1940 թ. մայիսի 10-ին Ուինսթոն Չերչիլը դարձավ [Մեծ Բրիտանիայի] վարչապետ: Մայիսի 13-ին իր վարչակազմի հետ հանդիպման ժամանակ նա ասաց. «Ես առաջարկելու ոչինչ չունեմ՝ բացի արյունից, ծանր աշխատանքից, արցունքներից և քրտինքից»: Հետագայում Համայնքների պալատից իր նոր համակուսակցական կառավարությանը վստահության քվե խնդրելիս կրկնեց այդ արտահայտությունը: Լեյբորիստների պատասխանը շատ ջերմ էր, պահպանողականների արձագանքը սառն էր. նրանք դեռ Նևիլ Չեմբեռլենին էին ուզում: Առաջին անգամ մարդիկ հույս ունեին, սակայն Չերչիլը գեներալ Իսմեյին մեկնաբանեց. «Խեղճ մարդիկ, խեղճ մարդիկ: Նրանք վստահում են ինձ, սակայն ես նրանց ոչինչ չեմ կարող տալ՝ բացի երկարաժամկետ աղետից»:

Ուինսթոն Չերչիլ
 Մայիսի 13, 1940թ.
Համայնքների պալատում արված առաջին ելույթը որպես վարչապետ

Թույլ տվեք սկսել: 

Պալատը ողջունում է կառավարության ձևավորումը` ներկայացնելով պետության՝ միավորված և հաստատուն վճռականությունը պատերազմելու Գերմանիայի դեմ  մինչև հաղթական ավարտ:

Ուրբաթ երեկոյան ես վերջապես ստացա Նորին մեծության թույլտվությունը նոր կառավարություն ձևավորելու համար: Պառլամենտի և ազգի ակհնայտ ցանկությունն ու կամքն է, որ այն դրվի հնարավորինս լայն հիմքերի վրա և ներառի բոլոր կուսակցությունները՝ և՛ նախկին կառավարության աջակիցներին, և՛ ընդդիմադիրներին: Ես արդեն կատարել եմ այս առաջադրանքի ամենակարևոր մասը: Պատերազմի կաբինետը ձևավորվել է հինգ անդամներից՝ ընդդիմադիր լիբերալների հետ միասին ներկայացնելով ազգի միասնությունը: Երեք կուսակցությունների առաջնորդներն էլ համաձայնել են ծառայել կամ պատերազմի կաբինետում, կամ բարձրագույն գործադիր գրասենյակում: Մարտական երեք ծառայությունները համալրված են: Անհրաժեշտ էր, որ դա արվեր մեկ օրում՝ հաշվի առնելով իրադարձությունների ծայրահեղ հրատապությունն ու խստությունը: Մի շարք այլ հաստիքներ, առանցքային հաստիքներ համալրվեցին երեկ, և այսօր երեկոյան ես ցուցակ եմ ներկայացնելու Նորին մեծությանը: Հույս ունեմ, որ վաղը ավարտին կհասցնեմ առանցքային նախարարների նշանակման գործընթացը: Մյուս նախարարների նշանակումը մի փոքր երկար է տևում, սակայն վստահ եմ, որ երբ պառլամենտը կրկին հավաքվի, իմ առաջադրանքի այս մասը ավարտին կհասցվի, և կառավարությունը ամբողջությամբ ձևավորված կլինի։

Ես չունեմ առաջարկելու ոչինչ՝ բացի արյունից, ծանր աշխատանքից, արցունքներից և քրտինքից։

Ես կարծում եմ՝ հանրության շահերից է բխում առաջարկել, որ Պալատի հանդիպում հրավիրվի այսօր: Պալատի խոսնակը համաձայնեց և Պալատի բանաձևով իրեն տրված լիազորությունների շրջանակում ձեռնարկեց անհրաժեշտ քայլերը: Այսօրվա հանդիպման ավարտից հետո կառաջարկվի  ընդմիջում մինչև հինգշաբթի՝ մայիսի 21-ը՝ անշուշտ, անհրաժեշտությունից դրդված հանդիպման հնարավորությամբ: Այդ շաբաթվա ընթացքում քննարկվելիք աշխատանքների մասին պառլամենտի անդամներին կտեղեկացվի առաջին իսկ հնարավորության դեպքում: Այժմ ինձ տրված իշխանությամբ հրավիրում եմ Պալատին վկայելու ձեր աջակցությունը մեր կողմից ձեռնարկված քայլերին և վստահություն հայտնելու նոր կառավարությունը:

Այսպիսի մասշտաբի և բարդության վարչակազմի ձևավորումը ինքնին լուրջ ձեռքբերում է, սակայն պետք է հիշել, որ մենք գտնվում ենք պատմության մեջ ամենախոշոր պատերազմներից մեկի նախապատրաստական շրջանում, որ մենք ներգրավված ենք Հոլանդիայում և Նորվեգիայում տարբեր գործողությունների մեջ, որ պետք է նախապատրաստված լինենք գործողությունների Միջերկրականում, երկարատև օդային ճակատամարտերի, և որ դեռ բազմաթիվ նախապատրաստություններ պետք է արվեն այստեղ՝ տանը։ Այս ճգնաժամային պայմաններում հուսով եմ՝ այսօր ինձ կներեք, որ ուղերձս Պալատին երկար չի լինի։  Հուսով եմ, որ ընկերներիցս և կոլեգաներիցս կամ  նախկին կոլեգաներիցս յուրաքանչյուրը, որի վրա վատ ազդեցություն է ունեցել քաղաքական վերակառուցումը, կհասկանա, ըմբռնումով կմոտենա այն անհրաժեշտ արարողակարգի սակավության համար։ Պալատին կասեմ այն, ինչ ասել եմ այս կառավարությանը նոր միացածներին․ «Ես չունեմ առաջարկելու ոչինչ՝ բացի արյունից, ծանր աշխատանքից, արցունքներից և քրտինքից»։

Պատերազմել ծովում, ցամաքում և օդում՝ մեր ամբողջ ուժով և ողջ այն հզորությամբ, որ Աստված կտա մեզ, պատերազմել հրեշավոր բռնապետության դեմ, որ գերազանցում է մարդկային ցանկացած հանցագործության մութ ու տխրահռչակ ցուցակը: Սա է մեր քաղաքականությունը:

Մեզ գերդաժան փորձություն է սպասվում: Մեր առջև տանջանքի և տառապանքի շատ ու շատ երկար ամիսներ են: Դուք կհարցնեք, թե ո՞րն է մեր քաղաքականությունը: Ես կասեմ. «Պատերազմել ծովում, ցամաքում և օդում՝ մեր ամբողջ ուժով և ողջ այն հզորությամբ, որ Աստված կտա մեզ, պատերազմել հրեշավոր բռնապետության դեմ, որ գերազանցում է մարդկային ցանկացած հանցագործության մութ ու տխրահռչակ ցուցակը: Սա է մեր քաղաքականությունը»:

Հաղթանակ, հաղթանակ ամեն գնով, հաղթանակ՝ չնայած բոլոր սարսափներին, հաղթանակ՝ ինչքան էլ երկար և դժվար լինի այդ ճանապարհը, առանց հաղթանակի չկա գոյություն:

Դուք հարցնում եք, թե ո՞րն է մեր նպատակը: Ես կպատասխանեմ մեկ բառով. «Հաղթանակ, հաղթանակ ամեն գնով, հաղթանակ՝ չնայած բոլոր սարսափներին, հաղթանակ՝ ինչքան էլ երկար և դժվար լինի այդ ճանապարհը, առանց հաղթանակի չկա գոյություն»: Կարևոր է գիտակցել․ եթե Բրիտանական կայսրությունը չգոյատևի, չի գոյատևի այն ամենն, ինչի համար պայքարում էր Բրիտանական կայսությունը, չի գոյատևի այն ամենն, ինչի համար դարեր շարունակ պայքարում է մարդը։  Սակայն, ես լավատեսությամբ և հույսով եմ հանձն առնում իմ առաջադրանքը: Համոզված եմ, որ մեր գործին վիճակված չէ ձախողվել: Այս պահին իրավասու եմ պահանջել համընդհանուր աջակցություն և ասել. «Ուրեմն, եկե՛ք մեր համախմբած ուժով առա՛ջ շարժվենք»:

Բնօրինակի հեղինակ՝ Winston Churchill


Թարգմանիչ՝ Արամ Սանամյան (Aram Sanamyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են