Արցախյան քրոնիկոն | 30 հոկտեմբերի

Ստորև ներկայացնում ենք սեպտեմբերի 27-ից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուղղությամբ հրադադարի խախտումներն ու հետագա զարգացումներն ըստ ժամանակագրության՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և գերմաներեն թարգմանություններով:

30 հոկտեմբերի, 2020թ. 15:08

ԱՀ ԱԻՊԾ

Օրվա ընթացքում Արցախի խաղաղ բնակավայրերում հարաբերական հանգիստ իրավիճակը պահպանվել է։

30 հոկտեմբերի, 2020թ. 11:50

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Այս պահին հարավային ճակատում ինտենսիվ մարտեր են։

30 հոկտեմբերի, 2020թ. 10:57

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր հյուսիսում հարձակումը թշնամին սկսել է ավելի վաղ՝ դաշտում թողնելով տասնյակ դիակներ հետ է շպրտվել։

30 հոկտեմբերի, 2020թ. 09:34

ԱՀ ՊԲ

Ամբողջ գիշերվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվել են հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները, որոնց շնորհիվ ոչնչացվել է մեծ քանակությամբ թշնամական զինամթերք և մարդկային ուժ: Կեսգիշերից հետո հակառակորդի ուժերը փորձել են նոր հարձակում ձեռնարկել հարավարևելյան ուղղությամբ, որը կասեցվել է բանակային ստորաբաժանումների կողմից: Թշնամական ուժերը հաջողության հասնելու փորձեր են ձեռնարկել նաև ճակատային գծի հյուսիսային հատվածում, որը նույնպես կասեցվել է: Այստեղ ևս թշնամական ուժերը կրել են լուրջ կորուստներ: Հակառակորդը շարունակել է թիրախավորել նաև խաղաղ բնակավայրերը: Ներկա դրությամբ թշնամական խմբավորումների հայտնաբերման ու ոչնչացման գործողությունները շարունակվում են:

30 հոկտեմբերի, 2020թ. 11:08

ԱՀ ՊԲ

Ստեփանակերտում և հարակից բնակավայրերում այս պահին լսվող պայթյունների ձայները ՊԲ ստորաբաժանումների կողմից թշնամական դիվերսիոն խմբերի գործողության գոտում հայտնաբերված և թիրախային հարվածների արդյունքում ոչնչացված զինամթերքի պայթյունների ձայներն են: Դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունը շարունակվում է: