Լեռնային Ղարաբաղում տևական խաղաղության կոչ

Սիրելի բարեկամներ,

Մենք այս նամակը գրում ենք այն հույսով, որ դուք կմիանաք հրադադարի միջազգային կոչին՝ վերջ դնելու 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ի վեր տեղի ունեցող արյունահեղությանը և մարդկային ու մշակութային կոտորածին այն վայրում, որը նկարագրվում է որպես «Արցախի փաստացի հայկական հանրապետություն (Լեռնային Ղարաբաղ)»՝ խորհրդային ժամանակաշրջանի Ադրբեջանի սահմաններում:

Սահմանային կատաղի վեճերից ի վեր՝ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի հիմնադրման ժամանակ, տարածաշրջանում էթնիկական անհանգստություն բռնկվեց և ԽՍՀՄ-ի փլուզմամբ վերաճեց բաց հակամարտության: Այդ օրվանից ի վեր կա հակամարտության պատմություն, հաստատվեցին հազարավոր կարճատև հրադադարներ, որոնք պետք է խախտվեին: Լուրջ ռազմական բախումները սկսվեցին 2016 թվականին՝ կրկին հրադադարի խախտմամբ: Հիմա բռնությունը, կարծես թե, սրընթացորեն աճել է, և Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարը խախտվեց հոկտեմբերի 10-ին: Ադրբեջանցիները հրետանակոծեցին ոչ միայն Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հադրութ քաղաքը, այլ նաև բուն Հայաստանի տարածքը: Կան քաղաքացիական զոհեր և շատ վիրավորներ… և մենք գաղափար անգամ չունենք, թե ինչ սպասել առաջիկա օրերին:

Այս լայնածավալ ոչնչացումը կազմում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լայնամասշտաբ և բռնի տարածքային քաղաքականության մի մասը, որը հետապնդում է տարածաշրջանում Օսմանյան կասրության վերականգնման նպատակը: Փոխզիջումներն ավելի իրատեսական կլինեին, եթե Ադրբեջանն ունենար ավելի բաց կառավարման կառուցվածք քան Թուրքիան՝ իր ներքին զսպումներով և հակակշիռներով: Ներկա իրավիճակում մենք հասկանում ենք, որ Ադրբեջանը, ունենալով Թուրքիայի աջակցությունը, բնաջնջում է խորհրդային շրջանի իր սահմաններում գտնվող, պատմականորեն հայկական անկլավի՝ Արցախի էթնիկ հայ բնակչությունը: Հաղորդվում է, որ առաջնագծում կռվող զինվորների անձնակազմը կազմված է ոչ միայն Սիրիայից և Լիբիայից եկած վարձկաններից և ապստամբ մարտիկներից, այլ նաև Ադրբեջանում բնակվող փոքրամասնություններից, ինչպիսիք են լեզգիները, թալիշները, ավարները, թաթերը, ուդիները, ցախուրները, ինգիլոյները, ռուտուլները և քրդերը: Մենք կոչ ենք  անում այս փոքրամասնություններին սատարել, այլ ոչ թե դեմ դուրս գալ հայերի փոքրամասնական պայքարին: 1997-2006 թվականներին Ադրբեջանի կողմից Նախիջևանին՝ իր հայկական մշակույթից զատելը մեզ հուշում է քաղաքացիական բնակչության գոյության և սեփականության, հատկապես հնամենի պատմություն ունեցող փոքրամասնությունների նկատմամբ շարունակական բռնության և անխնա ոչնչացման լրջության մասին՝ ինչի ականատեսն ենք լինում վերջին տասնամյակների ընթացքում: Պետք է հիշեցնենք, որ ռմբակոծվող տարածքը ներառում է այնպիսի հնավայրեր, ինչպիսին է հնամյա հայկական քաղաք Տիգրանակերտը: 

Առաջին Համաշխարհային պատերազմի և 20-րդ դարի բերած ավերածություններից առաջ՝ ադրբեջանցիներն ու հայերը ապրել են կոնֆլիկտային համակեցության մեջ, որին մենք ծանոթ ենք աշխարհի բազմէթնիկ մասերում: Մենք ոչ միայն հրադադար ենք պահանջում, այլև հաստատակամություն այդ հրադադարի ռեժիմի պահպանման և հայ փոքրամասնության՝ իրենց ինքնորոշմանն ուղղված ջանքերի պաշտպանության գործում: Մենք հույս ունենք, որ երկարաժամկետ հեռանկարում բոլոր միջազգային արդարադատության հաստատությունների մասնակցությամբ տարածաշրջանի էթնիկ հայերի ժողովրդավարական կամքը կարող է ճանաչվել: 

Ի համերաշխություն,

Գայատրի Չակրավորտի Սպիվակ, Կոլումբիայի համալսարան

Թարիք Ալի, գրող

Վիգեն Բերբերյան, գրող

Նոամ Չոմսկի, Արիզոնայի համալսարան

Ջուդիթ Հերման, Հարվարդի բժշկական դպրոց

Քորնել Ուեսթ, Հարվարդի համալսարան

Սեյլա Բենհաբիբ, Յեյլի համալսարան

Հ. Արամ Վիզեր, Նյու Յորքի Սիթի քոլեջ

Շահիդուլ Ալամ, լուսանկարիչ

Ամիտավ Գոշ, գրող

*

Այս նամակը նմանօրինակ արձագանքն է Դերիդայի, Իսայա Բեռլինի, Ալեն Ֆինկիելկղոտի, Ռիչարդ Ռորտիի, Չարլզ Թեյլորի և այլ առաջատար մտավորականների նմանատիպ հայտարարությանը՝ արված 1990 թվականի սեպտեմբերի 27-ին New York Review Books-ում:


Թարգմանիչ՝ Մարիամ Բադալյան (Mariam Badalyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: