Բանախոսություն «Քաղաքական արշավները և մեծ տվյալները» թեմայով

#EnlightTalks բանախոսությունների շարք՝ «Ինլայթ»-ի եռամսյա վերլուծական պրակտիկա ծրագրի շրջանակում: 

Հուլիսի 11-ին վերլուծական պրակտիկայի շրջանակներում տեղի է ունեցել «Ինլայթ»-ի վերլուծաբան, մասնագիտությամբ միջազգայնագետ, քաղաքագետ Տաթև Ղազարյանի «Քաղաքական արշավները և մեծ տվյալները» թեմայով բանախոսությունը։

Բանախոսը խոսքը սկսեց քաղաքական արշավի էությունը ձևակերպելով.  լայն իմաստով՝ քաղաքական արշավը օրենքով կարգավորվող և ընտրական հանձնաժողովների կողմից կազմակերպված միջոցառումների շարք է՝ քաղաքացիների ազատ կամքը կազմակերպելու նպատակով, ինչպես նաև ներառում է հաղթանակին հասնելու համար թեկնածուների և կուսակցությունների կողմից իրակացվող բոլոր գործողությունները, նեղ իմաստով՝ քաղաքական արշավը թեկնածուի կամ կուսակցության գործողություններն են, որոնք ուղղված են ընտրություններում ցանկալի արդյունքի հասնելուն։

Խոսելով ընտրողների վարքագիծը կանխատեսելու եղանակների մասին՝ նա ներկայացրեց ընտրողների վարքագիծը կանխատեսող մի շարք մոդելներ՝ վարքաբանական մոդել, սոցիոլոգիական մոդել, հոգեբանական մոդել, կոգնիտիվ-ճանաչողական մոդել։ Նշված մոդելների հիման վրա քաղաքական արշավներում ստեղծվել են տարբեր ռազմավարություններ՝ սոցիալ-տնտեսական մոտեցում, կատարյալ թեկնածուի մոդել,  կենտրոնացում խնդիրների վրա, համադիր մոտեցում, գովազդային մոտեցում, հասցեկան մոտեցում։

Բանախոսը խոսեց նաև քաղաքական արշավների մարտավարության մասին, որը իր մեջ ներառում է՝ գովազդային ագիտացիոն տեխնոլոգիաներ, զանգվածային միջոցառումներ, տեղեկատվական-վերլուծական տեխնոլոգիաներ, իրավական տեխնոլոգիաներ, ռեսուրսային ապահովման տեխնոլոգիաներ, իմիջային տեխնոլոգիաներ, պաշտպանական և հակաքարոզչական տեխնոլոգիաներ, «սև» տեխնոլոգիաներ։

Խոսելով ընտրություններում ձայների համար պայքարի մասին՝ բանախոսը մեջբերեց. «Ընտրությունները խաղարկվում են չեզոք գոտում՝ ավելի մեծ թվով տատանվողների համոզելու ճանապարհով, քան հաջողվում է հակառակորդին»։ Հենց այդ՝ չեզոք խմբերին դեպի իրենց ուղղորդելու նպատակով որոշակի թիրախավորված խմբերի հասցվում են համապատասխան հաղորդագրություններ (մեսիջներ)։ Ահա այստեղ է, որ օգնության է գալիս Big Data-ն և ժամանակակից տեխնոլոգիաները։ Big Data-ն կամ մեծ տվյալները վերաբերում են տեղեկատվության մեծ, բազմազան հավաքածուներին, որոնք անընդհատ աճում են մեծ տեմպերով։ Դրանք ներառում են տեղեկատվության ծավալը, դրա ստեղծման և հավաքման արագությունը, ինչպես նաև ընդգրկված տվյալների բազմազանությունը։ Ժամանակի ընթացքում մեծ տվյալների համար սկսեցին առաջարկվել նաև այլ տարբեր բնութագրիչներ՝ փոփոխականություն, արժեքայնություն, հավաստիություն, ընդարձակություն, փոխկապակցվածություն, ամբողջականություն և այլն։

Ներկայացնելու համար, թե ինչպես են համակարգիչները աշխատում տվյալների հետ, բանախոսը անդրադարձավ մեքենայական ուսուցմանը։ Վերջինս դիտարկվում է որպես արհեստական բանակության ֆունկցիոնալության մի մասը, և այս դեպքում առանց հստակ գրված ալգորիթմի կամ կոդի համակարգիչը կարողանում է աշխատել։ Տվյալ դեպքում առանձնացվում են մեքենայական ուսուցման մի քանի տեսակներ՝ վերահսկող ուսուցում, մասնակի վերահսկող ուսուցում, փոխանցումային ուսուցում, ակտիվ ուսուցում, չվերահսկվող կամ ինքնուրույն ուսուցում, ամրապնդող կամ համալրող ուսուցում։

Այնուհետև բանախոսը խոսեց այն մասին, թե մեծ տվայլները ինչ տեսքով են պահպանվում քաղաքականության մեջ, ինչպես են օգտագործվում, և ինչպես է մեքենայական ուսուցումը ազդում որոշումների կայացման վրա։ Նա մասնավորապես անդրադարձավ Բեռլինում տվյալագիտությամբ զբաղվող մի ընկերության՝ քաղաքականության մեջ տվյալների օգտագործմանը վերաբերող ուսումնասիրությանը։ Վերջինս ուսումնասիրել էր վերջին տարիներին տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները և մշակել էր մոդելներ այն մասին, թե ինչպես են տվյալները պահպանվում քաղաքականության մեջ։ Տվյալները քաղաքականության մեջ դիտվում են որպես քաղաքական ակտիվ, քաղաքական ուղենիշ և քաղաքական ներազդեցություն։  Առաջինը իր մեջ ներառում է քաղաքական տվյալներ, հանրային տվյալներ, սպառողական տվյալներ, բացահայտված տվյալներ։

Տվյալները որպես քաղաքական ուղենիշ իրենց մեջ ներառում են տեղեկատվություն այն մասին, թե ինչպիսին է մարդը, ինչի մասին է խոսում առցանց, ինչ հետաքրքրություններ ունի, ինչին է արձագանքում։ Այս առնչությամբ բանախոսը անդրադարձավ tracking pixels համակարգի աշխատանքին։

Տվյալները որպես քաղաքական ներազդեցություն իրենց մեջ ներառում են տվյալներ այն մասին, թե ով է մարդը, որտեղից է, ինչ է փնտրում, ինչ է դիտում և կարդում առցանց, ում է ճանաչում։ Սրանք հավաքագրվում և պահպանվում են տարբեր հավելվածների և այլ համակարգչային գործողությունների միջոցով։ Արդյունքում հնարավոր է դուրս բերել վարքագծի մոդելներ, որոնք գործածվում են նաև ընտրական գործընթացներում։ Օրինակ՝ Բ. Օբաման, օգտագործելով նմանատիպ տվյալները, կարողացել է կապ հաստատել մարդկանց նախկին ընտրության և նրանց ունեցած տնտեսական դրության պարամետրերի միջև։ Սրա օգնությամբ ստեղծվել են մարդկանց խմբեր, որոնց վրա ազդելու համար էլ մշակվել են մոդելներ։

Վերջում բանախոսը պատասխանեց մասնակիցների հարցերին, խոսեց Հայաստանում նման գործընթացների իրականացման իրավիճակի մասին՝ նշելով, որ Հայաստանում տարբեր հանգամանքներով պայմանավորված նման գործընթացների իրականացումը կամ բացակայում է, կամ ցածր մակարդակի վրա է գտնվում։


Պատրաստեց՝ Նարինե Գալոյանը

Տաթև Ղազարյանի հեղինակած վերլուծություններին ծանոթացեք հղմամբ: