Բանախոսություն «Վենչուրային ֆոնդեր և ստարտափներ» թեմայով

#EnlightTalks բանախոսությունների շարք՝ «Ինլայթ»-ի եռամսյա վերլուծական պրակտիկա ծրագրի շրջանակում: 

Օգոստոսի 15-ին վելուծական պրակտիկայի շրջանակներում կայացավ «Ինլայթ»-ի վերլուծաբան, մասնագիտությամբ տնտեսագետ Հայկ Քալանթարյանի բանախոսությունը «Վենչուրային ֆոնդեր և ստարտափներ» թեմայի շուրջ։

Հայկը թեմայի իր ընտրությունը բացատրեց նրա արդիականությամբ, ինչպես նաև հանդիպմանը տարբեր մասնագիտությամբ մասնակիցների ներկայությամբ։

Բանախոսը հանդիպման սկզբում ներկայացրեց քննարկվելիք հարցերը․ վենչուրային ֆոնդերի էությունը և կառուցվածքը, ՀՀ-ում գործող վենչուրային ֆոնդերը, ստարտափի ձևավորման փուլերը, աքսելերատորները և ինկուբատորները, ելքի սցենարները, ներդրումային ծրագրերը, օգտակար ռեսուրսները, ֆինանսները և վիճակագրությունը։

Հայկը շեշտեց, որ, չնայած վենչուրային ֆոնդերը ԱՄՆ-ում սկսել են ձևավորվել դեռևս 20-րդ դարի երկրորդ կեսերից, Հայաստանում այս ոլորտում որոշակի առաջընթաց է նկատվել 2010-ական թվականներից, սակայն մինչև այժմ էլ դրանք ամբողջովին ներկայացնող օրենսդրական կարգավորում չկա։ Վենչուրային ֆոնդ հասկացությունը առաջացել է անգլերեն «venture» բառից, որը նշանակում է ռիսկային ձեռնարկում։ Վենչուրային ֆոնդը, որը մասնավոր բաժնեմասնակցության վրա հիմնված ֆոնդ է, հավաքագրված գումարը ներդնում է այնպիսի գաղափարների իրականացման գործում, որոնք խոստանում են ապագայում մեծ շահույթ ունենալ։ Այս ֆոնդերը ներդրումներ են անում բարձր ռիսկայնություն ունեցող ստարտափ ընկերություններում կամ հետաքրքիր գաղափարների իրականացման գործում։

Հայկը հավելեց, որ ՀՀ-ում գործում է 3 վենչուրային ֆոնդ՝ «Granatus Ventures», «HIVE Ventures» և «StagegateVC»։ Այս ընկերություններից միայն «Granatus Ventures»-ի կանոնադրական կապիտալում Հայաստանն ունի իր մասնակցությունը։

Գործող տարբեր ստարտափների օրինակների միջոցով Հայկը մասնակիցներին ներկայացրեց դրանց ստեղծումը, իրականացրած գործունեությունն ու նպատակները։ Այնուհետև սկսեց խոսել ստարտափների ձևավորման և զարգացման փուլերի, աքսելերատորների ու ինկուբատորների տարբերությունների մասին, անդրադարձավ նաև վենչուրային ֆոնդերի կողմից ներդրված գումարի վերադարձման տարբեր տարբերակներին, նշելով, որ ներդրումը հիմնականում համարվում է հաջողված, եթե ֆինանսավորված ընկերությունը դուրս է գալիս արժեթղթերի շուկա կամ ձեռք է բերվում այլ խոշոր ընկերության կողմից (Merger and Acquisition)։ Այնուհետև բանախոսը ներկայացրեց ներդրումային ծրագրերը, դրանց կազմումն ու կարևորությունը։

Հայկը հանդիպման ընթացքում հիշատակեց այն ինտերնետային կայքերն ու աղբյուրները, որոնց տվյալները կարելի է օգտագործել որևէ ոլորտի վերաբերյալ ուսումնասիրություններ և վերլուծություններ անելիս։ 

Բանախոսը նաև ընգծեց ստարտափների ձախողման հիմնական պատճառների, ստարտափների վենչուրային ֆոնդերի կողմից ֆինանսավորման դժվարությունների, խնդիրների մասին։ 

Բանախոսության ընթացքում Հայկը փորձեց հարցերի միջոցով պարզել մասնակիցների տեղեկացվածությունը թեմային, պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին, իսկ վերջում, ամփոփելով հանդիպումը, առաջարկեց կարդալ տվյալ ոլորտին վերաբերող որոշ գրքեր, որոնք կօգնեն մասնակիցներին ավելի լավ պատկերացնել ոլորտը, դրա խնդիրները, նպատակներն ու առավելությունները։

Պատրաստեց՝ Մարիամ Մանուկյանը


Հայկ Քալանթարյանի հեղինակած վերլուծություններին ծանոթացեք հղմամբ:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here