Ուրբանիստիկան կարանտինի ժամանակ

ՈՒրբանիստիկան կարանտինի ժամանակ

Ինչպես կառուցել քաղաք համավարակից հետո

Նորագույն պատմության մեջ քիչ են այն փուլերը, երբ այսքան մարդ միանգամից այլընտրանքի կարիք է զգացել: Այժմ խոսքը վերաբերում է արդյունաբերական բնակարանի խորհրդային ստանդարտը դեռևս հարյուր տարի վերարտադրելուն: Եթե դրան ինչ-որ բան կարող է հաղթել, ապա դա վարակն է:

Հարց ուրբանիստներին համավարակի հետևանքներից հետո․ ինչպե՞ս քաղաքը դարձնել կարանտինի հանդեպ կայուն: Պատասխան չկա: Գոյություն չունի միջավայր, որը կերաշխավորեր վիրուսուվ չվարակվելը: Համաճարակը քաղաքաշինական խնդիր չէ. երբ ավարտվի, այդ ժամանակ էլ համեցեք: Բայց դա վատ պատասխան է. այն ուրբանիստներին կտրում է մեծ մարդկային գործընթացից և հարցականի տակ դնում նրանց մտահղացումներն ու ձգտումները:

Նախ և առաջ, ուրբանիզմը նեղ իմաստով friendly-city մտահղացումն է: Դա հասարակական բարեկարգ տարածությունն է, ոչ թե 2000-ականների luxury/glamour քաղաքները, այլ՝ քաղաքի կիրթ երիտասարդության ժողովրդավարությունը, հետիոտներ-ինքնաշարժներ-հեծանիվները, պատշգամբներ-նստարաններ-գազոնները, 24/7 տոնը։ Երբ սույն թվականի հունիսի 16-ին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը բացեց ռեստորանների վերանդաները, այդ քաղաքը վերադարձավ իր տեմպին այնպիսի թափով, որ թվում էր՝ հենց դա է Ռուսաստանի իրական օրը, շքերթը, համազգային քվեարկությունը:

Քաղաքը վերադարձավ իր բնականոն կյանքին, բայց հարցերը մնացին: Մինչև կարանտինը շատ քաղաքացիներ կային, որոնք չէին պատկանում քաղաքի կրթված երիտասարդության թվին և այնքան էլ չէին գնահատում ժողովրդավարությունը: Շատերի համար դա ոչ թե քաղաք էր, այլ մառախուղ:  Այդ մշուշը հեռացավ մոտ հարյուր օրով, և այն չընդունելու աստիճանը խիստ բարձրացավ:

Մելանխոլիկ հումանիզմ

Այսօր կորուստների թվի մասին կոնկրետ տվյալներ չկան, բայց դրանք մոտավորապես  հնարավոր է գնահատել: Ըստ բջջային օպերատորների տվյալների՝ կարանտինի ժամանակ Մոսկվայից դուրս է եկել գրեթե հինգ միլիոն մարդ: Սա նշանակում է, որ քաղաքը կորցրել է բնակչության գրեթե մեկ երրորդը: Կարելի է մտածել, որ քաղաքը կաղքատանա մեկ երրորդ մասով, նույն հարաբերությամբ կնվազի քաղաքի բյուջեն, նույն չափով էլ սրճարաններ, խանութներ, ռեստորաններ, վարսավիրանոցներ, ֆիթնես ակումբներ դուրս չեն գա կարանտինից, իսկ մնացածների որակը կնվազի մեկ երրորդով: Այդ ամենը Մոսկվայում կառուցվել է 30 տարի: Որպեսզի հասկանանք, թե որտեղ ենք մենք լինելու, հիշենք ուշլուժկովյան քաղաքը՝ դիտարկելով այն ծառայության և սպասարկումների մակարդակի, ջիհադ-տաքսիների և մետրոյի մոտ գտնվող վրանների տեսանկյունից: Դե իսկ փոխադարձ համակրանքի և քաղաքացիների վստահության մակարդակի տեսանկյունից յուրաքանչյուրն իր փորձն ունի, իմն այնքան էլ հաջող չէ:

Friendly-city-ն փակել են և´ մեզ մոտ, և´ ողջ աշխարհում: Պաշտոնյաներից շատերը կարծիք են հնչեցնում, թե որքան հիանալի է փոխանակման և ծառայությունների տնտեսությունը, բայց երբ ժամանում է սև կարապը, այն է՝ խիստ անսպասելի իրադարձությունը, նրանք մտածում են. գրողը տանի նրան (տնտեսությանը): Ոչ ոք, բացառությամբ շվեդների, չասաց. Ո՛չ, մենք պատրաստ չենք դրանից (կարանտինից)  հրաժարվելու (իմիջիայլոց, Շվեդիայում 10,5 մլն բնակչության պայմաններում Covid-ից մահացել է գրեթե 5 հազար մարդ, Մոսկվայում նույնպես նմանատիպ իրավիճակ է, այդ դեպքում ո՞րն է կարանտինի իմաստը): Եթե պետություններն ամբողջ աշխարհում այդպես բացահայտ ընդունում են, որ կարանտինը ոչ ոքի պետք չէ, արժե՞ ջանք գործադրել այն սահմանելու համար:

Մարդկանց սոցիալական շփումից զերծ պահելու համար պրոպագանդան ստիպված էր բացատրել, որ մարդը մարդուն ոչ թե ընկեր է, այլ՝ սպառնալիք առողջության համար: Մեր՝ փոխադարձ վստահության այսպիսի մակարդակում դա ընդհանրապես ոչ ոքի նույնիսկ բացատրել պետք չէ: Բայց ամեն դեպքում բացահայտումը, որ այժմ կարելի է և պետք է հայհոյանքներ ուղղել Մոսկվայի՝ բարերի մոտ նստած չափից շատ ուտող բնակիչներին, շատերին հոգեպես ամրապնդեց: Հունիսի 16-ին Մոսկվայում բացօթյա տաղավարներ էին դուրս եկել քաղաքացիներից շատ քչերը, բայց մյուսներն անտարբեր չմնացին: Վերջիններս ամենակոշտ արտահայտություններով կշտամբեցին առաջիններին՝ որպես դեմքին դիմակ չկրող վիրուս տարածողների և հոգում աստծուց վախ չունեցողների: 

Կան երկարաժամկետ միտումներ: Մեգապոլիսի կենտրոնը, որը վերջին տասնամյակներում փոխել է իր գործառույթը գործնականից և վարչականից ժամանցային հանգստի (և դա ամբողջ աշխարհում հետարդյունաբերական տնտեսության նախանշաններից մեկն է), տեսանելի հեռանկարում կպահպանի իր այդ գործառույթը: Բայց friendly-city գաղափարախոսությունը վատ ժամանակներ է ապրում: Լինում են դեպքեր, երբ մեծ ցնցումներից հետո հին հմայախոսքերին ոչ ոք չի հավատում: Հենց այդպես  էլ պատահեց այս դեպքում:

Չէ՞ որ, ըստ ծրագրի, այդ քաղաքը տոն չէր, որը միշտ քեզ հետ է, այլ հետարդյունաբերական տնտեսության շարժիչ, փոխանակման ինտենսիֆիկացման, փոխադարձ վստահության և ստեղծարարական մթնոլորտի բարձրացման միջոց: Այդ պատկերը նկարագրել է Ռիչարդ Ֆլորիդան 2002 թվականին: Նրան է պատկանում այն միտքը, որ հետարդյունաբերական բնագավառները` ՏՏ, խորհրդատվություն (консалтинг), ֆինանսներ, գիտություն և տեխնոլոգիաները, ավելի լավ են զարգանում քաղաքներում, որտեղ միաժամանակ զարգացած է հումանիտար ոլորտը՝ մշակույթ, արվեստ, կրթություն, ծառայություններ, սնունդ և վաճառք, ինչպես նաև քաղաքային միջավայրը: Այստեղից մշակույթը/վաճառքը/միջավայրը ստացել են նոր տնտեսության արտադրող ուժի կարգավիճակը: Նրանք տնտեսության նոր խաղացողների միջև ստեղծում են վստահության հաղորդակցական շրջանակ: Լավ երաժշտական և թատերական մշակույթ ունեցող քաղաքում ծրագրավորողներն ու իրավաբանները հաճախ են ծանոթանում և ավելի են վստահում միմյանց:

Սակայն ոչ այն իրավիճակում, երբ մարդը մարդու առողջության համար վտանգ է ներկայացնում: Հետարդյունաբերական քաղաքի առանձնահատկություններից է օֆլայն և օնլայն քաղաքների մրցակցությունը, և համավարակը օնլայնի համար ստեղծեց հսկայական առավելություն: 2002 թվականին կենսաբանի, ծրագրավորողի և դիզայների հանդիպելու համար սրճարանը ավելի անհրաժեշտ էր, քան այսօր. կարանտինի պայմաններում նրանք ավելի շատ ընտելացան առցանց շփմանը: Բայց  խնդիրը ոչ թե նրանց, այլ իշխանության մեջ է: Հիմա շատ դժվար կլինի համոզել ինչ-որ քաղաքապետի կամ նահանգապետի, որ իր քաղաքում գիտության և տեխնոլոգիայի զարգացման համար պետք է գումար ներդնել հասարակական տարածքներում և թատրոններում: Դրան պետք է հավատալ, սակայն այդ հավատը կարանտինի ընթացքում ավելի թուլացավ:

Գլխավոր օնլայն սանիտարը

Իրականում սկզբում մեզ մոտ կար որոշակի խանդավառություն։ Արվեստը և մշակույթը լավ զարգանում էին, միջավայրը նույնպես կատարելագործվում էր, բայց չնայած դրան՝  Մոսկվան չդարձավ ՏՏ-ի, գիտության և այլնի ավելի նշանակալի կենտրոն, քան կար: Քաղաք գումար բերող հետարդյունաբերական ասպարեզի առաջատարի դերում հանդես է գալիս կառավարությունը, կարճ ասած՝ վարչական ռեսուրսը: Որքան հաջող է այն կապակցվում friendly-city-ի հետ՝  հարց է: Մի կողմից՝ կրթված երիտասարդությունը, որը տոնում է քաղաքի ուրախությունը եվրոպականացված կենտրոնում, անկասկած, ամրապնդում է վարչակարգի բարեկարգմանն ուղղված գործողությունների լեգիտիմությունը՝ որպես Բարիքի բաշխում այժմյան սուլթանի կողմից (թող որ նրա կառավարումը դառնա հավերժ համազգային քվեարկության ուղով): Մյուս կողմից` երիտասարդությանն ընդհանրապես դուր չի գալիս այդ հավերժ կառավարումը, և հենց երիտասարդներն են սոցիալական այն խումբը, որը քանդում է վարչակարգի լեգիտիմությունը, իսկ վերջինիս համար հատուկ տարածություն ստեղծելու միջոցառումներն ընդգծում են քաղաքում դրա կարևորությունը:

Covid-ը ստեղծեց նոր հիմքեր իշխանության լեգիտիմացման  համար՝ քաղաքացիների առողջության մասին հոգ տանելու, նրանց հիվանդություններից հեռու պահելու և ֆիզիկական անվտանգության պահպանման պարտավորությամբ, իսկ դա պահանջում է ուրբանիստական այլ հարացույցներ (պարադիգմա): Այն ստեղծվում է որպես թվային քաղաքի և Ջորջո Ագամբենի «արտակարգ դրության» գաղափարախոսության համադրություն, այսինքն՝ համընդհանուր հսկողոթյուն և վարչարարություն: Արժե նկատել, որ այսպիսի օրակարգը չի տալիս ավելի քիչ ռեսուրսներ ՏՏ ոլորտի զարգացման համար, քան friendly-city-ն: Օնլայնը  հաղթում է օֆլայնին նաև այստեղ։

Այս ամենը ստիպում է լրջորեն կասկածել friendly city-ի հետագա զարգացման հնարավորություններին և առաջին հերթին տեսնել այստեղ  քաղաքի ծայրամասերի զարգացման բանալին: Ընդ որում՝ այն դեպքում, երբ մինչքովիդյան ծրագրերը  նույնպես մեծամասշտաբ էին. ես նկատի ունեմ «Мой район» ծրագիրը: Գաղափարի էությունն այն է, որ ծայրամասերում կենտրոնի նման միջավայր ստեղծվի, թեկուզ ոչ այդքան բացառիկ, բայց համեմատելի։ Դա պահանջում է  հսկայական գումարներ՝ նկատի ունենալով, որ Մոսկվայի կենտրոնը քաղաքի տարածքի 5%-ն է: Մոսկվայի ղեկավարությունը այն հանձնել էր Սերգեյ Կապկովին, ով, բարեբախտաբար, ուներ հոյակապ հաջողության պատմություն՝ ի դեմս Գորկու անվան զբոսայգու, սակայն վերջերս այն (Մոսկվայի ղեկավարությունը) առանց պատճառները բացատրելու դադարեցրեց «Мой район» նախագիծը: Եթե մենք հավատում ենք, որ դա Մոսկվայի արվարձանային թաղամասերը հետարդյունաբերական փոխանակման մեջ  ներառելու միջոց է եղել, ապա դա սարսափելի պարտություն է: Սակայն արդյո՞ք հավատում ենք: 

Մենք կենտրոնը կարող ենք դարձնել ժամանցային֊հանգստյան գոտի, բայց երբ ժամանցը և հանգիստը դառնում են մեգապոլիսի ամբողջ տարածքի գլխավոր գործառույթը, դա փոքր-ինչ անհեթեթ է թվում: Բացի այդ, յուրաքանչյուր կոնկրետ տեղում նրանք հեղհեղուկ են երևում, ինչպես հիվանդանոցի խյուսը: 2009 թվականին ռուս ուրբանիստ Վյաչեսլավ Գազիչևը արվարձանային շրջանը անվանեց քաղաք-հոսպիս. այստեղ ապրում են պետաշխատողները և թոշակառուները, ոչ մի բիզնես չի զարգանում։ Միգուցե սա չափազանցում է, բայց բարեփոխումներից հետո բիզնեսների զարգանալու հույսերը հիմա, երբ այսքան մարդ մահացավ կարանտնի ընթացքում, այդքան էլ շատ չեն: Առանց բիզնեսի (խոսքը վերաբերում է հոսպիսը գազոնով և մարգերով զարդարելուն) այն կարելի է անվանել մելանխոլիկ հումանիզմի նախագիծ:

 Միահարկ մեգապոլիս

Դրա հետ մեկտեղ մենք հիմա ընդհանրապես չգիտենք` ինչ անել արվարձանային շրջանների հետ: Համավարակի հանդեպ կայուն միջավայրի տեսանկյունից այստեղ երկու անլուծելի խնդիր կա: Առաջինը բնակելի շինության կառուցվածքն է, որ ստեղծված է  existenzminimum-ի («կյանքի նվազագույնը») սկզբունքով, ինչպես դա անվանել են մոդեռնիզմի տեսաբանները: Այսպիսի կացարանում կարելի է ուտել և քնել, բայց այնտեղ մշտապես գտնվել չի կարելի: Այդ տարածությունը դառնում է աղետ, երբ սենյակների թիվը մի մարդու համար մեկից քիչ է, ինչպես որ Հնդկաստանում է, Թուրքիայում, Ռուսաստանում կամ Չինաստանում: Ընտանիքների բաժանումը, ընտանեկան բռնության աճը, հոգեկան հիվանդությունները ստանում են զանգվածային բնույթ: Երկրորդ խնդիրը շքամուտքն է: 27֊հարկանի մոսկովյան շենքի շքամուտքում ապրում է մոտավորապես երկու հարյուր մարդ։ Սա նշանակում է, որ 15 րոպեն  մեկ ինչ-որ մեկը դիպչում է դռան բռնակին, զանգին և վերելակի սեղմակին: Վերելակում վարակը մնում է օդի մեջ բարձր կենտրոնացվածությամբ եթե ոչ ժամերով, ապա հաստատ վերելակն օգտագործելու ընդմիջումների տևողությունից շատ ավելի երկար։ 

Եվ մենք հասկանում ենք՝ ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ խնդիրն ընդհանրապես չկան մեկ ընտանիքի համար նախատեսված տանը: Համավարակի տարածվածությունը կախված է բնակեցման խտությունից. որքան մեծ են դրա ծավալները (այսինքն՝ ինչքան բարձր են շենքերը և ինչքան  մոտ են միմյանց), այնքան շատ ու արագ են մարդիկ վարակվում: Ճիշտ է, առաջ են եկել հեղինակավոր հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ վարակի տարածումը, եթե նույնիսկ կապվում է կառույցի տիպի հետ, ապա միայն չնչին  չափով․ սեփական տներով ավաններում հիվանդության տարածվածությունը կարող է ավելի մեծ լինել, քան երկնաքերներում, հարևանների շփման բարձր մակարդակի պատճառով, բայց դա վերաբերում է ավանդական բնակավայրերին, Դաղստանի աուլների կամ «Озеро» կոոպերատիվի նմաններին:  Եվ թեև մենք չգիտենք, թե որն է վիրուսից փրկող միջավայրը, մենք գիտենք, թե որտեղ է ավելի հեշտ անցնում կարանտինը:

Սա ո՛չ քաղաքային և ո՛չ էլ գյուղական տարաբնակեցման ձև է: Սա քաղաքից դուրս քաղաքացիներին տարաբնակեցնելու ձև է: Նրանք չեն զբաղվում գյուղատնտեսությամբ և պահպանում են իրենց քաղաքային արժեքները: 1920-ական թվականներին Կլարենս Պերրին, վերափոխելով Էբենիզեր Հովարդիի քաղաք-այգին, առաջարկեց բնակեցման համակարգ Neighbourhood-ում՝ գրեթե 1500 մարդու համար նախատեսված ավան: 1930-ականներին Ռուսաստանում Neighbourhood-ը թարգմանեցին «միկրոշրջան»: Գլխավոր տարբերությունը մեր միկրոշրջաններից այն էր, որ այդպիսի բնակավայրի հիմքը մեկ ընտանիքի համար նախատեսված տունն է: Այսօր համավարակից ավելի արմատական ու պրոֆեսիոնալ ելք կարելի է տեսնել քաղաքից առհասարակ  հույսը կտրելու մեջ. պետք է վերադառնալ ճամփաբաժանին և շարժվել արվարձանների ուղղությամբ:

Համավարակի պայմաններում մասսայական տարաբնակեցման իդեալական մոդելը հետևյալն է. 

ա) անհատական բնակելի տուն հողամասով,

բ) յուրաքանչյուր չափահաս մարդու համար մեկական ավտոմեքենա,

գ) որակյալ համացանց,

դ) ինժեներական տեղական համակարգեր, այդ թվում՝ նաև էներգետիկ,

ե) հասանելի հանրային տարածքներ մոտակայքում:

Այնպես չէ, որ այսպես չի կարելի անել։ Պերրիի Neighbourhood-ը դարձավ Ֆրանկլին Ռուզվելտի քաղաքականության մի մասը և Մեծ ճգնաժամի դարաշրջանում Ամերիկայի միջին խավի բանաձևը․ առանձնատունը՝ որպես պետության կայունության հիմք: Սրա հիման վրա իրականացված բնակարանային բարեփոխման մասշտաբները ԱՄՆ-ում հսկայական էին, առավել քան համեմատելի ԽՍՀՄ բնակարանային քաղաքականության հետ․ 1940-ից 1947 թվականներին ծայրամասեր  են տեղափոխվել 60 միլիոն ամերիկացիներ՝ երկրի բնակչության ավելի քան մեկ երրորդը:

Բայց նույնը դժվար թե ստացվի անել Ռուսաստանում: Մենք չունենք զանգվածային  անհատական բնակարանների աշխատող օրինակ: Դրա համար ոչինչ չկա՝ ո՛չ հող, ո՛չ ինժեներական ենթակառուցվածքներ, ո՛չ ճանապարհներ, ո՛չ շինարարական ինդուստրիա, ո՛չ կրթական, բժշկական համակարգ, ո՛չ առևտրի համապատասխան կազմաբանություն, ո՛չ ծառայություններ. ոչինչ: Որպեսզի բոլորը նստեն մեքենաները և գան դպրոց, աշխատանքի, խանութ և այլն, մեզ նույնիսկ Մերձմոսկովյան շրջանում է անհրաժեշտ ճանապարհային ցանց՝ եղածից մոտ  5-6 անգամ ավելի մեծ, իսկ քիչ զարգացած շրջաններում՝ տասն անգամ ավելի մեծ (այդ մասին շատ է գրել Միխայիլ Բլինկինը):

Դրա փոխարեն այլ բան կա. մենք ունենք բազմահարկ շենքեր կառուցելու մեծ ինդուստրիա: Դրա նպատակը բավականին պարզ է․ քանի որ նոր տնտեսության մեջ միայն մեգապոլիսներն են ունակ մրցակցելու, այստեղ պետության կողմից քաղաքացիների բնակության վայրի հանդեպ հոգատարություն ցուցաբերելու պատրվակով նպատակ կա տեղափոխել բոլոր աշխատունակ քաղաքացիներին այնպես, որ նրանք իրենք այդ ամենի համար վճարեն: Այս բնագավառը այսօր վերականգնվել է գրեթե խորհրդային տեսքով: Այն նույնիսկ ունի հնգամյա շինարարության ծրագիր․ 120 միլիոն քառակուսի մետր բնակարան՝ «հասանելի բնակարան» ազգային նախագծի տեսքով: Այն իր ճանապարհին քանդում է օրենսդրական և տնտեսական բոլոր սահմանափակումները, այն գտնվում է խոշոր՝ պետության հետ ոչ պաշտոնապես կապված շինարարական զարգացման ընկերությունների կազմում, այն իր օգտին է ուղղել հիպոթեքը․ սա ուժեղ խաղացող է:

Տնտեսական տեսանկյունից այն ավելի շուտ խաղում է բարության ուժի կողմից․ հիշեցնեմ, որ ագլոմերացիայի միջոցով զարգանալու ծրագիրը մեզ մոտ վարում է Ալեքսեյ Կուդրինը: Բայց ուրբանիստիկայի (այսինքն՝ կյանքի որակի) տեսանկյունից  դա աղետ է: Խոսքը արդյունաբերական բնակարանի խորհրդային ստանդարտը դեռևս հարյուր տարի վերարտադրելու մասին է: Եթե դրան ինչ-որ բան կարող է հաղթել, ապա դա վարակն է։ Մենք  եզակի ժամանակաշրջան ենք վերապրել, երբ գրեթե 3 մլն մարդ (եթե վերցնենք միայն Մոսկվան, կամ երեք միլիարդ մարդ, եթե վերցնենք ամբողջ աշխարհը) 100 օր անցկացրել են մեկուսացման մեջ: Նրանք բոլորը զգացել են, որ «այդպես ապրել չի կարելի»: Նորագույն պատմության մեջ քիչ են այն փուլերը, երբ այսքան մարդ միանգամից այլընտրանքի կարիք է զգացել: Ինչի կվերածվի այս ամենը՝ դեռ պարզ չէ: Հնարավոր են ամենատարբեր ծայրահեղություններ, մինչև իսկ ազգային անկարգություններ Ֆլորենցիայում՝ ԱՄՆ-ում աֆրոամերիկացիների դեմ խտրականության համար: Աշխարհը փոքր-ինչ խելագարվել է և դեռ չի հանգստանում:

1923 թվականին Կորբյուզեն իր «Ճարտարապետության շուրջ» (Vers une architecture) գրքում հռչակեց «ճարտարապետություն կամ հեղափոխություն նշանաբանը: Մենք նույնպես գիտենք՝ ինչպես կանխել հեղափոխությունը ճարտարապետության միջոցով՝ դադարել ստեղծել բազմահարկ շենքեր, զանգվածայնորեն տեղափոխվել քաղաք-այգիներ, իսկ քաղաքների կենտրոնում թողնել friendly city-ն ստեղծարար երիտասարդության տոնի համար՝ որպես անկատար հույսերի հուշարձան: Հավանաբար երջանկության այս բաղադրատոմսը կլինի նույնքան հաջողված, որքան եղել է Կորբյուզեինը: Տնտեսագետները կարծում են, որ ճգնաժամը հարթակ է նոր հնարավորությունների համար, չգիտեմ՝ որքանով է սա տարածվում բժշկության վրա: Կարծում եմ՝ հիվանդությունը հիվանդություն է, դրա մեջ ոչ մի լավ բան չկա, մնում է միայն երկար ուշքի գալ, իսկ հետո կերևա:


Թարգմանիչ՝ Սյուզաննա Ղազարյան (Syuzanna Ghazaryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: