Ալեքսանդր Բաունով, Գլեբ Պավլովսկի, Ալեքսանդր Պոլոզով 

Կորոնավիրուսի  համավարակը (պանդեմիան) կստիպի Ռուսաստանի իշխանությանը նոր լուծում գտնել «2024 թվականի խնդրի»՝ Վլադիմիր Պուտինի չորրորդ նախագահական ժամկետի ավարտից հետո ներկայիս իշխանությունների պահպանման հարցի  համար:

Սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնելով՝ Կրեմլը մերժեց իշխանությունը հանձնելու գաղափարը նույնիսկ 2008 թվականի օրինակով, իսկ 1999-ի մասին անգամ խոսք լինել չէր կարող: Բայց կարո՞ղ է արդյոք այն մնալ այս ուղու վրա: «Զրոյացման» ճանապարհին հանդիպող անկանխատեսելի բարդությունները և այն հուշումները, որոնք տալիս է իշխանությանը հենց ինքը՝ համավարակը, քննարկել են Carnegie.ru-ի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Բաունովը և քաղաքագետ, հրապարակախոս Գլեբ Պավլովսկին: Znak.com-ը հրապարակում է հարցազրույցի դրույթները:

Անփոխարինելիության պատանդը

Եթե ժողովրդավարության համար ընտրությունների արդյունքում անձանց փոխարինումը նշանակում է միայն անձանց փոխարինում, ապա ավտորիտարիզմի համար այսպիսի փոփոխությունը կապված է հենց համակարգի ավարտի ռիսկի հետ: 2020 թվականի մարտին Վլադիմիր Պուտինը հաստատեց ինքնակալության այդ առանձնահատկությունը, որը նշել է Ալեքսանդր Բաունովը իր «Վերակառուցում-2-ի վախը․ ինչու Պուտինը մերժեց իշխանությունը փոխանցելու բարդ ծրագրերը» հոդվածում: Հեղինակի կարծիքով, իր նախագահական ժամկետները զրոյացնելով և մինչև 2036 թվականը իշխանության գլուխ մնալու տեսական հնարավորությամբ, Պուտինը մերկացրեց Ռուսաստանի ներկայիս ղեկավարության գլխավոր վախը: 2024 թվականին իշխանության փոխանցման մեջ, նույնիսկ վստահելի, փորձված ժառանգին, Կրեմլում արդեն տեսնում են պուտինյան համակարգի ապամոնտաժման անընդունելի ռիսկեր, և, որպես հետևանք, Ռուսաստանի նոր աշխարհաքաղաքական պարտություն:

Բաունովը զուգահեռներ է անցկացնում Վերակառուցման պատմական ժամանակաշրջանի հետ, որը սկսվել էր Միխայիլ Գորբաչովի իշխանության գալով: Եվ ավարտվեց ոչ միայն «սառը պատերազմում» Խորհրդային միության պարտությամբ, այլև «20-րդ դարի ամենախոշոր աշխարհաքաղաքական աղետով», ինչպես մեկնաբանում են հենց ինքը Վլադիմիր Պուտինը և ռուսական վերնախավի այն մասը, որը պուտինյան վարչակարգում տեսնում է ԽՍՀՄ-ի մասնակի վերածնունդ: Այստեղից էլ նորից «երկիրը կորցնելու» վախը, այն փոխանցելով այնպիսի մարդու, որը չի կարողանա պահպանել այն, ինչպես դա եղավ 30 տարի առաջ։ Իսկ եթե ընդհանրապես «դավաճան» լինի, ինչպիսին շատերի համար եղել և մնում է Գորբաչովը: Հետևաբար, գլխավոր խնդիրը դառնում է թույլ չտալ նոր Գորբաչովի և Վերակառուցում-2-ի գալը:

Ընդ որում՝ Կրեմլի այժմյան բնակիչներին, ինչպես պարզվեց, այդքան էլ չէր համոզել 2008-2012 թվականների ընդհանուր առմամբ հաջողված տանդեմոկրատիայի փորձը: Խնդիրը միայն այն չէ, թե քանի տարեկան կլինի Վլադիմիր Պուտինը 2030-ին, առավել ևս՝ 2036-ին: Հենց իրեն՝ Պուտինին, առավել շատ անհանգստացնում է Ռուսաստանում երկիշխանության առաջացման հնարավոր վտանգը, ինչի մասին նա բազմիցս և ուղղակիորեն ասել է տարբեր լսարաններում՝ քննարկելով նրանց հետ իր սահմանադրական բարեփոխումների մանրամասները: Իսկապես, երկիշխանության ստվերը երևացել է նույնիսկ Դմիտրի Մեդվեդևի նախագահության տարիներին, որը բացարձակապես լոյալ և ամբողջությամբ վերահսկելի էր: Չնայած այդ ժամանակ Պուտինն էլ էր այլ կարգավիճակում, և տնտեսությունն էլ էր գտնվում իր գագաթնակետին, և իշխանության ու հասարակության միջև գոյություն ուներ «կայունության» գաղափարով ամրագրված հայտնի համերաշխությունը: Եվ Արևմուտքի հետ խաղում, որը Կրեմլի համար եղել ու մնալու է գլխավոր մտահոգությունների շարքում, հաշվարկները լրիվ այլ էին:

Իսկ հիմա հասարակության մեջ հասունացել է փոփոխությունների պահանջը. իշխանությունն այդ ամենն ընդունում և պատասխանում է «առաջընթացի» կարգախոսով: Բայց, ըստ երևույթին, դրա մեջ տեսնում է վերակառուցման «արագացման» վախեցնող զուգահեռները, որը եկավ 80-ականների կեսերին՝ փոխարինելու բրեժնևյան «լճացմանը»:

Վերնախավի վախերի և քաղաքացիների տրամադրությունների միջև եղած հակասություններից Պուտինը գտավ, ինչպես իրեն կարող էր թվալ, միակ հնարավոր արդյունավետ լուծումը․ խուսափել ռիսկային երկբևեռ իշխանությունից, մնալ իշխանության ղեկին և, եթե փոփոխությունների կարիք կա, դրանք անցկացնել անձնապես: Այսինքն՝ «կայունությունը» և «առաջընթացը» միավորել «առաջընթացի և կայունության» մեջ: Գաղափարի օրինականացումը սահմանադրական բարեփոխման ձև ստացավ, վարչակարգի նոր, սահմանադրական ձևավորում, որն արդեն վաղուց ժառանգված էր ոչ թե  Ելցինից, այլ Պուտինից:

Զարգացնելով Պուտինի մի կողմ քաշվելու, առավել ևս հեռանալու անհնարինության թեզը՝ Գլեբ Պավլովսկին մատնանշեց Ռուսաստանի այժմյան ղեկավարի «կուտակած դերը»: Խոսքն այն անորոշ գործառույթների մասին է, որոնք վերագրվել  են Պուտինին 20 տարի պաշտոնավարման ընթացքում, ոչ միայն նախագահական պաշտոնում: Օրինակ՝ հիշեցրեց քաղաքագետը, որ Մեդվեդևի օրոք նրա վարչապետության ժամանակներից, երբ հաստատվեց կուրդինյան «խնայատուփ» հայեցակարգը, Վլադիմիր Պուտինը մնում է նաև «համառուսաստանյան բանկիր», որի ենթակայության տակ է գտնվում նաև Կենտրոնական բանկի նոմինալ ղեկավարը: «Եթե այս ամենը կապենք 80-ականների վերջերի ևս մի երևակայական վախի հետ, երբ «փլուզված» ԽՍՀՄ-ը ստիպված էր ձեռքը պարզած առաջ գնալ, հատկապես լավ բացատրելի են դառնում այսօրվա ռուսական իշխանության այդքան սրտատրոփ վերաբերմունքը ազգային «ֆինանսական բարձիկի» նկատմամբ և համավարակի ընթացքում Կրեմլի ժլատությունը»,- միանգամից նկատեց Բաունովը:

«Այդ դերը, գերագույն հրամանատարի, բանկիրի, համաշխարհային կերպարի, ինքնության կենտրոնի և ազգի կողմից առաջադրվածի այդ կերպարը, իհարկե, անփոխանցելի է, առնվազն այնպես ուղիղ, ինչպես դա եղել է 1999 թվականին: Հենց ինքը փոխանցումը, որը չի կարող լինել միանվագ, արդեն առաջին իսկ փուլում ստեղծում է անլուծելի խնդիրներ, զգալիորեն ավելի անլուծելի, քան 2008-2012 թվականների տանդեմում: Դա նման է թռիչքի պահին տիեզերանավը վերանորոգելուն. առաջանում են ուղղակի անլուծելի խնդիրներ, որոնք համակարգի առաջնորդին դարձնում են ոչ միայն անփոխարինելի, այլ այդ անփոխարինելիության պատանդը»,- ասաց Գլեբ Պավլովսկին:

Հնարավոր չէ գարուն վերադառնալ 

Բայց այն պահին, երբ Պուտինը ստիպված էր ընթացքից փոխել 2024 թվականի հետ կապված ծրագրերը, սկսվեց համավարակը, որը, ըստ Պավլովսկու, Ռուսաստանում ստեղծեց «շեքսպիրյան իրավիճակ»: Այն ոչ մի կերպ հնարավոր չէր կանխատեսել, բայց դա միանգամից մտավ այն ամենի մեջ, ինչով հետաքրքրված էր իշխանությունը փետրվարին և մարտի առաջին կեսին: Հնարավոր է՝ Պուտինը որոշ ժամանակ հույսը դնում էր բախտի վրա, ինչը, սովորաբար, վերագրում են հենց իրեն, ինչպես նաև ինչ-որ արևելաեվրոպական բախտին, ինչն ի հայտ եկավ այս համավարակում: Որպեսզի հետագայում ավելի բարենպաստ պայմաններում լուծել հարկադրված հետաձգված Սահմանադրության  քվեարկության հարցը: Բայց հիմա, կարծես թե, պարզ է դառնում, որ խաղաքարտերը նորից պետք է բաժանել այն հարցով, թե ինչպես համավարակը կազդի կոշտ «զրոյացման» ընթացքի վրա, որը սկսվել էր չեղարկված տրանսֆերի փոխարեն: Եվ արդյո՞ք չարժե վերադառնալ փոխանցման տարբերակին, չնայած Վերակառուցում-2-ի վախին:

«Պուտինը ստիպված էր անցնել ստվեր և լավ է, որ նա կռահեց դա, չնայած նրա շրջապատը իրեն չէր տրամադրում դրան,- համաձայնում է Գլեբ Պավլովսկին։- Արդյունքում զարմանալի բան տեղի ունեցավ. նահանգապետները, որոնց զտում էին առաջնորդելու անկարողությամբ, դաստիարակում էին նրանց մեջ դա, ընտրում էին հատուկ նրանց, ովքեր չէին կարող դառնալ քաղաքական գործիչներ, ստիպված դարձան այդպիսին: Առաջացավ համակարգի տարածքայնացում, չնայած՝ նրան այդ ամենը շատ խորթ էր: Առաջացան Մոսկվան և Մոսկովյան շրջանը՝ որպես ստեղծված իրավիճակում տարածաշրջանային վարվելաձևի չափանիշ: Այս ամենը հետագայում հեշտ չի լինի թաքցնել պարկի մեջ»:

«Իր կարծիքով, վաղուց է նկատվել, որ Կրեմլում վախենում են կորցնել լրիվ այլ երկիր: Իրական երկիրը ճգնաժամային իրավիճակում սկսեց հաջողել առանց վարչակարգի հետ կապված մի շարք ինստիտուտների․ պարզվեց, որ պետք չեն ո´չ Դուման, ո´չ դաշնային կուսակցությունները: Նույնիսկ կառավարության ղեկավար Միշուստինը կորել էր մինչ հիվանդանալը, և նրա ժառանգ Բելոուսովը նույնպես չփայլեց ղեկավարելու կարողությամբ, իսկ դա շատ կարևոր պահ էր, որին արձագանքում են մարդիկ»,- ուշադրություն է դարձնում Պավլովսկին:

«Ես կարծում եմ, որ այդ ամենից հետո արդեն հնարավոր չի լինի ուղղակի վերադառնալ գարնանը»,- ենթադրում է փորձագետը:

«Անհասկանալի է, այժմ ինչպե՞ս կանչել մարդկանց ինչ-որ հանրաքվեի, չէ որ մարդկանց մոտ առաջացել է հաստատուն զգացողություն, որ իրենց պարտք են մնացել,- շարունակեց դատողությունները Ալեքսանդր Բաունովը: Անհատապաշտական վարչակարգերը, ըստ երևույթին, պահպանվում են իրավունքների և ազատությունների նշանակալի մասը անվտանգությամբ և ընկալունակությամբ փոխանակելու միջոցով, որ ինչ-որ կրիտիկական իրավիճակում վարչակարգի գլխում կանգնած անհատականությունը,  ժողովրդի շահերից ելնելով, կսկսի գործել իր երկաթե ձեռքով: Բայց ի՞նչ անել, եթե այս գարնանը քաղաքացիները այդպես էլ չտեսան վարչակարգի երկաթե ձեռքը, որը գործում էր Մոսկվայում՝ ամռանը: Չնայած իրենք անսպասելիորեն ցույց տվեցին բարձր աստիճանի կարգապահություն՝ ըստ երևույթին պայմանականորեն, հանձնարարված կարանտինի պայմաններում: Այստեղից հարց. արդյո՞ք մարզերից դե ֆակտո հետ պահանջված լիազորություններին կհաջորդի նաև ժամանակին տրված իրավունքների և ազատությունների հետ պահանջը:

«Որոշ չափով սա հիշեցնում է ուշ Խորհրդային Միությունը՝ իր հիասթափություններով, երբ իշխանությունը չկարողացավ ո´չ կերակրել,  ո´չ անվտանգություն ապահովել, պաշտպանել պատերազմից: Հիմա մենք նույնպես տեսնում ենք երկու-երեք կարևոր կետերի խախտում»,- ընդգծեց Բաունովը:

«Ելքի պատերազմներից» առաջ

Իսկապես առկա է իշխանությունից բորբոքված հիասթափություն, բայց դժվար թե ուշ ԽՍՀՄ-ի հետ զուգադրելը տեղին է, չի համաձայնում Պավլոսկին։ Բացի այդ, իր կարծիքով, համակարգը կարող է օգտվել ընտրության հնարավորություններից, որոնք տվեց համավարակը:

«Նոր դեր ի հայտ եկավ, որը մինչ այդ չկար: Գիտա-բժշկական հեղինակության դերը, որն ասում է, թե ինչ պետք է անել: Եվ եթե, նույնիսկ, նա չի ասում այդ ամենը հրապարակավ, շատ որոշումներ, որոնք ընդունվում են իշխանության կողմից, բացահայտ հանգում են այդ ոլորտի կոնկրետ հեղինակություններին: Այդ դերը նույնպես չի կորչի»,- օրինակ բերեց քաղաքագետը:

Ակադեմիական միջավայրի ներկայացուցիչների հայտարարությունը որոշակի խմբերի նկատմամբ պատվաստման «ռազմական մոդելի» մասին ցույց է տալիս նոր, քաղաքացիական-բժշկական ավտորիտարիզմի հնարավոր ծնունդը:

Իր համար սնուցող միջավայր կդառնա «երկրորդ ալիքի» հանդեպ վախը՝ արդեն աշնանը վերադառնալը գարնանային սարսափներին: Դա կլինի շատ հզոր քաղաքական շարժառիթ, որը կօգտագործի իշխանությունը և, ի դեպ, ոչ միայն Ռուսաստանում:

Զուտ ռուսական խնդիր կարող է լինել արագ և ճիշտ որոշումներ կայացման իշխանությունների անկարողությունը, որոնք կպահանջվեն տնտեսության և սոցիալական ոլորտում: Իրավիճակը կարող է բարդանալ նրանով, որը Գլեբ Պավլովսկին անվանեց «ելքի պատերազմներ»: Կսկսվեն, ավելի ճիշտ, սկսվել են նրանց որոնումները, ովքեր համավարակի ընթացքում «շատ են դուրս եկել»: Նաև ոչ մի տեղ չեն կորել կոռումպացված ուժայինների ախորժակները, որոնք կորոնաճգնաժամի պատճառով կորցրին եկամուտի զգալի մասը: Համակարգը հասավ շեմին, որից այն կողմ կլինեն շատ ծանր փորձություններ հենց իր համար, զգուշացնում է Պավլովսկին: Եթե համակարգը կուլ տա իր սեփական իրավասու պաշտոնյաներին, և դա արտացոլվի մարդկանց կյանքի վրա, ուշ ԽՍՀՄ-ի հետ զուգադրությունները, ի սարսափ իշխանությունների, կդառնան ավելի ամբողջական:


Թարգմանիչ՝ Սյուզաննա Ղազարյան (Syuzanna Ghazaryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: