Համաճարակը պորտալ է

Արունդաթի Ռոյ․«Համաճարակը պորտալ է» 

Նովելիստը խոսում է այն մասին, թե ինչպես է կորոնավիրուսային վարակը սպառնում Հնդկաստանին, և ինչ քայլեր պետք է հետագայում ձեռնարկեն երկիրն ու աշխարհը…

Ո՞վ կարող է այսօր օգտագործել «լայնածավալ տարածում» տերմինն առանց մի փոքր սարսռալու։ Ո՞վ կարող է նայել որևէ բանի՝ դռան բռնակի, ստվարաթղթե տուփի, բանջարեղենով լի պայուսակի, առանց պատկերացնելու այդ անտեսանելի, չոչնչացող, անկենդան գնդիկները, որոնք կուտակված կպչուն բարձիկներով սպասում են հարմար պահի՝ կառչելու մեր թոքերից։

Ու՞մ մտքով կանցնի համբուրել անծանոթի, նետվել ավտոբուսի մեջ կամ իր երեխային ուղարկել դպրոց առանց իրական վախի զգացողության։ Ո՞վ կարող է մտածել սովորական հաճույքի մասին և հաշվի չառնել դրա ռիսկայնությունը։ Մեզնից ո՞վ ինքնակոչ համաճարակաբան, վիրուսաբան, վիճակագիր կամ մարգարե չէ։ Ո՞ր գիտնականը կամ բժիշկը թաքուն չի աղոթում հրաշքի համար։ Ո՞ր քահանան գոնե գաղտնի չի հնազանդվում գիտությանը։

Եվ նույնիսկ վարակի տարածման պայմաններում կա՞ մեկը, ում չի հիացնում թռչունների դայլայլը քաղաքներում, սիրամարգների պարը փողոցների խաչմերուկներում և լռությունը երկնքում։

Ամբողջ աշխարհում դեպքերի թիվը հատել է միլիոնը։ Ավելի քան 50,000 մարդ է արդեն մահացել։ Կանխատեսումների համաձայն թիվը կաճի հարյուր հազարներով, գուցե ավելի։ Վիրուսն ազատորեն տեղաշարժվել է առևտրի և միջազգային կապիտալի ճանապարհներով, և սարսափելի հիվանդությունը, որ նա բերել է իր հետ, ստիպել է մարդկանց ինքնամեկուսանալ իրենց երկրներում, քաղաքներում և տներում։

Բայց ի տարբերություն կապիտալի հոսքի՝ վիրուսը ձգտում է գտնել տարածում, այլ ոչ թե շահույթ, հետևաբար՝ որոշակի առումով անխուսափելիորեն շրջել է հոսքի ուղղությունը։ Վիրուսը թքած ունի  ներգաղթի վերահսկողության, կենսաչափականության, թվային հսկողության և տվյալների վերլուծության ցանկացած այլ տեսակի վրա և ամենաուժգին հարվածը հասցրեց, մինչ այժմ աշխարհի ամենահարուստ, ամենաուժեղ ազգերին, ինչն էլ հանգեցրել է կապիտալիստական շարժիչի լիակատար կանգին։ Միգուցե ժամանակավոր, բայց, այդուհանդերձ, մեզ համար բավականաչափ երկար ժամանակահատված է, որ ուսումնասիրենք նրա առանձնահատկությունները, գնահատենք և որոշենք՝ արդյո՞ք ուզում ենք շտկել այն, թե՞ նոր շարժիչ փնտրել։

Պաշտոնյաները, որոնք ղեկավարում են այս համաճարակի դեմ պայքարը, պատերազմի մասին խոսելու մեծ սիրահար են։ Նրանք նույնիսկ «պատերազմը» գործածում են ոչ փոխաբերաբար, այլ բառացիորեն։ Բայց եթե սա իսկապես պատերազմ լիներ, ապա ո՞վ պատրաստված կլիներ ավելի լավ, քան ԱՄՆ-ը։ Եթե առաջնագծի զինվորներին դիմակների և ձեռնոցների փոխարեն հարկավոր լինեին զենքեր, խելացի ռումբեր, բունկերային կործանիչներ, սուզանավեր, կործանիչ ինքնաթիռներ և ատոմային ռումբեր, կլինե՞ր արդյոք դրանց սակավությունը։

Ապրիլի 1-ին Դոնալդ Թրամփը խորհրդակցության ժամանակ Սպիտակ տանը խոսում է կորոնավիրուսի մասին, երբ ԱՄՆ-ում դեպքերի թիվը հասել է 200․000-ի։ © AP/Ալեքս Բրենդոն
Նարենդա Մոդին ԱՄՆ նախագահի և նրա կնոջ՝ Մելանիայի հետ փետրվարի 24-ին Ահմեդաբադում անցկացված հանրահավաքի ժամանակ․ շքեղ պաշտոնական այցի մի մասը։ © eyevine

Ամեն գիշեր աշխարհի ամեն անկյունից մեզնից ոմանք անբացատրելի հիացմունքով դիտում են Նյու Յորքի նահանգապետի մամուլի ճեպազրույցները։ Մենք հետևում ենք վիճակագրական տվյալներին և լսում պատմություններ ԱՄՆ-ի լեփ-լեցուն հիվանդանոցների, թերի վարձատրվող, գերծանրաբեռնված բուժքույրերի մասին, որոնք ստիպված են դիմակներ պատրաստելու աղբարկղերի համար նախատեսված միջադիրներից և հին անձրևոցներից՝ վտանգելով ամեն ինչ, հանուն հիվանդներին օգնելու։ Լսում ենք պատմություններ երկրների մասին, որ ստիպված են մրցակցելու շնչառական օդափոխիչների համար, բժիշկների երկընտրանքի մասին, թե որ հիվանդի կյանքը փրկել և որին թողնել առանց սարքիչի։ Եվ մենք ինքներս մեզ ասում ենք․ «Աստվա՛ծ իմ, սա Ամերիկան է»։

Ողբերգությունն անմիջական է, իրական, էպիկական և զարգանում է մեր աչքերի առջև։ Բայց այն նոր չէ։ Այն տարիներ շարունակ երկաթուղուց շեղված գնացքի ջարդոնն է։ Ո՞վ չի հիշում «հիվանդներին նետելու» տեսանյութերը․ հիվանդ մարդիկ՝ դեռևս իրենց հիվանդանոցային զգեստներով, մերկ հետույքներով, գաղտնի դուրս նետված փողոցի անկյուններում։ Հիվանդանոցի դռները չափազանց հաճախ էին փակվում ԱՄՆ կարիքավոր քաղաքացիների առջև։ Միևնույն էր՝ որքան հիվանդ էին նրանք  կամ որքան էին տանջվել։

Համենայն դեպս մինչ այժմ․ քանզի այժմ՝ վիրուսի դարաշրջանում, աղքատի հիվանդությունը կարող է ազդել հարուստ հասարակության առողջության վրա։ Եվ, այնուամենայնիվ, նույնիսկ այժմ  սենատոր Բերնի Սանդերսը, որ շարունակ պայքարել է բոլորին հասանելի առողջապահության համակարգի համար, Սպիտակ տան համար ներկայացրած իր հայտում համարվել է 《լուսանցքային》(outlier) գործիչ  նույնիսկ իր կուսակցության կողմից։

Իսկ իմ երկի՞րը, իմ աղքատ-հարուստ երկիրը՝ Հնդկաստանը, որ գտնվում է ինչ-որ տեղ՝ ֆեոդալիզմի և կրոնական ֆունդամենտալիզմի, կաստայի և կապիտալիզմի միջև՝ ղեկավարվելով ծայրահեղ աջական հինդու ազգայնականների կողմից։

Դեկտեմբերին, մինչ Չինաստանը պայքարում էր Ուհանում համաճարակի բռնկման դեմ, Հնդկաստանի կառավարությունը զբաղված էր իր հարյուրհազարավոր քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցող զանգվածային ցույցով, որտեղ  ցուցարարները բողոքում էին խորհրդարանում նոր ընդունված հակամուսուլմանական քաղաքացիության խիստ խտրական օրենքի դեմ։

Ողբերգությունն անմիջական է, իրական, էպիկական և զարգանում է մեր աչքերի առջև։

Հնդկաստանում Covid-19-ի առաջին դեպքը գրանցվեց հունվարի 30-ին՝ Հանրապետության օրվա շքերթի մեր պատվավոր հյուրի՝ Ամազոնի անտառասեր և քովիդամերժ Ժաիր  Բոլսոնարոյի՝ Դելին լքելուց ընդամենը մի քանի օր անց։ Սակայն փետրվար ամսվա անելիքներն այնքան շատ էին, որ համաճարակը տեղ չգտավ գործող իշխանության ժամատախտակի վրա։ Ամսվա վերջին շաբաթը նվիրված էր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական այցին։ Նրան գայթակղել էր Գուջարաթ նահանգի մարզադահլիճում 1 միլիոնից բաղկացած լսարանի խոստումը։ Այդ ամենին գումար և շատ ժամանակ հատկացվեց։

Ապա Դելիի համագումարի ընտրություններն էին, որտեղ «Բհարաթիա Ջանաթիա» (Հնդկաստանի ժողովրդական) կուսակցությունը (այսուհետ՝ ԲՋԿ) տանուլ կտար, եթե չբարձրացներ իր նշաձողը, ինչը նա արեց՝ սանձազերծելով դաժան, անզուսպ հինդուիստ-ազգայնամոլական արշավը՝ լի ֆիզիկական բռնության և «դավաճանների» գնդակահարման սպառնալիքներով։

Այնուամենայնիվ պարտվեց։ Այսպիսով՝ պատիժ սահմանվեց Դելիի մահմեդականների նկատմամբ, որոնք հայտարարվեցին ստորացուցիչ պարտության մեղավորները։ Հինդուիստ ջոկատայինների զինված խմբավորումները ոստիկանության աջակցությամբ հարձակվեցին Դելիի հյուսիսարևելյան հատվածի աշխատավոր դասակարգի մահմեդականների վրա։  Տները, խանութները, մզկիթներն ու դպրոցները հրդեհվեցին։ Այս հարձակումն ակնկալող մահմեդականները հակահարված հասցրին։ Զոհվեց ավելի քան 50 մարդ՝ մահմեդականներ և մի քանի հինդուիստներ։ 

Հազարավոր մարդիկ տեղափոխվեցին տեղի գերեզմանատների փախստական ճամբարներ։ Կեղտոտ, գարշահոտ կոյուղու ցանցից դեռ դուրս էին բերվում խոշտանգված մարմիններ, երբ կառավարության պաշտոնյաները Covid-19-ին վերաբերող իրենց առաջին հանդիպումն ունեցան, և շատ հնդիկներ սկսեցին առաջին անգամ լսել, այսպես կոչված, ձեռքի վարակազերծող միջոցների գոյության մասին։

Կանայք հարվածում են կաթսաներին՝ ի աջակցություն կորոնավիրուսային վարակի դեմ պայքարող շտապօգնության ծառայությունների։ © Աթուլ Լոք / Panos Pictures

Մարտը նույնպես ծանրաբեռնված էր։ Առաջին երկու շաբաթները նվիրված էին կենտրոնական հնդկական Մադհյա Պրադեշ նահանգում Կոնգրեսի կառավարության տապալմանը և նրա փոխարեն ԲՋԿ իշխանության հաստատմանը։ Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց, որ Covid-19-ը համավարակ է։ Երկու օր անց՝ մարտի 13-ին, առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ կորոնավիրուսը «առողջապահական արտակարգ իրավիճակ չէ»։

Վերջապես մարտի 19-ին Հնդկաստանի վարչապետը դիմեց ազգին։ Նա ելույթին շատ չէր պատրաստվել։ Խաղաթղթերը վերցրել էր Ֆրանսիայից և Իտալիայից։ Նա հայտնեց մեզ «սոցիալական հեռավորության» անհրաժեշտության մասին (դյուրըմբռնելի է մի հասարակությունում, որն այդչափ ներծծված է կաստաների փորձով), և մարտի 22-ին «ժողովրդական պարետային ժամ» հայտարարեց։ Նա ոչինչ չասաց այն մասին, թե իր կառավարությունը ինչպես է պատրաստվում իր հաղթահարել այս ճգնաժամը, բայց հորդորեց մարդկանց դուրս գալ իրենց պատշգամբներ, հնչեցնել զանգերն ու հարվածել կաթսաներին՝ ողջունելու բուժաշխատողներին։ 

Մինչ այդ պահը նա չէր նշել, որ Հնդկաստանը պաշտպանիչ հանդերձանք և շնչառական սարքավորումներ է արտահանում՝ փոխանակ այդ ամենը պահի իր բուժաշխատողների և հիվանդանոցների համար։ 

Զարմանալի չէ, որ Նարենդրա Մոդիի հորդորը մեծ ոգևորությամբ ընդունվեց․ կաթսաների հարվածներով ցույցեր, համայնքային պարեր և երթեր։ Ոչ մի սոցիալական հեռավորություն։ Հաջորդ օրերի ընթացքում մարդիկ ցատկում էին սուրբ կովի գոմաղբով լի տակառների մեջ, իսկ ԲՋԿ կողմնակիցները կազմակերպում էին կովի մեզ խմելու երեկույթներ։ Հետ չմնալով՝ մահմեդական շատ կազմակերպություններ հայտարարեցին, որ Ամենակարողն է համավարակի ելքի պատասխանատուն, և կոչ արեցին հավատացյալներին զանգվածաբար հավաքվել մզկիթներում։

Մարտի 24-ին՝ երեկոյան ժամը 20։00-ին, Մոդին կրկին հանդես եկավ հեռուստատեսությամբ՝ հայտարարելու, որ կեսգիշերից սկսած՝ ամբողջ Հնդկաստանում պարետային ժամ է սահմանվելու։ Առևտրի կետերը փակվելու են։ Երթևեկությունը՝ թե՛ հանրային և թե՛ անհատական, արգելվելու է։

Նա ասաց՝ որոշումն ընդունել է ոչ միայն որպես վարչապետ, այլև որպես ընտանիքի ավագ։ Ուրիշ ո՞վ կարող է, առանց խորհրդակցելու պետական իշխաննությունների հետ, որոնք պետք է զբաղվեն այս որոշումից բխող հետևանքներով, որոշում կայացնել, որ 1,38 մլրդ բնակչություն ունեցող երկրում պետք է առանց նախապատրաստվելու և 4 ժամվա ծանուցմամբ պարետային ժամ հայտարարվի։ Նրա մեթոդները, անշուշտ, տպավորություն են ստեղծում, թե Հնդկաստանի վարչապետը քաղաքացիներին համարում է թշնամի ուժ, որին անհրաժեշտ է անակնկալ կերպով ծուղակը գցել, բայց երբեք չվստահել։

Մեր տեղաշարժը սահմանափակված էր։ Բազմաթիվ բուժաշխատողներ և համաճարակաբաններ ողջունեցին այս քայլը։ Միգուցե նրանք տեսականորեն ճիշտ են։ Բայց, անշուշտ, նրանցից ոչ ոք չի կարող աջակցել ծրագրման և պատրաստվածության աղետալի բացակայությանը, որը տեղաշարժման՝ աշխարհում ամենամեծ, ամենապատժիչ սահմանափակումը վերածեց ճիշտ հակառակին՝ նրան, ինչին միտված էր հասնել։

Այն մարդը, որ սիրում էր ներկայացումներ, ստեղծեց բոլոր ներկայացումների ներկայացումը։

Քաղաքացին պաշտպանիչ դիմակ է կրում Մումբայում, որտեղ սովորաբար լեցուն փողոցները գրեթե ամայացած են․․․ © Վարինդեր Չաուլա/MEGA
․․․մինչդեռ Բանգալորում մարդիկ սուպերմարկետում հերթ են կանգնել ապրանքներ գնելու համար։ © Getty Images

Մինչ ահաբեկված աշխարհը դիտում էր, Հնդկաստանը ի ցույց էր դնում իր խայտառակությունները․ իր կառուցվածքային, սոցիալական, տնտեսական վայրագ անհավասարությունը, իր քարսիրտ անտարբերությունը դեպի տառապանք։ 

Տեղաշարժման սահմանափակումը գործեց որպես քիմիական փորձ, որը հանկարծ լույս սփռեց թաքնված իրողությունների վրա։ Երբ խանութները, ռեստորանները, գործարանները և  շինարարական արդյունաբերությունը փակվեցին, երբ հարուստ և միջին խավերը ինքնամեկուսացան պատսպարված շրջաններում, մեր փոքր և մեծ քաղաքները սկսեցին ճնշել բանվոր դասակարգին՝ իրենց ներգաղթյալ աշխատողներին՝ որպես հանկարծ անցանկալի  դարձած դաս։

Շատերը հեռացվեցին իրենց գործատուների և սեփականատերերի կողմից, միլիոնավոր տկար, քաղցած, ծարավ մարդիկ՝ թե՛ ծեր, թե՛ երիտասարդ, կին, տղամարդ, երեխա, հիվանդներ, կույրեր, հաշմանդամություն ունեցող՝ անաշխատունակ մարդիկ, չունենալով ապաստան, հանրային տրանսպորտ, սկսեցին իրենց  երկար երթը դեպի տուն՝ իրենց գյուղեր։ Նրանք օրերով քայլեցին դեպի Բադաուն, Ագրա, Ազամգարհ, Ալիգարհ, Լաքհնաու, Գոռախպուր՝ հազարավոր կիլոմետրեր հեռու։ Շատերը մահացան ճանապարհին։ 

Նրանք գիտեին՝ գնում են տուն՝ սովը հնարավորինս դանդաղեցնելու։ Թերևս նրանք գիտեին անգամ՝ կարող էին վարակված լինել և տուն վերադառնալով՝ վարակել իրենց ընտանիքներին, ծնողներին և տատիկ-պապիկներին, բայց և հուսահատորեն մի աննշան հոգատարության,  ապաստանի և արժանապատվության կարիք ունեին, ինչպես նաև՝ սննդի, եթե ոչ՝ սիրո։

Քայլելիս ոմանք դաժանորեն ծեծի ենթարկվեցին և ստորացվեցին ոստիկանների կողմից, որոնք պատասխանատու էին պարետային ժամը խստորեն պահպանելու համար։ Երիտասարդներին ստիպում էին կքանստել և գորտի նման ցատկոտելով իջնել մայրուղի։ Բարեյլի քաղաքից դուրս մի ամբոխ էր խմբվել, որին ռետինե խողովակից ախտահանում էին քիմիական հեղուկով։

Մի քանի օր անց, անհանգստացած, որ փախչող բնակչությունը կտարածեր համաճարակը գյուղերում, կառավարությունը փակեց նահանգների սահմանները անգամ հետիոտների համար։ Օրեր շարունակ քայլող մարդկանց կանգնեցրին և ստիպեցին վերադառնալ քաղաքներում գտնվող ճամբարները, որտեղից նրանց ստիպել էին հեռանալ։ 

Այն ծերերի շրջանում հիշողություններ արթնացրեց 1947 թվականի բնակչության տեղափոխման մասին, երբ Հնդկաստանը բաժանված էր երկու մասի, և երբ ի հայտ եկավ Պակիստանը։ Բայց ի տարբերություն դրա, այս ընթացիկ մեկնումը հրահրված էր դասական բաժանումով, ոչ կրոնական։ Ի դեպ, նրանք Հնդկաստանի ամենաաղքատ մարդիկ չէին։ Նրանք այն մարդիկ էին, որոնք ունեին (գոնե մինչ այս պահը) աշխատանք  քաղաքներում և տներ՝ վերադառնալու համար։  Գործազուրկները, անօթևանները և հուսալքվածները մնացին իրենց տեղերում՝ քաղաքներում, ինչպես նաև քաղաքից դուրս, որտեղ ծանր աղետը զարգանում էր, նախքան այս ողբերգությունը կպատահեր: Այս սարսափելի օրերի ընթացքում ներքին գործերի նախարար Ամիթ Շահը բացակայում էր հանրության տեսադաշտից։

Ներգաղթյալ աշխատողները ուղևորվում են Նյու Դելիից դուրս եկող մայրուղի՝ հուսալով վերադառնալ իրենց հայրենի գյուղեր։ © Ռաջաթ Գութփա/EPA-EFE/Shutterstock

Երբ Դելիում սկսվեց երթը, ես օգտագործեցի իմ՝ հաճախ թղթակցած թերթի լրագրողական անցագիրը, որպեսզի մեկնեմ Ղազիպուր՝ Դելիի և Ուտտար Պրադեշի սահմանի միջև։

Տեսարանը բիբլիական էր։ Կամ, թերևս, ոչ։ Աստվածաշունչը չէր կարող այսպիսի թվեր իմացած լինել։ Տեղաշարժման սահմանափակումը, որ պետք է պարտադրեր ֆիզիկական հեռավորությունը, ունեցել էր հակառակ արդյունքը՝ ֆիզիկական ծանրաբեռնվածություն՝ աներևակայելի մասշտաբներով։ Անգամ այդպես էր Հնդկաստանի փոքր և մեծ քաղաքներում։ Գլխավոր ճանապարհները, հնարավոր է, դատարկ լինեն, սակայն աղքատները փակված են գերբնակեցված թաղամասերի հետնախորշերում և խրճիթներում։

Քայլողներից յուրաքանչյուրը, ում հետ ես խոսեցի, մտահոգված էր համաճարակով։ Բայց դա ավելի հեռու էր իրականությունից, ավելի քիչ էր ներկա իրենց կյանքում, քան մոտալուտ գործազրկությունը, սովը և ոստիկանության դաժանությունը։ Բոլոր մարդկանցից, ում հետ այդ օրը խոսեցի, այդ թվում՝ մահմեդական դերձակների մի խումբ, որը ընդամենը շաբաթներ առաջ էր իր մաշկի վրա զգացել հակաիսլամական հարձակումները, ամենաշատն ինձ անհանգստացրին հատկապես մի մարդու խոսքերը։ Նա Ռամջեթ անունով մի ատաղձագործ էր, որ ծրագրել էր ոտքով անցնել ամբողջ ճանապարհը դեպի Նեպալին սահմանամերձ Գորախպուր։

«Երևի, երբ Մոդիջին որոշել է այս քայլին գնալ, ոչ ոք նրան չի պատմել մեր մասին։ Երևի նա չգիտի մեր մասին»,-ասաց նա։

«Մեր» ասելով՝ նա նկատի ուներ 460 մլն․ մարդու։

Հնդկաստանի նահանգների իշխանությունները (ինչպես և ԱՄՆ-ում) ցուցաբերեցին ավելի շատ կարեկցանք և ըմբռնում ճգնաժամի պայմաններում։ Արհեստակցական միությունները, առանձին քաղաքացիներ և այլ խմբեր սնունդ և արտակարգ իրավիճակների պարեն էին բաժանում։ Կենտրոնական իշխանությունը ուշ էր արձագանքում նրանց՝ ֆինանսական օգնության հուսահատ խնդրանքներին։ Պարզվում է, որ վարչապետի Ազգային օգնության ֆոնդը կանխիկ դրամական բավարար միջոցներ չունի։ Դրա փոխարեն բարյացակամ մարդկանց գումարները համալրում են Վարչապետի՝ 《Քաղաքացիներին արտակարգ իրավիճակներում աջակցության ու օգնության》 հիմնադրամ (The Prime Minister’s Citizen Assistance and Relief in Emergency Situations Fund, PM-CARES) կոչվող առեղծվածային նոր կառույցի հաշիվը։ Սկսեցին հայտնվել նախապես փաթեթավորված փաթեթի վրա Մոդիի դեմքի պատկերով կերակուրները։

Այս ամենին հավելելով՝ վարչապետը հրապարակեց իր՝ յոգա նիդրայի տեսանյութերը, որտեղ կերպարանափոխված, կենսուրախ, երանելի մարմնով Մոդին ցուցադրում է յոգա ասանաներ՝ մարդկանց օգնելու հաղթահարել ինքնամեկուսացման սթրեսը։

Նարցիսականությունը խորապես անհանգստացնող է։ Ասանաներից մեկը երևի խնդրանք-ասանա էր, որով Մոդին խնդրում էր Ֆրանսիայի վարչապետին թույլ տալ, որ չեղարկենք չափազանց խնդրահարույց «Ռաֆալ» կործանիչների գործարքը և այդ 7,8 մլրդ․ եվրոն օգտագործենք այդքան անհրաժեշտ արտակարգ միջոցառումների համար՝ աջակցելու մի քանի միլիոն սոված մարդկանց։ Անշուշտ, ֆրանսիացիները կհասկանան։

Մարտի 29-ին Նյու Դելիի ծայրամասերից մեկում մի կին փորձում է տեղավորել իր դստերը գերբեռնված ավտոբուսում՝ հուսալով վերադառնալ իրենց հայրենի գյուղ։ © Reuters
Նյու Դելիում ներգաղթյալները սպասում են ավտոբուսներին։ © Getty Images

Տեղաշարժման սահմանափակման երկրորդ շաբաթվա ընթացքում խափանվում են մատակարարման ցանցերը, դեղամիջոցները և կարևոր պաշարները պակասում են։ Բեռնատար մեքենաների հազարավոր վարորդներ դեռ երթևեկում են մայրուղիներում՝ սննդի և ջրի անբավարար պաշարներով։ Հավաքվելու պատրաստ հասուն բերքը դանդաղորեն փտում է։

Տնտեսական ճգնաժամն այստեղ է։ Շարունակվում է քաղաքական ճգնաժամը։ Հիմնական լրատվամիջոցները ներառեցին Covid-ի պատմությունը իրենց 24/7 թունավոր հակամահմեդական քարոզչության մեջ։ Թաբլիգի Ջամաաթ կոչվող ընկերությունը, որ ժողով էր կազմակերպել Դելիում նախքան պարետային ժամ կհայտարարվեր, համարվեց «վիրուս բուծող»։ Վիրուսն օգտագործվում էր մահմեդականներին խարանի ենթարկելու և դեմոնիզացնելու  համար։ Հիմնական ուղերձն այն էր, որ մահմեդականներն են ստեղծել համաճարակը և այն դիտավորյալ տարածել որպես ջիհադի դրսևորում։ 

Covid-ի ճգնաժամը դեռ առջևում է։ Կամ ոչ։ Մենք չգիտենք։ Եթե և երբ էլ  այն  տեղի ունենա, մենք վստահաբար կարող ենք ասել, որ  դրա դեմ կփորձեն պայքարել կրոնի, կաստայի և դասակարգերի՝ ձեռքի տակ ունեցած բոլոր գերաիշխող նախապաշարմունքներով։

Այսօր (ապրիլի 2) Հնդկաստանում թվով գրեթե 2,000 հաստատված դեպք և 58 մահ կա։ Դրանք, իհարկե, ոչ ստույգ թվեր են՝ հիմնված անհեթեթ քիչ քանակությամբ անցկացրած թեստերի վրա։ Փորձագետների կարծիքը ծայրահեղ տարբեր է։ Ոմանք միլիոնավոր դեպքեր են կանխատեսում։ Մյուսները կարծում են՝ թիվը շատ ավելի փոքր կլինի։ Մենք միգուցե երբեք չտեսնենք ճգնաժամի իրական պատկերը, նույնիսկ երբ այն մեզ հասնի։ Միակ բանը, որ մենք գիտենք, այն է, որ հիվանդանոցներից հիվանդանոցներ վազքը դեռ չի սկսվել։ 

Հնդկաստանի հանրային հիվանդանոցներն ու կլինիկաները, ի վիճակի չլինելով պայքարել տարեկան գրեթե 1մլն փորլուծությունից, թերսնումից և առողջական այլ խնդիրներից մահացող երեխաների, տուբերկուլյոզով հարյուրհազարավոր հիվանդների առողջության համար (կազմում է աշխարհում դեպքերի մեկ քառորդը), մեծ թվով անեմիայով և թերսնվող բնակչությամբ, որ խոցելի է իրենց համար ճակատագրական ցանկացած աննշան հիվանդություն դիմաց, չի կարողանա հաղթահարել այնպիսի ճգնաժամ, որի դեմ այժմ պայքարում է Եվրոպան կամ ԱՄՆ-ը։ 

Ամբողջ առողջապահությունը քիչ թե շատ կանգ է առել, քանզի հիվանդանոցները սկսել են ծառայել վարակին։ Դելիում փակ է բժշկական գիտությունների լեգենդար Համահնդկական ինստիտուտի վնասվածքաբանական կենտրոնը․ քաղցկեղով հարյուրավոր հիվանդներ, որոնք հայտնի են որպես քաղցկեղով փախստականներ, որոնք անասունների նման դուրս են շպրտվել հիվանդանոցից, ապրում են փողոցներում՝ հսկայական հիվանդանոցի դիմաց։

Պաշտպանիչ դիմակ կրող տղան խիզախում է պատշգամբ դուրս գալ Սրինագարում, որտեղ մարտի վերջերին գրանցվել է կորոնավիրուսային առաջին մահը։ © eyevine

Մարդիկ կհիվանդանան և կմահանան տներում։ Նրանց պատմությունները մենք երբեք չենք իմանա։ Նրանք նույնիսկ չեն ընդգրկվի վիճակագրության մեջ։ Մենք միայն կարող ենք հուսալ, որ վարակի՝ ցուրտ եղանակը սիրելու փաստը ճշմարիտ է (չնայած մյուս փորձագետները կասկածի տակ են դրել այս տեսակետը)։ Երբեք ժողովուրդն այդքան ուժգին և իռացիոնալ կերպով չի սպասել Հնդկաստանի այրող, պատժող ամռանը։

Ի՞նչ է մեզ հետ պատահածը։ Սա վարակ է, այո՛։ Իր մեջ այն ինքնին չի պարունակում բարոյագիտական իմաստ։ Բայց այն, անշուշտ, ավելին է, քան վարակը։ Ոմանք կարծում են՝ այս կերպ Աստված ցանկանում է մեզ ճիշտ ուղու վրա կանգնեցնել։ Մյուսները համոզված են, որ սա աշխարհին տիրելու՝ Չինաստանի որդեգրած դավադրությունն է։

Ինչևէ, կորոնավիրուսը զորեղներին ծնկի բերեց և ստիպեց՝ աշխարհը կանգ առնի, ինչը ուրիշ ոչ ոք չէր կարող անել։ Մեր միտքը դեռևս տատանվում է՝ ձգտելով «բնականոն կյանքի», փորձելով միացնել մեր ապագան անցյալին և հրաժարվելով ընդունել շրջադարձը։ Սակայն շրջադարձն իրականում գոյություն ունի։ Եվ ահա այս սարսափելի հուսահատության ներքո այն մեզ հնարավորություն է տալիս վերանայելու Ահեղ դատաստանի՝ մեզ համար մեր իսկ կերտած մեքենան։ Ոչինչ չի կարող ավելի վատ լինել, քան բնականոն կյանք վերադառնալը։

Պատմականորեն համաճարակները ստիպել են մարդկանց կտրվել իրենց անցյալից և նորովի պատկերացնել աշխարհը։ Այս մեկը մյուսներից չի տարբերվում։ Այն պորտալ է, դարպաս՝ երկու աշխարհների միջև։ 

Մենք կարող ենք ընտրել՝ քայլել նրա միջով՝ մեր հետևից քարշ տալով մեր նախապաշարմունքների և ատելության կարկասը, մեր ագահությունը, մեր տվյալների պաշարները և մեռած գաղափարները, մեր մեռած գետերը և ծխի մեջ թաղված երկինքները։ Կամ կարող ենք քայլել թեթև, քիչ ուղեբեռով՝ պատրաստ պատկերացնելու մեկ ուրիշ աշխարհ, պայքարելու հանուն դրա։

Արունդաթի Ռոյի վերջին ստեղծագործությունը «Գերագույն երջանկության նախարարություն» նովելն է։

Բնօրինակի հեղինակ՝ Arundhati Roy, Financial Times


Թարգմանիչ՝ Սոնա Սիմոնյան (Sona Simonyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: