Լեռնային Ղարաբաղ․ «Թուրքական իմպերիալիզմը բռնաճնշում է հայ ժողովրդի իրավունքները»

Պատմության ընթացքում Թուրքիայի բազմաթիվ սոսկալի դաժանություններ անտեսվել են, կարծում է Օլիվիե Դելորմը։ Պատմաբանը ցավալի է համարում ռեժիմի իմպերիալիզմի նկատմամբ արևմտյան հանդուրժողականությունը։

Արդյո՞ք պետք է պահպանել ընկերներ Լենինի և Ստալինի ժառանգությունը Կովկասում։ Սիրիայի, Լիբիայի, Հունաստանի և Կիպրոսի Հանրապետության դեմ թուրքական ագրեսիաների բոլոր հնարավոր արդարացումները փնտրելուց հետո ահա մի հարց, որը մենք մեզ պիտի տանք՝ այսօր հայերի դեմ Ադրբեջանի միջոցով Անկարայի իսլամա-իմպերիալիստական ռեժիմի կողմից վարվող պատերազմից հայացքը թեքելու փոխարեն։

Կարող ենք նաև հարց տալ այս ռեժիմի նկատմամբ (որ շարունակում է լայնորեն ֆինանսավորվել Եվրոպական միության կողմից) արևմտյան հանդուրժողականության պատճառների մասին, ռեժիմի, որը Մերձավոր Արևելքում ԻԼԻՊի և Ալ-Քաիդայի մնացորդները վերաորակավորել է որպես իր բանակի օժանդակ մասեր և տարածում է դրանք Լիբիայից մինչև Կովկաս։ Կամ ինչու՞ է Գերմանիան նրան պաշտպանում պատժամիջոցներից․ 2,5 միլիարդ առևտրային ավելցուկի թե՞ Գերմանիայի երեք միլիոն թուրքերի պատճառով, որոնց 65%-ը քվեարկում է Էրդողանի օգտին:

Հարկ կա հարց տալու նաև այն պատճառների մասին, որոնց համար «մութ ժամանակների վերադարձը» մատնացույց անող մասնագետները չեն վրդովվում այն պետության ագրեսիայից, որի համար Հայոց ցեղասպանության ժխտողականությունը պաշտոնական ուսմունք է՝ դասավանդվող դպրոցներում և համալսարաններում: Մի պահ պատկերացնենք, թե միջազգային ի՜նչ արձագանքներ կլինեին Իսրայելի դեմ գերմանական հարձակման դեպքում։

Եվ պետք է դադարել օգտագործել անջատողականություն բառը Լեռնային Ղարաբաղի (Արցախ՝ հայերի համար) մասին խոսելիս, որն 90%-ով բնակեցված է հայերով հին ժամանակներից սկսած, մինչդեռ նրա պատկանելությունը Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետությանը թվագրվում է 1921 թվականից։ Տարածքները, որոնք կազմում են այդ պետությունը (Ադրբեջան պետությունը,- թարգմանչի կողմից), նվաճվել են Ռուսական կայսրության կողմից XIX դարում․ դրանց ղեկավարները օժանդակել են ցեղասպանության իրագործմանը և հենց իրենք կազմակերպել են հայերի ջարդերը հատկապես Արցախում բոլշևիկյան հեղաշրջման և տարածաշրջանի սովետականացման միջև ընկած ժամանակահատվածում։

Որո՞նք են այս ռեժիմի նկատմամբ արևմտյան հանդուրժողականության պատճառները, ռեժիմի, որը ԻԼԻՊի և Ալ-Քաիդայի մնացորդները վերաորակավորել է որպես իր բանակի օժանդակ մասեր։

Արցախի կցումը Ադրբեջանին լեգիտիմ է, ուրեմն, միայն Լենինի որոշմամբ, որն իրագործվել է ժողովրդական կոմիսար Ստալինի կողմից 1921 թվականի հուլիսին՝ ազգայնական Քեմալին հաճոյելու համար, որի հետ ԽՍՀՄ-ը պայմանագիր է կնքել մարտին, մինչդեռ վերջինս, ըմբոստացած օսմանյան կառավարության դեմ, 1920 թվականի դեկտեմբերին հաղթել է Հայաստանի առաջին հանրապետությանը, որը ստիպված էր հանձնվել խորհրդայնականներին թուրքերի կողմից վերջնական ոչնչացումից խուսափելու համար։

Իրականում, Ղարաբաղի հարցը հարավսլավական բաժանման պատերազմների հերթական դրսևորումն է միայն․ անհետացած դաշնության ներքին վարչական սահմանագծերի սրբայնացումը որպես միջազգային սահմաններ։ Ուստի երկաթե ձեռքով կառավարվող դաշնության մեջ ներքին վարչական սահմանագծերը քիչ են առնչվում քաղաքական իրականությանը։ Եվ շատ անգամ դրանք նկարվել են՝ հանգամանքային մտահոգություններից ելնելով։ Տիտոն փորձում է թուլացնել Սերբիայի հանրապետության կշիռը՝ հնարավորինս շատ սերբերի հարավսլավական այլ հանրապետությունների իրավասության տակ դնելով․ Խրուշչովը նվիրում է Ղրիմը Ուկրաինային որպես իր գահակալության նվեր, որպեսզի փոքր ինչ մոռացության տա 1944 թվականից հետո այնտեղ իրագործած իր ռեպրեսիան։

Միայն թե, հենց որ դաշնությունն ու երկաթե ձեռքը վերանում են, միջազգային սահմաններ դարձած ներքին սահմանագծերը բնակչություններին դնում են կախվածության մեջ այն պետությունից, որին հաճախ նրանք մերժում են պատկանել՝ սկսած Դոնբասից մինչև Արցախ։

Եվ այս մերժումը բացարձակ է դառնում, երբ խոսքը վերաբերում է 1941-1945 թվականների ուստաշական խորվաթական պետության կողմից իրականացված ցեղասպանության Կրաինայի սերբ զոհերին, և որոնց կարգադրում են այդ ցեղասպանությունը ժխտող խորվատական պետության քաղաքացիներ դառնալ։ Կամ էլ, երբ խոսքը ադրբեջանցիների կողմից մեկ դար առաջ իրականացված ջարդերի արցախահայ զոհերի մասին է, այն ադրբեջանցիների կողմից, որոնք այսօր գործում են ժխտողական թուրք պետության օգտին։ Ի՛նչ եք ուզում, պատմությունը երկար է տևում։

Արցախի կցումը Ադրբեջանին լեգիտիմ է, ուրեմն, միայն Լենինի որոշմամբ, որն իրագործվել է (…) 1921 թվականի հուլիսին:

Եթե նկատի ենք առնում Կրաինայի սերբերի ճակատագիրը 1995 թվականի խորվաթական վերանվաճման ժամանակ, հասկանում ենք, թե ինչու են Արցախի հայերը իրենց պայքարում այդքան վճռական։ Քանզի կրաինաների էթնիկ զտումները (արևմտյան մեղսակցությամբ) «Փոթորիկ» գործողության ժամանակ դատարկեցին այդ շրջանների  200.000-ից մինչև 250.000 սերբերի գրեթե կեսը, որոնք մինչև 1991 թվականը կազմում էին բնակչության երեք քառորդից ավելին, և դա երբեք հարցի տակ չի դրվել Եվրոպական միության կողմից, որի վրդովմունքի երկրաչափությունը հաստատապես դյուրափոփոխ է։

Նկատենք նաև, որ նրանք, ովքեր որակում են Արցախի բնակիչներին որպես անջատողականներ, ամենևին չեն վրդովվում 1974 թվականից ի վեր Թուրքիայի՝ Կիպրոսի տարածքի 38%-ի զավթմամբ, որտեղ այն էթնիկական լիակատար զտումներ է իրականացրել և տեղավորել անատոլիացի գաղութաբնակների, որոնք այսուհետ թվով գերազանցում են ներխուժման ժամանակ կղզու բնակչության 18%-ը կազմող թուրք կիպրոսցիներին։ Ինչ վերաբերում է խամաճիկային պետությանը, որ այն այդտեղ հռչակել է, ապա դա նույնպես մասամբ ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։

Նկատենք վերջապես, որ այդ նույն կառույցներն են, որ համաձայնել են, որ Սերբիան լինի Կոսովոյից կտրված՝ ի օգուտ հանցագործների և մաֆիոզների ռեժիմի՝ պաշտպանելով ապօրինի առևտուրն ու ահաբեկիչներին, այն դեպքում, երբ մերժում էին Կոսովոյի կամ Բոսնիայի սերբերին այդ գոյակներից անջատվելու իրավունքը։

Ի դեպ հարցը, որ հայերի դեմ ներկայիս պատերազմի պատրվակն է և դրա ամենավերջին դրսևորումը, պետք է սկզբունքորեն լուծված լիներ միջազգային հանրության կողմից դեռ երեսուն տարի առաջ, որպեսզի չառաջացներ անելանելի հակամարտություններ։

Ազգերի լիգան իր անկարողությամբ փլուզվում է բռնակալների ուժգին հարվածների տակ։

Որպես երկրորդ համաշխարհային հակամարտության հիմնական պատճառ (Գերմանիայի և չկանոնակարգված կապիտալիզմի պատասխանատվությունը ստվերելու նպատակով) վատաբանված պայմանագրերը, որոնք վերջ դրեցին առաջին համաշխարհային պատերազմին, ունեցան առնվազն երկու դրական կողմ։ Ուրվագծեցին փոքրամասնությունների իրավունքը նոր ազգային պետություններում՝ ծագած կայսրությունների երջանիկ լուծարումից․ երջանիկ, քանի որ, չնայած երկու կոպեկանոց ռոմանտիզմին, կայսրությունը միշտ էլ ժողովուրդների բանտ է և բռնաճնշող համակարգ։ Պահպանեցին հնարավորությունը միջազգային հսկողությամբ խորհրդակցելու այն տարածքների բնակչության հետ, որոնց ազգային պատկանելությունը անորոշ է կամ վիճելի։

Ազգերի լիգան իր անկարողությամբ փլուզվում է բռնակալների ուժգին հարվածների տակ, սակայն 1920-ական թվականներին այն կազմակերպեց մի քանի այդտեսակ խորհրդակցություններ (Կլագենֆուրտի ավազանը, Շոպրոնի կոմիտատը, Շլեզվիգը, Սարրը), որոնք հանգեցրին մեկ դար անց էլ անփոփոխ մնացած սահմանների որոշմանը։

Դաշնությունների լուծարումից ծնված այս հակամարտությունները վատթարանալ թողնելու կամ ինստրումենտալացնելու փոխարեն պետք է դեռևս երեսուն տարի առաջ ոգեշնչվեինք վերոնշյալ օրինակով՝ սահմանելու համար միջազգային հսկողության ներքո ինքնորոշման քվեարկության կազմակերպման պայմաններն ու եղանակները․ դա միակ ճանապարհն է՝ հաստատելու երկարատև խաղաղություն ժողովուրդների իրավունքների նկատմամբ հարգանքի պահպանմամբ։

Ցանկացած բանակցություն, որը կանտեսի սա, Արցախի համար, լավագույն դեպքում, կհանգեցնի մի գազի գործարանի ստեղծման, նման Դեյթոնի համաձայնագրերին (1995), որը Բոսնիա-Հերցեգովինայի քսանհինգամյա եվրոպական վերահսկողության ընթացքում երբեք չի աշխատել։ Եթե միայն որևէ մեկի նպատակը չէ պահպանել գաղտնի հակամարտություն, որը նրան թույլ կտա լինել հավերժ տեր ու տնօրենի դիրքում։ Սակայն հաստատ է, որ ոչինչ ավելի վատ չի լինի, քան մյունխենյան ոգու հաղթանակը, որը անխուսափելիորեն կմղի Անկարայի բռնակալին մի նոր հարվածի։

 

Օլիվիե Դելորմը գրող և պատմաբան է, «Հունաստանը և Բալկանները V դարից մինչև մեր օրերը» (3 հատոր, Ֆոլիո Պատմություն, Գալիմար) աշխատության հեղինակ և Ինքնիշխան Հանրապետության վերլուծական կոմիտեի անդամ։

 

Բնօրինակի հեղինակ՝ Olivier Delorme // 14 october 2020// Le Figaro


Թարգմանիչ՝ Լուսինե Աղաջանյան (Lusine Aghajanyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: