Մերձավորարևելյան Փարիզի պայթյունը

Գլխավոր իրադարձությունը

Օգոստոսի 4-ին լիբանանյան Ալ-Մայադին արբանյակային լրատվական ցանցը գուժեց Բեյրութի նավահանգստի 12-րդ հատվածում երեկոյան ժամը 18-ի սահմաններում գրանցված հուժկու պայթյունի մասին[1]: Լիբանանցի օգտատերերի կողմից սոցիալական հարթակներում արագորեն տարածվեցին պայթյունի տեսագրությունները[2], որոնցում նախ հրդեհից բարձրացող ծուխն է երևում, իսկ այնուհետև հզոր պայթյունն է որոտում, որի հարվածային ալիքն ընդամենը վայրկյանների ընթացքում անցնում է 15 կմ՝ հասնելով անգամ Կիպրոսի ափեր:

Լուսանկարը՝ The Guardian-ի

Լիբանանի նախագահն անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց, օգոստոսի 5-ը հայտարարվեց սգո օր, երկրում հայտարարվեց երկշաբաթյա արտակարգ իրավիճակ: Օգոստոսի 7-ի դրությամբ զոհերի թիվը կազմել է 180 մարդ (այդ թվում՝ 13 հայ), իսկ վիրավորներինը՝ 6,000 մարդ (այդ թվում՝ 250 հայ), առանց տանիքի մարդկանց թիվը՝ 300,000, վնասված շենք-շինությունների թիվը՝ 6,000: Պայթյունի ուժգնությունը, ըստ հայազգի գիտնական Արեգ Դանագուլյանի, հավասար է 1945 թ. Հիրոսիմայի ատոմային հարվածի 10%-ին[3]:

Օգոստոսի 5-ին Կառավարությունը հայտարարեց, փոխանցում է USA Today-ը, որ նավահանգստի աշխատակից մի շարք պաշտոնյաներ տնային կալանքի տակ են, որպեսզի ենթարկվեն հետաքննության:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի hամաշխարհային մշակութային ժառանգության որևէ լիբանանյան արժեք բարեբախտաբար չի տուժել: Լիբանանում են գտնվում, օրինակ, Վալիդ I-ի պալատի ավերակներն ու դրանց հարակից տարածքները Անճար քաղաքում, ինչպես նաև Բաալբեկ հինավուրց քաղաքը:

Պայթյունի տնտեսական հետեւանքները

Ողբերգական պայթյունը, ըստ Ռիխտերի սանդղակի 4.5 բալ ուժգնությամբ, ահավոր հարված էր մի երկրի տնտեսության համար, որ տեւական ժամանակ գտնվում է ֆինանսական եւ ներքաղաքական քայքայիչ ճգնաժամում՝ սրան ավելացնելով շարունակաբար արժեզրկվող փոխարժեքը եւ COVID-19 համավարակի առաջ բերած նոր մարտահրավերները: Բեյրութի նավահանգիստը՝ պայթյունի էպիկենտրոնը, երկրի փոխադրումների հիմնական փեթակն է:

Այս աղետից Լիբանանի տնտեսությանը պատճառված վնասները եւ հետեւանքների մեղմացման փոխհատուցումները, ըստ Լիբանանի նախագահ Միշել Աունի ֆինանսական հարցերով խորհրդական, տնտեսագետ Շարբել Քորդահիի, ում խոսքերը մեջբերում է ArabNews-ը, ընդհուպ մինչեւ 15 մլրդ ԱՄՆ դոլար կկազմեն՝ ավելացնելով, որ առանց միջազգային օժանդակության Լիբանանը միայնակ չի հաղթահարի:

«Այն [նավահանգիստը ՝ հեղ.] երկրի բաբախող սիրտն էր, որովհետեւ Լիբանան ներմուծվող ապրանքների 80%-ը հենց այստեղ էր գալիս՝ այդպիսով ապահովելով տնտեսության առաջընթացը»,- նշում է Բեյրութում տեղակայված «Եռանկյուն» խորհրդատվական կենտրոնի համահիմնադիր Սամի Հալաբին:

Համաձայն «Եռանկյուն» խորհրդատվական կենտրոնի զեկույցի՝ տեղծված իրավիճակում նավահանգստի՝ շարքից դուրս գալը լրջորեն սպառնում է Լիբանանի պարենային անվտանգությանը, ընդ որում՝ պարենային կարիքների 65-85%-ը հենց այս նավահանգստով է ներկրվում: Ավելին՝ օգոստոսի 4-ին պայթեց նաեւ նավահանգստում պահեստավորված 15,000 տոննա հացահատիկը:

Ինֆոգրաֆիկան՝ Thinktriangle.net-ի

Երկրորդ նավահանգիստը Տրիպոլիում է՝ մայրաքաղաքից 80 կմ հյուսիս: Թեպետ այն էապես ավելի փոքր է Բեյրութի նավահանգստից, սակայն ստիպված է լինելու ինչ-որ կերպ կազմակերպել սպասվող ահռելի բեռնափոխադրումների ընդունումը:

«Տրիպոլիի նավահանգիստը պատրաստված չէ պարենի կենսական ներկրումներն ընդունելու համար: Առկա է այդ ներկրումներն ապահովելու բացառիկ հրատապություն, իսկ Կառավարությունը չունի բավարար միջազգային փոխարժեք դա կազմակերպելու համար»,- հավելում է Հալաբին:

«Երկրի օդանավակայանները եւ այլ տրանսպորտային հանգույցներ կարող են սպասարկել ընդհանուր առեւտրի 30-40%-ը, Սիրիայի հետ պետական սահմանների վերաբացումը՝ հավելյալ 20%-ը: Սա կնշանակի, որ առնվազն 5 մլրդ ԱՄՆ դոլարի ներկրումներ ուղի չեն գտնի դեպի Լիբանան, իսկ եւս 2 մլրդ դոլարի արտահանում առաջիկա 8 ամիսներին ելք չի գտնի դեպի արտասահման: Ստացվում է 4 մլրդ դոլարի կամ ՀՆԱ-յի 15%-ի կորուստ»,- նշում է Նախագահի ֆինանսական խորհրդական Քորդահին:

Դեռ վաղ է գնահատել պայթյունի բացասական ողջ ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, սակայն փորձագետ Մոստաֆա Ռաադի կարծիքով անհամեմատելիորեն խոշոր բնապահպանական աղետ կգրանցվեր, եթե քամիները ամոնիակի նիտրատով լեցուն թունավոր ամպը քշեին ցամաքից դեպի ծով:

«Մենք անհանգստանում էինք, որ ամոնիակի նիտրատի մնացորդը կպաղեցներ եղանակը՝ հանգեցնելով թթվային անձրեւների, բայց բարեբախտաբար մթնոլորտից վերցված թեստերի արդյունքը կանաչ էր, ինչը նշանակում է, որ այդ ամպն ի վերջո անհետացել է ծովի վրա»,- եզրափակում է Ռաադը, փոխանցում է Arab News-ը:

Պայթյունի վարկածները

Պայթյունից անմիջապես հետո շրջանառվեցին քաղաքացիական և պաշտոնական նախնական վարկածները:

Քաղաքացիական. մի շարք տեղացիներ իրենց անձնական էջերում և դեպքի էպիկենտրոն ժամանած լրագրողներին պատմում էին, որ դեպքից առաջ լսել են ուղղաթիռ/ների թռիչքի ձայներ՝ ենթադրելով, որ պայթյունը թշնամու (իմա՝ Իսրայելի) ավիահարվածի հետևանք է:

Պաշտոնական. պայթյունի պատճառը կարող են նավահանգստում պահեստավորված պայթյունավտանգ նյութերը եղած լինել: Այս կարծիքը կիսեց Լիբանանի մաքսային հարցերով ղեկավար Բադրի Դահերը, իսկ ընդհանուր անվտանգության գլխավոր ղեկավար, գեներալ-մայոր Աբբաս Իբրահիմը Ալ-Մայադինին հաղորդեց, որ պայթյունի հավանական պատճառ դարձած քիմնյութերը առգրավված են եղել որոշակի ժամանակ առաջ, ուստի հարկավոր է անհապաղ հետաքննություն՝ հաստատելու այդ հիմքերը[4]: Իսկ առողջապահության նախարար Համադ Հասանը տեղական ԶԼՄ-ներին հայտնել էր, որ հրավառության պարագաներ տեղափոխող նավ է պայթել[5]:

Օգոստոսի 7-ին «Ֆրանս պրես» գործակալությունը իր թվիթերյան միկրոբլոգում 2 կարեւոր հայտարարություն փոխանցեց. ըստ առաջինի՝ Լիբանանի նախագահ Միշել Աունը մերժել է պայթյունի պատճառների բացահայտման միջազգային հետաքննություն սկսելու առաջարկները, իսկ ըստ երկրորդի՝ լիբանանյան «Հիզբալլահ» կուսակցության գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահը հերքել է նավահանգստում զինամթերք պահեստավորած լինելու շուրջ լուրերը:   

Լուսանկարը՝ Al-Ahed News-ի

Լիբանանի Մաքսային վարչության ղեկավար Բադրի Դահերը, ում խոսքերը մեջբերում է USA Today-ը, պայթյունի հաջորդ օրը տեղեկացրեց, որ տարբեր պաշտոնատար անձանց կողմից մի քանի տարի շարունակ 5-ից 6 դիմում-նամակներ են հղվել դատական իշխանության մարմիններին՝ պահանջելով իրավական լուծում տալ նավահանգստում պահվող եւ մեծ վտանգ ներկայացնող ամոնիակի նիտրատի անվնաս տեղափոխությանը ավելի ապահով վայրեր:

Սակայն նավահանգստի ղեկավարները նշում են, որ վերանորոգման աշխատանքները ավարտված են եղել շատ ավելի վաղ, քան աղետը:

Օգոստոսի 11-ին Reuters գործակալությունը, հղում անելով լիբանանյան ազգային անվտանգության բարձրաստիճան աղբյուրների, ուշագրավ մանրամասներ հաղորդեց, մասնավորապես հուլիսի 20-ին՝ պայթյունից ընդամենը երկու շաբաթ առաջ, Պետական անվտանգության գլխավոր վարչությունը զեկույց է ներկայացրած եղել, որում պարունակվել է նաեւ տեղեկանք, ուղարկված երկրի նախագահ Աունին եւ վարչապետ Դիաբին, ըստ որի՝ ս.թ. հունվար ամսից ընթացած դատական քննությունները տվել են պայթյունավտանգ նյութերը հնարավորինս կանուխ վնասազերծելու կամ այլ շուտափույթ լուծում տալու եզրակացություն:

«Ես նրանց զգուշացնում էի, որ եթե պայթյունը տեղի ունենա, ապա այն կկործանի Բեյրութը»,- Reuters-ի հետ զրույցում նշել է Աունին եւ Դիաբին ուղղված տեղեկանքը կազմող պաշտոնյաներից մեկն, ով հրաժարվել է իր անունը ներկայացնելուց:

Դիաբի կառավարության, որը օգոստոսի 11-ին հրաժարական տվեց, ներկայացուցչի պնդմամբ Դիաբը ստացել է այդ տեղեկանքը հուլիսի 20-ին, որն անմիջապես ուղարկվել է Պաշտպանության գերագույն խորհուրդ վերջինից 48 ժամում մասնագիտական կարծիք ստանալու պահանջով: «Այս կառավարությունը ստացել է փաթեթը պայթյունից 14 օր առաջ եւ գործուն քայլերի դիմել ընդամենը օրերի հաշվարկով: Իսկ նախորդ կառավարությունները ունեցել են 6 տարի ժամանակ, բայց արել ոչինչ»,- հավելում է հրաժարական տված կառավարության ներկայացուցիչը:

Միջազգային և հումանիտար արձագանքը

ԱՄՆ. Լիբանանում ԱՄՆ դեսպանությունը թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում հայտարարել է, որ Միացյալ Նահանգների իշխանությունները 17 մլն դոլարի հրատապ օգնություն կտրամադրի:

Արցախ. նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում իշխանությունների և անձամբ իր անունից զորակցություն հայտնեց Լիբանանի եղբայրական ժողովրդին և մեր հայրենակիցներին՝ նշելով, որ մշտական կապի մեջ է Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի մշտական ներկայացուցչության, Լիբանանում ՀՀ դեսպանության և հայ համայնքի պատասխանատուների հետ[6]: ԱԺ նախագահ Արթուր Թվմասյանն իր ֆեյսբուքյան էջում Արցախի խորհրդարանի և անձամբ իր անունից վշտակցություն հղեց Լիբանանի իշխանություններին և ժողովրդին, որոնց մեջ նաև մեր ազգակիցներն են[7]:

Եվրահանձնաժողով. օժանդակությունը կազմում է 33 մլն եվրո անհետաձգելի կարիքների, բժշկական սարքավորումների, ինչպես նաև Բեյրութի կենսական կարևորության ենթակառուցվածքների պաշտպանության համար: Օգոստոսի 7-ին Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Էրիկ Մամերը Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտնել Է, որ կիրակի՝ օգոստոսի 9-ին, տեղի կունենա Լիբանանի օգնության դոնորների միջազգային տեսախորհրդաժողովը: 

Իրան. Լիբանանի գլխավոր դաշնակից երկրներից մեկն է: Նախագահ Հասան Ռոուհանին Իրանական կարմիր մահիկին հրահանգել է դիմել անհապաղ մարդասիրական օժանդակություն Լիբանան ուղարկելու բոլոր քայլերին: Իրանի աշխարհիկ և հոգևոր ղեկավարները հանդես եկան զորակցության և ամենայն անհրաժեշտով օգտակար լինելու ուղերձներով: Հենց Բեյրութում ստեղծվել է իրանական դաշտային հոսպիտալ, ուղարկվել 37-հոգանոց բժշկական անձնակազմ՝ բաղկացած վիրաբույժներից, նյարդաբաններից, անզգայացնողներից, օրթոպեդներից, մանկաբույժներից և այլն: Օգոստոսի 5-ին և 6-ին արդեն իսկ մեկական առաքումներ էլ եղել են Բեյրութ հիմնականում դեղորայքի և սննդի տեսքով: 

Իսրայել. պայթյունից ժամեր անց պաշտոնական Երուսաղեմը հայտարարեց, որ որևէ առնչություն չունի Բեյրութի պայթյունի իրականացման հետ և իր հումանիտար օժանդակությունն է առաջարկում Լիբանանին միջազգային կազմակերպությունների խողովակներով: Ավելին՝ Թել Ավիվի քաղաքապետարանը, ի նշան լիբանանցի ժողովրդի հետ զորակցության, լուսավորվեց Լիբանանի ազգային դրոշով:

Իսրայելի խորհրդարանի առջև իր ելույթում երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեկնաբանեց. «Մենք չենք պայքարում ո՛չ Լիբանանի, ո՛չ էլ Իրանի ժողովրդի դեմ, այլ նրանց կառավարությունների»: Լիբանանյան իշխանությունները, սակայն, մերժեցին առաջարկը՝ պատճառաբանելով, որ «իրենք թշնամու կողմից որևէ օգնության կարիք չունեն»:

ՀՀ. գործադիր, օրենսդիր և հոգևոր մարմինները ամենաբարձր ղեկավարությունից հնչեցրին «եղբայրական Լիբանանի ժողովրդի կողքին կանգնած լինելու և զորակցություն հայտնելու» ցավակցական ուղերձներ: Օգոստոսի 5-ին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան գրառում կատարեց առ այն, որ ԱԳՆ-ում ձևավորվել է աշխատանքային խումբ Լիբանանին թիրախային աջակցության տրամադրումը Լիբանանի ճգնաժամային կառույցի հետ համակարգելու նպատակով[8]: ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը նույն օրը տեղեկացրեց, որ ՀՀ-ից Լիբանան ուղարկվելիք օժանդակությունը կլինի դեղորայքի, բժշկական սարքավորումների, սննդի և այլ պարագաների տեսքով[9]: Գործադիրի՝ օգոստոսի 6-ի նիստում էլ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ասաց, որ հրատապ օգնությունը օգոստոսի 8-ի երեկոյան նախատեսվող հատուկ չվերթով տեղ կհասնի Լիբանան:

Օգոստոսի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած աշխատանքային քննարկման ժամանակ հայտնի դարձավ, որ մարդասիրական օգնությունը տեղ է հասնելու 3 օդանավով: Առաջին օդանավով ուղարկվելու է 12 տոննա դեղորայք, սնունդ և այլ անհրաժեշտ պարագաներ, իսկ օգոստոսի 10-ից սկսվող շաբաթվա մեջ կմեկնեն նաեւ մյուս 2 օգնության օդանավերը[10]:

Իրավիճակին տեղում ծանոթանալու, առկա կարիքների գնահատման եւ առավել արդյունավետ օժանդակության կազմակերպման նպատակներով օգոստոսի 9-ից 11-ը Բեյրութում էր ՀՀ Կառավարության, Ազգային ժողովի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունը՝ ի գլխավորությամբ Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի: Վերջինիս՝ օգոստոսի 14-ի ամփոփիչ մամուլի ասուլիսին կարող եք ծանոթանալ այստեղ:

Լուսանկարը՝ ՀՀ Ազգային ժողովի

ՌԴ. արտակարգ իրավիճակների նախարարությունը թվով 5 մարդասիրական օգնության օդանավ է ուղարկելու Լիբանան, որից 3-ն արդեն օգոստոսի 6-ի ուշ երեկոյան վայրէջք են կատարել Բեյրութում՝ իրենց հետ բերելով ռուս բժիշկների, հոգեբանների և փրկարարների օպերատիվ խմբեր՝ ընդհանուր մոտ 150 մարդ: Օգնության մաս են կազմում նաև աերոմոբիլային հոսպիտալը, ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության և մարդկանց բարեկեցության ոլորտներում վերահսկողության դաշնային ծառայության (Роспотребнадзор -հեղ.) փորձագետները և COVID-19 վիրուսի բացահայտման լաբորատորիան[11]: Հոսպիտալում նախատեսվում է ամբուլատոր բուժօգնություն տրամադրել օրական մինչև 200 տուժածի, իսկ ստացիոնար՝ 50 տուժածի[12]:

Չեխիա. փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Յան Գամաչեկը թվիթերյան իր միկրոբլոգում հայտնեց. «Չեխիան 37 փրկարարներից (այդ թվում՝ 5 փրկարար-կինոլոգ) բաղկացած ջոկատ կուղարկի Բեյրութ՝ օգնության»[13]:

Ֆրանսիա. Էմանուել Մակրոնը առաջին օտարերկրյա նախագահն է, որը օգոստոսի 6-ին այցելեց Բեյրութ և անձամբ շփվեց պայթյունից ամենատուժած թաղամասերի բնակիչների հետ: Զուգահեռաբար երկու ֆրանսիական օդանավ ժամանեց Բեյրութ՝ իր հետ բերելով հատուկ փրկարարական անձնակազմ և առաջին անհրաժեշտության պարագաներ: Այցի ավարտին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի նախագահը վերահաստատեց օժանդակության ցուցաբերման պատրաստակամությունը, որը լինելու է շարունակական, ինչպես նաև ընդգծեց լիբանանյան իշխանությունների կողմից երկրում լայնածավալ բարեփոխումներ ձեռնարկելու խիստ անհրաժեշտությունն ու հրատապությունը[14]:

Լուսանկարը՝ The National-ի

Բացի պետական և միջազգային մակարդակով կազմակերպվող աջակցություններից իրենց գործնական պատրատականությունն ու զորակցությունն են հայտնել նաև աշխարհահռչակ մի շարք անհատներ:

Այսպես՝ ամերիկացի դերասան Ջորջ Քլունին և իր կինը 100,000$նվիրատվություն կկատարեն լիբանանյան բարեգործական կազմակերպություններին: Հիշեցնենք, որ Քլունիի կինը լիբանանյան ծագում ունեցող միջազգային կարգի փաստաբան Ամալ Քլունին է:

Լիբանանահայ համայնքի կրած վնասները

Լիբանանահայ համայնքը կրեց ինչպես խոշոր նյութական, այնպես էլ, ցավոք, մարդկային կորուստներ: Սկզբում արդեն նշվեց, որ օգոստոսի 7-ի դրությամբ 13 հայ է զոհվել (այդ թվում՝ «Քաթաեբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նազար Նաճարեանը): Տուժեցին Անթիլիասի կաթողիկոսարանը (մասնավորապես Մայր տաճարը, վեհարանը, հայագիտական ու մանկավարժական կենտրոնների և «Կիլիկիա» թանգարանի դռները, ջահերը, պատուհանները[15]), Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը, սփյուռքի միակ Հայկազյան համալսարանը, մի շարք եկեղեցիներ, գրասենյակներ և մշակութային հաստատություններ: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանտահարյանն ասաց, որ Լիբանանի քաղաքացիական պատերազմի ընթացքում այսպիսի պայթյուն չէր որոտացել[16]:

Տուժածների համար ֆինանսական նվիրաբերության տարբերակներ

[table width =”100%” style =”” responsive =”false”]
[table_head]
[th_column]Կազմակերպությունը[/th_column]
[th_column]Նվիրաբերության հղումը[/th_column]
[/table_head]
[table_body]
[table_row]
[row_column]Impact Lebanon[/row_column]
[row_column]Նվիրաբերիր այստեղ[/row_column]
[/table_row]
[table_row]
[row_column]Լիբանանի Կարմիր խաչ[/row_column]
[row_column]Նվիրաբերիր այստեղ[/row_column]
[/table_row]
[table_row]
[row_column]«Հայաստան» Համահայկական հիմնադրամ[/row_column]
[row_column]Նվիրաբերիր այստեղ[/row_column]
[/table_row]
[table_row]
[row_column]Լիբանանի սննդի բանկ[/row_column]
[row_column]Նվիրաբերիր այստեղ[/row_column]
[/table_row]
[table_row]
[row_column]Տարեցների աջակցման «Բեյթ ալ-Բարաքա» ՀԿ[/row_column]
[row_column]Նվիրաբերիր այստեղ[/row_column]
[/table_row]
[table_row]
[row_column]ՄԱԿ Պարենի Համաշխարհային Ծրագիր[/row_column]
[row_column]Նվիրաբերիր այստեղ[/row_column]
[/table_row]
[/table_body]
[/table]