Սեպտեմբերի 27-ից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուղղությամբ հրադադարի խախտումներն ու հետագա զարգացումներն ըստ ժամանակագրության՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և գերմաներեն թարգմանություններով:

29 սեպտեմբերի, 2020թ., 14:52

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Մեր ԶՈՒ-ն ևս մի ԱԹՍ է խոցել:

29 սեպտեմբերի, 2020թ., 12:46

ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյան

ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ուղղությամբ ձեռնարկված ագրեսիայի փորձի վերաբերյալ:
Այսօր առավոտյան ՀՀ ԱԳՆ-ն տարածել էր հայտարարություն, որտեղ մատնանշել էր, որ Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում՝ հող նախապատրաստելով Հայաստանի Հանրապետության Վրադենիսի շրջանի ուղղությամբ մարտական գործողություններ ձեռնարկելու համար:
Հաշված րոպեներ անց, Ադրբեջանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Վարդենիսի շրջանի զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ՝ այդ թվում թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը, որի արդյունքում սպանվել է մեկ քաղաքացիական անձ:
Արհամարելով ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ միջազգային հանրության շարունակական կոչերը՝ Ադրբեջանը Թուրքիայի ակտիվ քաջալերմամբ և ռազմաքաղաքական աջակցությամբ, ընդլայնում է ռազմական գործողությունների գոտին՝ դրա մեջ ներառելով նաև Հայաստանի Հանրապետության տարածքը:
Տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը վտանգելու Ադրբեջանի հետևողական փորձերին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կողմից տրվելու է համարժեք ռազմաքաղաքական պատասխան:

29 սեպտեմբերի, 2020թ., 12:28

ԼՂՀ ՊՆ

Սեպտեմբերի 29-ին արցախա-ադրբեջանական սահմանագծի ամբողջ երկարությամբ շարունակում են ընթանալ մարտական գործողություններ: Ադրբեջանական կողմը ձեռնարկում է հարձակման փորձեր՝ կիրառելով հրետանի, ԱԹՍ-ներ և զրահատանկային ուժեր: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կասեցնում են հակառակորդի գրոհները՝ նրան պատճառելով կենդանի ուժի և զրահատեխնիկայի նշանակալի կորուստներ: Ըստ լրացվող տվյալների, հայ մարտիկների գործողությունների արդյունքում, հակառակորդը կորցրել է 11 ԱԹՍ, այդ թվում նաև՝ հարվածային, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 5 տանկ: Հակառակորդը ունի նաև կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ:

29 սեպտեմբերի, 2020թ., 12:19

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Արցախի ՊԲ ստորաբաժանումների կողմից արևելյան ուղղությամբ Իգլա ԴԶՀՀ-ով ոչնչացվել է հակառակորդի երկու ուղղաթիռ:

29 սեպտեմբերի, 2020թ., 11:40

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Ս.թ. սեպտեմբերի 29-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը վերսկսել է լայնածավալ հարձակողական գործողությունները Արցախի պաշտպանության բանակի պաշտպանական գծի գրեթե ողջ երկայնքով: Մասնավորապես, հարձակողական գործողությունների ընթացքում առանձին ուղղություններով օգտագործում են ՏՕՍ-1Ա ծանր հրանետային համակարգեր:
ՏՕՍ, Սմերչ և մեծ տրամաչափի այլ համակարգերի կիրառումը փոխում է ռազմական գործողությունների տրամաբանությունն ու ծավալը՝ այն բարձրացնելով նոր մակարդակի:
Այս կապակցությամբ Պաշտպանության նախարարությունը զգուշացնում է, որ հայկական զինված ուժերը ստիպված են օգտագործել ՝ մեծ մակերեսների վրա կրակային խոցման և դրա արդյունքում կենդանի ուժի, ինչպես նաև շարժական և անշարժ գույքի ոչնչացման մեծ
ազդեցություն ունեցող սպառազինության և ռազմական տեխնիկայի տեսակներ:
Այս պահին պաշտպանության բանակի ստորաբաժանումները վստահորեն հետ են մղում թշնամու հարձակման բոլոր փորձերը՝ պատճառելով տեխնիկայի և մարդկային ուժի ծանր կորուստներ:

29 սեպտեմբերի, 2020թ., 11:30

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ։

Հակառակորդի այս գործողությանը նախորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության ապատեղեկատվությունը, թե, իբր, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը Վարդենիսի շրջանից հրթիռակոծել են Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը։ Այսպիսով, փաստորեն, հակառակորդը փորձել է հող նախապատրաստել հիմնավորելու համար իր հետագա գործողությունները։
Սպասեք կոշտ պատասխանի։

29 սեպտեմբերի, 2020թ., 11:20

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի տարածած տեղեկատվությունը, թե իբր ադրբեջանական բանակի հարվածների հետևանքով Մարտունիի զորամասը լրիվությամբ շարքից հանվել է բացարձակ ապատեղեկատվություն է և իրականությանը չի համապատասխանում: ՊԲ բոլոր զորամասերը շարունակում են մնալ շարքում և իրենց հստակ գործողություններով կործանիչ հարվածներ հասցնում նախահարձակ հակառակորդին:

29 սեպտեմբերի, 2020թ., 10:30

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի ՊՆ ապատեղեկատվության վերաբերյալ
Հիմնովին հերքում ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության Հայաստանին ուղղված մեղադրանքը՝ Հայաստանի Հանրապետության Վարդենիսի շրջանից Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը հրթիռակոծելու վերաբերյալ:
Այս ապատեղեկատվությունը բացարձակ սուտ է և նպատակ ունի հող նախապատրաստել մարտական գործողությունների աշխարհագրության ընդլայնման, այդ թվում՝ ագրեսիա իրականացնել Հայաստանի Հանրապետության դեմ:
Խստորեն դատապարտում ենք տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հետագա ապակայունացման Ադրբեջանի փորձերը, որոնց հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

29 սեպտեմբերի, 2020թ., 08:30

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Տարբեր ինտենսիվությամբ մարտերը շարունակվում են՝ ուղեկցվելով հակառակորդի կողմից հրետանային նախապատրաստությամբ։
Շփման գծի մի քանի ուղղություններով հայկական ստորաբաժանումներն այս պահի դրությամբ հետ են մղել Ադրբեջանի զինուժի գրոհները, առանձին հատվածներում ձեռնարկել պատժիչ գործողություններ՝ պատճառելով հակառակորդին կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ։
Մասնավորապես, վաղ առավոտյան հարավային ուղղությամբ խոցվել է հակառակորդի գրոհող զրահատեխնիկայի խումբ: