Սեպտեմբերի 27-ից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուղղությամբ հրադադարի խախտումներն ու հետագա զարգացումներն ըստ ժամանակագրության՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և գերմաներեն թարգմանություններով:

13 հոկտեմբերի, 2020թ. 20:40

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան

Այսօր այցելել եմ Ասկերան շրջկենտրոն և ղեկավարության հետ քննարկել պատերազմական գործողություններին աշխարհազորայինների մասնակցության հարցերը: Շրջվարչակազմի ղեկավարը զեկուցեց, որ կամավորական ջոկատների կազմավորման աշխատանքներն ընթանում են հավուր պատշաճի: Ասկերանի օրինակով ԱՀ բոլոր շրջաններում այս պահին իրականացվում է աշխարհազորայիններից կազմված ջոկատների ստեղծման գործընթացը: Առաջիկա ժամերի և օրերի ընթացքում ՊԲ-ն կհամալրվի պատերազմի և զինվորական արհեստավարժ ծառայության հարուստ փորձ ու գիտելիքներ ունեցող մեր քաղաքացիներով։

13 հոկտեմբերի, 2020թ. 15:31

ԱՀ ՊԲ

Պատերազմը շարունակվում է մինչ օրս՝ ուղեկցվելով ադրբեջանական կողմից միջազգային մարդասիրական իրավունքի համատարած ոտնահարումով։ Իր պատերազմական հանցագործությունները կոծկելու, քաղաքացիական բնակչության նկատմամբ նոր հարձակումներ իրականացնելու համար հող նապախատրաստելու նպատակով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը դիմում է ապատեղեկատվության քարոզի՝ մտացածին գործողությունների մեջ մեղադրելով ոչ միայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, այլև Հայաստանի իշխանություններին: Արցախցին իր ողջ ներուժով վճռական է պաշտպանելու իր հայրենիքի և իր ժողովրդի անվտանգությունը, ինչպես նաև պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ իրականացված ռազմական հանցագործությունների և մեր տարածաշրջանը միջազգային ահաբեկչության օջախ վերածելու քաղաքականության համար:

13 հոկտեմբերի, 2020թ. 12:59

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան

Քիչ առաջ ստորագրել եմ «Պաշտպանության մասին» ԱՀ օրենքում լրացումներ կատարելու մասին Խորհրդարանի կողմից այսօր միաձայն ընդունված օրենքի նախագիծը: Այն Ազգային ժողովին է ներկայացվել իմ նախաձեռնությամբ և կկանոնակարգի մեր Հանրապետության զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով աշխարհազորի մասնակցությունը: Օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է ստեղծված պատերազմական իրավիճակից և նպատակ ունի Պաշտպանության բանակի հետ մեկտեղ էլ ավելի ամրապնդելու մեր սահմանների պաշտպանությունը: Հայրենական սուրբ պատերազմի այս վճռորոշ պահին ևս մեկ անգամ դիմում եմ մեր ժողովրդին համախմբվելու և ներդնելու բոլոր ջանքերը վերջնական հաղթանակի հասնելու համար: Թշնամու ողնաշարը ջարդելու և մեր սահմաններից ետ մղելու համար յուրաքանչյուրիդ անհատական մասնակցությունը կարևոր է:

13 հոկտեմբերի, 2020թ. 11:01

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

Գիշերն անհանգիստ է եղել Ասկերան,Մարտունի և Մարտակերտ քաղաքներում։ Ադրբեջանը շարունակել է ռմբակոծել Արցախի բնակավայրերը՝ խախտելով մարդասիրական նպատակով հոկտեմբերի 10 -ին հայտարարված հրադադարի պահպանման ռեժիմը։ Գիշերը թիրախավորվել են քաղաքացիական օբյեկտներ։ Մարտակերտում այրվել է մեկ բնակարան։ Զոհեր ու վիրավորներ չկան։

13 հոկտեմբերի, 2020թ. 10:18

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Աղջաբեդի շրջանը կրակի տակ պահելու մասին լուրը ևս կեղծ է: Հայկական կողմը պահպանում է հումանիտար հրադադարի ռեժիմը և կասեցնում է այն խախտող Ադրբեջանի հարձակողական գործողությունները:

13 հոկտեմբերի, 2020թ. 09:21

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Հիմնովին հերքում ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ Թարթառի շրջանի ուղղությամբ կրակ վարելու Հայաստանին ուղղված մեղադրանքը: Այս բացարձակ սուտ տեղեկատվությամբ ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում խաղաղ բնակավայրերի նկատմամբ ագրեսիվ գործողությունների համար։

13 հոկտեմբերի, 2020թ. 09:07

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը մնացել է անփոփոխ: Առավոտյան հարավային, հյուսիսային, հյուսիս-արևելյան և արևելյան ուղություններով հակառակորդը վերսկսվել է հրթիռահրետանային ակտիվ կրակով ուղեկցվող գործողություններ: Թշնամին հատկապես ակտիվ է ճակատային գծի հյուսիս-արևելյան հատվածում: ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակը լռեցնելու և վերջինիս պլանները ձախողելու համար բոլոր ուղղություններում ձեռնարկում են համարժեք գործողություններ՝ վերահսկողության տակ պահելով օպերատիվ-մարտավարական իրադրությունը: