Ժամանակն է, որ աշխարհը ճանաչի Արցախի անկախությունը

Ժամանակն է, որ աշխարհը ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը

Հոկտեմբերի 10-ին՝ Ադրբեջանի կողմից Հարավային Կովկասում՝ Արցախի Հանրապետությունում (առավել հայտնի` Լեռնային Ղարաբաղ), հայերի նկատմամբ  հրետանակոծությունից մոտ երկու շաբաթ անց, Ռուսաստանի միջնորդությամբ հայտարարվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև ժամանակավոր հրադադարի մասին: 

Սակայն, հրադադարի ուժի մեջ մտնելու պահից ի վեր Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում, ինչպես նշում են ականատեսներն ու միջազգային լրատվամիջոցները, դեռևս  պայթյուններ են որոտում:

Ռազմական արշավի ընթացքում Ադրբեջանը նշանառության տակ է առել ոչ միայն ամբողջական քաղաքներ՝ ներառյալ Ստեփանակերտը, այլ նաև հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը: Հոկտեմբերի 8-ին, Ադրբեջանն ավերեց  Շուշի քաղաքում գտնվող մշակույթի տունն ու Սբ. Ամենափրկիչ եկեղեցին (տեղացիներին հայտնի որպես Ղազանչեցոց): Ղազանչեցոցն աշխարհում հայկական ամենամեծ եկեղեցիներից մեկն է:

Եկեղեցին ռմբակոծման է ենթարկվել երկու անգամ, որի ընթացքում ծանր վիրավորվում է ստացել առաջին ռմբակոծության վնասները փաստագրող երեք լրագրող:

«Հոգեկան ցնցում և ճկունություն. Թուրքիայի ծպտյալ, ոչ ծպտյալ և այլևս չթաքնվող հայերը» գրքի հեղինակ Րաֆֆի Բեդրոսյանն ասաց. «1990-ականների պատերազմի ընթացքում, երբ Շուշին դեռ ադրբեջանցիների վերահսկողության ներքո էր, նրանք օգտագործում էին այն որպես զենքի պահեստ՝ այնտեղ պահելով Գրադ հրթիռները, որոնցով հրթիռակոծում էին անմիջապես Շուշիից ներքև գտնվող Ստեփանակերտը»: 

Այն բանից հետո, երբ 1992 թվականին հայերն ազատագրեցին Շուշին ադրբեջանական օկուպացիայից, Բեդրոսյանն այցելեց այդ շրջան՝ մասնակցելով ջրամատակարարման և  ճանապարհների վերակառուցման նախագծերին:

«Երբ մտա եկեղեցի», -ավելացրեց նա, «այն դեռ լիքն էր ադրբեջանցիների թողած մարդկային թափոններով և ավերածություններով: Այն հրաշալի կերպով վերակառուցվեց մի քանի տարի անց, և ականատեսը եղավ հայ երիտասարդ աղջիկների և տղաների հարյուրավոր հարսանիքների»: 

Ադրբեջանը նշանառության տակ է առել Արցախը Թուրքիայի ուղղակի աջակցությամբ: «Մենք աջակցելու ենք Ադրբեջանին մինչև հաղթանակ», հոկտեմբերի 6-ին ասաց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Ես ասում եմ իմ ադրբեջանցի եղբայրներին՝ թող օրհնվի ձեր  ghazwa-ն»: 

«Ghazwa»-ն իսլամում նշանակում է պայքար կամ ասպատակություն ոչ իսլամիստների դեմ մուսուլմանական տարածքների ընդարձակման, կամ ոչ մուսուլմանների իսլամացման համար: Այսպիսով՝ Էրդողանը բաց հայտարարեց, որ հայկական տարածքի վրա  հարձակումները ջիհադ են: Ավելին՝ միայն Թուրքիան ու Ադրբեջանը չէ, որ հարձակվում են Հայաստանի վրա: Թուրքիան նաև ամենաքիչը 1500 սիրիացի ջիհադիստների է ուղղարկել Ադրբեջան՝ Արցախի դեմ կռվելու համար: 

Արցախի դեմ Ադրբեջանի ընթացիկ հարձակումը Թուրքիայի՝ նեոօսմանական  ծավալապաշտական նկրտումների մաս է կազմում: Վերջին տարիներին Թուրքիայի կառավարությունը ուժեղացրել է նեոօսմանիզմի և նվաճողականության իր հռետորաբանությունը: Օրինակ՝ օգոստոսի 26-ի իր ելույթում Էրդողանն ասաց. 

«Մեր քաղաքակրթությունում, նվաճելը օկուպացիա կամ թալան չէ: Դա տարածաշրջանում (նվաճված) Ալլահի պատվիրած արդարության գերակայության հաստատումն է… Մենք կոչ ենք անում մեր գործընկերներին կարգի հրավիրել իրենց և թույլ չտալ սխալներ, որոնք նրանց համար կործանման ճանապարհ կբացեն»: 

Միևնույն ժամանակ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը խնդրել է Ռուսաստանին, ԱՄՆ-ին, և ՆԱՏՕ-ին զսպել Անկարային՝ նկարագրելով Թուքիան որպես «տարածաշրջանի չարագործ»: 

«Եթե մենք հիմա միջազգայնորեն չգործենք Թուրքիային կանգնեցնելու հարցում.. հեռանկարում ունենալով այս տարածաշրջանը նոր Սիրիայի վերածումը.. այդ ժամանակ կտուժեն բոլորը»,- ասել է նա the Financial Times-ին տված հարցազրույցում:

Հայերի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիան շատ կյանքեր է արժեցել: Հայկական աղբյուրների համաձայն՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ Արցախի զինված ուժերի զոհերի թիվը հասել է ավելի քան 500-ի: Ադրբեջանի իշխանությունները չեն հրապարակել իրենց ռազմական կորուստների մանրամասները: Պատերազմի պատճառով զոհեր կան նաև քաղաքացիական անձանց շրջանում: Երկու կողմերն էլ հայտնել են ավելի քան 50 խաղաղ բնակչի մահվան մասին: Հոկտեմբերի 9-ին, վիրավոր զինվորներին մասնագիտական օգնություն ցուցաբերելիս, մարտի դաշտում կյանքը կորցրեց նաև Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոս, բժիշկ Վահե Մելիքսեթյանը:

«Մեր նախնական հաշվարկների համաձայն՝ Ղարաբաղի բնակչության 50%-ը, և կանանց ու երեխաների 90%-ը՝ մոտ 70.000-75.000 մարդ, տեղահանվել է»,- AFP լրատվական գործակալությանը հայտնեց տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: 

Հոկտեմբերի 9-ին Save the Children International կազմակերպությունը ևս հաղորդեց, որ «Հայկական որոշ քաղաքների և գյուղերի դպրոցները, մանկապարտեզները, և հանրակացարանները մարդաշատ են դարձել իրենց դռները բռնությունից փրկված մարդկանց, հիմնականում՝ կանանց և երեխաներին ապաստան տալու համար բացելուց հետո…Ժամանող երեխաներից շատերը բաժանված են ծնողներից, քանի որ նրանց ուղարկել են հայկական սահմանում մեծ ընտանիքների կամ ընկերների մոտ մնալու», ” նշել է Save the Children-ը:

Տարածաշրջանը գրավելու նպատակով հայերի դեմ թուրքական և ադրբեջանական հարձակումները արդարացված չեն: Արցախը, որի բնակչության 95%-ը հայեր են, խաղաղ է և հազարամյակներ շարունակ եղել է պատմական Հայաստանի անբաժանելի մասը: Այն երբեք անկախ Ադրբեջանի մասը չի եղել: Դարերի ընթացքում Արցախն ընկել է տարբեր նվաճողների տիրապետության տակ, սակայն միշտ պահել է իր կիսանկախ կարգավիճակը որպես հայկական միավորում:

Այսօր, հաճախ տարածաշրջանի մասին խոսում են որպես «վիճելիի», քանի որ վաղ 1920-ականներին խորհրդային բռնապետ Իոսիֆ Ստալինը այն՝ որպես ինքնավար մարզ, շնորհեց Ադրբեջանին: Խորհրդային իշխանության տարիներին, Արցախի բնակչության մեծ մասը խաղաղ կերպով և պարբերաբար Հայաստանի հետ վերամիավորման պահանջ ներկայացրեց: Սակայն Ադրբեջանի կառավարությունը բռնությամբ պատասխանեց ոչ միայն Արցախում, այլ նաև ամբողջ Ադրբեջանում: Ի թիվս այլոց, այն ջարդեր և զնգվածային սպանություններ իրականացրեց հայերի դեմ ադրբեջանական Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ, Շամխոր, Մինգեչաուր քաղաքներում: 

1991թ. սեպտեմբերի 2-ին, Արցախը վերջապես հռչակեց իրանկախությունը, այն նույն իրավական հիմքով, ինչ և Ադրբեջանը, Հայաստանը, և մյուս բոլոր նախկին խորհրդային հանրապետությունները: Այս հայտարարությունը հիմնված էր միջազգային իրավունքի սկզբունքների և Խորհրդային Միության Սահմանադրության վրա: Այնուամենայնիվ, Ադրբեջանը ևս մեկ անգամ դիմեց բռնության: Արցախա-ադրբեջանական (1991-1994) պատերազմը բերեց Արցախի գյուղերի ու քաղաքների մասնակի, կամ ամբողջական ոչնչացման: 

Տարածաշրջանի դեմ մեկ այլ կատաղի հարձակում տեղի ունեցավ 2016-ի ապրիլին, որը հայտնի է որպես քառօրյա պատերազմ: Հակամարտության ընթացքում, Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում սկսեց Արցախի վրա, և ըստ տեղեկությունների՝  ռազմական հանցագործություններ կատարեց: Օրինակ, Թալիշ գյուղում, 2016-ի ապրիլի 3-ին իրենց տանը գնդակահարված հայտնաբերեցին տարեց հայ զույգի, որոնց դիակները խեղված էին:

Արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիան նշել է. «2016 թվականի  ապրիլի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը Արցախի բնակչության դեմ մի շարք ռազմական հանցագործություններ են կատարել, ներառյալ՝ խոշտանգումներ, մահապատիժներ, գլխատումներ և մարմինների խեղում: Իսլամական պետության ոճով ռազմական հանցագործությունները կատարվել են զինվորների և խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների և տարեցների նկատմամբ վերահսկողություն հաստատած Ադրբեջանի զինված ուժերի կողմից:  Նրանց սպանությունները մահապատիժներ էին՝ պայմանավորված միայն նրանց հայ լինելով, ինչն արդյունք է Ադրբեջանում նախագահ Ալիևի վարչակազմի կողմից տարիներ շարունակ իրագործված և առաջ քաշված հայատյացության քաղաքականութան»: 

4 տարի անց Արցախի բնակչությունն ու մշակութային ժառանգությունը կրկին կրակի տակ են: 

Այդուհանդերձ, այդ հարձակումները նորություն չեն: Թուրքերը և ադրբեջանցիները համակարգային կերպով ավերիչ բռնության են դիմել հայկական մշակութային ժառանգության դեմ: 2019 թ Hyperallergic գեղարվեստական հանդեսում լույս տեսավ «Ռեժիմը թաքցնում է բնիկ հայկական մշակույթի ավերումը» վերտառությամբ ծավալուն զեկույց և փաստագրեց «վերջերս Ադրբեջանում միջնադարյան 89 եկեղեցիների, 5840 բարդ խաչքարերի, և 22000 տապաքարերի ոչնչացումը»: 

«Նավթով հարուստ Ադրբեջանի կողմից Նախիջևանի հայկական անցյալի ոչնչացումն այն ԻԼԻՊ-ից էլ ավելի վատն է դարձնումը, սակայն ՅՈՒՆԵՍԿՕ-ն և արևմտյան երկրներից շատերը երես են թեքել»,- ասել է գիտնական Արգամ Այվազյանը: Այվազյանը պնդում էր, որ ԻԼԻՊ-ի ոչնչացրած վայրերը, ինչպիսին է՝ Պալմիրան, կարելի է վերակառուցել, սակայն «Այն ամենը, ինչ մնացել է Նախիջևանի հայկական եկեղեցիներից և խաչքարերից, որոնք վերապրել են երկրաշարժեր, խալիֆաներ, Թամերլան, և Ստալին, իմ լուսանկարներն են»։. 

Հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը թուրքական վաղեմի ավանդույթ է, որը գագաթնակետին հասավ 1913-1923 թվականների՝ հայերին, ասորիներին և հույներին թիրախավորող քրիստոնեական ցեղասպանության ժամանակ: Պրոֆեսոր Փիթեր Բալաքյանը նշում է.

«Հայկական դեպքը բացահայտում է մշակույթային ոչնչացման մի շարք: Վիճակագրությունը ցույց է տալիս, ոչ միայն զանգվածային սպանությունները և բռնի տեղահանությունները, այլ նաև կառավարության և նրա տեղի աջակիցների կողմից կամ նրանց լռեցնելու միջոցով ոչնչացումները, մասնավորապես 

  1. մշակութային սեփականության, 
  2. մշակութային գործիչների(օր.՝ մտավորականներ և վարպետներ), 
  3. հավատքի և արժեքային համակարգի, 
  4. պատմական հողերի և դրանց հետ համապատասխան նույնականացման»:

«Պոլսո Հայոց Պատրիարք Օրմանյանի կողմից 1912-1913թթ. կազմված վիճակագրության համաձայն՝ (Օսմանյան կառավարության խնդրանքով) Օսմանյան կայսրությունում կար 2,538 հայկական եկեղեցի: Ցեղասպանության ժամանակ բացի մի քանիսից, գրեթե բոլորը կողոպտվեցին, յուրացվեցին, այրվեցին, ոչնչացվեցին և հիմնովին քանդվեցին: Նույն հաշվառման մեջ  արձանագրվեց նաև ամենաքիչը 1,996 հայկական դպրոց, և 451 վանք, որոնք գրեթե բոլորն ավելի ուշ քանդվեցին: «Միության և առաջադիմության օսմանյան ընկերության»  կողմից եկեղեցիների, և դպրոցների ոչնչացումը նպաստեց Թուրքիայի ողջ տարածքում հայոց պատմության կենդանի ներկայության վերացմանը»:

Այսպիսով, արցախա-ադրբեջանական վեճը պետք է դիտարկել հայերի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ավելի լայն քաղաքականության պատմական համատեքստում: Պատմության ընթացքում այս երկու ազգերը չեն ճանաչել հայերի ինքնորոշման իրավունքը և հաճախ դիմել են մահաբեր բռնության:

Հարավային Կովկասում շարունակվող խնդիրն ավելին է, քան հողի խնդիրը: Դրա հիմնական պատճառը հայերի նկատմամբ ադրբեջանա-թուրքական ծայրահեղ ատելությունն է, և զառանցական համոզմոնքը, որ պատմականորեն հայկական հողերը հայկական չեն, և փոխարենը պետք է պատկանեն մուսուլման ադրբեջանցիներին և թուրքերին: 

Բռնությանն և ավերումներին վերջ տալու արդյունավետ միջոցը  աշխարհի կողմից Արցախի Հանրապետության անկախության պաշտոնապես ճանաչումն է, որի պաշտպանության համար պատմության ընթացքում բնիկ հայերն այդքան զոհողություններ են արել: 

Բնօրինակի հեղինակ՝ Uzay Bulut, Modern Diplomacy


Թարգմանիչ՝ Լիաննա Սարգսյան (Lianna Sargsyan), խմբագիր՝ Հեղինե Ալեքսանյան (Heghine Aleksanyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: