստի ինքնավար մարզում ստեղծվել էր անիշխանական մի վիճակ, իսկ ԽՍՀՄ ԳԽ-ն էլ բեկանել էր դեկտեմբերի 1-ի՝ «Հայկական ԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» որոշումը:

1990 թ. մայիսյան ընտրություններից հետո, երբ ՀՀՇ-ն զգալի թվով պատգամավորական մանդատներ ունեցավ Գերագույն խորհրդում, օգոստոսին Տեր-Պետրոսյանը ընտրվեց ԳԽ նախագահ: Այսուհետ Տեր-Պետրոսյանի համար արցախյան հիմնահարցը նկատելիորեն ստորադասվում էր Հայաստանի շահերին: Սեպտեմբերին ԳԽ փակ նիստում իր ելույթի մեջ վերջինս հնչեցնում է իր նոր դիրքորոշումը՝ կապված արցախյան հիմնախնդրի լուծման հետ, որը ընդհանուր առմամբ հետևյալն էր. հիմնահարցի լուծման երկու տարբերակներից՝ առճակատումից և փոխզիջումային տարբերակից առաջինը թեպետ զգալի հաջողություններ է արձանագրել, իրեն սպառել է, ուստի անհրաժեշտ է անցնել փոխզիջումային տարբերակին՝ նախ վերականգնելով Արցախի օրինական իշխանությունները, ապա բացառելով բանակի միջամտությունը Արցախի գործերին: «Արցախն այսօր պետք է գոնե դառնա ԽՍՀՄ մյուս բոլոր շրջանների նման մի շրջան, որտեղ գործեն խորհրդային օրենքները, և բացառված լինի բռնի միջամտությունը նրա ներքին գործերին։ Այս հիման վրա, ես կարծում եմ, հնարավոր է գտնել մի ինչ‑որ քաղաքական փոխզիջում։ Եվ այսօր Հայաստանի իշխանությունների պաշտոնական քաղաքականությունն ընտրել է այս ուղին, որը, կարծում եմ, ըստ արժանվույն կգնահատվի ոչ միայն ԽՍՀՄ, այլ նաև ողջ համաշխարհային հասարակական կարծիքի կողմից»:

Ելույթներից երևում է, որ սկսած 1990-ական թթ. Տեր-Պետրոսյանը որդեգրել է փոխզիջումային տարբերակով արցախյան հիմնախնդիրը լուծելու քաղաքականությունը, որը հնարավոր էր հիմնախնդրի միջազգայնացման շնորհիվ, քանի որ Ադրբեջանը հրաժարվում էր ուղղակի բանակցություններից, ուստի միջնորդների կարիք կար: Ադրբեջանական իշխանությունները դեմ էին հարցի քննարկմանը միջազգային ատյաններում՝ այն համարելով Ադրբեջանի ներքին խնդիրը: 1990 թ. դեկտեմբերին ԳԽ նիստում Տեր-Պետրոսյանը առաջ է քաշում երկու կետ.

  1. Արցախյան հիմնահարցի միջազգայնացումը, որը կամ կտաներ հիմնախնդրի լուծմանը, կամ կսառեցներ այն, սակայն միջազգային երաշխիքներ կապահովեր ինքնավար մարզի բնակչության համար,
  2. Սեփական բանակի ստեղծման գաղափարից հրաժարումը և ռազմական միավորումների ստեղծումը ԱՊՀ շրջանակներում, ինչը ենթադրաբար կկանխեր Ադրբեջանի ու Կենտրոնի զորքերի հարձակումները:

Թեպետ այս մարտավարությունը հավանության չարժանացավ ԳԽ կողմից, սակայն դրվեց Տեր-Պետրոսյանի հետագա քաղաքական կուրսի հիմքում: Սրանով էր պայմանավորված հայկական արտաքին քաղաքականության հետագա դուալիզմը. Տեր-Պետրոսյանը միջազգային հարթակներում արցախյան հիմնախնդրի առնչությամբ ավելի շատ խոսում էր մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների ասպեկտով, իսկ նրա գաղափարական հակառակորդները՝ ի դեմ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի, ազգերի ինքնորոշման իրավունքի: Երկրորդ տարբերակը ավելի մեծ տարածում ուներ Հայաստանում: Անկախության հանրաքվեի, նախագահական ընտրությունների անցկացումը միայն ներկայիս ՀՀ տարածքում փաստում էին, որ Հայաստանը հրաժարվել է միասնական պետության գաղափարից, ուստի 1991 թ. պայքար սկսեց ընթանալ ԼՂՀ ճանաչման կամ չճանաչման, ինչպես նաև 1990 թ. դեկտեմբերի 1-ի որոշումը չեղարկելու շուրջ: ՀՀ քաղաքական էլիտայի մեծամասնությունը կողմ էր ճանաչմանը, սակայն նախագահի և նրա մտերիմների կողմից ընտրվեց ավելի պասիվ դիրքորոշում. ճանաչել ԼՂՀ այն ժամանակ, երբ այն կճանաչվի այլ պետությունների կողմից: 1992 թ. Բաբկեն Արաքցյանը հայտարարեց, որ 1990 թ. վերամիավորման որոշումը կիրարկման ենթակա չէ, և Հայաստանը ձեռնպահ է մնում ԼՂ կարգավիճակը որոշելուց՝ ենթարկվելով միջազգային իրավունքի նորմերին: Սրանով պաշտոնապես փակվեց ՀՀ-ԼՂՀ վերամիավորման դիսկուրսը:

Ինչ վերաբերում է հարցի միջազգայնացմանը, ապա այս ուղղությամբ քայլեր ձեռնարկվեցին՝ սկսած 1990-ական թթ., երբ նման առաքելություն իր վրա փորձեց ստանձնել ԵԱՀԽ-ն, որի հանձնարարականներում (1992 թ. փետրվար) հիմնահարցի լուծում էր համարվում կրակի դադարեցումը, հումանիտար միջանցքի ստեղծումը, բանակցությունների անցկացումը ՀՀ ու ԱՀ, ինչպես նաև արցախյան իշխանությունների միջև, ինչին կտրականապես դեմ էր արտահայտվել ադրբեջանական կողմը: Վերջնական լուծումը ևս ուրվագծվում էր. ԼՂ-ին ինքնավար կարգավիճակի տրամադրում Ադրբեջանի կազմում, ինչին Տեր-Պետրոսյանը դեմ չէր, սակայն ՀՀ քաղաքական շրջանակներում չուներ համապատասխան աջակցություն, ԼՂ բնակչությունը կտրականապես դեմ էր Ադրբեջանի կազմում մնալուն, իր հերթին Ադրբեջանը չէր պատրաստվում մշակութային ինքնավարությունից ավելին տրամադրելուն, քանի որ վստահ էր իր զորքերի հաղթանակի մեջ: Սակայն ԵԱՀԽ ամբողջապես իր վրա ստանձնեց հիմնահարցի լուծումը 1992 թ.-ից սկսած, ուստի նախ անդրադառնանք Ռուսաստանի և Ղազախստանի համապատասխան ձեռնարկումներին մինչև 1992 թվականը:

1991 թ. «Կոլցո» օպերացիան, ապա Ադրբեջանի կողմից ուժեղացող զինված հարձակումները հայկական կողմին ստիպում էին օր առաջ բանակցություններ սկսել: Քանի որ 1991 թ. ԽՍՀՄ-ում պայքար էր գնում Գորբաչյովի ու Ելցինի կողմնակիցների միջև, և վերջիններս ազգերի սուվերենիտետի կողմնակիցն էին՝ հույս ունենալով, որ այդ գործընթացը կնպաստի ԽՍՀՄ փլուզմանը, Ելցինը և Նազարբաևը իրենց վրա վերցին արցախյան հիմնահարցը կարգավորելու առաքելությունը: Նրանց գլխավորությամբ 1991 թ. սեպտեմբերի 20-23 պատվիրակություններ ժամանեցին Բաքու, Ստեփանակերտ և Երևան, ապա 1991 թ. սեպտեմբերի 25-ին կնքվեց «Ժելեզնովոդսկյան հայտարարագիրը», որը առաջին հերթին նախատեսում էր կրակի դադարեցում, ընդունած որոշումների չեղարկում, զորքերի դուրսբերում, օրինական իշխանությունների վերականգնում: Տեր-Պետրոսյանը կողմ էր հիմնահարցի նման լուծմանը, հատկապես որ բանակցող կողմ էր դառնում նաև ԼՂ-ն, ու դրանով Հայաստանը դուրս էր գալիս հակամարտության ուղղակի կողմ լինելուց, սակայն Ադրբեջանում հայտարարագրի ստորագրման պատճառով մեծ ընդվզումներ եղան Մութալիբովի դեմ, քանի որ ադրբեջանական կողմը ամեն կերպ խուսափում էր Արցախը բանակցային կողմ դարձնելուց: Ուստի Էլչիբեյի գլխավորությամբ խորհրդային հարթությունում հիմնահարցի կարգավորման փորձը վիժեցվեց, իսկ երկու օր անց Շուշին սկսեց ռմբակոծվել, ինչը հայկական կողմին ներքաշեց ռազմական ուղղակի կոնֆրոնտացիայի մեջ:

1991-1994 թթ.պատերազմական գործողություններն ընթանում էին փոփոխական հաջողություններով, որոնց ընթացքում Ադրբեջանում երկու իշխանափոխություն տեղի ունեցավ, երբ Մութալիբովին փոխարինեց Էլչիբեյը, վերջինիս՝ Ալիևը: 1994 թ. մայիսի 12-ին բիշքեկյան բանակցությունների արդյունքում կողմերի միջև կնքվեց զինադադար: Փաստաթղթի վրա կա նաև ԼՂ ներկայացուցչի ստորագրությունը[4]:

Բիշքեկյան գործընթացին զուգահեռ ակտիվացան բանակցությունները: Արցախյան հիմնահարցը միջազգայնացնելու երկու տարբերակ կար. կա՛մ հիմնահարցը փոխանցել ՄԱԿ ԱԽ քննարկմանը, կա՛մ վերսկսել դրա քննարկումը ԵԱՀԽ շրջանակներում: ՄԱԿ ԱԽ-ն 1993 թ. ընդունել է 4 բանաձևեր, որոնք հիմնականում կողմերին կոչ են անում դադարեցնել ռազմական գործողությունները, հայկական զորքերը դուրս բերել օկուպացված տարածքներից: Սակայն ԱԽ-ն միտված չէր հիմնահարցի քննարկումը շարունակել ՄԱԿ-ում, քանի որ գերտերությունների համար առաջնահերթ էր Հարավսլավիայի հիմնահարցի լուծումը Եվրոպայում, ուստի հիմնահարցի քննարկումը դուրս բերվեց կառույցից: Բանաձևերը վերջին անգամ քննարկվեցին 1995 թ., այն էլ Գլխավոր ասամբլեայում, որոնք բովանդակային առումով ոչ մի փոփոխություն չմտցրին բանակցային գործընթացում:

1992 թ. Մինսկի խմբի ստեղծումը նոր բովանդակություն հաղորդեց բանակցություններին: 1993 թ. հոկտեմբերին Մինսկի խմբի առաջին նախագահ Մարիո Ռաֆայելը առաջարկում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման պայմանագրի նախագիծ։ Այն նախատեսում էր`

  1. Մեկ ամսվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի շուտափույթ դուրսբերում տարբեր օկուպացված տարածքներից,
  2.  Ի պատասխան` Ադրբեջանը պետք է դադարեցներ շրջափակումը մի քանի մակարդակով,
  3.  Բոլոր այս քայլերը պետք է վերահսկվեին ԵԱՀԽ փորձագետների կողմից:

Այս ծրագիրը մերժվեց Ադրբեջանի կողմից՝ պատճառաբանությամբ, որ այն չի անդրադառնում Հայաստանի կողմից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության շրջափակմանը և Լաչինի շրջանին։ Հայաստանն իր համաձայնությունը տվեց այս ծրագրին, իսկ Արցախի իշխանությունները` ոչ։

1993թ. նոյեմբերի 8-ին Մինսկի խումբը հանդիպում ունեցավ Վիեննայում, որի ժամանակ ներկայացվեց պայմանագրի նոր նախագիծ, որը հաշվի էր առնում Ադրբեջանի պահանջները, մասնավորապես`

  1.  Ղարաբաղի ուժերի դուրսբերումը Ադրբեջանի օկուպացված տարածքներից,
  2.  Ադրբեջանցի փախստականների վերադարձն իրենց տները Լեռնային Ղարաբաղում:

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ համաձայնություն ձեռք չէր բերվել, քանի որ այն պետք է որոշվեր Մինսկի կոնֆերանսի ժամանակ։ Վիեննայի հանդիպման արդյունքները քննադատության ենթարկվեցին Ադրբեջանի կողմից, սակայն արժանացան հայկական կողմի հավանությանը։

ԵԱՀԿ փաստաթղթերում ղարաբաղյան հակամարտության մասին առաջին անդրադարձը տեղ է գտել 1994թ. Բուդապեշտի գագաթնաժողովի արդյունքում ընդունված «Նոր դարաշրջանում իրական գործընկերության ճանապարհին» խորագրով հռչակագրում։ Փաստաթուղթը հղում է կատարում ՄԱԿ ԱԽ բանաձևերին՝ շեշտը դնելով դրանց իրականացման վրա, այսինքն՝ ԵԱՀԿ շրջանակներում ԼՂ հարակից տարածքների վերադարձը առանց ԼՂ կարգավիճակի և այլ խնդիրների հստակեցման: Մեկ տարի անց՝ 1995թ.-ին Օտտավայում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունված բանաձևն առավել հստակ է արտահայտում կարգավորման ուղիների նկատմամբ կազմակերպության անդամ երկրների դիրքորոշումը:  Կարգավորումը միջնորդների պատկերացմամբ պետք է իրականացվեր պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: ԼՂ հարակից տարածքներից հայկական ուժերի անմիջական դուրսբերումը քննարկման առարկա չէր անգամ: Հետսառըպատերազմյան տարիներին առաջացած հակամարտությունները կարգավորելիս շեշտը գերազանցապես դրվում էր տարածքային ամբողջականության և պետության սահմանների անխախտելիության սկզբունքների վրա, ուստի ազգերի ինքնորոշման իրավունքի դիտարկմամբ հայկական կողմը հայտնվում էր շահեկան դիրքերում՝ հնարավորություն ստանալով որոշակիորեն հավասարեցնել հայկական ու ադրբեջանական կողմերի ելակետային դիրքերը: Այնուամենայնիվ, նախկին ԼՂԻՄ-ի մեջ չմտնող ազատագրված տարածքները հայկական կողմը մշտապես պատրաստ է եղել վերադարձնելու Ադրբեջանին՝ դա բխեցնելով փոխզիջումային բանակցությունների տրամաբանությունից:

1996թ. դեկտեմբերի 2-3-ը Լիսաբոնում տեղի ունեցած ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ ԵԱՀԿ ՄԽ-ն և ԵԱՀԿ գործող նախագահն առաջարկել են հետևյալ սկզբունքները, որոնք պետք է հիմք դառնային ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար։ Սակայն հայկական կողմը չընդունեց այդ առաջարկը։

      Սկզբունքները հետևյալն էին.

  1.  Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականություն,
  2.  Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակը որոշվում է ըստ ինքնորոշման իրավունքի վրա հիմնված համաձայնության, որը Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղին ինքնավարության բարձր աստիճան է տալիս,
  3. Լեռնային Ղարաբաղի և դրա ամբողջ բնակչության երաշխավորված անվտանգություն՝ ներառյալ երկկողմ պարտավորությունը ապահովել պայմանագրի կատարումը բոլոր կողմերի կողմից։

1997թ. հուլիսին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից առաջարկվեց ԼՂ հարցի կարգավորման փաթեթային տարբերակը, որն ի սկզբանե նախատեսում էր ԼՂ-ի կարգավիճակի հարցը դիտարկել Ադրբեջանի կազմում որոշակի ինքնավարության տրամադրմամբ: Նախագիծը մերժվեց, թեպետ այն ընդունելի էր Տեր-Պետրոսյանի համար:

   1997թ. դեկտեմբերի 2-ին համանախագահներն առաջարկեցին փուլային տարբերակը, որի ակտիվ ջատագովն էր Տեր-Պետրոսյանը: Փուլային տարբերակը նախատեսում էր զինված ուժերի դուրսբերում, բուֆերային գոտու ստեղծում և միջազգային խաղաղարար ուժերի տեղակայում, փախստականների և տեղահանված անձանց վերադարձ, ինչից հետո միայն կորոշվեր ԼՂ կարգավիճակի հարցը: Տարբերակը ընդունվել է ՀՀ և ԱՀ կողմից: Լեռնային Ղարաբաղը մերժել է այն: Մերժումը պայմանավորված էր նրանով, որ միջնորդների առաջարկած փուլային տարբերակը չէր պատասխանում գլխավոր հարցին` ինչպիսին պետք է լինի Լեռնային Ղարաբաղի վերջնական քաղաքական կարգավիճակը:

Փուլային տարբերակի ընդունումը ընդվզումներ առաջացրեց Տեր-Պետրոսյանի դեմ: Վերջինս իր «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածում գրում է.

« …. Թե՛ փաթեթային, թե՛ փուլային լուծումները ես համարել եմ «իրական (ռեալ) տարբերակներ»։ Նշել եմ նաև, որ Հայաստանը լուրջ վերապահումներով ընդունել է համանախագահների ներկայացրած առաջին ծրագիրը, որը ոչ այլ ինչ էր, եթե ոչ կարգավորման փաթեթային տարբերակ։ Եվ միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը գրավոր կերպով կտրականապես մերժել են այդ տարբերակը, համանախագահներն ստիպված են եղել կողմերին առաջարկել փուլային լուծում։ Եթե լուծման նման տարբերակը չի ընդունվում, այսինքն՝ իրագործելի չէ, այսօր պետք է փորձ կատարել իրագործել լուծման «փուլ առ փուլ» տարբերակը»: Մերժելով նախ փաթեթային, ապա՝ փուլային լուծումները և այսօր առաջարկելով կրկին վերադառնալ փաթեթային տարբերակին, ղարաբաղյան կողմն անհարմար դրության մեջ է դրել թե՛ Ղարաբաղը, թե՛ Հայաստանը։ Այնուամենայնիվ, վիճակը ես ողբերգական կամ փակուղային չեմ համարում, քանի որ հնարավոր է այդ երկու տարբերակները հեշտությամբ համատեղել։ Գաղափարը շատ պարզ է. բանակցությունների արդյունքում ստորագրվում է կարգավորման փուլային տարբերակը, բայց այն կիրառվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումից հետո։ Դրանով Ղարաբաղը միջազգային հանրությանն ապացուցում է իր կառուցողականությունը, ցույց է տալիս, որ ոչ մի մտադրություն չունի պահպանել գրավված տարածքները, իսկ մյուս կողմից՝ լուրջ առաջխաղացում է արձանագրվում կարգավորման գործընթացում, և վերսկսվում են շուրջ մեկ տարի ընդհատված բանակցությունները։ Գլխավորն այսօր ընդհատված բանակցությունների վերսկսումն է, որի համար անհրաժեշտ է կարճ ժամանակում վերջիվերջո հակամարտող կողմերի միջև համաձայնեցնել բանակցությունների հիմք հանդիսացող փաստաթղթի նախագիծը»:

Հայկական երկու պետություններում մեծամասնության համար անընդունելի էին թե՛ փուլային ու թե՛ փաթեթային տարբերակները, քանի որ, ըստ էության, երկուսն էլ նախատեսում էին ԼՂ-ի դիտարկումը Ադրբեջանի կազմում: Նախագահի և ընդդիմության ու ժողովրդի մեծ մասի միջև առկա նման տարաձայնությունները պատճառ դարձան իշխանական ճգնաժամի ու Տեր-Պետրոսյանի հրաժարականին: Վերջինս իր հրաժարականի հայտարարությունում նշում է. «Միայն հարկ եմ համարում նշել, որ իշխանության ճգնաժամում Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ էր։ Խնդիրը շատ ավելի խորն է և կապված պետականության հիմնադրույթների, խաղաղության ու պատերազմի այլընտրանքի հետ։ Իսկ կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար, և ով է իրականում ծախում այն»:

Ամփոփելով ՀՀ հիմնադիր նախագահի քաղաքականությունը արցախյան հիմնահարցում՝ առանձնացնենք հետևյալ դրույթները.

  1. Մինչև Հայաստանի անկախության հռչակումը Տեր-Պետրոսյանը պաշտպանում էր Հայաստանի և Արցախի վերամիավորման, ապա Արցախում «օրինական»՝ Կենտրոնի նշանակած իշխանությունների վերականգնման գաղափարը:

2. Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների անկախության հռչակումից հետո Տեր-Պետրոսյանը դեմ էր Հայաստանը՝ որպես հակամարտության ուղղակի կողմ դիտարկելուն և պաշտպանում էր այն տեսակետը, թե ԼՂՀ իշխանություններն իրենք պետք է բանակցեն Ադրբեջանի Հանրապետության հետ: Կարծում ենք, որ Տեր-Պետրոսյանը արցախյան հիմնահարցը դիտում էր որպես գլխավոր խոչընդոտը ՀՀ զարգացման, ինչպես նաև հարևանների՝ հատկապես Թուրքիայի հետ հարաբերությունների լավացման ճանապարհին, ուստի ձգտում էր հնարավորինս «հեռանալ» հակամարտությունից՝ որդեգրելով պասիվ սպասողական դիրքորոշում:

3. Արցախյան հիմնահարցի միջազգայնացմամբ, որը տարավ հակամարտության սառեցմանը, Տեր-Պետրոսյանը նպատակ ուներ փոխզիջումային ճանապարհով հասնել հիմնահարցի շուտափույթ լուծմանը՝ ՀՀ-ն ազատելով այդ խոչընդոտից:

4. Ստիպված լինելով ներքաշվել Ադրբեջանի դեմ պատերազմական գործողությունների մեջ՝ Տեր-Պետրոսյանը օգտագործում էր բանակցությունների բոլոր հարթակները՝ փորձելով Հայաստանը «փրկել» շրջափակումից ու հնարավոր կորուստներից:

5. Տեր-Պետրոսյանի համար ընդունելի էին ԵԱՀԽ/ԵԱՀԿ ներկայացրած գրեթե բոլոր տարբերակները: Իր նախագահության վերջին շրջանում նա հակված էր Ադրբեջանի սահմաններում ԼՂ լայն ինքնավարություն տրամադրելուն, ինչին սկզբունքորեն դեմ էր թե՛ Հայաստանի ու թե՛ Արցախի բնակչությունը:

6. ՀՀ առաջին նախագահը ԼՂԻՄ-ի շրջակա տարածքները մշտապես դիտարկել է իբրև «օկուպացված» և պատրաստ եղել դրանք վերադարձնել Ադրբեջանին:

7. Տեր-Պետրոսյանը սկզբունքորեն կողմ է եղել ԼՂ և հարակից տարածքներ ադրբեջանցի փախստականների վերադարձին, միջազգային խաղաղարար զորքերի տեղակայմանը հակամարտության գոտում:

Փաստորեն՝ Լևոն Տեր-Պետրոսյանի համար առաջնահերթ էր համարվում հակամարտության վերջնական կարգավորումը, որը, սակայն, նրա առաջարկած տարբերակներով չէր կարող հարատև լինել: Նրա քաղաքականության դրական կողմն այն է, որ նա կարողացավ ապահովել ԼՂ ներկայությունը բանակցային գործընթացում՝ իբրև լիիրավ կողմ: Տեր-Պետրոսյանին հաջողվեց նաև միջազգային հանրության առջև Հայաստանը ներկայացնել ոչ թե իբրև ագրեսոր, այլ իր ազգակից ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար պայքարող պետություն: Սակայն ի սկզբանե ՀՀ-ԼՂ միավորման գաղափարը վիժեցնելը նրա քաղաքականության մեծագույն բացթողումն է, ինչի հետևանքները նկատելի են այսօր՝ օրեցօր նոր ձև ու բովանդակություն ստացող հայաստանցի-ղարաբաղցի բաժանումներով: Բացթողումներից է նաև ազատագրված շրջանների վերադարձի շուրջ պայմանավորվածությունը, քանի որ ակնհայտ է, որ Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները չեն բավարարվում միայն այդ շրջաններով, մինչդեռ դրանք ունեն ռազմավարական-քաղաքական կարևորագույն նշանակություն ԼՂՀ պաշտպանության գործում: Ձախողում էր նաև համաձայնությունը ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցում, քանի որ վերջին տասնամյակի իրադարձությունները փաստում են, որ գործնականում անհնար է հայերի և ադրբեջանցիների խաղաղ գոյակցությունը միևնույն պետական կազմավորման շրջանակներում: Հիմնահարցի կարգավորման խոչընդոտ կարող է դիտվել նաև Հայաստանի (այդ թվում՝ Արցախի) քաղաքական-ռազմական էլիտայի միջև առկա տարաձայնությունները՝ կապված հիմնահարցի կարգավորման տեսլականի հետ: Հիմնադիր նախագահը, չկարողանալով համաձայնեցնել բոլոր խաղացողների շահերը, չստացավ սեփական ժողովրդից ու վերնախավից անհրաժեշտ աջակցությունը ու լեգիտիմության ռեսուրսը՝ բանակցություններում իր որդեգրած գիծը մինչև վերջ առաջ տանելու համար, ինչը, միավորվելով մի շարք այլ հանգամանքների հետ, Հայաստանում առաջացրեց իշխանական ճգնաժամ, որը հանգեցրեց նախագահի հրաժարականին: Ընդհանուր առմամբ՝ Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը արցախյան հիմնահարցում կարելի է որակել որպես «բաց թողած հնարավորությունների» շրջան:

Օգտագործված հղումներ

  1. Բ. Ուլուբաբյան, Արցախյան գոյապայքարի տարեգրություն, Երևան, 1997 թ.
  2. Խ. Գալստյան, Քաղաքական բանակցություններ. տեսություն և պրակտիկա, Երևան, 2007 թ.
  3. Լ. Տեր-Պետրոսյան, Ընտրանի, Երևան, 2006թ.
  4. Нагорный Карабах в международном праве и мировой политике. Документы и комментарий / Сост., отв. ред., авт. вступ. ст. и коммент. д. ю. н., проф. Ю.Г. Барсегов, Москва, КРУГЪ, 2008. – Т. 1.
  5. С. Золян, Нагорный Карабах: проблема и конфликт, http://armenianhouse.org/zolyan/nf-ru/karabakh/6.html
  6. Արմեդիա՝ http://armedia.am/
  7. ԵԱՀԿ պաշտոնական կայքէջ՝ http://www.osce.org/
  8. Իլուր՝ http://www.ilur.am/
  9. ԼՂՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջ՝ http://www.nkr.am/
  10. ՀՀ արտգործնախարարության պաշտոնական կայքէջ՝ http://mfa.am/hy/
  11. Վիքիդարան՝https://hy.wikisource.org/

[1] ՀՀ անկախության հռչակագիր (1990 թ. օգոստոսի 23). «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը»:

[2] Տեքստերի, փաստաթղթերի վերլուծության մեթոդ:

[3] Հիմնախնդրի ուսումնասիրման մեթոդ, որը կենտրոնանում է դրա ծագման, զարգացման ժամանակագրության, օրինաչափությունների վերհանման վրա:

[4] Պայմանագրի տեքստը տե՛ս  http://www.nkr.am/hy/ceasefire-agreement/147/

Հեղինակ՝ Վիկտորյա Այդինյան (Victorya Aydinyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են: