Որքանով է «մեծ եղբայրն» արդյունավետ համաճարակի դեմ պայքարում

Մոսկվայից մինչև Պեկին․ որքանո՞վ է «մեծ եղբայրն» արդյունավետ համաճարակի դեմ պայքարում

Թվային վերահսկողության միջոցառումներն այժմ համարվում են համաճարակի դեմ պայքարի անհրաժեշտ գործիք ոչ միայն գագաթնակետի, այլև հաջորդող վերականգնողական երկարատև ժամանակահատվածում։ Նույնիսկ Չինաստանում կյանքն իր բնականոն հունին շատ դանդաղ է վերադառնում, իսկ շատ այլ երկրներում հիվանդությունը դեռևս դուրս չի եկել պլատոյի փուլ։ Դա նշանակում է, որ թվային վերահսկողությունը դեռ երկար կպահպանվի։

Մոսկվայի իշխանություններն առաջարկել են մնացած շրջանների վրա ևս տարածել թվային անցաթղթերի համակարգը։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի կարծիքով՝ նմանատիպ համակարգի ներդրումն ամբողջ երկրում հնարավորություն կտա ավելի արդյունավետ պայքարել համաճարակի դեմ։ Այսօր շատ պետություններ այս կամ չափով ներդրել են հասարակության թվային վեահսկողության համակարգը։ Սակայն այս իրավիճակը հաղթահարած երկրների փորձը ցույց է տալիս, որ տեխնոլոգիաները ոչ միշտ են վճռորոշ դեր խաղում Covid-19-ի դեմ պայքարում։

Շփումների քարտեզ

Վերահսկողության թվային մեթոդներով իշխանությունները ցանկանում են հասնել մի քանի նպատակի։ Առաջինն ու ամենակարևորը Covid-19-ի հաստատված ախտորոշմամբ մարդկանց շփումներին հետևելն է։ Համաճարակների դեմ պայքարի այս մեթոդն իր արդյունավետությունն ապացուցել է դեռ 20-րդ դարում, սակայն այդ ժամանակ համաճարակաբանները ստիպված են եղել այս վտանգավոր աշխատանքը կատարել ձեռքով։ Յուրաքանչյուր հիվանդի մանրամասնորեն հարցաքննում էին, կազմում շփումների քարտեզը և ըստ շղթայի մեկուսացնում բոլոր նրանց, ովքեր գտնվում էին ռիսկային խմբում։ 

Այս մեթոդի խնդիրը՝ բացի բժիշկների և վարակաբանների առողջությանը սպառնացող վտանգից, այն է, որ նման մանրակրկիտ աշխատանքը բավականին ժամանակ է պահանջում, իսկ ձեռնարկվող միջոցառումները կարող են զգալիորեն հետ մնալ տարածվող վարակից։  

Տեխնոլոգիաները կատարում են այս առաջադրանքը գրեթե իրական ժամանակի ռեժիմում։ Փարոսի դեր են խաղում բջջային հեռախոսները, որոնց հետևելը կարող է լինել հարկադրաբար կամ կամավորության սկզբունքով։ Իշխանությունները, առանց օգտատերերի իմացության, կարող են հետևել վերջիններիս տեղաշարժին կամ գտՆվելու վայրի եռանկյունացման օգնությամբ՝ բազային կայանների աշտարակների կոորդինատներով, որոնց միացվում է սարքը, կամ էլ հեռախոսի GPS ընդունիչի միջոցով։ Եթե իրենք՝ օգտատերերը, պատրաստ են օգնել իշխանություններին՝ հետևելու հասարակությանը, կարող են ներբեռնել հավելվածը, որը Bluetooth-ի միջոցով կհետևի տեղաշարժին։ 

Այս մեթոդներից յուրաքանչյուրն ունի իր առավելություններն ու թերությունները։ GPS-ի միջոցով հետևելը բավականին ճշգրիտ է, սակայն, առաջինը՝ ոչ բոլոր սարքերում կա GPS-ընդունիչ, իսկ եթե կա, ապա այն կարելի է անջատել։ Երկրորդը՝ GPS-ազդանշանը դժվար է թափանցում որոշ տարածքներ (հատկապես՝ մետրո)։

Առավել ունիվերսալ մեթոդ է գտնվելու վայրին հետևելը բջջային աշտարակների միջոցով, սակայն այս դեպքում կոորդինատների ճշգրտությունը տատանվում է մի քանի տասնյակ մետրից մինչև մի քանի կիլոմետր։ Այս տարբերակով բաժանորդի գտնվելու ճշգրիտ վայրը և շփումները պարզելը բարդ է։

Երկու դեպքում էլ գտնվելու վայրի տվյալներն ուղարկվում են կենտրոնացված սերվերին։ Սա իշխանությունների համար հեշտացնում է տվյաների մշակման գործընթացը, սակայն, միևնույն ժամանակ, սպառնում է բաժանորդների անձնական տվյալների ապահովությանը։ 

Bluetooth-ի միջոցով շփումներին հետևելն ավելի ճշգրիտ ու ապահով է անձնական տվյալների պահպանության տեսանկյունից։ Օգտատիրական սարքավորումները փոխանակվում են եզակի նույնականացուցիչներով, սակայն, միևնույն ժամանակ, չեն պահպանում գտնվելու վայրի տվյալները։ Յուրաքանչյուր բաժանորդի սարքի վրա պահպանվում են միայն այլ սարքերից հեռավորության և այն ժամանակի տվյալները, երբ դրանք գտնվել են վերջիններիս հետ մոտ հեռավորության վրա։

Եթե որևէ անձի մոտ հաստատվում է Covid-19 ախտորոշումը, իշխանությունները մուտք են գործում տվյալ օգտատիրոջ սարքի տվյալներ և հավելվածի միջոցով տեղեկացնում են բոլոր նրանց, ովքեր վերջին երկու շաբաթվա ընթացքում (Covid-19-ի ինկուբացիոն շրջանի ժամկետն է) շփվել են հիվանդացած անձի հետ։ Նման համակարգը բավականին ճշգրիտ է և անվտանգ օգտատերերի տվյալների համար, քանի որ հեռախոսների եզակի նույնականացուցիչներն անդեմ են։ 

Սակայն համակարգն աշխատում է միայն հավելվածում գրանցված օգտատիրոջ թույլտվությամբ։ Բացի այդ՝ օգտատերը պետք է միշտ միացրած պահի Bluetooth-ը։ Համաձայն Օքսֆորդի գիտնականների հետազոտության՝  նման մեթոդը համավարակի դեմ պայքարում ծայրաստիճան արդյունավետ կլինի միայն այն դեպքում, եթե համակարգին միանա բնակիչների գոնե 60%-ը։ Մինչդեռ Սինգապուրում, որտեղ իշխանությունները թողարկել են նմանատիպ Trace Together համակարգ, բնակիչների ոչ ավել, քան 12%-ն է ներբեռնել տվյալ հավելվածը։   

Չհետևելն անիմաստ է

Թվային վերահսկողության երկրորդ նպատակը վերահսկելն է, որպեսզի նրանք, ում մոտ Covid-19-ն ընթանում է առանց համախտանիշների, և նրանք, ովքեր ռիսկային խմբում են, խստորեն պահեն կարանտինը։ Այդ նպատակով իշխանությունները կարող են օգտագործել տարբեր գործիքներ՝ հետևել մարդկանց դեմքերը ճանաչող համակարգ ունեցող տեսախցիկների միջոցով, հավաքագրել գտնվելու վայրերը բջջային հեռախոսներից, պարբերաբար զանգել կամ հաղորդագրություններ ուղարկել հատուկ հավելվածների միջոցով, պարտադրել մարդկանց կրել թրեքինգ-ապարանջաններ, եթե հեռախոսը կմնա տանը կամ մարտկոցը ապալիցքավորված կլինի։

Եթե անձը խախտել է կարանտինի ռեժիմը, վերահսկողության թվային միջոցները պետք է ազդանշան ուղարկեն իրավապահ մարմիններին։ Երկրների մեծ մասում կարանտինի խախտումն ունի հստակ իրավական գնահատական՝ ընդհուպ մինչև քրեական պատիժ։ 

Վերջապես, թվային վերահսկողության երրորդ նպատակն է նվազեցնել բոլոր մարդկանց տեղաշարժի ինտենսիվությունը՝ վերջիններիս վարակվելու հավանականությունը նվազեցնելու նպատակով։ Առաջադրանքը բարդ է. ամբողջապես մեկուսացնել առողջ մարդկանց հնարավոր չէ (նրանք պետք է դուրս գան՝ մթերքներ, դեղորայք գնելու, ընտանի կենդանիներին զբոսանքի հանելու համար և այլն)։ Այդ իսկ պատճառով իշխանություններն առավելագույնս սահմանափակում են տեղաշարժի հաճախականությունը և հեռավորությունը։  

Դրա համար կիրառվում են դեմոտիվացման թվային մեթոդները։ Օրինակ՝ խանութ դուրս գալու համար մարդը պետք է ստանա թվային անցաթուղթ, իսկ գանձապահներն իրավունք չունեն ապրանք վաճառել նրանց, ովքեր բնակվում են խանութից թույլատրելի հեռավորությունից դուրս։ Այս շարքին են դասվում նաև անձնական, հասարակական տրանսպորտից օգտվելու սահմանափակումները և այլն։  

Այս բոլոր միջոցառումները թեև չեն բացառում թույլատրելի հեռավորության սահմաններից դուրս տեղաշարժը (երկրների մեծ մասում այն տատանվում է հարյուր մետրից մինչև կիլոմետր), սակայն դարձնում են այս գործընթացը ծայրաստիճան անհարմար և հաճախ՝ անիմաստ։ Չինաստանը, օրինակ, գրեթե միանգամից մտցրեց բնակիչների տեղաշարժի կոշտ սահմանափակումներ ոչ թե պարզապես երկրում, այլ քաղաքային շրջանների ներսում։ Հատկապես ծանր համավարակային իրավիճակ ունեցող քաղաքաները, ինչպես՝ Ուհանը, ամբողջովին փակվել էին կարանտինի համար։ Սուպերմարկետ, գրասենյակ գնալու, իսկ երբեմն ուղղակի սեփական տնից դուրս գալու համար, անձը պետք է ներկայացներ իր բոլոր տեղաշարժերի պատմությունը, որով ուրախությամբ կիսվում էին բջջային օպերատորները։ Վերջինս կարող էր գնալ ցանկացած հասարակական վայր միայն այն բանից հետո, երբ ոստիկանությունը մուտք գործելիս կսքանավորեր սմարթֆոնից իր եզակի QR-կոդը կամ կստանար այդ նույն տեղեկությունը SMS-ի միջոցով։ Համակարգում առկա էին հնարավոր ինկուբացիոն շրջանում գտնվող մարդու բոլոր տեղաշարժերի մասին տեղեկություն․ եթե նա այցելել էր բարդ վարակաբանական իրավիճակում գտնվող վայրեր կամ, առավել ևս, եղել է հաստատված Covid-19-ով հիվանդի կողքին, ապա նրա մուտքն արգելվում է։  

Ավելի ուշ նման համակարգը տարածվեց նաև հասարակական տրանսպորտով և տաքսիով ուղևորությունների վրա։ Ուղևորությունից առաջ պետք էր հաստատել, որ դուք չեք գտնվում բարձր ռիսկային խմբում։ Մի փոքր ուշ չինական առաջատար տեխնոլոգիական ընկերությունները՝ սկզբում՝ Alibaba-ն, իսկ հետո՝ Baidu-ն ու Tencent-ը, ստեղծեցին հավելվածներ, որոնք թույլ էին տալիս հետևել յուրաքանչյուր մարդու վարակվելու հավանականությանը։

Alibaba-ն, մասնավորապես, մշակեց «առողջության կոդերը»․ յուրաքանչյուր մարդ գրանցվելիս պետք է լրացնի իր ինքնազգացողության և շփումների մասին հարցաթերթիկ։ Alibaba-ն չի բացահայտում հավելվածի աշխատանքի կոնկրետ ալգորիթմը, սակայն հնարավոր է, որ այն ևս վերլուծել է տեղաշարժերի, գնումների՝ այդ թվում նաև դեղատներից ջերմիջեցնող դեղորայքի մասին զանազան տվյալներ, եթե իհարկե հաճախորդը վճարել էր Alipay-ի էլեկտրոնային դրամապանակի միջոցով։

Այնուհետև, ըստ մեծ թվով տվյալների վերլուծության արդյունքների՝ անձին տրվում է QR-կոդ։ Կանաչը ռիսկի ցածր մակարդակն է․ կարելի է տեղաշարժվել քաղաքում։ Դեղինը՝ ինքնամեկուսացում յոթ օրով։ Կարմիրը՝ ռիսկի բարձր մակարդակ և ինքնամեկուսացում 14 օրով։ QR-կոդերը կարող էին փոխել իրենց գույները 14 օրվա ընթացքում։ Սա անուղղակիորեն մատնացույց է անում նրան, որ օգտատերերի կողմից կամավոր կերպով տրամադրված տվյալներից բացի՝ հավելվածը վերլուծում էր նաև այլ Big Data՝ ինքնուրույն։  

Հավելվածը մի քանի օրվա ընթացքում ներբեռնել է Հանչժոուի բնակիչների 92%-ը․ այնտեղ տեղակայված է Alibaba-ն։ Այնուհետև նախաձեռնությունը տարածեցին այլ շրջանների վրա։ Այժմ ամեն ինչի՝ խանութ գնալու, տրանպորտով երթևեկելու և գրասենյակ կամ հասարակական այլ վայր գնալու համար անհրաժեշտ է ներկայացնել QR-կոդ։ Այսպիսով, խստորեն սահմանափակող միջոցառումներին չհետևելն անիմաստ է․ առանց հավելվածի դրսում ոչինչ չկա անելու։

Թվային անցաթղթերի ներմուծումից առաջ Մոսկվայում քննարկվում էր նմանատիպ, առավել կոշտ տեխնիկական սահմանափակումների տարբերակը։ Անձը պետք է քաղաքային ծառայությունների կայքում գրանցեր իր փաստացի բնակության հասցեն և ստանար QR-կոդ, որը պետք է սքանավորեր տնից դուրս գալիս, տուն վերադառնալիս, խանութներում, հասարակական տրանսպորտում, սեփական փոխադրամիջոցում՝ ՃՈ-ի պահանջով։

Այս դեպքում մոտակա խանութներ չգնալը կդառնար անիմաստ, քանի որ կոնկրետ բնակիչն իր QR-կոդով կարող էր գնումներ կատարել միայն որոշակի խանութներից։ Տնից դուրս եղած ժամանակահատվածին հետևելուն կօգներ նույն այդ կոդի սքանավորումը մուտք ու ելք անելիս։ Հասարական տրանսպորտով և մեքենայով տեղաշարժվելը թույլ կտրվեր միայն նրանց, ովքեր դրա համար կունենային QR-կոդին կցված հատուկ թույլտվություն։ Բոլոր խախտումների մասին իշխանությունները ծանուցում կստանային իրական ժամանակում։

Համակարգն ամբողջ ծավալով իրագործելն այդպես էլ չստացվեց։ Առաջինը՝ երբ պիլոտային հավելվածի կոդը հայտնվեց ցանցում, ծրագրավորողները նշում էին, որ հավելվածում օգտատերերի անձնական տվյալների անվտանգությունը գտնվում է գրեթե զրոյի վրա․ տվյալները չծածկագրված տեսքով ուղարկվում են արտասահմանյան սերվերներին։ Երկրորդ՝ նման բարդ համակարգը ոտքի վրա տեխնիկապես գործարկելն անհնար է։ Բոլոր երկրներից միայն Չինաստանը կարողացավ օպերատիվ կերպով ստեղծել թվային վերահսկողության համապարփակ մեխանիզմներ։ Հավանաբար այն պատճառով, որ զգալի նախապատրաստական աշխատանքներ են տարվել կորոնավիրուսի համաճարակի տարածումից շատ ավելի առաջ։

Գաղտնիություն կամ կյանք

Արևմտյան քաղաքական էլիտաները մի անգամ չէ, որ քննադատել են դեմքերը նույնականացնելու համակարգը, մարդկանց ցանցային ակտիվության, նրանց տեղաշարժի, շփումների, գնումների վերլուծությունը և մեծ տվյալների ու տեխնոլոգիական որոշումների մնացած համալիրը, որոնց հիման վրա ստեղծվում է հասարակության կառավարման չինական համապարփակ օրենքից վեր կանգնած  համակարգը։ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, դեռ 2018 թվականին ելույթ ունենալով Վաշինգտոնի Հուդզոնի համալսարանում, սոցիալական կրեդիտի չինական համակարգն անվանեց «օրուելյան» և մատնանշեց մարդկային կյանքի գրեթե բոլոր ոլորտներում պետության թվային միջամության հնարավորության մասին։ Սակայն կորոնավիրուսի համաճարակը ցույց տվեց, որ ավանդական դեմոկրատական հասարակությունները ևս պատրաստ են ներդնել թվային վերահսկողության մեթոդները՝ արդարացնելով այն մարդկանց առողջության և կյանքի անվտանգության ապահովմամբ։

Հարավային Կորեայի իշխանությունները համաճարակի հենց սկզբից բջջային օպերատորներից հավաքագրեցին հեռախոսների գտնվելու վայրերի մասին, ինչպես նաև բանկային քարտերով արվող գործարքների մասին տեղեկատվությունը։ Տասը կորեացիներից ինը, ըստ վիճակագրության, ունեն կրեդիտ քարտեր, իսկ անկանխիկ վճարումների մասնաբաժինը կազմում է 96,4%: Վարկային 22 կազմակերպությունից ստացված, ինչպես նաև բջջային հեռախոսների գտնվելու վայրերի տվյալները ուղղվում են մի համակարգ, որը ղեկավարում է Հարավային Կորեայի հողային ռեսուրսների և տրանսպորտի նախարարությունը։ Ինչպես հայտարարում են կորեական իշխանությունները, սա հնարավորություն է տալիս տասը րոպեի ընթացքում պարզել կոնկրետ մարդու տեղաշարժը։ 

Կորեայում պլանավորում են նաև ստեղծել «խելացի քաղաք»-ի համակարգ և հետևող ապարանջաններ նրանց համար, ովքեր արդեն խախտել են կարանտինը։ Տեղեկատվությունը խելացի քաղաքի համակարգ է մուտք գործում Վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի կենտրոնի, ինչպես նաև Ազգային ոստիկանության և Հարավային Կորեայի վարկային-ֆինանսական ասոցիացիայի միջոցով։ Հեռախոսներին և վճարային քարտերին հետևելու համակարգի հիման վրա ստեղծվել է առցանց քարտեզ, որը համացանցում կարող է տեսնել յուրաքանչյուր ցանկացող։ Քարտեզի վրա նշված են Covid-19-ի վերջին հաստատված դեպքերը։

Բացի այդ՝ իշխանությունները տեքստային հաղորդագրություններ են ուղարկում բոլոր նրանց, ովքեր կարող էին շփում ունենալ հիվանդների հետ։ Տեղեկատվությունն  ընդգրկում է հիվանդի սեռն ու տարիքը, վայրերը, որոնք վերջինս այցելել է վերջին երկու շաբաթների ընթացքում, ինչպես նաև այն վայրը, որտեղ կարող էր տեղի ունեցած լինել վերջինիս հետ ամենաերկար շփումը։ Նույնականացվող փաստաթղթերի անունները և տվյալները չեն բացահայտվում, սակայն արդեն առկա տեղեկատվությունը բավարար է հիվանդի ինքնությունը պարզելու համար։ Այնուամենայնիվ, համաձայն հարցումների՝ կորեացիներն աջակցում են զգայուն տեղեկատվության հրապարակմանը՝ հանուն համաճարակի տարածման կանխարգելման։ 

Իսրայելում հապճեպ ընդունվեց արտակագ իրավիճակի մասին օրենք։ Այժմ բջջային հեռախոսների գտնվելու վայրի մասին բոլոր տվյալները, բազային կայանների աշտարակներից ստացված ձայնագրությունները կարող են օգտագործվել վարակվածների կոնտակտներին հետևելու համար։ Բացի այդ՝ ոստիկանությունը կարող է ստանալ բջջային օպերատորների տվյալները, որոնք Իսրայելի անվտանգության ծառայությունը՝ Շաբակը, հավաքագրում է առանց դատարանի որոշման։ 

Ենթադրվում է, որ ինչ-որ մեկի մոտ Covid-19-ի հաստատման դեպքում վերջինիս հետ շփված բոլոր անձանց ավտոմատ կերպով ծանուցումներ են ուղարկվում։ Ոստիկանությունը կարող է նաև օգտագործել բջջային հեռախոսի տեղեկատվությունը՝ պարզելու նրանց գտնվելու վայրը, ովքեր պետք է լինեին կարանտինի մեջ։

Հետ չի մնում նաև Թայվանը։ Երկիրն օգտագործում է «թվային ցանկապատի» համակարգը, ճիշտ է, միայն նրանց համար, ովքեր պետք է պահեն պարտադիր կարանտինը (վարակման բարձր ռիսկով կամ հաստատված թեթև տեսակի կորոնավիրուսի վարակով անձինք):

Եթե հեռախոսը տրամադրում է որևէ կասկածելի տվյալ տեղաշարժի մասին կամ անջատված է, ոստիկանությունը կարող է ստուգման նպատակով այցելել տուն։ Բացի այդ, կարանտինային միջոցառումներին հետևելու համար օգտագործվում են բնակավայրերում տեղադրված տեսախցիկները։ 

ԱՄՆ-ն և եվրոպական մի շարք երկրներ խոստանում են գնալ շփումներին հետևելու կամավորության սկզբունքի ճանապարհով։ Facebook-ը Կարնեգի-Մելոնա համալսարանի հետ  թողարկել է ինտերակտիվ քարտեզ, որը թույլ է տալիս տեսնել Covid-19-ի տարածման մասշտաբները։ Քարտեզը կազմվում է Facebook-ի օգտատերերի շրջանում անցկացվող հարցումների հիման վրա և ցույց է տալիս, թե տարբեր շրջանների մարդկանց քանի տոկոսի մոտ են առկա Covid-19-ի նման ախտանշաններ, և նրանց, ովքեր դեռևս չեն ախտորոշվել։

Կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով շփումներին հետևելու համակարգի համատեղ մշակման մասին են հաղորդել նաև Apple-ն ու Google-ը։ Առաջին փուլում նրանք կթողարկեն առողջապահության ծառայությունների կողմից ստեղծված հավելվածների ծրագրային ինտերֆեյսերը (API)։ Այնուհետ Apple-ն ու Google-ը համատեղ կթողարկեն հարթակ, որտեղ հնարավոր կլինի հետևել շփումներին՝ Bluetooth-ի հիման վրա։ Համապատասխան ֆունկցիան կներկառուցվի iOS-ի և Android-ի օպերացիոն համակարգերում։

Bluetooth-ի միջոցով տվյալների փոխանցման վրա հիմնված սեփական հավելվածն է մշակում Մեծ Բրիտանիան։ Ինչպես հաղորդել է երկրի առողջաահության նախարար Մեթ Հենքոքը, հավելվածը կլինի անանուն և կամավոր։ Եթե մարդն իր մոտ կասկածում է Covid-19-ի  ախտանշաններ, նա կարող է այդ մասին հայտնել հավելվածի միջոցով։ Այս դեպքում օգտատիրոջը և բոլոր նրանց, ովքեր շփվել են վերջինիս հետ, տրվում է վտանգի «դեղին» մակարդակ։ Եթե հետագայում տվյալ անձի մոտ հաստատվում է կորոնավիրուս, վտանգի մակարդակն ավտոմատ կերպով փոխվում է «կարմիրի»։ Հավելվածը, ինչպես նշում է Հենքոքը, ստեղծվում է նրա համար, որ մարդիկ կարողանան դրսևորել համապատասխան վարքագիծ։ 

Մյուս կողմից, Հոնկոնգի փորձը ցույց է տալիս, որ կամավորության սկզբունքով աշխատող հավելվածները կարող են հեշտությամբ դառնալ պարտադիր։ Հոնկոնգն օգտագործում է Bluetooth-ով աշխատող StayHomeSafe հավելվածը՝ ինքնամեկուսացման և կարանտինի ժամանակ մարդկանց հետևելու նպատակով։ Բոլոր Հոնկոնգ ժամանողները պարտավոր են այն ներբեռնել։ Մարդկանց տրվում են ապարանջաններ՝ դրանց վրա տպագրված QR-կոդով։

Ավելի ուշ, ժամանածները պետք է ներբեռնեն հավելվածն իրենց սմարթֆոնով և թույլատրեն իրենց գտնվելու մասին տվյալներին, Bluetooth-ին և նույնիսկ պահոցին հասանելիություն ունենալ։ Տուն, հյուրանոց կամ պարտադիր մեկուսացման այլ վայր ժամանելիս անհրաժեշտ է սքանավորել ապարանջանի վրայի QR-կոդը՝ դրանով իսկ գրանցվելով հավելվածում, և սկսել հեռախոսով դանդաղ շրջել բնակարանի պարագծով՝ այդպիսով ֆիքսելով գտնվելու վայրը։ Կարանտինի ողջ ընթացքում անհրաժեշտ է միացված պահել հեռախոսը, իսկ հավելվածը՝ ակտիվ։ Երբեմն հավելվածը ծանուցումներ է ուղարկում այն մասին, որ պետք է սքանավորել QR-կոդը՝ հաստատելու համար սեփական գտնվելու վայրը։ Դա պետք է անել առանց հետաձգելու, հակառակ դեպքում կժամանի ոստիկանությունը։ 

Նման համակարգ գործում է նաև Լեհաստանում։ Սմարթֆոնի հավելվածը ցանկացած պահի կարող է խնդրել ինքնալուսանկար անել բնակարանում՝  գտնվելու վայրը հաստատելու համար։

Ո՞ր դեղամիջոցն է ազդել։

Դեռևս դժվար է գնահատել՝ արդյո՞ք որոշ երկրների հաջողության մեջ վճռական դեր են խաղացել հետևելու և վերահսկման բարձր տեխնոլոգիաները։ Թայվանում շատ քիչ թվով հիվանդներ կան՝ չորս հարյուրից մի փոքր ավելի, չնայած ցամաքային Չինաստանում գրանցվել է Covid-19-ով վարակման ավելի քան 80 հազար դեպք։ Թայբեյը արգելք էր դրել ցամաքային Չինաստանից, Հոնկոնգից, Մակաոյից ուղևորների մուտքի վրա փետրվարի սկզբին, երբ այդ շրջաններում հիվանդացությունը սկսեց աճել։ Իշխանություններն արգելք դրեցին նաև բժշկական դիմակների ու պաշտպանական միջոցների արտահանման վրա և սկսեցին ակտիվորեն աճեցնել դրանց արտադրությունը։ Բացի այդ՝ ներմուծվեցին մի ձեռքից դիմակների վաճառքի քվոտաներ։ 

SARS-CoV-2-ի թեստավորման և էքսպրես-մեթոդների ժամանակին մշակման հետ այն շատ օգնեց համաճարակի սկզբնական փուլում։ Տեղական իշխանությունները նաև ֆինանսական աջակցություն ցուցաբերեցին մարդկանց, ովքեր գտնվում են կարանտինի մեջ, ինչպես նաև ապահովում էին վերջիններիս առաջին անհրաժեշտության ապրանքներով, որպեսզի հնարավորինս քիչ պատճառներ լինեն տնից դուրս գալու համար։

Կորոնավիրուսի զանգվածային թեստավորումը, հավանաբար, օգնեց Հարավային Կորեային ռեկորդային ժամկետներում հաղթահարել վարակի տարածումը։ Երկրում ամեն օր կատարվում էր ավելի քան 20 հազար թեստավորում։ Սա հնարավոր դարձավ այն բանի շնորհիվ, որ իշխանությունները սկզբնական փուլում թույլատրեցին չգրանցված թեստերի օգտագործումը, իսկ այնուհետև գործին միացավ նաև դեղագործական արդյունաբերությունը, և բավականին արագ հունի մեջ ընկավ սեփական թեստերի արտադրությունը մեծ ծավալներով։ 

Արդյունքում, եթե, օրինակ, Մեծ Բրիտանիայում Covid-19 թեստ կարելի է հանձնել միայն հոսպիտալացվելու պարագայում, ապա Հարավային Կորեայում այն անցկացնում են բոլոր ցանկացողների համար։ Նրանց համար, ովքեր ունեն ախտաշնաններ, այն իրականացվում է անվճար։ Ընդ որում, որոշ քաղաքներում աշխատում են անալիզներ հանձնելու շարժական կենտրոններ՝ մակ-մեքենա սկզբունքով․ մարդիկ կարող են գալ հատուկ տարածք, օրինակ՝ հոսպիտալի ավտոկանգառ, հանձնել անալիզ, առանց սեփական մեքենայից դուրս գալու, և ստանալ պատասխանը SMS-ի միջոցով մի քանի օրից։ 

Գերմանիան, որը դեռևս չի մտցրել թվային վերահսկողության տոտալ միջոցառումներ, ևս բավականին հաջող է գործում․ չնայած հիվանդացածների ընդհանուր թիվը երկրում մեծ է, սակայն մահացությունն ավելի ցածր է, քան հարևան երկրներում։ Այն գլխավորապես բացատրվում է ախտորոշման վաղ մեկնարկով․ թեստերը գերմանացի գիտնականների կողմից մշակվել են մեկ օր առաջ այն բանից հետո, երբ ԱՄՀ-ն պաշտոնապես հայտարարեց, որ վարակը փոխանցվում է մարդուց մարդուն։ 

Այժմ Գերմանիայի շուրջ երեք հարյուր լաբորատորիաներ անցկացնում են օրական ավելի քան 50 հազար թեստավորում՝ ամենաբարձր ցուցանիշներից մեկն ամբողջ աշխարհում։ Բացի այդ՝ պարտադիր առողջապահական ապահովագրությունը և մեծ քանակությամբ մահճակալները տվեցին իրենց պտուղները․ ստացիոնարներում չկա դեֆիցիտ, և որևէ տեսակի կասկածի և ինքնազգացողության վատթարացման դեպքում գրեթե յուրաքանչյուրը կարող է դիմել բժշկական օգնության։ 

Չինաստանը դարձավ առաջին երկիրը, որտեղ ոչ միայն հայտաբերեցին, այլև կարողացան վերահսկողության տակ պահել կորոնավիրուսի տարածումը՝ չնայած ընդարձակ աշխարհագրությանը և հսկայական բնակչությանը։ Այնուամենայնիվ, նույնիսկ այս դեպքում դժվար է ասել՝ արդյո՞ք թվային հետապնդումը կունենար նույն ազդեցությունն առանց հարևանների՝ մեկը մյուսին հետևելու ժամականով փորձված միջոցների։

Դեռ 2000-ական թվականների սկզբին Չինաստանը սկսեց ցանցային կառավարման փորձարկումներ իրականացնել  (网格化管理系统)։ Համաձայն այս սկզբունքի՝ բնակելի թաղամասերը բաժանվում են մանր բջիջների՝ հարևան կոմիտեների (社区居民委员会), և յուրաքանչյուր կոմիտեում նշանակվում է մյուս բնակիչներին հետևող պատասխանատու։ Երկրում, ըստ «Սինխուա»-ի, ավելի քան չորս միլիոն «հարևանային դրուժիննիկներ» ծառայություն են իրականացնում 650 հազար հարևան կոմիտեներում։ Այս դրուժիննիկների աշխատանքը ճանաչվել է ամենաբարձր մակարդակով․ ՉԺՀ-ի ղեկավար Սի Ծինպինի խոսքերով՝ հենց նրանք են բուժաշխատողների հետ կանգնած կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծին։ 

Չնայած Չինաստանում հիվանդների թիվը մնում է նվազագույն մակարդակի վրա, սակայն դրուժիննիկների հարևանային կոմիտեների գործունեությունը չի դադարեցվել։ Դրանք նախկինի պես 24/7 ռեժիմով հերթապահում են բնակելի համալիրների ելքերի մոտ, անվանապես նկարագրում են բոլոր ելումուտ անողներին, խստորեն գրանցում են բոլոր հիվանդներին ու պոտենցիալ վտանգավոր վայրերից ժամանած մարդկանց։ Դրուժիննիկները առաջին անհրաժեշտության ապրանքներով և մթերքներով են ապահովում նրանց, ովքեր չեն կարող դուրս գալ տնից և գտնվում են ռիսկի խմբում, և նույնիսկ անցկացնում են զանգվածային մշակութային միջոցառումներ՝ ինքնամեկուսացված բնակիչների տրամադրությունը բարձրացնելու համար։

Բարձր տեխնոլոգիաների ժամանակակից բոլոր ձեռքբերումներով հանդերձ՝ կրիտիկական իրավիճակում դրանք կարող են լինել վերահսկողության ոչ ամենաարդյունավետ միջոցը, ինչպես օրինակ դեմքերի նույնականացման տեսախցիկները, որոնք աշխատում են փոփոխական հաջողություններով այն պայմաններում, երբ բոլորը կրում են բժշկական դիմակներ։ Իսկ հարևան կոմիտեի ուշադիր մորաքրոջը խաբելը շատ ավելի բարդ է։ 

Թվային վերահսկողության ներդրման Մոսկվայի փորձը ևս հարցեր է առաջացնում։ Առաջինը՝ որքանո՞վ են արդյունավետ թվային անցաթղթերը համաճարակի տարածման կանխարգելման գործում, եթե դրանք, դրսևորած անհրաժեշտ համառության դեպքում, կարող են ստանալ յուրաքանչյուրը։ Առաջին օրը, երբ թվային անցաթղթերը շրջանառության մեջ դրվեցին, մետրոյի մուտքի մոտ առաջացան հսկայական հերթեր, քանի որ ոստիկանները ստուգում էին դրանց առկայությունը բոլոր մուտք գործողների մոտ։ Դժվար չէ գլխի ընկնել, որ սոցիալական հեռավորության բոլոր միջոցառումները, որոնք ըստ գաղափարի պետք է ամրապնդեին այդ թվային թույլտվությունները, ձախողվեցին։ Որքանո՞վ է արդյունավետ բջջային հեռախոսներին հետևելը, եթե գտնվելու վայրի տվյալները ճշգրիտ չեն, երբեմն լինում են խաթարումներ, մոտակա խանութի հասկացությունն էլ, օրինակ, բավականին անորոշ է։ Վերջապես, գլխավոր հարցը՝ ե՞րբ կավարտվեն այս բոլոր միջոցառումները և կավարտվե՞ն ընդհանրապես։

Չինաստանի իշխանությունները, չնայած Covid-19-ի դեմ հռչակված ներքին հաղթանակին, ընդգծում են, որ ներս բերվող վարակների և համաճարակի երկրորդ ալիքի ռիսկը շատ մեծ է։ Այդ իսկ պատճառով էլ հիմա, երբ մարդիկ աստիճանաբար վերադառնում են աշխատանքի, վերականգնվում է արդյունաբերությունը, գործնական ակտիվությունը և դպրոցներում դասերը, ինչպես երբեք կարևոր է ակտիվորեն օգտագործել սոցիալական վերահսկողության տեխնոլոգիաները՝ հիվանդությունից զերծ մնալու համար։

Թվային վերահսկողության միջոցառումներն այժմ համարվում են համաճարակի դեմ պայքարի անհրաժեշտ գործիք ոչ միայն գագաթնակետի, այլև հաջորդող վերականգնողական երկարատև ժամանակահատվածում։ Նույնիսկ Չինաստանում կյանքն իր բնականոն հունին շատ դանդաղ է վերադառնում, իսկ շատ այլ երկրներում հիվանդությունը դեռևս դուրս չի եկել պլատոյի փուլ։ Դա նշանակում է, որ թվային վերահսկողությունը դեռ երկար կպահպանվի։ Չէ՞ որ հետագայում հնարավոր կլինի խաղարկել ներմուծված կորոնավիրուսային սպառնալիքների և այլ սարսափելի համաճարակների քարտերը։ Վերջիվերջո, ո՞վ գիտի, թե էլ ի՞նչ են թաքցնում չղջիկներով լի քարանձավները։


Թարգմանիչ ՝ Անի Թորոսյան (Ani Torosyan)  © Բոլոր իրավունքները պաշտպանված են